Ազատ տարածք խորագրի արխիվներ

gohar zaqaryan

Միգրացիան փոխեց իմ կյանքը

Երկու ամիս առաջ շարադրության մրցույթ հայտարարվեց «Միգրացիան փոխեց իմ կյանքը» վերնագրով: Գրեցի և ուղարկեցի՝ հույսով, որ կհաղթեմ: Անցավ մեկ շաբաթ: Տնօրենը հրավիրեց իր սենյակ և ասաց, որ հաղթել եմ և հաջորդ օրը պետք է գնամ մրցանակաբաշխությանը մասնակցեմ: Ուրախությանս չափ ու սահման չկար

Այսօր ուզում եմ  ներկայացնել իմ շարադրությունը: Հուսով եմ ձեզ դուր կգա:

Վաղ առավոտ էր: Կիրակնօրյա այն առավոտներից մեկը, երբ մեր ամբողջ ընտանիքր լարված աշխատանքային շաբաթվանից հետո վաստակած հանգիստն էր վայելում… Սենյակում պառկած օրվա պլաններս էի կազմում ու գոհ ժպտում այն մտքից, որ այսօր դպրոց չեմ գնա: Հյուրասենյակից լսվող ձայները քիչ-քիչ բարձրացան: Ծնողներս ու պապս էին վիճում: Հայրս ինչ-որ բան էր փորձում համոզել պապիս, բայց վերջինս համառորեն իրենն էր պնդում:

-Ախր, ա՛յ պապ ջան, ասում եմ, էլի, ընկերս է, լավ մարդ է, տես` ինքն ինչ լավ է ապրում, մենք ինչո՞վ ենք պակաս նրանից:

-Հեռվից միշտ էլ ուրիշի ունեցածը լավն է թվում: Ի՞նչ գիտես, թե ինչ գնով է հասել էդ ամենին: Մեղք եք, օտար հողում ի՞նչ տուն, ի՞նչ երջանկություն, ի՛նձ լսիր, գուցե և մեծ եմ արդեն, բայց կյանքում շատ բան եմ տեսել: Պետք չի, որդի՛: Ամեն ինչ չի, որ փողով կգնես…

Ես գլուխս մտցրի վերմակի տակ. «առավոտ շուտ էլի սկսվեց»…

Արդեն քանի օր է, ընտանիքս անհասկանալի վեճերի մեջ էր: Ծնողներս որոշել էին մեկնել երկրից: «Դա դավաճանության պես մի բան է»,- ասում էր պապս:

Ես չգիտեի` ինձ համար լա՞վ էր, թե՞ վատ: Հետաքրքիր էր լինել օտար երկրում, բայց մյուս կողմից էլ՝ մեր տունը, տատը, պապը, բակի ընկերները, դպրոցը…

…Ինքնաթիռը օդում ասես ճախրում էր: Ծնողներս գոհ էին:

Իջանք ինքնաթիռից: Հայրիկս օտար մարդկանց ամեն կերպ փորձում էր համոզել, որ մենք վատ էինք ապրում…

Գլխիս մեջ պապիս խոսքերն են, որ ինձ հանգիստ չեն տալիս… Ամոթից, թե զայրույթից կարմրել եմ…

Հայրիկի նկարագրած մեծ տունը չկար, մայրիկի ասած առաջադեմ մարդիկ էլ չկային…

Դրսում տխուր էր՝ երեխաները մեզ չէին մոտենում, մարդիկ անտարբեր ու խորթ հայացքներով էին, օտար լեզուն, անհասկանալի արտահայտությունները: Ավելի լավ էր մնալ տանը… Ծնողներս միշտ լուռ էին, կամ խոսում էին առանձին, ցածրաձայն… Ես հաճախ էի հիշում պապին ու տատին… Ախր, արդեն ծեր են, ո՞վ է օգնելու նրանց:

Հայրիկը աշխատանք ուներ, նա ուշ էր տուն գալիս ու շատ շուտ գնում, նույնիսկ հաճախ չէինք տեսնում նրան: Կորել էր մեր ընտանեկան ջերմությունը:

Երկու տարի էր անցել, ինչ թողել էինք մեր երկիրը, բայց ոչ հայրս, ոչ էլ մայրս չէին գտել իրենց երազած փառահեղ կյանքը, քաղաքակիրթ միջավայրում ապրելու նրանց երազանքը այդպես էլ իրականություն չէր դարձել:

Վերջապես հայրս մի երեկո հայտարարեց.

-Գնում ենք տուն:

Ես ուզում էի ուրախությունից ճչալ, բայց չգիտես ինչու, սկսեցի լաց լինել:

Երբ երկար բաժանումից հետո ոտքս դրի իմ երկրի հողին, մի տեսակ հպարտությամբ լցվեց հոգիս, ուզում էի գրկել արաջին պատահած մեկին ու ասել, որ սիրում եմ իրեն, որ այս երկրի տերը ես եմ, որ այստեղ ես «ես» եմ:

Տատի ձեռքերը թուլացան ու խնձորը թափվեց փեշից, պապը մի պահ կարկամեց: Նրանք դողացող բազուկների մեջ առան ինձ…

Հայրս իր լայն թևերի մեջ առավ ծերացած պապիս կորացած ուսերն ու ասաց.

-Ճի՛շտ էիր, հայրի՛կ, ամեն ինչ չէ, որ փողով կառնես…

Հրաժեշտի պահը

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

1942 թվական… Պատերազմ… Ջուջևան… Դրսում միապաղաղ անդորրություն է տիրում: Ձյան ճերմակ փաթիլները մեղմիկ պարելով իջնում, փարվում են հողին, դարսվում իրար վրա: Ահա դատարկ ճանապարհով մի շուն է անցնում` գլխիկոր, ականջները կախ` ձյան ճերմակի վրա թողնելով հետքեր: Պատուհանին սառնամանիքը գեղեցիկ նախշագծեր է նկարել, որոնց միջով երևում է դիմացի բլրի մշուշապատ, ձյունով ծածկված անտառը: Ճարճատյունով վառվում է կրակը, հին թախտին նստել է հայրը և խոժոռ ու միևնույն ժամանակ գորովալից հայացքով նայում է որդիներին, որոնց մանկական աչքերի մեջ մի տեսակ տագնապ կա, արտառոց ինչ-որ բանի սպասում: Քիչ հեռու կանգնած մայրը օրորում է փոքր որդուն, որ բարուրից այնպես է լացում, կարծես նրա փոքրիկ սրտին ևս պաշարել է եղբայրներին համակած տագնապը:
Մոտենում է հրաժեշտի պահը. հայրը պետք է մեկնի պատերազմ, ինչպես շատ համագյուղացիներ, պետք է զենք վերցնի և պայքարի հանուն իր երկրի, հանուն իր երեք որդիների անվտանգ ապագայի: Պետք է կռվի ու հաղթի. չէ որ նա Խամսայի մելիքություններից Ջրաբերդի մելիք Տեր-Իսրայելյանների ժառանգորդն է, որ պայքարել ու պաշտպանել են իրենց հողն ու իրենց ժողովրդին, և հիմա արյունն է նրան մղում դեպի այդ հայրենանվեր գործին:
Ծանր վեր կացավ տեղից, խոր հառաչեց, մեկ-մեկ համբուրեց ավագ որդիների ճակատները, մոտեցավ փոքրիկի բարուրին: Մինչ այդ լացող որդին, տեսնելով հորը, անմիջապես լռեց և իր գեղեցիկ, խոշոր աչուկներով ուշադիր զննում էր հոր դիմագծերը, կարծես ուզում էր մտապահել այդ դեմքը: Հայրը համբուրեց փոքրիկի` բարուրից դուրս եկած փոքրիկ թաթիկը, որ հազիվ էր բռնել հոր մատը: Ապա նայեց կնոջը, որը փորձում էր թաքցնել արցունքները: Իր աչքերում էլ արցունքի մի կաթիլ խաղաց, բայց նա շրջվեց, բացեց դուռը, ևս մեկ անգամ ետ նայեց, հրաժեշտ տվեց ու հեռացավ:

Գնաց… Կռվեց… Նա ևս իր շատ զինակիցների հետ պայքարեց ու կյանքը զոհեց հանուն հայրենիքի` հերոսի անմահ անունով պսակելով իր հիշատակը: Իսկ իր որդիները մեծացան, դարձան իրենց հոր արժանի զավակները: Փոքր որդին էլ, իր հոր հիշատակը ամուր պահած սրտում, դիմագրավեց կյանքի բազում փորձություններին, աշխատեց, արարեց, ընտանիք կազմեց, թոռներ ունեցավ, որոնցից մեկն էլ ես եմ:
Այո, նա իմ պապիկն է, և ես հպարտ եմ դրանով, հպարտ եմ, որ կրում եմ նրա ազգանունը, հպարտ եմ, որ իմ երակներով հոսում է իմ նախնիների` հերոսական ոգով տոգորված արյունը, հպարտ եմ… Հպարտ եմ և միշտ կփորձեմ լինել իմ ամբողջ գերդաստանի բոլոր արժանի ներկայացուցիչների արժանի ժառանգորդն ու հետևորդը:

Հավատում եմ

 

Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի

Սա իմ դպրոցն է՝ փոքրիկ ու հարմարավետ կառույց, փոքր դասարաններով՝  փոքր գյուղի, իմ` Տավուշի մարզի Ջուջևան գյուղի համար: Երկար դասամիջոցն է. դուրս եկա դասարանից, մոտեցա միջանցքի մեծ պատուհանին, որից բացվում է բակի գողտրիկ պատկերը՝  եզրին կորացած ուռի,   նրա տակ՝ նստարան:  Գեղեցկություն, բայց… Մի պահ ինձ օտար զգացի և սկսեցի օտարի աչքերով դիտել կյանքիս տասնմեկ տարիների պայծառ օրրանը: Միշտ ամենաատելին ինձ համար եղել է կառույցների դատարկությունը, հատկապես կրթօջախի, իսկ հիմա աչքերիս առաջ ծավալվում է լքվածությունը, երկար միջանցքը լուռ է և դատարկ, ականջներումս հնչում է լռության ճիչը: Ահա, վերջապես, բակում երկու փոքրիկ տղա երևացին, վազվզեցին մի քիչ և շուտով էլ անհայտացան՝ կտրելով ինձ իրենց նայելու հաճույքից: Երկար դասամիջո՛ցն է, ո՞ւր են հապա այս փոքրիկ դպրոցի բոլոր անկյունները լցնող երեխաների զանգակահունչ ծիծաղները,  ուսուցիչներին զայրացնող, բայց բաղձալի խառնաշփոթը, աղմուկը, ո՞ւր են երեխաները… Նրանք չկան. դպրոցում վաթսուն աշակերտ է սովորում, և այդ թիվը գնալով նվազում է: Վեց շրջանավարտին փոխարինելու է գալիս երեք մանուկ: Սերունդը կիսվում է, գյուղն է կիսվում, կիսվում է Հայաստանը:

Այս դպրոցը երբեք էլ շատ աշակերտ չի ունեցել, բայց երբ երեք-չորս տարի առաջվա իննսունը դնում ես վաթսունի կողքին, տեսնում ես երկրիդ ապագան: Կարիք չկա ողջ Հայաստանը շրջել, կարճ ու երկար ուսումնասիրություններ կատարել, համակարգի մի փոքրիկ բջջից էլ կարելի է ստանալ իրավիճակի ամբողջական պատկերը:

Ես ավարտում եմ արդեն, և իմ փոխարեն գալու է ընդամենը… Կես երեխա… Դպրոցում երեխա չկա. սա միջազգային հանրությանը ներկայացվող գեղանկարի հակառակ կողմն է, իսկ թշնամին միշտ առկա է և շատ:  Հայաստանը պատմական երկար ուղի է անցել վատ ժամանակների բացարձակ գերակշռումով, սակայն ապրել,  արարել ու հաղթել է: Ես չեմ հուսահատվում, որովհետև հավատում եմ հաղթանակիդ, ՀԱՅԱՍՏԱՆ:

hayrapi baghdasaryan

Վառ գույներ ցուրտ դասասենյակում

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Ես նկարել շատ եմ սիրում: Դա միջոց է զգացմունքներն արտահայտելու, լիցքաթափվելու և հանգստանալու: 

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Ընկերուհիս նկարչության պարապմունքների է գնում, մեկ-մեկ էլ ես ընկերակցում նրան: Երեկ էլ միասին գնացինք պարապմունքի: Մեզ բարեհամբույր դիմավորեց ընկեր Լևոնը՝ գունանկարի ուսուցիչը: Երբ մտանք դասասենյակ, ընկեր Լևոնն առաջարկեց նկարել ինձ. ասաց, որ գույներ շատ է սիրում, իսկ ես էլ հագել էի վառ գույներով վերնազգեստ: Իհարկե, մեծ հաճույքով համաձայնեցի: Ես ինձ զգում էի իսկական բնորդուհու դերում: Դա այնքան էլ հեշտ բան չէր, քանի որ դասասենյակում շատ ցուրտ էր, իսկ ես պիտի անշարժ նստեի: Ոչպեսզի պարապությունից ավելի շատ չկենտրոնանամ ցրտի վրա, առիթը բաց չթողեցի ու սկսեցի հարցախեղդ անել ուսուցչին, նա էլ սիրով պատասխանում էր:

Խոսեցինք ֆիլմերից, նկարիչներից, գրքերից: Նա ինձ տարբեր ֆիլմեր առաջարկեց, ինձ անծանոթ նկարիչներից պատմեց, ես էլ ինձնից անբաժան Էդգար Պոյի գիրքը տվեցի, որպեսզի կարդա: Մենք երկուսս էլ փաստորեն սիրում էինք կատուներ, և ես առաջարկեցի հենց «Սև կատուն» էլ կարդալ:

Ողջ ընթացքում հետաքրքրությամբ հետևում էի վրձնի շարժումներին ու երազում, որ շուտ գա ամառը, որ շատ ժամանակ ունենամ. կարոտել եմ ներկերիս:

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Մարինե Ղահրամանյան

Ոչ միայն ապրել

Ես ու հայրս հաճախ ենք զրուցում իրար հետ տարբեր թեմաներով: Սիրում եմ տարբեր հարցեր տալ ու ստանալ  ինձ հուզող հարցերի պատասխանը:

Հայրս աշխատում է պայմանագրային զինծառայող: Նա 15 օր գնում է սահման պահում, 15 օր տանը լինում: Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչպես է անցնում նրանց առօրյան:

Հերթական անգամ հայրս աշխատանքից տուն եկավ, և մենք ինչպես միշտ, սկսեցինք զրուցել: Ես նրան մի քանի հարց տվեցի:

-Հայրիկ, սահմանում ինչպես է անցնում ձեր առօրյան:

Հայրս պատասխանեց.

-Դիրքերում կա ժամանցի անկյուն: Ազատ ժամանակ շաշկի, շախմատ ենք խաղում, լուրեր ենք լսում: Ճիշտ է, լարվածություն լինում է, բայց աշխատում ենք թոթափենք այդ լարվածությունը:

-Իսկ սիրո՞ւմ ես քո աշխատանքը:

-Սիրով եմ կատարում իմ պարտականությունները, որովհետև գիտակցում եմ, որ տվյալ հատվածը իմ պատասխանատվութjան տակ է: Կարևորում եմ խաղաղությունը, իմանալով, որ իմ թիկունքում իմ ընտանիքն է, իմ գյուղը:

Հայրիկիս խնդրեցի պատմել իր մանկությունից:

-Մանկությունս անցկացրել եմ շատ հետաքրքիր, անհոգ, որովհետև պայմանները ավելի նպաստավոր են եղել, կրակոցներ չեն եղել:

Հայրս ասում է, որ երբեք չի մտածել հեռանալ իր ծննդավայրից` գյուղ Ներքին Կարմիրաղբյուրից, որովհետև քաջ գիտակցելով, որ եթե որպես այս գյուղի բնակիչ թողնի իր ծննդավայրը, ապա օտար մարդ չի գա շենացնի գյուղը:

-Եթե մենք չենք գնում, դա դեռ բավական չէ: Պետք է աշխատել գյուղը դարձնել գրավիչ թե’ զբոսաշրջիկների, թե’ ապրելու համար:

Շատ հետաքրքիր զրույց ունեցա հայրիկիս հետ: Հայրս պատմում էր, թե ինչպես կարելի է գյուղը շենացնել, ինչ լավ կլինի կյանքը, եթե կրակոցները վերջանան:

Ես էլ եմ հայրիկիս պես մտածում: