Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

tigran mamyan

Ծխացող դաշտը

Մի օր Կոթիում սովորական, բայց անսովոր, լուսավոր, բայց մառախլապատ օր էր: Դե, Կոթիում ամեն օրը յուրօրինակ է, տարբերվող մեկը մյուսից: Բայց այս օրը տարբերվեց մի իրադարձությամբ: Կոթի գյուղը այս անգամ պատվել էր շատ խիտ մառախուղի  շերտով: Այս անգամվա մառախուղը բնության  ձեռքի գործը չէր, այլ թշնամու արյունոտ ձեռքի անշնորհք հետևանքը: Հրդեհել  էին  գյուղի հացահատիկի ցանքատարածությունները: Կրակը  շատ արագ էր տարածվում դաշտում.  դրան  նպաստում  էր  նաև քամին: Նայելով այդ ամենին՝ մտածում էինք, որ  շատ հեշտությամբ  կարող է հասնել մեր բնակավայրերին: 

Թշնամին ամեն անգամ մտածում է, թե ինչպես վնաս  պատճառի  սահմանում ապրող  խաղաղ բնակչությանը: Այս անգամ այդ վնասը  դրսևորվեց այս կերպ: Կրակը այնքան  դաժանաբար  էր այրում իր ճանապարհին հայտնվող ամեն բան. թփերը, չորացած խոտը, ծառերի ճյուղերը. չէի կարողանում հանդուրժել այդ վառ գունավորումը: Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ համար եմ ասում սովորական, բայց անսովոր: Սովորական էր միջավայրով, առօրյայով, բայց անսովոր էր տիրող իրավիճակը, ծխացող դաշտերը, անտառի վառվող փեշերը: Կոթին լուսավորվել էր թշնամական լույսով:

Կրակը շատ արագ էր տարածվում. անգամ հասել էր  մեր սահմանային դիրքերին, բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ ադրբեջանական դիրքերի դիմաց կրակը հանգցնել հնարավոր չէր, վտագնավոր էր:

Հեռվից նայում էինք, անզոր էինք ինչ-որ բան անելու: Սպասում էինք, թե ինչ կլնի. զայրացած էին բոլորը։

Անցավ մի քանի ժամ: Օգնության հասավ կարծես բնությունը. քամին հանդարտվեց և աստիճանաբար մարում էր կրակը:

Ի՞նչ անի գյուղացին, որ բոլոր միջոցները ներդնելով, այդ ամենի հետ մեկ տեղ իր կյանքը վտանգելով, մշակում է այդ տարածքները, որպեսզի գոնե չնչին օգուտ ստանա, որով պահի իրեն և իր ընտանիքը: Անում  են ամեն ինչ, սակայն չի հասունանում դրա բարիքները վայելելու ժամը: Այս անգամ էլ սահմանի վրա մնացել են հեկտարներով չհնձված արտեր՝ մարդկանց վերջին հույսը, որը մարում է այդ ամենից հետո: Շատերն այսօր չեն մշակում այլևս: Նաև  հիշում են,  թե ինչպես էին Սովխոզի ժամանակ դասերից հետո արտադրական պարտադիր ջոկատներ կազմում ու գնում  այդ նույն դաշտերից հնձած հացահատիկը պահեստավորելու: «Ամեն ինչ էլ անում էինք, բայց դե հիմա ուրիշ ա»,- սրտնեղում են կոթեցիները:

Ինչն է ինձ հուզում. Արագածոտնի մարզ

Ինձ հուզում է մեր գյուղի գետի`Ամբերդի անմխիթար վիճակը: Այն աղտոտված է, քանի որ մարդիկ գետի շրջակայքում աղբ են թափում: Մենք` երեխաներով, որոշեցինք կազմակերպել ու գետը մաքրել,  և մաքրեցինք:  Սակայն գյուղի բնակիչները  հին «սովորույթի» համաձայն, նորից աղբ կուտակեցին, և նրանց սխալ վարվելակերպի պատճառով Ամբերդը կրկին աղտոտվեց:

Մարիամ Խումարյան , գ. Ոսկեհատ, 16 տ.

***

Հուզո՞ւմ… Է~հ, ես շատ եմ հուզվում ու մտածում: Երբեմն էլ` մեն -մենակ նստած… Մտածում եմ… Ու քիչ հետո  մտածում  եմ, թե ինչի մասին էի այսքան ժամանակ մտածում:  Գիտե՞ք ինչն է ամենից շատ ինձ հուզում:  Այն միտքը, որ հնարավոր է  չհասցնեմ: Չհասցնեմ անել այն, ինչ կարող էի անել այս վայրկյանին: Իսկապես… Եթե մտածենք, այս պահը, որ հիմա նստած մտքերս եմ շարադրում, այլևս չի լինի, չի կրկնվի: Մի վայրկյան էլ անցավ… Հիմա ևս կանցնի ու … Ու վերջ:

Ու հիմա էլ նստած մտածում եմ այն վայրկյանի մասին, որ հենց նոր անցավ:

Հասմիկ Դավթյան , ք. Աշտարակ, 16տ.

***

Շատ հաճախ ուսուցիչներից  այսպիսի արտահայտություններ եմ լսում. «Դասը, որ լավ չի սովորում, խփում եմ», «Ծեծում եմ, որ խելոք մնան»: Ես կարծում եմ, որ ուսուցիչների նման մոտեցումը սխալ է: Ես սովորում եմ տասներորդ դասարանում և իմ դպրոցում կան ուսուցիչներ ( բարեբախտաբար նրանք շատ չեն),  ովքեր դասը չսովորելու, ուշանալու և նույնիսկ չնչին պատճառներով երեխային խփում են: Դրա   պատճառով աշակերտներն սկսում են չսիրել այդ ուսուցիչներին և նրանց դասավանդած առարկաները, իսկ դասերի ընթացքում րոպեներն են հաշվում, թե երբ պիտի ավարտվի այդ դժոխային դասը: Մի անգամ դասի ժամին դասընկերս շրջվեց և ցածր ձայնով հարցրեց.

-Ի՞նչ  ա գրած գրատախտակին, չի երևում:

Մինչև  փորձեցի հարցին պատասխանել, ուսուցիչս արդեն խփեց դասընկերոջս և ասաց.

-Դասից դուրս հարցեր մի՛ տուր, մի՛ խանգարիր դասը:

Հուսամ, որ նման ուսուցիչները շատ չեն, և երբեք էլ նրանց թիվը չի շատանա: Նրանք չեն հասկանում երեխայի հոգեբանությունը: Հույս ունեմ, որ մի օր կհասկանան, որ ծեծի միջոցով չեն կարող ստիպել երեխային դաս սովորել կամ խելոք մնալ:

Սվետլանա Դավթյան, գ. Կարբի, 15 տ.

***

Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչներին  հուզող ամենահրատապ խնդիրը  գյուղի լուսավորությունն է:   Ասեմ, որ կարևոր քայլը կատարված է.   տեղադրված են  հենասյուներ,  որոնք որպես լուսատու պետք է ծառայեն:

Սա կարևոր խնդիր է, որովհետև  լուսավորության բացակայության պատճառով բազմաթիվ  լուրջ հարցեր են առաջանում: Օրինակ, կարող են մեծ թափ առնել հանցագործությունները: Բարեբախտաբար դրանք գյուղում հազվադեպ են պատահում:   Զգուշանալով հետագա անախորժություններից` գյուղացիները խուսափում են տնից դուրս գալ ուշ ժամերին:    Մթության պատճառով գյուղում կյանքը ավելի ու ավելի է պասիվանում:  Էլ չեմ ասում, որ դա իսկական գլխացավանք է  մթից վախեցողների համար:

Եթե այս ամենին գումարենք սոված ու վայրենի շների հարձակումները, պատկերն ավելի պարզ կդառնա:  Հնարավոր է` վտանգավոր իրավիճակներ ստեղծվեն   անպաշտպան երեխաների համար, որոնք արդեն իսկ զգուշանում են, նույնիսկ ցերեկը:

Եվ այսպես, մեր  գեղեցիկ գյուղը արևամուտից հետո ամբողջովին ծածկվում է սևով՝ կորցնելով իր   շհմայքը:

Անահիտ Նազարյան, գ. Ագարակ, 15 տ.

***

Ինձ ամենից շատ հուզում են մարդկանց պատկերացումներն ու  սխալ  մտածելակերպը: Շատերի կարծիքով, եթե քեզ հետ քո տարիքի տղա է քայլում, ապա դուք զգացմունքներ ունեք` սիրում եք իրար, ուրեմն, նա պարտադիր քո ընկերը պետք է լինի: Նրանք չեն էլ ուզում մտածել, որ դա կարող է ընդամենը շատ ամուր, պարզ ու մաքուր ընկերություն լինել: Եթե անկեղծ` ես այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում նման կարծիքների  ու խոսակցությունների վրա… Ուղղակի տհաճ է, երբ քայլելիս  քեզ ուղղված` խոշոր ու պլշած աչքեր ես տեսնում: Այդ պահերին` մտքում բարկանալով ասում եմ. «Մի՞թե ես այս մարդուն ինչ-որ վնաս եմ հասցրել»:

Չէ … Պարզապես նրանք ինձ տեսել են իմ դասընկերոջ հետ: Եվ իհարկե, թաղի կանայք, մեծերն ու  փոքրերը խոսում են այդ  մասին` այստեղ-այնտեղ և ամենուր: Ահա ինձ հուզող ամենատհաճ հարցը, որը վախենում եմ` երբեք էլ չլուծվի…

 Անի Գրիգորյան, Աշտարակ, 15տ.

***

Ինձ հուզում է այն հարցը, թե ինչու են մարդիկ «սեր» հասկացությունը սխալ ընկալում: Ես սերը տարբեր իմաստներով եմ հասկանում: Օրինակ՝ սեր հայրենիքի նկատմամբ, սեր ընտանիքի, շրջապատի և դպրոցի նկատմամբ:  Եվ մի կարևոր սեր՝ ընկերոջ և ընկերուհու սերը, որից ընտանիք է ստեղծվում: Ես չեմ ընդունում ավանդական խոսակցությունները սիրո վերաբերյալ: Ես կարծում եմ, որ ամեն մարդ և երիտասարդ, սերը տարբեր կերպ է ընկալում: Ես գիտեմ այնպիսի երիտասարդների, ովքեր խաղում են դիմացինի զգացմունքների հետ և թողնում՝ հաշվի չառնելով նրա հույզերն ու ապրումները:

Քնքուշ Քեթցյան, գ. Կարին

Ինչն է ինձ հուզում. Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզի պատանիները խորհում են իրենց հուզող հարցերի մասին

Ինձ հուզում է այն, որ Հայաստանում շատ անապահով ընտանիքներ կան: Անապահովությունը սկսվում է  գործազրկությունից: Մարդիկ ցանկանում են աշխատել, սակայն աշխատատեղեր չկան: Դրա համար էլ Հայաստանում օրեցօր ավելանում է արտագաղթը` հայերը մեկնում են օտար երկրներ:

Ես ցանկանում եմ, որ Հայաստանում տարբեր  գործարաններ բացվեն, ստեղծվեն աշխատատեղեր, մտածեն գործազուրկների մասին, բարձր աշխատավարձ տան, որպեսզի մարդիկ չլքեն իրենց հայրենիքը և չհեռանան Հայաստանից:

Սայրանուշ Մնացականյան, գ. Փարպի, 16 տ.

 ***

Ես շատ եմ սիրում այն վայրը, որտեղ ծնվել եմ, և հենց դա է պատճառը, որ հիմա ցանկանում եմ Ագարակի հիմնախնդիրների մասին խոսել: Շատ տարիներ են պահանջվել Ագարակը գեղեցկացնելու համար ու շատերը, ովքեր ծնվել են այստեղ, աջակցել են գյուղի զարգացմանը:  Թեև այս ամենին, Ագարակը,  ինչպես Հայաստանի այլ գյուղեր, ունի իր ներքին` «տնական» խնդիրները, որոնք  լուծում  են պահանջում:  Խնդիրը, որի մասին ցանկանում եմ խոսել, շատ կարևոր է և գրեթե բոլոր գյուղերում է  առկա, գյուղի լուսավորության հարցն է: Մեզ մոտ երբեք չի եղել գիշերային լուսավորություն: Երեկոյան ժամերին`հատկապես ձմռանը, պարզապես անհնար է տնից դուրս գալ, թեև մտածելակերպ էլ կա` էս ուշ ժամին որտեղի՞ց ես գալիս, կամ ո՞ւր ես  գնում:

Շատ անգամ մարդիկ վախենալով են հասնում տուն, հատկապես աշակերտները,  երբ ուշ ժամերին  վերադառնում են պարապմունքներից:  Կարծում եմ, համայնքապետարանը պետք է ուշադրություն դարձնի և միջոցներ ձեռնարկի այս հարցը լուծելու համար , որն այնքան էլ դժվար չէ: Դա  կհեշտացնի մարդկանց կյանքը, կնվազեն գողություններն ու հանցագործությունների քանակը:

Արփինե Խաչատրյան,  գ. Ագարակ, 15 տ.

 

***

Ինձ հուզում է իմ երկրի և իմ քաղաքի մթնոլորտային աղտոտվածությունը: Պատուհանից նայում եմ դուրս ու մտածում, թե ինչպես է մարդն աղտոտում շրջակա միջավայրը:   Նայում եմ  քաղաքիս` ամենուրեք մեքենաներ են, ու հիշում եմ  աշխարհագրության ուսուցչուհու  խոսքերը. «Ավտոտրանսպորտին բաժին է ընկնում մթնոլորտի աղտոտման հիմնական մասը»:

Հայաստանում այսօր էլ շատ են  ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում արտադրված ավտոմեքենաները:   Դա նշանակում է, որ երկրի ավտոմոբիլային հավաքակազմը հնացել է, ինչի  պատճառով էլ ավելացել է արտանետումների քանակը: Մենք վատ օդ ենք շնչում, որը  կարող է վատ ազդեցություն  ունենալ մեր  և ապագա սերունդների առողջության վրա:

Վերջին տարիներին քաղաքային փոխադրամիջոցներից դուրս  մղվեց էկոլոգիապես մաքուր տրանսպորտը, սակայն ներկայումս  ձեռնարկվում են միջոցներ` երկրի տրասպորտային համակարգը բարելավելու համար:

Այսպես… Պատուհանից դուրս եմ նայում ու նկատում, թե ինչպես է մի տղա ձեռքի աղբը գցում գետնին: Մի փոքրիկ էլ` տեսնելով,  վազում, վերցնում է թուղթն ու  գցում աղբարկղը: Ես ուզում եմ մարդիկ հասկանան, որ անգամ  փոքրիկ,  անզգույշ քայլով վնասում են բնությունը և մթնոլորտը:

Լուսինե Հարությունյան, ք. Աշտարակ, 16 տ.

***

Մեր գյուղում կան բազմաթիվ խնդիրներ, սակայն ինձ համար կարևոր է, որ մեզ մոտ ժամանցի կենտրոններ բացվեն: Ճիշտ է, կան տեսարժան վայրեր՝ հուշարձաններ, պուրակներ և այլն, բայց  դա  քիչ է, որովհետև  չկան սրճարաններ, կամ ակումբներ, որտեղ մարդիկ կկարողանան հավաքվել ու զրուցել: Կցանկանայի, որ նման վայրեր լինեն երիտասարդների համար, որտեղ նրանք  կանցկացնեն իրենց ազատ ժամանակը:

Արուսյակ Իգնաթևոսյան, գ. Սասունիկ, 16 տ.

 

 ***

Երջանկություն ասվածը յուրաքանչյուրիս ընկալմամբ տարբեր է: Բոլորս էլ  ցանկանում ենք անհոգ և երջանիկ մանկություն  ունենալ: Թվում է` երջանիկ լինելը հեշտ է, բայց ոչ բոլորին է ի վերուստ տրված այդպիսի կյանք:

Ինձ հուզող հարցերից մեկը. եկեք   ուշադրություն դարձնենք այն երեխաներին, ովքեր չունեն իրենց երազած մանկությունը: Ցանկությունս է` միասնական ջանքերով ստեղծել բարեգործական կենտրոններ, որոնք կօգնեն մանկատան երեխաներին ` քիչ թե շատ մանկության երջանիկ օրեր ունենալ: Օգնենք նրանց հասնել գոնե մի երազանքի՝ պարգևելով խինդ և ուրախություն: Կազմակերպենք հետաքրքիր միջոցառումներ, ինչու չէ, նաև ճամփորդություններ դեպի տեսարժան վայրեր՝  նրանց մեկ օրը հիշարժան դարձնելու համար:

 

Մեսրոպ Ալեքսանյան, գ. Կարբի, 16 տ.

 

 ***

Ես շատ եմ տեսնում ծխախոտ օգտագործող չափահաս  մարդկանց,  բայց վերջերս  նկատել եմ, որ  իմ շրջապատում անչափահասները` իմ հասակակիցները, նույնպես ծխում են: Վերջերս դպրոցում  ուշադրությունս գրավեցին երեք տղաներ, ովքեր միշտ ուշացած էին  ներկայանում դասերին: Մտածում էի, որ ուղղակի դանդաղաշարժ են, բայց ավելի ուշ իմացա, որ  ծխում են և  այդ պատճառով էլ ուշանում են դասերից: Ընդամենը տասնվեց տարեկան, բայց օրն  առանց ծխախոտի չեն պատկերացնում  և վնասում  են իրենց առողջությունը: Նրանց պետք է բացատրել, որ դա վատ սովորություն է, որից պետք է հրաժարվեն քանի դեռ շուտ է:

Գևորգ Հովհաննիսյան, գ. Կարբի, 16 տ.

 ***

Ուզում եմ   անդրադառնալ մեր ժամանակների աղտոտված փողոցներին: Ի՞նչ են մտածում այդ մասին բնապահպանական մարմինները: Քայլում ես փողոցով և ամենուր  աղբի ես հանդիպում:  Ուզում եմ, որ համապատասխան վայրերում աղբամաններ տեղադրվեն: Ես ապրում եմ Փարպի գյուղում, որտեղ արդեն մի քանի տարի է, աղբամաններ չկան: Փոխարենը`շաբաթական երկու անգամ, շրջում են աղբահավաք մեքենաներն  ու հավաքում բնակիչների կուտակած աղբը: Իմ  կարծիքով, շաբաթական երկու անգամը  շատ քիչ է, որ  գյուղն ամբողջությամբ մաքրվի: Ցանկանում եմ, որ այդ  մեքենան ոչ միայն կենտրոնական, այլ նաև մյուս` երկրորդական փողոցներին ուշադրություն դարձնի: Ամենուր  կուտակված  աղբը գարշահոտություն է տարածում հատկապես շոգ եղանակին, ինչի  պատճառով էլ երեխաները չեն կարողանում դուրս գալ բակ՝ խաղալու:

Ես շատ եմ ուզում, որ իմ գյուղը մաքուր ու գեղեցիկ լինի :

Սոնա Կարպովա, գ. Փարպի, 16 տ.   

 ***

Ես ապրում եմ Ագարակ գյուղում: Ագարակն ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մասին  պետք է խոսել և իրազեկել մարդկանց: Բայց հիմա ուզում  եմ անդրադառնալ մի խնդրի , որը հուզում է և՛ ինձ, և՛ իմ ընկերներին: Դա  ժամանցային վայրերի իսպառ բացակայությունն է գյուղում: Ես և ընկերներս շատ կցանկանայինք, որ մեզ մոտ էլ լինեին կարաոկե-ակումբներ, սրճարաններ, ակումբներ, որտեղ կիրականացվեին տարբեր խաղեր, միջոցառումներ և ծրագրեր:

Կարծում եմ, պետք է համայնքապետարանը  ուշադրություն դարձնի այս խնդրին: Այդ դեպքում, գյուղացիները  իրենց ազատ ժամանակն ավելի հետաքրքիր անցկացնելու և լիցքաթափվելու հնարավորություն կունենան:

Լենա Խաչատրյան, գ.Ագարակ, 17 տ.

***

Ես քսանամյա Էմման եմ: Ուսանողուհի եմ: Ինձ հուզում են բազմաթիվ երևույթներ, որոնք տեղի են ունենում և դեռ կունենան: Սակայն  ամենից շատ, ինձ հուզում է սովորելուց հետո աշխատանք  չգտնելու  տխուր հեռանկարը:

Ինչպես յուրաքանչյուր ուսանող, ես նույնպես կանգնած եմ այդ խնդրի առաջ: Շատ հաճախ  մտածում եմ. « Բա որ չկարողանա՞մ աշխատանք գտնել, բա, որ չստացվի՞, բա որ այս հինգ տարիները ջուրն ընկնեն»:

Առջևում դեռ երկու տարի էլ ունեմ, բայց արդեն անհանգստանում եմ: Պատճառն այն  է, որ շատ-շատերը մնում են առանց մասնագիտական աշխատանքի և այլ գործերով են զբաղվում: Իսկ ո՞ւր մնաց  այդ չորս-հինգ տարիների տքնաջան աշխատանքը, սովորելը  և գիտելիքները: Ինչքան էլ ասենք, թե կարևորը ուսում ստանալն է, բայց երբ չես ունենում համապատասխան գործ, այդ տարիները մի տեսակ ապարդյուն են թվում: Եվ ի՞նչ անել:

Հուսալով շարունակել մնացած երկու տարի՞ն, թե՞ թողնել, որ հիասթափությունը հաղթանակի:

Էմմա Թովմասյան, ք, Աշտարակ, 20 տ.

Mane Babajanyan

Ժամանակն անզոր է

Ամեն ինչ սկսվեց չորս ամիս առաջ: Ընկերուհիներիցս մեկի ծննդյան օրը մտերմացա նրա դասընկերուհու՝ Սյուզիի հետ, ով բոլորովին նոր մարդ էր մեր շրջապատում: Այդ օրվանից հետո ես և նա էլ ավելի մտերմացանք: Հետո ստացվեց այնպես,  որ ես տեղափոխվեցի նրանց դասարան, և այժմ մենք մտերիմ ընկերուհիներ ենք: Իրականում մենք շատ տարբեր մարդիկ ենք, ու հենց դա էլ միավորում է մեզ,  որովհետև մենք լրացնում ենք միմյանց,  ինչպես ասում են, մեկը սիրտն է, մյուսը՝  ուղեղը: Մենք մեզ իրար հետ շատ լավ ենք զգում,  քանի որ ազատորեն կարող ենք խոսել ամեն ինչի մասին և վստահ լինել,  որ միմյանց հասկանում ենք ու կարող ենք օգնել իրար: Ամեն ինչ հրաշալի էր, ավագ դպրոց գալով ես հենց այդպես էլ պատկերացնում էի՝ կգնամ նոր դպրոց, կծանոթանամ նոր մարդկանց հետ ու գուցե կգտնեմ այն ընկերուհուն, ում հետ ազատորեն կկարողանամ խոսել իմ զգացմունքների ու հույզերի մասին:  Եվ կարծես իմ պատկերացումներն իրականացել էին,  թվում էր, թե ոչ-ոք չի կարող բաժանել մեզ,  սակայն… Մեր մտերմանալուց ընդամենը երկու ամիս անց ես իմացա,  որ ամռանը նրանց ընտանիքը գնալու է Հայաստանից՝ իր հոր մոտ:  Այդ ժամանակ ամեն ինչ փոխվեց, աշխարհը կարծես դադարեց գոյություն ունենալուց, ու առաջին հերթին ես ինքս փոխվեցի: 

Դա ինձ համար շատ ծանր հարված էր, որից հետո ամեն բան խառնվեց իրար: Սյուզին և ուզում է գնալ, և՝ ոչ: Ուզում է գնալ, քանի որ քաջ գիտակցում է, որ հորից հեռու ապրելն անհնար է,  իսկ ուզում է մնալ,  որովհետև այստեղ շատ բան է թողնելու՝ մի ողջ կյանք, հուշեր,  երազներ և վերջապես մարդիկ, առանց որոնց շատ դժվար կլինի իր համար:

Երբ հարցնում եմ իրեն՝ ասում է,  որ ամենից շատ կկարոտի շրջապատը՝ ընկերներին: Դե, իսկ ես… Ես ամեն ինչ կտայի, որ նա մնար,  քանի որ առանց իրեն դժվարանում եմ պատկերացնել ինձ: Այս մի քանի ամիսների ընթացքում մենք շատ ենք մտերմացել,  ու հիմա ես պարզապես չեմ ուզում կորցնել նրան: Այդ լուրն իմանալու օրից ի վեր ես չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ,  որ գուցե էլ երբեք չհանդիպեմ նրան,  չկարողանամ նայել աչքերին ու ասել, թե ինչ եմ մտածում: Չկարողանամ տեսնել ինձ այդքան հարազատ դարձած ժպիտը…

Մնում է հավատալ,  որ հեռավորությունը չի կարող բաժանել մեզ: Վերջում մի բան եմ ուզում ասել բոլոր նրանց,  ովքեր երբևէ կհայտնվեն նույն իրավիճակում՝ երբեք չհանձնվեք ու թույլ չտաք,  որ ժամանակն ու տարածությունը խանգարեն ձեզ:

Հ.Գ. Սյուզ,  եթե դու կարդաս սա, իմացիր,  որ անկախ հանգամանքներից դու ինձ համար ամեն ինչ ես, ու առանց քեզ ինձ համար շատ դժվար կլինի: Ոչ ժամանակը,  ոչ էլ անգամ տարածությունը չեն կարող խանգարել մեր ընկերությանը: Քեզ միշտ կկարոտեմ ու կսպասեմ,  որ մի օր այստեղ ամեն ինչ առաջվանը կլինի, ու ես էլի կտեսնեմ ինձ այդքան հարազատ ու ջերմ դարձած ժպիտդ:

Ինչն է ինձ հուզում. Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզի պատանիները խորհում են իրենց հուզող հարցերի մասին

Ես ապրում եմ Աշտարակում: Իմ քաղաքում կան մի շարք հարցեր, որոնք հուզում են ինձ: Դրանցից մեկն այն է, որ այստեղ  քիչ են ժամանցի վայրերը, չկան սրճարաններ ու զբոսայգիներ: Ճիշտ է, կան տեսարժան վայրեր, բայց մի քանիսն  են, ու ամեն անգամ` նույն տեղը գնալով,  մարդիկ ձանձրանում են: Կցանկանայի, որ ժամանցի կենտրոններ ստեղծվեին երիտասարդների համար, որ նրանք կարողանային հետաքրքիր անցկացնել ազատ ժամանակը:

Ինձ շատ է հուզում նաև մեր ապագան, ինչպե՞ս կկառուցվի այն հետագայում: Ի՞նչ դերակատարում և ներդրում կարող է ունենալ  մեզնից  յուրաքանչյուրը` մեր երկիրն ու համայնքը զարգացնելու գործում:

Արսեն Կարապետյան, ք. Աշտարակ, 16 տ.

***

Ես Նորան եմ ` Ոսկեվազից: Ինձ հուզում է մի շատ լուրջ և արդիական հարց. որտե՞ղ շարունակեմ ուսումս, որ  ապագայում կարողանամ համապատասխան աշխատանք գտնել: Մեր  այսօրվա  աշխատաշուկայում գործ  գտնելը  դժվար է: Ի՞նչ է սպասվում մեզ: Այս  հարցը շատերին է մտահոգում ու  հետաքրքրում: Մարդիկ սովորում են, բայց չեն կարողանում ապրել, աշխատել և ստեղծագործել:

Մեր գյուղը  շատ մոտ է Երևանին, և բոլորն էլ կարողանում են սովորել, բայց մեր երկրում չեն կարողանում գտնել իրենց ապագան:  Ես փորձում եմ իմ ապագան այնպես կառուցել, որ կարողանամ մնալ և ապրել իմ ծննդավայրում:

Նորա Վարդանյան, գ. Ոսկեվազ, 16 տ.

***

Ինձ ամենից շատ հուզում է իմ երկրի ապագան` իմ և հայ փոքրիկների ապագան… Ինչպիսի՞ն կլինի մեր կյանքը  հետագայում… Ես շատ եմ մտածում այդ մասին: Մտածում եմ` ի՞նչ կլինի, եթե աշակերտները  դպրոցում չսովորեն, կամ  ի՞նչ  կյանքով է  ապրելու մեր երկիրը: Ես շատ եմ ուզում, որ բոլոր աշակերտները լավ սովորեն և պիտանի մարդիկ դառնան Հայաստանի համար:

Մեր ապագան մեր ձեռքերում է, և եթե լավ սովորենք, ապա կունենանք լավ ապագա:

Վալենտինա Առաքելյան , գ.Փարպի, 13 տ.

***

Ես շատ եմ սիրում իմ ծննդավայրը, իմ գյուղը: Եվ ինձ շատ է հուզում մեր գյուղի անբարեկարգ վիճակը: Մեր գյուղը` Ոսկեհատը, դեռ  ամբողջովին գազաֆիկացված չէ: Ճանապարհները, բացի կենտրոնականից, ասֆալտապատված չեն: Առևտրի կենտրոնները շատ չեն, իսկ ժամանցի վայրեր ընդհանրապես չկան: Բացի այդ, չեն պահպանվում սանիտարական պայմանները, ինչի հետևանքով մեր հիասքանչ Ամբերդ գետի ափերը դարձել են աղբանոց: Բայց ես հուսով եմ, որ մի օր մեր գյուղը կձերբազատվի վերը նշված  բոլոր խնդիրներից:

Լիանա Հովհաննիսյան, գյուղ Ոսկեհատ, 15 տ.

***

Ինձ շատ բաներ են հուզում, բայց շատ անգամ չեմ կարողանում այդ հարցերին ճիշտ լուծում տալ:

Ինձ հուզում է մեր հայրենակիցների  արտագաղթը: Բոլորը փորձում են իրենց տունը ուրիշ տեղ փնտրել՝ թողնելով իրենց պապական Հայաստանը:

Բայց օրերս հասկացա, որ շատ զարմանալի է մեր ազգը, երբ Հայաստանը խաղաղ է մարդիկ արտագաղթում են, բայց բավական է, որ վտանգվի մեր երկիրը` սկսում են ներգաղթել՝ մեր մի կտոր հողը պաշտպանելու համար:

Փոքր թվացող բաներ էլ են ինձ հուզում: Օրինակ` ինձ հուզում էր մեր բակի շնիկը: Ես նրա հաչոցից  ամեն առավոտ արթնանում էի, իսկ երբեմն էլ գիշերն էի արթնանում:  Նա ընդամենը մի անպաշտպան շնիկ էր, որը չէր հասկանում  և ընդունում մեր հարևան Վարդանը  և ամեն օր վիճում էր ինձ հետ, դուրս  գալիս, գոռգոռում:

Մի անգամ նույնիսկ հարվածեց կենդանուն, ու  շնիկը մի կերպ էր ոտքի վրա կանգնում:  Որոշ ժամանակից շունը   կորավ, ու ես այլևս չգտա նրան: Ինձ հուզում է շատ ու շատ այդպիսի շնիկների ճակատագրերը, որոնց հետ վատ են վարվում անսիրտ մարդիկ:

Մայրանուշ Եղիազարյան, ք. Աշտարակ, 14 տ.

***

Ամենից շատ ինձ  հուզում և անհանգստացնում է բնության աղտոտվածությունը: Շատ-շատ են այդպիսի դեպքերը… Մարդիկ շահագործում են բնության տված բարիքները, և օգտվելով այդ ամենից, միշտ աղտոտում և փչացնում են շրջակա միջավայրը: Չեն փորձում այդ ամենը հավաքել ու մաքրել: Միայն, երբ դպրոցներում, քաղաքներում տեղի են ունենում շաբաթօրյակներ, այդ ժամանակ մի փոքր մաքրում են  աղբը: Մնացած դեպքերում մարդիկ միայն վնաս են հասցնում բնությանը, բայց և անխնա օգտագործում  նրա բարիքները:

Վիոլետա Մկրտչյան, գ. Կարբի, 15 տ.

***

Անտարբերություն  աշխարհի, մարդկանց, սեփական երջանկության ու կյանքի նկատմամբ, ահա թե ինչն է ինձ հուզում:

Մարդիկ շարունակ փորձել են հասնել կատարյալին ու ձգտելով դրան` կորցրել ամենակարևորը՝ մարդկային ջերմությունը:

Փողոցում քնող, սոված, մարդասպան, անհոգի, սեփական շահի համար ապրող մարդիկ…

Սիրում են ու չեն ասում, չեն սիրում ու սեր են խոստովանում, դավաճանում են հավատարիմներին ու հավատարիմ մնում դավաճաններին: Անտարբեր են համամարդկային խնդիրների նկատմամբ: Որդին սպանում է հորը, հայրը սպանում է որդուն, ու մենք անտարբեր ենք այս ամենի` մնացած ամեն ինչի ու ամենքի նկատմամբ:

Գոնե սերը փրկվեր, սիրեին ու ասեին, պայքարեին ու հասնեին: Չնայած, եթե սերը փրկված լիներ, ամեն ինչ չէր հասնի այս աստիճանի: Մարդի՛կ, սիրեք ու դադարե՛ք անտարբեր լինել, նախ ինքներդ ձեր, հետո՝ աշխարհի նկատմամբ:

Հայկանուշ Մարգարյան, գ. Սասունիկ, 15 տ. 

ani avetisyan portret

Նկարի ոչ լուսավոր կողմը

Երբեմն մտածում եմ, թե կյանքս ինչպե՞ս է փոխվելու, երբ ընդունվեմ համալսարան: Նոր ընկերներ, շրջապատ, հագեցած ու հետաքրքիր ուսանողական կյանք, արշավներ և ուսումնասիրություններ… 

Ամեն ինչ հետաքրքիր է թվում, բայց իրականում սա նկարի միայն լուսավոր մասն է: Լիարժեք ուսանող լինելու, ուսանողական կյանքին լիովին կցվելու համար ժամանակ է պետք, բայց ինչ անի գյուղում ապրող այն ուսանողը, ով նույնիսկ վերջին ժամերին մնալ չի կարող, որպեսզի չուշանա գյուղ գնացող վերջին ավտոբուսից, ուր մնաց թե` մասնակցի դասերից հետո անցկացվող միջոցառումներին ու ծրագրերին կամ ընկերների հետ ինչ-որ տեղ գնա:

Նման խնդիր կա Հայաստանի գրեթե բոլոր գյուղերում: Մեր գյուղն էլ` Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղը, բացառություն չէ: Այստեղ երթուղային տրանսպորտ հաճախ չենք տեսնում, իսկ եղածներն էլ շատ ժամանակ չեն աշխատում, և ոսկեհատցի ուսանողներն ու աշխատողները, նրանց թվում նաև քույրս ու եղբայրս, ստիպված են լինում տաքսիով կամ ոտքով հասնել կողքի գյուղ՝ այնտեղից քաղաք գնալու համար: Բարդ է, հատկապես առավոտյան, երբ լույսը դեռ չի բացվել:

…Ինքս էլ շատ անգամ զգացել եմ, թե ինչ է նշանակում տրանսպորտի բացակայության պատճառով երկու կիլոմետրից ավելի անցնել՝ պարապմունքի գնալու համար:

-Մի քիչ սպասենք, որ ծանոթ մեքենա գա, գնանք:

-Չէ, չէ, բա, որ չգա կուշանանք:

Էլ  ո՞վ կարող է այդքան ճանապարհ անցնելուց հետո խնդիրներ լուծել, այն էլ հանրահաշվից:

diana hovsepyan

Մեր մշակույթի տունը

Հայրենական պատերազմի դժվարին տարիներին իմ համագյուղացիների` Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչների ջանքերի  շնորհիվ ստեղծվեց Մշակույթի տունը: Առաջին տնօրենը Ռոզա Կարապետյանն էր: Նա նաև գրադարանավարուհին էր: Տիկին Ռոզայի տնօրինության տարիներին Մշակույթի  տունը մեծ վերելք էր ապրում: Գրեթե ամեն օր բեմականացումներ էին բեմադրվում, մեծամասշտաբ միջոցառումներ էին կազմակերպվում` համախմբելով գյուղի բնակիչներին, և մեծ ոգևորություն էին առաջացնում երիտասարդների շրջանում:

Ներկայիս Մշակույթի տունը ոչ ավել, քան դատարկ շինություն է, որում գործում է միայն գրադարանը: Ներկայիս գրադարանավարուհին` ընկեր Արմինեն, աշխատում է ավելի քան քսան տարի: Գրադարանը միշտ բաց է լինում առավոտյան ժամը տասներկուսից մեկը: Երբեմն մենք գիրք ստանալու համար հերթ ենք  կանգնում: Երբ նրան հարցրեցի, թե ինչն է պատճառը, որ գրադարանը ընդամենը մի ժամ է աշխատում, նա պատասխանեց.

-Անտանելի ցուրտ է ներսում: Ջեռուցում չկա:

Եվ իրոք, ջեռուցումը բացակայում է: Իսկ հատկապես ձմռանը անկարելի է դիմակայել ցրտին, ուստի գրադարանը տաք օրերին բաց է լինում մեկ ժամ, իսկ ձմռանը միշտ փակ է: Ես գիտեմ, որ ցրտին չեն դիմանում նաև գրքերը: Առանց այդ էլ հնամաշ գրքերը սրտի ու շոգի հերթագայությունից ժամանակից շուտ են շարքից դուրս գալիս: Ցրտի պատճառով տուժում է նաև միջոցառումների սենյակը: Միայն ցուրտը չէ, որ խանգարում է: Բացակայում են վարագույրները, ջահերը և սարքին գտնվող աթոռները:

2007-2008թթ. գործում էր պարի խմբակ: Ժամանակին այն մեծ համբավ ուներ, ես ինքս էլ ընդգրկված էի այդ խմբում:

2009թ-ից առ այսօր գործում է կարատեի խմբակը, որը մեծ հաջողությունների է հասել նաև Հայաստանի սահմաններից դուրս:

Ներկայումս կան նաև պարի և ըմբշամարտի խմբակներ: Դրանց պարապմունքները անցկացվում են գյուղապետարանի  շենքում հատկացված սենյակներից մեկում: Ներկա դրությամբ Մշակույթի տան  հսկայական շինությունում գործում է միայն գրադարանը, այն էլ` մեկ ժամով:  Իսկ գյուղացիների առօրյան առավել հետաքրքիր և բովանդակալից անցկացնելու համար այլ շինություն չունենք:

lia avagyan portret

Մարտական տրամադրություն

Ապրիլի 2-ին սովորական օրերի նման պատրաստվեցի, որ դպրոց գնամ: Արդեն դուրս էի գալիս, երբ լսեցի կրակոցներ, ուշադրություն չդարձրի` մտածելով, որ ամեն օրվա նման էլի՝ հակառակորդը հարբած անկանոն կրակ է բացել խաղաղ բնակավայրերի վրա: Եթե հիշում եք, ես ապրում եմ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Դպրոց մտնելուն պես ընկերներս ասացին, որ Արցախը տանկերով ու գրադներով ռմբակոծվում է, անհանգստացա, քանի որ լավ գիտեի տանկի ցասումը: 

Դրանից հետո անընդհատ թարմացվող լուրեր` վիրավոր ու մահացած մարդկանց ու նաև խաղաղ բնակավայրերի արկակոծման մասին: Որպես սահմանում ապրող մարդիկ մեր մոտ լարվածություն (բայց ոչ խուճապ) առաջացավ թե մեր եղբայրների անվտանգության, թե սահմանում կանգնած զինվորի և նաև նրա համար, որ կարող է ամեն վայրկյան նաև մեզ մոտ վերսկսվել ռմբակոծումը:

Դասերը վերջացնելուն պես արագ եկա տուն` ավելի շատ տեղեկություններ իմանալու համար: Կիրակին նույնպես անցավ լարված: Երկուշաբթի օրը, չնայած մայրիկիս հորդորներին, որպեսզի դպրոց չգնամ (վախենում էր, որ մեզ մոտ էլ կարող էր ամեն վայրկյան սկսել կրակոցներ), ես գնացի դպրոց: Ճանապարհին էլի ДШК-ով մի քանի անգամ կրակեցին: Դպրոց հասա այն ժամանակ, երբ արդեն զանգը տվել էր: Մտա դասարան, դասընկերս միանգամից հարցրեց. «Հը՞, Լիա, սաղ ե՞ս»: Համոզվելով, որ լավ եմ, ուսուցիչս հարցրեց, թե էդ ինչ ձայներ են: Պատասխանեցի, որ ДШК-ով գյուղի վրա կրակում են: Ուսուցիչները ամբողջ օրը աշխատում էին մեր բարոյահոգեբանական վիճակը և հայրենասիրական ոգին բարձր պահել: Սա էլ ասեմ, որ իմանաք. մեր ուսուցիչները, ի տարբերություն ոչ սահմանամերձ գոտիների ուսուցիչների, մեզ ոչ միայն գիտելիք են հաղորդում, այլ շատ հաճախ նաև հոգեբանական աշխատանք են տանում: Այդ օրը դպրոց քիչ երեխաներ էին եկել: Չէ, ոչ թե չէին եկել, այլ լսելով կրակոցները, հետ էին դարձել տներով:

Գյուղում մարտական ենք տրամադրված, միշտ պատրաստ` ամեն տեսակ խոչընդոտ հաղթահարելու: Հիմա կապոցներ հենք պատրաստում, որպեսզի սահմանից սահման մի փոքր աջակցություն ուղարկենք մեր հայրենակիցներին ու մեր սահմանը պահող քաջ հերոսներին:

Հ.Գ.Աստված պահապան սահմանները հսկող մեր քաջ զինվորներին: Խոնարհումս Ձեզ՝ ՏՂԵՐՔ…

erik alexsanyan tavush

Այստեղ ուրիշ է ամեն ինչ

Բաղանիսում ուսուցիչների պակասը լուրջ է: Դա պայմանավորված է նրանով, որ գյուղը գտնվում է սահմանամերձ գոտում: Բաղանիսի դպրոցում սովորում է 99 աշակերտ, և դա այնքան էլ շատ չէ, սակայն ուսուցիչների պակասը ավելի շատ է: Դուք երբևիցե լսե՞լ եք, որ ֆիզիկայի ուսուցիչը դասավանդի հանրահաշիվ և  երկրաչափություն, կամ աշխարհագրության ուսուցիչը դասավանդի հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, աշխարհագրություն և աշխատանքի ուսուցում:

Թեև նրանք լավ են դասավանդում, սակայն երբեմն որոշ չափով դժվարանում են: Դասացուցակում առաջանում են խնդիրներ: Օրինակ՝ երկու դասարան հայտնվում են նույն դասարանում նույն ուսուցչի մոտ: Արդյունքում տուժում են աշակերտները: Ուսուցիչներն էլ այս լարվածությունից հոգնում են:

Մի խոսքով, Բաղանիսը ամեն ինչով ուրիշ է:

andranik manesyan portret

Սահմանից Սահմանին

Մենք, ինչպես միշտ, գնացել էինք դպրոց: Մեզ ոչինչ չի կարող խանգարել դպրոց գնալ, նույնիսկ սահմանին հնչող կրակոցները:  Ճիշտ է, այդ օրը բացակաները շատ էին:

Մենք նստած էինք դասի, երբ ներս մտավ տնօրենը և հայտնեց մի  ծրագրի մասին, որով մենք` կոթեցիներս, կարող էինք օգնել Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գյուղերին` «Սահմանից Սահմանին»: Մենք սկսեցինք մտածել, թե ինչպես կարող ենք  օգնել նրանց ու որոշեցինք նրանց  համար ուղարկել առաջին բուժօգնության պարագաներ, քաղցրավենիք, չրեղեն և մուրաբաներ, ծխախոտ, տաք հագուստ, գուլպաներ:

Մենք շտապեցինք զանգահարել մեր մյուս ընկերներին, որ  մասնակցեն այս միջոցառմանը: Եվ բոլորս սկսեցինք հավաքել անհրաժեշտ  պարագաներ, որպեսզի ուղարկենք սահման: Ամեն մի երեխա օգնում էր իր կարողության  սահմաներում: Այս ծրագրին մասնակցում էին նաև ուսուցիչները:

Մենք արկղերում դասավորեցինք հավաքվածը: Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ստացանք մեր օգնությունն էլ բերել:

Մենք պատրաստ ենք  օգնել  սահմանին կանգնած  մեր  զինվորներին և բնակիչներին: Մենք նույնպես գտնվում ենք  սահմանամերձ  գյուղում ու չենք պատրաստվում լքել մեր գյուղերը: Համոզված ենք, մեր հաստատ որոշումը կարող է ոգեշնչել մեր  զինվորներին և կամավորներին, որպեսզի ամրապնդեն մեր դիրքերը:

Երբ  գրում էի այս նյութը, այդ պահին  լսվեցին ձայներ ու էլի  կրակոցներ, որոնք ուղղված էին դիրքերին:

ԱՍՏՎԱԾ  ՊԱՀԱՊԱՆ ԲՈԼՈՐ  ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ,  ՈՎՔԵՐ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ: