- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի
Ապրիլի չորսին Եղեգնաձորի պատկերասրահում տեղի ունեցավ գեղանկարիչ Մհեր Հարությունյանի «Բնության գրկում» խորագիրը կրող ցուցահանդեսը։
Մհեր Հարությունյանը ծնվել է 1976 թվականին Գնդեվազ գյուղում։ 1986-1990 թվականներին սովորել է Ջերմուկի արվեստի դպրոցում։ 1991-1995 թվականներին սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժնում։ 1996-2002 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժնում։ Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, և այս ցուցահանդեսը դրանցից մեկն էր։
Ցուցահանդեսի ներկաների թվում Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Բագրատունին էր, որը շնորհավորեց գեղանկարչին և իր սրտի խոսքն ասաց.
-Ես վերջերս տեղեկացա, որ գեղարվեստի թանգարանում նույնպես բացվել է գեղանկարիչ Մհեր Հարությունյանի ցուցահանդեսը։ Շատ ուրախ եմ, որ մեր մարզի ստեղծագործող անձինք ոչ միայն այստեղ, այլ նաև ավելի լայն հարթակներում ներկայանալու հնարավորություն ունեն։ Գարունները հայ ժողովրդի համար դժվար ու հետաքրքիր են։ Ջերմուկում գարունները ձնառատ են լինում, հետո բնությունը շռայլ է գտնվում, և մենք այժմ կտավներին նայելով՝ վայելում ենք Վայոց Ձորի բնության հրաշքները։ Ես վստահ եմ, որ արվեստագետների գործը ամենակարևորն է, որովհետև նրանք տպավորվում, ընկալում և վերաիմաստավորված անգնահատելի կտավներ են փոխանցում սերունդներին։ Այն ժառանգությունը, որ թողնում են արվեստագետները՝ հանձինս այս կտավների, շատ ավելի երկար են պատմելու մեր Վայոց Ձորի մասին, մեր բնության մասին։
Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի
Այնուհետև խոսքը փոխանցվեց Ջերմուկի պատկերասրահի տնօրեն Վարդան Ավետյանին։
-Ես եկել եմ այստեղ՝ ներկայացնելու գեղանկարիչ Մհեր Հարությունյանին իմ աչքերով։ Այնպես, ինչպես մարդկանցից յուրաքանչյուրն է անհատականություն, այդպես էլ յուրաքանչյուր նկար իր առանձնահատկությունն ունի։ Եթե յուրաքանչյուր մարդ նույն նկարը նկարի, նա իր տեսածն է վերարտադրելու, իր գույներով։ Ես շատ կարևոր եմ համարում պրոֆեսիոնալիզմը բոլոր առումներով և բոլոր մասնագիտությունների մեջ։ Եթե բժշկության մեջ բժիշկը պրոֆեսիոնալ չեղավ, նրան ոչ ոք չի վստահի իր առողջությունը։ Իսկ գիտե՞ք՝ ինչքան լավ է, երբ իր գործում պրոֆեսիոնալ է արվեստագետը, տվյալ դեպքում՝ գեղանկարիչը։ Հարգի է և մնայուն այն նկարիչը, որը անցել է պրոֆեսիոնալ ճանապարհ և իր աշխատանքները կարողանում է ներկայացնել պրոֆեսիոնալ մակարդակով։
Ինչպես ասում է մեծ արվեստաբան Շահեն Խաչատրյանը՝ նկարիչը նկարիչ է անպայման, երբ կարողանում է առաջին հերթին իր զգացածը վերարտադրել կտավի վրա։
Նկարիչ են նրանք, ում բնությունը այդ կոչումը տվել է, և իրենք իրենց սովորած, անցած ճանապարհը համադրում են այդ տաղանդի հետ։
Մհեր Հարությունյանը այն եզակի նկարիչներից է, որը միշտ զարգացնում է իր նկարները, զուգահեռ օգտվում է գրականությունից, անընդհատ կարդում է, նկարում է, և այդ ամբողջը համակցում է իրար՝ արդյունքում ստանալով իրական նկարներ։
Ես սրտանց շնորհավորում եմ Մհեր Հարությունյանին՝ այս ցուցահանդեսի առթիվ։
Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի
Իսկ հետո խոսեց գեղանկարիչ Մհեր Հարությունյանը.
-Երբ նկարը դրված է արվեստանոցում, մենք նայում ենք։ Ես նայում եմ նկարներին, շատ ժամանակ հիանում եմ, շատ ժամանակ դրանք ինձ դուր չեն գալիս։ Նկարներ են լինում, որոնք տարիներով մնում են մի անկյունում դրված, բայց երբ նկարները կախում ես ցուցասրահում և տեսնում ես, որ մարդիկ եկել և նայում են նկարները, գնահատում են աշխատանքներդ, ինչ-որ հարազատ մի բան են գտնում նկարներում, հենց այդ ժամանակ է, որ քեզ բավարարված և գնահատված ես զգում։ Ցուցահանդեսները շատ լավ առիթ են այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են արվեստով։ Նայում ու տեսնում ես, որ հարազատներդ, ընկերներդ և շատ մարդիկ են եկել ցուցահանդեսդ նայելու, և միտք է առաջանում ավելի շատ ցուցահանդեսներ կազմակերպելու։
Ես շատ ուրախ եմ, որ կան պատկերասրահներ, որոնցում ցուցադրվում են տարբեր նկարիչների աշխատանքները։
Շնորհակալություն եմ հայտնում Եղեգնաձորի պատկերասրահի աշխատակիցներին, որոնք աջակցեցին ինձ, և հնարավորություն ունեցա մեր մարզում կազմակերպելու իմ գեղանկարների ցուցահանդեսը։
Ներկաների թվում էր նաև Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը։
Բոլոր ներկաները շնորհավորեցին գեղանկարչին ցուցահանդեսի կապակցությամբ՝ մաղթելով բազմաթիվ հաջողություններ։
Լուսանկարը` Զարա Ղազարյանի
Ըստ ժողովրդական ավանդության ՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնի նախօրեին ջերմաստիճանը կտրուկ նվազում է: Ժողովրդական ասքը՝ «Սուրբ Սարգսի բուքը», Ապարանում ամենօրյա երևույթ է:
Փետրվարի 16-ին՝ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, Ապարանում անցկացվեց «Ապարանյան ձմեռ» մարզամշակութային փառատոնը:
Միջոցառումը կազմակերպվել է Ապարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ: Փառատոնին աջակցել են Եվրասիա բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Ձնեմարտի ֆեդերացիան, Վորլդ Վիժն կազմակերպության ապարանյան գրասենյակը և Շրջակա միջավայրի կայունության աջակցման կենտրոն ՀԿ-ն:
Լուսանկարը` Զարա Ղազարյանի
Փառատոնի կարևոր մասն էր Հայաստանում առաջին անգամ անցկացվող ձնեմարտի առաջնությունը, որը կազմակերպվել էր Հայաստանի Ձնագնդի ֆեդերացիայի կողմից: Ֆեդերացիան ձևավորվել է այս տարի՝ միջազգային փորձի հիման վրա:
Լուսանկարը` Զարա Ղազարյանի
Ֆեդերացիայի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը նշեց, որ ապագայում պլանավորում են ստեղծել Հայաստանի ձնամարտի հավաքական:
-Հայաստանի կլիմայական պայմանները նպաստավոր են սպորտաձևի զարգացման ու տարածման համար: Ապարան քաղաքը ֆեդերացիայի գործունեության զարգացման համար ունի մեծ տեսլական: Մենք համագործակցություն ենք սկսել համայնքապետարանի հետ, քանի որ սպորտաձևի տարածումը զարկ կտա Ապարանում ձմեռային զբոսաշրջության զարգացմանը: Իսկ «Ապարանյան ձմեռ» փառատոնը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ներկայացնելու սպորտաձևը: Խաղերի ընթացքում աչքի ընկնող մասնակիցները հետագայում պոտենցիալ թիմակիցներ կարող են դառնալ:
Լուսանկարը` Զարա Ղազարյանի
Առաջնության առաջին պայքարը (սիրողական) ընթացավ Ապարանի Եղիպատրուշ գյուղի թիմի և Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների միջև: Հաղթանակ տարան եղիպատրուշեցիները:
Լուսանկարը` Զարա Ղազարյանի
Խաղի մասնակից Սևակ Մաթևոսյանը նշեց, որ մարզերում ապրող երիտասարդների համար այս սպորտաձևով զբաղվելը վատ չէր լինի:
-Շատերի համար, կարծում եմ, սպորտաձևը նորություն էր: Սպորտաձևը ոչ միայն մարզական վիճակ է ապահովում, այլև ձևավորում է թիմի հետ աշխատելու և պայքարի բնավորություն:
Լուսանկարը` Զարա Ղազարյանի
Փառատոնը և ձնեմարտի առաջնությունը կունենան շարունակական բնույթ:
Լուսանկարը` Զարա Ղազարյանի
Խաղի կանոները
- Ամեն թիմ պետք է ունենա 7 խաղացող, 1 մարզիչ և 2 պահեստային խաղացող։
Խաղացողների դասավորությունը՝ 4 հարձակվող և 3 պաշտպան։
Խաղացողները ձնագնդի հարված ստանալու դեպքում դուրս են գալիս այդ խաղակեսից:
Այլ առարկայից, ռեկաշետով ստացած հարվածները չեն հաշվվում, և խաղացողը մնում է դաշտում։
Խաղացողը դուրս է գալիս անգամ, երբ իր թիմակիցների ձնագունդն է կպնում իրեն, ներառյալ այն դեպքը, երբ մյուս խաղացողը ցանկանում է ձնագունդ փոխանցել խաղընկերոջը։
Ձնագնդերը խաղընկերներին փոխանցվում են ձեռքից ձեռք, կամ գլորելու միջոցով։
Լուսանկարը` Զարա Ղազարյանի
Լուսանկարը` Զարա Ղազարյանի
-Ամեն խաղակեսը տևում է 3 րոպե։
Հաղթում է նա, ով երկու խաղակեսում հաղթող է դուրս գալիս, կամ այն թիմը, որը գրավում է հակառակորդի դրոշը, կամ ձնագնդի հարվածներով խաղից հանում է հակառակորդի բոլոր խաղացողներին, ինչպես նաև այն թիմը, որը ավելի շատ խաղացող կունենա դաշտում խաղակեսի ավարտին։
-Ամեն խաղակեսում յուրաքանչյուր թիմ կարող է օգտագործել մինչև 90 ձնագունդ:
Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
Հունվարի 26-ին և 27-ին Աշոցքս մարդաշատ էր: Հայաստանի հյուսիսային, ցրտաշունչ բնակավայրում էին հավաքվել Հայաստանի մարզերից և Երևանից եկած մեծեր և փոքրեր: Այնքան հաճելի զգացողություն էր, երբ զգացի, որ գյուղս ճանաչեցին ոչ միայն -35° ջերմաստիճանով, այլ դահուկորդներով:
Աշոցքը տարիներ շարունակ սպորտի պատմության մեջ ոսկե տառերով է գրում մարզիկների անուններ, ովքեր մեծ հաջողություն ու անուն են բերում ոչ միայն իրենց հայրենիքին, այլ նաև ծննդավայրին: Միքայելյանների ընտանիքը ջանք ու եռանդ ներդրեց, պայքարեց ու հասավ ցանկալի արդյունքի: Պատրաստեց ու շարունակում է պատրաստել նոր դահուկորդներ, ովքեր օտար ափերում դահուկային սպորտի առաջավորներից են: Միքայելյանների ընտանիքի երկու զավակները՝ Սերգեյը և Միքայելը, Հայաստանը ներկայացրել են օլիմպիական խաղերում, իսկ վերջերս Միքայելը Ֆինլանդիայի Լահթի քաղաքում տեղի ունեցող դահուկավազքի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 30 կմ դասական ոճի մրցատարածությունում 21 պետությունների 70 ուժեղագույն մարզիկների հետ պայքարում զբաղեցրեց 37-րդ հորիզոնականը: Պողոսյան Թադևոսը, որը նույնպես այս սպորտաձևում հզորներից է, բազմաթիվ մեդալներ է նվաճել: Նա հունվարի սկզբին կայացած Հայաստանի դահուկավազքի առաջնությունից անմիջապես հետո Լիբանանում մասնակցեց տարվա առաջին միջազգային մեկնարկին: Ուրախալի է, որ հայ մարզիկը հաջող հանդես եկավ` դառնալով զարգացող պետությունների գավաթի խաղարկության ազատ ոճի մրցատարածությունների (10 կմ, 5 կմ) կրկնակի հաղթող: Հպարտությամբ կնշեմ, որ մենք համագյուղացիներ ենք: Ինչևէ, եթե շարունակեմ ներկայացնել, կմոռանամ գլխավոր նյութի մասին:
Աշոցքը դարձավ ձմեռային կենտրոն: Հիմա արդեն զբոսաշրջիկները, կամ ինչու չէ, Հայաստանի բնակիչները Ծաղկաձորից բացի կայցելեն նաև Աշոցք: Կվայելեն ձմեռային օրերը: Հունվարի 27-ին անցկացվեց դահուկավազքի սիրողական մրցաշար, որին մասնակցեցին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, համայնքապետը, մարզիկներ Հայաստանի տարբեր շրջաններից: Իր խոսքում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին փաստեց, որ կենտրոնը հիմնադրվել է «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում, որը զբաղվում է վերջերս խոշորացված 52 համայնքների հզորացմամբ:
Կենտրոնի ստեղծման նպատակն է` աջակցել Աշոցք համայնքին զարգացնել դահուկավազքը, խթանել ձմեռային զբոսաշրջությունը հայաստանցիների և հյուրերի շրջանում, ինչպես նաև ներգրավել դահուկորդների՝ մասնակցելու վերապատրաստումների և մրցույթների: Սիրողական մրցաշարին մասնակցում էին անգամ մանուկները, առավել աչքի էր ընկնում 3-ամյա Արտակը, որն իր փոքրիկ մարմնում մե՜ծ ջերմություն տեղավորելով՝ բոլոր լրագրողներին հավաքել էր շուրջը: Հարցազրույցի ժամանակ հետևում էի նրա քայլերին, նրա փոխարեն խոսում էր հայրիկը, որը նախկինում նույնպես դահուկորդ էր եղել, իսկ Արտակը խոսափողը իրեն ձգելով փորձում էր խոսել, ինքնուրույն պատմել: Այդ օրը Աշոցք էին այցելել երգչուհի Սոֆի Մխեյանը, սպորտային մակնաբան Կարեն Գիլոյանը:
Երեք տարի առաջ, սեպտեմբերի 1: Նոր միջավայր, նոր մարդիկ, նոր ուսումնական հաստատություն` Բերդի պետական քոլեջ: Չէի մտածում, որ այն կդառնա շատ հոգեհարազատ մի վայր: Անծանոթ մարդիկ, ովքեր կարճ ժամանակում դարձան ամենալավ ընկերներս:
Քոլեջը գտնվում է Բերդ քաղաքից ոչ այդքան հեռու: Քոլեջում կարող են ուսանել ինչպես 12-ամյա կրթություն ստացած պատանիները, այնպես էլ 9-ամյա կրթություն ունեցողները: Ես նույնպես հաճախել եմ 9-ամյա կրթությունով` «Ֆինանսներ և վարկ» մասնագիտացմամբ, բացի այս, ունի նաև «Մարքեթինգ», «Տուրիզմ» բաժիններ:
Քոլեջի ամենամեծ խնդիրը շենքն է, որը կարիք ունի կապիտալ վերանորոգման: Ի տարբերություն շենքային պայմանների, ներսում այնքան ջերմ մթնոլորտ է, որ հաճախ չենք էլ նկատում: Քոլեջն ունի բազմապիսի առավելություններ: Մինչ իմ հասակակիցները սովորում են ավագ դպրոցում, ես ու իմ կուրսեցիները հասունության վկայականի հետ ձեռք ենք բերում նաև մասնագիտություն, և կարող ենք քոլեջից հետո աշխատել համապատասխան մասնագիտությամբ: Իսկ նրանք, ովքեր կցանկանան ուսումը շարունակել բուհում, ապա քոլեջն ավարտելուց հետո, բուհում ուսումը նույն մասնագիտությամբ շարունակելու դեպքում կարող են միանգամից 2-րդ կուրս հաճախել:
Հիշում եմ, երբ նոր էինք սկսել ուսումնական տարին, ամաչում էինք նույնիսկ բարևել միմյանց: Մեր կուրսի տղաները հիշում են, որ մենք` աղջիկներս, մեկ ամիս առանց խոսելու անշարժ, նույն դիրքով գալիս նստում էինք մինչ դասերի ավարտը: Իսկ հիմա երբ հիշում ենք, որ ընդհամենը մի քանի ամիս է մնացել ավարտելուն, տխրում ենք:
Քոլեջն ավարտելուց հետո յուրաքանչյուրս արդեն պլանավորել է իր անելիքը: Ես ցանկանում եմ ուսումս շարունակել բուհում նույն մասնագիտությամբ:
Տարիներ անց, համոզված եմ, կհավաքվենք միասին Բերդի պետական քոլեջի այս տարվա երրորդ կուրսեցիներով, կհիշենք մեր քոլեջական տարիները, և թե ով ինչ ճանապարհ ընտրեց: Վստահ եմ, որ բոլորը կնշեն այն կարևոր դերի մասին, որն ունեցավ մեր կյանքում քոլեջը: