
Ազատ տարածք խորագրի արխիվներ

Ուրբան

Այնուամենայնիվ գարունը գալիս է

Զարմացրու ինձ քո ՄԱՐԴ տեսակով
Դու երբեք չես զարմացնի ծնողներիդ գնած թանկարժեք հագուստով ու խաղալիքներիդ բազմազանությամբ։ Չես զարմացնի դպրոցում ծանոթ-բարեկամի կարգով բարձր գնահատականներ ստանալու ու չսովորելով ամբողջ տարին գերազանց ավարտելու համար։ Չես զարմացնի համալսարանում դասի չգալով ու գումար տալով կարմիր դիպլոմ ստանալու ու լավ սովորողի փոխարեն ծանոթի կարգով անվճար սովորելու համար։
Չես զարմացնի «կռուտոյ» ձևանալով, վերջին թվի մեքենան քշելով, դատարկաբանելով Tik Tok-ում` մազերիցդ շատ հետևորդներ հավաքելով ու վերջին այֆոնը ունենալու համար։ Չես զարմացնի շուրթերդ ու կրծքերդ մեկ տոննա սիլիկոն լցնելով ու ապրածդ ամեն վայրկյանը սոցցանցերում հրապարակելով։ Չես զարմացնի հարսանիքիդ վրա ծախսած միլիոններով, մեղրամսի, կարմիր խնձորի, խնձորի հետ եկած շնորհավորական նվերների ու ամբողջ կյանքդ կույս մնալու կամ ձևանալու համար։ Չես էլ զարմացնի փողկապ ու կոստյում հագնելով, իբրեւ թե խելացի ձևանալով ու քաղաքական հարցերի մասին դատարկաբանելով։ Չես զարմացնի մեկ-երկու տարեկան ամեն երեխայիդ ձեռքը մի թանկանոց հեռախոս տալով, բրենդային հագուստ հագցնելով ու առանց դաստիարակության թողնելով։ Ընդհանրապես չես էլ զարմացնի այդ նույն երեխաներիդ բերանը տասը մետր լեզու դնելով ու իրենց տեղը աշխատելով, գրպանները գումար դնելով, մեքենա ու տուն գնելով։ Չես հավատա, բայց երեխաներդ էլ չեն զարմացնի նման ձրիակերի պես ապրելով, թոռներդ էլ, ծոռներդ էլ։ Դե ու հարազատներդ էլ չեն զարմացնի թաղումդ ամենաթանկանոց հոգեհանգստի սրահում կազմակերպելու, ծաղկեպսակներդ Հոլանդիայից «զակազ» տալու, սև բրաբուսներով փողոցները փակելու, քեզ էլ ոսկե դագաղում դնելու համար։
Բայց այ, կզարմանաս դու, որ ամբողջ կյանքդ ուրիշներին զարմացնել փորձելուց ու ձախողվելուց հետո գնում ես աշխարհից ու հետդ ոչ մի այֆոն ու բրաբուս էլ չես տանում։ Աշխարհակալ Մակեդոնացին այս աշխարհից հեռացավ ձեռնունայն, բայց դու երևի թե գնալուց էլ մի հատ ճոխ ոսկեդագաղախառը սելֆի անես, դնես Ֆեյսբուքիդ ու ինստագրամիդ պատին, նոր գնաս։
Զարմացրու ինձ ինքդ քեզանով ամեն բանի հասնելով ու կողքիններիդ օգնելով, դիմացինիդ կյանքը չխորտակելով, ընտանիքներ չքանդելով, սրանից-նրանից չբամբասելով, կենդանիներին մի կտոր հաց տալով ու գոնե չվնասելով, շահամոլ ու քծնող չլինելով, երեխաներիդ ճիշտ դաստիարակելով, քեզանից թույլերին օգնելով ու չծաղրելով․․․
Կարճ ասած, զարմացրու ինձ քո ՄԱՐԴ ծնված ու մնացած տեսակով։

Պարզապես գարուն
Երբ այլևս արտաքին աշխարհը դուրս է իր ճերմակափայլ և սառնաշունչ սավանից, երբ գունազարդված է ավելի պայծառ, ավելի վառ երանգներով, երբ թեթև ու թավշյա օդը արագորեն ներս է թափանցում ամեն մի բաց փեղկից և ջերմացնում ու նոր շունչ հաղորդում ամենքին, հասկանում ես, որ այլևս աշխարհը մի նոր շրջափուլում է, կյանքը՝ մի նոր ճանապարհի եզրին։
Գարուն է։ Պարզ, բայց ամենից լուսեղը, հասարակ, բայց ամենից շքեղը։
Գունագե՜ղ, պայծա՜ռ, ջե՜րմ…
Կյանքն ընթանում է այնքա՜ն արագ և սփռում շուրջբոլորը իր խենթությամբ, կրակով, ծաղիկների ամենաիրական բույրով, երանգների ամենաիսկական տոնով, սիրտդ ցանկանում է դուրս թռչել, նետվել այդ անիրական վարդագույնի մեջ և ագահորեն շնչել ողջ օդը, անդադար նայել շուրջբոլորը, երազե՜լ, հիանա՜լ և վերջապես միաձուլվել բնության այդ հրաշքին։
Կյանքը վերածնվում է, նոր թափ առնում, ոգեշնչվում և ոգեշնչում։
Գեղեցիկ է, պարզապես գեղեցիկ, գեղեցիկ՝ իր բոլոր բացահայտ և թաքուն կողմերով։
Մաքուր է, ինչպես առվակները վարար, որոնք հոսում են մեր սրտից։ Լուսավոր է ու ջերմ, ինչպես արեգակն այն, որ հեռվից համեստորեն ժպտում է և կարծես մեր միտքն է արտացոլում երկնքի լազուրում։
Իրական է, ինչպես մենք՝ մեր սրտի խորքում։
Այն մենք ենք, մեր իսկ երազներում։
Գարուն է, պարզապես գարուն։

Ուղղությունը` 1233-ին կառուցված Ռուզանի բերդ
Ինձ համար յուրահատուկ արշավ էր, որովհետեւ Մոխրաթաղ գյուղի աշակերտներս էլ միացել էին։
Գանձասարը` կարգին զում արած:
Արցախում գարուն է:
Խայամն ասավ իր սիրուհուն. «Ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա՝ որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…»:
Խաչքարի վրայի մարդուկը:
Սա է վանքը: Այն, ինչ մնացել է վանքից:

Մեզ Մոնթեներ են պետք
Բացահայտում չեմ անի, եթե ասեմ, որ պատերազմից հետո սարսափելի փոխվել է կյանքը։
Ես մարդ եմ, ով մինչև պատերազմ հաճախ էր լինում Եռաբլուրում։ Պատերազմից երկու օր առաջ էլ Եռաբլուրում էի՝ իմ Մոնթեի հետ սրտոտ զրույցի։ Այո՛, հաճախ այնտեղ Մոնթեի հետ ավելի մտերմիկ զրուցելու համար եմ գնում։ Նա իմ ոգեշնչումն է, իմ ուժը, էներգիան, գաղափարախոսությունը։ Իմ գիտակցական կյանքը սկսվեց այն օրից, երբ սկսեցի ուսումնասիրել ու սիրել Մոնթեին, երբ Մոնթեով հասկացա հայ լինելս։ Ինչևէ… Երկար կխոսեմ Մոնթեի մասին, բայց հիմա ասելիքս այլ է։
Կյանքն ինձ համար փոխվեց չափազանց կտրուկ ու առանց ինձ հաշվի առնելու։ Ես կորցրի ու գտա…ինձ։ Պատերազմներ ապրեցի հոգումս։ Չգիտեմ՝ որն եմ հաղթել և որը՝ պարտվել, բայց գիտեմ, որ իմ պատերազմը ոչ մի պարագայում դեռ ավարտված չէ։
Կյանքն ինձ համար փոխվեց այնպես, որ հիմա Եռաբլուր գնալ ամեն օր եմ ուզում, բայց այլևս չեմ կարողանում։ Չի ստացվում։ Իմ հասակակիցներին, իմ ընկերներին այնտեղ տեսնել ու շարունակել ապրել… Մի տեսակ չի ստացվում։ Եթե մարդիկ կան, որ մտածում են, թե ժամանակ կանցնի, ու զգացմունքներն ու զգացումները կբթանան… Ես մտածում եմ, որ սրտով զգացածը երբեք չի մոռացվում, չի բթանում, չի՛ անցնում հոգու ցավը։ Գուցե մենք սովորենք լռել այդ մասին, բայց մի՞թե ներսի պատերազմը կլռի այդպիսով։
Պատերազմից հետո կորցրածս երբեք հետ բերել չեմ կարող, ինչպես շատերս՝ կորցրածի գինը հասկացած…
Պատերազմի մասին խոսելիս թվում է, թե այն դեռ չի ավարտվել, որ դեռ լսում ենք խուլ կրակոցներ ու մահաբեր ձայներ պատերազմի դաշտից։ Երբեք չեմ կարող մոռանալ այն օրերը, երբ միակ հույսս աղոթքն էր առ Աստված։ Հեռախոսս ձեռքիս՝ սպասում էի։ Չգիտեմ էլ՝ ինչի էի սպասում։ Վախենում էի գիտակցել, որ ստացված լուրերը կարող են անդառնալի լինել։ Անդադար ու անվերջ սպասումի օրեր էին… Եվ ցավոք, շատերիս համար այդ սպասումը դեռ ձգվում է։
Անտանելի ցավերից ու կորուստներից հետո, երբ թվում էր, թե իմ կյանքն այլևս երբեք շարունակվել չի կարող, ես մի լույս գտա՝ պատերազմից հետո ապրելու։ Որպես համեմատություն կարելի է ասել այսպես. Պատկերացրեք՝ մոլորված քայլում եք մութ անտառով, ու մեկը ձեզ լույս է բերում։ Իմ դեպքում այդ մեկը պատերազմի հերոս Ավետիսյան Տիգրանն է, ով իր կյանքից հետո «ցանկացել» է ինձ կյանքի նոր շունչ տալ։ Նրա շնորհիվ է, որ ես հավատում եմ հրաշքներին, ճակատագրին, Աստծո զորությանն ու նրա կամքի իշխանությանը։
Թվում է՝ երեկ էր, բայց արի ու տես, որ շուտով երկրորդ տարին կլրանա։ Ես մի բան եմ նկատում, որ ժամանակի զգացումը կորցրել եմ։ Եվ դա բացատրում եմ նրանով, որ չե՛մ հաշտվել մեր կորուստների հետ։ Իմ սերնդակիցներն անպայման ինձ շատ ավելի լավ կհասկանան. մանկության ընկերները, որոնց հետ ուրախ ու տխուր օրեր ես կիսել, կռվել, ժպտացել, ազգի հերոս են դառնում։ Ու դու երբեք չես հաշտվում իրողության հետ, որովհետև իրենց հիշում ես միշտ զիլ ծիծաղով ու մանկական խենթություններով։ Ես շա՜տ կուզեի միշտ այդպես հիշել իմ լույս֊ընկերներին…
Երբ ուզում եմ կամ փորձում որևէ մեկին խորհուրդ տալ, մոտիվացիա տալ, ոգեշնչել, պարզապես մաղթում եմ սիրել մեկին և սիրվել նույն այդ մեկից։ Պատերազմից հետո ես հասկացա, որ կյանքի շարժիչ ուժը, մոտիվացիան սերն է՝ հայրենիքի, ծնողների, ընտրյալի, ընտանիքի հանդեպ։ Սերը բարձրագույն ու մաքրամաքուր արժեք է։
Սերը, ինչպես և հայրենիքը, անհնար է սահմանել կամ սահմանների մեջ դնել։ Բայց բոլորս էլ ենթագիտակցորեն ունենք մեր սահմանները։ Ինձ համար սիրո ու հայրենիքի սկիզբը Եռաբլուրն է՝ Մոնթեն, որ Արարատին է նայում՝ իր հովանու տակ ապահով պահելով մեզ համար հայրենիք կերտած մյուս Տղերքին, հերոս Տղերքին։
Սերը, այո, անսահման է, իսկ հանուն հայրենիքի արված այսքան զոհողությունները դրա վառ ապացույցն են։
Ես երազում եմ հայրենիքին տալ այնպիսի որդիներ, որոնք արժանի զավակ, նվիրյալ, օրինակելի հայ ու անկոտրում հայրենասեր կլինեն, չէ՞ որ մեզ այսօր էլ Մոնթեներ պետք են՝ փրկելու հայրենիքն ու պատիվը մեր վեհ։
Բոլորիս անսահման սեր, նվիրում, հայրենասիրություն ու խելամտություն եմ մաղթում, որ մեր ձեռքերով կերտենք մեր որդիների խաղաղ, պայծառ ու ապահով ապագան։ Ի գործ…

Հիշում եմ, սիրում էիր սպիտակ մեխակներ
Գիտեմ, նեղացել ես ինձանից. ուշ-ուշ եմ շիրիմիդ այցի գալիս։ Քեզ կորցնելուց հետո ինքս ինձ ու քեզ խոսք տվեցի երկրորդ տունս դարձնել հողե ննջարանդ։ Բայց արի ու տես, որ խոստումս չեմ պահում։ Երևի թե հենց նրա համար, որ զգում եմ ներկայությունդ իմ մեջ։ Բայց դա արդարացում չէ ինձ և արդարացում չէր հեռանալուդ։ Բայց դու ի՞նչ մեղք ունեիր, և ո՞րն է մեղքը իմ` քեզ մտքումս ողջ պահելու համար։ Ես չեմ հավատում, թե մի օր կտեսնեմ քեզ, և գիտեմ, որ երբեք ինձ չես մեղադրել ոչ մի հավատք չունենալու համար։ Ես պարզապես հավատում էի, որ կտեսնես ինձ նպատակներիս հասած և կհպարտանաս ինձով, քանզի ամեն ինչ անում էի քեզ հպարտություն պարգևելու համար։ Բայց հիմա անիմաստ է ամենը առանց քո ներկայության։ Երևի թե կամաց-կամաց սկսեմ մեղադրել ինձ ամեն ինչից հիասթափվելու համար։
Անցնում են օրերը, ու ավելի եմ հեռանում քեզանից։ Տպավորություն է, թե անցյալ կյանքում եմ ունեցել քեզ. է՜հ, քեզ կորցնելուց հետո կորցրի և ինձ, վերածնվեցի մի աշխարհում, որտեղ մեկ վայրկյան ապրել անգամ չէի ցանկանա։ Բայց ապրում եմ, քանզի վախենում եմ այս կյանքն էլ կորցնել և վերածնվել նորից։ Այնպես որ, շարունակելու եմ ձևացնել, թե խաղ ու պար է կյանքն ինձ համար, որ կողքիններս մեկ րոպե անգամ չխղճան ինձ։ Դու ես դաստիարակել ինձ իբրև ուժեղ մարդ, ես իրավունք չունեմ թույլ երևալու։ Թող կարծեն, թե խենթ եմ, կամ փոքր երեխա, որը չունի ոչ մի մտածմունք ու խնդիր։ Բայց թե գան ու ասեն, որ օրերից մի օր կտեսնեմ քեզ, կդադարեմ ուժեղ ձևանալուց և չեմ զսպի ուրախության արցունքներս։ Քեզ մոտ կգամ նպատակներիս հասած ու մեծ ձեռքբերումներով, որ կրկին հպարտության փայլը տեսնեմ աչքերումդ։ Բայց ինձ փակված ու սառը աչքեր պետք չէին, հա՛յր։ Այս ճղճիմ կյանքը չխղճաց ո՛չ ինձ, և ո՛չ քեզ։ Մի հարցում է սիրտս հանգիստ, որ մայրդ չտեսավ քեզ այդպես անշարժ ու անշունչ։ Տանջված կյանք տեսած տատուս առաջին անգամ երանի տվեցի քեզ կորցնելու այդ ծանր օրերին։ Երանի եմ տալիս և իմ մեծ, բայց մեծանալ չհասցրած եղբորս և ծանր հիվանդությամբ մահացած պապուս։ Ու հիմա էլ ապրում եմ հույսով, որ այլևս ոչ մեկին երանի տալու կարիք չեմ ունենա ու միակ տունս չեմ դարձնի այդ հողե ննջարանը։ Կներես, թե խոսում եմ կոտրված ու վատը մտածող մեկի նման։ Պարզապես ինձ արդարացնելու ոչ մի պատճառ չեմ կարողանում գտնել շիրիմիդ չայցելելու համար։ Ինձ էլ հասկացիր. ամեն անգամ քեզ մոտ գալիս մեր հրաժեշտի հուշերը խեղդում են կոկորդս։
Շուտով ծննդյանդ օրն է։ Կայցելեմ շիրիմիդ սպիտակ մեխակներով։ Հիշում եմ, սիրում էիր սպիտակ մեխակներ…
Մեր ապրուստն ի՞նչ է.— մի կտոր չոր հաց…

Ամենամյա ուսանողական բիզնես մրցույթ CaseKey-ն մեկնարկել է
CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հայտերն արդեն բաց են։ Միջազգային ֆորմատով մրցույթը Հայաստանում կանցկացվի 2-րդ անգամ, այս անգամ ներգրավելով ավելի շատ շահառուների։
Մրցույթի նպատակը ուսանողներին հնարավորություն տալն է կիրառել իրենց ստացած բիզնես գիտելիքները իրական բիզնեսներին լուծումներ տալու նպատակով։ Ըստ ֆորմատի՝ 5 ամսյա կրթական ծրագրից հետո մասնակիցները թիմերի բաժանված ստանում են այդ տարվա համար նախատեսված բիզնես խնդիրը, որից հետո ունենում 72 ժամ այն լուծելու համար։
«2021-ին կայացած միջոցառումը փաստացի Հայաստանում առաջին բիզնես խնդիրների լուծման մրցույթն էր, որը ցանկանում ենք դարձնել շարունակական՝ ներգրավելով էլ ավելի շատ շահառուների։ Մրցույթից հետո նույնիկ կարողացանք հրավեր ստանալ լավագույն ուսանողական թիմի համար, որպեսզի ներկայացնի Հայաստանը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում այս տարվա մարտի 20-26-ին կայացող միջազգային մրցույթում»,- մեջբերել է միջոցառման համակազկակերպիչ Nation in Action նախաձեռնության ղեկավար Արշակ Կարապետյանը։
Անցյալ տարի մրցույթը ստացել է ավելի քան 300 անհատների և 20 թիմերի հայտեր, որոնցից ընտրվել են շուրջ 30%-ը։ Մասնակիցներն ստացան հնարավորություն հանդիպել հայկական բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ, ստեղծել գործարար կապեր և շատ դեպքերում ստանալ աշխատանքային հրավերներ։ Հաղթող թիմը նաև ստացավ 3000 ԱՄՆ դոլար մրցանակ, որը կարող է ուղղվել կրթական միջոցառումներին մասնակցելուն։
2022թ-ի CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հայտերն արդեն բաց են։ Մրցույթին կարող են դիմել 17-25 տարեկան դպրոցականները, ուսանողները և նորավարտները՝ ինչպես անհատական, այնպես էլ թիմերով։ Դիմումների ընդունման ավարտից հետո մասնակիցները կբաժանվեն թիմերի և նրանց կկցվեն քոուչեր, ովքեր պարբերաբար կրթական հանդիպումներ կունենան մասնակիցների հետ, որպեսզի պատրաստեն նրանց իրական խնդրի լուծմանը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը Մարտի 27-ն է, դիմումները հասանելի են այստեղ՝ https://nationinaction.com/bcc2022-apply-as-a-participant/: