
Ազատ տարածք խորագրի արխիվներ

Տավուշ

Հունիսի 1-ը «Զանգակ»-ում
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Զանգակ» գրատան գրքերը բացի հիմնական մասնաճյուղերից առկա են եղել Կենդանաբանական այգում, Օպերայում, Cityzen-ում, Հաղթանակի զբոսայգում, Խաչքարերի պուրակում:
Խաչքարերի պուրակում վաճառքի գումարի 20%-ը փոխանցվելու է վիրավոր զինծառայողների բուժմանը:
Բացի այս միջոցառումից հունիսի 1-ին «Տարբեր ակումբի» հերթական հանդիպումն է կայացել: «Տարբեր» ակումբը գրքի ակումբ է փոքրիկ ընթերցողների համար, որի շրջանակներում հետաքրքիր մանկական գրքեր են քննարկվում:
«Զանգակ« գրատանը առկա են շատ գեղեցիկ, գրավիչ և հետաքրքիր գրքեր, որոնց միջոցով երեխաները կարող են ավելի մոտ լինել գրականությանը: Մենք միշտ կազմակերպել և պարբերաբար կազմակերպում ենք բազմաթիվ միջոցառումներ հենց փոքրիկների համար: Մեր նպատակն է` երեխաների մեջ դեպի ընթերցանությունը սեր և հետաքրքրություն առաջացնել: Որոշակի դադարից հետո «Տարբեր ակումբը» ավելի ակտիվ է իր գործունեությունը ծավալելու՝ համախմբելով ավելի շատ երեխաների և դարձնելով նրանց իսկական ընթերցողներ,- նշեց «Զանգակ» գրատան հանրային կապերի պատասխանատու Աստղիկ Օհանյանը:
Նախորդ տարիներին «Զանգակ» գրատունը կազմակերպել է միջոցառումներ հենց իր ցանցում և համախմբել է երեխաներին գրատան ներսում:

Անլռելի զանգակատուն. Սարդարապատ

Ես եմ քարերիդ, վեհ բարձունքներիդ հավերժ երգիչը
«Ժամանակը բուժում է վերքերը…»,- այս խոսքերն իմ հույսի կաթիլներն են, բայց երբեմն էլ կասկածանքի հատիկների են վերածվում։ Նրանք, ովքեր Արցախում եղել են մեկ անգամ կամ չեն եղել, պարզապես սգացին ազգային ցավը, այժմ նրանց կյանքում մի բան է փոխվել` Արցախի մասին խոսելիս, ժամանակաձևը անցյալ են դարձնում… Իսկ ես ու ինձ նման շատերը մեր երջանիկ օրերն ենք անցյալի վերածում։ Գիտե՞ք՝ այսօր լրանում է 240-րդ օրը, ինչ ես ինձ անհայրենիք եմ կոչում: Այո, ես հաշվում եմ օրերը, ու ամեն նոր օրվա հետ ցավս խորանում է։ Պատկերացնում եք, չէ՞, 240 գիշեր է արդեն, ինչ մայրը որդուն է սպասում, ինչ երիտասարդ աղջիկն իր սիրելիի հայացքին է կարոտ, նկարներով է մեղմում կատաղի ցավը, ինչ հարյուրավոր մարդիկ խաղաղություն են տենչում, ինչ Արցախն իր քաջ եղբայրներին է սպասում, իսկ Բերձորս` ինձ։
Ա~խ, եթե Բերձորս միայն ինձ սպասե~ր, ես կգնայի ու վերջ կդնեի անսանձ ցավերին: Բայց չէ՞ որ նա միայն ինձ չի կարոտել, երևի ես իրավունք չունեմ գնալ հայրենիք, երևի հայրենիքս ինձ չների, ես մեղավոր եմ, որ այս օրը՝ մայիսի 18-ին, քաղաքիս ազատագրման օրը, մենակ եմ թողել անհաղթ Բերձորիս։ Հիշում եմ, այս օրը ժամանակս ինձ ոչինչ չէր թողնում անել. ես չպետք է գրեի այս տողերը, այլ պետք է կանգնեի Արցախյան գոյամարտում մարտիրոսված քաջորդիներին նվիրված հուշահամալիրի կենտրոնում ու հնչեցնեի ինձ հանձնարարված գեղեցիկ խոսքերը։ Իսկ արդեն երեկոյան մեր բոլորի կողմից սիրված Վեհափառի հրապարակում պետք է զբոսնեի ընկերներիս հետ, պետք է կանգնեի ժողովրդի հետ ու գոռայի այս խորիմաստ տողերը․ «Հը-զոր Քաշաթաղ»։ Ուզում եմ սրտիս խոսքն ուղղել Բերձորիս, որպես ներողություն իրեն այս օրով մենակ թողնելու համար.
-Այո’, այսօր ես քեզնից շա~տ հեռու եմ տոնելու օրդ, բայց իմ տողերը թող նվեր լինեն քեզ, քո ժայռերին, քո քարերին, թող նվեր լինեն իմ բարի հիշողություններին։ Ցավում եմ, որ միայն սիրտս ու հոգիս են այդտեղ` քո գրկում, որ ուրիշ քաղաքների նման քո մասին հոգ տանողները շատ չեն, ցավում է ամբողջ սիրտս։ Վստահ եմ՝ դեռ կգամ քեզ մոտ` հուսալով՝ ինձ կներես, ինձ կհասկանաս, որ ինձ կսպասես։ Ու չփորձես, Բերձո’ր, չփորձես հանկարծ քեզ համար նոր պատանի փնտրել, ես եմ քո սրտում, ես եմ քարերիդ, վեհ բարձունքներիդ հավերժ երգիչը… Պարզապես հիշենք՝ ոչ բոլոր վերքերն ունեն բուժվելու հատկություն, այդ մենք ենք մեզ ստիպում մոռանալ մեզ խանգարող սպիների մասին։

Իմ կյանքի միակ առեղծվածը իմ ձեռագիրն է
Ժամանակակից հայ գրականությունը հանրաճանաչության խնդիր ունի։ Շատ ժամանակակից հայ գրողներ ապրում և ստեղծագործում են մեր կողքին, ներկայացնում մերօրյա կյանքը տարբեր տեսանկյուններից, սակայն նրանց քչերը գիտեն։ Ժամանակակից գրականության մի մասնիկն է Սյուզաննա Նավասարդյանը, ում համար դժվար է բառերի ու մտքերի ճիշտ ընտրությունը, քանի որ ուզում է ընթերցողների հետ անմիջական կապը պահպանել, իր խոհերի ու ծայրահեղությունների մասին նրա խոսքը հնչում է որպես անկեղծ խոստովանանք.
«Նախ մի բան պիտի ասեմ՝ ես սովորական մարդ եմ, որի զգացածն ու մտացածը, սակայն, անսովոր են շատ հաճախ։ Ես սովորական մարդ եմ, ում երբեմն այնպիսի անսովոր հայացքով են նայում, որ ինքը սկսում է մտածել՝ որևէ առեղծված է թաքցնում բոլորից։ Բայց…ոչ։ Ի սեր Աստծո, ես ոչինչ չեմ թաքցնում։ Իմ կյանքի միակ առեղծվածը (որի հետ անդադար հարց ու պատասխանի մեջ եմ) իմ «ձեռագիրն է»։ Աստված ինձ տողեր է ուղարկում։ Առաջին անգամ սա զգացի, երբ մի գիշեր արթնացա խորը քնից ու սկսեցի թուղթ ու գրիչ փնտրել մթության մեջ։ Աստվածատուր տողերը չի կարելի կորցնել։ Ու ես սկսեցի շնորհակալ լինել Բարձրյալին, որ ինձ սիրել է այնքան, որ… կարողանում եմ գրել։ Ընթերցողի հետ ունեցած կապը իմ հերոսի համար բարձրագույն գնահատանք է, լավին ու բարձրին ձգտելու անբեկելի տենչը»։
Կյանքին սթափ հայացքով նայող Սյուզաննան ոգևորվում է, երբ իրեն արձագանքում են, երբ ասում են, որ լավ է գրում, բայց նա իրեն գրող չի համարում, որը բացատրեց, թե ինչու։
«Ես խենթանում եմ, երբ կարողանում եմ իմ բառերով շատերի սրտից խոսել ու շատերի սրտին դիպչել։ Գերբնական սիրուն պահ է, երբ ընթերցողն ինքն է որոշում գրել քեզ, կապվել հետդ, պատմել իր զգացածն ու ապրածը։ Պիտի խոստովանեմ, որ բոլորին հիշում եմ, որովհետև խորը տպավորվում են մեջս։ Հետո իրենք արդեն իրե՛նց են գտնում իմ տողերում։ Բարձրագույն գնահատանքն է, որին արժանացել եմ երբևէ՝ ընթերցողի սերն է։ Սակայն երբեք ինձ գրող չեմ համարել, թեպետ միշտ թաքուն լավ եմ զգացել ինձ, երբ հիշել եմ մերոնց պատմածը՝ ատամհատիկիս արարողությանը գրիչն եմ ընտրել։ Երևի թե ամեն ինչ հենց այդտեղից սկսվեց և իհարկե՝ հայրիկի մասին դպրոցական շարադրությունից, որը կարդալիս արցունքներս հաղթեցին ինձ։ Երբեք ինձ գրող չհամարելուս պատճառն իմ քսան տարիներն են, որովհետև ես Պետրոս Դուրյանը չեմ և ոչ էլ Մեծարենցը (իմ ամենասիրելի գրողներն են), որ քսան տարեկանում կարողանամ հանճար ցույց տալ ընթերցողին։ Հետո… Կարծում եմ՝ գրող պիտի կարգվել, և կարգողը ոչ այլ ոք է, քան ընթերցողը։ Մի շարք բարդույթներ հաղթահարելով՝ մի օր որոշեցի մի փոքրիկ գրվածք ընթերցողի դատին ներկայացնել։ Սակավամարդ լսարան ունենալն այնքանով է լավ, որ չես խճճվում տարակարծությունների մեջ։ Ստորև թողնում եմ այն տողերը, որոնք ձեզանից շատերին գուցե ծանոթ են․․․»
… Ուզում եմ աշուն,
Անձրև եմ ուզում,
Ուզում եմ աշնան շունչ,
Զգալ, թե ինչպես է քամին գրկում,
Մոռացված մի պատմություն երգում։
Ու լալիս է աշունն իմ մեջ
Ու թրջում է աչքերս անվերջ,
Աշունն ապրում է իմ մեջ։
Ա՜խ, այդ երգը հին օրերի
Ինձ դարձրել է աշնան գերի…
Սյուզաննան նշեց, որ բանաստեղծությունը շուտով չորս տարեկան կդառնա։ Առաջինն է, որ խենթ տրամադրության մեջ հրապարակել է և չի փոշմանել, որովհետև նրան ասել են, որ տաղանդավոր է։ Մինչև այժմ Սյուզաննան խուսափել է իրեն բնութագրելուց, բայց շատ է սիրում այն պահը, երբ իր գրածները կարողանում է սիրել ու կարդալ։
Գեղեցիկ պատկերամտածողության հետ միասին, կա նաև ընդվզում, երբեմն՝ ցավ, դժվարություններ, որը ըստ Սյուզաննայի, չի ընկճում իրեն, այլ հակառակը՝ ապրեցնում է, զորացնում։ Բռնկուն բնավորությունը, անհամբերությունը ու անպատասխան ինչուները շատ են խանգարում իմ հերոսին, որոնց մասին խոսելիս նրա խոսքը հնչում է որպես խոստովանանք.
«Բռնկուն բնավորությունն ու անհամբերությունը հաճախ ստիպում են ուղղակի ջնջել կամ այրել այն տողերը, որոնցում մի ստորակետ չեմ դրել։ Այո՛, ծայրահեղությունից ծայրահեղություն են ձգվում իմ ծայրահեղությունները։ Հիմա չափածոների մեջ կետադրություն չեմ անում, որովհետև ուզում եմ՝ ավելի՜ ազատ լինեն, թռչե՜ն, ընթերցողի աչքերից դեպի սիրտ գնան։ Ես միշտ խոսում եմ հետս։ Սա մենակ չմնալու կամ մարդկանց մեջ չգժվելու համար շատ լավ հնարք է։ Ես միշտ հարցեր եմ տալիս ինձ։ Սա ինքնաճանաչման ու ներքին անդորրության հասնելու իմ տարբերակն է։ Իմ ամենամեծ հարցը` ինձ, կյանքին, աշխարհին, Բարձրյալին ու քեզ՝ ինչու՞… Սկզբում պատասխաններ էի փնտրում։ Հետո հասկացա, որ այս ինչուները մեր կյանքն են կազմում, այս ինչուները մեր ապրածի բաղկացուցիչ մասն են ու եթե չլինեն, առաջ շարժվելու, պրպտելու, նոր բան գտնելու ու ճանաչելու ցանկություն չի լինի։ Այդ անպատասխան ինչուները մի օր պատմություն են դառնում։ Հին գզրոցից մի օր կհանենք մեր ինչուները, կսրբենք ժամանակի փոշին ու ծերացած մատներով, հուշացած տեսիլքներով, ուշացած ժպիտներով կթերթենք մեր պատմությունը։ Ես շատ պիտի ուզեի, որ մեր հարցերը պատասխան գտնեին առանց որևէ լուրջ առճակատման կյանքի հետ։ Եվ ես դա վստահաբար կուզեի, եթե մի օր ուժասպառ ստիպված չլինեի ընդունել, որ կյանքն ինքնին առճակատում է (կռիվ, պատերազմ, պայքար, անվանեք ինքներդ)։ Ես կերտում եմ մի «ինչու»-ի պատմություն, որը գուցե պատասխանի նաև քո՛ ինչուներին, սիրելի՛ բարեկամ։ Պիտի խոստովանեմ, որ եթե կարդում ես այս տողերը, ուրեմն կարդում ես ինձ, որովհետև․․․ Տողերիս մեջ բացարձակ անկեղծություն է (ինչպես արդեն գիտեք՝ աստվածատուր են)։
Երբ ես աշխարհ եկա՝ հետս մի մեծ տրցակ «ինչու» բերեցի։ Հետո վերցրի հարցերս, հույզերս, հայացքներս ու ստեղծեցի աշխարհս այնպես, որ հնարավորություն ունենամ ձեր աշխարհին նայել ի՛մ աչքերով։ Անհրաժեշտություն եղավ ոչինչ աչքաթող չանել ու վրիպակներ թույլ չտալ, և ես համբուրեցի Բարձրյալի՝ իմ սիրտն ամուր պահող ձեռքերը։ Երբ ինձ գտա Աստծո մեջ, երևացի նաև աշխարհի երեսին։ Երբ Աստծուն գտա իմ մեջ, աշխարհը երևաց իմ երեսին։ Ու այսօր ես գրում եմ այն, ինչ թելադրում է Աստված, լսում է սիրտս ու փոխանցում միտքս։ Ես միջնորդ եմ Աստծո, սրտիս ու մտքիս միջև»:
Որպես սրտի աղոթք
Հողմավար հոգիս թող քոնը լինի,
Մոլորված միտքս քեզ թող լսի։
Ճիշտ ուղին կյանքի,
Սխալն իմ վարքի,
Սուրն իմ մտքի
Ցույց տուր ինձ հիմա…
Սյուզին 20 տարեկան է, սովորում էր Բրյուսովի պետական համալսարանի՝ թարգմանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի գերմաներեն միջմշակութային հաղորդակցության բաժնում, բայց տուրիզմի հանդեպ ավելի մեծ հետաքրքրություն ունենալու պատճառով՝ փոխեց ֆակուլտետը։ Մոտ ժամանակներս իր գրվածքները մի գրքով կտպագրի, որն էլ կներկայացնի իր սիրելի ընթերցողի դատին։

Հոգեգալստյան կիրակի

Ապրում ենք, բայց կիսամարդ դարձած
Պատերազմից անցել են ամիսներ: Ամիսներ, որոնք փոխեցին հայ ժողովրդի ամբողջ կյանքը: Պատերազմի օրերին մեր միակ հույսը դա աղոթելն էր: Մենք ամեն վայրկյան, ամեն րոպե աղոթում էինք մեր քաջ հերոսների համար։ Ակամայից հիշեցի սեպտեմբերի 27-ի առավոտը, երբ դեռ անկողնուս մեջ էի, լսվում էր հեռուստացույցի բարձր ձայնը, հասկանում էի, որ մի բան այն չէ, և արագ անկողնուցս դուրս թռա՝ իմանալու, թե ինչ է եղել և, տեսնելով ընտանիքիս անդամների թաց աչքերը, սկսեցի հուզված հարցնել.
-Մամ, ի՞նչ է պատահել։
Մայրս ասաց, որ պատերազմ է. Այդ բառից հետո փոխվեց իմ կյանքը։ 44 օր հեռուստացույցի առաջ գամված՝ լսում էինք լուրերը՝ վայր չդնելով հեռախոսը, սպասում էինք մեր զինվորի զանգին գոնե 1 վայրկյանով: Արցունքները աչքերիս կարդում էինք այդ անիծված ցուցակի անունները։
Այդ օրվանից անցան ամիսներ: Ապրում ենք, բայց կիսամարդ դարձած ապրում ենք սևազգեստ մայրերի հետ։ Ճիշտ է, ես սահմանին չունեի եղբայր, չնայած որ բոլորը իմ եղբայրներն են, սակայն երբ կանգնած է սահմանին քո արյունակիցը, դա լրիվ ուրիշ մի ցավ է։
Ամիսներ առաջ բանակ ճանապարհեցինք իմ եղբորը (հորաքրոջս տղային): Ճանապարհում էինք հուզված, թաց աչքերով, հայրենասիրական ոգով: Հիմա, երբ Սյունիքում լարված իրավիճակ է, և եղբայրս կանգնած է Սյունիքի սահմանին, նոր եմ հասկանում, թե ինչ է սահմանին եղբայր ունենալը։
Ես միայն մի բան գիտեմ, որ մի օր մեր երկիրը կրկին դառնալու է «ծովից ծով Հայաստան», և այս պատերազմները էլ երբեք չեն լինի, ու հայ մանկիկը, հայ մայրը, քույրը և ամբողջ հայ ազգը ապրելու է խաղաղ երկնքի տակ։
Ապրում ենք, բայց կիսամարդ դարձած։
Արարման հետքերը

Հզորանալու խոհեր
Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ դպրոցներում առավելությունը կտրվի գնահատականին, այլ ոչ գիտելիքին։
Քանի դեռ առանձնահատկություններ ունեցող երեխաներին կառանձնացնենք բոլորից ու կմտածենք, որ մենք իրենցից ինչ-որ բանով առավել ենք։
Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ ուսանողները համալսարան կգան` «ինձ մենակ դիպլոմն ա պետք, ուրիշ ոչ մի բան» արտահայտությամբ, ու 4-5 տարի հետո, դիպլոմը ձեռքներին կբողոքեն, որ էս երկրում իրենց համար ոչ մի գործ չկա։ Ու քանի դեռ դիպլոմը, աղջիկների համար ուղղակի օժիտի ոսկե քարտ կլինի։
Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ նույն համալսարանում լավ սովորող ուսանողը միայն վարձի պատճառով կիսատ կթողնի ուսումը, իրեն կհեռացնեն համալսարանից, իսկ իր տեղում կսովորի մեկը, ով անգամ իր մասնագիտության անունը ճիշտ գրել չի կարողանա։
Մենք հզոր երկիր չենք դառնա, քանի դեռ ընտրություններին կմասնակցենք` «ա, դե մեկ ա, ում էլ ընտրեմ` նույն բանն ա լինելու» սկզբունքով, իսկ հետո կբողոքի, որ ոչինչ չի փոխվել մեր երկրում, ու կմտածի արտագաղթելու մասին։
Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ կամավորությամբ զբաղվելը հասարակության շրջանում կասոցացվի «ձրի պախատ» լինելու հետ։
Մենք հզոր պետություն չենք դառնա, քանի դեռ խտրականություն կդնենք գյուղացու ու քաղաքացու միջև, ամեն բան կուղղենք քաղաքներին, կհզորացնենք, կզարգացնենք, իսկ շատ մեծ ներուժ ունեցող գյուղերին, ու գյուղում ապրողներին կանտեսենք։
Մենք հզոր պետություն չենք դառնա, քանի դեռ որոշների մոտ հայրենասիրությունը կսկսվի ու կավարտվի ճոխ սեղանի շուրջ հայրենիքի կենացը խմելով։
Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ կխոսենք բնությունը չաղտոտելուց ու միջավայրը մաքուր պահելուց, բայց խնջույքից հետո էդ բնությունը աղտոտված կթողնենք ու կհեռանանք։
Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ չենք աջակցի գիտակներին, արտերկրում մեծ դժվարությամբ կրթություն ստացած ու հայրենիք վերադարձած երիտասարդին, իրեն աշխատելու հնարավորություն չենք տա, կանտեսենք, իսկ նույն այդ երիտասարդին արտերկրում ձեռքից ձեռք կփախցնեն, ու կապահովեն ամենալավ աշխատանքով։
Ու վերջում. մենք հզոր պետություն կդառնանք այն ժամանակ, երբ փոխվենք, փոխենք մեզ շրջապատող աշխարհը, մարդկանց, կարծիքներն ու մտածելակերպը։