Երբ ուսանող ես խորագրի արխիվներ

anush davtyan

Մարքեթինգ կամ ավելի ճոխ ասած՝ շուկայագիտություն

-Չե՞ս հիշեցնի՝ ինչ էիր սովորում, – ամեն անգամ հարցնում է շեֆս։

-Մարքեթինգ։

-Շատ լավ է։

Ի՞նչ է մարքեթինգը։ Էս հարցը շատ են տալիս մեր դասախոսները, իսկ ես ամեն անգամ ճիշտ եմ համարում լռել ու մտածել, որ հռետորական էր։ Բայց հատուկ կարգով կփորձեմ հիմա պատասխանել։

Մաս 1։ Մարքեթինգը գովազդը չէ միայն

Եթե լսել ես մարքեթինգ բառը, երևի թե լսել ես գովազդի մասին կոնտեքստում։ Բայց մարքեթինգը ավելի մեծ ու ճոխ երևույթ է, ուսումնասիրությունների, հետազոտությունների, գիտելիքի ու փորձի մեծ շղթա է։ Ես դրա փոքր մասի հետ եմ առնչվում։ Շա՜տ խոսակցական լեզվով եթե ասեմ, էսեմեմշիկ եմ (SMM-щик), այսինքն՝ սոցիալական ցանցերում հայտնվող նյութերի համար եմ պատասխանատու։ Առհասարակ մի քանի փուլ ունի գործս, ավելի կոնկրետ՝ երեք։ Նախ կարդում եմ հնարավոր ամեն ինչ, նորություններն ու նորարարություններն եմ ուսումնասիրում։ Հետո ֆիլտրում եմ ինֆորմացիան, առանձնացնում եմ կարևոր, հետաքրքիր ու հիմնական բաները, խորանում եմ դրանց ուսումնասիրության մեջ։ Վերջում էլ նկարների ու տեքստերի ձևով էդ ամեն ինչը էնպես եմ փորձում սարքել, որ դու ինստագրամիդ նորությունները թերթելիս հաստատ ուշադրություն դարձնես իմ սարքած նկարի վրա, հաստատ մինչև վերջ կարդաս գրածս նյութը ու հաստատ լայքես։ Դե, իմ ոլորտը էկոլոգիան է, բայց կարծում եմ կարող եք ամեն ինչի վրա տարածել։

Մաս 2։ Մարքեթինգը իմ անքուն գիշերներն են

Բայց ամեն ինչ էսքան հեշտ չի։ Քանի որ գծածս պլանից միշտ շեղվում եմ, գործն անում եմ գիշերներով։ 5,4,3,2․.. Չէ, հետհաշվարկ չեմ անում, քնելուս ժամերն եմ ասում։ Վերջերս կարդում էի, որ եթե քիչ ես քնում, հետո պարտք ես մնում ինքդ քեզ, օգանիզմդ էլ իրեն հարգող ցանկացած բանկից ոչ պակաս տոկոս է պահանջում։ Ու իրականում, եթե փորձես ցերեկը քնել կամ գիշերն ավելի երկար քնել, էլի չի օգնի, որովհետև հետո քունդ ուշ կտանի, ու էլ ավելի ուշ կքնես։ Կարճ ասած՝ քիչ քնելը պարտքի ամենավատ տեսակն է։ Եթե ըստ նախատեսածի աշխատեի, երևի նորմալ կքնեի, բայց եսիմ, դասից հետո գործ անելս չի գալիս։ Մի ամիս պահանջվեց, որ հասկանամ՝ ավելի լավ է սկզբում գործը անել, հետո՝ դասը։ Բայց անքուն ժամերս հետ չես բերի։

Մաս 3։ Մարքեթինգը միշտ է ու անդադար

Մի տերմին կա, ասում են ինֆորմացիայով գերծանրաբեռնվածություն։ Էդ էն պահն է, երբ անդադար նոր ինֆորմացիա ես ստանում ու ուզում ես կիսվել դրանով։ Որ պատմում էի քնի մասին, էդ ոչ թե հավեսի համար եմ կարդացել, այլ ուղղակի թերթի հոդվածների ոճն էի ուսումնասիրում, որ հասկանամ ընթերցողներին ոնց գրավել։ Չէ, չմտածես, թե մինչև էստեղ հասել ես, ուրեմն քո վրա էլ եմ կիրառել էդ մեթոդը։ Դեռ չի ստացվում։ Նորություններ կարդալը արդեն սովորություն է դառնում։ Երբ դասի եմ գնում, ու 58-ս մի քիչ երկար է կանգառում սպասելով մնում, ակամայից հանում եմ հեռախոսս, որ նայեմ՝ էլ ինչ կա աշխարհում։ Սրա միակ վատ կողմը երևի այն է, որ ինֆորմացիան սկսում է պակասել, չհերիքել։ Եթե էսքան չհոգնեի, ամեն պահի կարող էի նոր բանի մասին կարդալ ու հաջորդ օրը ինստագրամի սթորիներում պատմել կամ նոր մրցույթ հնարել դրա հիման վրա ու լիքը հետևորդներ ակնկալել։

Մաս 4։ Մարթեքինգը մոտիվացիա է

-Մեկ ա մասնագիտական չի գործդ, եսիմ ինչ կարևոր չի, կարաս դուրս գաս։

-Մասնագիտական ա, մա՛մ։

-Հա՞, դե, եսիմ ինչ ստաժ չի համարվի քո համար էս մի քանի ամիսը, ինչի՞ ես իզուր տանջում քեզ։

Տանջո՞ւմ եմ որ, եսիմ։ Չգիտեմ, թե մամայի համար որը կլինի մասնագիտական աշխատանք, որովհետև հիմա հենց դրանով եմ զբաղված։ Չգիտեմ էլ, թե ինքը ինչ գիտի իմ մասնագիտությունից, որովհետև շատ վատ եմ բացատրում հիմնականում։ Ու ոչ մի բանը ավելի լավ չի մոտիվացնում, քան էն, երբ մաման խղճալով կասի․ «Մի՛ արա էդ գործը, հանգիստ դասերո՛վդ մնա»։

margarita voskanyan lori

Սոցիալական մանկավարժները

Ամեն տարի՝ հոկտեմբերի 2֊ը ամբողջ աշխարհում նշվում է որպես սոցիալական մանկավարժի միջազգային օր։ Տոնը բավականին երտասարդ է։ 2009 թվականի մայիսի 6-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվեց սոցիալական մանկավարժների 17-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին 44 երկրներ։ Հենց գիտաժողովի ժամանակ էլ որոշվեց տոնել սոցիալական մանկավարժի միջազգային օրը։  Ավանդույթի համաձայն այս տարի ևս  հոկտեմբերի 2֊ին Երևանի պետական համալսարանի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում մթնոլորտը տոնական էր։
Մոլորակի ամենահումանիստական մասնագիտության օրվա առթիվ կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում։ Միջոցառումը մեկնարկեց առաջին կուրսեցիների երդման արարողությամբ։ Ապագա սոցիալական մանկավարժները երդվեցին լինել երեխայասեր, երեխաների իրավունքների և շահերի պաշտպան։ Երդման արարողությունից հետո 4֊րդ կուրսեցիները նրանց հանձնեցին կրծքանշաններ և վզկապներ՝ մաղթելով նրանց բեղմնավոր ուսումնառություն։

Միջոցառման վերջում զեկույցներով հանդես եկան 2֊րդ և 4֊րդ կուրսեցի ուսանողներ։ Զեկույցներից առաջինը ամբողջապես նվիրված էր մարդասիրությանը և դրա բացակայության պատճառներին, երկրորդ զեկույցը պատմում էր Արտթերապիայի հետաքրքրական և բուժիչ առանձնահատկությունների մասին։ Միջոցառման ընթացքում բոլոր ներկաներին իր ողջույնի խոսքն ուղղեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, ևս մեկ անգամ ընդգծելով, որ սոցիալական մանկավարժությունը ոչ թե զուտ մասնագիտություն է, այլ առաքելություն, որի հիմքում մարդասիրությունը, գթասրտությունն ու սերն է։

Եթե ուզում ես լինել տիեզերքի ամենամարդասեր մասնագետը, արի սոցիալական մանկավարժության բաժին։ Արի ու դարձիր մեր մեծ ու ամուր ընտանիքի անդամը։ Արի, սովորիր և հավատա, որ քո գործունեությամբ կարող ես փոխել շատ ու շատ մարդկանց ճակատագրեր, կարող ես աշխարհն էլ ավելի լավը դարձնել։ Մենք սպասում ենք քեզ։

Razmik Gasparyan

Մեկ ամսում

07.00 – հնչեց զարթուցիչի ձայնը:

Վեր կացա, պատրաստվեցի, գնացի կայարան՝ ուղևորվելու դասի: Արդեն մեկ ամիս է, ինչ Աստծու ամեն աշխատանքային օր կրկնվում է այս «ցիկլը»: Դե ինչ, պաշտոնապես ասեմ. «Բա՛րև, ուսանողական կյանք»:

Ամռանը մտածում էի (և երևի թե շատերն էլ ինձ պես), թե սեպտեմբերից կյանքս 180 աստիճանով կփոխվի… Բայց, ինչպես և շատ դեպքերում, այս անգամ էլ սխալ էին կանխատեսումներս: Չէ, իրականում կան շատ փոփոխություններ, բայց  դե 180 աստիճանով ոչինչ էլ չի փոխվել: Նախորդ հոդվածներիցս մեկում խոսում էի փոփոխությունների մասին, որ իրական փոփոխությունները մեր մեջ պիտի անենք, որ նկատելի լինեն իրական փոփոխությունները: Ինչևէ, փորձեմ առանձնացնել մեկ ամսվա ընթացքում ուսանողական կյանքի բերած փոփոխությունները:

Իրականում փոխվել են միայն անունները. դպրոցը՝ համալսարան, դասարանը՝ կուրս, դասասենյակը՝ լսարան, ուսուցիչը՝ դասախոս…

Բայց և առաջին բանը, որ հասկացա համալսարանում, հետևյալն էր. «Դու ես քո գլխի տերը»: Չկան դպրոցական մանրուքները, որոնք շատերիս էին զայրացնում (էս մի հագիր, մի բացակայիր, մազերդ սենց մի արա, սափրվիր և այլն): Համալսարանի դրական կողմերից է այն, որ նման բաները իրոք մանրուք են, և ոչ ոք ուշադրություն չի էլ դարձնում, որովհետև կարևորը սովորելն է: Այո, միգուցե համալսարանում կարևորը սովորելն է, բայց ուսանողական կյանքի «կենտրոնը» չեմ համարում սովորելը, այն էլ բազմաթիվ, ըստ իս՝ անիմաստ, անպետք առարկաները կամ էլ ձանձրալի դասախոսությունները: Ուսանողական կյանքը ակտիվ մասնակցությունն է արտալսարանային միջոցառումներին, քննարկումներին, թույն մարդկանց հետ շփումն է… Ցավոք, եթե դատեմ էս չափանիշներով, ապա պիտի ասեմ` դեռ ուսանողական կյանքս չի սկսվել (բայց այդ ուղղությամբ աշխատում եմ):

Համալսարանում կատարվելիքից զատ հետաքրքիր է նաև մինչև համալսարան ընկած ճանապարհի անցնելը և համալսարան հասնելը: Ամեն օր «ծանոթ անծանոթներին» տեսնելով, միմյանց սեղմված, հարյուրավոր ուսանողների հետ զանգից մի քանի րոպե առաջ արագ քայլելով ՝ հասնում ենք բուհ (դեպի համալսարան ճանապարհը մի ուրիշ հոդվածի նյութ է, որի մասին անպայման կխոսեմ):

Ինչևէ, մեկ ամսվա ընթացքում լսածս դասախոսությունները, գրածս լեկցիաները առ ոչինչ են դասախոսներից մեկի՝ մեզ ուղված խորհրդի դեմ. «Փորձեք երբեք չդառնալ ամբոխի մի մասնիկը. եղեք անհատականություն»:

Կեսօրից մի քանի ժամ անց, հաղթահարելով ավտոբուս նստելու և սահմանափակ տեղերը զբաղեցնելու պայքարը՝ գնացի տուն:

Syuzanna Arshakyan

Համարձակ ուսանող-լրագրող

-Լավ է գործել սխալ, հետո ներողություն խնդրել, քան հարցնել ու մերժում ստանալ։

Սա լրագրության ֆակուլտետի առաջին կուրսեցու և դասախոսի խոսակցության վերջաբանն էր։ Ես՝ ուսանող-լրագրողս, դեռ առաջին կուրսում տարված բազում նոր գաղափարներով, մտքերով, ամեն միտքս կյանքի կոչելուց առաջ վազում էի դասախոսներից ամենափորձառուի մոտ ու նրանից բոլոր ճանապարհներով փորձում հասկանալ՝ կարելի՞ է արդյոք անել այն, ինչն այդքան ժամանակ մտածում էի (կլիներ դա հարցազրույց կամ որևէ վտանգավոր նյութի հրապարակում), անկասկած վախենում էի, բայց ամեն անգամ փորձառուից մերժում ստանալով ու «չի կարելի»-ներ լսելով՝ հիասթափվեցի թե՛ մասնագիտությունից, թե՛ գաղափարներից, որոնք մտածել էի։ Դասախոսն ի վերջո զգաց հարցերիս բացակայությունն ու ինքը որոշեց հարց տալ։

- Հը՞, ո՞ւր են հասել գաղափարներդ։

-Հասել են Ձեր «չի կարելի»-ներին ու կանգ առել։

-Ափսոս, մի շաբաթ շարունակ սպասեցի, որ տեղադրես նյութդ համացանցում։

-Բայց մերժեցիք, ասացիք՝ չի կարելի։

-Լավ չէ՞ր լինի՝ հիմա երկու րոպե գլուխդ կախ ներողություն խնդրեիր, բայց դասից հետո շտապեիր խմբագրություն, որպես համարձակ լրագրող-ուսանող, որ արդեն մեկ ուրիշն է։ Իսկ դու վախեցար սխալվել։ Համարձա՛կ եղիր, դու լրագրող ես, կարիք չկա հարց ու փորձ անել, երբ հստակ նյութ և գաղափար ունես, իրագործի՛ր, հարկ եղած դեպքում՝ ներողություն կխնդրես ու կսովորես՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ։

-Իզուր Ձեզ լսեցի։

-Այս դեպքում, իհա՛րկե։ Սովորիր կերտել քո ճանապարհը, իսկ իմ անցած ճանապարհում դա չէր կարելի, լավ է գործել սխալ, հետո ներողություն խնդրել, քան հարցնել ու մերժում ստանալ, կոչվել «համարձակ» ուսանող-լրագրող։

anna  andreasyan

Համալսարանական երկուսուկես շաբաթները

Երևանում երթևեկության վատթարացումը, գերծանրաբեռնված երթուղայինները, ֆեյսբուքում ուսանողական կյանքին վերաբերող հրապարակումների կտրուկ աճը… Այս բոլորը վկայում են այն մասին, որ արդեն սեպտեմբեր ամիսն է, դասերն սկսվել են: Ինձ համար դասերը սկսվել էին դեռ օգոստոսի 26-ից: Այնպես որ կարող եմ հպարտորեն արձանագրել, որ ուսանողական կյանքիս առաջին երկուսուկես շաբաթը արդեն հետևում է: Զինակից ընկերներս ու ես հերոսաբար հաղթահարել ենք այդ, ենթադրաբար, ամենադժվար ու վախ ներշնչող առաջին երկու շաբաթները:

Բնականաբար, առօրյայումս շատ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց մասին, իմ պարտքն եմ համարում ձեզ տեղյակ պահել: Ինչի՞ց սկսեմ: Երևի առավոտյան արթնանալուց: Այստեղ միակ տարբերությունը այն է, որ եթե դպրոցական տարիներին ժամը 8-ն էր համարվում իմ օրվա սկիզբը, հիմա այն 7-ն է: Եվ քանի որ առավոտվա մեկ ժամ պակաս քնելը հսկայական ազդեցություն է ունենում իմ լիարժեք գործելու կարողության վրա, ստիպված եմ ավելի շուտ քնել: Հիմա կմտածեք` կարելի էր սա շատ ավելի կարճ ասել կամ էլ ընդհանրապես չասել, բայց սա իմ պատմությունն է, թույլ տվեք այն ներկայացնել՝ ամեն ինչ մանրակրկիտորեն բացատրելով:

Եվ այսպես, արթնանալու դժվարությունը հաղթահարելուց հետո, ես ստիպված եմ մարտական դիրքում սպասել Արմավիրից Երևան գնացող երթուղայինին: Պետք է, որ պատկերացնեք, թե ինչ պայքար է գնում առաջինը երթուղայինում տեղավորվելու համար: Միշտ ատել եմ այդ պայքարը, բայց հիմա հասկանում եմ, որ ոչ ոք էլ չի սիրել, ուղղակի ամեն մեկն էլ մի տեղից ուշանում է: Պետք է ըմբռնումով մոտենալ, բայց այդ ամենը երթուղայինում քո տեղը ապահովելուց հետո: Բոլոր տեղերը զբաղված են, շարժվեցինք: Ամեն ինչ հոյակապ է ընթանում, ես կարողանում եմ վերջապես իմ մտքերի հետ մենակ մնալ: Ի՞նչ է մեզ պետք մենակ մնալու համար՝ անաղմուկ միջավայր, մարդիկ, ում ես չեմ ճանաչում և ընթացքի մեջ լինելու զգացողություն: Այս հանգիստ ու հաճելի պահը ընդհատվում է ընթացքի դադարից հետո: Սա նշանակում է՝ Արգավանդում ենք: Խցանում է: Ես ամբողջ ընթացքում լարված սպասում եմ՝ երբ է խցանումը վերջանալու ու մեզ թույլ տալու նորից շարժվել: Այնպես եմ ուշադրությամբ հետևում ամեն մի մեքենայի շարժին, ասես իմ հայացքով ինչ-որ իշխանություն ունեմ այդ ամենի վրա: Իրականում լավագույնը, որ կարող է յուրաքանչյուր ուղևոր անել, այդ պահին հանգիստ սպասելն է:

Դե ինչ, հասանք Կիլիկիա ավտոկայան: Հիմա չորս հավանական ձևով կարող է պատմությունը շարունակվել: Առաջին՝ գալիս է 259 համարի ավտոբուսը, և ես երջանկությունից փայլելով ու հարմարավետորեն հասնում եմ համալսարան՝ ամբողջ ընթացքում մտածելով, որ կյանքը հրաշալի է: Երկրորդ, գալիս է 47 համարի ավտոբուսը, և ես բացահայտում եմ նորանոր դիրքեր, որոնցում ես կարող եմ մի կերպ գոյատևել այն 15-20 րոպեների ընթացքում, որ հասնում եմ համալսարան: Այն մնացած երկու տարբերակները իրար նման են ու ստանդարտ։ Այնպես որ, ժամանակ չծախսենք այդ երկուսի վրա:

Վերջապես հասա համալսարան: Բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ բարձրացել են Ամերիկյան համալսարանի աստիճաններով կհասկանան, թե ինչ է կատարվելու հաջորդիվ՝ շնչակտուր մտնում եմ համալսարան: Մի պահ ուշքի եմ գալիս ճանապարհներից, հասկանում, որ ես հենց համալսարան էի գալիս և ոչ թե հավերժ ճանապարհներին լինելու ու գնում եմ առաջին դասիս:

Դե, այստեղից էլ արդեն դաս, ընկերներ, լանչ ու այսպես շարունակ: Իսկ վերադարձի ճանապարհին ծանոթանալու համար, կարող եք ուղղակի հետ գնալ ու նորից կարդալ համալսարան գալու պատմությունը:

Առաջին երկուսուկես շաբաթվա համար այսքանն էին տպավորությունները: Մեզ բոլորիս հաջող ուսումնական տարի:

mushegh kurekhyan

Իսկ դու գիտե՞ս՝ ինչ է նշանակում լինել ուսանող-լրագրող

Եթե դու ապագա իրավաբան ես, բժիշկ կամ պատմաբան, ապա քեզ պետք է, այսպես ասած, զբաղվել «գիրք կրծելով», իսկ եթե դու ապագա լրագրող ես, ապա թաքնվել գրքերի ու թղթերի ահռելի կույտերի հետևում քեզ չի հաջողվի: Լրագրողի համար տեսական գիտելիքներին զուգընթաց պետք է մասնագիտական պրակտիկա: Լրագրողը մյուս մասնագետներից տարբերվում է նրանով, որ պետք է լավ տեղեկացված լինի նաև մյուս մասնագիտությունների մասին: Լրագրությունը մասնագիտություն է մյուս մասնագիտությունների մասին: Չեմ հիշում թե ո՞վ է այս խոսքերի հեղինակը, բայց նա խփել է ուղիղ թիրախին:

Հայաստանում լրագրության բուհական դասավանդումը գտնվում է ցածր մակարդակի վրա: Ոչ մի համալսարան մեզ՝ ուսանող-լրագրողներիս, չի տալիս որակյալ և անհրաժեշտ գիտելիք: Խորհրդային մտածողությունը արմատացած է լրագրության բոլոր ֆակուլտետներում, և նյութի մատուցման ձևը շատ ցածր է: Միգուցե դասախոսների կամ նյութների ոչ ճիշտ ընտրությունն է պատճառը: Ուսանողների ուղեղները բթացնում են իննսուն րոպե դասախոսություններ կարդալով և համեմատություններ անցկացնելով այս և այն թերթի կամ հեռուստատեսության միջև: Դա շատ ձանձրալի է, ու շատ ուսանողների, որոնց մեջ նաև ես եմ՝ չի հետաքրքրում: Լրագրությունը պահանջում է վազք: Պետք է անընդհատ վազես, լուր գտնես, հետո ճշտես իսկությունը, այդ լուրի հետքերով գնաս մեկ ուրիշից հարցազրույց վերցնես, վազես խմբագրություն (եթե թերթի կամ հեռուստատեսության լրագրող ես), կարճ ասած, պետք է «խաղաս» լուրի հետ, բայց պետք է խաղդ երկար չտևի, որովհետև լուրը հնանալու հատկություն ունի: Գալիս ես համալսարան, ասում են` մոռացիր այն, ինչ անցել ես դպրոցում, ընդունվում ես աշխատանքի, ասում են մոռացիր՝ ինչ են սովորեցրել համալսարանում: Աշխատանքի անցնելուց հետո պարզվում է՝ իրոք, նրանք ճիշտ էին ասում: Այն, ինչ անցել ես համալսարանում, իսկապես պետք չի գալիս, որովհետև նյութ գրելիս, երբ պահպանում ես այն բոլոր չակերտավոր կանոնները, ինչ պահանջում է, օրինակ, քաղաքական կամ մշակութային ոլորտի նյութը, դուր չի գալիս մեդիասպառողին կամ խմբագրին: Իսկ եթե մենք առանց համալսարանում սովորելու փորձում ենք աշխատանքի տեղավորվել, ապա մեր դեմքին «շրխկացում են». «Իսկ Դուք բարձրագույն կրթություն ունե՞ք» արտահայտությունը: Ի՞նչ անել այս դեպքում. պահանջում են բարձրագույն կրթություն, հետո ասում մոռացեք, ինչ սովորել եք:

Փաստորեն մենք համալսարանում սովորում ենք միայն դիպլոմի՞ համար:

Milena movsesyan yerevan

Ուսանողը խաղաքար չէ

2018թ. ապրիլի 16-ն էր՝ աշխատանքային շաբաթվա առաջին օրը: Պատմության դասախոսը մտավ լսարան: Ուսանողները, ովքեր ուղիղ եթերով հետևում էին քաղաքում տիրող իրավիճակին, անջատեցին հեռախոսները: Բոլորը պատրաստ էին լսելու Հայաստանի առաջին հանրապետությանը վերաբերող դասը: Բայց դասախոսը եկել էր արտահայտելու իր մտքերը՝ կապված անցկացվող ցույցերի հետ: Նա եկել էր հավաստելու, որ դա ապարդյուն է, որ պատմությունը ցույց է տալիս՝ նման դեպքերի հանգուցալուծումն ինչպիսին է լինում, որ պետք է հիշել փաստերը, ունենալ հստակ ծրագիր՝ հեղափոխության հասնելու համար: Կարճ ասած, պետք չէ միանալ ցույցին: Իսկ մինչ դասի սկսվելը ուսանողների հեռախոսները թնդում էին հակառակ ուժերի հնչեցրած պայքարի խոսքերով:

Պատահական չէ, որ կոչերն ու հորդորները առաջին հերթին հենց ուսանողությանն է ուղղվում. թվում է՝ ղեկավարները կարող են օգտագործել վերջիններիս, ինչպես շախմատի տախտակին հակառակորդի դեմ զինվոր ուղարկելիս, կարող են «շտկել» մեր մտածելակերպն ու կարծրատիպերը, մի խոսքով, ոտքի կանգնեցնել կամ հանգստացնել նրանց:

Դասախոսին ուսանողները ուշադիր էին լսում, բայց հաջորդ օրը ողջ կուրսը դասադուլ հայտարարեց, և շատերը դուրս եկան փողոց: Մի՞թե գաղտնիք է մնացել, որ ուսանողն այսօր ավելի կայացած է ու խելացի: Առանց որևէ մեկի օգնության նա կարող է հասկանալ՝ ինչ է կատարվում իր շուրջը, կարող է տեսնել, նկատել ու ճիշտ եզրահանգում անել՝ քաջ գիտակցելով ինչու է դուրս գալիս փողոց, բացակայում դասերից ու ընկերների հետ ձեռք ձեռքի բռնած դադարեցնում երթևեկությունը:

ani avetisyan nor

Մի ուսանողի պատմություն

Կանգնում եմ առաջին հարկում ու մտքում հաշվում՝ քանի րոպե կտևի բարձրանալը։ Որպես կանոն ստացվում է։ Դե, գոնե մեկ-մեկ, մեկ- մեկ՝ չէ։ Էդ դժվար ճանապարհին միշտ նայում եմ ինձ հավասար բարձրացող վերելակին, որից ավելի արագ շարժվում են ոտքերս, մտքերս՝ էլ չասեմ։

Ամենածանրը 3-րդ հարկով անցնելն է։ Կարդում եմ «Արևելքն այստեղ է» գրվածքը ու սրտի խորքում ուզում չորս տարի Անի Արևելցի լինել, բայց դե դեռ մտածում եմ, թե իմ կոչումը լրագրող «դառնալն է» (իրականում՝ լինելը): Հուսամ, միտքս չեմ փոխի։ Իսկ դրա համար կան չորրորդ եւ հինգերորդ հարկերը։

Վերևում եմ։ Հիմա էլ լարում եմ հիշողությունս՝ պարզելու՝ որ լսարանում էր դասը։ Դե, որովհետև ալարել եմ դասացուցակը, հայերեն ասած, ներբեռնել հեռախոսիս մեջ։ Սիրուն բառ է, չէ՞։ Ի՞նչ անեմ, մեկ է, դուրս չի գալիս։

Բայց դասացուցակս առաջին փորձից անգիր անել ստացվեց։ Նախորդ կիսամյակում մինչև վերջ էլ միայն երկուշաբթի օրվա առաջին ժամն էի հիշում։ Առաջընթացը քիչ չէ, ինչ խոսք։

Դասը սկսվել է։ Ուսանողները նստած են՝ մեկը աշխարհի ամենահետաքրքրասեր մարդու հայացքով, մյուսը՝ հակառակը։ Ես էլ եմ նստած, հայացքիս «ժանրային պատկանելությունը» չեմ հիշում։ Բայց նստած եմ։ Կարծեմ՝ կանգնած մարդ չկար։

Հա, մեկ-մեկ դասի ժամին ականջներումս “battery low” եմ լսում: Ականջակալներիս սիրած արտահայտությունն է ու իմ չսիրած հոգեվիճակը, մանավանդ դասերին։

Հետո դասն ավարտվում է։ Համենայնդեպս մեր բոլոր դասերը ինչ-որ պահի ավարտվում են, ու հենց էդ պահին են հնչում ամենահետաքրքիր ու կարևոր հարցերը: Կամ, դրանք էդպես էլ չեն ուղղվում ոչ մեկին, ոնց որ իմ դեպքում։ Գիտեմ՝ լավ չէ։ Բայց էսպիսինն եմ ես, ի՞նչ կարող ես անել։

Սոկրատն ասել է՝ խոսիր, որ տեսնեմ քեզ: Էստեղ մի հավես բան կա։ Ես, օրինակ, վատ եմ յուրացրել էս կանոնը, իսկ մարդիկ էլ կան՝ կյանքի նպատակ են դարձրել։ Խոսելը։ Մեկ-մեկ ուզում ես ասել՝ լռիր, որ լսեմ քեզ։ Բայց դե, էլի չես ասում։

Որ փիլիսոփայելու հավես ունենայի, կասեի, թե կյանքի ամենաերկար ժամանակահատվածը ուսանողներն անցկացնում են աստիճանների վրա կամ լսարան փնտրելիս։  Երևի ավելի երկար, քան լսարանում, բայց չէ։ Ուսանողներ կան, որ վերելակով են «գնում-գալիս»։ Իսկ ես հավես չունեմ։ Ոչ փիլիսոփայելու, ոչ էլ վերելակ «կանչելու»։

Չնայած վերջինը հնարավորությունն էլ չունեմ, գոնե մեր մասնաշենքում։

marine israyelyan

Իմ ներսի աշակերտը

-Աղջիկնե՛ր, ամենակարևորը, որ սիրով մտնեք դպրոց, երեխաները շատ նրբազգաց են: Հենց այստեղ դուք կհասկանաք՝ կարող եք ուսուցիչ լինել, թե ոչ: Վե՛րջ, մտա՛նք:

Երևանի թիվ 125 դպրոցի բակում մեր մեթոդիստ ընկեր Մուրադյանը վերջին հրահանգներն է տալիս ներկա ուսանող, ապագա ուսուցիչներիս փոքրիկ խմբին: Ամենքիս կրծքի տակ մի փոքրիկ սիրտ է իր մեծ աշխարհով անհանգստությունից թրթռում, բայց անհանգստությանը տրվելու ժամանակ չկա, և մտնում ենք դպրոց: Մտնում ենք, և հենց մուտքից սկսվում է գորովանքով լի մի մանկական հեքիաթ: Երկար ժամանակ չի անցել, ինչ ավարտել եմ դպրոցը, դրա համար դժվար է դպրոց մտնել ոչ աշակերտի հոգեբանությամբ: Երկա՜ր ու լա՜յն միջանցքները լուռ են ու խաղաղ, մինչև հանկարծ հնչեց դասամիջոցի զանգը: Զա՞նգ: Այնտեղ իմ առաջին բացահայտումը զանգն էր, որը կոտրեց դպրոցական տարիներիս պատկերացումները: Ես ուղղակի ապշած էի՝ ինչո՞ւ երբևէ իմ մտքով չէր անցել, որ դասամիջոցի զանգը սուր, նյարդերը սղոցող հնչյունների փոխարեն կարող է ներդաշնակ մեղեդի լինել: Վայրկենապես լուսավոր միջանցքները հեղեղվեցին աշակերտների հոսանքներով, խնդությունը, ծափն ու ծիծաղը իրենց ջերմ ալիքներով պարուրեցին մեր հոգիները. կյանքն իսկապես գեղեցիկ է, երբ այն տեսնում ես մանկան աչքերով: Ինձ խիստ զարմացնում է ուսուցիչների համբերատար վերաբերմունքը. դասամիջոցին բոլոր ուսուցիչները միջանցքներում են, և գիտեք՝ ինչո՞ւ, ոչ որպեսզի սաստեն երեխաներին, հանգիստ մնալու կոչեր հղեն, այլ երեխաների մասին հոգ տանելու համար, հսկելու, որ նրանք սրտների ուզածի չափ վազվզեն, աղմկեն, որ երկար ու ձիգ դասաժամից հետո կարողանան կուտակված էներգիան սպառել: Այն էներգիան, որը շատ հաճախ դասը խանգարելու տեղիք է տալիս: Ուսուցիչները ուղղակի հոգ են տանում, և առաջնայինը այստեղ ո՛չ թե լուռ միջացքներ ունենալն է, այլ այն, որ երեխան դպրոցում իրեն լավ զգա, որ ուսումը տանջանքի չվերածվի, որ աշակերտը կարողանա զուգորդել հաճելին օգտակարի հետ: Անկախ ինձնից սկսում եմ համեմատել այն դպրոցը, որտեղ ես աշակերտ էի, և այն, որտեղ ինձ վերաբերվում եմ փոքրիկ ուսուցչի նման: Ամեն ինչ համեմատության մեջ է արժևորվում, և կամա՜ց-կամա՜ց մտքումս ինչ-որ տեղ առանձնացրած մանկավարժական դարակի մեջ սկսում եմ կուտակել ինձ դուր եկած մեթոդներ, վարվելաձևեր, հնարներ, պատկերներ, կարճ ասած՝ քանդակի նման սկսում եմ կերտել մանկավարժի իմ իդեալը:

Քանի որ առաջին օրն էր, միայն մի դաս կարողացանք լսել 5-րդ դասարանում: Դասարան մտնելուն պես ինձ գրավեց ամենավերջին շարքում մի նստարանի մենակ նստած մի փոքրիկ տղա: Մոտեցա և թույլտվություն խնդրեցի կողքին նստելու: Խնդրանքիս ի պատասխան` նա անհամարձակորեն ժպտաց և խոնարհեց հայացքը: Ամբողջ դասին զգում էի, որ լարված է, ա՜խ, փոքրիկս, դու չգիտես, որ իրականում իմ ու քո աչքերի խորքում նույն մանուկն է թաքնված: Ես նրանից պակաս հուզված չէի: Հետո ուսուցչուհին թելադրություն տվեց: Եվ հանկարծ զգացի, որ ձեռքս հնազանդորեն տետրիս մեջ գրեց վերնագիրը: Վարդանիկը (այդպես է իմ փոքրիկ ընկերոջ անունը) զարմացած հայացքով նայեց տետրիս, հետո ինձ: Ես հանգիստ ընդգծեցի թելադրության վերնագիրը և սկսեցի նշումներ անել դասի վերաբերյալ, և աշխարհում ո՜չ ոք չիմացավ, որ այդ վերնագիրը գրել էր իմ ներսի աշակերտը՝ թելադրությունը գրելու անխոս հնազանդությամբ:

aneta baghdasaryan

Հետքննական

Ժամը մեկն անց կես տեղում էի: Ցուցակում գտա անունս ու հերթական համարս և գնացի դահլիճ՝ տեղավորվելու: Համալսարանի այս դահլիճում դեռ չէի եղել: «Ո՞նց կարող էի հաշվիչս մոռանալ, ախր, հավանականության քննության եմ, քարտս էլ թողել եմ պայուսակիս մեջ»: Ինչպես տեսնում ես՝ քննությունը շատ «լավ» է սկսվում:

Հսկիչները եկան ու սկսեցին բաժանել քսան էջանոց հարցաթերթիկները:

-Բա որտե՞ղ ենք գրելու պատասխանները, ձևաթուղթ չեք տվել,- հարցրեց հետևում նստածներից մեկը։

-Ձեր հետ բերած տետրերի մեջ կգրեք ու կհանձնեք։

-Ինչի՞ ա սենց մեծ հարցաթերթիկ, չենք հասցնի, ախր։

-Էս ի՞նչ ա գրած առաջին էջի վրա, լավ, բա էս ի՞նչ տառ ա։

Կարծես թե մենակ ես չէի, որ երկար ժամանակ չէի հասկանում թերթիկի վրայի գրածը: «Սիգմա տառին ա նման, բայց սիգման էս ա, էստեղի գրածը ուրիշ տառ ա լրիվ: Ինչի՞ ա խնդրի մեջ Սելինջերի մասին պատմում, ու որտե՞ղ ա գրված խնդրի պահանջը»: Լավ, գրեմ այն, ինչ գիտեմ, հետո կվերադառնամ սրան: Այսպես գրելով՝ լրացրի 96 թերթանոց տետրիս կեսը, երբ հսկիչներից մեկը մոտեցավ ինձ ու խնդրեց, որ տեղափոխվեմ հետևի շարք:

Պտտվեցի մյուս կողմ և բարձս գրկելով՝ նստեցի հետևի նստարանին: Թղթերի կույտի փոխարեն սեղանիս ոչինչ չկար, դահլիճն էլ փոքրացավ, հիմա ավելի շատ լսարան է հիշեցնում: Նստարանները անսովոր կերպով էին շարած, ու մենք նստած էինք ոչ թե մեկ-մեկ, այլ իրար կողքի: Նստարանի համարներն էլ չկային: Ներս մտան հսկիչներն ու բաժանեցին մեկ էջանոց հարցաթերթիկները։

«Ոնց, էլի հավանականության գրավո՞րն ա, նոր վերջացրի, ախր: Ու ինչի՞ ա քննության տևողությունը երեք ժամի փոխարեն գրված մեկ ժամ»: Վերջացրի գրավորը, արդեն պատրաստվում էի պատասխանները գրել թերթիկի վրա, մեկ էլ կողքիս նստած կուրսեցիս վերցրեց թերթիկս ու դրեց իր սեղանին:

-Ի՞նչ ես անում։

-Դու իրավունք չե՞ս անցել, չգիտե՞ս, որ ես շատ հանգիստ կարամ քո թերթիկը վերցնեմ ու արտագրեմ։

-Գոնե թող վերջացնեմ, հետո կտամ։

Բայց նա ոչ մի կերպ չէր պատրաստվում ինձ լսել և սկսեց նույնիսկ բղավել ինձ վրա: Խուճապի մատնվեցի. ժամանակը վերջանում էր, իսկ ես դեռ թերթիկը չէի լրացրել: Չհասկացա, թե ինչպես, բայց ես միանգամից վեր կացա տեղիցս ու դուրս եկա լսարանից:

-Բա գրավորդ, տենց կիսատ թողեցի՞ր:

-Հա, վաղը առավոտ շուտ կգամ համալսարան ու կշարունակեմ: Արի՝ գոնե էս հարցաշարը շուտ վերջացնենք, կես ժամից քննության ենք:

-Երեխեք, արագացրեք, տնտեսի ցուցակները կախել են: Անետ, դու ոնց որ էլի Բ դահլիճում ես:

Այո, «Բաղդասարյան Անետա- Salle B-33»:

Դահլիճում, բացի կուրսիցս, ով ասես չկար: Դեռ տասը րոպե կար տեղավորվելու համար, երբ ներս մտավ պարոն Աղազարյանը՝ տնտեսագիտության դասախոսը, ու սկսեց բողոքել, թե որքան վատ է պատրաստվել մարքեթինգի կուրսը: Հատ-հատ հանեց ինձ անծանոթ մարդկանց գրավորներն ու սկսեց սխալները ստուգել: Հետ շրջվեցի, որ գոնե մեկ ծանոթ դեմք գտնեմ, բայց դահլիճ մտավ Ալեքսանդրան՝ մեր նախկին գլխավոր քարտուղարը, ու մաքուր հայերենով ասաց, որ քնությունները վերջացան:

Մեսինջերում հաղորդագրություն ունեմ: Մակրոյի գնահատականներն են գցել, ու ինչպես հասկացար՝ առավոտը բարի չէր մարքեթինգի կուրսի համար: Էս ինչքան են խոսել չաթում: Ոնց տեսնում եմ՝ մենակ ես չեմ, որ հետքննական մղձավանջներ ունեմ: