Իմ բնակավայրը խորագրի արխիվներ

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Իմ Վանաձորը

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Տաղանդավոր երիտասարդության ու արվեստի, արհեստի քաղաք` Վանաձոր: Երբեք չփոխվող այս քաղաքը, միշտ լեցուն կլինի կյանքով, ու ամեն անգամ այս օրը կթնդա Հայքի հրապարակը, որովհետև Վանաձորի երիտասարդության նմանը ուրիշ տեղ չկա:

Չգիտեմ, ինչո՞ւ եմ ամեն անգամ այս անձրևոտ ու մռայլ քաղաքը երիտասարդների եռացող, ակտիվ այրան հետ ասոցացնում: Առաջին հայացքից քնած քաղաքը երբեք քնած չի լինում, որովհետև ամեն անկյունում մի խումբ երիտասարդներ, մի մութ տանը, նոր ու հետաքրքիր գաղափարներ են ծնում և իրագործում: Սա այն դեպքն է երբ քաղաքը փողոցները չեն, շենքերը չեն ու ոչ էլ կանաչ ծառերն են ու անձրևոտ տարվա օրերը:

Վանաձորը մենք ենք, ու մենք ենք այստեղ եղանակ ստեղծողը: Մեզնով է քաղաքը անձրևում ու մեզնով էլ երկնքում արև է ծագում: Վանաձորը հոգեվիճակ է ու բնավորության գիծ: Ու միայն այս քաղաքում ես միշտ ինքս ինձ հետ ներդաշնակ կլինեմ:

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Վանաձորը էլ վաղուց աքսորատեղի չէ ու ոչ էլ ապագա չունեցող քաղաք, որովհետև այսօր հրապարակը թնդում էր, ու որովհետև վաղն էլ է թնդալու: Ու ամեն ծննդյան օր մենք ավելի շատ ենք լինելու: Ես վստա՛հ եմ, որ Վանաձոր գալու են ու էլ չեն գնալու:

Երբ Երևան էի տեղափոխվում, շատերը կարծում էին` կգնամ ու կմոռանամ իմ քաղաքը: Բայց հասկանո՞ւմ եք, չես կարող հեռանալ ինքդ քեզանից: Վանաձորն էլ իմ հոգին է ու իմ բնավորությունը, ես չեմ կարող առանձնանալ ոչ այս քաղաքի կոլորիտից, ոչ նրա բարբառից: Ո՞ւր էլ ես գնամ, երբ սկսեմ խոսել, կհարցնեք՝ թե որտեղի՞ց եմ, ու ես աշխարհի ամենահպարտ մարդու նման կասեմ.

-Ես Վանաձորից եմ…

received_249461202427399

Ձեռքդ տուր՝ օգնեմ

Սաստիկ շոգ է, հարավային ջերմ քամին մեղմորեն գգվում է հսկա Արմաղանի ուղղաձիգ լանջերին։ Գավառի ավագ դպրոցի աշակերտներով և ուսուցիչներով համալրված արշավախումբն արդեն մեկ ժամ համառորեն մարտնչում է անհաղթահարելի թվացող բարձունքի դժվարությունների դեմ։ Շատերս արդեն ուժասպառ ենք, մեզ հետ բերած ջրի պաշարները սպառվում են, իսկ Արմաղանի երկնամուխ գագաթը դեռ բավականին հեռու է։ Գնալով շնչելը դժվարանում է, հանգստանալու համար լանջին տեղ-տեղ նստած մարդիկ կռիվ են տալիս ներսից ըմբոստացող հանգստանալու անհագ պահանջի հետ և մեծ դժվարությամբ փորձում վեր կենալ։

received_2133276443603773

-Ձեռքդ տուր՝ օգնեմ,- ամեն անգամ լսվում է դպրոցի տեսուչի ձայնը՝ լի կարեկցանքով և օգնելու պատրաստակամությամբ։

Օգնում է, ապա համբերատար սկսում բացատրել հնարքներ, որոնց միջոցով վեր բարձրանալն ավելի դյուրին է դառնում և քիչ ժամանակատար։

Նայում եմ ներքև։ Շատերն են հետ մնացել։ «Ուր որ է կհասնեն»,-մտածում եմ և ճիգեր գործադրում հաջորդ վերընթաց քայլս անելու համար, բայց հանկարծ ուշադրությունս գրավում է տարօրինակ մի բան, ինչը քիչ անց հիացնում է ինձ։ Ընկեր Հարությունյանը, նույն ինքը՝ դպրոցի տեսուչը, որը նույնպես հավանաբար շատ հոգնել էր ու գրեթե գագաթին էր հասնում, վեր բարձրանալու փոխարեն ներքև է իջնում։ Հայացքով ուղեկցում եմ նրան։ Անտրտունջ հասնելով ամենավերջում մնացած աշակերտին՝ զրուցելով նրա հետ աննկատ արագացնում է քայլերի տեմպը, ու հավասարվում են Արմաղանի լայնույթով տարածված արշավախմբի մնացած անդամներին։

Վերջապես գագաթին ենք հասնում ու համոզվում, որ այդքան ճանապարհն իզուր չենք անցել։ Մեր առջև բացվում է մի չքնաղ տեսարան. չորս կողմդ լեռներ ու բլուրներ, առջևումդ՝ Արամաղանի գագաթին՝ վանք, քիչ հեռու՝ խառնարանային գեղեցիկ լճակ… Առաքելությունն իրականացված է, ուստի պետք է հաղթական շուրջպար բռնել, ազգագրական և քնարական երգեր երգել։

received_1054006958110692

Վարընթաց ճանապարհն ավելի հեշտ էր. Արմաղանի լանջերը աստիճանների նման շերտավորված են, ու հնարավոր է նաև վազելով ցած իջնել։

Դեռ չի մթնել, մայրամուտ է։ Վարդագույնի ու նարնջագույնի բոլոր երանգները խառնվել են նուրբ երկնագույնին ու հորիզոնին պար են գալիս՝ հոգեպարույր տրամադրություն ստեղծելով։ Տղաներն արդեն փուռ են դրել, մի քանիսը խաղեր են խաղում, մնացածը պարում են, երգում…

received_268789883608958
Ավագ դպրոցում ավանդույթ դարձած համադպրոցական արշավները, միջոցառումները միշտ ուսուցողական բնույթ են կրում։ Օրվա վերջում մտովի դասավորում եմ օրվա լավագույն ցաքուցրիվ տպավորություններս ու փորձում դրանց կարևորություն տալով մտապահել։ Վերլուծում եմ. լեռան գագաթը մեր նպատակներն են, որոնց ձգտում ենք հասնել։ Շատերը կեսից հոգնում են, ցանկանում հետ դառնալ, հետո փոշմանում և մինչև վերջ գնում։ Հա, մի բան էլ. ողջ ճանապարհին մեր ընթացքին ուժ էր հաղորդում ընկերասիրությունը, ձեռք մեկնելու պատրաստակամությունը, որովհետև ուսուցիչն էլ, դպրոցի տեսուչն էլ, քո դասընկերն էլ, ուրիշ դասարանի աշակերտն էլ մի ընտանիք են դառնում, երբ վստահությամբ ասում են՝ ձեռքդ տուր՝ օգնեմ։

_20180929_202544

mariam nalbandyan

Լռության օր

Այսօր Երևանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրն է՝ լռության օր։ Այս օրը մեզ տրված է, որ մտածենք ու վերջնական որոշենք, թե ում ենք ուզում տեսնել մեր քաղաքապետ։ Այդ պատճառով էլ մենք այսօր կարող ենք չլռել։

Ես, ինչպես ասում են, բնիկ երևանցի չեմ, հայրս Օձունից է, մայրս էլ՝ Նոյեմբերյանից։ Բայց իմ ամբողջ կյանքը ապրել, ապրում եմ ու հուսով եմ՝ միշտ էլ կշարունակեմ ապրել Երևանում։ Երևանի քաղաքացի եմ ու վաղը ես էլ եմ գնալու ընտրությունների։ Ընտրությունները միշտ ինձ համար ինչ-որ շատ կարևոր բան են եղել։ Չափահաս դառնալուս երևի թե միայն ընտրության իրավունք ստանալու համար էի սպասում։ Հիմա արդեն, որպես ընտրող մարդ, կարող եմ ենթադրել, որ ես էլ եմ որոշումներ կայացնում իմ քաղաքի ու իմ ապագայի համար։

Որոշում եմ կայացնում, որ քաղաքս էլ այսպես կեղտոտ չլինի։ Մաքրության հարցը էս վերջերս էնքան շատ է քննարկվել, որ երևի արդեն հոգնել եք։ Բայց կեղտոտ փողոցներից էլ ենք հոգնել։

Որոշում եմ կայացնում, որ հակառակ բոլոր թերություններին՝ չուրախանամ, որ առավոտը առաջին ժամից չեմ դասի, այլ գոնե երկրորդ, որովհետև երթուղայինները մի քիչ ավելի դատարկ են լինում այդ ժամերին, կարողանում եմ կանգնել գոնե։ Որոշում եմ կայացնում, որ վիզս օրումեջ բռնված չլինի, ցածրահասակ աղջիկներն էլ չասեն՝ «զատո ես երթուղայինում ուղիղ եմ կանգնում»։ Ես էլ եմ ցածրահասակ, բայց հպարտ 1,61-ովս մեկ է՝ երկու կես եմ լինում երթուղայինի մեջ։ Որոշում եմ կայացնում, որ տրանսպորտի տնտեսագիտական խնդիրը լուծելիս դասախոսս չկատակի, որ հայերը էս տրանսպորտի խնդրի տակ միշտ ուրիշ բան են հասկանում։ Ուզում եմ էդ հայկական տրանսպորտի խնդիրը վերջապես լուծված տեսնել, որովհետև հաստատ տնտեսագիտականից բարդ չի։

Որոշում եմ կայացնում, որ շոգից չմեռնեմ ամառները։ Դե, էստեղ մի մտածեք, որ ես էն մարդկանցից եմ, որ շոգ եղանակի մեջ Գագիկ Սուրենյանին եմ մեղադրում, չէ, ուղղակի եթե դադարենք իրար քիթ մտած շենքեր կառուցելուց ու ծառեր տնկենք, քիչ կմեռնենք։ Ուզում եմ Երևանում մի քիչ քիչ կառուցենք, ամբողջը դատարկ ու կիսափլատակ շենքեր են։ Մեզ էսքան շենքերը հերիք չե՞ն։

Որոշում եմ կայացնում, որ փողոցներում անտուն շներ ու փիսոներ քիչ ունենանք։ Ես ամեն օր էլ, հա, էլի կկերակրեմ նրանց, բայց էս դեպքում աշխարհում մի տեղ մի բան սխալ է։ Ոչ ոք իմ քաղաքում անտուն չպետք է մնա, լինի դա մարդ, թե կենդանի։ Ու երբ մի օր փոքր ձագի եմ տեսնում դուրսը, կերակրում, իսկ հաջորդ օրը նա արդեն չկա, չեմ ուզում մտածել, որ շներն են մի բան արել։

Որոշում եմ կայացնում, որ անձրևային եղանակը մի քիչ ավելի շատ սիրեմ, քան հիմա։ Սիրեմ նաև, երբ դուրսն եմ, ոչ թե տանը, որովհետև հիմա ինչքան էլ թույն լինի էդ անձրևը, մեկ է` չեմ սիրում մինչև ծնկներս ջուր լինել։ Թարսի պես լողալ էլ չգիտեմ, իսկ մեր շենքի դիմացի վարար գետն անցնելու համար լողալ իմանալն իսկապես պետք է։ Ուզում եմ գետնին էդ անձրևաջրերի համար նախատեսված մետաղյա ցանցատիպ բաները ծառայեն իրենց նպատակին, ոչ թե ավելի բարձր տեղ լինեն, քան գետնի մնացած մասը, որ ջուրը էդտեղ լցվելու համար ստիպված լինի մի շարք ֆիզիկայի օրենքներ խախտել։

էս հարցը որ չլուծվի էլ, ոչինչ, առաջնային չի, բայց կուզենայի միասեռ գետին ունենալ, ոչ թե օրումեջ կարկատած ասֆալտ։

Որոշում եմ կայացնում, որ ես էլ պատասխանատու լինեմ իմ որոշման համար, երբեք չմտածեմ՝ ինձնից հետո կամ իմ տանից դուրս ինչ ուզում է՝ լինի։ Ես էլ կառուցեմ իմ քաղաքը (շենքերի առումով չէ), ու որ ամենակարևորն է՝ միշտ մնամ Երևանի քաղաքացի։ Չէ, խաբեցի, իրականում ուզում եմ Աշոցքում կամ Ճամբարակում ապրել, էնտեղ ավելի հով է։

Որոշում եմ կայացնում ու ուզում եմ երբեք չփոշմանել վաղը կայացնելիք իմ որոշման համար։

Երիտասարդ Գյումրի

Օգոստսի 11-ն էր՝ երևի սովորական մի օր, քայլում էի Գյումրու փողոցներով, մոռացած, որ այդ օրը մեր՝ երիտասարդների օրն էր: Ճանապարհին տեսնում եմ մարդկանց, ովքեր մի տեսակ տարօրինակ են, գունավոր էին նրանց դեմքերը, շորեը: Մի խոսքով, ամբողջովին գույների մեջ էին ընկղմված:

Ճիշտն ասած, մի փոքր զարմացա, հետո հիշեցի, որ այդ օրը ԵՆԿ-ն երիտասարդների օրվա առթիվ կազմակերպել է Color Fest: Շատ ուրախացա, արագ քայլելով հասա Թատերական հրապարակ ու տեսա մի մեծ գունային տոնախմբություն: Նախօրոք ճշտեցի, որ այդ գույները շորի վրա հետք չեն թողնում ու անցա գործի: Մի լավ ներկեցի ու ներկվեցի, ապա մասնակցեցի դրան հաջորդող համերգին, որի ընթացքում էլ մի լավ ներկվեցի ու արդեն երեկոյան վերադառձա տուն:

Հ.Գ. Ճանապարհին մտածում էի՝ տեսնես Գյումրին ըսպես խայտաբղետ էլ ե՞րբ կեղնի:

Համայնքը ԵՍ եմ-ի շրջանակներում իրականացրած ծրագրիս մասին

Հիշո՞ւմ եք, «Համայնքը ես եմ» ճամբարի մասին պատմել էի, որի շրջանակներում յուրաքանչյուրս պետք է ծրագիր իրականացնեինք` ֆոնդահայթայթում անելով:

Իմ ծրագիրը հետևյալն էր. Հալիձոր բնակավայրում պետք է բարեկարգվեր խաղահրապարակը: Դրա համար մեզ անհրաժեշտ էր գումար, որի համար հանդիպեցի բնակավայրի վարչական ներկայացուցիչ` Հասմիկ Ղարագյոզյանի հետ: Ներկայացրեցի գաղափարը, նա հավանություն տվեց և ասաց, որ մեզ կօգնի: Տիկին Ղարագյոզյանը դիմեց համայնքապետարանին, շատ լավ արձագանք ստացավ: Համայքնապետարանը մեզ տվեց այն ամենը, ինչը անհրաժեշտ էր ծրագրի ողջ ընթացքում:

Սկզբնական շրջանում ձևավորեցի թիմ, որի հետ աշխատեցի ծրագրի ողջ ընթացքում:

Թիմի հետ հանդիպումների ժամանակ, յուրաքանչյուրը կիսում էր իր կարծիքը, թե ինչպես կարելի է ձևափոխել, ինչ կարելի է ավելացնել և այլն:

Մեր հանդիպումներից մեկի ժամանակ ներկա էր նաև մեր վարչական ներկայացուցիչ` Հասմիկ Ղարագյոզյանը, ով նույնպես մեզ օգնեց ծրագիրն ի կատար ածելիս:

Տարբեր օրեր հավաքվում էինք, աշխատանքները իրականացնում:

Ծրագրի շրջանակներում նաև ծաղիկներ ենք տնկել մանկապարտեզի շրջակայքում:

Ամենահետաքրքիրն այն էր, որ ծնողները ևս եկան և մեզ օգնեցին:

Կարող եմ ասել, որ արդյունքն ակնհայտ է:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Գունավոր Արմավիր

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Այ, հիմա ես հպարտ ասում եմ, որ Արմավիրի երիտասարդներից մեկն եմ: Առաջ ամաչում էի, որովհետև կյանք չկար քաղաքում, ուր մնաց՝ հավես երիտասարդություն: Իսկ հիմա նույնիսկ անցկացվում են հետաքրքիր միջոցառումներ: Այսօր «Color party» էր, որին անսպասելիորեն շատ մարդիկ էին եկել:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Armevents կազմակերպության ղեկավար Արթուր Ոսկանյանի հետ զրույցում նա նշեց, որ նման միջոցառումները Արմավիրում շարունակական կլինեն:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

-Մենք ունենք թիմ, որի անդամները հիմնականում ընտրվում են կամավորության սկզբունքով: Կամավորները ոչ միայն Երևանից են, այլ նաև մարզերից: Մեր կազմակերպությունը չի բավարարվում միայն այս միջոցառումով:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Մենք կազմակերպում ենք նաև «փրփուր փարթի», «սև և կարմիր փարթի» և նման այլ փարթիներ: Փակագծերը չեմ բացի, բայց կասեմ, որ մյուս տարի Հայաստանում կանենք լրիվ նոր իվենթ: Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել Արմավիրի քաղաքապետարանին, հանձինս քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի, որ աջակցեց մեզ ամեն հարցում. թե ոստիկանության միջոցով տարածքի փակելը, և թե բնակչությանը իրազեկելը:

 

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Իսկ վերջում կազմակերպիչը կոչ-խորհուրդ հղեց երիտասարդներին, որ ավելի շատ ներգրավվեն նման միջոցառումների, տարածեն այս գեղեցիկ միջոցառումը և կոտրեն իրենց մեջ բոլոր կարծրատիպերը:

Հիմա մենք էլ ենք ուզում լինել նախաձեռնող:

Ցորյանի ծովեր

Հովե՜ր կ’ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Դանիել Վարուժան

Գորիս և Կյորես

«Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես, և այդ երկու անվան մեջ, ինչպես ընկույզի երկու կճեպի մեջ, պարփակվում էր մի քաղաք երկու իմաստով, մի բնակավայր երկու տարբեր ժողովրդով, որոնք ունեին իրենց առանձին սովորութ յունները, առանձին շահերը և մինչև անգամ նրանց անունները տարբեր էին և պատահում էր, որ այդ երկու ազգերը իրար լեզու չէին հասկանում։ Մի կողմը «օտարականներն» էին, կամ ինչպես կյորեսեցիք էին ասում՝ ղարիբականներն էին,— մյուս կողմը բուն Կյորեսն էր և նրա միջնաբերդը՝ Շենը:

…Տարբեր էին նրանց լեզուն, սովորությունները, տարբեր ազգ էին և նույնիսկ նրանց հավատն ուրիշ էր։ Նրանք կողք-կողքի ապրում էին և նրանց միջև կռիվն անպակաս էր, հին կռիվը, ինչպես հին էր ձորը և ձորի գետը։

…Բայց նույնիսկ ձորի գետը քանդում էր Կյորեսի կողմը, որովհետև Գորիսը փռվել էր բարձրադիր տափարակի վրա միանման տներով, որոնք բաժանվում էին հավասար քառակուսիների և ամբողջ քաղաքը նման էր զինվորական ճամբարի։ Այնտեղ ամեն ինչ այնպես էր, ինչպես քաղաքի սպիտակ բանտում։ Փողոցներն ուղիղ միջանցքներ էին՝ հավասար լայնությամբ, տները միանման կամերներ մեծ ու փոքր, երկու–երեք կամ չորս պատուհանով, որոնք պատած էին երկաթե խիտ վանդակով, ինչպես բանտի պատուհանները։ Փողոցներում մայթերը նույն չափի էին՝ նույն քարով սալած։ Տների առաջ միանման ծառեր էին՝ ուռենի, բալ, ընկուզենի և երբեմն դեղին ակացիա։ Յուրաքանչյուր տուն զբաղեցնում էր չորս հարյուր քառակուսի սաժեն, որի անկյունում, փողոցի վրա, տունն էր, մի կամ երկու միանման հարկ,— իսկ մնացածը՝ պարտեզն էր նույն ծառերով, ինչ որ փողոցում՝ ուռենի, բալ, ընկուզենի, խնձոր և երբեմն դեղին ակացիա»…

Ակսել Բակունց «Կյորես»

anush davtyan

Խմող չենք, խմում ենք

Քյավառի մասին խոսելիս երևի առաջին բանը, որ բոլորի մտքին գալիս է, խմիչքն է։ Ավելի կոնկրետ՝ խմելը։ Իսկ եթե էլ ավելի կոնկրետացնեմ, քյավառցիների հարբած լինելը ամեն օր ու ամեն ժամի։

Տարածված կարծիքին համաձայն՝ Քյավառի փողոցներում մարդ չկա, որովհետև տանը նստած խմում են, մի բան են տոնում (առիթն արդեն կարևոր չէ) կամ էլ գերեզմանոցներում հանգուցյալի հետ են կիսում իրենց կերածն ու խմածը։ Եթե փողոցում մեկին տեսնես, երևի մի տնից մյուսն է գնում՝ քեֆը շարունակելու։

Մի անգամ կանգառում կանգնած սպասում էի տրանսպորտիս, Երևանում էի, իհարկե։ Պատահաբար լսեցի, թե կողքիս կանգնածները ինչ են խոսում։ Պարզվեց, որ մեկը նկարիչ է, մյուսն էլ հավանաբար նրա հին ծանոթը, ու նրանք պատահաբար հանդիպել էին այդ կանգառում։ Նկարիչը իր նորություններից էր պատմում, ասաց, որ վերջին անգամ Քյավառ էր գնացել՝ գործերը վաճառելու։ Նրա զրուցակիցն էլ զարմացավ, ասաց․

-Արաղի շշե՞ր էիր նկարել, որ ծախվի։

Զրույցի շարունակությանը ես չմասնակցեցի․ երթուղայինս եկավ։ Բայց էդ դեպքը դեռ երկար կմնա մեջս։

Ես քյավառցի եմ, բայց չեմ խմում։ Դե, առիթից առիթ, միայն եթե հաճելի միջավայրում եմ։ Բայց «տնական արաղ» չեմ խմում, գինի եմ նախընտրում։

Ես Քյավառից եմ, բայց ներկայանալիս ասում եմ՝ Գավառից եմ։ Միշտ մտածում եմ, որ էդպես ավելի հեշտ կպատկերացնեն։ Իսկ իրականում «Քյավառ» անունն ավելի տարածված է։

Ծնվել ու մեծացել եմ Քյավառում, բայց դժվարանում եմ մեր բարբառով խոսել, որովհետև տանեցիները Հայաստանի տարբեր ծայրերից են, ու մենք բարբառով չենք խոսել երբեք տանը։

Կյանքիս գրեթե ամբողջ մասը Քյավառում եմ եղել, բայց երևի հարկ եղած չափով չեմ գնահատում դա։ Ու էս ամենի արդյունքում ես լրիվ պատկերացում չունեմ իմ Քյավառի մասին։

Բայց մի բան հաստատ եմ ասում։ Մենք բարի լույս ասելիս կենաց չենք խմում ամեն առավոտ, ոչ էլ երեկոյան բարի գիշերին։ Մեր տներից օղու դատարկ շշեր նույն քանակով են դուրս գալիս, որքան մնացած տներից։ Իսկ առիթից առիթ բոլորս էլ խմում ենք։

mariam tonoyan

Մի պտույտ Քյավառի թաղերով

«Մանրո՜ւքը, մանրուքն է գլխավորը»։

Ֆ. Մ. Դոստոևսկի

Նստել եմ պատշգամբում, հայացքս նետել եմ անհայտ ուղղությամբ ու լռում եմ կամ գուցե բակի աղմուկի ներքո վայելում եմ իմ լռությունը։ Մի պահ փորձում եմ ոչինչ չմտածել, թողնել մտքերը երկրի վրա ու հոգեպես անէանալ, բայց նկատում եմ, որ գլխումս նորանոր մտքեր են ծնվում չմտածելու մասին. «Կարծես թե ստացվում է… վե՛րջ, էլ չեմ մտածում»։

Փաստորեն միտքը շատ հազվադեպ է լքում մեզ։ Երբ մտածում ես, որ չմտածելը մանրուք է, ու փորձում ես չմտածել, հասկանում ես, որ մանրուքն այդքան էլ փոքր բան չէ, որքան թվում է։ Որոշեցի բակ իջնել, հետո քայլել քաղաքի փողոցներով ու ուշադրություն դարձնել թվացյալ մանրուքներին։

Բակում մի խումբ երեխաներ վիճում էին, ինչը սովորական երևույթ է, երբ երկու թիմ խաղում են, իսկ թիմերից մեկը երբեմն խարդախություն է անում։ Քաոսային իրավիճակից քիչ այս կողմ՝ ասֆալտի վրա, ծալապատիկ նստել էր Հակոբիկը՝ բակում ամենակրտսեր տղաներից մեկը։ Ուշադրություն չդարձնելով վեճին ու աղմուկին՝ նա նախ գետնից վերցրեց ապակու կտորներից մեկը, անշտապ մոտեցրեց կոշիկներին ու սկսեց ապակու օգնությամբ կտրել կոշիկի՝ իրեն խանգարող ձևավորումը։ Ապա ձեռքն առավ մի մեծ քար ու սկսեց մանրացնել ապակու կտորները, ճզմել խոտերը։

-Էս դու կռվի մեջ չկա՞ս,- հարցնում եմ։

-Հեսա բարիշելու են, էլի խաղան,- պատասխանեց Հակոբիկը՝ հողե թմբեր պատրաստելով։

Իրոք որ, քիչ անց վեճը դադարեց, խաղն էլ վերսկսվեց։ Փաստորեն փոքրիկն ավելի հեռատես էր գտնվել։ Որոշեցի թողնել բակն ու մինչև քաղաքի հրապարակ գնալ։ Խանութների առջևով էի անցնում, փորձում այս անգամ ամեն մանրուքի, ամեն խոսակցության ուշադրություն դարձնել։
Ձկնավաճառն իր փոքրիկ, բացօթյա խանութի առջև կանգնած զրուցում էր մեկ այլ առևտրականի հետ։ Այդ ընթացքում մի մեծ, սև շուն մոտեցել էր ձկներին ու հոտոտում էր։ Ձկնավաճառը, կռահելով շան մտադրությունը, հեռացրեց վերջինիս ձկների մոտից ու կրկին զրույցի անցավ։ Մինչ նրանց զրույցը վեճի կվերածվեր, սև շունը հասցրեց երկու ձկան պոչ իր երախն առնել ու փախչել։ Նկատելով դա՝ ձկնավաճառը բղավեց.

-Էդ ո՞ւր ես տանում ձուկս,- ու լրջորեն շարունակեց,- Տա՜ր, տար, տենամ՝ առանց խաց իմա՞լ ես ուտելու։

Ա՜յ քեզ ծիծաղաշարժ մանրուք։ Ճանապարհս շարունակում եմ, ու հանկարծ ուշադրությունս գրավում է երկու պապիկի խոսակցությունը: Նրանք կարծես դիտավորյալ «շ» տառի բաղաձայնույթով էին խոսում։ Լսողությունս լարում եմ ու փորձում գլուխ հանել զրույցից։
Նրանցից մեկն, ով ավելի ալեհեր էր, պատմում էր.

-Ասում են՝ բարձրագույն կրթությունն էլ են ուզում սարքեն անվճար, հա՞։ Է, որ սարքեն, ի՞նչ պտի փոխվի։ Մկա ճժերը սորվում են, սորվում են, վերջում դառնում են կարտոլ հիստկող։ Տենց սորվելը վի՞ն ա պետք։ Մեր վախտով չորս ախպերով մե շորտիկով դասի ինք էթում։ Շորտիկն էլ խո շորտիկ չէ՞ր, թելով կապում ինք, մեկ էլ ճամփին, որ թելը բրդում էր, տենց փորներիս բռնուկ մե կերպ չուր դպրոց ինք խասնում։

Դեռ պապիկը խոսքը չէր ավարտել, երբ մյուս մայթին, սոցիալական տարածքային գործակալության գրասենյակի առջև տեսա մի կնոջ, ով մտնելուց առաջ խաչակնքվեց։ Առաջին հայացքից մանրուք էր, բայց արի ու տես, որ այդ կինը գուցե աղոթում էր, որ իր ընտանեկան նպաստը չկտրեն։

Զարմանալի են մանրուքները, երբ մեր ուշադրության կենտրոնում են. դրանք ավելի կարևոր դեր են կատարում, քան հենց ինքը՝ բուն գործողությունը։ Չարժե ոչինչ մանրուք համարել։