Իմ բնակավայրը խորագրի արխիվներ

Մենավոր ծառի առեղծվածը

Շատ հնում, երբ դեռ մարդիկ չէին հավատում, որ արևն ու լուսինը իրար չէին կարող հանդիպել, կար մի գեղջուկ հողագործ, որը շատ իմաստուն էր։ Նա ապրում էր լճի մյուս ափին, և ամեն առավոտ հետևում, որ ոչ ոք չիմանա և չգտնի մի գանձ, որը թաքնված էր մի հնաբույն ծառի տակ։ Շատ մարդիկ գիտեին այդ գանձերի մասին, բայց ոչ ոք չէր կարողանում այդ ծառի տակից գանձը հանել, որովհետև այդ տեղը ծերուկն անիծել էր, մի եկեղեցի էր կառուցել և ասել՝ եթե այստեղից գանձը գողանաք և տանեք, ապա Աստծո ողջ ցասումը ձեր վրա կիջնի։ Ոչ ոք չէր համարձակվում գանձը հանել այդտեղից։ Անցան ամիսներ, տարիներ։ Բոլորը մոռացան գանձի մասին, բայց մի տղա իր պապիկից ու տատիկից լսել էր այդ գանձի և դրա զորության մասին և ցանկացավ գտնել գանձը և սովից փրկել բոլորին։ Անվախ ու քաջ տղան՝ չվախենալով ծերուկի ու աստծո ցասումից, որոշեց, որ պետք է հանի գանձը և բաժանի աղքատներին։ Նա վերցրեց իր գործիքները և սկսեց փորել ու փորել անդադար, փորել և այդ փորելու ընթացքում սկսվեց մրրիկ, շանթ ու ամպրոպ։ Տղան վախենում էր, բայց միևնույնն է, չէր հանձնվում։ Վերջապես այդքան փորելուց հետո գտավ մի տուփ, զգուշորեն բացեց տուփը և տեսավ մի մեդալիոն, որի վրա ծերուկի մոր նկարն էր։ Նրան սպանել էին չար մարդիկ։ Մեդալիոնի հետ նաև գրություն կար․ «Հավատալով գանձերին՝ մարդիկ տրվում են դրանց որոնմանը, բայց մոռանում են, որ իսկական գանձը նրանք ձեռք են բերում ապրելով ու հավատալով երազանքներին, որոնք իրականանալով դառնում են քո գտած ամենամեծ գանձը։ Այդպես էլ իմ հետ եղավ․ ես իմ ամբողջ կյանքը նվիրեցի այդ գանձը փնտրելուն, բայց ավաղ, ես մոռացա, որ պետք է ապրեմ։ Երբ ես գանձը գտա, արդեն զառամյալ ծերունի էի, և այն գցեցի ջուրը, իսկ այդ ծառի ամենախորքում պահեցի մայրիկիս մեդալիոնը ու խոսքը՝ «ապրիր այսօր, վաղն արդեն ուշ կլինի»»։

74389095_3538424542849223_3199314202418216960_n

Տղան զարմացավ և սկսեց հասկանալ, որ ինքն իրոք գանձ է գտել ու նրբորեն մեդալիոնը դրեց տուփի մեջ ու թաղեց ծառի ամենախորքում։ Միայն մի նշան թողեց, որ դարեր հետո կարողան գտնել․ դա ծառի կիսատ արմատն էր, որը նա փորել էր քարով։ Տղան իր գանձը գտած վերադարձավ տուն։ Եվ երբ նրան հարցրին, թե արդյոք նա գանձը գտել է, թե ոչ, նա պատասխանեց՝ Աստծո ու ծերուկի հանդեպ վախը ինձ չթողեցին գտնել գանձը։ Եվ ամուր գրկեց իր ընտանիքին։

seda mkhitaryan

Հատման և զուգահեռվելու քաղաքը. Վանաձոր

Եթե գաս այս քաղաք, դու նախ վերարկուդ կկոճկես։ Հետո անձրևանոցդ կբացես, եթե անձրևանոց չունես, գլխարկդ կքաշես գլխիդ։ Եթե գլխարկ էլ չունես, ուրեմն կթրջվես։

Կքայլես ամենաբանուկ փողոցում։

Մարդիկ շատ չեն լինի։ Բայց այդ քչերից շատերը հետաքրքիր կլինեն քեզ։ Կքայլես։ Մեծ փողոց չէ։ Բայց սա ամենամեծն է։ Այո, այստեղ քիչ մարդ կա։ Քիչ գույներ կան։ Բայց այնքան գունավոր է։ Գունավոր տարբերություններ։ Գունավոր նմանություններ։ Համալսարանի դռների մոտ կանգնած երեք հոգուց երկուսը խմբագիր-գրողներ են, մյուսը` գրականագետ։ Գրականագետը ծխում է։ Գրողներց մեկը ուղղում է ակնոցը ու ականջիդ է հասնում Թումանյանի տողերից մեկը։ Գրականագետը լուռ ժպտում է։ Դու կանցնես ժպիտով ու առաջ կգնաս։ Տե՛ս, Դավիթն է՝ Պայքարի հետ (մեծատառով եմ գրում, որովհետև անունն է Պայքար)։ Երկար մազեր ունեն։ Միանգամից հասկանում ես. այո, սա ռոքի քաղաքն է։ «Որդան կարմիրի» տղերքն են։ Հասնում ես Արցախ պուրակ։ Ես այստեղով անցնելիս միշտ մտածում եմ, որ մի ժամանակ «Լավ էլի»-ն այստեղ համերգ է տվել։ Հա, դե արդեն ասացի՝ սա ռոքի քաղաքն է։ Լավ երաժշտության, լավ մարդկանց ու «Լավ էլի»-ի քաղաքը։ Էս մայթին ռոքն էր։ Մյուս մայթում սև շորերով տղաներ են, երկար «չոլկա» ունեն։ Դուք նրանց ռաբիս եք անվանում։ Այս քաղաքը հակասությունների բախման կետն է։ Բայց չէ, բախում չկա։ Սա հակասությունների հատման կետն է։ Հատման կետում կհանդիպես մի խումբ երիտասարդների։ Մեկը ֆիլմեր է նկարում։ Հետո հայտնի կդառնա։ Եթե իհարկե վանաձորյան տրամադրությունը շարունակվի նրա մեջ։ Մյուսը նկարիչ է։ Էս մեկն էլ լուսանկարիչ։ Այստեղ շատերը տաղանդավոր են։ Իսկ եթե տաղանդավոր չեն, ուրեմն չգիտեն, թե ինչումն է իրենց տաղանդը։

Մոխրագույն քաղաքը գունավոր են դարձնում տաղանդները։ Հատման կետում բոլորը ապրում են իրար կողքի ու գոհ են։ Մեկը մի անգամ ասաց, որ այս քաղաքում մարդկանց մի մասը շատ զբաղված է, մյուս մասը` շատ պարապ։ Ծայրահեղությունների քաղաք է Վանաձորը։

Սա քաղաք է, որտեղ ես չեմ ծնվել, ու չեմ ապրում։ Սա քաղաք է, որտեղ ես սովորում եմ, ու ոչ միայն համալսարանում։ Սա քաղաք-ուսուցիչ է, որի պատերի տակ զրույցները հզոր դասախոսություններից ավելին են, որի փողոցներում քայլում են տաղանդները, ու որի երկինքը միշտ մոխրագույն է։ Սա հատման ու զուգահեռվելու քաղաքն է միաժամանակ։

Laura Yesayan

Մեր ապրելու և արարելու ցանկությունը

Ձեզանից քանի՞սը գիտեն, որ քաղաք Իջևանից 22 կմ հեռավորության վրա է գտնվում սահմանամերձ Այգեհովիտ գյուղը, նույն ինքը՝ Ուզունթալան (թարգմանությամբ՝ երկար բացատ): Եվ որպեսզի հասկանաք, թե ինչ կապ ունեն Այգեհովիտ և սահմանամերձ բառերը միմյանց հետ, կներկայացնեմ մի քանի ստույգ տվյալներ:

Այգեհովիտ գյուղը հյուսիս-արևելքից սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանին, իսկ վերջինիս հետ սահմանը ընդամենը 12 կիլոմետր է: Դե, երևի այս տվյալներն էլ ոչինչ չեն ասի ձեզ, մինչև չլսեք կրակոցի ձայներն ու չտեսնեք սահմանը:

Թե երբ է հիմնադրվել գյուղը, կամ ովքեր են եղել նրա առաջին բնակիչները, դեռևս անհայտ է, քանի որ ոչ մի պատմական աղբյուր այդ մասին ոչինչ չի հայտնում: Ոմանք այն կարծիքին են, որ գյուղի բնակիչները եկվորներ են, ովքեր ներգաղթել են Լեռնային Ղարաբաղից 16-18-րդ դարերում: Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1837 թվականին ծնված Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը իր «Տեր Սարգիս» վեպում նշում է, որ ներկայիս գյուղի բնակիչները բնակվելիս են եղել ներկայիս Կայան անունը կրող տարածքում, որը այն ժամանակ կոչվել է Ճալա: Հետագայում, մոտավորապես՝ 18-րդ դարի երկրորդ կեսից, գյուղի բնակիչները բարձրացել են դեպի անտառի փեշերը և ճալա գյուղից դեպի հարավ ՝ երեք կիլոմետր հեռավորության վրա, հիմնել են նոր գյուղ և այն անվանել Ուզունթալա:

Ամենաուշագրավ փաստը Այգեհովիտի մասին այն է, որ մինչև այսօր Այգեհովիտ գյուղի անտառում՝ մի գեղատեսիլ վայրում, որտեղից էլ ի դեպ պարզ երևում է սահմանը, կանգնած է 12-13-րդ դդ-ում կառուցված անտառի զարդը՝ Սուրբ Սրվեղը: Վանքը կառուցվել է Վրաստանի արքունիքում ծառայած Իվանե և Զաքարե Զաքարյան եղբայրների օրոք: Խորհրդային տարիներից այն այլևս չի գործել, զրկվել է հատուկ խնամքից և ժամանակի ընթացքում ավերածությունների ենթարկվելով դարձել է կիսաքանդ հուշարձան: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում վանքը վերանորոգելու ուղղությամբ:

Այսօրվա Այգեհովիտ համայնքն ունի 3700-ից ավելի բնակիչ, ովքեր զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ և նաև մշակաբույսերի աճեցմամբ:

Բնակավայրում կա 2 միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, հացի փուռ, խանութներ, մշակույթի պալատ, մարզադաշտ, և այլն:

Այստեղ կյանք կա, այստեղ ապրելու ու արարելու ցանկություն կա, այստեղ մարդիկ կերտում են իրենց և իրենց երեխաների ապագան՝ չվախենալով ոչ թշնամու կրակոցից, ոչ էլ որևէ այլ խոչընդոտից: Անցած անգամ էլ եմ ասել և հիմա էլ կասեմ, որ գնալու եմ սովորելու ու հետ գամ Ճալես կամ Ուզունթալաս, իսկ ավելի ճիշտ՝ իմ սիրուն Այգեհովիտը:

Juliabrahamyn12

Երևան 2801

Երևան 2801։ Բարձրաձայն կարդացեք՝ երկու հազար ութ հարյուր մեկ։ Ինձ թվում է, որ այսօր ոչ միայն Երևանի, այլ նաև իմ տարեդարձն է ու ես էլ բավականին երիտասարդ տատիկ եմ դառնում։ Թոռներս ու ծոռներս էլ կգան, կհամբուրեն, մի քանի երգ կերգեն ու «Տատ ջան, մեկ տարով էլ ջահելացար» անհամ կատակներ կանեն։

Հիշում եմ, երբ փոքր էի, Երևանի փողոցներով քայլելիս շատ էի սիրում գլուխս վերև բարձրացնել ու անդադար նայել, մինչև մայրս կասեր․

-Ուղիղ կանգնիր, կընկնես։

Հիմա էլ եմ սիրում այդպես անել, որովհետև հիմա էլ եմ փոքր։ Դե, քանի չափահաս չեմ, փոքր եմ։ Ուղղակի հիմա դա անում եմ մենակ, շենքի բակում, ինչ-որ մեկին սպասելիս ու անպայման կողքերս նայելով, որ ուրիշը չասի․

-Աննորմալ է։

Միգուցե աննորմալ եմ, բայց ես սիրում եմ երկինքը։ Երևանի երկինքը։ Որովհետև իմ քաղաքից երկինքն ուրիշ է երևում։ Ավելի տխուր, ավելի կապույտ ու ավելի ըմբոստ։

Ամեն տարի հուզմունքով եմ սպասում Էրեբունի-Երևանին ու ծնողներս միշտ ծաղրում են, ընկերներս «անկապ տոն ա, էլի» ասելով ման են գալիս, բայց ինձ դուր է գալիս անկախ ու հանգիստ կենտրոնական փողոցներով քայլելը, սրճարաններ մտնելու ու մեկ բաժակ տաք սուրճ խմելու համար հերթ կանգնելը, ամբոխի մեջ ընկերներիս կորցնելն ու գտնելուն պես ժպտալը։ Սովորաբար ես ատում եմ հերթերը, ավելի շատ ատում եմ, երբ ինձ հրում են, բայց Երևանի տարեդարձին թույլ եմ տալիս։ Ներշնչում եմ, որ բոլորս ընկերների մի մեծ խումբ ենք ու եկել ենք մեր մյուս ընկերոջ ծննդյան խնջույքին և մեկ բաժակ ավել ենք խմել։

Գիտեք, մեկ-մեկ նախանձում եմ այն ծանոթներիս, ովքեր Երևանից չեն, որովհետև Երևանը նրանց հարազատ քաղաքը չէ։ Միգուցե նրանք ամեն մի կոտրված նստարանն ու թափված աղբը այնքան ծանր չեն տանում, ինչքան ես։ Ինքներդ պատկերացրեք, տասնյոթ տարի մի քաղաքում եմ ապրել, առաջին քայլերս այստեղ են եղել, առաջին ասված բառս լսել են մայրս, հայրս և Երևանի պատերը, նույնիսկ առաջին անգամ հենց Երևանի փողոցներում եմ կիթառը ձեռքիս նվագել ու երգել։

Ասֆալտը իմ կոշիկի համարների հետ է մեծացել, իմ արագ քայլերին համահունչ անհանգստացել է՝ հանկարծ չուշանամ դասաժամից։ Երևանի օդը հետս հավասար լարվել ու մտածել է․

-Ընդունվե՞ց, թե՞ չէ։

Երկու հազար ութ հարյուր մեկ։ Ախր, մեծ հպարտություն կա այս թվականի մեջ։

Երևան ջան, մեկ տարով էլ ջահելացար․․․

Վերածնված Գյումրի

Laura Yesayan

Որտեղ է Այգեհովիտը

Այգեհովիտ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, Աղստև գետի ստորին հոսանքի աջափնյա մասում, Իջևանից 17կմ հյուսիս-արևելք:

Հենց այսպես էլ կարող էր սկսել իմ բովանդակալից նյութը հայրենի օջախիս մասին, բայց փաստագրական տեղեկություններից զատ ես ձեզ կներկայացնեմ Այգեհովիտը այգեհովիտցու աչքերով:

Ես Լաուրան եմ, ծնվել ու արդեն 17 տարի է ապրում եմ Այգեհովիտում, եթե անկեղծ, ինձ ուրիշ տեղ արդեն չեմ պատկերացնում: Զարմանալի կապ կա իմ ու Այգեհովիտի  միջև: Գիտե՞ք ինչ տեսակ կապի է նման ՝ մոր ու մանկան: Հա, հա, մի ծիծաղեք, հենց էլ այդպես: Ուրեմն հենց գյուղից դուրս եմ գալիս, ամեն ինչ խառնվում է ներսումս, փոթորկվում, անբացատրելի հույզեր են առաջանում, հենց վերադառնում եմ գյուղ՝ ամեն ինչ խաղաղվում է, ներսս հանգստանում:

Մոռացա ասել, որ Այգեհովիտը սահմանամերձ գյուղ է: Հըն, արդեն վախեցա՞ք:

Դե մի բան պատմեմ ՝լսեք: Եթե ճիշտ եմ հիշում, 2015 թվականի սեպտեմբերն էր, սիրուն, աշնանային ու գունավոր օրերից  մեկը: Հերթական անգամ դասից վերադարձա, տատին իր ձեռքով քաղած խաղողից բերեց, բա թե.

-Կե, ա բալա, դասից ես եկել: Հմի ուժերդ հատել ա:

Մեր բարբառն էր, տատին ասում էր` կեր, բալես, դասից ես եկել, հիմա ուժերդ վերջացել են: Հիմա ձեզ կտրեմ այս սիրուն առօրեականից ու տանեմ բուն դեպքի վայր: Սենյակումս նստած մի պահ ականջներս խլանալու աստիճան ցավ զգացին ու պատուհանից նայելով հասկացա, որ հակառակորդը ռմբակոծել է գյուղը՝ մեծ վնասներ հասցնելով գյուղին: Տատս խառնվեց իրար: Շատ վախկոտը դուրս եկավ էս կինը, հավաքեց մեր իրերը և ուղարկեց Իջևան՝ հարազատների տուն: Լացը աչքերիս ասում եմ.

-Տատ, ախր չեմ ուզում գնալ, բա դու ու պա՞պը, բա մեր տո՞ւնը, ո՞նց գնամ:

-Ցավդ տանեմ, մենք պատերազմ տեսած մարդիկ ենք: Աստված չանի` նույնը կրկնվի, խելոք գնացեք:

Տատը պինդ գրկում է մեզ ու օրհնանքով ուղարկում:

Հիմա մտածում եք բնակչությունը այս դեպքից հետո գնաց, չէ՞: Ասեմ, որ չէ: Այգեհովիտս 3000-ից ավել բնակիչ ունի, ընտիր երիտասարդություն ու ջիգյարով մարդիկ: Այգեհովիտը բարգավաճում է, որովհետև մենք ենք իր ապագան,  շատ լուսավոր ապագան:

Ամենավերջում ուզում եմ ասել, որ հայրենիքդ ու տունդ այնքան շատ պետք է սիրես, որ այդ սիրուց թշնամին անգամ սարսափի:

Իսկ ես ապրում եմ ու ապրելու եմ Այգեհովիտում, սովորելու եմ ու հետ գամ գյուղս՝ այն ավելի բարգավաճ դարձնելու նպատակով:

Հայաստանը հրաշալի է, Տավուշը՝ բացառիկ:

eva

Հարավային մայրաքաղաքի վերածնված հոգին

Առավոտյան ժամը վեցն էր, ու Երևանում լույսը դեռ նոր էր բացվում։ Ես, սովորությանս հակառակ ու մեծ դժվարությամբ, բնության հետ էի արթնացել և անհամբեր սպասում էի մեր հանդիպմանը։ Ժամանակավորապես հրաժեշտ տալով գերակտիվ ու լուսալի մայրաքաղաքին՝ անհագ կարոտով ու սպասումով լցված վազում էի բնօրրանիս գիրկը։

Մեկ տարի բացակայությունից հետո կրկին ծննդավայրումս էի։ Չնայած այն փաստին, որ այս ընթացքում մտովի զրուցում էի նրա հետ, այնուամենայնիվ դեմ առ դեմ հանդիպումը խիստ անհրաժեշտ էր։ Կապանս այս անգամ ուրիշ էր՝ ավելի բարեկարգ, ավելի մաքուր, ավելի գործունյա, ավելի լուսավոր, ավելի․․.  Ձեր թույլտվությամբ, չեմ խոսի Կապանիս չքնաղ բնության ու տեսարժան վայրերի մասին, քանի որ համացանցում բավականին տեղեկատվություն կա դրա մասին։ Կպատմեմ Կապանի և կապանցու հետ ունեցած լռակյաց ու ներքին զրույցների տպավորություններիս մասին։ Րոպեներն էի հաշվում, թե երբ պետք է վերջապես հասնեմ այնտեղ ու սկսեմ իմ նախատեսած ուսումնասիրությունները։ Ճանապարհորդությունս սկսեցի Կապանի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներից, որոնք լիքն էին մանուկների անհոգ ժպիտներով, երիտասարդների անսպառ էներգիայով և մեծահասակների բավարարված ու երջանիկ հայացքներով։ Մյուս օրերին ամեն երեկո շրջում էի քաղաքում ու հիանում երգող շատրվանների անկրկնելի գեղեցկությամբ։ Հետո նստում էի մոտակա նստարաններից որևէ մեկին և սկսում ուսումնասիրել մարդկանց, նրանց տրամադրությունը, շարժուձևը, գործողությունները․․․ Հուրախություն ինձ՝ մարդիկ անկեղծ ժպտում էին։ Կարծես վերջապես մի փոքր ազատվել էին հոգսերից ու հանգիստ շունչ էին քաշում։  Ամեն քայլափոխի ջանք չխնայելով հարցուփորձ էի անում, թե ինչպես են իրենց զգում, ինչ փոփոխություններ են նկատում, ինչ տրամադրվածություն ունեն։ Նրանք պատասխանում էին, որ Կապանն իսկապես փոխվել է, այն օր օրի ավելի է գեղեցկանում ու բարգավաճում, իսկ իրենք բնականաբար ուրախ են դրա համար և շատ բավարարված են զգում։ Չեմ հիշում, թե երբ էի վերջին անգամ կապանցուն այսքան պայծառ տեսել։ Նյութական ու ֆիզիկական կառուցմանը գումարվել էին դրական  էմոցիաներով լի տրամադրությունը և անկեղծ ուրախությունը։ Իսկապես, դրական տեղաշարժերը քաղաքում ամեն քայլափոխի էին երևում` սկսած շինարարական փոփոխություններից մինչև մշակութային կյանքի ծաղկունք։ Կապանցու աչքերում փայլ ու հույսի նշույլներ կային։ Նրանք համոզված են, որ ամեն ինչ շատ լավ է լինելու և դեռ շատերն են խոսելու Կապանի մասին։ Համոզված եմ, որ այդպես էլ լինելու է։ Երբ ես ու Կապանս մենակ էինք մնում, ես դանդաղ շրջում էի նրա փողոցներում` կլանելով յուրաքանչյուր մանրուք, որ նա փորձում էր հասցնել ու ցույց տալ ինձ։ Կապանիս ամեն մի անկյունը ինձ հիշեցնում էր այնտեղ անցկացրած օրերիս մասին, որոնք լցված են անմոռանալի ու թանկ հիշողություններով, իմ ու ընկերներիս խենթ արարքներով, ընտանեկան զբոսանքներով, բարեկամական հանդիպումներով, ուրախությամբ ու տխրությամբ, վերելքներով ու անկումներով, մի փոքր ափսոսանքով, բայց և մշտական հույսով, անսահման հպարտությամբ, անկեղծ ու նվիրական սիրով։ Երբ բակերի կողքով էի անցնում, ուրախությամբ նկատում էի, որ երեխաների աղմուկի ու մեծահասակների նարդի խաղալու գոչյունների քաղցրությունը պահպանվել է։ Քայլելիս մեկ էլ զգում էի, որ ինչ-որ մեկը անթարթ հայացքով ինձ էր հետևում։ Խուստուփս էր՝ հարավային մայրաքաղաքի գեղեցկուհին։ Նա հպարտ ողջունում էր ինձ ու հիացնում իր վեհությամբ։ Խուստուփս կարծես մոր պես հսկում է իր երեխային վերևից՝ ուրախանալով նրա հաջողություններով, կարեկցելով նրան դժվարին պահերին, հիշեցնելով նրան, որ միշտ իր կողքին է և պատրաստ է պաշտպանել նրան բոլոր վտանգներից։ Ես Կապանինս եմ այնքանով, որքանով նա է իմը։ Մեր սերը շատ ամուր է և կառուցված է փոխադարձ հարգանքի ու նվիրվածության ամուր քարերով։

Կապա՜նս, այս անգամ դու ինձ էլ ավելի զարմացրիր ու երջանկացրիր, հուզեցիր ու ստիպեցիր ևս մեկ անգամ հպարտանալ իմ արմատներով։ Շնորհակալ եմ, որ այսքան աշխատասեր ես, լավատես, հույսով լի ու վառվռուն։ Դու միշտ իմ մտքում, հոգում և սրտում ես։ Ես շարունակելու եմ մեծ ուշադրությամբ հետևել քո հաստատուն քայլերին՝ փորձելով աջակցել քեզ ամեն հնարավոր ձևով։ Շնորհակալ եմ, որ միտքդ այդքան ճկուն է,  սիրտդ այդքան բարի, հոգիդ էլ այդքան ճերմակ ու մաքուր։ Սիրում ու կարոտում եմ քեզ և ամեն անգամ անհամբերությամբ սպասում մեր հանդիպմանը։

Ավանդույթը չխախտելով՝ կրկին մեծ դժվարությամբ ու սովորությանս հակառակ արթնացա բնության հետ ու հրաժեշտ տվեցի Կապանիս։ Մի վերջին անգամ անցա նրա փողոցներով ու ցտեսություն ասացի Խուստուփիս՝ կրկին վերադառնալու անդրժելի խոստում տալով։