
Ազատ տարածք խորագրի արխիվներ


Մելանխոլիա կամ անսահման սահման
Համբարձման ծաղիկներ

Դեպի լյառն Մասիս

64, 8160122%
Լույս, արևի ճառագայթներ, գունավոր առարկաներ, ՄԱՐԴԻԿ:
Լայն, կյանքով լեցուն, խինդ ու ծիծաղով լիքը ճանապարհով գնում էինք, ճանապարհ էր, բայց ավելի շատ նման էր քաղաքի, ավելի ճիշտ` աշխարհի: Քայլելով, ապրելով ու շարունակելով քայլերը` հասանք մի դռան: Դռան հետևում պատկերացում անգամ չկար, թե ինչ կարող է լինել, սակայն այլ ելք չկար, մեր ճանապարհն էր մեզ բերել այստեղ: Անհասկանալի դուռը անկախ մեր կամքից բացվելու էր ու կլանելու էր մեզ, մենք միայն մի բան կարող էինք անել` ինքնակամ բացել դուռն ու շարունակել ճանապարհը:
Խավար, մութ, միագույն առարկաներ, մադիկ: Դռան հետևում կրկին ճանապարհ էր, ու էս անգամ ճանապարհը աշխարհ չէր, այլ իրական քաղաք էր, քաղաք` իր կանոններով, սահմանված օրենքներով ու հսկիչներով: Ճանապարհը լայն էր թվում սկզբից, ապրում էինք այդ ճանապարհում` կիսելով կյանքի` մեզ տված փոքր ճանապարհը այլոց հետ: Քայլում էինք` մեր կողքին հավաքելով լիքը այլ մարդկանց, քայլում էինք նրանց հավաքելով մեր կողքը: Անցավ ժամանակը, անցանք օրեցօր ավելի ու ավելի նեղացող ճանապարհով, հասանք այլ քաղաք: Դժվար էր քայլել ճանապարհով, այն էլ նեղացող, շատ մարդկանց հետ: Ստիպված էինք բաժանվել շատերից, իսկ շատերն էլ, առանց ստիպված լինելու ու առանց մի վայրկյան մտածելու, թողնում էին մեզ, որ միայնակ անցնեն ու առաջ գնան նեղացող ճանապարհով: Մեր ճանապարհները չէին խաչվում իրար, որովհետև բոլորս էլ քայլում էինք նույն ճանապարհով ու փնտրում ելքը, մեկս մյուսից առաջ էր ուզում գնար, ստացվում էր շատերի մոտ, սակայն դրանք նման էին անապատում հանդիպող միրաժներին, անիրական էին այդ անցումները. ժամանակն էր ապացուցում, իրարից առաջ ու հետ էինք, բայց նույն ժամանակի ու տարածության մեջ: Ստիպված էինք ավելի ու ավելի նեղացնել մեր հետ քայլող մարդկանց շրջանակը, որ կարողանայինք անցնել էս անիծյալ ճանապարհը գոնե այն մարդկանց հետ, որոնց իրոք հավատում, սիրում և վստահում էինք. այլ կերպ չէինք կարող: Բայց ավաղ էն մարդիկ, որոնց հաճախ ընտրում էինք մեր «ճանապարհի» ընկերը, թողնում էին մեզ, որ արդեն նեղացած ճանապարհը կարողանային առանց դժվարության` առանց մեզ անցնեին:
Հեշտ էր ճանապարհը, որը աշխարհով էր անցնում, ընտրում էինք ավելի շատ մարդկանց, մարդիկ միայն չէին մտածում իրենց ու իրենց ճանապարհի անցման հեշտության մասին, «լայն էր կյանքը»… Լայն կյանքում հանդիպած, իրենց հետ նույն ճանապարհով քայլած «ընկերներին» հեշտությամբ էինք ձեռք բերել, կյանքն ու ճակատագիրն էին կապել մեր ճանապարհները իրար, բայց նեղացող ճանապարհները նույն հեշտությամբ էլ բաժանում էին մեզ իրարից, բաժանումը, որպես կանոն, միշտ էլ դժվար է, բայց ոչ այնքան դժվար, ինչքան «ճանապարհը»:
Սլաքներ, րոպեներ, օրացույց, ժամանակ:
Շարունակում ԵՄ ճանապարհս, դժվար է օրերի հետ նեղացող ճանապարհը անցնել միայնակ, նեղ ճանապարհով էլ մարդիկ փորձում են անցնել իրարից առանց իրար, ու պիտի ընտրես` ընկրկել թե առաջ գնալ` մոռանալով բոլորին ու չզիջելով ոչինչ…
Նեղ ճանապարհում թաքուն պահում եմ Քեզ ու ձեզ:

Հույս իմ, հավատ իմ, Բերձոր
Երբ հուշերը դառնում են ապագայի երազանք
Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան Թիվ 1 միջնակարգ դպրոցի մնացյալ 220 աշակերտների նման, 9-րդ դասարանցի Ավանեսյան Սոսեն էլ իր ծնողների ու երկու քույրերի հետ, սեպտեմբերի վերջին, ստիպված թողել է հայրենի տունն ու սիրելի դպրոցը, անզուգական Բերձորը: Այսօր նրա ընտանիքը ժամանակավորապես ապաստան է գտել Աշտարակում, որը հիշեցնում է հեռվում՝ թշնամուն մնացած Բերձորը: Իսկ Բերձորը, նրա անմահական հողն ու ջուրը, նրա անզուգական բնությունն ու զուլալ կենցաղը դեռ շատ վառ ապրում է նրա սրտում, հոգում ու երազանքներում:
Արցախյան վերջին պատերազմը, իր ֆիզիկական և հոգեբանական ծանր դրոշմն է թողել ողջ հայ ժողովրդի վրա, իսկ տեղահան եղած արցախցիների համար այն նաև ամեն օր ու ժամ իրեն հիշեցնող սուր ցավ է ու կարոտ, մորմոք ու տենչանք, որը պատկերացնելն անգամ մյուսներիս համար դժվար է:
Սոսեն իր այս ստեղծագործությամբ բացել է մի պատուհան, որով կարող ենք տեսնել ու զգալ, թե ի՞նչ են զգում մեր հայրենազրկված հայրենակիցները, ու որ ամենակարևորն է, ի՞նչ են զգում կարոտախտով տառապող, մանկությունը անցյալում թողած արցախցի մեր մանուկներն ու պատանիները:
Սոսեն ծնվել ու իր ամբողջ կյանքն անց է կացրել հայրենի Բերձորում, որն այնքան գեղեցիկ կերպով նկարագրված է նրա նամակում: Եղել է առաջադեմ աշակերտուհի: Գրականությունն ու լեզուն միշտ էլ եղել են նրա տարերքը: Աչքի է ընկել դպրոցի ու քաղաքի բոլոր միջոցառումներին իր ակտիվ մասնակցությամբ:
Ունի երազանքներ, որոնցից մեկն է` տպագրության հանձնել իր ստեղծագործությունները, իսկ մյուսների մասին արդեն կկարդաք նրա տողերում…
Սոսեն այս նամակն ուղարկել էր Բերձորի Վահան Թեքեյանի անվան քույր դպրոցի Գլենդելի ՖԼԱԳ Հայերեն Երկլեզու Ծրագրի Ջեֆերսոն դպրոցում սովորող Նարեին: Նարեից խնդրեցինք, որ անձնական նամակն իր մոտ պահի, իսկ այս գեղեցիկ գրությունը մեզ հանձնի, որպեսզի տեղադրենք համացանցում, որպեսզի նրա գեղեցիկ մտքերը հասանելի դառնան ավելի շատ մարդկանց: Հուսով ենք, որ Սոսեն ու նրա ընկերները կուրախանան` տեսնելով իրենց պատկերն ու Բերձորի տեսարանը: Մենք որոշել ենք մի օր իրար հանդիպել ազատագրված Բերձորում:
Միգանուշ Մելքոնյան-Աճեմյան
Գլենդելի ՖԼԱԳ Հայերեն Երկլեզու Ծրագրի Ջեֆերսոն դպրոց
Հույս իմ, հավատ իմ, Բերձոր
Ասում են՝ հույսը մարդու վատ օրերի լավ բարեկամն է, միշտ օգնում է հավատալ այն լավին, որը շատ երկար ժամանակ անհնար է թվում: Ու իմ հույսն էլ ապրեց ու ինձ ստիպեց ապրել. Կտրված, բայց ապրեցի, թեև պարզապես շնչում էի՝ հուսալով, որ նոր շնչի հետ հայրենիքս վերադարձնելու միջոց կգտնեմ:
Արդեն մոտ վեց ամիս ինձ նման հազարավոր մարդիկ իրենց անցյալի հուշերի հեքիաթներում են ապրում: Բայց նույնիսկ այդ հեքիաթները ինձ ցավեցնում են, չէ՞ որ պարզապես հեքիաթ են կոչվում:
Ես ապրում էի մի քաղաքում, ուր ամեն օր բացահայտելու անկյուն կար, իսկ ես միայն շտապում էի բողոքել ձանձրալի առօրյայից, այնինչ այսօր երազում եմ մեկ վայրկյան տեսնել՝ վեր հառնած շունչը գարնան հպարտ քաղաքիս վրա:
Այժմ ապրում եմ մեկ այլ հեքիաթում: Այն նույնպես գեղեցիկ է, յուրօրինակ, բայց ինձ համար նման հեքիաթները միապաղաղ են, ամեն օր կարող են հանդիպել, իսկ իմ Բերձորը հազվագյուտ հեքիաթ է: Այժմյան քաղաքս փարված է քառագագաթ Արագածի գրկում: Նույնքան հանգիստ քաղաք է, որքան Բերձորս: Երկուսն էլ ունեն մի ընդհանրություն. նրանք համեստ են, խոնարհ, բայց իրենց ներսում թաքնված է բնության մի չկրկնվող հրաշք, ու երկուսն էլ չեն սիրում գոռալ այդ մասին:
Երբ նոր էի եկել, խորթ էր ինձ քաղաքն այս, օտար էին քարերը, ծառերը, տերևների խշխշուն զրույցը: Սկզբում չսիրեցի քաղաքը, ինձ թշնամի թվաց, չնայած այդ օրերին բոլորն էին իմ թշնամին:
Այնքան դժվար է այստեղ ապրելը, քեզ հանդիպող ամեն մարդու բացատրելը, որ Արցախը միայն ոմանց համար է ընդամենը չլուծված հարց, ինձ համար ամեն ինչ է, վեր իմ կյանքից: Նրանք չգիտեն, թե որքան եմ հպարտանում, որ արցախցի եմ, որ ապրել եմ այդ չքնաղ աշխարհում, որ կերտել եմ այնտեղ ապագա, որ ուրախացել եմ այնտեղ, լացել, հաղթել ու նաև պարտվել: Բայց ոչ մի վայրկյան չեմ կորցրել հույսս, միշտ հավատացել եմ ինձ, իմ ուժերին, ու գիտե՞ք, այդ երկրի հողն ինձ ուժ էր տալիս, նոր մտքեր, ու երևի դրա համար էլ սիրում էի առանձնանալ բնության մի անկյունում ու լուռ մտածել:
Արդեն մի քանի անգամ հանդիպել եմ ընկերներիս, զրուցել ենք, կարոտել , միասին վերապրել մեր հաղթանակները, ձեռքբերումները, մեր լավ ու վատ օրերը: Ես այդ հանդիպումից հետո եկա տուն և լուռ նայեցի մայրիկիս, չկարողացա խոսել, նույնիսկ լռել չէի կարողանում, կորցրել էի լեզուս, նաև բառերս:
Ես ուղղակի մի պահ փակեցի աչքերս ու սկսեցի գիտակցել, որ ետ չեմ բերի կորցրածս, ու այդ պահին սիրտս չկարողացավ դիմանալ, ու ես՝ արցունքներով պատված աչքերս փակեցի մայրիկիս անուշ գրկում ու երբ բացեցի, բոլորը լուռ նայում էին ինձ ու ժպտում:
Այստեղ արդեն ընկերներ ունեմ, նոր շրջապատ, նոր կյանք և մեծ սիրով եմ նրանց պատմում իմ հայրենիքի մասին ու խոստացել եմ տանել իմ Արցախ:

«Բոլոր մեքենաները դուրս էին գալիս, իսկ մենք հակառակը՝ առաջ էինք գնում»
Ֆոտոլրագրողի օրագրից․ Արամ Ներսեսյան
27. 09. 2020
Այսօր կիրակի է, բայց աշխատում էի։ Մայրս է զանգում ու հարցնում, արդյոք գիտե՞մ, որ Արցախում կռիվ է․ ասացի` չէ․․․
Երեկոյան ժամը 6-ին հասանք Ստեփանակերտ։ Լաչինի հատվածում բոլոր մեքենաները դուրս էին գալիս, իսկ մենք հակառակը՝ առաջ էինք գնում։ Քաղաքը մթության մեջ էր։ Ստեփանակերտում ռմբակոծություն չկար։ Տեղավորվեցինք մի փոքր հյուրանոցում՝ տեղեկատվական շտաբին մոտ։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ասուլիս էր տալիս, գնացինք հասկանալու, թե ինչ է կատարվում։ Գիշերը շչակները միացան, բայց մենք հանգիստ ենք, վախ չունենք։ Դեռ որևէ պայթյունի ականատես չենք եղել, վտանգը չենք հասկանում։
28. 09. 2020 Մարտունի
Որոշում էինք՝ ուր գնալ։ Գնացինք Մարտունի, բայց քաղաքը գրեթե դատարկ էր՝ մարդիկ քիչ էին, այն էլ՝ հիմնականում տարիքով մեծեր։ Նրանք մեզ ուղեկցում էին դեպի քանդված ու վնասված տարածքներ և այդ ընթացքում ուժեղ ձայն լսեցինք․ անօդաչու թռչող սարք էր։ Մարմնով անցող թեթև դող զգացի․․․ Այն դեռ երկար մնաց մեր գլխավերևում։ Մեկուկես ժամ հետո պարզ դարձավ, որ մեր տղաները խոցել էին այդ անօդաչուն։
Մարտունիում հանդիպեցինք քաղաքապետին, խոսեցինք եղած վնասներից։ Վերադարձանք Ստեփանակերտ։ Անելիք չունենք, սպասում ենք։
Պատերազմի առաջին օրերն են, մեզ չեն թողնում դիրքեր բարձրանալ, ասում են վտանգավոր է։ Այստեղ միայն մասնակցում ենք մամուլի ասուլիսների և մեզ տանում են լուսանկարելու մոտակայքում տեղի ունեցած հարվածների հետքերը, քանդված ու վնասված շինությունները։ Միայն դա է կարելի նկարել։
09. 10. 2020 Մարտակերտ
Պաշտպանիչ բաճկոնը հագիս, սաղավարտը դրած՝ մեքենայի ղեկին եմ։ Մարտակերտ ենք ուղևորվում։ Ճիշտ է տեղում վտանգավոր է, բայց պայմանավորվել ենք հանդիպել սիրիաահայ մի ֆիդայու հետ։
Աղդամի ճանապարհին ենք, սուլող ձայն եկավ։ Մեքենայից քսան մետր այն կողմ ծուխ է բարձրանում․ թիրախը մենք էինք, բայց վրիպեցին։ Որոշ ժամանակ անցավ ու էլի շատ ուժեղ սուլող ձայն․ ռումբ էր։ Պատսպարվեցինք, սպասում էինք պայթյունի ձայնի, բայց այն այդպես էլ չհնչեց։ Բախտներս բերել էր։ Վախ չէի զգում, այլ հակառակը՝ կատակում էի։ Այդպիսի պահերին զարմանում եմ, թե ինչպես է կառուցված մարդու հոգեբանությունը։ Վտանգի ժամանակ ակամայից հումոր ես անում՝ երևի ինչ-որ պաշտպանական ռեակցիա է, որը թեթևացնում է տագնապը։
Այստեղ մնալ էլ պետք չէ, պայթյունների ձայները չեն դադարում։ Նստեցինք մեքենան, շարժվեցինք։ Պայթյուն ձախ կողմում, ապա՝ աջից, հետո նորից մեկը։ Մենք նշանառության տակ էինք։
Հաջորդ օրերին շչակներն ուղղակի չեն լռում։ Քնում ենք հագուստով, կոշիկները հագներիս, իրերը՝ դռան մոտ։
Հարվածել են Մարտակերտի զինվորական հոսպիտալին։ Ծուխ էր․ վառված մեքենաներ են, քանդված պահակակետ, շուրջբոլորը վազքի մեջ գտնվող մարդիկ։ Գործն անհրաժեշտ էր արագ անել։ Հիվանդանոցում չափից շատ մութ էր։ Փորձում էի մտնել անցակետից ներս։ Լապտերով լույս գցեցի և տեսա սարսափելին․․․ Դողում էի, նկարել պետք չէր։
17. 10. 2020 Եղնիկներ
Սարեր, ձորեր, քարքարոտ թեքություններ, գետ․ գնում ենք Եղնիկների դիրքեր։ Մինչև դիրքեր հասնելը տեսանք փոքր զորամաս։ Զինվորները սնունդ էին բեռնում մեքենայի մեջ։ Այդտեղ մեզ խնդրեցին մի իր հասցնել դիրք, համաձայնեցինք։ Կռիվ էր, բայց տղաները ասել-խոսելով իրենց գործն էին անում։ Մենք փորձում էինք այնպիսի տեղ կանգնել, որ անվտանգ լիներ։ Սպաներից մեկն առաջարկեց սպասել մեքենաների թաքստոցում, կատակեց, ասելով, որ այդտեղ մի քիչ վտանգավոր չէ։ Բայց գիտենք, չէ, որ ամենուր էլ վտանգ կա։
Հասանք մի զորամաս, որն ամբողջովին մոխրացած էր։ Այդ վառվածի ներսում նստած էր Եղնիկների հայտնի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը) իր անձնակազմի հետ միասին։ Արդեն խոցված տեղը փոքր-ինչ անվտանգ էր դարձել․ թշնամին կմտածեր, որ այդ այրված զորամասում էլ ոչ ոք չկա։ Քյոխին համոզում եմ իրեն լուսանկարել։ Չցանկացավ, ասաց վերջում, երբ ամեն բան ավարտվի` գամ ու ինչքան ուզեմ նկարեմ։
Մեզ ուղեկցեցին դիրքեր՝ զինվորների մոտ։ Տղերքն ուրախ էին, որ նոր մարդիկ էին եկել իրենց տեսնելու։ Նրանք պատերազմի սկզբից ի վեր ընտանիքների հետ չէին խոսել։ Մեզանից էին հարցնում, թե ինչպես է իրավիճակը։ Սկսեցի զինվորներին լուսանկարել՝ բոլորին անխտիր։ Նրանք շատ ուրախացան, որովհետև մեր հրապարակած նկարներում հարազատները կարող էին իրենց տեսնել։
Այդ ընթացքում Եղնիկներում հանգիստ էր, կրակոցներ չկային, դրա համար էլ մեզ թույլ էին տվել գնալ։
Հրապարակում ենք զինվորների լուսանկարները։ Զանգերն ու հաղորդագրությունները չեն դադարում։ Նրանց հարազատները նույնիսկ ցանկություն են հայտնում ինձ տեսնելու։ Ոմանք իմ արած նկարներով էին իմացել, որ իրենց որդին լավ է։ Ուրախ եմ, որ գոնե ինչ-որ լավ բան կարողացա անել։
23. 10. 2020 Հադրութ
Երկար համոզումներից հետո կարողացանք մտնել Հադրութ։ Խոսեցինք տեղի քաղաքապետի հետ, այցելեցինք գյուղեր։
10. 11. 2020 Քարվաճառ
Կրկին նույն պատկերն է․ քաղաքից հեռացող երկար ավտոշարասյուն, իսկ մենք հակառակը՝ առաջ ենք գնում։ Այցելում ենք Դադիվանք, որը լուսանկարում եմ մտածելով, որ վերջին անգամն է։ Քարվաճառում մարդիկ կային, ովքեր այրում էին իրենց տները։ Իմացանք, որ հանձնումը տասն օր հետաձգեցին։
Աղդամի վերջին օրն էր։ Բարձրացանք պարսկական մի մզկիթի գագաթը, որպեսզի վերևից լուսանկարենք ամբողջ տեսարանը։ Մի քանի օր հետո տեսնում եմ, որ նույն իմ կանգնած տեղում այժմ Ադրբեջանի նախագահն է կանգնած։
Հետ վերադարձանք Ստեփանակերտ։ Քաղաքն էլի մթության մեջ է։ Այստեղ նկարում ենք իրավիճակը պատերազմից հետո՝ ռուս խաղաղապահների ժամանումը, առաջին փախստականների տուն վերադարձը։
12. 11. 2020 Շուշի
Ամեն քայլափոխի պայթած մեքենաներ են, գետնին թափված համազգեստներ, զենքեր, փամփուշտներ, ականներ, մի խոսքով՝ պատերազմի մնացորդներ։ Շուշիի խաչմերուկում ճանապարհը փակ էր, ոտքով շարունակեցինք։ Խիստ ծանր էր այստեղ տեսածս մթնոլորտը։ Շուշիի ցուցանակը հանված էր, տեղում ադրբեջանական դրոշ էր։ Դա ամենաշատն էր ազդել ինձ վրա։
Լուսանկարում էինք Լաչինի միջանցքի բացումը։ Տեղում ռուս լրագրողներ էին, ադրբեջանցի զինվորականներ ու ես։ Հայկական պետհամարանիշներով մեքենայի վրա ադրբեջանցիները դիտմամբ բացել էին Արցախի քարտեզն ու իրար մեջ խոսում էին։

Հայաստանում պահանջվում են ռոբոտացված մարդիկ…
Անգլերենի, ռուսերենի գերազանց իմացությամբ։ Այլ ազգի մոտ ամոթով չմնալը, ուսուցչի համար ժամ ապահովելը, հարևանի երեխայից զարգացած լինելը տրվում է՝ աշխատավարձի փոխարեն։
Հայոց լեզվի իմացությունը պարտադիր չէ, քանի որ ռոբոտների աշխատանքը, այլ ազգի քմահաճույքների կատարումն է։ Աշխատանքը օտար լեզուներ սովորելն է, որի արդյունքում, կմոռանաք գրական հայերենը։ Պարտադրվում եք սեփական երկրում (երկրից դուրս) կիրառել ոչ հարազատ լեզուն, այսպիսով, խոսքը մարդկանց հասանելի դարձնել։ Շնորհակալությունը՝ դարձել է thanks, այոն՝ да, բարև-ին փոխարինում է привет-ը, բառերը շարունակելի են։
Այսքան հարազատ երկրում, այսչափ օտար բառերը, մղում են սեփական երկրի՝ կործանման, օտար ազգի՝ զարգացման։ Հայերեն լեզվին գերազանց տիրապետումը հայրենի հողում երկրորդական է դարձել։
Օտարացել ենք բառերից, և բառերը սկսել են ծիծաղելի թվալ։ Արժեքավոր բառերը մոռացության են մատնվել, մի շարք բառեր օգտագործվում են ձևանմուշ։ Գեղեցիկ խոսելը մեր ժամանակներում այժմեական չէ։ Փաղաքշական բառերի շարքում ավելացվել են կենդանական անուններ։ Գործածում ենք թուրքերեն, պարսկերեն, արաբերեն բառեր՝ ղզիկ, ազիզ, բոյ, մեյդան, և կարծում ենք` խոսում ենք անմիջական, մինչդեռ արմատախիլ է լինում սեփական լեզուն։ Յուրաքանչյուր հայ պարտավոր է գործածել և հարստացնել հայոց լեզուն։
Մեր լեզուն մեր ինքնության դրոշմն է:

Կյանքը պատերազմի օրերին
2020թ. Սեպտեմբերի 27։ Առաջին հայացքից սա էլ պետք է մնացած օրերի նման լիներ, բայց չէ` պատերազմ էր։ Մի ողջ հայ ժողովուրդ հեռուստացույցների առաջ գամված լուրի էին սպասում։ Ոմանք ցավով կարդում էին զոհվածների անունները, մտքում աղոթք մրմնջում, որ հանկարծ իրենց եղբոր կամ որդու անունները չկարդան։ Ոմանք էլ հեռախոսները ցած չէին դնում` ամեն վայրկյան զինվորի զանգի էին սպասում, ու կապ չունի, որ դա մի քանի վայրկյան էր լինելու։ Ես էլ բացառություն չէի։ Եղբորս զանգին էի սպասում։ Չնայած այդ ամենին, թիկունքը ամուր էր։ Արվեց ամեն ինչ հողը պահելու համար։ Տղաները, որոնցից շատերը պատմության դասերին ներկա չէին եղել, այսօր դարձան մեր պատմության շարունակողը։ Տղաները կռվեցին հանուն հողի։ Չէ, կներեք, դա լոկ հող չէր, դա մենք էինք, մեր պատմությունը, մեր զոհված տղաները։
Ավարտվեց պատերազմը, տվեցինք հողերը, շարունակեցինք ապրել ու հաշտվել մեր կորցրածի հետ։ Շարունակեցինք ապրել, ոչ միայն մեր կյանքը, այլ նաև 5000 երիտասարդներին, ովքեր զոհվեցին հանուն մեզ։ Շարունակեցինք ապրել` գնահատելով մեր կյանքը, որ անիմաստ վատնում էինք, առանց ինչ որ նպատակի ձգտելու։
Ինչպես բոլորին, պատերազմն ինձ էլ փոխեց։ Սկսեցի վախենալ կորցնելուց։ Ու հա, ինչից որ շատն ես վախենում, կատարվում է։ Կորցրեցի դպրոցիս ու դասարանիս լուսավոր տղային` հերոս Արտակին։ Մի ժամանակ, երբ դասարանիս մասին էի խոսում, միայն ժպիտ էր դեմքիս, իսկ հիմա արցունքներս հազիվ եմ զսպում։
Ցավոք, միայն կորցնելուց հասկացա, թե ինչ մեծ դեր ունեն մարդիկ մեր կյանքում։ Պատերազմը ստիպեց ինձ սիրել, գնահատել շուրջս կատարվող ամեն մի մանրուք։ Բայց նաև ստիպեց ատել։ Ատել մարդկանց, ովքեր չսովորեցին ճիշտ սգալ իրենց վիշտը, չսովորեցին, որ Եռաբլուրը եկեղեցու նման սուրբ է և այնտեղ ասված ամեն վիրավորանք ոճիրից էլ սարսափելի է։ Ատեցի նրանց, ովքեր և պատերազմից առաջ, և պատերազմի ընթացքում նույն սրիկան էին և շարունակում են նույնը մնալ։
Իսկ եղբայրս, ով դեռ ծառայում է և կշարունակի ծառայել, հպարտ է, որ հայոց բանակի զինվոր է։ Իսկ մենք պետք է ապրենք արժանապատիվ հանուն 5000 և ավել զինվորների, հանուն նրանց չապրած կյանքի։

Եղեռնից փրկվածի կորցրած նամակը
Մոռանալ չի լինի…
1915 թվականին մարդկության պատմության մեջ իրականացվեց ամենամեծ ոճրագործությունը։ Չարագործ երիտթուրքը նախատեսել էր իրականացնել հայերի հայրենազրկման և ոչնչացման ծրագիր։ Անմարդկային այդ երևույթները որոշել էին խեղդել հային արյան մեջ, ցավալի է, բայց այդպես էլ ստացվեց…
Պայքարող հայը միանգամից չհանձնվեց և մի շարք վայրերում կազմակերպվելով կռվեց թուրքական ջարդարարների դեմ։ Առաջին այդպիսի վայրն էլ Վանի նահանգն էր, որտեղ էլ ծնվել ու մեծանում էր իմ մեծ տատը` պապիս մայրը` Մայրանուշը։ Չորս-հինգ տարեկան երեխա էր, ով ծնողներին կորցնելուց հետո բարի օտարերկրացիների շնորհիվ կարողացել է քրոջ ` Աղավնյակի հետ (9-10 տարեկան) փախուստի դիմել և ճակատագրի կողմից մի փոքր նվեր ստանալով ողջ մնալ։
Ասվում է, թե մեծ քրոջը հարցրել են, թե որ ուղղությամբ նրանց ճանապարհեն, Աղավնյակը առանց երկար բարակ մտածելու շշնջացել է` Հայաստան։ Երկու քույրերին բերել են հայրենիք, երկար ժամանակ ապրել ու մեծացել են Վանաձորում։ Օրերից մի օր մեծ պապս ` պապիս հայրը, դարպասներից այն կողմ տեսել է մի գեղեցկադեմ օրիորդի` երկար վարսերով, կարմիր այտերով, կապտավուն աչքերով, ում էլ սիրահարվել է առաջին հայացքից։ Չգիտեմ ինչպես է պատահել, բայց ֆայտոնով տատիս բերել հասցրել է Դիտավան ու իրեն կին դարձրել։ Աղավնյակը մնացել է մենակ Վանաձորում։ Հետո տատիս ականջին լուր է կաթացել, որ մեծ քույրն էլ էնտեղ է մի օջախ հարս գնացել։ Ճակատագիրը չար խաղ է խաղացել նրանց հետ` փրկել է թուրքի յաթաղանից, բայց բաժանումով հեռացրել է երկու հարազատ սիրտ։ Տեղեկություններ այլևս չի եղել։ Յուրաքանչյուրն իր ընտանիքն է կառուցել։ Մայրանուշը հինգ զավակի մայր է եղել` երկու դստեր ու երեք որդու է դաստիարակել։ Գյուղում բոլորն են նրան ճանաչել, հարգել ու պատվել։ Նրա հյուրընկալ օջախում շատերն են հաց կիսել։ Տատս համեղ է պատրաստել։ Ասվում է նաև, որ այգի է սիրել մշակել, հայոց հողը մշակելով բերք ու բարիք ստացել։ Բնավորությամբ է նաև աչքի ընկել։ Չափից դուրս խիստ, բայց միաժամանակ շատ բարի ու հոգատար կին է եղել։
Մի օր Մայրանուշ տատիս նամակ են բերել Աղավնյակից, որտեղ գրված է եղել հանդիպման վայր ու ժամ։ Նրա նման երջանիկ մարդ աշխարհիս վրա այդժամ չի եղել, շատ է ուրախացել, որ այդքան տարի անց կրկին տեսնելու է քրոջը։ Բայց… Բայց նամակը կորել է, անհետացել է երեխաների թեթև ձեռքով, թե տատիս խառնված մտքերի պատճառով, ու հանդիպումը չի կայացել։ Եւ այլևս ոչ մի լուր…
Մոռանալ չի լինի…