
Ազատ տարածք խորագրի արխիվներ


Պատերազմից հետո
«Երբեք չէի պատկերացնի, որ պատրաստ կլինեմ կյանքս տալ հանուն ինչ-որ բանի, կամ ինչ-որ մեկի». Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Վարուժ Ավդալյան
Պատերազմ տեսած տղաները երբեք չեն լինի այն, ինչ դրանից առաջ էին․ նրանք արդեն գիտեն՝ ինչ է պայքարն ու խաղաղությունը, գիտեն՝ ինչ գին ունի կյանքն, ու ինչպես պետք է արժեվորել յուրաքանչյուր վայրկյանը։
Մեր զրուցակիցը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից՝ Վարուժ Ավդալյանն է։
- Ինչքա՞ն ժամանակ է, ինչ ծառայում եք, և ինչպիսի՞ն էր այդ ընթացքը։
- Արդեն 14 ամիս է, ինչ ծառայում եմ, ինչ խոսք, դժվար էր այդ ընթացքը, բայց միևնույն ժամանակ, լի՝ հետաքրքիր ու արտասովոր իրադարձություններով։
- Նախքան ծառայության մեկնելը ի՞նչ էիք մտածում, ի՞նչ կփոխվեր Ձեր մեջ, և արդյո՞ք այդպես էլ եղավ։
- Անկեղծ ասած, մինչ բանակ գալս այդ մասին չեմ մտածել, բայց հիմա վստահ կարող եմ ասել, որ բանակը ոչ միայն ֆիզիկապես է կոփում տղային, այլ նաև մեծ ազդեցություն ունի մտավոր հասունացման վրա։
- Կպատմե՞ք՝ ինչպե՞ս իմացաք պատերազմի սկսվելու մասին, ու ինչպե՞ս արձագանքեցիք։
- Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացանք հրետակոծության ձայնից։ Երբ արդեն հասկացա, որ պատերազմ է, մտածում էի՝ առանց որևէ բան թողնելու այս կյանքում, պիտի մահանամ (Ժպտում է)։
- Պատերազմից հետո, այնուամենայնիվ, ինչ-որ բաներ փոխված կլինեն Ձեզ մոտ, կխոսե՞ք այդ մասին։
- Միանշանակ շատ բան է փոխվել։ Ամենադժվար շրջանն էր կյանքիս, բայց սովորեցի գնահատել կյանքը, ինձ շրջապատող մարդկանց ու երևույթները։
- Պատերազմն ինքնին սարսափելի երևույթ է, բայց ամենավատ հիշողությունը, որ երբեք չեք մոռանա, ո՞րն էր։
- Չեմ կարծում, որ աչքերիդ առջև հարազատ մարդու կորստից առավել սարսափելի բան կարող է լինել։
- Ինչի՞ կամ ու՞մ մասին էիք մտածում այդ օրերին։
- Ինչքան էլ արտասովոր թվա, ես այդ ընթացքում մտածում էի զինակից ընկերներիս ու մեր կարգավիճակում գտնվող բոլորի մասին։
- Ընկերներիդ, ծանոթներիդ վերաբերմունքը փոխվե՞լ է պատերազմից հետո։
- Այո։ Դարձել են ավելի ուշադիր ու հետևողական։

Կյանքից ավելի թա՞նկ
Միլիարդավոր մարդիկ այցելել են այս կյանքն ու գնացել՝ հանգիստ փակելով դուռն իրենց հետևից։
Ապրել են, զգացել են, սիրել են, ինչպես մենք։
Բոլորը՝ առաջինից մինչև վերջինը, վերացել են։
Եթե յուրաքանչյուր մարդ այս երկրում հասկանա դա, ժամանակ կունենայի՞նք հիմարությունների, չսիրելի աշխատանքի, ատելության, ագահության, տրտմության, անհավատ լինելու, ծուլության, ցինիզմի, թուլության, արհամարհանքի։
Կծախսեի՞նք մենք մեր թանկագին ամիսները կյանքի՝ ուրիշների կյանքերին խառնվելով ու խանգարելով։
Կվախենայի՞նք այն մտքից, ինչ է մտածում ամբոխը մեր մասին։
Օգտագործենք մեզ տրված ժամանակն առավել քան ճիշտ, ու օգտակար դարձնենք և’ մեզ համար, և’ նրանց, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն։

Ուղեկիցները 2

Նռնենին
90-ականներն էր: Արցախյան առաջին պատերազմը նոր էր ավարտվել, զինադադար էր։ Լոռու մարզի սրտում ապրող մի երիտասարդ, 18 տարին գլորելով, զորակոչվեց բանակ։ Ծնողները շատ անհանգիստ էին. սահմանին պայթյունավտանգ իրավիճակ էր։ Զորակոչվեց Արցախ, ունեցավ դաժան օրեր, չվերջացող մայրամուտներ և կարմիր լուսաբացներ։ Խաղաղ ժամանակ րոպեն՝ ակնթարթ, իսկ խրամատում դար էր թվում։ Կյանքը կարծես կանգ էր առել։ Բանակում նա ընկերներ ձեռք բերեց, որոնցից շատերի հետ երկար տարիներ շարունակվեցին խոսակցությունները հին օրերի դժվարությունների, կորցրած ընկերների և բանակային կյանքի մասին։
Անցան տարիներ, նրանք հասակ առան, կազմեցին իրենց ընտանիքները։ Երիտասարդը երկու դուստր ունեցավ, որոնցից մեկն էլ ես եմ։
Երեսուն տարի անց նորից լսվեց պատերազմի ձայնը, անհանգստությունն ու տագնապը պարուրել էին ժողովրդիս, խուճապ էր տիրել երկրումս։ Հորս բանակային ամենամոտ ընկերը պատերազմի կիզակետում էր։ Ապրում էր Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, որտեղից կարողացավ իր ընտանիքին տեղափոխել ապահով վայր։ Նրանց հյուրընկալեցինք մեր տանը։ Մինչև հիմա աչքերիս առաջ մեր ջերմ գրկախառնություններն են. կարծես հազար տարի էր, ինչ միմյանց ճանաչում էինք, այնինչ դա առաջին հանդիպումն էր։ Հիշում եմ երեխաների վախեցած հայացքները, ծեր կնոջ օրհնանքն ու աղոթքը, տղամարդու թախծոտ աչքերը, հույսը հաղթանակի նկատմամբ։ Ասում էր. «Մեր շենը մի դրախտ ա, ամեն քար ու խոտ ուրան նշանակությունը օնե։ Գյումք, նոռնը հսածա իլալ արդեն, մչա էլ շատ ա իլալ, մեր բուստանումն էլ կա ծառեր, կռեվը պրծնե, ծեզ Արցախի նոռնան պիրլանըմ»։
Պատերազմն ավարտվեց, հույսը մարեց, վերջին մխիթարանքը կորավ, սարսափելի իրավիճակ տիրեց ամբողջ երկրում, նամանավանդ Արցախում։ Այն, ինչ կատարվեց այդ 44 օրվա ընթացքում, երազ էր թվում, կամ էլ սարսափ ժանրի ֆիլմ էր հիշեցնում։
Վերջերս նորից հյուրընկալեցինք արդեն հարազատ դարձած ընտանիքին։ Թանկ նվեր ունեինք՝ նռան տնկի, Արցախի նռան տնկի։ Տարանք տնկեցինք մեր այգու ամենատաքուկ անկյունում։ Եվ այդ օրվանից մեր նռնենին դարձավ իմ ամենասիրելի ծառը, որովհետև այն Արցախից էր, հարազատ ու սուրբ Արցախից, որի համար իր կյանքը զոհեց նաև իմ եղբայրը։

Եվ ոչինչ էլ նույնը չէ
Պատմությունը կրկնվեց. իսկ աշխարհը, աշխարհը լռեց կրկին, լռեց իրեն բնորոշ յուրահատուկ ձևով, արդյունքում` մնացին միայն մեզ ապրել պարտավորեցնող հազարավոր անավարտ ճակատագրեր։ Դժոխային այս իրականությունից ենթագիտակցորեն խույս տալով, մտքերիս փոթորկոտ ծովում լողում եմ դեպի պատրանքների մեջ անցկացրածս կյանքի այն հատվածը, որտեղ «խաղաղություն» բառը ցանկություններիս վերջին ցուցակում էր, կյանք, որտեղ հերոսները միայն կինոներում էին, այնինչ իրական կյանքում այնքան հերոսներով էինք շրջապատված, որոնց պատերազմը խլեց, տարավ անվերադարձ, ինչպես ոռնացող ուժգին փոթորիկը արմատախիլ կաներ նորաբողբոջ այն ծաղիկին, որը դեռ փթթելու այնքան ցանկություն ուներ։
Ասում են՝ իմացյալ մահը անմահություն է, բայց, գրողը տանի, մեզ այդքան անմահներ պետք չէին… Մեզ, այսքան ցավից խելագարված, արյունի ծարավ վիրժառուներ պետք չէին: Եվ ոչինչ էլ նույնը չէ, բակում անվերջ վազվզող Չալոն կարծես երբեք չհանձնվելու նպատակով անվերջ փնտրում է իր տիրոջը, իսկ կարոտով որդուն սպասող ժպտուն դեմքով այդ կնոջ զվարթ աչքերը այժմ երկար տառապելուց հետո ցավից թորշոմած և կնճռոտված նայում են երկնքին, գուցե երկնային արդարություն ակնկալելու սպասումով…
Սա վատագույններից վերջինն էր, որ կարող էր պատահել: Սա պատմության ապտակն էր կրկին ու կրկին անգամ, սա մի նոր պայքարի սկիզբն է, և սա չավարտաված պատերազմ է։
Դեսից դենից

Ջերմ աշուն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելիս, այցելեք նաև «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատուն, Ռուբեն Սևակի անվան թանգարան և Մկրտարան:
Գանձատանը պահպանվում են ինչպես Հայ Առաքելական Եկեղեցու, այնպես էլ համաքրիստոնեական նշանակության սրբություններ, սրբերի մասունքներ, տարբեր դարերի հայ կաթողիկոսների հանդերձանքներ, խաչվառներ, ծաղկած մագաղաթներ և այլ հոգևոր գանձեր։

Պապիս չորս դասերը
Ինձ թվում է` ես ծնվել եմ երբեմնի ամենաաշխատասեր ընտանիքում: Իմ բոլոր հիշողություններում, կապված տատիս ու պապիս հետ, իրենք նստած չէին, պապս միշտ մի բան ձեռքին գործ էր անում, տատս էլ հա վազքի մեջ, մի բան տանում, երկու բան բերում: Էս մարդկանց կյանքը ոչ մի բանից` մի բան ստանալու կռիվ էր:
Գյուղ, տղա ու տունուտեղ կորցրած մարդիկ տուն էին ստեղծում սկզբունքային համառությամբ: Էդ համառությունը իրենց ապրելակերպում էր:
Կարգուկանոն
Պապիս քնած մենակ Աստված ա տեսել, դե, մեկ էլ Ամայը օրորոցում, մեկ էլ մենք` վերջին անգամ։ Եթե ես արթնանայի նույնիսկ վեցին, իրենք նախաճաշել էին արդեն, կենդանիներին կերակրել ու սուրճ խմել:
Կարգուկանոնը պապիս դարակի մեծից փոքր շարած գործիքների մեջ էր, հագուստի կոկիկության ու կոշիկների, որ դարակ չուներ, բայց պատի հետ պիտի պարտադիր 90 աստիճանի անկյուն կազմեր:
Քնելու ժամ, արթնանալու ժամ, ուտելու ժամ, խաղալու ժամ ու, ամենակարևորը, տուն գալու ժամ: Այ, էս ժամը պետք չէր խախտել: Էս կարմիրով գրած ժամ էր, (արևի մայր մտնելու հետ), որից ուշ տուն մտնելուց սկսում էր տատի ու պապի կռիվը:
- Արոզ, րախեքը տա՞նն են:
- Տյառ չէ:
-էս ժամին մարդ ուրիշի տռանը կլի՞:
Գողեգող մտնում էինք տուն, նախանձելով դրսում մինչև 12-ը խաղացող երեխեքին ու հուսալով, որ բարկության առաջին հարվածը տատը արդեն վերցրել ա իր վրա:
«Բա մի տանը անտեղյակ կըլե՞ն իրարից, բա չգիդա՞ն` ով վերդե ա, երբ դի կյա տուն»:
Դաս՝ «Կարգուկանոնը համակեցության հիմքն ա» (Ինքն, իհարկե, սենց չէր ասում, թող ների վերաձևակերպման համար):
Պատասխանատվություն
Մեզ շատ բան չի, որ կարող էին խոստանալ, բայց եթե մի բան ասել էին, կասկածել պետք չէր: Եթե տատը նույնիսկ ասում էր` «կարող ա», մեկ ա, դա էլի հաստատ էր, մեր ոգևորության առաջ պատասխանատու էին:
Դե, էլ չեմ խոսում, թե ինչքան պատասխանատու էին շրջապատի, պարտատիրոջ, գոմում կապած կենդանիների առաջ, որոնց պապս պայմանականորեն անվանում էր «անլեզու հայվան»։
Մենք ողջ ընտանիքով չէինք գնում որևէ տեղ հյուր, մեկի ծննդին կամ հարսանիքին: Մեկը գոնե պիտի մնար տանը, քանի որ մեր «անլեզու հայվանները» չեն կարող տեղյակ պահել, որ սոված են, իրենց պետք էր կերակրել, ջուր տալ խոստացված ժամից ոչ ավել, քան մեկ րոպե ուշ: Իդեպ, պապս «անլեզու հայվան» էր անվանում նաև մեր կրիային, ում մենք սիրում էինք և մոռանում կերակրել:
Ինքը մի երկու տարի կերակրեց, իսկ մի օր եկանք տուն, պարզվեց բաց ա թողել գետում:
Դաս` «Սերը պատասխանատվության ա»
(Իհարկե, էսպես էլ չէր ասում, բայց հաստատ սա նկատի ուներ):
Աշխատասիրություն
Հիշում եմ, հաճախ էր ձեռք առնում մեր հարևաններից մեկին, ով կլիներ 40 տարեկան ու չէր աշխատում: Ասում էր` «Բա տյա իսա՞ն ա, էտքան րեխեն իրա իրեսին ա եշում, տանը նստել ա, ասում ա` գործ չկա»:
Պապս ինձ համար հեղինակություն էր, եթե ասել ա` առողջ երիտասարդի չաշխատելը ամոթ ա, ուրեմն տենց էլ կար: Տենց ես եկա Երևան ու սկսեցի փողոցի մուրացկաններին անկախ ինձնից դասակարգել ըստ տարիքի ու առողջության, հետո նոր ձեռքս տանել դրամապանակին:
Ամառվա շոգին, ձմեռվա ցրտին, դաշտում, գոմում, բակում էս մարդիկ աշխատում էին: Մի օր լսեցի` ոնց ա պապը տատին ասում. «Րախեն հարևանի ծեռի տոպրակի եննա չպիտի եշի»։
Դաս՝ «Ով չաշխատի, կնայի հարևանի ձեռքի տոպրակին» (էս մեկը համարյա ուղիղ թարգմանություն էր):
Բարություն
«Մայիսը մեծի հետ մեծ ա, փոքրի հետ` փոքր, սաղ սիրում են»։ Ես ոգևորությամբ թաղի երեխեքին ասում էի հարևանից լսածս, թե գիտեք` պապիկս մեծի հետ մեծ ա, փոքրի հետ փոքր, գիտեի, թե ինչ-որ սուպերկարողություն ա։
Էդպես մանկության ամենալավ ընկերս, ամենալուսավոր հիշողությունս ինքն էր։ Հաց ուտելիս նստել կողքը, էդ օրվա ձեռքբերումն էր, դե 8 հոգու մեջ ամեն անգամ չէր հաջողվում շահել էդ տեղը։
Մինչև վերջին գարունն էլ ծառ էր տնկում, մեզ սովորեցնում ծառ պատվաստել։
Մայիս պապս արդեն 11 տարի չկա, ու երևի վերջին դասը հենց իր գնալու ձևն ու տնկած ծառերն էին: Ոգևորությամբ տնկում էր ծառեր, որոնցից ոչ մեկի համը չէր տեսնելու:
Դաս ՝ Չ«Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»: