Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

Սիրելիներիցս հեռու

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Ի՞նչ տվեց ինձ 2015 թվականը: Մեկ-մեկ մտածում եմ` ի՞նչ կար, որ ինչ էլ տար: Բայց հետո հիշում եմ, որ շատ լավ բաներ տվեց: Օրինակ՝ կատարվեց իմ ամենամեծ երազանքը: Ես գնացի ծնողներիս մոտ, որոնց կյանքիցս շատ եմ սիրում: Նրանց վաղուց չէի տեսել: Առաջ բոլորս միասին էինք ապրում մեր գյուղում: Բայց մի սովորական օր զանգեց հորաքրոջս ամուսինը և ասաց, որ գալիս է Հայաստան` նրանց տանելու նպատակով: Ես հենց լսեցի այդ արտահայտությունը, անկախ ինձնից արցունքները սկսեցին գլորվել աչքերիցս: Ինձ հետ չգիտես ինչ կատարվեց, շատ ծանր էի տանում այդ փաստը, որ նրանք գնալու են, երկու օր անընդմեջ լաց էի լինում: Եկավ այն չարաբաստիկ օրը, երբ պետք է նրանք գնային, ես էլի լաց էի լինում: Տատիկս նրանց օրհնեց, և ինչպես ասում են մեր գյուղի մեծերը, ասաց. «Բարով-խերով հասնեք տեղ», նրանց մի կերպ ճանապարհեցինք: Բոլորը մտածում էին, որ նրանք գնացել են առանձին-առանձին` հայրիկս, հետո մայրիկս և փոքր քույրիկս, բայց ոչ, նրանք գնացին միասին: Ես և եղբայրս մնացինք տատիկիս և պապիկիս խնամքի տակ: Մենք չենք բողոքում, քանի որ նրանց շատ սիրում ենք և հարգում, բայց կարոտում ենք…
2015 թվականի Նոր տարուն ծնողներս եկան: Ես անչափ ուրախ էի, որ ընտանիքով միասին ենք դիմավորելու Ամանորը: Մենք անգամ տոնածառը չէինք զարդարել, սպասեցինք մինչև գա քույրիկս, որպեսզի միասին զարդարենք: Եվ այսպես անցավ Ամանորը, և նրանք նորից հետ վերադարձան Ռուսաստան: Անցավ մի երկու երեք ամիս, և ամառային արձակուրդներին ես և եղբայրս մեկնեցինք նրանց մոտ: Առաջին մի քանի օրը այնքան անսովոր էր, որ չէի ցանկանում ապրել այնտեղ, ցանկանում էի հետ վերադառնալ Հայաստան: Բայց երբ անցավ մի քանի օր, ես սովորեցի այնտեղի կյանքին, երանության մեջ էի կարծես: Ճիշտ է, ես այնտեղ քիչ ապրեցի, չորս ամիս, բայց այնքան լավ և հիանալի օրեր անցկացրեցի: Մենք այնտեղ ապրում էինք ընտանիքով` հայրս, մայրս, եղբայրս, փոքր քույրիկս և ես: Քանի որ ես էի մեծը, քույրիկս փոքր էր և չէր կարող օգնել մայրիկիս, ես էի օգնում նրան տան բոլոր գործերում: Մենք միասին գնում էինք խանութ, ինձ գեղեցիկ հագուստներ գնում, իսկ հետո, եթե ժամանակ էր լինում, գնում էինք սրճարան: Հետո վերադառնում էինք տուն և գեղեցիկ տպավորությունները պատմում հայրիկիս: Իսկ երեկոները քույրիկներիս և եղբայրներիս հետ գնում էինք այգի, զբոսնում էինք, կարուսելներ նստում: Ճիշտ է, ես շատ էի վախենում, բայց համարձակությունս առաջ էի բերում և նստում: Ես վերադարձա Հայաստան, քանի որ այստեղ դպրոց եմ գնում:
2015 թվականին չիրականացան իմ բոլոր երազանքները, բայց ոչինչ, ես չեմ տխրում, դրանց կհասնեմ 2016 թվականին:
Երեք ամիս առաջ Ամանորի նախօրեին մեր դպրոցի ուսուցչանոցի մոտ դրեցին մի արկղիկ, որտեղ պետք է գրեինք նամակ Ձմեռ պապիկին, որոշեցի ես էլ գրեմ:
«Բարև, սիրելի Ձմեռ պապիկ, ճիշտ է ես արդեն մեծ եմ նամակ գրելու համար, բայց չգիտես ինչու, սիրտս այդպես կամեցավ: Ձմեռ պապիկ, ես քեզանից ուրիշ երեխաների նման թանկարժեք բաներ չեմ ուզում, մի շատ հասարակ բան եմ ուզում: Խնդրում եմ, մի հրաշք կատարիր և այնպես արա, որ Ամանորը ծնողներիս հետ նշեմ, որովհետև այդ տոնը ընտանեկան տոն է»: Գրեցի և տարա գցեցի արկղիկի մեջ: Օրեր անց պարզվեց, որ հաղթել եմ, շատ ուրախացա, որ ուսուցիչների կողմից արժանացա գովասանքի: Բայց սրտիս մեջ թաքուն մի հույս կար. գուցե կատարվեր իմ երազանքը, Ամանորը նշենք ամբողջ ընտանիքով…

Ոչ տոնական խոհեր

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Ամանորյա այս օրերին ես նայում եմ շուրջս, և տեսնում այնպիսի խնդիրներ, որոնք բոլորովին էլ տոնական չեն, և չնայած կուզենայի այդ թեթև հոգսերի մասին գրել, բայց չեմ կարողանում: Կան բազում խնդիրներ, որոնք հուզում են ինձ: Թերևս դրանից ամենագլխավորը գործազրկության խնդիրն է, իսկ ավելի ճիշտ այն, որ չկան աշխատատեղեր, որի պատճառով մարդիկ մատնվում են գործազրկության և թողնում են տուն, տեղ, ընտանիք ու մեկնում այլ երկիր` արտագնա աշխատանքի: Նրանց մի մասը աշնան և ձմռան ամիսներին վերադառնում են տուն, իսկ մյուս մասն այդպես էլ մնում են այնտեղ` կարոտով թողնելով իրենց ընտանիքի անդամներին:
Արտագնա աշխատանքի մեկնողներից մեկը իմ հայրն է, բայց ինձ նման հազարավոր երեխաներ կան, ովքեր կարոտում են իրենց ծնողներին: Այլ երկիր մեկնում են նաև երիտասարդները, որպեսզի որոշ չափով օգնեն իրենց ծնողներին:
Խնդիրն ավելի է խորանում, երբ իմանում ես, որ այլ երկիր է մեկնել տան կինը, մայրը` ընտանիքի հոգսերը թեթևացնելու համար:
Միշտ չէ որ աշխատանքի առաջարկ կատարողը բավարարում է իր բոլոր ասածները: Շատ դեպքերում խոստանում են, որ կապահովեն բնակարանով, երեքանգամյա սննդով և առաջարկում են շատ մեծ գումար տվյալ աշխատանքի դիմաց, որը այստեղ վարձատրվում է ավելի ցածր: Շատ գրավիչ առաջարկ է, որը բոլորին էլ ձեռնտու է: Հենց այս դեպքում էլ խնդիրն ավելի է խորանում և կրում է ցավալի բնույթ: Խոսքը թրաֆիքինգի մասին է: Մարդիկանց գրավում է շատ գումար աշխատելու փաստը, մեկնում են, իսկ գործատուն չի կատարում խոստումները, ավելին` շատ դեպքերում աշխատողի ձեռքից վերցնում են անձնագիրը և ստիպում կատարել այլ աշխատանք` չնչին գումարով, իսկ վատագույն դեպքերում ընդհանրապես առանց գումարի թողնելով:
Հուսանք, որ մի օր Հայաստանում էլ կլինեն համապատասխան թվով աշխատատեղեր, և մարդկանց չի գերի շատ գումար աշխատելը, և այլևս ոչ մի երեխա չի մնա կարոտով, իսկ այս խնդիրը կստանա իր լուծումը:
Գործազրկությունից բացի ինձ համար շատ ցավալի խնդիր է այն, որ մարդիկ հիմա ապրում են անհավասար պայմաններում: Մարդիկ հավասար ծնվում, անհավասար ապրում, և հավասար էլ մեռնում են: Բերեմ մի քանի օրինակ:
Դպրոցում գերազանց առաջադիմությամբ աշակերտի ուսումը մնում է կիսատ, կամ տվյալ աշակերտը դուրս է մնում բուհից` ուսման վարձը չվճարելու պատճառով, կամ նույնիսկ չի փորձում ընդունվել:
Անհավասարություն է նաև, երբ ապահով ընտանիքի երեխաները չեն սիրում և ընկերություն չեն անում անապահով ընտանիքի երեխաների հետ` ծաղրում, իսկ վատագույն դեպքերում ծեծի են ենթարկում և չեն գիտակցում, որ երեխան մեղավոր չէ, որ ապահովված չէ այնպիսի պայմաններով, ինչպիսիք ունեն ապահով ընտանիքի երեխաները: Իսկ աղջիկները ծաղրում են իրենցից վատ հագնվող աղջիկներին: Սակայն կյանքում ամեն ինչ պատահում է. և հարուստը աղքատի դուռը մի օր թակում է: Տոնական այս օրերին ես ավելի շատ այս մասին եմ մտածում: Չգիտեմ, գուցե մեծացել եմ և ավելի խորությամբ եմ տեսնում, թե ինչ կա առատ ու դատարկ սեղանների հետևում: Միգուցե թաքուն երազում եմ, որ գոնե այս տարի մի քիչ այլ կերպ կլինի կյանքը մեր երկրում:

Ամանորյա այցելություն

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Հունվարի մեկն էր: Ես և հայրիկը նստեցինք մեքենայի մեջ, գնացինք ծանոթ-բարեկամների, ընկերների Ամանորը շնորհավորելու: Մեքենան կանգ առավ մի հին, քանդված պատերով տան առաջ, որը մի տեսակ անհանգստություն և տխրություն պատճառեց ինձ: Անծանոթ էր ամեն ինչ, առաջին անգամ էի նրանց հյուր գնում:
-Պա՜ պ, ա՛յ պապ, ո՞ւմ տուն ենք գնում:
-Գնանք կիմանաս:
Մտանք ներս, պապիկն ու տատիկը հեռուստացույց էին դիտում, մեզ տեսնելով ընդառաջ եկան.
-Վա՜յ, Գևորգ ջան, էս դո՞ւ ես,- դողացող ձեռքը դեպի հայրիկին պարզելով ասաց պապիկը:
-Հա, Նորիկ ձյա, ե՛ս եմ, հը՞ն, ո՞նց ես:
-Է՜ հ, Գևորգ ջան, էլ չեմ դիմանում էս կարոտին:
Մինչև հայրիկն ու պապիկը խոսում էին, ինձ մոտեցավ տատիկը, ամուր գրկեց և արցունքները սրբելով ասաց:
-Հիմա իմ թոռն էլ քո թայն է, քո պես խորոտ էրեխայա: Էհ, թողին, գնացին, ոչ զանգում են, ոչ էլ գալիս են:
Հայրս՝ մոտենալով Էմմա տատիկին, ասաց.
-Ոչինչ Էմմա տոտա, կտենաս էրեխեքիդ, մի նեղվի:
Ամեն ինչ տխրություն ու կարոտ էր հիշեցնում այստեղ: Շնորհավորեցինք և դուրս եկանք տնից:
-Պապ՛, պատմիր էլի նրանց մասին:
-Էհ բալես, իրենք իմ մանկության ընկերոջ՝ Կամոյի ծնողներն են: Իրենք իրենց էրեխեքին ու թոռներին արդեն քսան տարի չեն տեսել, ու քեզ իրենց թոռնիկին՝ Էմմային նմանեցնելով փորձում էին քեզնից իրենց կարոտն առնել:
Այս հանդիպումից հետո շատ եմ մտածել, խորհել: Չտեսնել երեխային ու թոռներին քսան տարի՞: Մարմինս ուղղակի փշաքաղվում է…

Ինձ հասկացողներ կլինեն

Առաջին Ամանորն է, որ մեր տանը չեմ դիմավորելու: Չգիտեմ` ուրախանամ, թե տխրեմ: Պապիկիս խնդրանքով այս տարի գյուղ պետք է գնամ եւ նրանց հետ Նոր տարին դիմավորեմ, առանց ծնողներիս: Մի խոսքով, տատիկապապիկային շրջապատում: Ես գյուղեր չեմ սիրում: Քանի որ քաղաքում եմ ծնվել ու ապրել, արդեն սովորել եմ քաղաքի ամեն ինչին: Այստեղ են ընկերներս, որոնց հետ անցկացնում եմ ժամանակիս մեծ մասը: Երբ առիթ է ստեղծվում գյուղ գնալու, այդ օրերին որոշում եմ հիվանդանալ և ծնողներիս համոզել, որ չգնանք: Սակայն նրանք ինձ լավ գիտեն, և իմ խորամանկությունը չի անցնում, հետևաբար մի կերպ ինձ տանում են գյող:
Ամբողջ ճանապարհին դժգոհ դեմքով եմ լինում, նրանց հարցերին չեմ պատասխանում, բայց հենց հասնում ենք գյուղ, տատիկիս ու պապիկիս տեսնելուն պես ամեն բան փոխվում է իմ մեջ, որովհետեւ շատ եմ սիրում նրանց: Նրանք մեղավոր չեն, որ ես չեմ սիրում գյուղը: Իսկ այ, երբ գնում ենք գյուղ մնալու, այլ ոչ թե հետ գալու նպատակով, վե~րջ, իմ և ծնողներիս մեջ սկսվում է երրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ հաղթող է դառնում մեծամասնություն կազմող կողմը, այսինքն, ծնողներս: Դե, էլ ինչ շարունակեմ, երևի ինձ հասկացողներ քչից-շատից կլինեն:
Ամանորից հետո կգրեմ, գուցե այս անգամ ամեն ինչ այլ կերպ լինի:

Լավ ժամանակի սպասումով

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Երբևէ՞ մտածել եք, թե ինչն է Ձեզ հուզում, և արդյո՞ք գտել եք պատասխանը: Իսկ ես ահա մտածում եմ, մտածում, թե ինչն է ինձ ստիպում խորհել, ինչն է ինձ տանջում այս կյանքում առավել շատ: Միգուցե անորոշությո՞ւնը: Ոչ, անորոշությունը պետք է լիներ: Ինչո՞ւ: Մի պահ պատկերացրեք, որ ձեզ հայտնի է ամեն ինչ, ինչ պետք է կատարվեր հաջորդ ակնթարթին: Ի՞նչ կլիներ: Պարզապես կյանքը կկորցներ իր հետաքրքրությունը, իր համն ու բույրը:
Իսկ մարդկանց անտարբերությո՞ւնը: Սա նույնպես ստիպում է մտածել, մտածել մարդկանց սառնասրտության ու անտարբերության մասին: Բայց արդյո՞ք սա իմ ձեռքերում է, արդյո՞ք ես կարող եմ փոխել, այնպես անել, որ մարդիկ բացի իրենց հոգսերից սկսեն մտածել նաև դիմացինի զգացմունքների հույզերի մասին, անտարբեր չլինեն նրանց տխրությանը: Ի՛նձ , Ձե՛զ , մե՛զ բոլորիս պետք է հուզի այն ամենը, ինչ կախված է մեզանից, մեր ձեռքերում է, և մենք կարող ենք այն փոխել դեպի լավը: Ինչո՞ւ զուր ժամանակ վատնել այն հարցերի, խնդիրների շուրջ, որոնք մարդկանց վերահսկողությունից դուրս են:
Նայում եմ շուրջս, ի՞նչ է կատարվում, և արդյո՞ք այսպես պետք է լիներ: Ես պարզապես գտնում եմ ինձ հուզող խնդիրը: Միթե՞ հայի ընտանիքը, որն օրինակ կարող է լինել բոլորին, այսօր պետք է կազմված լիներ մորից ու զավակներից: Իսկ ո՞ւր է հայրը, որը պետք է գլուխ կանգներ իր հայրական գորովանքով ու խստությամբ: Ինչո՞ւ է մանուկը իր մանկությունն անցկացնում առանց հոր: Անցկացնում է առանց հոր, որովհետև մեր երկրում աշխատանք չկա: Ինչո՞ւ հայրը պետք է խեղդվի կարոտից օտար երկրում: Ո՞ւր ենք գնում մենք: Ո՞ւր ենք շարժվում, և ո՞րն է լինելու մեր երկրի վերջնակետը:
Ասում են, եթե ուզում ենք փոխել ինչ-որ բան, ապա պետք է սկսենք հենց մեզնից: Միգուցե սա ճի՞շտ է, միգուցե հայի ինքնագիտակցությունից ջնջե՞լ եսասիրությունը, մոլուցքը դեպի իշխանություն: Բոլորը ցանկանում են առաջնորդել: Իսկ ե՞րբ ենք հասկանալու, որ միասնականությունը մեզ կօգնի, կստիպի աշխարհին ուշադրություն դարձնել մեզ վրա:
Անընդհատ հիշում ենք մեր պատմությունը, հարուստ մշակույթը, «Ծովից ծով Հայաստանը»: Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա, ի՞նչ ունենք ներկայում, որով ապագա սերունդները կարող են հպարտանալ:
Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է, հարաբերական է երջանկությունը, փառքը, իշխանությունը: Այս կյանքը հեքիաթային է թվում նախկինի նկատմամբ: Չունեինք լույս՝ այժմ ունենք, չունեինք ջուր՝ այժմ ունենք, չունեինք հաց՝ այժմ ունենք: Եվ ի՞նչ: Մենք ապրո՞ւմ ենք այն կյանքով, որը լավն է նախկինից: Բայց սա այն չէ, ինչ պետք է լիներ: Բոլորը մեկնում են, հեռանում՝ երկիրը թողնելով անտերունչ, թողնելով բախտի քմահաճույքին: Հասկացեք՝ վաղ թե ուշ, եթե այսպես շարունակվի, կսկսեք իշխել ամայության մեջ, իշխել ավերակների վրա: Երիտասարդ ուժերը հեռանում են : Հեռանում են՝ իրենց նպատակների իրականացումը կապելով այլ երկրների հետ: Իսկ ինչո՞ւ մեզ չեն տալիս հնարավորություն մեր երազանքներին, նպատակներին հասնել մեր երկրում: Տվե՛ք հայ երիտասարդին հնարավորություն, և նա կբացի գիտության այն բոլոր դռները, որոնք մինչ այդ փակ են եղել:
Աշխարհը կբացահայտի այն հային, որին դեռ չի տեսել, չի տեսել դեռ ոչ ոք, ու ես սպասում եմ այն ժամանակին, որը պետք է գա և իր լույսով ցրի Հայաստանի ապագան պարուրած մեգը:

«Դրուժբան» բարեկամությունը չէ

Լուսանկարը՝ Էրիկ Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Էրիկ Ալեքսանյանի

Ամեն անգամ այդ դեպքը հիշելիս սրտումս ինչ-որ բան կարծես փշրվում է: Մեր գյուղի ճանապարհի եզրին գտնվող ծառերի մեծ մասը հատվեց: Պատճառաբանեցին այսպես. «Խանգարում է էլեկտրալարերին»: Ու այդպես գրեթե բոլոր ծառերը հատվեցին, և հատումների պատճառով սողանքներ առաջացան: Ինչպես կարելի է անխնա ոչնչացնել ծառերը, չէ որ նրանք մեզ մեծ քանակությամբ թթվածին են նվիրում: Շատերը ամռանը զովանում են նրանց սաղարթախիտ ճյուղերի տակ:
Կարելի էր կտրել ընդամենը այն ճյուղերը, որոնք իսկապես խանգարում էին էլեկտրալարերին: Ու այսպես մի քանի օր շարունակ լսվում էր այդ «դրուժբա» կոչվածի անտանելի ձայնը, որ կտրում էր հարյուրավոր ծառեր: Այդ ամենից հետո հնարավոր չէր քայլել ճանապարհով: Տեսարանը ահավոր էր, ամեն ուր հատված ծառեր ու կոտրված ճյուղեր:

Վիրտուալ մոլորակի բնակիչները

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Տանը աղ չկար, խանութներն էլ փակ են այդ ժամին: Ինչ արած, պետք է դիմել հարևան Վարդանուշ տատիկի օգնությանը: Նրա թոռնիկներն էլ նոր էին եկել արտասահմանից: Նրանց տանը շատ զբաղված կլինեին, բայց ուրիշ տարբերակ չունեմ: Բացում եմ դարպասը և կանչում` Վարդուշ տատիկ: Դուրս է գալիս և մոտենալով` ինձ փորձում ճանաչել:
-Ախ, այդ դու ես, իմ քաղցրիկ, ի՞նչ է պատահել:
-Աղը վերջացել է, խանութներն էլ փակ են, եթե խնդրեմ, մի փոքր կտա՞ք:
-Իհարկե, անցիր ներս, հիմա կբերեմ:
Մտնում եմ ներս, սակայն ոչ ոք ինձ չի նկատում, ամեն մեկի ձեռքին մի հեռախոս և պլանշետ կա, նրանք նստած են և գրում են ինչ-որ բաներ, ինձ այնպես ավելորդ և վատ եմ զգում այդ միջավայրում, միաժամանակ հասկանալով, որ այստեղ ոչ ոք ինձ չի նկատի, ստիպված դուրս եմ գալիս և տեսնում Վարդուշ տատիկին` մի աման աղով:
-Շնորհակալություն,- ասում եմ ես և գալիս տուն: Իմ այդ օրվա տեսածը այնքան էր ազդել ինձ վրա, որ հիմա ինձ միայն այդ հարցն է հուզում, թե ինչու մարդիկ, իրական շփումը թողած, նախընտրում են այդ անհետաքրքիր և ձանձրալի համացանցային շփումը: Չէ՞ որ այդպես շփվելով մարդիկ սկսում են մոռանալ զգացմունքների, մարդկային վերաբերմունքի և առհասարակ հոգևոր արժեքների մասին, կորցնում են ջերմությունը միմյանց նկատմամբ: Տեխնիկան այնքան է զարգացել, ամենուրեք այդ համակարգիչներն են, և երեխաները,զբաղվելով համակարգչային խաղերով և սոցցանցերով, մոռանում են դասերի մասին և իրենց ամենալավ շրջանը` մանկությունը, անցկացնում չոր ու ցամաք համակարգչի առջև: Հիշում եմ, երբ փոքր էի, արագ-արագ սովորում էի դասերս, որ շուտ վերջացնեի, գնայի դուրս «գործնագործ» կամ «բռնոցի» խաղալու, իսկ հիմա երեխաները շտապում են վերջացնել դասերը և նստել համակարգչի առջև: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի ապագայում, եթե այսպես շարունակվի տեխնիկայի զարգացումն և տարածումը: Բոլորը կմոռանան մարդկային, իրական շփման մասին և կամաց-կամաց բոլոր մարդիկ ռոբոտներ կդառնան: Հուսով եմ, մի օր այս ամենի վերջը կդրվի, քանի դեռ Երկիր մոլորակը չի դարձել Վիրտուալ մոլորակ:

Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր

Անտառների և դաշտերի մեջ կա մի փոքրիկ սահմանամերձ գյուղ՝ Ներքին Կարմիրաղբյուրը: Օրը սկսվում է գեղեցիկ արևածագով, բայց նաև մտավախություններով: Ամեն բնակիչ վախենում է իր հարազատների կյանքի, բայց նաև բոլոր համագյուղացիների կյանքի համար: Դիրքերում կանգնած տղաներն ամեն ինչ անում են, որպեսզի բնակիչները չվախենան, և արժանի հակահարված են տալիս, սակայն նրանց կյանքը նման է մոմի լույսի: Բավական է մի փոքր քամի, և լույսը կմարի: Բայց հերիք է մեր վախերի ու սարսափների մասին պատմեմ: Պատմեմ նաև մեր ուրախ կյանքի մասին…
 Գյուղի ազատ վայրերից երևում են մեր թշնամու գյուղերը, գիշերը մեր գյուղը լուսավորվում է նրանց տների լույսերով: Ես երբեք չէի լսել, որ փամփուշտը կմտնի տուն, և բնակչին կվնասի, և մարդը կմահանա: Կրակոցներ միշտ էլ լինում են, բայց ավելի շատ են կրակում այն օրերին, երբ ինչ-որ տոն է լինում: Այդ օրերին մարդիկ գյուղից գնում են մոտակա ապահով գյուղ, իսկ մնացածները պատսպարվում են տներում:

Լուսինե Իսրայելյան

***

Ինձ մտահոգում են գյուղի կրակոցները: Մեկ ամիս առաջ ժամ 7:00-ից կրակում էին մինչև ուշ գիշեր: Մի օր` փետրվարի 11-ին, շատ ուժեղ կրակոցներ եղան: Դրա հետևանքով մեր 700 խոտի կապոց վառվել էին: Մինչ խոտի վառվելը սպանվել էին խաղաղ բնակիչներ:
Մենք ամեն օր գնում էինք դասի և գալիս էինք տուն վախը սրտներումս. կրակոց կլինի՞, թե՞ ոչ:

Նվեր Ադամյան

***

Ինձ հուզում է կյանքը, ավելի ճիշտ, մարդկանց կյանքը, որն անվերջ չէ: Ինչո՞ւ են մարդիկ ծնվում, մեծանում, ապրում, սովորում դպրոցում և համալսարանում, ձեռք բերում աշխատանք, որպեսզի ապահովեն իրենց սոցիալական վիճակը, բայց մի կրակոցից այդ ամենը հավասարվում է զրոյի: Ես հուսով եմ, որ մի օր կստանամ այդ հարցի պատասխանը, բայց ինձ թվում է, որ իմ հարցին պատասխան չկա:

Տատյանա Ղուկասյան

***

Ես շատ եմ սիրում մեր գյուղը: Բայց մեր գյուղի կրակոցների ներքո մարդը չի կարող մտածել ուրիշ բաների մասին: Մենք անընդհատ մտածում ենք, թե կկրակեն: Ես մտածում եմ, թե նորից կսկսեն կրակոցները: Մտածում ենք զինծառայողների մասին որոնք դիրքերում են: Կրակոցների ժամանակ իմ հորեղբոր տան մոտ ընկել է ական: Նրանք շատ էին վախեցել:
Ես շատ եմ մտածում Հայաստանի մասին: Մեր երկրի կորուստները կվերականգնվե՞ն, թե՞ չէ: Հնարավոր է տարածքային կորուստները վերականգնվեն: Բայց մարդկային կորուստները՝ ոչ: Երբեք հնարավոր չէ վերականգնել, երբ մարդը զոհվում է:
Արդեն շատ տարիներ է, որ կրակում են: Բայց վերջին երկու տարվա ընթացքում մենք ավելի շատ կորուստներ ենք տվել: Վերջին կրակոցների ժամանակ վիրավորվեց մեր համագյուղացիներից մեկը: Կրակոցների պատճառով հեռացել են մեր համագյուղացիների մեծ մասը:

Անուշ Առաքելյան

***

Ինձ անհանգստացնում են կրակոցները, որոնք արձակվում են մեր գյուղի ուղղությամբ: Կրակոցների պատճառով մարդիկ լքում են գյուղը, ինչի հետևանքով գյուղում քիչ մարդ է մնացել: Իսկ այն մարդիկ, որոնք չեն լքել հարազատ գյուղը, ապրում են իրենց ամենօրյա գործերով: Կրակոցների պատճառով երբեք չեն փակվել գյուղի դպրոցն ու մանկապարտեզը: Դեպքեր են լինում, երբ մարդն իր համար տանը նստած, կրակում են և սպանում: Մեր գյուղի տղամարդկանց մեծամասնությունը պայմանագրային զինծառայողներ են: Ես մի անգամ մեր այգում գտել եմ փամփուշտ: Թշնամին իրենց դիրքերից անզեն աչքով կարողանում է տեսնել մեր գյուղի իրադարձությունները: Թշնամին մեր գյուղից հեռու է ընդամենը մի քանի հարյուր մետրով: Վերջերս կրակոցների ժամանակ մեծ հրետանիով վնասել էին մեր հարևանի տան այն հատվածի սենյակը, որտեղ իրենց փոքրիկ երեխայի օրորոցն էր: Այդ ժամանակ կրակոցի մոտիկ լինելուց մեր տունը շատ ուժեղ ցնցվեց, բայց ես ինձ հանգստացնում էի նրանով, որ մենք չենք կարող սահմանը լքել: Եթե լքենք, թշնամին կգրավի գյուղը:

Մերի Առաքելյան

***

Ինձ իմ տատիկը պատմել է, որ առաջ գյուղում շատ երջանիկ է եղել կյանքը, այսօրվա թշնամիները բարեկամություն են արել: Պառավաքար գյուղում էլ են կրակում, իմ հորաքրոջ տանը կպել է: Եթե կրակոցներ չլինի, մենք երջանիկ կլինենք: Ես վախենում եմ կրակոցից, թշնամիները անգամ չեն թողնում գնալ պարապմունքի: Ես գնում էի նկարչության, պարի, երգի խմբակների: Ես շատ եմ սիրում այդ խմբակները: Անցած տարի թշնամու կրակոցների պատճառով ես չեմ գնացել: Իմ մայրիկը որոշեց, որ ես չգնամ: Նա էլ էր շատ վախենում: Ես էլ մի տարի կլինի, որ չեմ հաճախում: Կրակոցները շատ վաղուց են, արդեն չեմ հիշում երբվանից: Մեր գյուղում, Մովսես գյուղում, Այգեպար և այլ գյուղերում շատ-շատ են կրակոցները: Իմ երազանքն այն է, որ աշխարհում խաղաղություն տիրի:
Մեր խաղողի այգիները շատ վաղուց վառել են, չեն թողել խաղող հավաքել: Ես ցանկանում եմ աշխարհին խաղաղություն, և որ աշխարհի բոլոր մանուկները երջանիկ լինեն: Ես ուզում եմ, որ մեր երկրում կռիվ չլինի:

Լիանա Բադալյան

***

Կրակոցների պատճառով շատ մարդիկ են մահանում: Ոմանք վախից են մահանում, իսկ ոմանք` զոհվում: Փետրվարի տասնմեկին մեր գյուղում Վանիկ անունով մի մարդ զոհվեց: Նրա որդին դրսում էր: Նա դուրս է եկել, որպեսզի տեսնի, թե իր երեխան որտեղ է, այդ պահին փամփուշտը խրվել է սիրտը, և նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Վլադիմիր Գալստյան

***

Ես շատ եմ վախենում, որ ամեն րոպե կրակոցները կխլեն նոր մարդկանց կյանքեր: Բայց ինչ էլ լինի, ես մեր գյուղը շատ եմ սիրում: Եվ հուսով եմ, որ մի օր գլուխս հանգիստ բարձին կդնեմ, առանց վախենալու, որ ամեն րոպե կարող է կրակոցներ սկսվեն, և ես հանգիստ կլինեմ թե ինձ համար, թե հարազատներիս: Ինչ էլ լինի, սիրում եմ իմ գյուղն ու դպրոցը: Եվ երբ կրակում են, հաջորդ օրը ոչ մեկը չի բացակայում դպրոցից: Մեր գյուղի մարդիկ շատ քաջ են, որովհետև, երբ կրակում են, ոչ մեկը վախկոտի պես չի փախչում գյուղից: Նրանք հանուն մեր գյուղի իրենց կյանքը կտան:

Ալլա Իսրայելյան

***

Իմ հիմնական մտահոգությունն այն է, որ այս գյուղից է սկսվում Հայաստանը, բայց այնքան քիչ է գտնվում ուշադրության կենտրոնում: Կցանկանայի ավելի շատ ուշադրություն դարձվեր նման սահմանապահ գյուղերին:

Հրանտ Իսրայելյան

***

Այս փոքրիկ գյուղում շատ են հնչում կրակոցներ և մեծ վնաս հասցնում մարդկանց: Կրակոցները հնչում են տարբեր ժամերի, օրերի, նաև զոհվում են շատ մարդիկ: Վերջերս կրակոցներ եղան մեր գյուղում: Վիրավորվել էր մեր գյուղի զինծառայողներից մեկը: Կրակոցները հնչում են տարբեր զենքերից: Քանի որ մեր գյուղը շատ մոտ է հակառակորդին, առաջին կրակոցը կպնում է մեր գյուղին:

Մարուսյա Կամենդատյան

***

Շատ տարիներ առաջ մեր գյուղում էլի կրակոցներ կային, բայց այն ժամանակ մեր դպրոցում ավելի շատ երեխա կար, քան հիմա: Հիմա շատերը հեռանում են: Մեր դասարանում սովորում է հիմա 3 աշակերտ, և մենք շատ քիչ ենք, բայց ամեն ինչ իրար հետ կիսում ենք քույր և եղբոր նման: Իմ դասընկերուհին մնում էր իր տատիկի, պապիկի, քույրիկի և մայրիկի հետ: Իր հայրիկը գնացել էր Ռուսաստան, իսկ հետո իր մայրիկը գնաց և իրեն ու քրոջը պահում էին տատիկը և պապիկը, իսկ հետո նրանք էլ գնացին:
Կրակոցների ժամանակ ես դաս էի սովորում, բայց չէի կարողանում սովորել, լարվում էի անընդհատ: Բայց այդ ժամանակ էլ մենք գնում ենք դպրոց, որպեսզի սովորենք կարդալ, գրել:
Ես միայն ուզում եմ, որ լինի խաղաղություն:

Շուշան Կամենդատյան

***

Ես շատ եմ սիրում իմ գյուղը: Մեր գյուղը շատ լավն է, եթե կրակոցներ չլինեն: Ես հաճախում էի նկարչական խմբակ: Երբ կրակոցները շատացան, արդեն չեմ հաճախում: Ես հուսով եմ, որ կրակոցները կդադարեն, և կորուստներ չեն լինի:

Ջուլիետա Հովհաննիսյան

***

Մեր գյուղը լավն է, եթե կրակոց չլինի: Մենք ամեն ինչ անում ենք կրակոցների տակ, մեր կյանքի գնով: Մեր գյուղը քսանհինգ տարի է կրակոցների տակ է ապրում, և ադրբեջանական առաջնային թիրախն է:Դրա վառ ապացույցը նյութական և մարդկային կորուստներն են: Դրանք այնպիսի կորուստներ են, որոնք անուղղելի են: Սեպտեմբերյան կրակոցները շատ ահարկու էին, որ գրեթե անհնար էր դպրոց գնալ: Դա էլ հենց պատճառ է դառնում արտագաղթի և տարբեր հիվանդությունների: Այս ամենի վառ օրինակը մեր դասարանի սակավաթիվ աշակերտներն են: Երանի խաղաղություն լինի, և բոլորը իրենց օջախները վերադառնան:

Էրիկ Ղազարյան

***

Սրանից մի քանի տարի առաջ գյուղս ապրում էր երեխաների ճիչով, մարդկանց շարժով: Իսկ հիմա քայլում եմ փողոցներով, և ամենուր լռություն է: Այս ամենի պատճառը կրակոց ասվածն է: Թշնամին հաճախ է գյուղը կրակահերթի տակ պահում: Գյուղս շատ փոքր է, անգամ քարտեզի վրա չկա կամ չի երևում: Սակայն նրա տված սերունդները ճանաչված են ամբողջ աշխարհով մեկ:

Շուշան Ղազարյան

***

Ինձ անհանգստացնում են կրակոցները, որոնք խաղաղ բնակիչների են սպանում: Շատ անգամներ են մեր գյուղի վրա կրակել թշնամիները: Կրակոցների ժամանակ շատ են տուժվել բնակելի տներ և անմեղ մարդիկ: Մեր տունը նույնպես տուժվել է կրակոցների ժամանակ: Շատ մարդիկ սահմանապահ գյուղերը լքում են միայն կրակոցների և լարված ապրելու պատճառով: Կրակոցները նաև խանգարում են դասերին: Հաճախ կրակոցների պատճառով կարճ ժամանակով փակվում է մեր գյուղի միակ դպրոցը, իսկ երբ գնում ենք դասի, այնքան լարված ենք լինում, որ չենք կարողանում դաս անել:

Ասպրամ Մանուկյան

***

Ինձ ամեն ինչից շատ հուզում է իմ սահմանամերձ գյուղի վիճակը: Հուզվում եմ այն բանից, որ անմեղ մարդիկ իրենց տանը նստած չեն կարողանում դուրս գալ կրակոցի ժամանակ, ոմանք էլ մահանում են: Ինչքան ցավալի է այդ ամենը: Ինչքան էլ կրակոցներ են լինում, միևնույնն է, մենք առավոտյան արթնանում ենք և գալիս դպրոց: Մեր տնից շատ պարզ երևում են հակառակորդի տները: Ամեն անգամ, երբ գիշերը աչքերս փակում եմ, աղոթում եմ, որ կրակոց չլինի, և իմ եղբայրը անհոգ գնա մանկապարտեզ: Ես շատ եմ սիրում իմ գյուղը: Եթե նույնիսկ պետք լինի, ես կկռվեմ գյուղիս համար, որպեսզի իմ ընտանիքը վախով չապրի:
Եվ թող այսօրվանից դադարեն կրակոցները և ծածանվի խաղաղության դրոշը:

Անահիտ Մինասյան

***

Շատ մարդիկ գյուղական կյանք ասելով հասկանում են ձանձրալի կյանք, որտեղ ոչինչ չկա անելու: Սակայն դա այնքան էլ այդպես չէ: Գյուղում մարդկանց հուզող մի շարք խնդիրներ կան: Բայց ինձ հուզող խնդիրն ունի ուրիշ բնույթ: Ես տասնվեց տարեկան եմ, ինձ հուզող խնդիրը իմ մասնագիտության մեջ շատ լավ մասնագետ դառնալն է: Եվ հենց դրա համար իմ ամբողջ օրը անցնում է դասեր սովորելով: Սակայն բացի ընտրածս մասնագիտությամբ աշխատելուց, ունեմ ևս մի գեղեցիկ երազանք: Դա դերասանուհի դառնալն է: Եվ հուսով եմ, որ կհասնեմ իմ նպատակներին:

Լուիզա Չոբանյան

***

Հուզվում ենք այն ժամանակ, երբ կրակոցներ են լինում, և բոլորը շատ են վախենում:: Կրակոցների ժամանակ բոլորը մտնում են իրենց ապահով տեղերը: Կրակոցի ժամանակ մեր գյուղում տուն է այրվել:

Աիդա Փարսյան

***

Մեզ շատ են անհանգստացնում կրակոցները: Մարդիկ կրակոցների պատճառով գյուղը լքում են: Մարդիկ իրենց տանը նստած վախենում են, որ ամեն վայրկյան կկրակեն:

Արև Բադալյան

***

Ինձ ամենից շատ հուզում են կրակոցները: Կրակոցները անհանգստացնում են բոլորին: Օրինակ աշակերտներին դա խանգարում է սովորել, բոլորը վախենում են կրակոցներից` ես նույնպես: Մեր գյուղը գտնվում է հակառակորդի գնդակոծության տակ: Կրակոցները խանգարում են մարդկանց աշխատանքին: Օրինակ, խաղողի այգիները, որոնք գտնվում են հակառակորդի տեսադաշտում, մարդիկ չեն կարողանում գնալ մշակել, աշխատել: Ես նույնպես վախենում եմ կրակոցներից: Ամենաշատը նրանից, որ դրանք ինչ-որ մեկին կարող են վնասել: Իմ կարծիքով. սահմանում ապրելը հերոսություն է:

Մարինե Ղահրամանյան

***

Մենք մեծ հաճույքով և առանց վախի հաճախում ենք դպրոց: Մարդիկ մշակում են իրենց խաղողի այգիները: Մեկ շաբաթ առաջ ուժեղ կրակոցներ են եղել Պառավաքար գյուղում, և մահացել են երկու անմեղ բնակիչներ: Մեր գյուղից նույնպես բնակիչներ են մահացել:
Ես ամեն օր գլուխս դնում եմ բարձին երազելով, որ այս ամենը մի երազ է, և երբ ես արթնանամ, ամեն ինչ ավարտված կլինի, և կբացվի մի նոր լուսավոր օր: Ամեն օր քնելիս ես աղոթում եմ Աստծուն, և ես գիտեմ, որ իմ աղոթքները նա կլսի և այնպես կանի, որ կվերջանա այս պատերազմը:
Մեր գյուղում օրեցօր մարդիկ քչանում են: Մի քանի ամիս առաջ գնացին նաև իմ դասընկերուհին և իր ընտանիքը, քանի որ նրանք շատ էին վախենում:
Ամեն կրակոցի ժամանակ մենք գնում էինք իմ ընկերուհու տուն, քանի որ այնտեղ ավելի ապահով է: Ես հուսով եմ, որ մի օր անպայման կավարտվի այս ամենը:

Մերի Շառյան

Հուզող հարցեր եւ խնդիրներ. Աբովյան

Ես Աբովյան քաղաքի բնակիչ եմ, և ինձ հուզում է իմ քաղաքի անբարեկարգ վիճակը: Կարծում եմ, որ ոչ միայն ինձ է հուզում, այլև իմ քաղաքի յուրաքանչյուր բնակչի: Քաղաքը անբարվոք վիճակում է, խոտածածկ վայրեր հազվադեպ են հանդիպում, արձանները և հուշարձանները խարխուլ վիճակում են: Իմ քաղաքում բացակայում են բարձրակարգ նորոգված շենքերը, և դրա փոխարեն շատ են հանրակացարանները, որի ամեն մի փոքրիկ սենյակում բնակվում են 6-8 անդամ ունեցող ընտանիքներ: Հույս ունեմ, որ ապագայում քաղաքիս վիճակը կբարելավվի: Հույս ունեմ, որ կկարողանամ հանգիստ շրջել քաղաքիս փողոցներով և հիանալ բարենորոգված արձաններով և շենքերով:
Մի փոքրիկ փաստ էլ կա, որ ինձ հուզում է. դա իմ քաղաքի լուսավորությունն է: Վնասված են գրեթե բոլոր լամպերը, և արդեն երեկոյան ժամերին, նամանավանդ ձմեռը, երբ շուտ է մթնում, պարզապես հնարավոր չի լինում քայլել դրսում, և շատ անգամ մարդիկ վախը սրտում են հասնում տուն, որ ինչ-որ բան չպատահի: Ես էլ եմ այդ մարդկանցից և հազիվ եմ բասկետբոլի պարապմունքից հետո հասնում տուն, որը շատ երկար ճանապարհ է: Կարծում եմ՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել լուսավորության հարցերին. այս խնդիրը լուծելով՝ կնվազի գողությունների և այլ հանցագործությունների թիվը:

Սաթենիկ Մնոյան

***

Ինձ մեր առօրյայում հուզում է բնապահպանության հարցը: Շատ են մարդու գործունեության արդյունքում բնության աղտոտման դեպքերը: Բնությունը հիմնականում աղտոտում են արդյունաբերական թափոնները և մեքենաները: Բայց լավ չէր լինի, որ դրանք չլինեին: Եթե մեքենաները չլինեին, տնտեսությունը չաշխատեր, մարդիկ շատ վատ կապրեին, ինչպես հիմա է: Իսկ այն, ինչ վերաբերում է արդյունաբերական թափոններին, ապա դրանց ճիշտ մշակման դեպքում բնությունը չի աղտոտվի: Ինձ հենց այս հիմնախնդիրն է հուզում, քանի որ այն առաջին հերթին վնասում է մեր առողջությանը:

Շուրա Սիմոնյան

***

Վերջերս իմ ծննդավայրում՝ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում, մի ընտանիք մեկնեց Գերմանիա: Պատճառը` ընտանիքի ավագ որդու հիվանդությունն էր՝ քաղցկեղը: Նրանք, լինելով սոցիալապես ծանր վիճակում, ի վերջո կարողացան հարևանների, բարեկամների օգնութամբ մեկնել, բայց վերջերս տեղեկացա, որ տղան արդեն մահացել է, և պատճառը բուժման ուշացումն էր:
Ինձ հուզում է այս դեպքը և այն փաստը, որ մեր երկրում հնարավոր չէ վաղ շրջանում հայտնաբերել հիվանդությունը, կամ բժշկել այնպիսի հիվանդություններ, որոնց բուժումը միայն արտերկրում է հնարավոր, և որ հնարվորություն կտար այսպիսի դեպքերում ճիշտ ժամանակին սկսել բուժման գործընթացը և ի վերջո փրկել մարդու կյանքը:

Միլենա Հարեյան

***

Ինձ շատ է հուզում կենդանիների պաշտպանությունը իմ քաղաքում: Ես շատ անգամներ եմ ականատես եղել, թե ինչպես են մարդիկ բակերում սպանում կենդանիներին: Կարծում եմ, որ յուրաքանչյուր շնչող էակ ունի իր իրավունքները: Ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները պետք է պաշտպանվեն միմյանց կողմից: Կարծում եմ՝ կարելի է կենդանիների համար ապաստան կառուցել, որտեղ նրանք ոչ միայն կպաշտպանվեն եղանակի վայրիվերումներից, այլ նաև կկերակրվեն: Ինձ համար իմ քաղաքում կենդանիների համար ապաստան ստեղծելը ոչ թե երազանք է, այլ՝ նպատակ: Ճիշտ է, կենդանիները որոշ չափով անհանգստացնում են մարդկանց, բայց նրանց կյանքից զրկելը այդ հարցի ճիշտ լուծում չէ:
Իմ քաղաքում կա էստրադային և ջազային երաժշտական կենտրոն: Այստեղ շատ-շատերն են հաճախում, ինչպես նաև ես: Սակայն կենտրոնը գտնվում է ոչ այնքան բարվոք վիճակում: Այն գտնվում է հանրակացարաններից մեկի երկրորդ հարկում, և ձմեռները այստեղ շատ ցուրտ է լինում: Շատ կցանկանայի, որ այս հիմնախնդիրը լուծվեր, չնայած էլ չեմ հաճախում այնտեղ: Նաև կցանկանայի, որ այս կենտրոնում անվճար երաժշտական գործիքներ տրամադրվեին, քանի որ շատ երեխաներ հենց այդ պատճառով էլ չեն կարողանում հաճախել:

Շուշան Մելիքյան

Համացանցո՞ւմ, թե՞ իրական կյանքում

Որոշեցի հյուր գնալ հորաքրոջս: Բարձրացա աստիճաններով, մտա տուն ու ի՞նչ տեսնեմ. մեծ աղջիկը համակարգչի առջև էր նստած, իսկ փոքրը՝ հեռախոսով էր խաղում: Նրանք ողջունեցին ինձ, և նստելով իրենց նախկին տեղերը, շարունակեցին իրենց գործը:
Առաջ, երբ համակարգիչներն ու հեռախոսները այդքան տարածված չէին, իսկական ուրախություն էր, երբ ես նրանց տանն էի: Մենք մինչև ուշ երեկո խաղում էինք բակում, իսկ երբ վերադառնում էինք, հորաքույրս բարկանում էր մեզ վրա և արգելում հեռուստացույց դիտել: Այժմ այդ ամենի փոխարեն երեխաներն իրենց ազատ ժամանակն անցկացնում են սոցիալական ցանցերում: Ցավոք սրտի, այդ խնդիրը տարածված է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Երեխաներն իրենց ֆեյսբուքյան, թվիթերյան և սոցիալական այլ կայքերում կատարում են հարյուրավոր և նույնիսկ հազարավոր գրառումներ առողջ ապրելակերպի, իսկական ընկերների, երջանիկ պահերի և շատ այլ բաների մասին: Սակայն հենց իրենք թողել են այդ ամենը իրական կյանքում և համակարգչի էկրանից բացի ոչինչ ո՛չ տեսնում են, ո՛չ էլ ուզում են տեսնել: Շատ անգամներ, երբ ես հրավիրել եմ ընկերներիս բակ՝ խոսելու, խաղալու կամ զբոսնելու, ստացել եմ մի այսպիսի պատախան.
-Ինչա՞ եղել, սենց ասա, հավես չկա դուրս գալու:
Կամ.
-Չէ սաղ երեխեքը ինտերնետում են, խոսում ենք, թող մնա հետո:
Այսպիսի պատասխաններից հետո փողոց դուրս գալու ցանկությունդ կորչում է: Ո՞ւմ հետ զբոսնել, խոսել կամ մի ուրիշ հետաքրքիր բան անել: Ու ինքս էլ մնում եմ ինտերնետում բոլորի հետ, բոլորի նման:
Այսօր ինտերնետից խուսափելն անհնար է դարձել, և դա այն պարզ պատճառով, որ մարդիկ ծուլանում են կատարել պարզ և երբեմն նույնիսկ հաճելի աշխատանքներ: Օրինակ՝ գնումներ կատարել, թատրոն կամ կինոթատրոն գնալ, երեխաներին զբոսանքի տանել և այլն: Այս ամենի փոխարեն մարդիկ պատվիրում են սնունդը, ֆիլմեր դիտում են տանը, իսկ երեխաների զբոսանքներին փոխարինելու են գալիս մուլտֆիլմերը: Ընտանիքի անդամներն սկսում են ավելի քիչ շփվել միմյանց հետ, և ավելի քիչ ժամանակ տրամադրել իրար:
Այս ամենը շատ ցավալի է, և ես կցանկանայի ինտերնետում գրառումներ կատարելու փոխարեն, մարդիկ անմիջական շփման միջոցով կիսվեին իրենց ընկերների հետ: