Ամենօրյա կյանք խորագրի արխիվներ

davit aleqsanyan

Արձակուրդներ են, բայց ոչ ինձ համար

Եթե ուշադիր հետևել եք կայքին, նկատած կլինեք, որ մի ամիս է՝ նյութ չեմ գրել։

Հիմա կասեք՝ դասերի ժամանակ անընդհատ գրում էր, բայց հենց արձակուրդները սկսեցին, չգրեց։

Արձակուրդներին ավելի դժվար է ժամանակ գտնելը, քան դասերի ժամանակ։ Հավատացեք, էդպես է: Չէ, ոչ թե քննությունների եմ, կամ ասենք, դրսում ընկերների հետ շփվելն ու գժություններն են խանգարում, կամ թե չէ՝ արդեն սկսել եմ պարապել, այլ գործերը։

Դե, երևի, բոլոր անասնապահներն էլ հասկացան, թե ես ինչ եմ ասում, իսկ ով էլ չհասկացավ՝ ասեմ։ Անասունների խոտը, որ իրենք ուտում են ձմռանը, մարդիկ հիմա են կուտակում. խոտ են հնձում սարերում, հավաքում, կապում այդ խոտը ու տանում տուն, էնտեղ էլ դեռ դասավորել է պետք, որ անձրևից չթրջվի:

Դե ես էլ ամեն օր այս նույն գործերն եմ անում։ Իմ արձակուրդներն սկսվում են հուլիսի քսանից հետո։ Այս նյութն էի հավաքում, մեկ էլ հորեղբայրս զանգեց.

-Դավ, ո՞ւր ես:

- Տանը, ի՞նչ կա որ:

-Դե արի, որ հեսա գնըմ ենք խոտ հնձող:

-Էսա՝ եկա մի 10 րոպեից:

-Լավ:

Լավ, ես գնամ։ Արձակուրդներ են, բայց ոչ ինձ համար։

naira mkhitaryan

Թեթև կյանք

-Երեխեք, եկեք «հարսանիք-հարսանիք» խաղանք:

-Հա, ճիշտ ա, Սյուզին թող լինի հարսը, ինքը հարսի շոր ունի:

-Դե, դու էլ եղի փեսան, Սահակ:

-Չէ, ես չեմ խաղում:

-Լավ էլի: Որ լինես փեսա, սրանից հետո քո ուզած խաղը կխաղանք:

-Լավ, լավ, կլինեմ փեսա:

Հարսի ու փեսայի դերերը բաժանելուց հետո մեկը լինում էր վարսավիրը, մյուսին հանձնարարում էինք հարսի համար ծաղկեփունջ պատրաստել, երրորդը վարդի թերթիկներ էր քաղում հարսի ու փեսայի գլխին շաղ տալու համար: Հա, չմոռանամ նշել խանութպաններին: Դե, պարզ է՝ խանութից առևտուր անելու համար պիտի գումար ունենաս: Գումար մենք շատ ունեինք: Եթե տորթը կարող էր պատրաստված լինել դաշտի ամենատարբեր ծաղիկներից, հոգ չէ, գումարն էլ ծառերի տերևները կարող էին լինել, եթե, իհարկե, տերը մոտակայքում չէր ու նկատողությունների տարափ չէր թափի գլխներիս.

-Այ երեխեք, հերիք ա էդ խակ ցոգոլները ուտեք, թողեք հասնի:

-Հլը շուտ հելեք էդ դաշտից, սաղ խոտը տրորիք: Գնացեք ձեր դաշտերը մտեք:

Հարսանեկան պատրաստություններից հետո սկսվում էր խաղի ամենահետաքրքիր պահը՝ բուն հարսանիքն ու քեֆ-ուրախությունը: Ունեինք իսկական հարսանիքի բոլոր տեսակի ուտեստները. բոլորի հիմքում ընկած էր խակ ցոգոլը:

Հարսանիքի ավարտից հետո գնում էինք տուն՝ մոռանալով Սահակին տրված խոստման մասին, ու Սահակը միշտ ասում էր, որ հաջորդ անգամ ինքն էլ փեսա չի լինի:

Ամեն խաղ-հարսանիքից հետո մայրս ասում էր.

-Վա՜յ, երեխեք, մի շտապեք՝ կամուսնանաք: Երանի իսկական հարսանիքներն էլ ձեր խաղերի նման լինեին. փողը՝ ծառերի տերևները, տորթը՝ ծաղիկներից, հարսանիքի սրահն էլ՝ ձրի:

Չրերի թագուհին

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Երբ գալիս է ամառը, բոլոր տներում սկսվում է եռուզեռը: Մաքրություն, գորգեր լվալ, կոմպոտներ փակել, ջեմ, մուրաբա եփել և, իհարկե, չրեր պատրաստել: Մայրիկիս հետ ես էլ եմ փորձում խառնվել այդ գործերին, ինձ զգում եմ «չրերի վարպետ» և սկսում եմ աշխատանքս: Մայրս ոսկի ձեռքեր ունի, ամեն բան գալիս է նրա ձեռքից, բայց, իհարկե, տատիկիս նման հմուտ չի ստացվում: Երկար տարիներ է, ինչ տատս չրեր է պատրաստում, բոլոր գյուղերում էլ տատիկները անմահական չրեր ունեն պատրաստած:

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Կան ուտեստներ, որոնք տեսքից շատ գեղեցիկ են, իսկ իրականում այնքան էլ համեղ չեն, բայց մեր չրերը և՛ տեսքից են շատ գեղեցիկ, և՛ համն է հոյակապ: Դեռ մրգերը չհասած՝ տատս խառնվում է.

-Ըհը, արդեն կեռասը հասնում է, կարող ենք չիր պատրաստել:

-Տատ, բայց դեռ բավականաչափ չի հասել, ո՞նց ես սարքելու:

-Դու չես հասկանա, ես կանեմ՝ նոր կտեսնես:

-Լավ-լավ, դե քեզ տեսնեմ:

Ամեն տարի դա է ասում, ու իսկապես այսպես է. եթե ուզում եք չիր պատրաստել, պետք է միրգը փոքր-ինչ խակ վիճակում քաղել:

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Արդեն վերջացրել ենք կարմիր կեռասի չիրը, սկսել ենք դեղինը պատրաստել, մինչև դա էլ վերջացնենք՝ ծիրանը կհասնի, ու հերթով կանենք: Միայն մեզ համար չենք անում, այլ նաև վաճառքի: Այնքան շատ է, որ չեմ հասցնում բոլորից փորձել: Դե, ես օգնելու փոխարեն կողքից արագ-արագ ուտում եմ, որ իմ գնահատականը տամ: Հենց հասկանում եմ, որ մերոնք ասելու են՝ գնա կեռաս կամ ծիրան քաղիր, միանգամից ինչ-որ պատրվակ եմ գտնում և վազում տուն: Ի՞նչ անեմ՝ ես էլ այդ գործը չեմ սիրում: Ինչքան ասեք՝ մրգերը կկեղևազրկեմ և միջուկը կհանեմ, բայց չեմ քաղի: Մեծ սիրով բոլորին հրավիրում եմ փորձելու մայրիկիս և տատիկիս չրերը, դուք չեք փոշմանի, և կօգնեք մեզ ի վերջո հավաքել մրգերը:

Nane Eghiazaryan

Հանուն ավելի կարևորի

Այս ամառ ես փնտրում եմ աշխույժ զբաղմունքներ, բայց մինչ օրս չեմ գտնում: Շատերի համար աչքերը բացելուն պես արև տեսնելն արդեն լավ օրվա սկիզբ է, բայց ինձ լավ տրամադրություն ունենալու համար միայն արևը չի հերիքում: Իմ կարծիքով, ամռանը պետք է հանգստանալ լիովին. պետք է հայտնվել մի աշխույժ խմբում, ընտրել թեմա՝ հետաքրքիր զրույց վարելու համար, կամ ինչ-որ լավ բան անել, ու օրը դարձնել անմոռանալի:

Հունիսի առաջին օրերը հենց այսպես էլ երևի անցնում էին, երբ հանկարծ մայրս ինձ հարցրեց՝ արդյոք ուզո՞ւմ եմ անգլերենս բարելավել: Նա շատ զարմացավ, երբ տեղիցս վեր թռչելով՝ «այո» ճչացի: Անկեղծ ասած, ես էլ զարմացա իմ այդ մեծ ուրախության վրա: Մայրս ասաց, որ Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոսներից մեկը անգլերենի դասեր է տալիս Եղեգնաձորի «Գալիք» համալսարանում ամեն շաբաթ և կիրակի օրերին: Ես համաձայնեցի ամեն շաբաթ օր հանուն անգլերենի արթնանալ առավոտյան շուտ, Ջերմուկից գնալ Եղեգնաձոր, և ամեն երկուշաբթի վերադառնալ Ջերմուկ:

Սկսվեցին դասերը, որոնցից ես իսկապես հաճույք էի ստանում: Հանկարծ տեղեկացա, որ էկոտուրիզմի փառատոն կա, որին կարող եմ մասնակցել, բայց շաբաթ և կիրակի օրերին է: Որոշեցի դրանից հրաժարվել հանուն գիտելիքի, հետո ամբողջ ֆեյսբուքյան էջս սկսեց լցվել ամառային ճամբարների մասնակցելու հայտերով, բայց ես ոչ մեկին չեմ կարող մասնակցել, որովհետև շաբաթ-կիրակի զբաղված եմ: Սկսեցի իմ սովորության համաձայն դժգոհելով ման գալ, երբ եղբայրս ինձ մի լավ խորհուրդ տվեց. «Երբեմն ամենամեծ գանձին հասնելու համար պետք է հրաժարվել մանրերից, որոնք միգուցե շատ են, բայց այնքան արժեք չեն ունենա, ինչքան մեծը»: Եվ իսկապես, եղբորս խոսքերը լսելուց հետո դադարեցի դժգոհելուց: Ամեն տարի էլ կլինեն ճամբարներ, էկոտուրիզմի նոր փառատոներ և միջոցառումներ, բայց ամեն տարի հնարավորություն չես ունենա մասնակցելու նման դասերի: Դեռ մեկ ամիս էլ չեմ գնացել պարապմունքների, բայց գրեթե ամբողջությամբ հասկանում եմ, թե ինչ են խոսում անգլիացխոսները (իմ քաղաքում նրանց հանդիպելը դժվար չէ):

Հուսով եմ, որ իսկապես կկարողանամ հասնել արդյունքի, որովհետև այս ամռան հետ կապված բոլոր պլաններս մի կողմ եմ դրել, որպեսզի հասնեմ «ամենամեծ գանձին»:

valentina chilingaryan ararat

Մի ամլիկ գառ …

Սովորականի պես օրվա լրահոսն էի կարդում, մեկ էլ տեսնեմ՝ «մի ամլիկ գառ, իրեն համար…» Չէ: Ջուր չէր խմում առվակից: «Ջրառատ գյուղում 8-ոտանի, 2 պոչանի, 3 աչքանի գառնուկ է ծնվել» նյութի վերնագրից ելնելով, հետաքրքրությամբ բացեցի այն: Կարդում եմ նյութը, ու ոգևորվում, որ մեր հայ գիտնականները նոր ուսումնասիրության առարկա ունեն: Նոր էքսպերիմենտներ, նոր լուծումներ…

Դե բնական է, կենդանին կենդանի չէր կարող մնալ, բայց գոնե կարելի էր պարզել նրա այդպիսին ծնվելու առեղծվածը: Միանգամից զանգեցի ընկերոջս ու պատմեցի դեպքը: Սկսեցինք վարկածներ առաջ քաշել, թե որն է գառնուկի այդպիսին ծնվելու պատճառը: Ու քանի որ ինֆորմացիան բավարար չէր, որոշեցի ավելի շատ մանրամասներ իմանալ:

Րոպեներ հետո հաղորդագրություն ուղարկեցի նյութը լուսաբանողին` Գագիկ Շամշյանին: Նամակում խնդրել էի այդ ընտանիքից որևէ մեկի հեռախոսահամարը: Անցան ժամեր: Չիմացա թե ինչպես խորը քուն մտա: Առավոտյան ստացել էի նամակի պատասխանը: Շա՜տ ուրախացա: Սիրտս վկայում էր, որ գնալու եմ Ջրառատ: Զանգահարեցի ինձ ուղարկված հեռախոսահամարով, ներկայացա, հետո ճշտեցի եղելությունը: Սկսեցի ներկայացնել նպատակս: Զրուցակիցս ծեր մարդ էր, որովհետև զգացվում էր ձայնից: Ասաց.

-Աչոն ջան, ինչ ասում եմ, գրի՛:

Դե ինձ նյութը պետք չէր, նյութին ծանոթ էի, բայց ամեն դեպքում որոշեցի լսել Զոհրաբ պապիկին: Ոգևորված պատմում էր գառնուկի մասին, իսկ ես համբերատար լսում էի՝ սպասելով, որ հարցնեմ. «Իսկ ի՞նչ արեցիք գառնուկի հետ»:

-Գրու՞մ ես, աչոնիկ ջան,- երկար պատմությունից հետո հարցրեց Զոհրաբ պապը,- ուզու՞մ ես նորից թելադրեմ: Դու հանգստացի՝ գրի, հանգստացի՝ գրի:

-Չէ, պապի ջան, շնորհակալ եմ, նյութին տեղյակ եմ: Դուք ասեք՝ վերջը: Վերջը, որտե՞ղ ուղարկեցիք գառնուկին հետազոտության:

-Աչոն ջան, մեր գառնուկը սատկեց:

-Էհ, պապի ջան, բա չհետաքրքե՞ց, թե ինչու է գառնուկը այդպիսին ծնվել: Ես ուզում եմ ինքս տեսնել, ուղղակի Ձեր թույլտվությունն եմ խնդրում: Հիմա որտե՞ղ է գառնուկի անշնչացած մարմինը:

-Գառնո՞ւկը: Աչոն ջա՛ն, էն փոքր թուլես`թոռս, տարավ գցեց շան դեմը: Ա՜խր, շատ չար ա, է, թոռս:

-Ու՞,- հույսը չկտրած անբուժելի հիվանդությամբ տառապող մարդու նման հարցրի ես:

-Ո՞ւ: Դու էն ասա, հասցնո՞ւմ ես գրել:

-Հա, պապի ջան, շնորհակալ եմ շատ, շատ օգնեցիք: Ձեզ առողջություն: Լավ մնացեք:

Ո՞ւ … Լավ պապիկ էր Զոհրաբ պապը: Չալարեց, ու նորից պատմեց ինձ ողջ եղելությունը: Գառնուկին հետազոտել չստացվեց, բայց դրա փոխարեն հիմա այս պատմությունն եմ գրում:

Առողջություն աշխարհի բոլոր պապիկներին ու տատիկներին:

arman arshak

Սփիներներն ու մենք

Հոդվածիս վերնագիրն արդեն ամեն ինչ ասում է: Այո, այո, ես խոսելու եմ արդեն շա՜տ լայն տարածում ու ճանաչում վայելող սփիներներից, խոսելու եմ մեր առօրյայի մասը կազմող երևույթներից։

Գրեթե մեկ տարի առաջ բոլորը խոսում էին պոկեմոններից, տարված էին այդ խաղով։ Երիտասարդների հետ խոսելիս միշտ թեմա կլիներ պոկեմոններից խոսելու: Բոլորն ունեին իրենց հեռախոսների մեջ այդ խաղը, սակայն եկավ մի պահ, որ հոգնեցին այստեղ-այնտեղ պոկեմոն որսալուց, և խաղը մոռացվեց։ Այսօր չես գտնի մեկին, ով խոսի պոկեմոններից: Ինձ թվում է՝ անգամ խաղացող չկա։

Պոկեմոնների կորստին ի պատասխան, չուշացավ հնդկական սերիալների աղմուկը: Ազգովի քննարկում էին, բոլոր կայքերը խոսում էին, անգամ մեր թղթակիցներից մի քանիսն էին գրում դրանց մասին, բայց այսօր կարծես սովորական է դարձել, թվում է, թե արդեն հարմարվել ենք։

Հնդկական սերիալներին հետևեց նախընտրական աժիոտաժը։ Եվ ինչպես ես գրել էի իմ «Նախընտրական Հայաստան» հոդվածում. «Տեսնես, երբ ավարտվեն ընտրությունները, ավարտվեն հետընտրական քննարկումները, հայաստանցու առօրյան էլ ի՞նչը կլցնի»։ Հետընտրական Հայաստանում հայերի մեծ մասի առօրյան լցվեց եվրատեսիլյան քննարկումներով։ Դե հա, մենք այդ երաժշտական տոնին լուրջ կարևորություն ենք տալիս։

Իսկ այժմ հստակ կարող եմ ասել, որ հայաստանցու առօրյան սփիներներն են լցրել: Եթե մենք չենք օգտագործում դրանից, ապա վստահ եմ, օրվա ընթացքում փողոցում կտեսնենք շատերին, ովքեր կենտրոնացած պտտեցնում են:

Շատ մարդիկ պնդում են, որ սփիներները հանգստացնում են մարդկանց նյարդերը, սակայն նրանք, ովքեր դեմ են դրան, ասում են, որ այդ խաղալիքը ունենում է հակառակ ազդեցություն:

Սփիներների մասին կարդալիս իմացա, որ լայն տարածում են գտել նաև ԱՄՆ-ում: 2017 թվականին Ամերիկայում սպիներների նկատմամբ հետաքրքրության աճը հասցրեց նրան, որ շատ երեխաներ և անչափահասներ սկսեցին դրանք օգտագործել նաև դպրոցներում: Դպրոցներից հայտնում էին, որ երեխաներն անգամ վաճառում և փոխանակում են դրանք: Boston Globe-ին տված հարցազրույցում Նյու Հեմփշիր նահանգի 6-րդ դասարանի ուսուցիչը պատմել է, որ երբ արձակուրդներից նոր էին վերադարձել, ընդամենը մի քանի երեխաներ ունեին սպիներ, հետո դրանք հայտնվեցին ևս մի քանիսի մոտ, որից հետո դրանք նորաձև դարձան:

Փաստորեն ողջ աշխարհում է տարածում գտել:

Դե ինչ, տեսնենք սփիներները երբ կարտագաղթեն Հայաստանից, և այս անգամ ինչ նոր մոլուցք է փոխարինելու գալու:

seda harutynyan-2

Անջատեք արևը

Անջատեք արևը։
Ամեն առավոտ նույն միտքը գլխումս արթնանում եմ՝ հաճախ կատակելով, որ արևը պաշտոնապես իմ զարթուցիչն է դարձել։

-Բարև, Ռիմա տոտա ջան։
-Բարև, Սեդուլ ջան։
Ամեն Աստծո օր ինձ դասի է ճանապարհում մեր շենքի կողքին համեղ բլիթներ վաճառող տատիկը:

-Բարև, երեխեք, անգլը գրե՞լ եք,- սովորական խոսակցություն մեր կուրսում։

-Բարև Ձեզ, որ խնդրեմ՝ ինձ պաղպաղակ կտա՞ք։
-Բարև, թիթիզ ջան, իհարկե։
Հասցրել եմ նաև ընկերանալ քոլեջի մոտ գտնվող խանութի աշխատողների հետ։

-Ալո, Անուշ, արագ կանգառ արի, վատ եմ։
Ու ընդամենը մի րոպեից հեռվում նշմարվում է վազող ընկերուհիս, որը հասնում է կանգառ ու սկսում նեղանալ ինձնից՝ իր հետ նման կատակներ անելու համար։

-Մա՞մ, ո՞նց ես։
-Լավ, իմ աղջիկ, դո՞ւ։
-Հիանալի, մամ, ու գիտե՞ս՝ ինչի, որովհետև եղանակն էլ է շատ լավը, ու գիտե՞ս՝ դա ինչ է նշանակում, որ…
-Չէ, Սեդ, ոչ մի դուրս, դաս արա, քննությունների ես։

-Տատ, ի՞նչ կա ուտելու։
-Համով բորշ եմ պատրաստել, բալես։
-Ահա՜, էսօր էլ սոված մնացի։

-Բարև աշխատավոր պապիկին։
-Բարև, ինձ հենց հիմա «կոֆե» դնող գեներալ։
Սովորական պապիկ-թոռնիկ հարաբերությունները մեր տանը։

-Ի՞նչ կա էդքան էդ հեռախոսի մեջ։
-Մամ, «Մանանայի» երեխեքի հետ եմ զրուցում, սպասիր։
-Ո՞ւմ հետ։
-Մամ, «Կանաչիկի»։
-Հա՜, Սոնա՞ն։
Մայրիկիս արդեն ծանոթացրել եմ բոլոր-բոլորի հետ։

Իսկ գիշերը պառկում եմ ու սկսում կարդալ 17.am-ում նոր տեղադրված նյութերը։ Լիլիթի վերջին նյութն ինձ շա՜տ դուր եկավ: Նա գրում է, որ «Մանանայի» շնորհիվ Հայաստանի բոլոր կետերից արդեն ծանոթներ ունի։ Իրոք որ, էլ Մալիշկա, էլ Մարտունի, էլ Ակնալիճ, Աբովյան, Գյումրի, Բաղանիս, Երևան, Սոլակ և այլն։

Իսկ առավոտյան նորից.
-Գրողը տանի, անջատեք այս արևը։

elita balyan

Ցանկապատն ու կծան աքլորը

Տատիկս անընդհատ պապիկիս ասում էր.

-Հավաբնի աղաքը սետկա քաշի, վեր հավերին կարամ տյուս անեմ, ղրղին տանի վեչ:

Ամեն անգամ լսում էի այս արտահայտությունը, երբ գնում էի տատիկենցս այցելության: Պապիկս ասում էր.

-Վե՞նց սարքեմ, սաղ օրը բխճեքումը գործ եմ անում:

Մի օր էլ գնացի տատիկենցս տուն ու տեսա, որ պապիկս ցանկապատում է հավաբնի դիմացը:

-Էդ արդեն սարքո՞ւմ ես, պապի:

-Էհ, բալես, բա հի՞նչ անեմ:

Ու գնացի, որ տատիկիս ասեմ:

-Տատ, գիտե՞ս, պապին հավաբնի դիմացը ցանկապատում է:

-Հա, էդ տունը շինվածը լավ ա սկսեց սարքիլը: Արդեն կարամ հավերին տյուս անեմ:

Մի քանի շաբաթ անց ցանկապատը պատրաստ էր, ու հավերն այնտեղ քուջուջ էին անում:

Տատիկս քսան հավ ունի, մի աքլոր: Այդ աքլորը շատ վախենալու աչքեր ունի: Ամեն անգամ այդտեղով անցնելիս մայրիկիս ասում էի.

-Էս աքլորը աչքիս ալաբուլայա էրևում…

Մի օր էլ տատիկիս հետ գնացինք հավերին կուտ տալու, ես կանգնեցի դրսում, որովհետև վախենում էի աքլորից, իսկ նա փայտով ներս գնաց: Դուրս գալուց աքլորը վրա տվեց տատիկին , ես միանգամից գոռացի.

-Տա՜տ, էկա~վ…

-Բա կյալիս ա էլի, էս տերը մեռածը,- ասաց ու փայտով խփեց աքլորին:

Սա էլ պապիկիս սարքած ցանկապատը, տատիկիս հավերն ու կծան աքլորը:

Astghik Hunanyan vayots dzor

Էլի սեզոնը եկա՞վ

Ամեն անգամ, երբ նայում եմ աճող մրգերին ու հատապտուղներին, աչքիս առաջ է գալիս նրանց ապագան՝ մայրիկի կողմից համեղ կոմպոտ դառնալու դժվար, բայց հետաքրքիր գործընթացը…

Լավ, կատակեցի, դրա մեջ ոչ մի հետաքրքրություն էլ չկա: Ինչևէ, դա նշանակում է, որ ամառ է:

Առավոտյան շատ շուտ արթնանալ, լվանալ տարաները՝ 1 լիտրանոց, 2 լիտրանոց, 3 լիտրանոց, մաքրել, կեղևազրկել, կտրատել մրգերը, ժամերով նստել կրակի կողքին ու հետևել, թե ինչպես են մեծ կաթսայի մեջ իրար բախվում ջրի ու շաքարի մոլեկուլները, թե ինչպես են պղպջակները անսպասելի բարձրանում արդեն պատրաստ շաքարաջրի մակերևույթ ու անսպասելի էլ պայթում, հետո կտրտած մրգերը սիրուն տեղավորել տարաների մեջ, դե, բնականաբար, մի քանի հատն էլ՝ ստամոքսում, ու կամաց-կամաց նրանց վրա ավելացնել տաքությունից թշշացող շաքարաջուրը, «զակատ» անել տարաներն ու ու շարել նկուղի դարակներին, մինչև ձմեռ…

Ինչ ինձ հիշում եմ, ամեն տարի ամռանն ու աշնանը մայրիկն այս գործողություններն է կրկնում՝ նույն հերթականությամբ, ու ինչքան էլ զարմանալի է՝ մեծ սիրով: Կարծում եմ, կռահեցիք, թե ինչ ճակատագրի են արժանանալու սովորական մրգերը՝ ամենասովորական շաքարաջրում: Ամեն տարի, երբ աճում են մրգերն ու հատապտուղները (եթե իհարկե, կարկուտը չի կործանում նրանց ապագան), մայրիկը վերցնում է նույն դույլերը, և իհարկե, իր օգնականին՝ եղբորս, ով իր հերթին վերցնում է իրենից կրկնապատիկ անգամ բարձր սանդուղքը, և ուղևորվում են այգի՝ պապիկի մշակած պտուղները քաղելու: Դե անկեղծ ասած, փոքր ժամանակ ես էլ էի գնում նրանց հետ, ես էլ էի մագլցում ծառն ու ագահորեն պոկում մրգերը, օգնում էի տարաները փրփրաջրել ու պարզաջրել, մինչ մայրիկս կտրատում էր մրգերը՝ դեղձը, տանձը ու խնձորը, բալը, սերկևիլը և, իհարկե ծիրանը, ա՜խ ծիրանը… Միրգ, որը արդեն քանի տարի է, հալածվում է կարկուտի կողմից, շատ քչերն են փրկվում (դե ո՞վ է գժվել ծիրանի կոմպոտ պատրաստել, երբ անգամ համը տեսնելու համար չկա): Դե լավ, ինչևէ, ու՞ր հասանք…

Տերևներից առանձնացնում էր հատապտուղները՝ հոնը, կարմիր ու սև հաղարջը (որոնցից միշտ թթվաշ կոմպոտ է ստացվում, ինչքան էլ շաքար ավելացնենք), մոշը, ազնվամորին:

Դա մի ժամանակ էր, երբ ես քնելու հետ սեր չունեի: Հիմա ես ուղղակի ուշ եմ արթնանում, երբ արդեն գործի կեսն արված է լինում, և ինձ վրա մնում է էլ ավելի բարդ ու պատասխանատու գործ՝ աշխատողներին սուրճ մատուցելը: Դե, ըստ մայրիկի, ամեն իրեն հարգող տնային տնտեսուհի պետք է տիրապետի սուրճ եփելու արվեստին: Ես էլ պակաս չեմ տիրապետում, ուղղակի մի խնդիր կա. ընկնում եմ մտքերով ու մոռանում, որ սուրճ կա դրված գազօջախին: Դե արի ու արագ հիշիր, թե քաղցր սուրճն ում պետք է տաս, կամ որ բաժակի մեջ է լցված, դառը՝ որ: Արագ հասցրու մայրիկին, տատիկին ու հարևանուհիներին, ովքեր սիրում են օգնել իրար կոմպոտ եփելու հարցում ու օգնելու ժամանակ էլ մի լավ բամբասել: Իսկ հետո արագ վազիր խոհանոց ու սրբիր գազօջախը, որ ոչ ոք չնկատի, որ անփութություն ես արել:

Դե լավ, էլի ինչևէ, շեղվեցի… Այդ ամենից սփոփվելու մի միջոց կա. ուղղակի պետք է հիշել, որ ցուրտ ձմեռը, բացի ջրից, նաև խմելու ես օգտակար ու տնական հյութ՝ կոմպոտ, ուտելու նրա հյութեղ «հատիկները»:

Nane Eghiazaryan

Ավտոբուսում

Ժամը ութին հինգ է պակաս: Ավտոբուս եմ նստում ինձ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ: Երկուշաբթի է, և գրեթե բոլորը նայում են ինձ և իրենց մեջ հարց են տալիս, թե  ինչու այս աղջիկը հիմա դպրոցում չէ… Ոմանք միգուցե հիշում են, որ տարեվերջ է, և ավելի են զարմանում. չէ՞  որ եկել է կիսամյակայինների ժամանակը: Ավտոբուսը վերջապես շարժվեց: Հետևում նստել էին տղամարդիկ, իսկ դիմացս՝ կանայք: Ասում են, որ կանայք բամբասկոտ են, բայց եթե այդ արտահայտությունը լսած չլինեի, դա կվերագրեի տղամարդկանց:

(Ավտոբուսի կանգառում կանգնած մարդկանցից մեկը՝ Իքս, իմ հետևում նստած մարդիկ՝ Իգրեկ, Զեթ)

-Տեսա՞ր՝ նոր ում հետ էի խոսում:

-Ո՞ւմ:

-Իքսն էր, սկսել էր էլի գլուխ գովել:

-Ի՞նչ էր ասում, որ…

-Ասում էր՝ թե բա գիտեմ, չէ՞, որ բոլորին բանջարի տեղերը ինքն է ցույց տվել, որ դու ու ինքը միշտ իրար հետ եք գնացել, ու երբ իրա իմացած տեղերը իմացել ես, էլ իրա հետ չես գնում:

-Պա՜հ, ինքն ա սովորեցրել հա՞… Բա չասի՞ր՝ դու ո՞ւր էիր, երբ Իգրեկը գնում էր բանջարի: Ինչ ա՝ մի անգամ իրար հետ տեղ ենք գնացել, ինքը աջ ա գնացել, ես՝ ձախ: Հետո կանչել ա, թե՝ ստեղ լավն ա բանջարը: Գնացել եմ, ուրեմն, ինքն ա, հա՞, սաղ տեղերը ինձ ցույց տվել:

-Հա, բա… Ասում ա, թե՝ մի հատ լավ տեղ գիտեմ, որ քարի տակ լիքն ա, գնում եմ ընդեղ:

-Հա բա, կիմանա, բա ի՞նչ կանի: Էրեկ էր տեղերը հարցնում: Վա՜յ Իքս, Իքս…

-Լավ, էդ հեչ, պատմի տենամ՝ էրեկ հլը դա՞շտն էիր, որ անձրևը եկավ:

-Հա, հլը դաշտն էի: Լավ էր, մի հատ տեղ գտա, մտա, էնքան էլ չթրջվեցի: Դու ասա, ի՞նչ արիր:

-Ես էրեկ էն անձրևին հլը քաղում էի, ասիմ՝ գնամ ծածկի տակ, էն էլ տեղը հեռու էր, մինչև հասա՝ կտրվեց: Ոտից գլուխ ջուր էի էղել…

Մի քանի րոպե, ի զարմանս ինձ, ավտոբուսում լռություն տիրեց, հետո Զեթը նորից շարունակեց:

-Գիտե՞ս չէ, կաթիլային եմ քաշել:

-Հա բա, ճիշտ ես արել: Շուտվանից պիտի քաշեիր, ծառերդ ափսոս են:

-Հա, իմ խելքն ասա: Էնքան լավ ա, ծառերիս խոնավությունը միշտ պահում ա…

Էլի մի քանի րոպե լռությունից հետո Զեթը տագնապի մեջ ասաց.

-Էս քո իջնելու տեղը չի՞:

-Հա է, լավ էր հիշեցրիր… էստեղ կանգնի, էլի,- ավտոբուսը կանգնեց, Իգրեկը մոտեցավ վարորդին, վճարեց, հետո ամբողջ ավտոբուսով մեկ գոռաց,- դե հաջող, գնացի քաղելու:

Ավտոբուսը շարժվեց: Իգրեկն սկսեց բարձրանալ մոտակա սարը, և երբ կորավ իմ տեսադաշտից, Զեթը նույնպես իջավ ու անհետացավ:

Այդ օրը ես Ջերմուկից գնում էի Եղեգնաձոր, ու ճանապարհին էլի մարդիկ իջան ու բարձրացան: Ավտոբուսների մեջ երկար ժամանակ իրար չտեսած մարդիկ հանդիպում են, մյուսները պարզում, որ ամեն անգամ իրար ավտոբուսում են միայն հանդիպում, մյուսները նոր են ծանոթանում ու խոստանում, որ անպայման պիտի միմյանց այցելեն: Ամեն անգամ, կապ չունի, թե ուր ճանապարհորդելիս, մարդիկ լսում են տարբեր զրույցներ, տարբեր կարծիքներ ու հանդիպում տարբեր ծիծաղաշարժ դեպքերի: Երբեմն նույնիսկ այնպիսի բաներ ես լսում, որ ուզում ես բոլորին պատմել:

Եթե գոնե մեր ճանապարհորդություններից կեսը կարողանայինք գրի առնել, պահել մեր հիշողություններում, ինչքան շատ բան կունենայինք հետագայում պատմելու մեր ծանոթներին: Ավա՜ղ, դրանք երբեմն չքանում են, թաքնվում մեր հիշողության անկյուններում, ու երբ ուզում ենք հիշել, չենք կարողանում: