Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

hripsime vardanyan

Միապաղաղության դեմ

Մարդիկ ինչքան նման են իրար: Կյանքը ավելի ուրախ, լուսավոր ու լիքը դարձնելու ոչ մի փորձ: Միապաղաղ անցկացնում են կյանքի ամենահետաքրքիր տարիները:

Այ, օրինակ ես ձգտում եմ տարբերվել: Թե՛ արտաքինով, թե բնավորությամբ: Փորձում եմ առանձնանալ մյուսների անգույն ֆոնից: Փորձում եմ իմ և ինձ շրջապատողների կյանքը լցնել գույներով: Մարդկանց կարծիքով, հասարակության մեջ տարբերվել նշանակում է` լինել այլմոլորակային: Տեսա նամակը, որով ինձ ասվում էր, որ ընդգրկված եմ Արարատի մարզի պատանի թղթակիցների Արտաշատյան դասընթացին: Ասացի ծանոթներիս, բարեկամներիս, ընկերներիս: Ստացա հետևյալ պատասխանները.

-Ինչ լավ է, կգնաս, կսովորես: Դու էլ մտածում էիր` ինչ դառնալ: Հնարավոր է հենց լրագրող էլ դառնաս:

-Է՜… Ի՞նչ էլ հավես ունես:

Ուզում եմ պայքարել հենց սրա դեմ. անտարբերության, անհավեսության դեմ:

Իմ կարծիքով, մարդ օժտված լինելով մտածելու և ստեղծագործելու կարողությամբ, պետք է կարողանա նաև ձգտել՝ դեպի լավը: Չամաչի իր հետաքրքրասիրությունից՝ տա հարցեր, ստանա պատասխաններ և զգա իրեն բավարարված: Ամեն մարդ պետք է ձգտի ինչ որ հետք թողել իր հետևից: Ես նույնպես ձգտում եմ, այնքանով, որ փորձում եմ տարբերվել: Թող յուրաքանչյուր մարդ ձգտի դրան: Հակառակ դեպքում, էլ ի՞նչ իմաստ կա:

sirun

Տխրությունը ճանաչողները

Իսկ ո՞վ գիտի` ինչ է տխրությունը: Երբ ամեն անգամ քո ձեռքից երկու-երեք անգամ մեծ ձեռք բռնած անցնում ես նույն խանութի մոտով, որի ցուցափեղկից մշտապես «աչքով է անում» մի հրաշք տիկնիկ՝ փայլփլուն ու չքնաղ զգեստով, որն անգամ օրորոց ունի: Նայում ես երկար, ուզում ես քոնը լինի, բայց դու չես կարող բարձրաձայնել քո ցանկությունը… Այդ մեծ ձեռքը թվում է, թե շատ ուժեղ է, ամեն ինչ կարող է: Ախր, դա քո՝ ամեն ինչ հասցնող և ամեն ինչ հոգացող մայրիկի ձեռքն է, և այդքան փոքրիկ ձեռքեր ունեցող փոքրիկն էլ փոքրիկ սրտիկ ունի, որը կարծես թե չպետք է ոչնչից հուզվի: Բայց արի ու տես՝ այդքան փոքրիկի մտքերը շատ «մեծական» են, իսկ սիրտը՝ մտահոգ. չէ որ մայրիկը փող չունի… Ահա, թե ովքեր են տխրությունը ճանաչողները.  փոքրիկներ, անմեղ փոքրիկներ, ուրախության ու հզոր քայլերի սպասումներով փոքրիկներ, որոնք զսպում են իրենց ցանկությունները, երազները՝ դժվարության, անկարողության, անապահովության, մայրիկի ցավի, տխրության գիտակցումով:

Ինչն է ինձ հուզո՞ւմ… Ինձ բոլոր փոքրիկների մանկությունն է հուզում, անհո՛գ մանկությունը:

Մեր օրերի այս տեխնիկապես, սոցիալապես, մտածողության մակարդակով զարգացած ժամանակաշրջանում այդ անմեղ էակներն անգամ չունեն լիարժեք ուրախություն և անհոգություն: Նրանք ականատեսն են կյանքի դժվարությունների, իրենց սիրելի մարդկանց տխրության, թաքուն և բացահայտ արցունքների, կոտրված սրտերի: Սա է պատճառը վաղ հասունացման և պարզ ու մաքուր սրտերի կարծրացման: Ժամանակից շուտ մեծանում են հոգեպես՝ չնկատելով, թե ինչպես են կորցնում իրենց մանկության օրերն ու խաղերը:

Ինձ մտահոգում է այսօրվա վիճակը, այն վիճակը, որի պատճառով մենք ու մեզ նման շատերը կորցնում ենք մեր անհոգ մանկությունը:

Կցանկանայի, որ փոխվեր անտարբերությունը արդեն սովորական դարձած այս կորստի նկատմամբ:

Ձեզ սարերի վրայի եկեղեցիները չե՞ն հետաքրքրում

Հայաստանում կա մի գյուղ, որը անվանվում  է Եղիպատրուշ: Քիչ չեն այն մարդիկ, որ երբևէ չեն լսել  այդ գյուղի մասին և պատկերացում էլ չունեն, որ գոյություն ունի այդպիսին: Գյուղը գտնվում է  Ծաղկունյաց լեռնաբազուկներից մեկի ստորոտին՝ լեռնային գետակի աջ կողմում, բայց գյուղը գյուղ չէ, եթե չունի եկեղեցի:

Լուսանկարը` Զառա Ղազարյանի

Լուսանկարը` Զառա Ղազարյանի

Եղիպատրուշում ժամանակին մի  վեհագույն կառույց կար՝ այսօր վիրավոր, բայց և աննման  թռչնի է նմանվել: Բնական է, որ մեղավորներ գտնելն անհնար է,  բայց մեր վերքին աղ լցնողները, որոնք նույնպես մեղավորների շարքերում են, միշտ էլ կան ու կգտնվեն: Նրանցից ամենաբարձրը մի օր ասաց.

-Մեզ սարերի եկեղեցիները չեն հետաքրքրում…

Դե, եկ սարեցի ու մի խելագարվիր:

Լուսանկարը` Զառա Ղազարյանի

Լուսանկարը` Զառա Ղազարյանի

Նախ` մի  փոքր եկեղեցու մասին:

Եկեղեցին գմբեթավոր կառույց է, բավականին ընդարձակ, դրսից` քառակուսի, ներսից` խաչաձև, չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով: Եկեղեցու ներսի պատերին եղել են որմնանկարներ, որոնցից մի փոքրիկ հատված պահպանվել է արևմտյան պատին: Եկեղեցուն կից՝ արևմուտքից կառուցվել է ընդարձակ գավիթը, որի  ծածկը ամբողջովին քանդված է: Եկեղեցու գավիթը աչքի է ընկնում նմանը չունեցող հավելումներով: Գտնված արձանագրություններից մեկի համաձայան՝ ՌԾԷ(1207-1208 ) թվականը համարվում է եկեղեցու կառուցման տարեթիվը,  եկեղեցին կառուցվել է Նիգ-Ապարանի տեր Վաչե Վաչուտյանի  օրոք, իսկ գավիթը կառուցվել է 13-րդ դարի 20-ական թվականների վերջին՝ ամենայն հավանականությամբ Քուրդ Ա Վաչուտյանի կողմից:

Այսօր եկեղեցին չի գործում և ունի լուրջ վերահսկողության կարիք, եկեղեցու մասին տված  հակիրճ տեղեկությունն արդեն իսկ բավարար է պատկերացում կազմելու համար, թե ինչ հզոր և նմանը չունեցող կոթողի մասին է խոսքը և ոչ թե` պարզապես քարերի համաձուլվածքի:

Լուսանկարը` Զառա Ղազարյանի

Լուսանկարը` Զառա Ղազարյանի

Ավետարանում  ասվում է «…Ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոս՝ եկեղեցին: Քանզի անդամներն ենք նրա մարմնի՝ նրա մարմնից և նրա ոսկորներից» (Եփես. 5.29–30): Հանդգնեմ ես էլ ավելացնել իմ կարծիքը և մտահոգությունը: Եկեղեցին մարդու և Աստծո հանդիպավայրն է, ինչպես վերաբերվում ենք մեր սեփական տանը, դրանից առավել պետք է վերաբերվենք Աստծո տանը, իսկ ոմանք էլ թող իմանան, որ Աստված  հենց  սարերի եկեղեցիներում է ապրում…

Ani Ghambaryan

Հեքիաթները իմ կյանքում

Երևի թե աշխարհում չկա այնպիսի մի երեխա, որ երբևէ հեքիաթ լսած չլինի: Հեքիաթը միակ իրականությունն է, որ գոյություն ունի երեխաների համար: Իհարկե, յուրաքանչյուրս էլ մեր սրտում ունենք ինչ-որ սիրելի հեքիաթ կամ հեքիաթի հերոս: Հեքիաթը ինձ համար մի աշխարհ է, որտեղ իշխում է բարությունը, լավատեսությունը, հարգանքը միմյանց հանդեպ, սերը, ժպիտը և հույզերը:

Իմ կարծիքով, այն մարդիկ, ովքեր սիրում են հեքիաթ կարդալ, տարբերում են լավը վատից, բարին` չարից: Այ, հիմա եմ հասկանում, թե մայրս ինչու էր այդքան շատ հեքիաթ ընթերցում ինձ համար: Հեքիաթներում կենդանիները խոսում են մարդկային լեզվով, քայլում են և անում այն գործողությունները, որոնք կատարում են մարդիկ: Բոլոր հեքիաթներում կան բարի և չար հերոսներ:

Հերոսները ներկայացնում են մարդկային որոշակի հատկանիշներ. բարություն, լավատեսություն, անկեղծություն և, դրանց հետ մեկտեղ, չարություն, խորամանկություն, ժլատություն, նախանձ և այլն: Ինձ թվում է, որ բոլոր հեքիաթները ունեն նույն վերջաբանը`բարին միշտ հաղթում է չարին, իսկ իրական կյանքում բարի, լավ, կամեցող մարդուն միշտ չարախոսում են: Իմ տարիքի երեխաները երեկոյան սերիալ են նայում կամ ինչ-որ ֆիլմ, իսկ ես մինչև հիմա երեկոյան նայում եմ մուլտֆիլմ և նոր քնում: Մայրս երբեմն ասում է.

-Բոլորը մեծանում են բացի քեզնից: Դու այդպես էլ մանկամիտ ես մնում, մուլտֆիլմ նայելու փոխարեն կարող ես մի դաս ավել կարդաս:

Ինձնից փոքր երեխաները հիմա չեն լսում այն հեքիաթները, որոնք ես լսում էի ամեն գիշեր քնելուց առաջ: Դա նրանից է, որ հիմա բոլոր տեխնոլոգիաները զարգացել են, և երեխաները նախընտրում են համակարգչով խաղալ, քան ինչ-որ բան լսել և սովորել: Եվ դա շատ ցավալի փաստ է, որը անհանգստացնում է ինձ:

Դեռ մանկուց հեքիաթների մեջ սիրել եմ հետևյալ խոսքերը. «Երկնքից ընկնում է երեք խնձոր. մեկը`ասողին, մեկը`լսողին, իսկ մեկն էլ քո պես գիշերուզօր հեքիաթներով ապրողին»: Միշտ մայրիկիս ստիպում էի, որ ամեն հեքիաթի վերջում կրկներ այդ խոսքերը: Եվ հետաքրքիրը այն էր, որ մայրս ինչ հեքիաթ որ պատմում էր, առավոտյան այդ նույն հեքիաթը առանց որևէ բացթողման պատմում էի բակի երեխաներին:

Իմ ամենասիրելի հեքիաթներն են «Մոխրոտիկը», «Անգետիկի արկածները», «Անբան Հուռին», «Չախ-չախ թագավորը» և «Հենզելն ու Գրետելը»: Ես շատ եմ երազում հայտնվել հրաշքների աշխարհում, հանդիպել հեքիաթի հերոսների հետ, զրուցել նրանց հետ, միասին շրջել կախարդական աշխարհում…

Մայրիկս այս լսելով, էլի կասեր…
Բոլորը մեծանում են, իսկ ես…

 

ANush Hovhannisyan

Միամիտ խորհուրդը

Երեկ երեկոյան հյուրեր ունեինք. սովորությանս համաձայն գնացի և նստեցի մեծերի հետ, չնայած ինձ հասակակից ոչ ոք չկար: Խոսում էին ամեն ինչից` մեկ երիտասարդությունից, մեկ` մեր դպրոցներից, մեկ էլ սկսեցին դժգոհել աշխատավարձից: Այդ ամենը սկսեց տատիկս, իսկ թե ինչու նա որոշեց բացել այդ թեման, ես այդպես էլ չհասկացա: Մայրիկիս ընկերուհուն հարցրեց, թե ինչքան է կազմում նրա աշխատավարձը, իսկ նա ընդունեց աշխարհում ամենադժգոհ մարդու դեմքը և նշեց գումարի չափը: Այնքան ծիծաղելի էր նրա հայացքը, բայց դե, պետք էր մտնել նրա դրության մեջ: Ինչևէ, խոսակցությունը ծավալվեց աշխատավարձերի թեմայով: Ախր, այնքան հետաքրքիր էր նրանց մտածելակերպը, որ պարզապես խոսել չէի կարող,սակայն սպասում էի,որ պահը հասունանա: Բարեկամուհիս հիշեց իր առաջին աշխատավարձը և ասաց.

-Սկզբում  այնքան քիչ էր աշխատավարձս, որ անգամ ծիծաղս էր գալիս:

Այնուհետև միջամտեց մայրիկս` հիշելով հայրիկիս սկզբնական աշխատավարձը:

Նրանք խոսում էին ու խոսում, անվերջ դժգոհում անգամ այն դեպքում, երբ աշխատավարձը հիմա բավականին բարձր է, ու մայրիկս ասաց.

-Քիչ է, ոչինչ չենք հասցնում, աչքդ փակում-բացում ես, էլ չկա:

Հենց այդ րոպեին հասկացա, որ էլ լռելու իմաստ չկա, ու ընդհատեցի նրանց: Նրանք լռեցին ու լուրջ դեմքով ինձ նայեցին: Հարկավոր էր ասել այնպիսի մի բան, որ երկուսի լուրջ հայացքներն ու լռությունը արդարացված լինեին: Միանգամից հավաքվեցի ու ասացի.

-Ես այսքան ժամանակ լուռ լսում եմ ձեզ ու այնքան զարմացած եմ, դժգոհում եք և քիչ գումարի դեպքում, և բավարարի դեպքում: Ասում եք` էն ժամանակ քիչ էր, հիմա էլ էլի ասում եք` քիչ է, ու այն դեպքում, երբ գումարի չափը աճել է:

Նրանք երկուսով լսեցին, մի խորհրդավոր ժպիտ հայտնվեց նրանց դեմքին, ու մայրիկս ասաց.

-Շատ ճիշտ ես, այսքան խոսում ենք ու ոչինչ հաշվի չենք առնում: Իրոք փոփոխությունը նկատելի է:

Ու պատկերացնո՞ւմ եք, այդ պահին ինչպիսին էր իմ ուրախությունը: Չէ որ ես կարողացա նրանց ի վերջո մի բանով օգնել:

marianush eghiazaryan

Զարմանալի են այս մարդիկ

Զարմանալի են այս մարդիկ, նույնիսկ կասեի շատ զարմանալի, բոլորը ասում են,  թե իրենք հասարակ են, բայց նրանք երբեք այգուց երիցուկ  չեն քաղի: Կգնեն թանկարժեք վարդեր: Բոլորը ասում են, թե սիրում են գիրք կարդալ, բայց համոզված եմ, վերջին գիրքը նրանք կարդացել են մոտ երեք տարի առաջ: Կամ քայլելիս նկատում եմ, որ ձեռքին պահած գրքի շապիկի գույնը համընկնում է պայուսակի գույնի  հետ… Եվ վատն այն է, որ նույնիսկ  վերնագիրը չգիտեն:

Զարմանալի են այս մարդիկ: Բոլորը կարծում են, թե իրենք նկարիչներ են և խոսում են այնպիսի նկարների մասին, որոնք չեն տեսել:

Ես կարծում եմ, որ մարդիկ միայն պետք է խոսեն այն մասին, ինչից լավատեղյակ են: Կամ ինչի մասին կարող են մոտավորապես կարծիք կազմել: Երբեմն, չէ հաճախակի, զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր խոսում են վեհ բաներից: Օրինակ, խոսում են մշակույթից, թատրոնից, կինոյից: Խոսում են այնպես, կարծես իրենցից բացի ոչ մեկը  չի կարող գաղափար կազմել դրանց մասին:

Կամ երբ պատերազմ չտեսած երիտասարդը կոչումներ է ստանում, երբ պատերազմում կռված մարդիկ չունեն ոչինչ բացի անգործությունից և պատերազմի թողած ծանր հետևանքներից:

Կամ ամեն երրորդ մարդ դառնում  է քաղաքագետ: Անարդար է, բայց փաստ է:

Երանի մի օր մարդիկ հասկանան այս կյանքում իրենց դերը և կոչումը: Եվ միայն այդ ժամանակ չեմ զարմանա մարդկանց վրա և չեմ ասի` ինչ զարմանալի են այս մարդիկ:

anna andreasyan

Ամառը

Ահա վերջապես եկավ բոլորի կողմից շատ սիրված ամառը: Տարվա այն եղանակը, որի շուրջ պլաններ են կազմվում ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Ուսումնական տարվա ընթացքում մտածում եմ՝ երբ է գալու վերջապես ամառը, որ կարողանամ պլաններս իրագործել: Բայց այդ պլաններից միայն գիրք կարդալն է, որ իսկապես իրագործվում է: Պատճառն այն է, որ ես գրքեր շատ եմ սիրում և ինչքան էլ զբաղված լինեմ՝ միշտ ժամանակ եմ գտնում կարդալու: Իսկ մյուս պլանները այդպես էլ օդում են մնում:

Բանն այն է, որ ինչքան շատ գործ ես ունենում անելու, այնքան ամեն ինչ հասցնում ես: Օրինակ, գարնանը, երբ ես զբաղված էի դասերով,միջոցառումներով, պարապմունքներով և օլիմպիադաներով, ինչ-որ անհասկանալի ձևով ամեն ինչ հասցնում էի:

Իսկ հիմա, որ գրեթե ոչինչ չունեմ անելու, եթե մի հանձնարարություն է պատահում, ես միշտ վերջին վայրկյանին եմ այն կատարում, ու ինձ թվում է, թե չեմ հասցնի:

Այնպես որ, ինչ որոշում եմ՝ պետք է անեմ զբաղված ժամանակ, թե չէ` հենց ազատ եմ լինում, ծուլանում եմ և ոչինչ էլ չեմ անում:

Միգուցե պետք է ամառային գրաֆիկ էլ կազմել: Պարապությունը ծուլացնում է:

Narek Babayan

Գեղեցկության մասին

Գեղեցկություն։ Ի՞նչ եք հասկանում այս բառն ասելով։ Միգուցե որևէ շքեղություն, կամ ինչքան հասարակ, այնքան գեղեցի՞կ։ Անձամբ ես գեղեցիկ եմ համարում բնականը։ Հիմա բացատրեմ։ Ինձ համար գեղեցիկ ու բնական բառերը գտնվում են նույն հարթության վրա։ Ես չեմ սիրում ձեռք տալ դրան, ինչ ստեղծել է բնությունը, այն ավելի գեղեցիկ դարձնելու նպատակով։ Եվ երբեմն իմ մեջ լուրջ հարց է առաջանում, թե ինչո՞ւ։

Ինչո՞ւ են մարդիկ հատում ծառերի մի հատված ու դրա տեղը արհեստական բույսերով լի բան կառուցում։ Կամ, չշեղվեմ մեր առօրյայից։  Աղջիկները… Այո, դա ինձ համար ամենաանբացատրելի բաներից է։ Ախր, ի՞նչ իմաստ ունի 2 կգ թարթիչ դնելը, մի «մեշոկ» քսուք օգտագործելն ու դեմքի մաշկը 1 սմ-ով հաստացնելը, շրթունքներն ու դրանցից 2 սմ հեռավորության վրա գտնվող տարածքը ներառյալ շրթներկով ներկելը։ Ինչպե՞ս կարելի է դա գեղեցիկ համարել։ Գեղեցիկ կլինի այն, որ նորմալ լվացվեք ու սանրվեք։ Վերջ, այսքանը լրիվ բավարար է իրոք գեղեցիկ երևալու համար։

Դե լավ, էլ չշարունակեմ։ Մտածում եմ՝ այսքանով ասելիքս բոլորին հասանելի կլինի։ Գնամ, հետևեմ սեփական խորհրդիս՝ լվացվեմ ու սանրվեմ։ Տեսնեմ՝ կօգնի՞։

meri muradyan

Վա՛յ, Վաչի՛կ ջեն, պապե՛ն ա, պապե՛ն…

-1949 թվի գարունքը խաբար էկավ, թե մեր հորը քսանհինգ տարով աքսորել են Սիբիր:

Խոսքը վերաբերում է իմ տատիկի հորը, որը 1949 թվականին աքսորվել է Սիբիր: Նրանց ընտանիքը ապրել է բավականին վատ պայմաններում: Սննդի, հագուստի պակասից բացի ապրել են գետնատանը: Իրենց մանկությունը անց են կացրել առանց հոր: Միայն ժամանակ առ ժամանակ նամակ էին ստանում նրանից:

-1956 թվի աշունքն էր, լավ հիշըմ եմ էդ օրը. լիս չկար, խավար էր, մենք էլ պուճուր ըրեխեք էինք` ես չորրորդ դասարան էի, ախպերս` հինգերորդ, քիրս էլ` յոթերորդ: Ամեքս մեզ հըմար նստած դաս սվորեինք մոմի լսի տակին, մերս էլ թախտի վրա նստած կար ու կրկատան աներ, ինձ էլ դաս սվորցներ: Դասերներուս պրծանք, հետո մեր մերը տեհավ քուններուս տանում ա, ասավ` գնացե՛ք, քնեցեք, բայց ասինք` չէ, մի քիչ էլ նստինք: Մեր տատն էլ գնացել էր մեր հրևանի տուն, մեր տան կրիշն փուլ էր էկել, գնացել էր ասե, որ էն մի օրը գան մեր տան կրիշեն սարքեն: Էդ ըրանքըմը դռան ձեն եկավ: Դուռը մի երկու հետ թխկացրին: Մենք էլ վախել էինք, մեր մերն էլ վախեց, որ գնա դուռը բաց անե: Մի իրեք-չորս հետ որ թխկացրին, իմ մերն ասավ. «Վաչի՛կ ջեն, գնա լա դուռը  բաց արա» (Վաչիկը տատիկիս եղբայրն էր): Մեր մերն էլ էր վախել, բայց համա ցույց չտեր, որ մենք գլխի չլինք, որ ինքն էլ ա վախըմ: Վաչիկը կամաց դուռը բաց արավ, հետո ետ-ետ գնաց. դե  ճնանչեց ոչ ով ա: Ինքը հինգ  տարեկան ա ելել, որ իմ հորը բռնել տարել էին: Եդ ա եդ կանգնեց, մին էլ տեհանք մեր հերը տուն մտավ, բայց մինս էլ ա ճնանչել չէինք, որ մեր հերն ա, մին էլ իմ հերն ասավ. «Վա՛յ, Վաչի՛կ ջեն, պապե՛ն ա, պապե՛ն»: Որ ասավ պապեն ա, սաղս էլ վազեցինք, վզովն ընգանք: Մերս ասավ. «Վաչի՛կ ջեն, գնա Հայկ պապիկանց տուն, տատին ասա թող գա»:  Տատս, էդ լուրն իմանալուն պես, մի երեսուն մետրը իրեք-չորս քայլըմ տեղ հասավ: Էդ քշեր քնեցինք ոչ: Մեր ծանոթներին խաբար արինք, էկան, մի լավ  քեֆ արինք:

Եվ այսպես, այդ օրը դարձել էր տոն: Մի օր, որ ամբողջությամբ փոխեց նրանց կյանքը: Այդ յոթ տարիների ընթացքում նրանք ապրել էին առանց հոր:

Քանի-քանի ընտանիքներ այդպես էլ չարժանացան այս երջանիկ օրվան…

ANush Hovhannisyan

Դաժան օրեր

Քննություններ, այս բառը վերջին շրջանում բոլոր շրջանավարտների սարսափ-երազն է դարձել: Եկեք խոստովանենք, որ երբ քննություններին շատ ժամանակ կար, բոլորս էլ բավականին վստահ ու անհոգ էինք, իսկ երբ մոտեցան այս դաժան օրերը, լարվածությունից ուղղակի գժվել կարելի է:
Ես ավարտում եմ հիմնական դպրոցը, իններորդցի եմ: Արդեն հասկացաք` մենք էլ քննություններ ենք տալիս: Չգիտեմ ինչու, բոլորը կարծում են, թե մեր քննությունները շատ հեշտ են, ու կարիք չկա լարվելու: Այդպես էի կարծում նաև ես, բայց հիմա քննության ժամանակ այնպես եմ լարվում, որ անգամ իմացածս եմ մոռանում:

Առավոտյան դպրոցի բակում մինչ ներս մտնելը այնքան աղոթքներ ես լսում, խղճահարություն առաջացնող և հուզված աչքեր տեսնում, որ անկախ քո կամքից սկսում ես դու էլ միանալ նրանց:

Ուսուցչական կազմը աչքիդ զինված մի զորք է թվում, որոնց դեմ պետք է պայքարես միայն ու միայն գիտելիքով: Այդ վեց քննությունները դարձել են մեր օդն ու ջուրը, ամեն պահ մտածում, գրում, ջնջում ենք այնքան, որ անգամ երազներում ենք տեսնում:

Հետո, երբ հաջողությամբ հանձնենք բոլոր քննությունները, կգա ևս մեկ դժվար փուլ` ավագ դպրոց: Ամեն օր երանի եմ տալիս իմ գյուղի բոլոր ընկերներին, ովքեր ավագ դպրոց չեն գնում, այլ մնում են հարազատ դպրոցում:
Իսկ այս ամենն ամփոփելով, ուզում եմ բոլորիս հաջողություն ու խիզախություն մաղթել: