Իմ բնակավայրը խորագրի արխիվներ

Ծակ քարի ավանդությունը

Միշտ էլ իմ հետաքրքրության կենտրոնում  եղել են մեր գյուղի բարքերն ու սովորությունները, հետաքրքիր պատմություն ունեցող վայրերը։ Եվ ինձ միշտ այդ հարցում օգնության է հասնում տատիկս։ Հիշում եմ, երբ նրանից խնդրեցի, որպեսզի պատմի մի պատմություն կապված մեր գյուղի բարքերից և հետաքրքիր պատմություն մի վայրից, որը ունի հեթանոսական պատմություն։

Նա սկսեց  ամենասկզբից:

- Մեր գյուղը ունի շատ հերոսական և հետաքրքրական պատմություններ: Դրա մասին վկայություններ կան Ս.Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» գրքում,- հետո ավելացնում, որ գյուղն ունի հազար տարուց ավելի պատմություն, և երբեմն գործում է Ղուշչի, Կուշչի, Կուշչի ֊Բիլաք անուններով,- գրաված է այնտեղ. «մի թուրք բեկ գյուղ կնքեղ իր ճաշակին համապատասխան, որը թարգմանվում է ՝ բազեապան, բազե ՝դաստակի վրա։ Այստեղի մարդիկ շատ ավանդապաշտ ու իրենց օրենքով ապրող մարդիկ էին։ Գյուղի արևմտյան մասում բաց տարածության մեջ կա մի մեծ քար, որը կոչվում է «Ծակ քար»:  Թե ինչու է կոչվում Ծակ քար, հիմա կպատմեմ:

Կար մի գեղեցիկ աղջիկ, ով իր համեստությամբ և հոգատարությամբ միշտ աչքի էր ընկնում։ Նրա բարությունն ու գեղեցկությունը սահմաններ չէին ճանաչում։ Նա ուներ մուգ կանաչ աչքեր, մուգ շագանակագույն մազեր։ Նրան միշտ ասում էին գեղեցկուհի Մարիամ։ Նրան էր սիրահարված գյուղի ամենասիրուն և ամենաքաջ և «ամենաիգիթ» տղամարդը։Նա նույնպես շատ գեղեցիկ էր, ուներ գանգուր մազեր, լայն բազուկներ և նրա որսորդության մասին պատմում էին հարակից գյուղերում։

Մի անգամ Մարիամի հայրը նրան ուղարկում է հանդից եղբորը կանչելու: Մինչ այնտեղ հասնելը նա հանդիպում է Կարապետին: Նրանց հայացքները միախառնվում են, կարծես երկուսի սրտում վառվում է սիրո կրակը։ Նրանք այնպես էին միմյանց նայում, կարծես թե, վերջին անգամ էին իրար տեսնում։ Սիրահարները սկսում  են հանդիպել «Ծակ Քար» կոչվող վայրում։Նրանց հանդիպումները դառնում են հաճախակի մինչ այն պահը, երբ  Մարիամն իմանում է, որ իրեն նշանել են: Այդպես էր՝ դեռ փոքր տարիքից հայրերը նշանում էին իրենց աղջիկներին  և կնության էին տալիս այն ժամանակ, երբ դառնում էին հասուն։ Դժբախտ լուրը կոտրում է Մարիամի փխրուն սիրտը։Աղջիկը անհապաղ ուզում է տեսնի Կարապետին  և արագ քայլելով գնում իրենց վայրը, ուր իրեն սպասում էր Կարապետը։ Բայց Մարիամին հետևում էր հայրը և տեսնում, որ աղջիկը մտավ ծակ քար, ուր սովորաբար գնում էին սիրահարները։ Հայրը աննկատ մոտենում է և տեսնում նրանց ՝աղունիկների նման զրուցելուց։ Հայրը այնքան է բարկանում, որ դանակով հարվածում է տղային։ Տղան ընկնում և քարի վրա անցք է գոյանում: Մարիամն այդ ամենը տեսնելով վերցնում է դանակը և ասում և ինքնասպան լինում։Երբ նա ընկնում է, այնպիսի դիրք է  լինում, կարծես թե նրանց օրհնում է քահանան։ Եվ այսպես այդ վայրն անվանում են «Ծակ քար» կամ Կարապետի պուրակ։ Գյուղի երիտասարդները ավանդույթ են դարձնում, և մայիսին սիրահարները հավաքվում են և երդվում, որ էլ այդպիսի դեպքեր չեն լինի, և որ ամեն սիրահար հասնի իր մուրազին։

sargismelknyan12

Ոչ մի համայնքապետարան չի մաքրի քո բակը քո փոխարեն

Մի քանի օր առաջ Երեւանի Աջափնյակ համայնքի բնակիչ, տասնվեցամյա Անի Գեւորգյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ թվով չորրորդ էկո-վազքը, որին մասնակցեցին շուրջ 40 կամավորներ, ընդ որում՝ ոչ միայն Երեւանից։ Կամավորների թվում էի նաեւ ես։

Առավոտյան 9։04 էր, ու ես հասա նախապես սահմանված վայրը՝ Գեւորգ Չաուշի արձանի մոտ, որտեղ մեզ տվեցին ձեռնոցներն ու տոպրակները։ Սկսեց Էկո-վազքը, բաժանվեցինք երեք խմբի, որոնցից մեկը պիտի գետնից վերցներ պլաստիկը, մյուսը՝ ապակյա իրերը, իսկ երրորդը՝ ընդհանուր աղբը։

Մոտ 2 ժամվա ընթացքում հավաքվեց շուրջ 50 կիլոգրամ աղբ, որից 29,5-ը ընդհանուր աղբն էր, 14,25 կգ ապակին եւ 6,25 կգ պլաստիկը։ Ընդհանուր առմամբ ամեն ինչ ֆանտաստիկ էր ու դրական, թիմը՝ անկրկնելի, տրամադրությունը՝ բարձր․․․

Բայց ինչպես միշտ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, ինչպես Սարոյանն էր ասում։ Ու էդ սխալը էս անգամ մարդկանց վերաբերմունքի մեջ էր։

Մի շենքի բակ էինք մտել, որտեղ ծառեր կան, ու վստահաբար երեխաներ էլ են խաղում, նստարաններ կան, որտեղ մարդիկ են նստում․․․ Ուղղակի զարմանալ կարելի էր կոտրած ապակու կտորներն ու պոլիէթիլենային տոպրակները, կոնֆետների եւ անգամ լվացքի փոշու տարաներ, պլաստիկե եւ մետաղական հյութերի շշեր, նույնիսկ մեկանգամյա օգտագործման պլաստիկե բաժակներ։ Կներեք, բայց քաղաքի մաքրությունից բողոքելուց առաջ գոնե կարելի՞ է քթի դիմացի պլաստիկե շիշը կռանալ եւ վերցնել, թե՞ կռանալու մեջ ամոթ բան կա։ Իսկ գցելուց ինչ-որ մեկը մտածու՞մ է, որ հենց դա է իսկապես ամոթը․․․ բայց էս ամենը դեռ մի կողմ, երբ շենքի բակում հավաքում էինք աղբը, մարդիկ էին գալիս-գնում ու «Ապրեք, լա՛վ մաքրեք, երեխեք ջան․․․»-ից բացի ուրիշ ոչ մի բան։ Իսկ լուսամուտներից որոշ մարդիկ նայում էին, թե կամավորներն ինչպես են մաքրում տարածքը։ Բայց կարելի՞ էր իջնել ու ինչ-որ կերպ օգնել կանգնած նայելու փոխարեն, գոնե տոպրակ պահել, ի վերջո ոչ ոք ձեզնից բացի պարտավոր չէր մաքրել ձեր բակը, չէ՞։

Շատ հաճախ, երբ ինչ-որ իրադարձություն է լինում, ես փորձում եմ միշտ այն համեմատել իմ տարածաշրջանի հետ, թե ինչպես այն կլիներ, եթե մեզ մոտ լիներ, կամ՝ եթե արդեն չէր եղել։ Ու ես հիշեցի, թե ինչպես մայիսին Արմանի նախաձեռնությամբ մաքրվեց հարյուր մետր երկարությամբ ու երեւի մի այդքան էլ լայնությամբ տարածք՝ մարդու հասակի խոտից, ընդհանուր եւ շինարարական աղբից, պլաստիկից ու ապակուց։ Սկզբում ընդամենը մի քանի հոգի էինք, հետո շենքի մյուս բնակիչները տեսնելով էս ամենը, եկան ու միացան, մյուսները սառը թան, ջուր ու սուրճ էին բերում աշխատող մարդկանց, մի ամբողջ շենք էր պայքարում հանուն բակի այդ հատվածի մաքրության։ Ուղղակի մի կայծ էր պետք, որ մարդիկ հավաքվեին իրար գլխի ու մաքրեին էդ ամենը։

Բայց Երեւանին վախենամ դա էլ չի փրկի, քանի որ շատերը չեն գիտակցում, որ քաղաքն իրենց տունն է, բակը իրենցն է, հետո՞ ինչ, որ տասնյակ մարդիկ են ապրում նույն շենքում։

Ինչեւէ, ես չեմ կորցնում հույսը, որովհետեւ դա եւս մեկ անգամ գտա էն երիտասարդների աչքերում, ովքեր այդ եւ ոչ միայն այդ օրը ապացուցեցին, որ երկրի ցանկացած խնդիր նաեւ իրենցն է, ու իրենք պարտավոր են դա լուծել որպես քաղաքացի։ Երիտասարդներ, ովքեր միայն կարդալով հայտարարությունը, եկել ու մասնակցել էին նախաձեռնությանը հանուն ավելի մաքուր քաղաքի։ Ես վերագտա հույսը, երբ եկել էին ուրիշ մարզերից երիտասարդներ, եկել էին օգնելու իրենց ընկերներին սեփական գաղափարներն իրագործելու։ Ես եւս մեկ անգամ գտա հույսը եւ շարունակում եմ վառ պահել։

Ու թեեւ ոչ մի համայնքապետարան չի մաքրի քո բակը քո փոխարեն, ես հույս, մեծ հույս ունեմ, որ դրա կարիքը շատ շուտով չի լինի, ու դուք կկարողանաք ինքնակազմակերպվել ու հոգալ սեփական տարածքի մաքրությունը։

Հ․Գ․

Չեմ հիշում, թե ով է այս խոսքերի հեղինակը, բայց «Նրանք, ովքեր չեն ցանկանում ինչ-որ բան անել, որոնում են պատճառներ։ Նրանք, ովքեր ցանկանում են ինչ-որ բան անել, որոնում են ուղիներ․․․»։

Լուսանկարը` Զարէ Կիրակոսյանի

Ճամբարակ

Լուսանկարը` Զարէ Կիրակոսյանի

Լուսանկարը` Զարէ Կիրակոսյանի

Ասում են Եկատերինա թագուհին ռուս մոլոկաններին  աքսորեց  Ճամբարակ, որպես տարածքի ամենացուրտ ու անբարենպաստ վայր, էն «հեյվարա» Սիբիրը թողած: Արդեն խոստումնալից է, չէ°:
Դե, օրինակ, հիշում եմ, որ տատս ասում էր` ստեղ մենակ օգոստոսին ձյուն չի եկել: Ես իմ կարճ ապրած երկու տասնամյակների ընթացքում ձյուն չեմ տեսել մենակ հուլիս-օգոստոս ամիսներին, մի ուրիշ տեղական հումոր ասում է. «Ճամբարակում ինչ ցանում ես, կարտոֆիլ ա դուրս գալիս»: Աշխարհագրական էս բարձրության վրա, ու էսքան քիչ արևի պայմաններում կարտոֆիլ է պետք լինել` դիմանալու համար: Կարելի է ասել` մեր երկրորդ հացն է:

Լուսանկարը` Զարէ Կիրակոսյանի

Լուսանկարը` Զարէ Կիրակոսյանի

Կիլոմետրերով կարելի է գալ մինչև Շորժա-Ճամբարակ  վահանակ, ոչ մի փոփոխություն. նույն կլիման, նույն տրամադրությունը, արև, լողափին մարդիկ: Մեկ էլ թեքվում ես սարերի մեջ կորչող էդ նեղ ճանապարհով, մի քանի կիլոմետր, ու բոլոր օրինաչափությունները կորչում են: Քիչ է մնում ասեմ` երկրի ձգողականությունն էլ է վերանում: Կիլոմետրերի վրա արդեն նկատում ես մառախուղի մեջ կորած սարերը: Եթե բախտներս բերում է, մառախուղը մնում է սարերի վրա ու չի իջնում:  Մարդու գիտակցությունը մի քիչ տեղի տա, երևակայությունն էլ ուժեղ լինի, միստիկան կսկսի գլուխ բարձրացնել:

Լուսանկարը` Զարէ Կիրակոսյանի

Լուսանկարը` Զարէ Կիրակոսյանի

Անբացատրելի է, մեկ-մեկ թվում է` էս օդի մեջ հատուկ տոքսիններ կան, ունակ տրամադրության, մտքերի վրա ազդելու:

Էս ինձ ծանոթ վերջին տունն է Ճամբարակում, որտեղ մոլոկան է ապրում:

meri avetisyan

Կարմիր կակաչները

Ցամաքաբերդի լքված ու մոռացված հյուրանոցի մոտ բուսնող միակ ծաղիկները կարմիր կակաչներն են: Հյուրանոցի կառուցման հստակ տարեթիվը ինձ հայտնի չէ, և դա այդքան էլ էական չէ: Կառույցը ունի գեղեցիկ և տարօրինակ տեսք և անցորդներին միշտ գրավում է հաղթանդամ դիրքով, որքան էլ որ այն ավերված լինի:

Ցամաքաբերդի լեռների մառախուղի մեջ հպարտ ցցված շինությունում նախկինում աշխատում էր տեղի բնակչության զգալի մասը, և այն շատ մեծ հնարավորություն էր տալիս զբոսաշրջիկներին` տեսնելու լիճը բարձրությունից, զգալու նրա մոգական ազդեցությունը ու կատարյալ մաքուր օդը: Հյուրանոց եկող զբոսաշրջիկների մեծ մասը ծանոթանում էր նաև Ցամաքաբերդի հանճարեղ, իմաստուն, հյուրասեր բնակչության հետ, և վստահ կարող եմ ասել, որ երբեք չէին մոռանում Սևանի յուրօրինակ ուրցը, սառնորակ, բնական աղբյուրները և այդ փոքրիկ թաղամասում գտնվող չքնաղ եկեղեցին, որի կողքին էլ գտնվում էր տեղի միակ միջնակարգ դպոցը (որը այժմ իմն է): Ես քայլում էի այդ ճանապարհով, և հանկարծ վայրագ քամին քշեց նուրբ կակաչների թերթիկները, հետո նկատեցի, որ մի կակաչ համառորեն պայքարում էր քամու դեմ, հյուրանոցի պատի տակ:

-Այս հյուրանոցում տատիկս է աշխատել,- ասացի ես:

-Այս հյուրանոցում բոլորս ենք աշխատել,- ինձ դիտողություն արեց մի պապիկ:

-Իսկ ինչո՞ւ հիմա չի գործում,- հարցրի ես:

-Հյուրանոցը գնել էր մի արտասահմանցի և փորձում էր այն վերանորոգել և շահագործման հանձնել, բայց մեր նախկին իշխանությունը ցանկացավ ևս մասնբաժին ունենալ հյուրանոցից, իսկ գնորդը չհամաձայնեց, քանի որ մեր իշխանությունը ուզում էր մասնաբաժնի մեծ մասը: Եվ այդպես մոտ երկու հարյուրից ավելի մարդ զրկվեց աշխատանքից:

-Իսկ եթե հիմա վերանորոգվի ու շահագործման հանձնվի՞:

-Օ՜,- հառաչեց պապիկը,- դա շատ լավ կլինի, միայն թե մեկը խոսի սրա մասին:

-Ես կփորձեմ մի բան անել:

-Ցամաքաբերդի՞ց եք,- հարցրեց պապիկը:

-Ո՛չ, այստեղ տատիկս է ապրում, և բացի դրանից` ես այս դպոցում եմ սովորել,- մատով ցույց տվեցի դպրոցս. այն հյուրանոցից ներքև էր գտնվում,- այս տարի ավարտեցի,- շարունակեցի ես:

-Հա՜, մեր գյուղը լավն է, մեր դպրոցը լավն է, որ հյուրանոցն էլ բացվի, շատ լավ կլինի, մեկ էլ ճանապարհները պիտի վերանորոգվեն: Բա ինչի՞ ես կանգնել էդտեղ, քամի է, տուն գնա:

-Կգնամ, ուզում եմ տեսնեմ` քամին կպոկի՞ կակաչը, թե՞ չէ:

-Իմ աղջիկ, կակաչը հայի պես է՝ ամեն դժվարության դիմանում է, մի անհանգստացի, քամին չի պոկի, գնա տուն, ուշ է: Ես էլ տեսնեմ` ուր է կովս, ինձ չի լսում, թե սենց շարունակվի, վայթեմ ծախեմ, հաա՜, բա ես ոտք ունե՞մ, որ դրա հետևից վազեմ,- բարկացավ պապիկը,- հենա՛, դու հլը նայի` էն փոսի մեջ է, սաղ գյուղը խոտ է, ինքը գնացել մտել է փոսը, վա՜յ, նայի՛ր, այնտեղ կակաչներ էլ կան , տեսնո՞ւմ ես:

-Այո՛, բայց քիչ են, հյուրանոցի կողքի բլուրների վրա ավելի շատ կան:

-Ճիշտ ես նկատել, բայց կակաչների համար դժվարություններ չկան, նրանք դիմանում են ամեն ինչին, դրա համար էլ բլուրի վրա են բուսնել, էլ ուրիշ որտե՞ղ:

-Ինչպես հայե՞րը:

-Ինչպե՛ս հայերը:

Այն, որ Ցամաքաբերդը Սևան քաղաքի թաղամասերից մեկն է, դա փաստ է, բայց տեղացիները փոքրիկ տարածքին գյուղ են անվանում, և դա ոչ մի փաստաթուղթ չի կարող փոխել, ինչպես և չի կարող փոխվել այն, որ Սևանա լճին ծով ենք անվանում: Իսկ եթե բացվեր հյուրանո՞ցը, անկասկած, եկվորներն էլ կտեսնեին երկրային դրախտը ու աշխարհի ամենաբարի մարդկանց:

ArtBus-Գունատեղ Արտենիում

Յուրաքանչյուր տարի դպրոցի աշակերտական խորհուրդները պետք է իրականացնեն ծրագիր, այն պետք է լինի դպրոցի ներսում կամ համայնքում։ Արտենիի միջնակարգ դպրոցի ԱԽ-ն որոշեց, որ այս տարի իր ծրագիրը պետք է լինի համայնքային։

-Երեխեք, եկեք հետաքրքիր ու այնպիսի ծրագիր անենք, որ չկա մեր գյուղում, և օգտակար կլինի բոլորի համար:

-Երեխեք, մեր գյուղում ի՞նչ չկա:

-Ժամանցի վայր, որտեղ երեխաները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը:

-Եկեք ավտոբուս գտնենք, ներկենք, վերանորոգենք ու կդառնա հավես տեղ։

Եվ երկար ժամանակ մենք ավտոբուս էինք փնտրում: Կային մի քանիսը, բայց անընդհատ ինչ-որ բան չէր ստացվում: Եվ վերջապես մի օր հեռախոսիս նամակ ստացա. «Ավտոբուսը բերել ենք, արդեն գյուղում ա, վաղը հավաքվենք, որ որոշենք` ինչ անենք»:

Ավտոբուսը բերելուց հետո մի քանի աշակերտներ գնացին համայնքապետի մոտ, որպեսզի ներկայացնեն մեր ծրագիրը և բյուջեն, թե որքան գումար է հարկավոր ավտոբուսը վերանորոգելու համար։ Համայնքապետը մեզ ընդառաջեց և տրամադրեց բյուջեին համապատասխան գումարը, և մենք սկսեցինք մեր աշխատանքները։

Երկար ժամանակ որոշելուց հետո, թե ինչ տեսք պետք է ունենա մեր ավտոբուսը, ինչ գույներով պետք է լինեն պաստառները, որոշվեց, որ աշակերտները գնան խանութ` կկողմնորոշվեն, կամ մեզ կուղարկեն` մենք կընտրենք։

Հետո մի քանի աշակերտներ գնացին մեզ անհրաժեշտ նյութերը գնելու։ Նյութերը բերեցին, և վերանորոգման առաջին քայլը ներկելն էր: Այդ ընթացքում մենք հյուր ունեցանք` սողուն էր, որը որոշել էր հանգրվանել մեր ավտոբուսում, սակայն մենք փչացրինք նրա նպատակները և հեռացրինք նրան։

Հետո ավտոբուսի ներսում ամրացրեցինք պաստառները, կառուցեցինք հատակ։

Մեր ավտոբուսի համար նաև պետք է ընտրեինք անուն: Երբ ծրագիրը պետք է ներկայացնեինք համայնքապետին, ասացինք, որ այն պետք է անվանենք «ArtBus», որը կբացվեր որպես Art-Արտենի և Bus-ավտոբուս: Ներկայացնելուց հետո մտածեցինք նաև հետաքրքիր այլ անուն տալ ArtBus-ին, և քանի որ մեր ավտոբուսը գունավոր էր, երեխաներից մեկը առաջարկեց դնել «Գունավոր տեղ», հետո մտածեցինք, որ կարելի է ստեղծել նոր և հետաքրքիր բառ` գունատեղ, և այդպես էլ արեցինք. մեր ավտոբուսը անվանեցինք «ArtBus-Գունատեղ»։

Մեր ArtBus-Գունատեղը պետք է ներկայացնեինք նաև Coaf-ի Սմարթ կենտրոնում, և ներկայացնելով մեր ծրագիրը` հիացրինք և զարմացրինք բոլորին, և մեր ծրագիրը համարվեց լավագույն ստեղծարար ծրագիր։ Պաշտոնական բացումը արեցինք հունիսի 19-ին։

Այսօր արդեն գործում է մեր ArtBus-Գունատեղը:

Համեցեք մեզ հյուր:

Արարատի մարզում գարունը միասնություն է բերել

Մայիսի 12-ին Վեդիում սկսվեց «նոր եթերաշրջան»: Այդ օրը Վեդիի երիտասարդները հանդիպեցին ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ, ու քաղաքում սկսվեց երիտասարդների ակտիվացումը: Երիտասարդները Վեդիում ոչ ստանդարտ սրճարան են կառուցում: Նոր եթերաշրջանի ընթացքում՝ հունիսի 15-ին, Վեդու համայնքապետարանի հանդիպումների սրահում հավաքվեցին մարզի ակտիվ երիտասարդներն ու հանդիպեցին պատգամավորներ Ռուստամ Բաքոյանի, Տաթևիկ Գասպարյանի ու Սոս Ավետիսյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը:

Հանդիպման սկզբում պատգամավորները խոսեցին մարզի ոչ ակտիվ կյանքից ու հայտնեցին իրենց մտահոգությունն այդ առումով: Վեդու բնակիչ Գագիկ Հակոբյանը խոսեց մարզում առկա գյուղատնտեսական խնդիրներից, նա նաև մարզը տուրիստական կենտրոն դարձնելու գաղափար ունի: Նույն գաղափարն ունի նաև Արարատից Գևորգը: Արտաշատի երիտասարդներից Տաթևն էլ մտահոգված է, որ երիտասարդները մարզում աշխատանքի խնդիր ունեն: Գինեվետ համայնքից Ռուզաննան առաջարկում է կարի արտադրամաս բացել, Վեդիից Վահեն՝ արվեստի միջմասնագիտական դպրոցի գաղափար ներկայացրեց, մյուսները լսում ու հավասար քննարկումներ էին անում:

Պատգամավորները լսեցին բոլորի առաջարկներն ու պատրաստակամություն հայտնեցին միասին աշխատելու: Վեդու համայնքապետարանից հետո նույն խումբն այցելեց ոչ ստանդարտ սրճարանի տարածք:

Մյուս հանդիպումը չի ուշանա, սակայն այս անգամ կհանդիպեն արդեն Արտաշատում: