Ազատ տարածք խորագրի արխիվներ

Հետևում բոլորիս հայրենիքն է

Սիրուն նկարներ են, չէ՞, իսկ դու գիտե՞ս էս սիրուն նկարները որտե՞ղ են արված: Եթե չէ, ես մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ սա Տավուշի մարզի Բաղանիսն է և Ոսկեպարը։ Երևի նկատեցիր, չէ՞, որ գյուղի վերևի հատվածները սարեր են եզրագծում: Հիմա այդ սարերը ուզում են վերցնել, իսկ որն էլ վերցված է` ուզում են էլի առաջ գան։ Իսկ հենց հիմա դու կարողացար պատկերացնել, որ շատ հնարավոր է, սա լինի իմ վերջին ֆոտոշարքը, որովհետև վաղը կարող է ուշ լինել։ Չգրեմ էլի, թե ինչի մասին է խոսքը, հաստատ հասկացար։ Երկու բառ կգրեմ, շատ չէ, բայց հստակ։ Ես հնարավոր է, հաշված անգամներ սրանից հետո կարողանամ գնալ էս ճանապարհով տուն, որով ծնված օրվանից եմ գնացել-եկել: Մի բան կարող եմ հստակ ասել. Բաղանիսը, Ոսկեպարը, Ոսկևանը էն գյուղերն են, որտեղ ծնված թե աղջիկ, թե տղա, աչքերը բացելուն պես կրում է դիրքերի դիմաց ապրելու ճակատագիրը։ Իսկ այդ դիրքերն ուզում են առաջ տալ դեպի մեր օջախներ։

Գյուղի մարդկանց մասին էլ եմ ուզում ասել կարճ ու հստակ։ Գյուղացիք ուղղակի կպահեն գյուղը ամեն գնով։ Իրեն ամեն ինչից զրկած, բայց տան վրա մի բան ավելացրած գյուղացին չի լքի իր տունը։ Չեն լքի նաև հանուն նրա, որ գյուղում կան 44-օրյա պատերազմի հետևանքով նահատակված տղաների շիրիմներ, ու թեկուզ կյանքի գնով, բայց թույլ չեն տա, որ կյանքեր խլող հակառակորդն առաջ գա դեպի տղաների գերեզմաններն ու իրենց պապենական տները։ Գյուղացիք չեն վախենում մահից, որովհետև այլընտրանք չկա. անգամ գյուղում անասուն պահելու, կամ ներկայիս 15 րոպե տևող ճանապարհին փոխարինող դեռ չկառուցված և 2,5 ժամ տևող ճանապարհի։

Եկեք ուղղակի գիտակցենք, որ ժամանակն է գործելու։ Սա իմ խնդրանքն է որպես գյուղի բնակիչ. չանտեսել, կարդալ, միանալ ու պայքարել: Սա միայն մեր գյուղի հարցը չէ, սա մեր ողջ Հայաստանի Հանրապետության լինել-չլինելու հարցն է։ Իսկ միանալը ուղղակի մեկնաբանություններով Pahenq Hox@ Merna կամ կառավարության շենքի ապակիներ ջարդելը, կամ էլ նույն պահին վարձով տների գինը քառապատկելը չպետք է լինի։

Շատ կարող եմ գրել, բայց չեմ ուզում այս ցավոտ թեմայի մասին շատ խոսել, չնայած լռել էլ չեմ կարող։ Սա խնդրանք չէ, այլ իմ կոչը, իմ գյուղացու խնդրանքը հասանելի դարձնել բոլորին։ Իսկ երբ կարդաք սա, ուղղակի իմացեք, որ ձեր օգնության կարիքը շատ ունենք, բայց ֆեյսբուքյան տիրույթից դուրս։ Որովհետև եթե չհամախմբվենք, հնարավոր է, էս նույնը հաջորդը գրես հենց դու քո մարզի ու գյուղի մասին, բայց արդեն ուշ լինի…

Աստված պահապան բոլոր նրանց, ովքեր կմիանան և կպահեն մեր հողը: ԱՄԵՆ:

Shushan Harutyunyan (Aragathsotn)

Մանկության դրվագը և պապիկս

Աշխարհի համար փյունիկ թռչունի հայտնվելը ու մանկության վերադարձը (հիշողություններ ասելը գուցե պատրանքի նման չէ, սակայն, հավասարազոր չէ վերադարձը ասելուն). ահա նկատելիորեն տարբեր երկու բաներ, որոնք, հաստատապես, երանելի են թվում։

Կան մանկությունից եկող պատկերներ, որոնք ավելի մեծ տարիքում հիշում ես նույնքան պարզ, բայց արդեն դրանց անդարձելիության գիտակցումով, հիշում ես երանությամբ, կարոտով, գտնում դրանց մեջ իմաստ կամ խորհուրդ, երբեմն էլ (իրականում, սակայն, հաճախ) տխրություն փարատող միջոց և այսպես այն պարզագույն տրամաբանությամբ պատճառաբանված թեկուզ, որ մանկության հիշողությունները մաքուր են ու անմեղ, բայց այդուհետ աշխարհը` որպես աղճատված մտքերի մեծ ու կեղծ «թանգարան», բացվում է քո առաջ, բացահայտվում արագ…

Քանի անգամ է եղել` քայլելիս եմ եղել  գյուղի ճանապարհով (նպատակային ու կարևոր. Հավանաբար, մայրիկը ինչ-որ տեղ էր ուղարկել` կարևոր մի հանձնարարությամբ), ու դիմացս է դուրս եկել միջին հասակի, ձեռնափայտով  տարեց մի մարդ։ Նա պարտադիր կանգնեցնում էր ինձ (պատկերացրեք նաև աշակերտիս` լսելու պատրաստ և ուղիղ կեցվածքը…), հարցնում անունը, բարի մի խորհուրդ էր տալիս կամ խոսք ասում, դե, նաև ինչ-որ զգուշացում  (անկեղծ ասած, այդ տարիքում ես լսում էի ուշադիր, որովհետև զարմանալի հետաքրքիր խոսելաոճ ուներ), հետո նոր իրավունք ունեի շարունակելու ճանապարհս` կարևոր առաքելությունը իրագործելու։ Երկու կամ գուցե ավելի քիչ տարի անցավ, նա մահացավ։ Առհասարակ փոքր տարիքում մահերն այլ կերպ  են ընկալվում. դու գիտակցում ես, որ մի գույն պակասում է քո օրերից, տխրությունը անսովոր ուրիշ է, բայց ժամանակը՝ հիշողությունները վարպետորեն ջնջելու ունակությամբ մոռացնել է տալիս ամենը…
Տարօրինակ չէ` տարեց  մարդիկ հետաքրքիր են. նրանք իրենց անցյալի պատմություններով ու սովորույթներով բախվում են նոր սերնդի հետ, իսկ խոսք ու խրատով՝ հենարան ու դաստիարակ դառնում։ Առանձնապես հետաքրքիր է ինձ համար հին ու նոր սերնդի զրույցը, իսկ ավելի` համատեղ կենցաղը…

Համարեք սա  լավագույն նախաբան, ապա պատմելու պապիկիս մասին։ Կուզենայի, որ հիշողության մեջ գամվող այդքան պատկերների «իրական» մաս կազմեր նաև նա, սակայն…

Կարմիր կազմով տետր կա, որ վերջին տարիներին գրասեղանիս առաջին դարակում է, և երբեմն կարդում եմ, և ուրիշ դարակներ, որտեղ շատ թղթեր են, տետրեր, որոնց մեջ մաթեմատիկայի ու ֆիզիկայի խնդիրների լուծումներ են` մաքրագրված կամ  սղագրված, բայց հիմա դրանց քիչ մասը կա միայն։ Նորից ետ դառնամ կարմիր տետրին: Պապիկիս ձեռագիրն է, թեև ինձ համար դժվար ընթեռնելի է, բայց հավասարազոր է այն գլուխկոտրուկին, որն ուզում ես անպայման լուծել ու վերջապես ստանալ սարսափելի հետաքրքիր հարցի պատասխանը։
Տետրը պատկանել է պապիկիս, ում  ես չեմ տեսել. նա մահացել է ավելի շուտ, քան ես ծնվել եմ։ Բայց դեռ փոքր հասակից էի  հարցուփորձ  անում նրա մասին. ուզում էի իմանալ, թե նա ինչպիսին է եղել` բոլոր առումներով։ Միայն այն փաստը, որ նա ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուսուցիչ է եղել, ինձ ստիպում էր փոքր ժամանակ (անգամ ավելի բարձր դասարաններում) երազել  ուսուցիչ դառնալու մասին, դե իսկ հետո անկայուն պատանեկան սիրտն ու մտքերը (եթե, իհարկե, չափազանց չէր լինի այդպես բնութագրել), փոխեցին նպատակներս։ Բայց փոխարենը հայրիկս շարունակել է նրա գործը։ Եթե պետք է հիմնվել գենետիկայի տեսության վրա, ուրեմն հենց այդ պատճառաբանությամբ ֆիզիկան ինձ համար դարձավ հետաքրքիր ու այդպիսով նաև շատ հիշեցրեց պապիս մասին…

Պապիկիս (Դավիթ Հարությունյան), հետո նաև հայրիկիս գրադարանում շարված գրքերը  մինչև վերջերս ինձ թվում էր` պարզապես ֆիզիկայի գրքեր են, երկար-բարակ խնդիրներ ու օրենքներ, բայց… դրանք համեմատում են ֆիզիկան ու իրականությունը, պատմում  հայտնի ֆիզիկոսների, բնության գաղտնիքների ու առեղծվածների, Աստծո, մարդու, մաթեմատիկայի, հարաբերականության մասին:
Կարծես թե` պետք չէ այլևս թվել, հակառակ դեպքում հետո դժվար չի լինի ինձ համար կռահել, թե ինչպես են անհետանում գրքեր մեր գրադարանից (կատակ):

Կարմիր տետրում պապիկս գրել է իր մտքերը, ու կան նաև գրքերից մեջբերումներ, ուզում եմ մի քանիսը թողնել այստեղ:
Պապիկս գրում է…
«Սպիտակ լույսի պրիզմայի միջով լույսը գույների է վերածվում, իսկ մարդու բարդույթների պարզեցումը չի՞ բերի կյանքի ցանկալի գույների։
Այն, ինչ հեշտությամբ է կատարվում` կասկածելի է։
Ճարպկությունն ու խաբեբայությունը պիտանի չեն։

Վատ քաղաքականությունը ոչ առողջ սերնդի է տանում։

Դասագրքերում հասկանալի ձևով պետք է արտահայտել պատմական երևույթներ. պատմական երևույթի ոչ ճիշտ մեկնաբանությունը կապանքների մեջ է գցում մարդուն։

Մարդու միջից դուրս պիտի բերվի նյութապաշտությունը։

Այն ամենը, ինչ ասվում է օրենքներով, հեռուստատեսությամբ, դրա 10-15 %-ն է իրագործվում. դա տանում է ժողովրդի «հատվածաբար կորստի»։

Ես մարդկանց առաջ ստորանալ չգիտեմ, որի հետեւանքով էլ ոչ մի կոչում չունեմ։ Մարդու այն հատկանիշը, որ շահն է գերադասում, դրդապատճառ է դառնում մարդկանց միջև պայքարի ու պատերազմի։ Գուցե նման հատկությունները հնարավոր չէ վերացնել, ինչպես ծերացումը չի կասեցվի։
Ամեն մի հասարակարգի վերացումից հետո պետք է նրա լավագույն հատկանիշները թողնել ու նոր հասարակության կառուցման համար օգտագործել։

Միայն Աստծո տվածով քիչ է։
Ամեն հայի փոքր ներդրումը ազգի վերելք ապահովող պայման է։ Պետք է պարզել, թե պետության կողմից ժողովրդին տվածի քանի տոկոսն է հասնում ժողովրդին։ Ժողովուրդը վատ ապրելակերպից այնքան չի դժգոհում, որքան պարզագույն անարդարությունից։
Մրցույթը պաշտոնի համար գործիք է, որը գնահատում է մարդու բարոյական, մարդկային «աստիճանը». պաշտոնյան դրա համար էլ պիտի ձգտի լավը լինել»…

Lianna sargsyan

Հողի կանչը

Ես հայ եմ, այս աշխարհի կողմից խնդիրներս անտեսված են, բայց հայրենիք ունեմ, այն էլ ինչպիսի հայրենիք։ Հեշտ է ասել, որ սիրում ես հայրենիքդ, բայց բավական բարդ է ապացուցել սերդ գործով։ Հիմա կանգնած այս օտար քաղաքի բարձրահարկ շենքերից մեկի պատշգամբում, ինքս ինձ հուսադրում եմ, որ արժանի եմ հայ կոչվելու, բայց հանգամանքները երբեմն ստիպում են ամաչել։

Սրանից բավական տարիներ առաջ, փարպեցի Սարգիսի ընտանիքում ցնծություն էր․ ծնվել էր այդքան փայփայած ու սպասված զավակը, որին, ի պատիվ պապիկի, Արամ կոչեցին։ Սոնան՝ նորաթուխ մայրիկը, դեռահաս տարիքում էր այդ տուն հարս եկել, ընտանեկան խնդիրները այդքան չէին կոտրում նրան, որքան երեխա չունենալու փաստը: Նա բարի էր շատ, սոխակի ձայն ուներ, երբ թախիծ էր պատում առանց այն էլ մշուշված հոգուն, նստում էր դազգահի առջև և երգում էր։ Սոնան ուժեղ էր ձևանում, որպեսզի դիմանա այդ ցավին:  Նրա արցունքները ամուսնուն էլ էին դառնացնում, բայց ինչ կարող էր անել։ Ժամանակն անցնում էր, Սոնան արդեն քսանհինգ տարեկան էր, բայց դեռևս չէր կարողանում երեխա ունենալ։ Բարեկամները ամուսնուն բացատրում էին, որ բաժանվել է պետք, բայց Սարգիսը սիրում էր կնոջը, համառորեն հրաժարվում էր։ Անցան օրեր, Սոնան գեղեցկանում էր, սկսեց հաճախակի վատ զգալ իրեն ու մի օր իմացավ ավետաբեր լուրը․ Սոնայի աղոթքները զուր չէին անցել: Ամիսներ անց ծնվեց Արամը։ Տարիներն անցնում էին այնպես արագ, կարծես ինչ-որ մեկը շտապում էր ուշանալ։ Արամը մոր աչքերն ուներ. լազուր էին աչքերը, այնքան գեղեցիկ էին, դրանց մեջ խորտակվել կարելի էր։ Տղան իր չարաճճի ժպիտով բոլորին ստիպում էր սիրել իրեն, բայց ինքը համառորեն մերժվում էր մեկից, կարելի է ասել՝ միակից։ Արամն արդեն տասնութ տարեկան էր, այլևս երեխա չէր, եկել էր իր ծառայությունը հայրենիքին մատուցելու ժամանակը, բայց չէ՞ որ ընտանիքի միակ զավակն էր: Նրան ծնողները սիրում էին անչափ, դողում էին նրա ամեն մի ցավի վրա։ Մայրը դեռ մանկուց լաց էր լինում, երբ որդին ընկնում էր կամ վնասվում, բայց, անկախ այդ ամենից, նա ճիշտ էր դաստիարակվել՝ հոգով բարի, սրտով՝ անկեղծ։ Սակայն հայրը, լինելով ազդեցիկ մարդ, հեռացրեց որդուն, կարելի է ասել, ազատեց ծառայությունից։

Անցան տարիներ: Արամը բոլորի հպարտությունն էր, ճանաչված ու հայտնի բժիշկ, բայց այդ ամենի մեջ Արամի միակ սփոփանքը սիրելի գործով զբաղվելն էր։ Չծառայելը շատ խոր հետք էր թողել Արամի հոգում։ Դաստիարակվելով հայրենասիրության ոգով՝ նա իրեն ազգին արժանի զավակ չէր համարում, մեղադրում էր ծնողներին, բայց նրանց ևս կարելի էր հասկանալ․ չէ որ դժվարությամբ էին Արամին ունեցել։ Նա, ապրելով հայրենիքից հեռու, իրեն արժանի չէր համարում հայ կոչվելու։ Նրանց կյանքը միապաղաղ էր, հանգիստ, բայց չուներ այն երջանկությունը, որը այդքան երազում էին Սոնան ու Սարգիսը։ Որդին բժիշկ էր, ապահով, երջանկությունն ուղեկից պետք է լիներ նրան, բայց տխուր էր, նրա սրտում միայն ցավ ու կսկիծ էր, ծնողները դա զգում էին։  Հերթական երեկոն էր, ընտանիքը ընթրում էր, երբ հեռուստացույցով լսեցին պատերազմի լուրը։ Արամի սրտում բորբոքվեց այդքան տարիներ զգուշորեն թաքցրած կրակը, մտովի արդեն սահմանին էր։ Տղան որոշեց չնահանջել այս անգամ։ Սեղանի շուրջ լռություն էր, ծնողները միմյանց էին նայում, հասկացել էին  որդուն, այլևս ոչինչ չէր մնում անել, միայն աղոթել։

Տունը նույնն էր, փոշոտված, բայց ընտանեկան սիրո և ջերմության հոտ էր գալիս այդ տան պատերից, չէ որ քոնն ուրիշ է, սեփական ձեռքովդ կառուցածը միշտ հարազատ է ավելի։ Մինուճար որդուն մենակ չթողնելու համար Դավթյանների ընտանիքը վերադարձավ հայրենիք, նրա համար ինչից ամենաշատն էին վախենում։ Մի կողմից էլ հայրը հպարտ էր, որ կյանքը չի գոռոզացրել որդուն, բայց և գիտեր, թե ինչ դաժան բան է պատերազմը, կրկնակին կարող է խլել տվածի դիմաց։ Կորցնելու ժամանակ չկար, Արամը երջանիկ էր, հողը փախչում էր իր ոտքերի տակից, անսովոր զգացում ուներ։ Որոշեց մի օր մնալ գյուղում, հետո կամավորագրվել հայրենիքի պաշտպանության գործին։ Չէր ծառայել, բայց շատ լավ տիրապետում էր բոլոր զինատեսակներին, ու միակ վախը մայրն էր։ Մոր թախծոտ ու աղերսող հայացքը տղային թուլացնում էր, բայց նրան հետ պահել էլ չէին կարող։ Մթնշաղ էր, հայրենի գյուղի օդը և աստղազարդ երկինքը Արամին վերադարձրին մանկություն, զգուշորեն դուրս եկավ տանից ու քայլերն ուղղեց դեպի այգի, որտեղ ամեն ինչ հիշեցնում էր նրան, ով այդպես էլ չբացեց իր սրտի դռները։ Արամին թվաց, որ այգում մենակ չէ, մինչ կշրջվեր, լսեց ինչ-որ մեկի բղավոցը, այդ նա էր՝ Թամարան։ Արամի առաջին ու երևի վերջին սերը…

Աղջիկը զարմացած չէր․ այդ լռության մեջ ոչինչ չէր խանգարում նրանց կարոտած հայացքներով երկար նայել միմյանց.

-Արա՜մ, գիտեի, որ կգաս,-լռությունը խախտեց աղջիկը։

-Իսկ դու սպասու՞մ էիր, գիտես այդքան մերժվելուց հետո չէի մտածում, որ մի օր կտեսնենք իրար, ու դու ինձ սպասելիս կլինես, – ասաց տղան։

Երկուսի աչքերն էլ կրակով էին լցված, բայց դա ոչ պատերազմի կրակն էր, ոչ էլ կարոտի, դա սիրո կրակն էր։ Երկուսն էլ սիրում էին, լուռ, յուրովի, բայց սիրում էին, ու էլ ոչինչ չկար ասելու․ ջերմ գրկախառնությունը արդեն ամեն ինչ լռեցնում էր։ Խոսեցին երկար, կարոտած, հիշեցին իրենց չստացված բոլոր հանդիպումները: Այդ երեկոն ուրիշ էր, մի կողմից Արամի այդքան սիրելի հայրենիքն էր վառվում, մյուս կողմից` սիրտը սիրած էակի կողքին։ Արամը գիտակցում էր, որ հեռավորությունն է ստիպել Թամարային իր սերը ցույց տալ։ Նա հիանում էր սիրած աղջկա ամեն մի շարժումով, հայրենիքում էր ու սիրված, խանգարում էր միայն պատերազմը, բայց Արամը վստահ էր, որ գալու է։ Բաժանումը դժվար էր, այդքան տարիներ անց առաջին անգամ էին հանդիպում: Այն ժամանակ, երբ Արամը գնաց, գիտեր, որ աղջիկը սիրում է իրեն ու կսպասի, ստիպված էր գնալ, չէ որ ծնողներն էին ուզում։ Բայց վերադարձը ու սիրած էակի հետ հանդիպումը հետաձգվում էր, իսկ այս պատերազմը ստիպեց, որ Արամի երկու սերերն էլ՝ Թամարան ու Հայաստանը, ավելի բորբոքվեն սրտում, ու եկավ, որ հաղթի ու սիրի։ Այդ գիշեր ամեն ինչ ուրիշ էր. հայրենիքն էր գեղեցիկ և Թամարան էր հմայիչ, բայց աղջիկը չէր թաքցնում վախը։

-Արամ, մի գնա, այս բաժանումը ստիպեց ինձ հասկանալ, որ ես իրոք քո կողքին եմ ցանկանում լինել, չեմ ցանկանա պատերազմը  բաժանի մեզ։

Տղան լուռ էր, հասկացավ, թե ինչ է աղջիկն ուզում ասել, բայց չէ որ ինքը, որպես հայ, իր պարտքը չէր կատարել ու դավաճան էր զգում հայրենիքի ու սահմանին կանգնած բոլոր տղաների նկատմամբ։

-Դու գիտես, որ սիրում եմ հայրենիքս, չեմ ծառայել, կյանքիս տարիների մի մասը օտար հողում են անցել, բայց հայրենիքը սրտումս է եղել, ու ես միշտ սպասել եմ այն օրվան, որ հայրենիքս իմ կարիքը կզգա․ պահը եկել է,- տղան խոսեց՝ ձայնը մի փոքր բարձրացնելով։ Աղջիկը այլևս չդիմացավ և սկսեց հեկեկալով լաց լինել, այսքան տարի հետո, կրկին բաժանում ու այն էլ այս ձևով։

-Խոստացիր, որ կգաս, ես քեզ սպասում եմ ու միշտ եմ սպասելու: Հիշիր, որ սրտումս դու ես, չկոտրես ինձ, ե՜ս,- ձայնը դողում էր։ Տղան նրբորեն մաքրեց աղջկա աչքերը ու համբուրեց ճակատը։

-Թամարիկ, իմ սիրուն, միշտ հիշիր․ որ իմ սիրտը քոնն է, սիրում եմ քեզ շատ, բոլոր ասված ու չասված խոսքերի փոխարեն միայն թույլ տուր ներողություն խնդրել։ Խոստանում եմ՝ կգամ։ Տղայի խոսքերը աղջկան թևեր տվեցին ու ոգևորված խոսեց.

-Իսկ եթե գաղտնիք չէ, ինչքա՞ն ես ինձ սիրում՝ թաց աչքերի միջից ժպտալով հարցրեց նա։

-Հայրենիքի չափ։

-Ուզում եմ որ ավելի շատ սիրես։

-Ավելին չի լինում, դա առավելագույնն է, որ կարող է լինել։ Ու հիշիր, որ հայրենիքը սիրել կարողանալը  կյանքի ամենամեծ նվիրումն է։

Ժպտացին…

Արամը չստեց, նա գնաց պատերազմ, վերջապես կատարեց իր պարտքը, որը իր համար կյանքի նվիրում էր, բայց և չմոռացավ սիրած աղջկան տված խոստումը, վերադարձավ։

Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու զանգերը հնչեցին, եկեղեցուց դուրս եկան զինվորական համազգեստով, թիկնեղ հայորդին ու ճերմակազգեստ հայուհին, ասելու այլևս ոչինչ չկար, նրանք սիրում էին իրար ու սիրում են հայրենիքը։ Հայրենիքը ուրիշ հոգի ու սիրտ ունի, եթե սիրես` քեզ ամուր կպահի, բայց երբեմն էլ մենք ինքներս հայրենիք պիտի պահենք․ դա պարտավորվածություն չէ, դա մեր պարտքն է։ Եթե կորցնես հայրենիքդ, կնշանակի կյանքդ ես կորցրել։ Հողը, որի վրա քայլում ես, քոնը պիտի լինի, որ ոտքերդ ամուր կանգնեն վրան։

Արամը անկախ ամեն ինչից զգում էր իր հայրենիքը, կապված էր ու Արամի հողի կանչը դժվարին պահին էր։ Մենք կարող ենք հպարտանալ, որ աննման հայրենիք ունենք ու գեթ մի անգամ մեր կյանքում հայրենիքին գոնե սեր պետք է խոստովանենք։ Չէ որ դա ուրիշ սեր է։ Հայրե՜նիք, թվում է,  թե այս բառի մեջ մի ամբողջ աշխարհ է, սիրել հայրենիքի չափ նշանակում է անցնել սիրո չափման բոլոր սահմանագծերը, իսկ սիրել հայրենիքը  անբացատրելի նվիրվածություն է դեպի այն հողը, որտեղ ապրում ես։

Միշտ լսեք ձեր սրտի ձայնին ու հողի կանչը, հայրենիքը երբեք չի սխալվում մեր հարցում, այդ մենք ենք սխալվում։ Թող աշխարհի բոլոր հայերը զգան իրենց հողի կանչը ու մի օր վերադառնան հայրենիք, չէ որ ամեն ինչ այստեղից է սկսվել։

Հայրե՜նիք ինչ բառերով էլ գրեմ քեզ, քիչ է, թույլ տուր միայն ասել, որ սիրում եմ…

Ruben nersisyan

ԱՅՍՈՒՀԵՏ ԱՊՐԵԼ

ԱՅՍՈՒՀԵՏ ԱՊՐԵԼ

բանաստեղծությունների շարք

***

Քնել է քաղաքը.

էլ չի լսում ոտնաձայներս, որոնք չեն լռել

եվ շարունակում են աղմկել այս խորթ,

միևնույն ժամանակ, համրացած մայթերում

 

մարել են բոլոր լուսարձակները,

որ էլ չտեսնեմ շենքերի պատերին թաքնված,

սուսուփուս, անտաղանդ հայացքներով օժտված,

մենության դատապարտված,

քայքայման շեմին կանգնած նկարները:

 

Մեռել է քաղաքը

եվ չի ընկալում շշուկը սրտիս, որը թելադրվում է  ու գրվում`

այս փողոցների արհեստական ծառերին.

մի մատ խորքից,

ցնորված մեծատառով,

խորդուբորդ շեշտադրությամբ,

ու մեղսական գրչի` թանաքի թողած բազմակետով։

***

Չ(մարդկանց)

օյ, թե ասեմ` ատում եմ ձեզ սուտ կլինի,

սուտ կլինի նաև, որ սիրում եմ,

դուք էս երկուսի արանքում ընկած կետն եք

(յուրահատուկը, եզակին),

որը չունի որևէ պատկանելիություն ինձ համար

(ձեզ համար չգիտեմ, չգիտեմ…)

ձեր մեջ արվեստ կա՞- երևի, գուցե կամ իհարկե

(տոնայնության խիստ տատանումներով, առանց հստակության)

բայց ձեր մեջ նաև կաք դուք, ինչը ամենանողկալին է

երևի դրանում է կատարվում ամբողջ դրաման.

խաղը` անբացահայտ իրերի,

պահերի, իրողության,

որը ոչինչ է, որովհետև բոլորիդ էլ սպասվում է պարտությունը-

բաժանումը,

ցավը,

հեռվացումը ինքներդ ձեզանից

նախօրոք երազած բաները, որոնք հեքիաթ կմնան

ատելությունը

հոշոտելու և հոշոտվելու խիստ տարբեր, բայց այնուամենայնիվ` ունակությունները,

մահը կամ դրա նման մի բան ընդունելը.

ուստի, սիրելիներս, սթրվեք մի քիչ, ընդամենը…

մերսի։

***

Ուրեմն`

 

այսուհետ թողնել ինքդ քեզ հանգիստ.

պառկել անկողնուն` հոգնածի պես,

հոգնածի պես չծամել հացը,

ընդունել, որ հոգնած ես վաբշե,

միացնել երգը` ջազ, դասական, ռոք կամ չգիտեմ էլ ինչ,

մոռանալ բոլոր լավ ու վատ բաները,

երազել հաջորդ կյանքերի մասին,

նրանց մասին, որոնք չեն գա էդպես էլ.

 

խմել գինի. սպիտակ-փափուկ կամ էլ չոր-կարմիր,

փակել բոլոր ախմախ գրքերը`

դասական կամ ժամանակակից, կապ չունի,

մեկ-մեկ հայացքը ուղղել հայելուն

ու ժպտալ ապուշի պես ինքդ քեզ,

քեզ ինքդ համարել ամենակարևոր մեկը,

սիրել մարմինդ, հոգիդ, բոլորից տարբերվող կեցվածքդ,

խոստովանել, որ էդքան էլ ստացվածը չես լավ ընկեր լինելու համար, առհասարակ` լինելու համար,

բայց այնուամենայնիվ`

պարել գժի պես անձրևի տակ,

ոտքերի տակ ճզմելով ծխած ու կիսատ թողած սիգարետը,

չպլանավորելով վաղվա օրը ոչ մի ձև,

շարժառիթներ չփնտրելով ինչ-որ մեկի հետ խոսելու համար,

չմտնելով ռոմանտիզմի փորած ծակերը,

այլ լինելով շարժման մեջ,

մինչև հաջորդ փոխադրում` հանգստյան էտապ.

 

այսուհետ ապրել,

պըրծ, ուրեմն։

Mariam Tonoyan new

Պիգմալիոն և Գալատեա

Քար էի ես՝ պաղ, ճերմակ մարմար,

Գիտեի մի սար, մի երկինք անծայր,

Գիտեի բախտը ցանկացած քարի.

Հավերժություն է պահված մեզ համար։

Վկան ենք մենք աշխարհարարման

Եվ տարեկիցը հին աստվածների։

Դե իսկ հնագույն կարգի համաձայն՝

Համր է լեզուն շատ իմացողի։

Ծանոթ էի ես ձևերին բազում,

Երբ քարն է անգամ վերստին ծնվում.

Էլ փորիչ, հատիչ, էլ քլունգ ու մուրճ՝

Քարը լոկ կոփվում, այլ քար է կերտում։

Լինի դա շքեղ սյուն պալատական,

Լինի գեղանի աղջկա արձան,

Չունի զգացմունք, անսեր է ու պաղ,

Անարձագանք է սերդ հիացական։

Բայց պատկերացրու՝ օրերից մի օր

Քարը շունչ առնի, ժպտա, հեկեկա,

Ցավ զգա ոչ թե հատիչի զարկից,

Այլ սիրու՜ց ցավի, մրսի, հեծկլտա։

Հրա՞շք էր դա, թե նենգ կախարդանք,

Երբ հանկարծ տոնին Աֆրոդիտեի

Փափկող մաշկիս տակ արյուն զգացի՝

Ինչ-որ ինքնահոս անէ տառապանք։

Շուրջս արձաններ քարե, անկենդան,

Իսկ ահա և նա՝ քարերի արքան՝

Պիգմալիոնը՝ խենթ, առասպելական…

Մի հպում ձեռքիս, սարսուռ ակամա,

Վա՞խ եմ զգում ես, ախր, ի՞նչ է դա։

Նա մոտենում է մարմնիս կենդանի,

Մեղմ շշնջում է՝ իմ Գալատեա…

Մայլեռը Ապարանում

Հե՜յ, դու, ողջույն։ Դու գիտե՞ս, թե որտեղ է գտնվում Մայլեռը, և ինչ է այն։ Եթե չգիտես, ուրեմն շարունակիր ընթերցել։

«Մայլեռ Մաունթին ռեզորթը» լեռնադահուկային ժամանակակից համալիր է։ Համալիրի կառուցման նախագիծը հաստատվել է 2021թ հուլիսի 29-ին, իսկ բացումը` 2023թ ձմռանը։ Մայլեռը գտնվում է Արագածոտն մարզի Ապարանի Եղիպատրուշ գյուղում։ Լեռնադահուկային գոտին ունի 16 հիմնական ճոպանուղի, 100 գծանշված սահուղի, քոթեջներ և ռեստորան։ «Մայլեռ Մաունթին ռեզորթ» նախագծի հիմնադիրը Տիգրան Հարությունյանն է։ Նրա խոսքերով․

-Համալիրը լինելու է միակը ամբողջ տարածաշրջանում։ Մայլեռը կշարունակի զարգացնել ենթակառուցվածքները, և կդառնա սպորտի ու ժամանցի լավագույն վայրը։ Կատարվել է շինարարական ակտիվ աշխատանքներ, ներդրվել է նաև արհեստական ձնագոյացման համակարգ, ինչը հնարավորություն կտա, անկախ տեղումներից, ունենալ ձնառատ սահուղիներ։ Մայլեռը կդառնա բոլորի սիրելի վայրը, ես վստահ եմ։

Իսկ Մայլեռի տնօրեն Նազելի Ստեփանյանը ասում է, որ ուզում է մարզերում էլ ռեստորանային մշակույթը զարգանա:

-Մեծ տարբերություն կա Երևանի և Եղիպատրուշի միջև։ Այստեղ՝ լեռներում, կյանքն ուրիշ է, ոգևորող ու տպավորող է: Հյուրերը, նրանց պահանջներն էլ տարբեր են։ Շատ ուրախ է անցնում իրենց հետ։ Հյուրերի արձագանքները ինձ շատ են ոգևորում և ուրախացնում։ Ինձ համար սննդի որակն ամենաառաջնայինն է, և փորձելու ենք նշաձողը միշտ բարձր պահել։ Դա մեզ համար շատ կարևոր է ու նպատակային։ Ուրախ կլինենք նաև մեր թիմը համալրել մարզերում բնակվող մասնագետներով։ Նրանք կունենան կայուն

աշխատանք, մասնագիտական աճ: Ես ինքս սկսել եմ մատուցողի աշխատանքից, այսօր ղեկավարում եմ մի մեծ ռեստորան։ Պետք է վստահել ու առաջ գնալ, և ամեն ինչ կհաջողես։

Դե ինչ, արի Մայլեռ ու վայելիր լեռների զարմանահրաշ տեսքը, ապրիր օրդ և բացահայտիր կյանքը լեռներում։