
Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի
Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի
Ընդհանրապես ես շատ եմ սիրում ամեն ինչ «վերցնել ափի մեջ»։ Հիմա բացատրեմ, թե ինչպես է դա աշխատում։ Օրինակի համար, ահա ավտոմեքենան՝ մարդկության հրաշալի գլուխգործոց։ Ոմանց համար ուղղակի փոխադրամիջոց։ Նստեցիր, գնացիր, հասար, և վերջ։ Ոմանց համար այն ավելին է, քան հասարակ փոխադրամիջոցը։ Ոմանք դրանով գումար են վաստակում, ոմանք ուղղակի վայելում են այն, ոմանց էլ բաժին է հասել մեքենան պատրաստելու կամ վերանորոգելու գործը։ Դրա համար պետք է իմանալ, թե այն ինչերից է բաղկացած, և որ մասն ինչի համար է։ Ես այնքան էլ չեմ սիրում ավտոմեքենաներ։ Մեքենաներ չսիրելուց բացի, իմ մեջ մի հատկություն էլ կա, դա՝ տարբեր իրեր, երևույթներ ու, ինչու չէ, նաև շնչավոր արարածներին հասկանալն է։ Հիմա հարց կառաջանա, թե ի՞նչ է նշանակում հասկանալ իրը կամ երևույթը։ Իրականում, ինչ-որ բան հասկանալը ամենաբարդ գործերից մեկն է։ Ինչպե՞ս է աշխատում ավտոմեքենան, ինչո՞ւ և ինչպե՞ս է համակարգիչը գրավում մարդկանց, անգամ՝ ինչո՞ւ են մարդիկ պատերազմում։ Այդպիսի հարցերի պատասխանները գտնելու համար ես մտովի դնում եմ ափի մեջ։ Ես հենց այնպես չնշեցի ավտոմեքենան։ Ինքան էլ ես չսիրեմ այն, ինձ հետաքրքրում է դրա կառուցվածքը։ Այն հասկանալու համար ես վերցրեցի ավտոմեքենան ձեռքիս մեջ։ Այսինքն՝ պատկերացրի մեքենայի փոքր տեսակը ափիս մեջ։ Ահա այն։ Սկզբից նայում եմ արտաքին տեսքին՝ հասարակ երկաթե տուփ։ Բացում եմ նրա այսպես կոչված «կապոտը» ու սկսում եմ ուսումնասիրել։ Հետո հանեցի, դրեցի, անգամ մեքենան կիսեցի երկու մասի ու մոտավորապես հասկացա նրա կառուցվածքը։ Այսպես «սքան արեցի» տարբեր իրեր, երևույթներ և այլն։ Միայն պատկերացրեք, ձեր ձեռքի մեջ մոլորակի մի հատվածն է, որի վրա ամպ է։ Դուք տեսնում եք անձրևի մինի տեսակը ձեր ձեռքի ափի մեջ։ Դրանից հաճելի բան կա՞։
Մի օր փորձեցի ուսումնասիրել մի արարածի, որն իմ կարծիքով աշխարհի ամենաբարդ ու միաժամանակ ամենապարզ բանն է։ Եվ այսպես՝ մարդ: Ի՞նչ է արել մարդն իր գոյության ընթացքում։ Պարզապես պատասխանել է իրեն հուզող հարցերի։ Ինչպե՞ս արագ տեղափոխվել, ինչպե՞ս հասնել երկինք, անգամ մեզ համար հասարակ թվացող՝ ինչպե՞ս չմրսել։ Միաժամանակ մարդն ամենաբարդ ու անկանխատեսելի արարածն է։ Ինչո՞ւ են մարդիկ ընկերանում, ինչո՞ւ են բաժանվում, դավաճանում և այլն։ Այս ամենի մասին մտածելուց հետո հասկանում եմ մի ոչ այդքան հաճելի փաստ։ Ես էլ այդ պարզունակ ու հասարակ արարածներից մեկն եմ։ Ու եթե ինձանից հարյուր անգամ խելացի գիտնականները չգիտեն այդ հարցերի պատասխանները, ապա ես դեռ շատ մեծ ճանապարհ պետք է անցնեմ դրանք իմանալու համար։
Բեմից
-Երեխե՛ք, նստե՛ք, շարժվում ենք:
Մեր պարի համույթը նստեց ավտոմեքենան, և ուղևորվեցինք Ստեփանավան:
-Լի՛լ, արդեն շարժվել ենք, դու գալու ես չէ ՞ համերգին,- միանգամից զանգեցի նոր ընկերուհուս:
Լիլիթը Ստեփանավանից է: Հոկտեմբերին էր, երբ Պատանի թղթակիցների մեդիա ճամբարի ընթացքում ծանոթացա և մտերմացա նրա հետ: Այնպես ստացվեց, որ մենք մի շաբաթ շարունակ արթնանում էինք նույն սենյակում: Եվ ահա ճամբարից մի քանի շաբաթ հետո ես պարի համույթով գնում էի Ստեփանավան: Լիլիթին տեսնելու լավ առիթ էր, և ես որոշեցի այն բաց չթողնել ու հրավիրեցի նրան համերգի:
Ավտոմեքենան կանգնեց…
-Արդեն հասե՞լ ենք, էստե՞ղ ենք պարելու, հա՜ ճիշտ ա, էն էլ Լիլիթը,- դուրս գալով ավտոմեքենայից՝ գնացի, ավելի շուտ վազեցի Լիլիթի մոտ: Նա ինձ ընդառաջ եկավ, չէ ավելի շուտ նա էլ ինձ նման վազում էր: Այդպես գրկեցինք միմյանց ու դեռ կարոտներս չառած բաժանվեցինք իրարից, քանի որ պետք է վերադառնայի խմբի մոտ: Մեզ ուղեկցեցին հանդերձարան: Անկեղծ ասած, այն սենյակները, որտեղ զգեստափոխվում ենք մարզկենտրոններում կամ գյուղերում համերգներ տալիս, մենք կոչում ենք հանդերձարան, սակայն իրականում հանդերձարաններ համարյա ոչ մի տեղ չկան: Սենյակի կահավորումից ենթադրեցի, որ սա ինչ-որ դասասենյակ է` երևի նկարչության: Բայց մեզ համար ստեղծել էին բոլոր հարմարությունները: Կար էլեկտրական տաքացուցիչ, և սենյակը բավականին տաք էր: Հանդերձարանը համերգների, ներկայացումների ժամանակ շատ կարևոր է, սակայն դրա կարևորությունը ելույթ ունեցողներն են միայն հասկանում, իսկ դահլիճում նստածների համար դա կարևոր չէ, երևի այդ պատճառով էլ այդ մասին ուշադրություն դարձնող չկա: Գնացինք կուլիսներ` բեմը մի փոքր ուսումնասիրելու համար: Այն բավականին մեծ էր, որոշ չափով նմանվում էր Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բեմին: Ասեմ, որ սա էլ շատ կարևոր է: Երբեմն բեմն այնքան փոքր և անհարմար է լինում, որ ստիպված ես ելույթիդ մեջ որոշ սահմանափակումներ անել, փոփոխել: Եկավ մեր հերթը, հնչեց երաժշտությունը և սկսեցինք պարել: Մենք վերջինն էինք, բայց դահլիճը լիքն էր, մարդիկ դեռ չէին հեռացել: Ընդհանրապես շատ է եղել երբ վերջինն ենք պարել: Եվ հաճախ դահլիճը արդեն դատարկ է լինում, քանի որ, շատերը իրենց բարեկամների ելույթից հետո գնում են և հաջորդ համարները չեն դիտում: Իսկ այս հանգամանքը ամենավրովվեցուցիչն է: Պատկերացնո՞ւմ եք. Եկել ենք հեռու տեղից, ժամերով նախապատրաստվել ենք, սպասել մեր հերթին, իսկ երբ բեմ ենք բարձրացել, աչքի պոչով նայել դահլիճին, որպեսզի ոգեշնչվենք, բայց դահլիճը համարյա դատարկ է եղել: Ես համարյա բոլորի անունից պետք է ասեմ ու խնդրեմ. հանդիսատեսը ներկայացման կամ համերգի ամենակարևոր անձն է: Մենք ձեզ համար ենք երգում, պարում, խաղում բեմի վրա, եթե դուք չկաք, կամ չեք լսում ու դիտում, մենք հուսահատվում ենք: Անկախ բոլոր հանգամանքներից, դուք միշտ ջերմացնում եք մեզ: Չեք պատկերացնի, ինչքան հաճելի է, երբ մոտենում են և ցանկանում են նկարվել կամ հարցուփորձ են անում` թե որտեղից ենք, ով է մեր ղեկավարը, էլ ավելի են ոգևորում ծափողջյունները, որոնց պակասը Ստեփանավանում չզգացինք: Հանդիսատես դաստիարակելն էլ շատ կարևոր է: Սակայն այս անգամ Ստեփանավանում, անկախ ամեն ինչից, դահլիճը չդատարկվեց: Նրանք, ովքեր արդեն ելույթ էին ունեցել, նույնպես դիտում էին, թեև դահլիճում նստելու տեղեր չկային: Սա ինձ շատ դուր եկավ: Այս տարի բավականին շատ ենք ելույթներ ունենում Հայաստանի տարբեր քաղաքներում, գյուղերում: Եվ մեզ միշտ շատ լավ են ընդունում: Երևի ինչ-որ բան կամաց-կամաց փոխվում է:
Պարելուց հետո գնացինք դահլիճ: Ես նստած աչքերով փնտրում էի Լիլիթին և գտա:
- Մա՛ր, շատ լավ էիք պարում, ապրեք: Հա, էս վարդն էլ քեզ,- ժպտալով դեպի ինձ ձգեց կարմիր վարդը:
Դեռ չէինք հասցրել զրուցել, ու արդեն հրաժեշտ տալու պահն էր:
Վարդը ձեռքիս արագ վազեցի դեպի ավտոմեքենան, և մենք շարժվեցինք:
Արդեն անցել է մի քանի ամիս, բայց վարդը մինչև հիմա պահում եմ: Սա շատ թանկ հիշողություն է Լիլիթից, համերգից և Ստեփանավանից:
Սա էլ մի վերջին խոստովանություն. Մենք` արվեստի մարդիկս, շատ սենտիմենտալ ենք նաև: Ձեր նվիրած ծաղիկները ելույթից հետո շատ երկար պահպանում ենք:
Մարիամ Բարսեղյան
Ք.Վանաձոր
Եվ դահլիճից
-Հա, Մար, անպայման կգամ:
Առավոտյան զանգ ստացա Մարիամից: Նա գալիս էր Ստեփանավան` փառատոնի։ Մարիամի հետ ծանոթացել և մտերմացել եմ Ծաղկաձորում կազմակերպված պատանի թղթակիցների ճամբարի ընթացքում: Մարիամը Վանաձորից է: Հաճախում է պարի, ու ի դեպ, շատ լավ է պարում: Դրանում ես համոզվեցի փառատոնին նրանց ելույթը դիտելուց հետո:
Ի դեպ, նշեմ, որ վերջերս մեր քաղաքում փառատոններ և համերգներ հաճախ են լինում։ Այս անգամ փառատոնին միայն պարի խմբեր էին մասնակցում, իսկ անցած անգամ մասնակիցները և՛ ասմունքողներ էին, և՛ պարողներ, և՛ երգողներ, բացի այդ սա ավելի շատ մրցույթ-փառատոն էր։ Համերգների և փառատոնների ժամանակ դահլիճը միշտ լիքն է լինում, չնայած միշտ չէ, որ մուտքն անվճար է։ Օրինակ փառատոնների ժամանակ անվճար է, իսկ համերգներինը` ոչ միշտ։ Ֆիլմերի ցուցադրություններն էլ են շատացել։
Փառատոնները միշտ լավ են կազմակեպվում, ինչպես և այս մեկը։ Անշուշտ ես հուզվում էի փառատոնի ժամանակ։ Անընդհատ Մարիամենց ելույթին էի սպասում։ Ըհը, վերջապես հաղորդավարը հայտարարեց Մարիամենց խմբի անունը։ Ողջ պարի ընթացքում Մարիամին էի նայում, նա շատ լավ էր պարում։ Ելույթից հետո ուզում էի, որ բոլորը բարձր ծափողջույններով ճանապարհեին Մարիամենց, ուզում էի, որ բոլորը «բրավո» գոչեն, որպեսզի նրանց խումբը ոգևորված և մեր հանդիսատեսից գոհ գնար քաղաքից։
Ասեմ, որ հեշտ է հանդիսատեսի դերում լինելը, ինչը չեմ կարող ասել ելույթ ունեցողի մասին։ Ես դա սեփական մաշկիս վրա եմ զգացել։ Ինքս բեմում և՛ պարել եմ, և՛ երգել, և՛ նվագել։ Բայց ամենից շատ հուզվել եմ դաշնամուր նվագելիս, այնքան, որ նույնիսկ մի անգամ ելույթս վերջացնելուց հետո արագ- արագ վազել եմ ետնաբեմ` չնկատելով եղբորս, որը ցանկանում էր ինձ ծաղկեփունջ նվիրել։ Վախիս ու անուշադրությանս պատճառով ես ետնաբեմում ստացա այդ ծաղկեփունջը։ Ես էլ Մարիամին մի գեղեցիկ վարդ նվիրեցի: Մենք նույնիսկ չհասցրինք նորմալ կարոտներս առնել, քանի որ նրանց գնալու ժամանակն էր արդեն։ Ես հրաժեշտ տվեցի նրան ու գնացի տուն։
Երկու ամիս էր անցել փառատոնից, և Մարիամից իմանում եմ, որ վարդը դեռ մնում է, դեռ ոչ մի թերթ վայր չի ընկել։ Ես շատ ուրախացա, որ նվիրածս վարդը այսքան ժամանակ Մարիամը դեն չի գցել, և նաև զարմացա, որ ոչ մի թերթ չի ընկել։
Լիլիթ Սուքիասյան
Ք.Ստեփանավան
Այս տարի կլրանա յոթ տարին, ինչ հաճախում եմ դաշնամուրի: Հասկացաք, չէ՞ ինձ: Չգիտեմ, ինչպես, բայց մեծահասակների մեծ մասը ինձ գրեթե ամեն օր նույն անսպասելի, զարմացնող և իրենց շա՜տ հետաքրքրող հարցեր են տալիս: Ստորև ներկայացնում եմ հետևյալ հարցերի շարքը.
Հարց համար 1.
-Մարիամ ջան, հըմի կըսես՝ քանի՞ տարի կերտաս դաշնամուրի:
-Յոթ:
-Ահա, շատ է:
-Հա դե, դաշնամուրային բաժինը յոթ տարի է, բայց կան դպրոցներ, որոնք հինգ են, իսկ լրացուցիչ ցանկության դեպքում՝ ութ տարի կըրնաս երթաս:
-Դե ըսա՝ դաշնամուրի ծլնգոցը (դաշնամուրը ախր չի ծլնգում, այն նվագում է) կլսեմ, բայց դե սաղ օրը կնվագես, դուրս արի քիչըմ:
-Ըհնց,-վերջացրի ես:
Հարց համար 2.
-Մարիամ ջան, հըմի կրնա՞ս երկու ձեռով նվագես:
-Հա՛, հա՛, անշուշտ:
-Դե հլը, մե բանըմ նվագե:
-Նվագեմ:
Սկսում եմ նվագել Մ.Ի. Գլինկայի «Մելոդիկ վալս»-ը ստեղծագործությունը ու…
-Վայ, էս ի՞նչ լավ կնվագես, ես չիդեյյ… Լավ է, բալ ջան, դու նվագե, դառի դաշնակահար, ես էրթամ գործերս էնեմ:
Հարց համար 3.
-Էս էրեխեն սաղ օրը կնվագե: Մե կտրեք էդ գործիքից, թող դուրս ելնի խաղա, թթվածին շնչե, շատ մեկուսի է:
«Ես՝ մեկուսի՞,- մտածում եմ ես,- չէ , չէ, չէ»:
Հարց համար 4.
-էս ի՞նչ է, ազիզ ջան:
-Նոտա:
-Նոտա՞: Բա, այ սիկ, սի՞կ ինչ է:
-Սոլի բանալին, ցույց է տալիս առաջին օկտավայի սոլ նոտայի տեղը:
-Բանալի՞: Բա էս սոլի բանալիով ի՞նչ կբացես, ձեռդ հեչ չենք տեսել:
-Հը՞,- ծիծաղեցի ես:
Հարց համար 5.
-Հլը մի հատ «Իմ ախպերը» ռուսերենով նվագե: Չէ լավ ՝ «Ջան Գյուլումը»: Կրնա՞ս:
-Ես ըդպես բաներ չեմ նվագե:
-Բա ի՞նչ կնվագես:
-Դասական երաժշտություն:
-Հեչ ո՞վ են էդ դասականները, մե քանիմ հոգու սա:
-Շուբերտ, Բախ, Լիստ, Ռախմանինով, Բեթհովեն, Մոցարտ, Չայ…
-Լավ, հերիք է: Մյուս անգամ կսորվիս սածներս:
-Անպայման:
Ու այսպես շարունակ…
Հ.Գ. Եթե ձեզնից որևէ մեկի հետ այսպիսի դեպք եղել է, ապա ցավում եմ, իսկ եթե ո՛չ, հավատացեք՝ կլինի:
Յուրաքանչյուր մարդ էլ ունի իր սիրած զբաղմունքը: Ես նույնպես: Իմ հոբին նկարելն է: Գլուխ գովել չլինի՝ վատ չեմ նկարում: Այդ շնորհը ժառանգել եմ իմ մայրիկից, իսկ մայրս՝ իր հայրիկից, իր հայրիկն էլ՝ իր մայրիկից… Ուստի ժառանգական կապը ես չեմ կարող խախտել և կուզենամ, որ շարունակվի սերնդեսերունդ… Ես հաճախում եմ Ներքին Կարմիրաղբյուրի նկարչական խմբակը, որը դասավանդում է իմ մայրիկը:
Անկախ նրանից, թե որտեղ եմ ես, եթե ձեռքիս տակ կա թուղթ և մատիտ կամ գրիչ, սկսում եմ նկարել:
2014թ. ապրիլին Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի սաների համար Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանի հոգածությամբ բացվեց Կիրակնօրյա դպրոցի նկարչական խմբակը: Այս նախաձեռնությանը աջակցեցին «Վոլդ Վիժն» և « Հայ Օգնության Ֆոնդ» կազմակերպությունները: Ամեն ինչ պատրաստ էր, որ սահմանում ապրող մանուկներս գունավորենք մեր աշխարհը ավելի պայծառ գույներով: Երեխաները սկսեցին իրենց առաջին քայլերը: Արդյունքը օր-օրի դառնում էր նկատելի: Բերդ քաղաքում հաճախ կազմակերպվող միջոցառումների ժամանակ ցուցադրվում են մեր աշխատանքները, ինչից ավելի ենք ոգևորվում և ավելի մեծ ջանասիրությամբ ենք աշխատում: Այդ է վկայում մեր խմբակի սաների հաղթանակը Տավուշի մարզի շրջանակներում, երբ Հնդկաստանի հայաստանյան դեսպանատունը մրցույթ էր հայտարարել «Իմ երևակայության Հնդկաստանը» խորագրով: Դրանով չեն սահմանափակվում փոքրիկ նկարիչների ձեռքբերումները: ՀՕՖ –ի միջոցով ընտրվել են նկարներ և ուղարկվել ԱՄՆ՝ ցուցահանդեսի նպատակով:
2015թ. մայիսի 20-ին ցուցահանդես է կազմակերպվել Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրում, որտեղ ներկա էին Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Սևադան և այլ հյուրեր: Մինչև հիմա երեխաները չեն մոռանում կրթահամալիրի ողջ անձնակազմի հոգատար վերաբերմունքը և երախտագիտությամբ հիշում են կրթահամալիրի տնօրեն պարոն Ա .Ալիխանյանին, ով անձամբ ընդունեց յուրաքանչյուրին՝ նվիրելով Լ.Նազարյանի հեղինակած «Անանիա Շիրակացի» գիրքը: Փոքրիկ նկարիչների հուզմունքը աննկարագրելի էր, երբ կրթահամալիրի կողմից առաջարկվեց ամառային արձակուրդի տասներկու օրը վայելել Հանքավանի «Հեքիաթ» ճամբարում: Դրանք անմոռանալի, բարի, անկրկնելի օրեր էին բոլորի համար …
Երբ լինում են նման մարդիկ, աջակից ընկերներ և կազմակերպվող ցուցահանդեսներ, փոքրիկ նկարիչները ստեղծագործում են ավելի եռանդով, ստեղծում հրաշքներ, երբ լինում են գնահատված, արժևորված… Իսկ բոլորից առավել այդ ամենից ոգևորվում է փոքրիկ նկարիչների ուսուցչուհին, մայրս՝ Ժաննա Բաբայանը, ով իր եռանդն է ներդնում փոքրիկների հոգում գեղագիտական ճաշակ ձևավորելու համար:
Մայրիկիս ոգևորությունը տեսնելով հասկանում եմ և համոզվում. Եթե մի գործ անում ես սիրով և նվիրումով, անպայման հաջողության ես հասնում:
Լուսանկարը՝ Մուշեղ Բաղդասարյանի
Աստղ բառն ասելիս մարդկանց մեծ մասը հիմնականում հասկանում է երկնքում փայլող լույս: Որքան էլ տարօրինակ թվա, աստղերը չեն շողում երկնքում. դա գիտականորեն ապացուցված փաստ է: Անզեն աչքով կարելի է տեսնել մոտավորապես 6000 աստղ, 300-ական ամեն կիսագնդում, որոնք բոլորն էլ գտնվում են մեր գալակտիկայում: Հետաքրքիր պատմություններ կան աստղերի մասին: Դրանցից մեկն ասում է, որ երբ աստղ է ընկնում, շուտ երազանք պետք է պահես և եթե հասցնես մինչև ընկնելը պահել, ապա այն անպայման կիրականանա:
Աստղերից շատերը ունեն անուներ, օրինակ` Պոլուքս, Ալթաիր, Ալգոլ և այլն: Այդ անունները դրվել են գիտնականների, աստղագետների կողմից: Հետաքրքիրն այն է, որ երեկ համացանցում կարդացի, որ հիմա որոշ մարդիկ մեծ գումարներ են վատնում աստղեր գնելու համար և դրանց տալիս են իրենց նախընտրած անունը: Եվ նրանց հավաստիացնում են, թե երբ ուզենան, կարող են տեսնել իրենց աստղը:
Տեսնես` ի՞նչ պետք է անեն այդ աստղերի հետ: Մանուկ հասակում շատ էի սիրում գիշերները ժամերով նստել պատշգամբում: Նստում էի ու երկա~ր նայում աստղերին, կարծես նրանց մեջ գտնում էի իմ հարցերի պատասխանները: Եվ ահա այդպիսի մի գիշեր էր, շուրջբոլորը լռություն էր տիրում: Բոլորը քնած էին, իհարկե, բացառությամբ ինձ: Ես, ինչպես միշտ, վայելում էի աստղերով լի անծայրածիր երկնքի խաղաղությունը: Եվ հենց այդ ժամանակ երկնքում նկատեցի պայծառ շողացող մի աստղ: Եվ այդպես մի քանի օր շարունակ մեծ ուշադրությամբ հետևում էի այդ աստղին: Ես նայում էի նրան և երազանք էի պահում:
Աշխարհում ամեն մի ծննդի հետ մի աստղ է հայտնվում երկնակամարում և մահվան հետ էլ անհետանում…
Ահա և վերջ մինչև ժամը տասնմեկին քնելուն,առանց մտահոգությունների մեր կյանքին: Վերջապես հայտնվեցինք դպրոցում: Դե առավոտյան մի կերպ իմ քաղցր քնից ելնելով, ինչպես միշտ առաջին ժամից ուշացած, հասա դպրոց: Ի ուրախություն ինձ, ուսուցիչը դեռ դասարան չէր մտել: Մի լավ կարոտս առա ընկերներիցս, կիսով չափ իմացա նրանց արկածների մասին, և հանկարծ ընկեր Շահգելդյանը մտավ դասարան, և մենք սկսեցինք հայոց լեզվի դասը: Սկզբի քսան րոպեն միմյանց հետ էինք խոսում և նույնիսկ չէինք էլ նկատում ուսուցչին, բայց հանկարծ լսվեց նրա ձայնը, և մենք լռեցինք: Պարզվեց համարյա ամբողջ դասարանի կեսը անցածը չի հիշում, և մենք սկսեցինք կրկնել անցածը, հետո նոր դաս հանձնարարվեց, և մենք նշեցինք տնային աշխատանքը: Զանգը հնչեց, և մենք բոլորս միասին ուրախ տեղներիցս վեր թռանք կիսատ-պռատ լսելով ուսուցչի վերջին հանձնարարությունները: Բոլորս ուրախ էինք դպրոց վերադառնալու համար: Հաջորդ երկու ժամերը պարզվեց, որ հանրահաշիվ է, և մենք շատ տխրեցինք, որովհետև հանրահաշիվ այդքան էլ չենք սիրում՝մանավանդ երկուշաբթի օրը, որովհետև երկու ժամ ունենք: Դասարան մտավ մեր սիրելի ընկեր Օհանջանյանը: Նա շատ խիստ, բայց միևնույն ժամանակ, շատ լավ դասատու է: Դե մի քիչ քննարկեցինք արձակուրդները, հետո անցանք դասին: «Մեկ միանդամով բազմանդամներ»,- բարձր ասաց ընկեր Օհանջանյանը: Է՜հ, ի՞նչ, ամեն կողմից լսվեցին տարբեր ձայներ: Առաջին ժամին գրեցինք հաշվեկանոնը և դրա հետ մեկտեղ մեր մտքի գրատախտակին նաև՝ նկատողությունները: Երբ ուսուցիչը նկատողություն արեց երեխաներից մեկին, ասելով. «Դե, հերիք է, էլի, լռեք»,- ես պատահաբար գրեցի. «Բազմանդամներ են կոչվում` դե, լռեք, էլի»: Երբ դա կարդացի, սկսեցի ծիծաղել, իսկ երբ ուսուցչի հայացքը դեպի ինձ ուղղվեց, ես այդ ծիծաղը զսպեցի: Դասամիջոցներին մեզ ծիծաղեցնող աղջիկների զույգը՝ Արփինեն և Լիանան, մեզ ապահովեցին բարձր տրամադրություն: Ես տուն եկա դպրոցից մեկ ժամ շուտ, որովհետև ֆիզկուլտուրա այդպես էլ չարեցինք: Եկա տուն բարձր տրամադրությամբ:
Ուրախացա լիաթոք և կարոտս առա դպրոցից:
Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի
Երբ հանկարծ մի հետադարձ հայացք ես նետում դեպի անցյալ, հասկանում ես մի պարզ ճշմարտություն: Այն, որ աշխարհը գոյություն է ունեցել և հիմա էլ կա հենց գրքերի շնորհիվ: Այդ գրքերն են, որ ունակ են փոխելու աշխարհը և մեզանից յուրաքանչյուրին, ով ձգտում է դեպի գեղեցիկն ու երկնայինը: Նրանք են, որ թափանցում են մարդու ամենամութ անկյունները, բացահայտում նրա հոգին, նրա հույզերն ու երազները: Այդ գրքերն են, որ մեզ լցնում են հավատով կյանքի ու աշխարհի հանդեպ, որ ստիպում են հավատալ հրաշքներին: Ճիշտ է, մարդիկ դուրս գալով հեքիաթից տարբեր կերպ են արձագանքում իրականությանը, բայց հավատացեք, նրանք երբեք չեն չարանում այն հեքիաթի հանդեպ, որն իրենց երջանկացրել է, թեկուզ կարճ ժամանակով, բայց հույս է պարգևել: Եվ հենց այդ հույսն էլ օգնում է ինձ հավատալ, որ կգա մի ժամանակ, երբ մարդիկ մեծ նշանակություն կտան գրքերին: Ես անկեղծ հավատում եմ դրան, քանի որ հենց հավատն է մեզ թևեր տալիս երկինք սլանալու ու աշխարհն ավելի լավը դարձնելու համար:
Այսօրվանից դասերն սկսվում են: Գուցե հենց այսօրվանից սկսենք այլ կերպ վերաբերվել գրքին և ընթերցանությանը:
Ցուրտ է: Իրոք ցուրտ է: Ուզում ես դուրս գալ, բայց չես հասցնում մի 10 քայլ էլ անել, երբ հունվարի ցուրտ քամին այնպես է փչում դեմքիդ, որ միանգամից փոշմանում ու հետ ես դառնում տուն: Ցուրտը դրսում է: Դրսի ցրտի դեմ ինձ օգնում է թեյը, որը ես կուլ եմ տալիս կոպիտ ասած «լիտրերով»: Բայց ախր ներսից էլ ա ցուրտ: Դրա համար ես վերցնում եմ իմ թեյը, փաթաթվում տաք վերմակի մեջ ու պայքարում ներսի ցրտի դեմ: Պայքարում եմ տաք հիշողություններով:
Ամառ: Սիրում եմ ամառը հենց միայն դրա համար, որ ամառը իր հետ բերում է հագուստի «շորտիկ-մայկա-լաթ» համակցությունը: Շոգ է: Ավելի լավ: Քայլում եմ փողոցով դեպի «ցածի թաղեր»: Գետնից գոլորշի է բարձրանում: Բարձրանում ու տաքացնում է իմ առանց այն էլ արևից սևացած մարմինը:
-Աշ, այ Աշոտ:
-Սպասի, հեսա էկամ:
Եկավ: Էլի արևից սևացած մարմին:
Բոլորս էլ սև ենք: Իջնենք դաշտ, մի քիչ ֆուտբոլ խաղանք: Հասանք: Ավելի ճիշտ, հասանք էն այգուն, որը կտրում էր մեզ ֆուտբոլի դաշտից: Այգին էլ հո մի փոքրիկ անտառ է՝ փռված լանջի վրա: Գնդակը առա Արմենի ձեռքից ու «տշեցի» այգու խորքերը:
-Դե քել` գտի:
-Արագացու:
Էհ, գտա: Մի հատ էլ հարված, երևի արդեն ընկավ ֆուտբոլի դաշտ: Հա, ո՞վ պիտի վերցնի, թող մնա: Ախր էս ծիրանի ցոգոլները մեզ են սպասում: Ցույց տալով ալպինիզմի ամենաբարդ հնարքները, մենք բարձրացանք բոլոր ծառերը: Խակ-հասուն՝ ամենը լցրինք փորներս: Հետո էլ` գրպաններս:
-Ռաֆիկ, ջեբերդ լից, հետո, որ ասիր` էս մե հատ տու ցոգոլը, վռելու եմ կլխիդ:
Տռզած հասանք դաշտ: Պառկեցի, աչքերս փակեցի:
Դըխկ: Էն ի՞նչ էր: Հաա՜: Աչքիս Ռաֆոն ցոգոլ ուզեց, Աշոտն էլ իսկականից «վռեց» գլխին: Աչքերս բացում եմ ու տեսնում, որ Ռաֆոն դաշտի կանաչ խոտերին թավալ է տալիս գլուխը բռնած: Հա էլի: Արմունկս հենում եմ գետնին ու սպասում, թե երբ Ռաֆոյի «ցավի նոպան» կվերջանա, ու երբ Աշոտը կհասկանա, որ Ռաֆոն հեսա կընկնի հետևից:
-Աշոտ, փախի, Ռաֆոն հելավ:
Ու հետագա 20 րոպեն ես հետևում եմ, թե ոնց են 16 տարեկան «տղամարդիկ» վազում դաշտի կանաչի վրայով: Ռաֆոն հասավ ու… Ու էսքան վազեց, որ մի հատ քցի գետին ու կատակով փորից խփի:
-Վահե, հել, հենա պոլնի մարդ եկավ, հել, հեսա խաղում ենք: Գլուխս թեքեցի այգու կողմ: Մի 20 հոգի ավիրելով մեր «անտառը», իջնում է ցած:
-Չէ, խաղացեք, ես քնում եմ:
Սողեսող հասա ծիրանենու հովին, պառկեցի թարմ կանաչին ու աչքերս փակեցի:
Աչքերս բացվեցին: Քնել էի: Քնել էի վերմակիս մեջ փաթաթված, թեյը կողքիս: Փորձեցի թեյից մի կում: Ֆու: Վաղուց սառել է: Հա, ոչինչ: Դրա փոխարեն ներսից տաքացա: Երևի դուք էլ տաքացաք: Բա որ ասում եմ` ցրտի դեմ տաք հիշողություննե՞րն են օգնում…