
Ազատ տարածք խորագրի արխիվներ


Հատիկ
Հովհաննես Հովհաննիսյան
Հատիկ
Լույսը բացվում է. շուտ արտը գընամ.
Պատռեմ սուր խոփով ես կուրծքը հողի.
Իմ սիրո՛ւն հատիկ, քեզ նորան պահ տամ
Մինչև օրերը ամռան արևի։
Թաղեմ քեզ, հատի՛կ, և դարդըս քեզ հետ.
Թե Աստված ուզեց, դու կանաչեցիր,
Թող դարդըս մեռնի գետնի տակ անհետ,
Դու ինձ մխիթար կրկին տուն դարձի՛ր։
Եվ ջերմ աղոթքով Տիրամոր առջև
Ես մոմ կըվառեմ, ես խունկ կըծըխեմ,
Որ քեզ պարգևե մի առատ անձրև,
Որ քեզ միշտ սիրով նայե խնդադեմ։
Բայց թե այդ շնորհին մեղքերիս համար
Արժանի չլինիմ, ծով կըդարձնեմ
Ես տաք քրտինքը ճակտիս արևառ,
Որ քեզ, իմ հատի՛կ, ծարավ չըթողնեմ։
Ծըլի՛ր, կանաչի՛ր, ոսկե սավանով
Ծածկի՛ր իմ արտը ողջ ալեծածան,
Նոր այն ժամանակ անուշ շրշյունով
Տո՛ւր ջարդված սրտիս մի քուն հանգստյան։

Ուխտագնացություն դեպի Սուրբ Սարգիս
Սուրբ Սարգիս վանքը Հայաստանի խոշոր վանքային համալիրներից է, գտնվում է Արագածոտն մարզի Ուշի գյուղում: Այն գրանցված է Ուշիի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում: 1827 թվականին եկեղեցին երկրաշարժից ավերվել է: Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է միայն կանգուն:
Ամեն տարի, սուրբ Հարության տոնին հաջորդող օրը, տարբեր բնակավայրերից և հատկապես Ուշիին մոտ գտնվող բնակավայրերից, մարդիկ, ճանապարհի մեծ մասը քայլելով, բարձրանում են դեպի եկեղեցի։ Չնայած որ բլուրի վրա է գտնվում եկեղեցին, և ճանապարհը այդքան էլ հարթ չէ, դա մարդկանց չի խանգարում, որ բարձրանան ուխտատեղի:
Եկեղեցին հիմնադրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով Սուրբ Սարգսի աճյունը բերել է սկզբում հարակից գյուղ` Կարբի, այնուհետեւ Ուշի և սրբի մասունքների վրա հիմնել եկեղեցի:
1999-ից արքեպիսկոպոս, բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Շահե Աճեմյանի նախաձեռնությամբ սկսվել են վանական համալիրի պեղումները, որի արդյունքում հայտնաբերվել են կարևոր մշակութային, հնագիտական նյութեր:
Վաղ առավոտից սկսվում է երթը դեպի ուխտատեղի: Մինչ եկեղեցի բարձրանալը, ճանապարհին մարդիկ բացում են իրենց տաղավարները և տարբեր իրեր են վաճառում՝ մոմ, զարդեր, սրբապատկերներ, քաղցրավենիք և այլն:
Մարդկանց հոսքը մինչև երեկո չի դադարում: Կարելի է տեսնել ինչպես փոքր տարիքի երեխաների, այնպես էլ տարեցների, որոնք կարող են ունենալ հենաշարժողական խնդիրներ, բայց անցնում են ուխտի ճանապարհը:
Երկինքը մեր գլխավերևում

Քրիստոս հարյավ ի մեռելոց…

Կեղծ լուրեր
Մենք ապրում ենք տեղեկատվական տարափի ժամանակաշրջանում։ Բոլորը լուր են ստեղծում, լուր հրամցնում, օգուտ ստանում որևէ լուրից կամ դառնում դրա զոհը։ Հաճախ եմ մեր լուսամուտից լուռ հետևում բակի լրահոսին։ Լուրջ եմ ասում, մեր բակում են երկրագնդի «լավագույն վերլուծաբանները»։ Նրանք լուրջ քննարկում են քաղաքականությունից մինչև տնտեսություն, մոդայից մինչև առողջություն, ԱՄՆ-ից Չինաստան ու այսպես շարունակ…
-Էտի սաղ սութ ա, Ֆրունզ ձյաձ, հե՞ր տու ընձի չես հավատըմ, ի՞նչ կոռոնա, այ ախպեր, էտի պալիտիկայա: Տու սայթ չե՞ս մտնըմ, չեմ խասկնըմ, չե՞ս կառթըմ ինչ ա կիրած, – հարևանին վստահ համոզում էր 54-ամյա Գեղամը, ծխախոտի ծուխը քաշելով ու մի կերպ հևալով շարունակում, – սաղ սայթերում էլ կիրած ա, որ էտի ժողովրդին խափելու համար ա, սութի դեղեր են ծախըմ, որ մեզի թալանեն: Սութ ա, մի հավատա: Բա հե՞ր մեր կեղից մեկը չմեռավ, մեկը չվարակվավ… Է~հ, եսիմ է։
Ֆրունզե պապը լուռ լսում էր ու գլուխը վեր ու վար անում ի նշան համաձայնության։ Դե, ո՞նց չհամաձայնվեր. ո’չ ինտերնետ ուներ, ո’ չ էլ առավելապես դրանից օգտվելու ձևը գիտեր։ Ֆրունզե պապի օրը սկսվում էր կողքի բակի քննարկումների մասնակցելով, հաճախ էր լուռ մնում` չհասցնելով ու չկարողանալով առարկել ամբողջ օրը ինտերնետի միջոցով լուրեր ստացող իր բակի ջահելությանը, իրենը հին ու փորձված լուրերն են հեռուստացույցով, որոնց հավատում է տարիներ շարունակ։
-Սաղ քիչ էր, մկա` էլ դիմակն են սարքի պարտադիր, թե վովա տըսի ըտենց պյան, – նույն ոգևորությամբ շարունակում էր Գեղամը, – լավ ա էս սայթը կա. մարդիկ կարըմ են իրանց ուզածը իմանան։ Էն օրն էլ կարդըմ եմ, մե դոկտըր մարդ կիրել ա, որ դիմակը սութ ա, էտի տուգանելու խըմա են արի, ու շատ էլ ճիշտ ա ասըմ։ Ֆրունզ ձյաձ, չեմ տրել, չեմ էլ տնելու։
Ֆրունզե պապը միակն էր այդ մարդկանց մեջ, ով դիմակով էր ու բոլորից հեռու էր նստել, դե, հեռուստատեսությամբ տեսել էր, որ նախարարը հորդորում էր դիմակ կրել ու սոցիալական հեռավորություն պահպանել, բայց ամեն անգամ Գեղամի ասածից հետո, ծաղրի առարկա չդառնալու համար իսկույն հանում էր դիմակը։
Գեղամի տեղեկատվական քարոզը արդեն ձանձրացրել էր Ֆրունզե պապին ու այլևս ցանկություն չուներ նրան լսելու։ Մի քանի օր բակ չէր իջել, երևի որոշել էր մնալ տանը, համ մի լավ կհանգստանար Գեղամից, համ էլ զերծ կմնար վարակվելուց։
Մի շաբաթ անց տեսա Ֆրունզ պապին։ Մենակ էր նստած` զարմանալիորեն զրուցակիցը հետը չէր։ Մոտեցա, հարցրեցի առողջականից։
-Ես լավ եմ, բալա ջան, պինդ պոպոք եմ, ինձ պյան չի ըլնի։ Բայց համա լավ խաբար չլսի էսօր, – հոգոց հանեց ու շարունակեց, – Կեղամն ա մեռի, ասըմ են վիրուսից ա: Ջահել մարդ էր, ասա թե` տրան ի՞նչ էլավ։ Ասըմ էր` սաղ սութ ա, վիրուս չկա։ Ինչ սութ կար` կարդըմ էր ու հավատըմ, ինչ ա` իրան տենց էր ծեռնատու։
Ֆրունզ պապի հետ երկար խոսելուց հասկացա, թե ինչքան խոցելի ենք դարձել մենք։ Շուրջ բոլորը կեղծ լուրեր են, կեղծ իրականություն, կեղծ… Հասկացա, որ այս ամենին զոհ չգնալու համար մենք պետք է շարունակ կրթվենք, լինենք մեդիագրագետ, հետևենք արժանահավատ աղբյուրներին, չտրվենք սադրիչ վերնագրերով նյութերին, ստուգենք նյութի ճշմարիտ լինելը, տարբերակենք օգտակարը, պիտանին, ֆեյքը… Այլապես մենք էլ մի օր կդառնանք ֆեյք լուրերի զոհ, ինչպես մեր բակի Գեղամը…

Մայրամուտին

Ծաղկազարդ

Հայրենասիրության գաղափարը
Հայրենիքը այն տարածքն է, որտեղ որևէ ժողովուրդ, ազգ կամ էթնիկ խումբ ապրում է՝ կերտելով իր պատմությունը, ազգային ինքնագիտակցությունը, սերունդներին է ժառանգում իր ազգային արժեքները։ Հայրենասիրությունը հայրենիքի նկատմամբ անսահման սերն է, այդ տարածքը հայրենիք անվանելու իրավունքի գնահատումը, հայրենիքի համար ամեն ինչ անելու պատրաստակամությունն է։
Այսօր հայրենասիրական երաժշտության փոխարեն լսում են այնպիսի երաժշտություն, որի իմաստը նույնիսկ հեղինակը չի հասկանում, հայրենասիրության մասին իրենց կարծիքը արտահայտող որևէ մեկին անվանում են մեծամիտ։ Սա այս իրավիճակի շատ օրինակներից միայն երկուսն են, բայց եթե ուշադիր դիտենք, կգտնենք շատ խնդիրներ։ Մարդու համար հայրենիք ունենալը պարգև է, և հայրենասիրությունը արտահայտելը՝ չոտնահարվող իրավունք։ Մարդկանց մեծ մասը չունեցածն ու կորցրածն է գնահատում, բայց հայրենասեր մարդը այն գնահատում է միշտ, և անկիրթ մարդը հնարավոր է, որ նույնիսկ չհասկանա հայրենիք բառի իմաստը։
Նաև եկեք հասկանանք, թե երբ են իրոք արտահայտում հայրենասիրությունը և երբ են դերասանական արվեստով զբաղվում։ Սա պարզելը շատ հեշտ է։ Երբ մարդու ասածը համապատասխանում է գործունեության հետ, այսինքն, երբ մարդը իր գործով ամեն օր օգնում է իր հայրենիքին, այդ մարդը հայրենասեր է, հակառակ դեպքում՝ ապագա Օսկարի մրցանակակիր։ Հայրենասիրական ստեղծագործությունը արվեստի բարձրագույն դրսևորումներից մեկն է, և այն պետք է գնահատել, սովորել, վերլուծել, հասկանալ, սիրել։ Հայրենասիրական ստեղծագործությունը կարդալիս, լսելիս, տեսնելիս պետք է ազդվենք, ձգվենք և ոգեշնչվենք, որպեսզի հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման մեջ ունենանք մեր փոգրագույն ներդրումը։ Պետք է երգենք «Հայ քաջերը», Արաբոյի երգը, Գևորգ Չավուշի երգը, պարենք յարխուշտա, քոչարի։ Հայրենասիրական ստեղծագործությունը ազգային ինքնագիտակցության պահպանման հիմքերից է։
