Ազատ տարածք խորագրի արխիվներ

Անուններ

Երբևէ ձեզ մեղավոր զգացե՞լ եք անուն կարդալու պատճառով։ Ես զգացել եմ։ Երկու շաբաթ է` զգում եմ։

Քիչ է մնում աշխարհի բոլոր լեզուներով յուրաքանչյուր կրոնի աղոթքը սովորեմ, որ մտքումս ասեմ՝ անուն կարդալու ժամանակ։
Որովհետև չեմ ցանկանում ծանոթ անուն գտնել զզվելի ցուցակում, չեմ ցանկանում մեր դպրոցի ամենակոպիտ տղայի անունը կարդալ ցուցակում, ու երբ ինքս ինձ բռնացնում եմ ծանոթ անուն փնտրելիս՝ կրկին ատում եմ ինձ։ Ախր, բոլորն էլ իմն են, իմ եղբայրները, ու դպրոցի ամենահիմար և ամենալավ տղաները։

Մեկ տարի առաջ մտքովս անգամ չէր անցնի, որ երկիրն իրական պատերազմի մեջ կհայտնվի։ Իհարկե, միշտ էլ լսել եմ «պատերազմական երկիր ենք» արտահայտությունը, բայց դա ինձ համար հեռու ու շատ օտար միտք էր, դա ուղղակի փաստ էր, բայց ոչ իրականություն, անհեռանկարային մի պատմվածք։

Օտարազգի ընկերներիցս մեկի հետ էի խոսում, ու ասաց, որ երբեք չէր պատկերացնի պատերազմ 21-րդ դարում, որ պատերազմի մասին միայն գեղեցիկ կազմով գրքերում էր կարդացել։ Ես էլ ինքս ինձ հազիվ զսպեցի, որ չասեմ. «Ես նույնպես»։

Ամեն գիշեր առաստաղին նայելուց մտածում եմ՝ էս ամենն իրո՞ք իրականություն է, թե՞ ես եմ արդեն տարիքից ու մեր բակի ավտոլվացման կետի ձայներից խելքս թռցրել։ Գոնե տարիքից լիներ, կամ նույն գրողի տարած լվացման կետից։ Գոնե առավոտ արթնանայի՝ գնայի կենտրոն, ու մեր դպրոցի ամենակոպիտ տղան դիմացս դուրս գար, ես էլ քմծիծաղ տայի ու առաջ անցնեի, բայց ոչ։

Ես առավոտ արթնանում եմ ու աչքերով նրա անունն եմ փնտրում։ Հույս եմ հոգուս խորքում պահում, որ չգտնեմ։

Ու էսպես քանի-քանի առավոտներ ու գիշերներ եմ ունենալու։ Քանի առաստաղներ են երազիս գալու ու տարիքի մասին հիմար ինքնախաբեությունները։

Ընկերներով երբ հավաքվում էինք ու պատերազմի մասին էինք խոսում՝ մեր տղաների համար դա սովորական էր՝ բոլորը պատրաստ կանգնած էին, ու մեր աղջիկները պահը բաց չէին թողնում «ես էլ եմ գալու» արտահայտությունը հինգ անգամ իրար հետևից ասելու։
Փաստորեն ընկերներս խոստումներ պահել գիտեն։

Ու ես հպարտ եմ, որ նրանք խոստում պահել գիտեն, որովհետև ինձ խոստացել են գրքիս շնորհանդեսին գալ, ու ինձ հետ կինո գնալ, ու մեր ամենափոքր ընկերոջ համար 18 տարեկանի խնջույք կազմակերպել, ու ինձ խոստացել են հետ գալ, ուղղակի հետ գալ։

Բայց ցավոք, ես չեմ կարողանում ինձ պահել ու անուններ ման չգալ, չեմ կարողանում աչքերս կառավարել ու միտքս պահի հետ կանգնեցնել։

«Պարտվել» բառը չի սիրում հայերին

Առավոտները այլևս սովորականի պես չեն բացվում։
Դրանք միշտ թախծալի ու տխուր աչքերով են նայում երկնքին։
Ու առաջին պետքական իրը, որ բոլոր ժամանակների և սերունդների չարիքն է համարվել, դառնում է հեռախոսդ։ Ինքնաբերաբար ձեռքդ ես առնում ու սկսում ես կարդալ առաջին նորությունը երկրիդ վերաբերյալ։ Ամեն մի նոր խոցված թշնամու զինտեխնիկան ակամայից դառնում է ժպիտիդ պատճառը։ Գիտակցում ես, որ խիղճդ անգամ վերացել է: Ու թշնամու ամեն մի նոր պարտություն քո երկրի հաղթանակն է։
Երբեք չէի կարծել, որ հայրենիքիս հանդեպ իմ սերը կարող է այսքան ուժգին լինել։ Ես ինձ համարում էի հայրենասեր, բայց հիմա ավելի շատ։ Ու զգացմունքներս էլ երբեմն դառնում են անկառավարելի։ Ամեն մի նոր լուր երկրի վերաբերյալ ցնցում է ամբողջ հոգիս։ Մահվան կարևորությունը դառում է առաջնային։ Հասկանում ես, որ ապրելուդ ցանկությունը ավելի շատ է, քան մեռնելուդ։
Բայց միևնույն ժամանակ հայրենիքիդ հանդեպ սերը ամենակարևորն է դառնում։
Մենք՝ հայերս, միշտ հաղթել ենք։
«Պարտվել» բառը չի սիրում հայերին։
Մենք անցել ենք պատմության ամենադժվար ժամանակների միջով։ Հայ ժողովուրդը տեսել է ոճրագործությունների հսկա շղթա, որոնց մասին կարելի է անվերջ խոսել։ Հիմա իրավիճակը այլ է, հիմա մեր քաջորդիներն են իրենց կյանքը զոհում հանուն հայրենիքի։ Իսկ ամեն զոհի անուն կարդալիս արցունքները անհասկանալի կերպով հոսում են։
Հիմա մենք մի ընտանիք ենք, որտեղ չկան պարտություններ։
Ու մի տանիք, որի ներսում միշտ հաղթանակներ են գրանցվում։
Հայերի մեջ միշտ էլ սիրել եմ միասնական լինելու վեհ գաղափարը։
Դա դարերից ի վեր փոխանցվել է մեր պապերից։ Հայերի մասին կարելի է անվերջ խոսել, միշտ մի նոր պատմություններ հյուսել…
Արդարությունը երբեք չի կարող պարտվել։
Հայ ազգը միշտ էլ պատրաստ է եղել իր կյանքը զոհել հանուն հայրենիքի։
Ու թշնամին էլ անգամ չի գիտակցում, որ հայերը հավերժ են։
Թշնամին այս անգամ էլ պիտի հասկանա, որ Արցախը դա լոկ հող չէ, դա տարածք է, որտեղ հերոսների արյամբ է հումուսացել հողը։ Ամեն նռնակի պայթյուն ճեղքել է հողը ու
այն դարձրել ավելի կանաչ։
Զոհված տղաների առջև խոնարհվում ենք…
Խոսք տալիս, որ իրենց թողած հայրենիքը միշտ էլ լինելու է հաղթանակած։
Իսկ ապագա սերունդները ապրելու են միայն կապույտ ու խաղաղ երկնքի տակ։

Զգույշ եղիր և ամուր մնա

Ո՞վ է ասել, որ այս (իմ) սերունդը ոչինչ չի տեսել. ոչ մի դժվարություն, ոչ մի ցավ, ոչ մի կարոտ։ Այսօր ամեն ինչ հակադարձեց՝ մեր սերունդը չափից ավելին տեսավ…

Զինվոր ունեմ բանակում, սահմանին, մահվան «բերան»… Չեմ ճանաչում, բայց զգում եմ, որ նրան, ում պետք է հանդիպեի մի օր, հիմա դիրքերում է։ Չեմ ուզում սպասել, չեմ ուզում տագնապել, չեմ ուզում վախով ապրել…  Չեմ ուզում դեռ չգտած՝ կորցնել։ Ուզում եմ ճանաչել, հետը լինել, զգալ իր շունչը, լինել կողքին, ապրել հետը, իմանալ իր մասին… Ուզում եմհենց հիմա  իմանա, որ բացի ընտանիքից էլի սպասող ունի։ Կասեմ իրեն: Կգրեմ նամակ ու կուղարկեմ։

«Իմ զինվոր, իմ հերոս, իմ քաջ մարտիկ, հուսամ լավ ես, առողջ ես, կուշտ ես ու ժպտում ես։ Չգիտեմ՝ ով ես, չգիտես՝ ով եմ, բայց կասեմ, որ իմն ես։ Դու ես այն մեկը, ում ես կհանդիպեի մի օր փողոցում, կամ միգուցե մի ուրիշ տեղ, կծանոթանայինք, կմտերմանայինք ու կամուսնանայինք։ Բայց դու հիմա սահմանին ես, կռվում ես որ այդ օրը գա, միասին լինենք։ Գիտե՞ս՝ ինչու, որովհետև այսօր երազումս մենք հանդիպել էինք: Կանաչ, գեղեցիկ, վառ կարմիր ծաղիկներով լեփ-լեցուն դաշտում էր, հեռվում սև ու դեղին մոլեգին ինչ որ պատկեր էր երևում, կարծես պատերազմի հակառակ կողմում լինեինք։ Դու զինվորական համազգեստով էիր, ես` ազգային տարազով, ու դեռ նոր էիր վերջացրել քո մասին պատմելը, երբ ականի պայթյունը խլացրեց ու սթափեցրեց ինձ։ Ես միանգամից որոշեցի՝ գտնել քեզ ու գրել այս մասին։ Ուրախությանս սահման չկար, երբ երազումս լսած անունն ու ազգանունն ասացի զինկոմիսարիատում, ու ասացին, որ կամավորագրվել է և մեկնել սահման… Այսինքն, իրական էր, դա երազ չէր, դա՝ նշան էր…

Եթե հիմա սա կարդում ես, ուրեմն արդեն՝ գտել եմ։

Սպասելու եմ քեզ, ամուր մնա, զգույշ եղիր, հոգ տար քո մասին, որ գաս հասնես ինձ, կողքիս լինես ու կյանքս դարձնես լիարժեք։

Ամուր գրկում եմ»:

Ու այսպիսի քանի՜ նամակներ են անպատասխան մնացել, քանի՜ այսպիսի նամակ գրող է կարոտից տառապել, քանի՜ այսպիսի նամակ է կորել…

Բայց ես կսպասեմ իմ զինվորին։ Գիտեմ, նա կգա:

Մենք ձեզ կյանք ենք պարտք

Պատերազմի մասին գրքերում կարդալը սովորական է, պատերազմ ապրելն ու ապրած պատերազմի մասին գրելը՝ ուրիշ։ Ես պատերազմը դեմքերով տեսա ու հայացքներով։

Դա 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ադրբեջանաթուրքական էսկալացիան է, որն օրերի ընթացքում դարձավ Արցախյան Հայրենական պատերազմ։ 21-րդ դարում նախադեպը չունեցող հակամարտություն։

Սա պատերազմ է, որտեղ հայկական  զորքը կյանքի ու մահվան կռիվ է տալիս  սիրիական, թուրքական, ադրբեջանական ահաբեկիչների դեմ։ Սա պատերազմ է ազգային ինքնությունը հաստատելու, սա պատերազմ է 1915 թվականին սկսած ցեղասպանությունը կանխելու: Մեզ համար պատերազմ՝ բոլոր կանոններով, թշնամու համար պատերազմ՝ բոլոր կանոնները խախտելով։ Սա գոյության կռիվ է։

Պատերազմը քրեորեն էլ, մարդասիրորեն էլ դատապարտելի է, աններելի է, որովհետև կորցրածն անդառնալի է, իսկ կորցրածը կյանքեր են՝ 18, 19, 20, 50, 60  տարեկան կյանքեր… Ես չգիտեմ, թե ոնց պիտի ապրենք, որ արժանի լինենք հերոսներին, ովքեր դեռ պաշտպանելու են հայրենի հողը, և նրանց, ովքեր սեփական գրեթե չապրած կյանքը դրեցին զոհասեղանին, անմահացան, մնացին երկնքում ու հայրենիքը սիրող հայի սրտում…

Հատկապես 18, 19, 20 տարեկան հերոս  տղաներին մենք մի ամբողջ կյանք ու խաղաղություն ենք պարտք և հաղթանակ՝ իրենցով կերտված հաղթանակ։ Այո՛, պատերազմն առանց զոհերի չի լինում, և նրանց արյունով ենք երկիրը պահում, դողում ամեն գրամ հողի վրա։ Նրանց անուններով են գրվում հայի պատմության հերոսական էջերը։

Հայն իր բոլոր սերունդներով էլ անպարտելի է։

Հաղթանակը Հայի արյան ու գենի մեջ է։

Զավակները երկիրը Հայրենիք են դարձնում.

Հայաստանը՝ Հայրենիքս,

Արցախը՝ Մայրենիքս։

 

Փա՜ռք հզոր հայորդիներին:

Եվ խոնարհում՝ լուսավոր հիշատակներին…

Ես սպասում էի քեզ, հայրիկ

Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձել են խաղալիք,

և այդ խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,

իսկ խաղի վերջում քո ճիչն է. ես սպասում եմ քեզ հայրիկ…

Էս տղան ուրիշ է, ինչպես բոլորը: Մի քիչ խենթ է, մի քիչ մարդասեր, մի քիչ էլ արժանապատիվ: Արդեն հերիք է՝ ոտքով գլխով կորչելու համար:

Էս տղան Դավիթն է:

Հեռուստացույցը, որ անուշադրությունից ժանգոտում է, կարծես, դրված է սենյակի ամենախորքում՝ լուսամուտին կիպ ու ամեն անգամ կարևոր պահերին քամուց ետուառաջ անող  ծաղկավոր դեղին վարագույրի փեշը  փակում է էկրանի միջից խոսողի դեմքի մեկ-երրորդը: Ուրիշ դեպքերում դեռ ոչինչ, բայց երբ խոսողը երկրի վարչապետն է, ամոթ է՝ անպատվաբեր մեզ պես ժողովրդի համար,- ամեն անգամ ասում է Սոֆի մայրիկը ու երկու քայլով հասնում հինգ մետրանոց հյուրասենյակի ծայր հյուսիս՝ «վարչապետի երեսը պարզ անելու»: Սիրում է ղեկավարին իր կյանքում առաջին անգամ (չհաշված խորհրդային երկրի հորը, ում չսիրելու տարբերակ չուներ): Արդեն երկար ժամանակ է՝ ամեն օր անհամբեր սպասում է բոլոր ժամերի լուրերին ու սկսվելուց մի քանի  րոպե առաջ գոռում է ամբողջ թաղամասով մեկ. «Միացրեք, տեսնենք` վարչապետն ի՞նչ է ասում»:

Բայց էսօր՝ սեպտեմբերյան վերջին օրերից մեկում, վարչապետի բառերից միշտ բերանը թեթևակի բաց, աչքերն էլ թեթևակի փակ ժպտացող էս կինը թրջում է աչքերը:

-Դավի՛թ…Դավիթ ջա՛ն, պատերազմ է…

Պատերազմ… Թվում է՝ հին բառ է, չէ՞, ու թվում է դասագրքերի փոշոտ տողերից գոռացող էս բառը հեռվից է նայում մեզ, բայց հիմա նորից էդ անիծյալը հայտնվել է լրահոսների առաջին տողում… Իսկ Դավիթի պատերազմը երբեք չի ավարտվել, էդ պատերազմը Դավիթի փոքրիկ բռի մեջ են խոթել ծննդյան առաջին վայրկյանից, երբ մոր` ամուսնուն  վայրկյաններ առաջ կորցրած ու իրեն գտած մոր արցունքի մի կաթիլը թափվել է փոքրիկի աշխարհից դեռ ոչինչ չհասկացող ափի մեջ: Առաջին ու վերջին կաթիլը ռմբակոծվող ծննդատան տասնչորսերոդ սենյակում…

Հիմա Սոֆի մայրիկը գոռում է, թե նորից պատերազմ է, իսկ Դավիթը մտածում է, որ պատերազմները մի անգամ են լինում, հետո մի ողջ սերունդ թիկունքը կոտրում է դրանց բեռան տակ… Եթե պատերազմը ավարտված լիներ, ինքը ինչո՞ւ պիտի 14-րդ հիվանդասենյակի բուժքրոջը մայրիկ ասեր: Ծանր է մտածել էդ մասին…

Հեռուստացույցից այն կողմ այլայլված կոստյումավորերն են գլուխ պայթեցնում, իսկ Դավիթը չի ուզում լսել ոչինչ, փակվել է իր փոքրիկ ու անլույս սենյակում ու մտածում է, հետո դարակի խորքերից հանում է փոշոտված մի կանաչ տետր՝ վրան ծուռ-մուռ տառերով իր անունն է հանգել: Բացում է տետրը, մի քիչ թերթում է ու կանգ առնում մոլորակի բոլոր տետրերի մեջ երբևէ գրված ամենատխուր բառերի վրա. «Հայրենիքը սիրելը այն է, երբ հայրդ ընկել է կռվում, բայց դու երբեք քեզ կամ ուրիշին չես տվել գրողի տարած հարցը՝ հանուն ինչի՞… Որովհետև դու սիրում ես այն, հանուն ինչի մենակ ես մնացել ողջ աշխարհում, ու դու ամաչում ես մտածել, որ կյանքդ սխալ գնաց, ու դու ամաչում ես գոռալ. «Ես սպասում էի քեզ, հայրիկ»: Չգիտեմ՝ որ դասարանում է խզբզել «Ի՞նչ է հայրենասիրությունը» պարտադրված ու տափակ վերնագրի տակ, բայց, երևի, ուրիշ ոչ մի պահի նման բան չկարողանար գրել: Հիմա, առհասարակ, ոչինչ չէր գրի էդ վերնագրի տակ…

Շաղված են Դավիթի աչքերը, ու իր խեղդող ու խղճուկ սենյակը մի քանի հատ է երևում աչքին: Մի քանի սենյակ էս փոքրիկ երկրում, շռայլություն կլիներ, մանավանդ, հերոսի տղայի համար:

Ու գնաց Դավիթը, գնաց երեկոյան, ու անձայն գնաց: Գիշերային լռության մեջ դռան չրխկոցից հետո մի պահ լսվեց Սոֆի մայրիկի սրտի անզուսպ խփոցն ու խուլ տնքոցը, որ մինչև առավոտ պիտի ձգվեր քնաթաթախ աշխարհի թմրած ականջի տակ:

Առանց այդ էլ մի քանի գրամանոց երկիրը նորից բաժանվել է երկու ճակատի, ու էդ ճակատի ամենաառաջին գծում՝ խրամատի  անկյունում, շնչակտուր մի երիտասարդ է գրում՝ կանաչ ծուռումուռ տառերով ծածկված տետրի չգիտեմորերորդ էջում, մի մատ խորքից. «Էլ մի զսպիր հեկեկոցդ մայրիկ, շունչդ մի պահիր, ես արդեն դուրս եմ եկել տնից: Էսօր նրանցից մեկի հետ դեմ դիմաց կանգնած էի, ափերը վեր պարզած ծնկաչոք նայում էր աչքերիս մեջ: Ափերը վեր պարզած, հասկանո՞ւմ ես, մի պահ շփոթվեցի՝ մի օրեկանից, երբ էն կինը, ում չհասցրի ճանաչել, իր վերջին կաթիլ արցունքը բուռս գցեց, ես մտածել եմ, որ ոչ ոք իր ձեռքերը վեր չի բարձրացնում, որովհետև էդ արցունքի ծանրությունը մինչև հիմա չի իջնում թևերիցս,  ու զենքը բռնած ժամանակ էլ ինձ խանգարում է մի քիչ: Հարցրի. «Երբևէ հայ սպանե՞լ ես»: Վախեցած հայացքը կախ գցեց… Արել էր… Կրակեցի ուղիղ կրծքին, որովհետև, գուցե, հենց ինքն էր հորս խփել, կամ որդուդ, Սոֆի մայրիկ, կամ մի ուրիշի նշանածին, սիրած տղային ու եղբորը: Լուծեցի ինչ-որ մեկի վրեժը: Նախորդ էջում դպրոցական տարիներին հայրենիքի սիրո մասին եմ շատախոսել, բայց հիմա մտածում եմ պատռել էջը, հետո փոշմանում եմ: Ես ու դու երբեք չենք խոսել էդ սիրո մասին՝ էդ սիրուց ամենից շատ տուժած երկու մարդիկ: Կարդա ու հիշիր, Սոֆի մայրիկ, հայրենիքի հանդեպ սերը էն է, երբ հարազատդ չի վերադառնում էդ սիրո կռվից, բայց դու, մեկ է, շուրթերիդ չես առնում օդից կախված հարցը. հանուն ինչի՞»…

Հինգ րոպե չանցած՝ արյան ու ցեխի սևակարմրավուն  դաշտում մի կանաչ տետր է անտեր ու դուրս պտտվում օդում:

Քաղաքում լուրերի հերթական արտահերթ թողարկումն է… Մեկնաբանը դանդաղ ու դողացող ձայնով անուններ է կարդում, չորրորդից հետո հայացքը շրջում է ու լռում… Դեղին ծաղկավոր վարագույրը սովորության համաձայն փակել է հեռուստացույցի մի երեսը՝ հենց այն մեկը, որում անշտապ սահում է Դավիթ անունով մեկի ազգանունը… Հյուրասենյակի մի անկյունում նստած կինը էկրանից չի հեռացնում վարագույրը, գուցե, էդ ժեստը իրեն հավերժ զրկի հազարավոր Դավիթների միջից հենց իր Դավիթից…

Հայը օրհնված է պայքարով

Վեցօրյա ուսումնական շաբաթվանից հետո միակ հանգստյան օրն էր։ Աչքերս բացեցի  հեռուստացույցի՝ մինչև սենյակս հասնող ձայնից։ Թվում էր, թե սովորական օր էր, բայց միայն թվում էր…

Սկզբում մի քանի րոպե փորձում էի արթնանալ, հետո զգացի, որ տանը ինչ֊որ իրարանցում կա։ Նույն պահին մայրիկս մտավ սենյակս, չէի հասցրել մի բառ ասել, երբ տեսա մայրիկիս արցունքոտ աչքերը.

-Պատերազմ է։

Մայրիկս դուրս եկավ սենյակից, իսկ ես չկարողացա անգամ մի բառ ասել, վերցրի հեռախոսս, կարդացի բոլոր մանրամասները, այս անգամ ամեն բան ավելի քան լուրջ էր, քան երբևէ եղել էր։

13 օր է անցել, պատերազմը դեռ շարունակվում է, ու ոչ ոք չգիտի, թե դեռ ինչքան է շարունակվելու։ Բայց ես գիտեմ միայն մի բան՝ հայը օրհնված է պայքարով, անվերջ պայքարելով, անվերջ դժվարություններ հաղթահարելով, բայց միշտ հաղթելով։ Իսկ մեր թշնամին իր իսկ սկսած պատերազմի օրվանից անիծված է՝ մեզ որպես թշնամի ունենալով։ Եվ այդ անեծքից չի ազատվի, չի փրկվի, մինչև չհրաժարվի իր նենգ նկրտումներից, իր նենգ մտադրություններից։

Քաղաքում քայլելիս երբեք այդքան թախծոտ հայացքներ չէի տեսել։ Հա, ու մի բան ևս. եկեղեցում երբեք այդքան մարդու չէի տեսել, այդքան մեծ հավատքով լի հայացքներ էլ երբեք չէի տեսել…

Այս օրերին ժպտալը, հանգստություն պահպանելը դժվար է բոլորիս համար։ Բայց այսօր ավելի քան երբևէ դրա անհրաժեշտությունը կա։ Հենց այս օրերին է, որ չպետք է կոտրվենք, չպետք է վհատվենք, չպետք է վախենանք։ Մենք իրավունք չունենք մեկ կաթիլ անգամ կասկածելու, որ հաղթելու ենք, կասկածելու, որ ամեն ինչ լավ է լինելու։

Մնում է միայն ու միայն սառը դատել, քիչ տրվել էմոցիաներին, ամեն րոպե աղոթել, ամեն րոպե հավատալ, որ մյուս րոպեն մեզ հաղթանակ է բերելու, ամեն վայրկյան լցվել հավատքով, ամեն ակնթարթ հայրենասիրական ոգով լցվել և ոգի տալ մյուսներին։

Ես հավատում եմ` մյուս հոդվածս հաղթանակի մասին է լինելու։ Այն լինելու է ոչ հեռու ապագայում, այլ շատ շուտով, շատ շուտով։

Հավատացե՜ք միայն…

Շուտ մեծանալը իմ երազանքը չի եղել

Ես չգիտեի, որ երիտասարդն էլ մահ կարող է տեսնել։ Չգիտեի, որ գերեզմաններում կարող են յոթանասուն տարեկանից ցածր մարդիկ լինել։ Սովորեցի։

Չեք համոզի, թե ճակատագիր չկա: Միշտ էլ իմացել եմ, որ կա, եթե ձեր ասածին հետևեմ՝ ասեմ չկա ճակատագիր, կհիասթափվեմ ամեն ինչից։ Հա, դեռ վարդագույն ակնոցներ ունեմ պայուսակումս, մեկ-մեկ պետք է գալիս։ Եթե ասեմ, որ չկա ճակատագիր՝ կլինի, որ անարդար է կյանքը։ Եթե ճակատագիր չկա, ո՞վ է այդ անարդարը, ով տանում է մերոնց։ Ո՞վ է այդ անարդարը, որ մեզ սովորեցրեց դողալ, բայց՝ հոգով դողալ։ Ո՞վ է, որ կարողացավ մեր հոգիներին ստիպել մրսել արցունքների մեջ, այն էլ՝ աղոթելիս։

Ճակատագիր կա։

Ես պատրաստ չեմ էդքան մեծ հիասթափության, դրա համար ասում եմ, որ կա։

Ճակատագիրն է, որ ինձ արագ մեծացրեց: Ես չէի ուզում, բայց ճակատագիրը հո չէ՞ր նայելու իմ ուզել կամ չուզելուն։

Ճակատագիրն է, որ ինձ ստիպեց մեղավոր զգալ, մի հերոսի մահվան մեջ, մտածել, որ ես եմ եղել հերոսի թշնամին, ոչ թե ճղճիմ թուրքը։

Եթե ճակատագիրը չէ, էլ ո՞վ կարող էր էդքան անխիղճ լինել։

Ճակատագիրն է, որ դրդեց կասկածել՝ վերջին անգա՞մ եմ քնում, մի երկու գիշեր է ինձ մնացել, թե՞ ինձ ոչինչ էլ չի լինելու, չեմ տուժելու պատերազմից։

Բայց հենց նույն ճակատագիրն էլ հասկացրեց ինձ, ասաց.

֊Հիմա՛ր աղջիկ, դու արդեն տուժել ես, դու արդեն տեսել ես, արդեն ապրել ես։

Աստված չէր անի էդպես։ Սա հաստատ գիտեմ։

Էնպես որ, էլ չասեք, թե ճակատագիր չկա։

Թիկունքից քեզ

Բարև քեզ՝ առաջնագիծ՝ թիկունքից։

Ստույգ ու միայն ՔԵԶ, որովհետև ես հիմա իմ սերը, կարոտը, ուժը, էներգիան, քիմիան, ամենն ուղղում եմ հենց քեզ։ Ստացա՞ր, դե խնդրում եմ ամուր պահիր սրտիդ մեջ։ Միայն թե դրանք էլ չկորցնես, ինչպես նվիրածս հիմար նոթատետրը կորցրիր։ Չեմ ուզում նորից մի տեսակ ներողամիտ ժպիտով ասել՝ ոչինչ, կարևոր չէր, երբ այնքա՜ն կարևոր էր…

Գրում եմ քեզ թիկունքից։ Էդ մասով միքիչ տխուր եմ, կուզեի գրելու կարիք էլ չլիներ, կողքդ կանգնած լինեի, ձեռքդ էլ բռնած, բայց ասում են անհարմար ա մի ձեռքով կրակելն ու պատերազմ մղելը։ Ռոմանտիկ չստացվեց։

Նույնիսկ կուզեի պատերազմի մեջ էլ արթնացած չլինեինք, ու առաջնագծում ձեռքդ բռնելու կարիք չլիներ։ Կարող էինք հիմա պառկած լինել ինչ֊որ անհարմար բազմոցի վրա, գլուխս դրած լինեի կրծքիդ, անչափ քնքշորեն կխաղայիր մազերիս հետ, ու իրար հետ մտովի ապագա կկառուցեինք։ Ֆոնին՝ Մանսուրյան։ Պայթյունների ձայնն արագ իրականություն ա վերադարձնում, չի թողնում ինչ֊որ բան ուզեմ…

Ինչևէ, գրում եմ քեզ թիկունքից։ Մեզ մոտ ամեն ինչ լավ ա, միայն թե տղեքն են զոհվում, ու առաջնագծից թիկունք են բերվում։ Այ, էդ ժամանակ, ամեն անգամ էդ ժամանակ բոլորս սևազգեստ ենք դառնում ու ծանոթ֊անծանոթ լաց ենք լինում մեր հերոսի համար։ Իսկ էդ ամեն անգամները ցավոք էնքան շատ են լինում։ Ուզում եմ մի բան խոստանաս. խոստացիր, որ ինքդ ես գալու, ու ինձ սիրուն կարմիր ծաղիկներ բերես։ Հոգնել եմ սևից։

Խոստացիր, որ ոչ մի գրողի տարած պատերազմ քո սիրուն միմիկաներն ու զգայական վիճակները չի խլի ինձնից։ Ժպտալու ես ու վառվռուն աչքերով ինձ ես նայելու, տխրելու ես ու էնպես նայես, որ հասկանամ՝ ուզում ես բղավել, խփել, բայց ընկերուհիդ եմ, չես կարող։ Նայելու ես ինձ անճարության աչքերով՝ չիմանալով էլ ոնց էդքան սերդ արտահայտես, էլ ոնց ավելի քոնը լինեմ։ Արի ու իմն էղիր։

Ուզում եմ խոստանաս, որ ամեն անգամ փամփուշտի առճակատվելով, մեր պլանավորած ապագան ես հիշելու՝ ես, խոհանոցում, կարտոֆիլը հաստ֊հաստ կճպելիս, դու՝ «գրողը տանի, էս աղջկա ձեռքից գոնե մի բան գալիս ա՞» դեմքով ինձ նայելիս, մեր շնիկը, որ շան պես խանդելու ա քեզ, երբ ինձ տիեզերքի բոլոր սերերի զորությամբ գրկես ու մոռանաս, որ կարտոֆիլ կճպել չգիտեմ։ Հիշելու ես ու չթողնես, որ փամփուշտները խանգարեն ինձ ու քեզ՝ աշխարհի ամենասիրուն սիրո պատմությունը գրել։

Թիկունքից եմ գրում, որ ասեմ՝ հավատում եմ քեզ, երազանքներիդ, նպատակներիդ, գալուդ եմ հավատում։ Դու ես հավատս։

Թիկունքից եմ գրում՝ հույսով, որ մի օր էլի մեր նեղվելու ու անհանգստանալու պատճառները իմ կարճ հագնելն ու քո՝ 3 սրտիկի փոխարեն 2 սրտիկ էմոջի ուղարկելն են լինելու։

Թիկունքից գրում եմ քեզ, որ ասեմ՝ հաց կեր, որ անպայման հետ գաս ու նորմալ ուժ ունենաս՝ ինձ գրկելու ու գժի պես պտտելու։

Թիկունքից եմ քեզ գրում ու հրամայում, որ երբեք էդ անիծյալ ցուցակում չտեսնեմ անունդ։ Ինքս ինձ հայհոյում եմ ու անիծում՝ քեզ էնտեղ որոնելու համար ամեն անգամ, երբ դու չես զանգում ու ասես էդ պահին աշխարհի ամենալիրիկական երաժշտություն թվացող ձայնդ չեմ լսում։ Զանգիր ու ապրեցրու ինձ։

Թիկունքից եմ գրում ու խոնարհվելով շնորհակալություն հայտնում, որ պահում ես թիկունքը, որտեղից գրում եմ քեզ ու իմ ամբողջ սերը, կարոտը, ուժը, էներգիան, քիմիան, ամենն ուղղում ստույգ ու միայն քեզ, հենց ՔԵԶ։

Թիկունքից գրում եմ, որ ասեմ՝ թեկուզ 9 մոլորակ, 9 կյանք ու 9 պատերազմ էնկողմ սիրելու եմ քեզ։ Ինձ 9 հաղթանակ ու 9 խաղաղություն նվիրիր…

Երգեր՝ գրված խրամատում

Տատս միշտ շեշտում է, որ արվեստի հանդեպ իմ և եղբորս սերը գալիս է պապիկից։ Պապս` Խաչատուր Նորայրի Բաղդասարյանը, ում ցավոք լավ չեմ ճանաչել, Արցախի ազատամարտիկ էր և իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի ազատագրական պայքարին և մարտնչել Արցախի ազատագրական ճակատում։ Լինելով ինժեներ՝ նա նաև բանաստեղծ էր։ Ստեղծագործել է իր ամբողջ կյանքի ընթացքում՝ թե՛ սահմանին, թե՛ Երևանում, թե՛ հայրենի Բոլնիս-Խաչենում։ Խորհրդակցել է Շիրազի հետ։ Մինչև այսօր իր իրերի մեջ գտնում ենք արդեն մաշված տառերով փոքր թերթիկներ, նոթատետրեր և տետրեր, որտեղ նա գրի է առել իր բանաստեղծություններն ու երգերը։ Այս անգամ էլ աչքովս ընկավ Դաշնակցություն թերթի 1992 թվի օգոստոս ամսվա օրինակը։ Գինը՝ 1 ռուբլի։ Դրա էջերից մեկի վրա տեսա պապիս՝ մի քիչ մաշված նկարը, իր՝ Խաչատուր Խաչենցի, կենսագրությունն ու կռվի ժամանակ գրված բանաստեղծությունները։

ԻՄ ԳԱՆՁԱՍԱՐ

Գանձասարը հեքիաթն է իմ,

Առասպելը հայ մանուկի,

Գանձասարը թովչանքն է իմ,

Կոմիտասը իմ անտունի։

 

Քեզ տեսել եմ երազիս մեջ,

Հայոց Սասնա հուր-հրեղեն,

Քո սիրով եմ այրվում անշեջ,

Իմ Մարաթու՛կ դու բոցեղեն։

Դու իմ սրտի արտասվող լար,

Մեր հեքիաթի անհաս Պեգաս,

Դու Շիրազի անգին քնար,

Մենք հավերժ ենք՝ քանի դու կաս։

 

ՀԱՅԱՇԵՆ ՇՈՒՇԻ

Շուշի՛, իմ Շուշի՛, դու՝ բերդ ու ամրոց,

Դու լույս՝ մշուշի և աշխարհի բոց։

Հայոց աշխարհի անհայտ ընդերքում,

Գանձերի գանձն ես իմ լուսե երգում։

Երբ նվիրեցին քեզ դավի ձեռքով,

Մենք ետ վերցրինք մեր սրտի վերքով։

Այժմ քեզ հետ ենք, չե՛նք տա ուրիշի,

Դու հար պիտ ժպտաս, Հայաշե՛ն Շուշի։

Շուշի՛, իմ Շուշի՛, դու՝ բերդ ու ամրոց,

Դու հույս՝ մշուշի, Անմահության բոց։

***

Իմ Ստեփանակե՛րտ, դու իմ փունջ ծաղիկ․

Դու իմ սրտի բերդ, դու հայոց բալիկ։

Քեզ ո՞վ կթողնի մնաս ուրիշին,

Բախտդ քո ա՛զգը պիտի որոշի։

Կմեռնեմ հողում ես քո տիրական,

Այս կռվի բովում քո նվիրական։

 

․․․ ԻՍԿ ՄԵՆՔ ԿՄՆԱՆՔ

Հավատում էի՝ այս օրը կգա՛,

Այնքան ուրախ եմ, ա՜րևս վկա,

Այսօր լցվեցին սրտերը փխրուն,

Արցունք երևաց աչքերում տխուր,

Եվ փչեց զուռնան մեր Հայոց երգի,

Որ բալասանն է մեր ցավոտ վերքի։

Բոլորի կողմից ձեզ հալալ լինի

Մեր ոսկեվազյան խաղողի գինին,

Երգը կմնա հողում Արցախի՝

Որպես մեր հիմնը մեծ հաղթանակի։

Դուք կերթաք վաղը, իսկ մենք կմնանք,

Խոստովանում եմ ձեզ, որ կդիմանանք,

Դուք միշտ կմնաք մեր սրտերի մեջ,

Որպես հաղթության հավատամք անշեջ։

***

Երբ շատ փոքր էի, հարցնում էի՝

Ի՞նչ է Հայաստան,

Որ այսքան թանկ է ու նվիրական․․․

Տեսնես ինձ հե՞տ է ծնվել իմ մորից,

Թե՞ մորս հետ եմ ծնվել նրանից․․․

Ասացին՝ չկա՛ ուրիշ Հայաստան,

Նա է լոկ հավերժ ու նվիրական։

Ու այդ օրվանից ընդմիշտ հասկացա,

Որ այլ սուրբ երկիր ինձ համար չկա։

#Մենք հաղթելու ենք

Ադրբեջանն սկսել է հերթական և արդեն լայնամասշտաբ պատերազմը այս անգամ որպես խամաճիկ Թուրքիայի ձեռքին, որը ոչինչ չունի ակնկալելու բացի սարսափելի ծանր հետևանքներից և սա անգամ եռակողմ՝ թուրք֊ազերի֊ահաբեկիչ դիմադրության դեպքում, որից շատ լուրջ հետևություններ ունի անելու թուրք֊ազերական տերությունը և ոչ միայն: Որոնց ախորժակը իրենց հասցրել է գերագնահատված ինքնախաբեության։

Ինչպես մեր մեծերը կասեին, եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ հաղթել։

Այո՛, մենք կանգուն ենք, մենք մի բռունցք ենք, որին հնարավոր չէ հաղթել, և կրկին փաստեցինք, որ քանակը ոչինչ է, որակ է պետք։

Եվ այս անգամ Հայը կրկին մենակ է, և դա բնական է, բայց մենք հզոր ենք և դիմակայում ենք անգամ եռակողմ լավ զինված զորքերին։ Միևնույն ժամանակ, մեծ ակնկալիք ունենք աշխարհից, միջազգային հանրությունից, բայց զուր են մեր սպասումները: Եկեք այլևս չխոսենք աշխարհի մասին, որովհետև մենք դուրս ենք «աշխարհ» բաժնից։ Մենք ավելին ենք, քան աշխարհը և ամեն ինչում, քանի որ մենք ՀԱՅ ենք, ովքեր մարդասեր են անգամ պատերազմի դաշտում։ Աշխարհի մասին ավելորդ է խոսել և առավել ևս նրանից ինչ֊որ բան սպասել, քանի որ աշխարհի համար առաջնահերթ սեփական շահադիտական խաղաքարտերն են:

Քաղաքականության մեջ չկան մարդիկ, կամ անմեղ ու մեղավորներ, կան ընդամենը խանգարող հանգամանքներ։ Ինչ սպասել և ինչու սպասել աշխարհից, եթե անգամ 1915թ. Հայոց Ցեղասպանությունն իր արժանվույն լուծումը չի ստացել մինչ օրս, ու այսօր կատարվողը նաև դրա հետևանքն է:

Այսքանից հետո մենք դեռ ինչ֊որ բա՞ն ենք ակնկալում աշխարհից։ Մեր հույսն Աստված է, մենք ենք, մեր հերոսները: Մենք ենք աշխարհը, այլ աշխարհ գոյություն չունի։

Եվ թող ոչ մեկը չմոռանա քրիստոնեությունն առաջինը ընդունած հզոր ու բացառիկ ազգիս մասին, քանի որ դա արդեն ամեն ինչ ասում է։

Փառք Տիրոջը, փառք Հայոց ազգին, փառք Հայոց բանակին, փառք և խոնարհում մեր Հերոսներին։

#ՄԵՆՔ_ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ