Ազատ տարածք խորագրի արխիվներ

«Ես ապրում եմ»

«Խաղաղ երեկո»-ից «Մեր Բոհեմը», «Մարտիկի երգ»-ից «Կյանք ու կռիվ». բոլոր զինվորական և երբեմն էլ ոչ զինվորական երգերը հնչեցին ապրիլի 17-ին՝ «Ես ապրում եմ» խորագիրը կրող միջոցառմանը՝ մի շարք ծանոթ և անծանոթ մարդկանց կողմից, որոնց նպատակը մեկն էր՝ ապրեցնել Վազգենին:

Վազգեն Գալստյանը Արցախյան վերջին պատերազմի հերոսներից է: Անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ Ջրականում: Նա այդ օրը կդառնար19 տարեկան:
Հիշատակը վառ պահելու համար Վազգենի ծննդյան օրը իր ընկերները, մասնավորապես սիրած աղջիկը՝ Գրետա Սարգսյանը, կազմակերպել էին փոքրիկ միջոցառում՝ Երևանի կենտրոնում, որտեղ հնչում էր երաժշտություն: Երիտասարդները նվագում էին տարբեր երաժշտական գործիքներ, երգում էին ու այս կերպ նշում Վազգենի 19 ամյակը:

«Վազգենի հետ կապված որևէ բան պլանավորելիս ես ու իր ծնողները մտածում ենք այն մասին, որ ամենը Վազգենին վայել լինի, ու սա էլ բացառություն չէր: Նպատակը այն էր, որ քաղաքի կենտրոնում երաժշտություն հնչեր ու իր շուրջը հավաքեր ծանոթ-անծանոթ մարդկանց, ու այդպես էլ ստացվեց: Կարելի է ասել, որ Վազգենի ծնունդը քաղաքի կենտրոնում նշեցինք՝ ծանոթ-անծանոթների հետ: Ովքեր չէին ճանաչում, մոտեցան, տեսան, ծանոթացան, ու այսպես վառ պահեցինք նրա հիշատակը»,- նշեց Գրետան:

Գրետայի խոսքով՝ երիտասարդները, ովքեր երգում կամ նվագում էին, շատ մեծ պատասխանատվությամբ էին միջոցառմանը մոտեցել:
«Շնորհակալ եմ երիտասարդներին: Իսկապես շատ հուզիչ ու ազդեցիկ էր: Բանն այն է, որ երկու օր առաջ էլ իմ ծննդյան օրն էր: Միշտ սկզբում ինքն էր գալիս, համբուրում ու շնորհավորում ինձ, հետո իր ծննդյան օրը ես էի նույնն անում: Մի տեղ գնում էինք, նստում կամ մտերիմների, ընկերների հետ որոշում էինք տանը նշել: Երկու տարի առաջ, երբ Վազգենը ընդունվեց «Էօրնեկեան» հանրակրթական դպրոց, ամբողջ դասարանին հրավիրեցինք բացօթյա ռեստորան ու նշեցինք տարեդարձը: Շատ երջանիկ էր, շատ, աչքերը փայլում էին: Ցավոք սրտի, դա վերջին ծնունդն էր, որ նշեցինք»,-ասաց Վազգենի հայրը՝ Յուրի Գալստյանը:
Վազգենի մայրը շնորհակալություն հայտնեց բոլորին, ասելով, որ ամեն բան չէ, որ պետք է տխուր անցնի:

«Անցած տարի իմ ծննդյան օրվա գիշերը մի նամակ եկավ, տեսա իրենից է. կողքի սենյակից էր ուղարկել: Սլայդ շոու էր պատրաստել իր նորածին տարիքի լուսանկարներից մինչև իր մեծ տարիքը: Շատ հուզվեցի: Իր կողմից նրա վերջին նվերն էր ինձ»:
Գրետան մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի 4-ին, հրապարակեց իր գիրքը՝ «Բարևն էր մեղավոր» վերնագրով: Գրքում եղածը իրական պատմություն է անկեղծ սիրո մասին, որն ընդհատվում է Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով: Գրքի ամբողջ հասույթը տրամադրվելու է «Վազգեն Գալստյան» գիտակրթամշակութային հիմնադրամին:

«Ես հիմնադրամ եմ բացել ու հուսով եմ, որ հիմնադրամը իր նպատակին կծառայի ու կգործի: Նպատակը բարեգործությունն է, որպեսզի գիտությունը, մշակույթը զարգանա, ինչպես նաև որդուս անունը վառ պահվի»,-ասաց Վազգենի հայրը:

mariam tonoyan

Մեկը իմ անուններից

Եթե ես նկարիչ լինեի, ինձ պատահած ամենատպավորիչ մարդկանց դիմանկարները կանեի, գույներով ցույց կտայի նրանց էության երանգներն այնպես, որ դիտողն անմիջապես կկռահեր մարդու ամենաարտահայտիչ հատկանիշները կամ, միգուցե, սիմվոլներ որսալու փորձերին տրված՝ երկար ժամանակ կանգնած կմնար կտավի առջև։ Բայց վաղ թե ուշ ես ինձ թարգմանիչ եմ կոչելու ու մարդկանց ընկալելու արվեստս ոչ թե գունային համադրության, այլ մտաթելերից կախված բառերի հյուսքի միջոցով եմ արտահայտելու՝ օտարն ու անհասկանալին ընկալելի ու ընդունելի դարձնելով։ Սա իմ ամենաբարդ թարգմանությունն է. այսօր ես հոգի եմ թարգմանելու։

…Օմարի (նրան պայմանականորեն այդպես կոչենք) հայտնվելն իմ կյանքում նման էր կայծակի փայլատակումից վայրկյաններ հետո լսվող որոտին, երբ գիտես, որ լույսին  ձայնն է հաջորդելու, բայց միևնույն է, այն անսպասելի է հնչում։ Նա եկավ, երբ ես դիցաբանությունների ուսումնասիրություններով զբաղված՝ մարդկայինի ու աստվածայինի քաոս էի ստեղծել, և ներկայացավ  ինձ ո՛չ աստծո, և ո՛չ էլ մարդու տեսքով։ Ես չգիտեմ՝ ինչպես բնութագրել նրան։ Նա այն էակներից է, որոնց մասին խոսելիս կարիք չկա սեռ, արտաքին, տարիք կամ կրթություն հաշվի առնել, դու ընդունում ես նրան, որովհետև նրա մեջ գտնում ես քո ապրած բոլոր նախորդ կյանքերը (եթե նման բան ընդհանրապես գոյություն ունի), նա քեզ քո մոռացված եսին է հիշեցնում ու ստիպում, որ քիչ-քիչ հիշես, հիշե՜ս, հիշե՛ս այն ամենը, ինչը երբեք չես իմացել։

-Օմա՞ր,- հարցնում եմ ես կասկածամտորեն։

-Դա մեկն է իմ անուններից, – անվրդով պատասխանում է նա,- դա մեկն է, որն օգնում է ինձ դուրս գալ սեփական գերությունից…

Ես լռում եմ։ Երբ նա խոսում է, ես չափից շատ եմ լռում, երբեմն անգամ խոսելիս եմ զգում լռությունս, երբ ամեն բառը թևավորված ներսս է լցվում… Ու ժպտում եմ, որովհետև ավելի դժվար է ինչ-որ մեկի հետ լռել կարողանալը, քան խոսելը։

-Ո՞վ ես դու,- հարցնում է ինձ ամեն առավոտ՝ երբեք այդ նույն հարցն այսպես չձևակերպելով։

Մի օր պատասխանում եմ, որ ամեն ինչն եմ ես, հաջորդ օրը՝ ոչինչը, բայց երկու դեպքում էլ ես նույնն եմ՝ դա մեկն է իմ անուններից…

Օմարը ժպիտ էլ ունի, մերթ Բուդդայի նման գիտակցված հանդարտությամբ, մերթ էլ մանկան նման խենթ պարզամտությամբ է ժպտում։ Նրա հետ խոսելիս լեզու իմանալու կարիքը չկա, հասկանում է քեզ, իսկ դու չհասկանաս էլ, լսում ես, որովհետև այնքան կարևոր են թվում այդ շշունջները, ինչպես շարականը, որ հաճախ չես ընկալում, բայց լրացնում է, բարձրացնում մտքումդ ծնված աղոթքը…

Բոլորդ եք մի պահ սպասել Օմարին, որ հայտնվել է միշտ ՊԱՏԱՀԱԲԱՐ,  իսկ երբ եկել է, ճանաչել եք միշտ ուրիշ անունով, երբ հեռացել է, չեք էլ նկատել, բայց միշտ կանչել եք անգիտակցաբար։ Մարդ է, թե հրեշ, երևույթ, թե հույս՝ դուք եք որոշում։ Բայց եթե մի օր դուք էլ ինձ նման հանդիպեք նրան, թույլ չտաք հանկարծ, որ նրա ներսի խավարն իշխող դառնա, լույսով խեղճացրեք նրա մղձավանջները ու մի վարանեք թեկուզ կոնֆետի խոստումով մի ժպիտ կորզել։

-Օմա՞ր,- դարձյալ հարցնում եմ կասկածամտորեն։

-Դա մեկն է իմ անուններից…

Varduhi Vardanyan

Քեզ մի քանի խորհուրդ ունեմ

Լսի’ր… Երբեք ոչ մեկին թույլ չտաս, որ ասի, թե դու ինչ-որ բան չես կարող անել…

Եթե դու երազանք ունես, պետք է այն պաշտպանես, եթե դու նպատակ ունես, պետք է հասնես դրան: Մարդիկ, ովքեր չեն կարողանում անել, ասելու են, որ դու էլ չես կարողանա:

Եթե ինչ-որ մեկը արել է, դու էլ պետք է անես, իսկ եթե ինչ-որ մեկը չի արել, դու կլինես առաջինը… Մեր կյանքը մեր նպատակների արդյունքն է, նպատակ դիր քո առաջ ու հասիր դրան: Հաղթահարիր բոլոր դժվարություններն ու փորձությունները ու հասիր նպատակիդ: Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց երբեք, լսո՞ւմ ես, երբեք չկանգնես ճանապարհի կեսին, չհանձնվես, չկոտրվես կյանքում: Ամեն փորձություն հաղթահարելի է: Ամեն բան անցողիկ է: Եթե Աստված քեզ փորձություն է տվել, ուրեմն, վստահ է քո ուժերի վրա, վստահ է, որ կարող ես հաղթահարել այն: Այնպես որ, մի վհատվիր ու առաջ շարժվիր… Ճանապարհդ երկար է լինելու, լի արկածներով, ուրախ ու տխուր օրերով, լավ ու վատ պահերով… Շարժվիր առաջ, երբեք հետ մի նայիր: Երբեք մի ափսոսիր արածդ քայլերի համար, ափսոսիր չարածիդ համար: Չկան անսխալական մարդիկ, բոլորն էլ ունեն իրենց մեղքի բաժինը, բայց չէ՞ որ, եթե սխալ չանեինք, չէինք հասկանա, թե որն էր դա, չէինք  տարբերի ճիշտը սխալից, լավը վատից… Մենք ոչ մեկս էլ չգիտենք կյանքը մեզ համար ինչ է նախատեսել: Հնարավոր է, որ նախատեսված է դժվար ճանապարհ անցնել, որ երևի մեզ ինչ-որ կարևոր բաներ հասկացնի, որ կարողանանք  մարդկանց ճանաչել, ճանաչենք մեր հարազատներին, մտերիմներին: Բայց միշտ հիշիր` չփոխվես կյանքում, թող ոչ մեկը ու ոչինչ քեզ չփոխի, որովհետև այդ դեպքում դու ուղղակի կկորցնես քո «եսը»: Մնա քո տեսակի մեջ միակը ու տարբերվողը: Սիրիր ինքդ քեզ ու հասիր քո ամեն նպատակիդ հատ առ հատ: