Ազատ տարածք խորագրի արխիվներ

marina mkhitaryan shirak

Անգնահատելի հարստություն

Երբ վերջանում է ամառային արձակուրդը, հրաժեշտ տալով մեզ համար ընտանիք դարձած բակին ու մեր ընկերներին՝ գնում էինք այնքան տանջանքներով լի թվացող դպրոցը…

Հիշում եմ՝ տարեսկզբին դասղեկի հետ ունենում էինք «ամփոփենք արձակուրդը» կոչվող փոքրիկ զրույց։ Գրեթե միշտ հարցերը նույնն էին, իսկ իմ պատասխանները երբեք չէին փոխվում։

-Այս տարի լավ հանգստացա՞ք, երեխաներ ջան, ի՞նչ արեցիք, ո՞ւր գնացիք արձակուրդներին,- հարցնում էր դասղեկս։

Դասարանում մեծ աղմուկ էր ստեղծվում, ամեն ոք շտապում էր արագորեն պատմել, թե ընտանիքով որտեղ են անցկացրել ամառային հանգիստը, թե ինչ տեսարժան վայրեր են այցելել, թե քանի երկիր են տեսել… Միայն դժգոհում էին, որ առանց ծնողների թույլտվության և ներկայության իրավունք չունեին շատ հեռուն գնալ։ Լսելով դասընկերներիս պատասխանները՝ մտածում էի, թե ինչքան հարուստ են, որ կարող են իրենց այդպիսի ճոխություն թույլ տալ, կարծում էի, որ հենց դա է իրական հանգիստը և, որ ամենալավ արձակուրդը ծովում լողալն է…

Ինչպես վերը նշեցի՝ հարցերը նույնն էին, և իմ պատասխանը ևս երբեք չէր փոխվում։

Ամառային արձակուրդներին ես միշտ գնում էի գյուղ՝ տատիկիս ու պապիկիս տուն։ Երբ արդեն անցան շատ տարիներ, հասկացա, որ ես ապրել եմ դրախտում։ Վստահ եմ՝ նրանք երբեք իմ նման խենթություններ չեն արել։

Արդյոք պառկե՞լ են նրանք թաց կանաչին, որպեսզի սովորեն աչքերը բաց նայել արևի կիզիչ ճառագայթներին…

Արդյոք քայլե՞լ են բոբիկ ոտքերով տաքությունից այրվող սև հողի վրայով…

Արդյոք բռնե՞լ են բզեզներ և ներարկիչով փորձել ներարկումներ կատարել… Արդյոք վազե՞լ են այնքան հեռուն, որ կարծես չկան արգելքներ ու սահմանափակումներ իրենց դիմաց…

Արդյոք գնացե՞լ են դեղինով օծված ոսկյա դաշտերը, որի ծաղիկների բույրից մարդ խելագարության կհասնի, որոնցից իրենց տատիկը ծաղիկներով լեցուն ծաղկեպսակ կհյուսի… Արդյոք նստե՞լ են գետի եզերքին ու վայելել ձկների աղմկոտ պարը…

Արդյոք վայելե՞լ են առվակի և սոխակի անչափ տպավորիչ դուետը…

Արդյոք պաղ աղբյուրից ջո՞ւր են խմել և հետո ձեռքերով չփչփացրել այդ ջրի մեջ…

Արդյոք ընկերների հետ մտե՞լ են կողքի տատիկի այգին, որ միրգ գողանան…

Արդյոք եղե՞լ են երբևէ կտուրում ու ուկնդրել անձրևի ու տանիքի միալար սիմֆոնիայի նվագակցությունը…

Ոչ, նրանք երբեք չեն տեսել այսպիսի գույնզգույն ու պատկերավոր շնչավոր բնություն, նրանք երբեք չեն պարզաբանել այս հեքիաթային գաղտնիքները։

Եվ վերջապես, այս ամենն իզուր չի անցել, սա էլ իր էական նշանակությունն ունեցավ իմ երազների աշխարհում։ Հենց գյուղում՝ երկու խնձորենիների մեջտեղում՝ ճոճանակին նստած գրքեր էի կարդում, բնության նկարագրություններն էլ ավելի լավ ընկալում, գրում էի բանաստեղծություններ, ոգեշնչվում կյանքի հանդեպ ունեցած անսահման սիրով։ Աշխարհագրական դիրքը, շրջապատող իրականությունն իր հստակ ու խորը ազդեցությունն ունեցավ իմ անհատականության ձևավորման վրա։

Իսկ այժմ հասկանում եմ, որ հարստությունը մարդու ներսից է, որ եթե մարդ ցանկանա, ամենահասարակ բաներում էլ երջանկություն, կարևորություն և հարստություն կգտնի։ Հավատացեք, ես նման դրախտային գույներով չէի նկարագրի բարձր ու լուսավոր քաղաները, և թեկուզ ամենատպավորիչ երկիրը, որ ես երբևէ կտեսնեմ։ Ինչի մեջ, որ ուզում ես առաքինին, վսեմը, լավը տեսնել, Աստծո աչքերով նայիր, քանզի հենց Տերն է այս ամենը կերտողը, արարողը և նման բնության մեջ բարությունը տարածողը։

Հիմա ո՞վ է հարուստը՝ ե՞ս, թե՞ մյուսները…

Screenshot_12

Միֆեր covid-19-ի մասին

  • Այն, որ կորոնավիրուսը վտանգավոր է միայն ցուրտ երկրներում, միֆ է. վիրուսը կարող է տարածվել յուրաքանչյուր երկրում՝ նույնիսկ ամենատաք կլիմա ունեցող։
  • Միֆ է, որ ցուրտն ու ձյունը կարող են սպանել կորոնավիրուսը, չվարակվելու համար պետք է հետևել մասնագետների խորհուրդներին, ոչ թե հույսը դնել եղանակի վրա։
  • Եթե վիրուսն արդեն ձեր օրգանիզմում է, ամբողջ մարմինը սպիրտով պատելը չի օգնի, ավելին՝ շատ քանակությամբ սպիրտը կարող է վնասել մաշկը։
  • Որևէ ապացույց չկա, որ քթի մեջ աղային լուծույթ լցնելն օգնում է կորոնավիրուսի դեմ պայքարում։
  • Սխտորն, իհարկե, օգտակար է, բայց չկա հիմք կարծելու, որ այն կարող է պաշտպանել կորոնավիրուսից։
  • Հակաբիոտիկները սպանում են միայն մանրէները, իսկ կորոնավիրուսը վիրուս է, հետևաբար միֆ է, որ հակաբիոտիկներն այս դեպքում արդյունավետ են։
  • Տաք լոգանքը չի կարող որևէ կերպ պաշտպանել կորոնավիրուսից, մարդու մարմնի ջերմաստիճանի վրա լոգանքը չի ազդում։
lusine araqelyan

Պատշգամբից ներքև

Ես մի անվախ աղջնակ էի, որին անգամ համավարակի իրական վտանգի ապառնալիքով տանը պահել հնարավոր չէր, ես մի ազատ թռչնակ էի, ով անկախ իրավիճակից՝ ճախրել էր ուզում։ Բայց այսօր, երբ ինձ համար շատ մտերիմ մարդն այդ լուրջ խնդրի առաջ է, հիմա այդ խենթ աղջիկը, նույն ինքը՝ ես, այնքան մտահոգ եմ, բայց անկախ ամեն ինչից՝ իմ սրտում կուտակված տխրության մեջ կային ուրախ բջիջներ, վերջինիս մոլեկուլներում՝ ցնծության նշույլ, քանզի ես գիտեմ, որ իմ սրտից բխած ոչ ցուցադրական աղոթքները տեղ են հասնում։

Գուցե իմ ուրախ առօրյան ինձ թույլ չի տալիս արտասվել, այսինքն՝ իրական էմոցիոնալ վիճակս ցույց տալ, բայց այդ պայծառ առօրյայի «միջանցքներում» հաճախակի հյուրընկալող տագնապ ու տխրություն կա։

Ինչևէ, թողնելով գործերս, զբաղվածությունս հաշվի չառնելով՝ վերցրի իմ ձեռքով սարքած մի գեղեցիկ նվեր, մի քանի համով բան գնեցի խանութից ու անհրաժեշտ դեղեր, հագա պաշտպանիչ, բայց և շնչառական խնդիրներ ի հայտ բերող դիմակս ու շտապեցի ընկերուհուս տուն, ավելի ստույգ՝ իրենց տան պատշգամբի տակ կանգնեցի ու մի փոքրիկ քարով հարվածեցի պատուհանին։ Վերջին գործողությանս նպատակն այն էր, որ դուրս գան տանից, որ տեսնեմ իրենց, թեև երկու մետր հեռավորությունից։

Արդեն երեկոյան ինն էր, երբ քաղաքի եռուզեռը, փողոցի լույսերը, մարդկանց անցուդարձը ուրախ թվացող փողոցում ինչ-որ յուրահատուկ տրամադրություն էին առաջացնում։ Այդժամ ես կանգնել էի ուղիղ իրենց տան պատշգամբի ներքևում։ Եվ կարծես թե իմ քարի հարվածները իրենց նպատակին էին ծառայում։

Երբ տեսա նրան ու իր ընտանիքի անդամներին, պայծառ ու շողացող ժպիտն ու աչքերի մեջ առկայծող կրակը, հասկացա, որ աշխարհում կա մի գեղեցիկ երևույթ, որը «հույս» է կոչվում։

Արցունքներս զսպելով՝ ես էլ ժպտացի իրենց, այնուհետև ընկերուհիս իրենց պատշգամբից մի երկար պարան ձգեց դեպի ինձ, ու ես դողացող ձեռքերով նվերները դրեցի իրենց պարանին կապած տոպրակի մեջ, և նա պարանի օգնությամբ դրանք վերև բարձրացրեց։

Դա կյանքիս մեջ պատահած այն գեղեցիկ երևույթն էր, որ երկու բառով նկարագրել եմ ուզում՝ բարություն և ինքս իմ անձի հանդեպ դրսևորված երախտագիտություն։

Այս ամենին հաջորդեցին օդային համբույրները, ու ես լայն ժպիտը դեմքիս տուն գնացի։

20200823_114414~2

Սրբալույս մյուռոն

Դարեր առաջ Հայոց աշխարհում ծառաշատ, եդեմային մի անկյուն կար, որ գտնվում էր Տարոնում՝ Մշո դաշտից հարավ: Դա պատմական Եղրդուտն էր: Ասում են՝ հնում մշեցի ծերունիները գալիս էին, ըմբոշխնում այդ արտասովոր գեղեցիկ տեսարանը և 20 տարով երիտասարդանում: Երրորդ դարում այստեղ վանք է կառուցվել: Մինչև Եղրդուտ անունն ստանալը կոչվել է Շիշ Յուղո վանք, որ նշանակում է նաև Մյուռոնաման:

Մյուռոնամանի քաշը շուրջ 70 կիլոգրամ է, իսկ տարողությունը՝ 180 լիտր, պատրաստված է մաքուր արծաթից, Մոսկվայի հայ ոսկերիչների կողմից։ Մյուռոնը գործածվում է մկրտության ժամանակ՝ դրոշմի խորհուրդը կատարելիս։ Հայ եկեղեցու կանոնների համաձայն՝ մյուռոնը պատրաստվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր տաճարում յոթ տարին մեկ անգամ։

myuron1

Մյուռոնը քրիստոնեական բոլոր ուղղափառ եկեղեցիներում օծման համար սրբազան բուրավետ յուղ է, որ կաթողիկոսի օրհնությամբ ու ձեռքով պատրաստվում է ձիթապտղի յուղից, որին խառնվում է բալասան և 40 տեսակի հոտավետ ծաղիկներ, փայտեր ու բույսեր: Մյուռոնով մկրտվելը սրբությամբ օծվելն է: Իսկ այս նյութի իմաստը խորախորհուրդ և էապես հրաշալի մեկնաբանություն ունի, քանզի երկբայական փութով չի փոխում իր տեղը և ոչ էլ նենգությամբ լքում բնակատեղին, որովհետև այն չի մաքրվում օճառով և ոչ էլ ընդդիմակա մի բանով արտաքսվում:

Ըստ Նարեկացու՝ մեռոնն աներևակայելի զորություն է, որ բարետեսիլ օծում է բռնամարտիկ, մերկամրցանակ ըմբիշներին որպես զորավոր ճգնավորական հնարք, սատանայի ճիրաններին անորսալի դարձնող, դևերի և ախտերի ահարկու ախոյան։ Երբ Հերովդես թագավորի հրամանով գլխատում են Հովհաննես Մկրտչին, մեռոնը վերցնում է մի մեղավոր կին՝ Մարիամ Մագդաղենացին և զատկի տոնից 6 օր առաջ դրանով Հիսուսի ոտքերն է օծում, այնուհետև սրբում իր մազերով։

Մյուռոնի խորախորհուրդ էությունը Հիսուսի փրկչական առաքելության վրա է խարսխված, ինչը հասու և տեսանելի է միայն հոգևոր իմացությամբ՝ հավատի աչքերով։

svetlana davtyan

Մինչև երեկ ես դեռ պատրաստ էի

Երեկ մտածում էի, որ եթե լինեմ ավելին, քան դու, կդադարեմ հիշել քո մասին: Սուտ է, հերքում եմ դա: Երեկ մտածում էի, որ եթե լինեմ ավելին, կդադարեմ փողոցներով քայլելիս ամեն տեղ քո հայացքը փնտրել: Ես մտածում էի, որ սերը կարելի է գնել նվիրվածությամբ, ուշադրությամբ, ինչ-որ պահից՝ գումարով, մտածում էի՝ հեշտ ու արագ է զգացմունքները կառավարելը, մտածում էի, որ երբ լինի ուրիշը, դու ինքդ կդառնաս ուրիշ ինձ համար, մտածում էի, որ ժամանակն ու տարածությունն են ամենազորեղը ու մոռացնել կտան ամեն ինչ քեզ հետ կապված, երեկ ես դեռ չգիտեի, որ հայացքը կարող է այդպես խորը դաջվել մարդու մտքում, ես երեկ չգիտեի, որ դու ամենակարող ես, ու բոլորը քո ստվերն են լոկ: Բայց այդ ամենը ես մտածում էի երեկ, այսօր ես հերքում եմ ու ասում, որ սուտ են բոլորը։

Դու թանկ ես, ու ոչ ոք չկարողացավ քեզ իջեցնել իմ աչքից, ոչինչ չկարողացավ քեզ պակասեցնել իմ երակներում, մտքերիս անկյուններից: Ես հասկացա, որ փոքրիկ ճրագը շատ ուժեղ էր վառած հանգցնելու համար: Այսօր ես հասկացա, որ օտար են բոլոր ուրիշները, իսկ դու ուրիշ հարազատ ես:

Մտածում էիր՝ այսպես եմ ասելու: Չէ, սխալվեցիր, ինձ էդպես էլ չսովորեցիր արագ հասկանալ: Միշտ հիշիր, որ ինչքան էլ թանկ բան է ատամը, ցավելիս հանում են, գցում:

karin eranosyan

Իմ մազերն արդեն շագանակագույն են

Ես տատիս հիշում եմ: Ինձ էլ եմ հիշում՝ փոքր տարիքում: Տատս էլ մեր գյուղում չի ապրում, հիմա լրիվ ուրիշ գյուղում է: Էլ իր մշակած լոբիները չկան: Հիմա հորաքույրս է մշակում լոբիները:

Երբ դեռ մազերս լրիվ ոսկեգույն էին (հիմա մի փոքր մգացել են) միշտ տատիս հետ շուկա էի գնում, պանիր փորձելն էլ իմ սիրելի զբաղմունքն էր: Մի կտոր ինքն էր փորձում, մի կտոր էլ ինձ տալիս: Ինձ համար էլ միշտ թելիկներով պանիր էր գնում (իսկ ինձ համար մինչև հիմա էլ «փռչիկ» պանիր է):

Սիրում էի քայլել նրա հետ, ես միշտ խելոք էի, ոսկեգույն մազերս ուսերիս էին թափված, երբեք էլ չեմ սիրել պոչիկներ կապել: Լաց էի լինում, տատիկն ու պապիկն էլ մամային չէին թողնում, որ կապի:

Հետո սկսեցի գյուղ չգնալ, հիմա տարօրինակ է, որ շոգ ամռանը ես տանն եմ, բոլորի հետ բողոքում եմ շոգից, ես սովոր չէի այդ շոգին, մեր գյուղում հով է:

Հիմա դատարկ է տունը: Տատիկն ու պապիկը չկան: Պապիկը էլ չի գա, իսկ տատիկը ձմռանը կգա: Մի տեսակ սովորել եմ արդեն, պատահական չեմ հիշում ու լաց լինում բոլորից թաքուն: Կամ էլ տան սպասքն է փոխվել, էլ իրենց չի հիշեցնում, բայց «փռչիկ» պանիրը կա, համարյա միշտ կա:

Սպասում եմ տատիկը գա, որ միասին սուրճ խմենք, դպրոցից պատմեմ՝ ջղայնացած, բողոքեմ, որ նյարդայնացնում են ինձ, ինքն էլ միշտ ասի, որ պիտի բարի լինեմ, ես էլ նայեմ ծեր ձեռքերին ու ասեմ, որ ինքն իմ ամենասիրունն է:

Էլ չեմ շարունակում, աչքերս կկարմրեն, մաման կհասկանա, որ մի քիչ լաց եմ եղել:

margarita ghazaryan

«Ոչ» ասելու մասին

Մարդկային մի հատկանիշ կա, որը մեզնից շատերին տրված չէ։ Դա «ոչ» ասելու կարողությունն է, և խոսքը ամենևին էլ ամենօրյա հաղորդակցման մեջ «ոչ»-եր «շարելու» մասին չէ։ Օրինակ՝ դու կարողանո՞ւմ ես ասել «ոչ» այն ուտելիքին, որը չնայած նրան, որ շատ ես սիրում, անառողջ սնունդ է և կարող է քո առողջության վրա թողնել իր բացասական ազդեցությունը։ Կկարողանա՞ս ասել «ոչ» այն հեռուստասերիալին, որը քեզ անընդհատ պահում է լարվածության մեջ, ազդում է քո հոգեկան աշխարհի վրա։ Կարո՞ղ ես։

Եկել եմ ասելու, որ քո կյանքը բավականին կփոխվի այն օրվանից, երբ կկարողանաս ասել «ոչ» այն ամենին, ինչը քեզ պետք չէ։ Հիշեք ձեր տանը գտնվող այն առարկաները, որոնք երբեք չեք օգտագործում և տան մեջ ավելորդ տեղ են զբաղեցնում, բայց միևնույնն է, երբեք դեն չեք նետում, կամ էլ այն երգերը, որոնք դուք երբեք չեք լսում, բայց հեռախոսից ջնջել ևս չեք կարողանում։ Այսպես մենք վերաբերվում ենք նաև մեր մտքերի ու սովորությունների հետ, «ծանրաբեռնում» ենք մեր կյանքը՝ մոռանալով, որ «թարմացումների» կարիք ունենք նաև մենք։

Կար ժամանակ, երբ ես հաճախ սուրճ էի խմում, չեմ կարող ասել, թե սիրում էի։ Խմում էի ուղղակի, երևի զուտ նրա համար, որ շուրջս շատերն են խմում։ Բայց մի օր հասկացա, որ այն ինձ բացարձակ դուր չի գալիս, և այդ դեպքում խմելն ի՞նչ իմաստ ունի, հատկապես, որ գիտեմ՝ սուրճը եթե ինձ չվնասի, հաստատ չի էլ օգնի։ Եվ ես դադարեցի սուրճ խմել։ Գազավորված ըմպելիքների դեմ ևս սկսեցի պայքարել, հնարավորինս նվազեցրեցի դրանց օգտագործումը։ Փոխարենը՝ սկսեցի ավելի շատ խմել ջուր։ Վստահեցնում եմ՝ այն շատ ավելի օգտակար է։

Գիտե՞ք՝ առաջ միշտ տարբեր հեռուստասերիալներ էի նայում և այնպիսի ուշադրությամբ, որ ոչ մի սերիա բաց չէի թողնում։ Բայց կամաց-կամաց հասկացա, որ դա էլ ինձ պետք չէ։ Նախ՝ հեռուստատեսություններում շատ հազվադեպ են հանդիպում որակյալ և նայելու արժանի սերիալներ կամ հաղորդումներ, բացի դրանից էլ՝ վերջիններս անասելի չափով ազդեցություն են թողնում մեզ վրա, որը շատ հազվադեպ է դրական լինում։ Մենք գիտակցաբար, թե անգիտակցաբար մեր ուղեղը «ծանրաբեռնում» ենք ոչ պետքական ինֆորմացիայով, թույլ տալով, որ մեզ «կառավարեն»։ Իհարկե, այս ամենը փոխաբերական իմաստով։ Հուսամ՝ կհասկանաք ինձ։

Եվ այսպես, ես դադարեցի նայել հեռուստացույց, իսկ երբ ինչ-որ բան նայելու ցանկություն եմ ունենում, փնտրում և դիտում եմ ֆիլմեր, որոնց վրա ո՛չ շատ ժամանակ եմ վատնում, ո՛չ էլ այդքան լարված օրեր եմ անցկացնում, պարզապես մեկ կամ մի քանի ժամ առնչվում եմ որևէ պատմության հետ, որից հաստատ ինչ-որ դրական բան վերցնում եմ, իսկ եթե այն ինձ դուր չի գալիս, երբեք մինչև վերջ չեմ նայում։

Այսպիսով, ես ասացի «ոչ» սուրճին, գազավորված ըմպելիքներին, հեռուստացույցին՝ իր նույնաբովանդակ, հոգնեցնող սերիալներով ու հաղորդումներով, և ամենակարևորը՝ այն մարդկանց, ովքեր բացասական էին ազդում իմ կյանքի, մտածելակերպի և տրամադրության վրա։ Երևի ձեր շրջապատում էլ կլինեն այնպիսի մարդիկ, որոնց հետ շփումը ձեր կյանքում ավելորդ է, բայց դուք նրանց ներկայությանը չեք կարողանում «ոչ» ասել։ Այդպիսի մարդիկ շատ ավելի բացասաբար են ազդում մեզ վրա, քան սուրճը, գազավորված ըմպելիքները, ալկոհոլը, հեռուստատեսությունը և շատ այլ ոչ օգտակար առարկա/երևույթներ միասին վերցրած։

Բայց մեզ համար երբեմն այնքա՜ն դժվար է հրաժարվել այն ամենից, ինչը դարձել է մեր առօրյայի մի մասը։ Օրինակ՝ աղջիկների մեծամասնությունը, հաճախ նույնիսկ լավ իմանալով, որ այդքան շատ դիմահարդարումը կարող է վաղաժամ ծերացման, դեմքին շուտ կնճիռներ առաջանալու պատճառ դառնալ, գրեթե ամեն օր դիմահարդարվում է։ Իսկ տղաների գերակշիռ մասը, գիտակցելով, որ ծխախոտը վնասակար է առողջության համար, միևնույնն է, շարունակում է ծխել։ Դե, կարծում եմ՝ նույնիսկ ավելորդ է խոսել ալկոհոլի մասին։

Իսկ վերջում ես չեմ ասի՝ սկսեք «ոչ» ասել ձեր ոչ պետքական սովորություններին, ուղղակի կբավարարվեմ այսքանով՝ ենթադրությունները թողնելով ձեզ։ Ժպտացե՛ք։

svetlana simonyan

Բարություն, անունդ մարդ է

Եղբորս հետ հերթական անգամ դուրս էինք եկել քաղաքում զբոսնելու։ Զբոսանքը վերջացնելուց հետո որոշեցինք քայլելով գալ տուն։ Ճանապարհին հանդիպեցինք մի տատիկի, ով ծանր տոպրակները ձեռքին գնում էր։ Մոտեցանք, միանգամից տոպրակները վերցրինք ու տատիկին ուղեկցեցինք տուն։ Ու էդ տատիկը ինձնից հեռախոսահամար ուզեց։ Տվեցի, քանի որ մտածում էի՝ էլի կունենա օգնությանս կարիքը։ Մի քանի օր հետո տատիկից զանգ ստացա, պատասխանեցի զանգին։ Ասաց, որ Մոսկվայում տուն ունի, և եթե ես հանկարծ այցելեմ Մոսկվա, կարող եմ իր տանը մնալ։ Անկեղծ՝ շատ էինք ուրախացել, որ միանգամից գնահատվեց մեր արածը։ Լավ գործը միշտ էլ վերադառնում է։

Ես դաստիարակվել եմ բարի մարդկանց կողմից ու բարությունը իմ մեջ սերմանված է դեռևս մանկուց։ Բարություն պետք է անել ամենուր։ Պետք է բարություն տեսնել ու շնչել։ Բարությունն էլ է արվեստ։ Ամենուր և ամենքի մեջ պետք է փորձես սերմանել բարին։ Բարություն է, երբ փողոցում տեսնում ես անօգնական տատիկի և օգնում ես նրան փողոցն անցնել՝ իհարկե ձեռքից վերցնելով և ինքդ կրելով ծանր-ծանր պայուսակները, որ լցված են տարատեսակ ուտելիքներով՝ նախատեսված թոռնիկների համար։ Բարություն է, երբ տեսնում ես՝ փոքրիկը ընկած է ու միանգամից մոտենում ու վեր ես բարձրացնում նրան՝ շորերը թափ տալով և վերքը մշակելով։ Բարություն է, երբ վերջին պահին օգնում ես տնային աշխատանքը չհասցրած ընկերոջդ ու տալիս ես քո տետրը, որ արտագրի։ Բարություն է, երբ մոռանալով քո մասին՝ կերակրում ես փողոցում թափառող, անօթևան շնիկներին և հետո նոր միայն ինքդ ուտում։ Բարություն է, երբ մայրիկիդ աչքից վրիպած փոշին դու ես մաքրում՝ մտածելով ավելորդ չտանջել նրան։ Եվ ի վերջո բարություն է, երբ անտուն մարդուն ամեն օր քո նախաճաշից բաժին ես տալիս։ Ում սիրտը բարի է, նա ազնիվ է նաև աղքատիկ հագուստի մեջ։