Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

Մոլոկան տատիկի օգնականները

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

-Դե հիմա եկեք մտածենք, թե ինչ համայնքային ծրագրեր կարող ենք անել,- ասաց ընկեր Թորոսյանը, ով Access ծրագրի շրջանակներում մեր դասատուն է (Access-ը Ամերիկայի դեսպանատան կողմից հովանավորվող ծրագիր է, որը հնարավորություն է տալիս 2 տարի անվճար սովորել անգլերեն ու ծանոթանալ ամերիկյան մշակույթին):
Եղան բազմաթիվ հավանական ու անհավանական առաջարկներ, բայց կանգ առանք հաշմանդամ մոլոկան տատիկին օգնելու մտքի վրա: Քանի որ գարուն էր, իսկ մենք ունեինք երիտասարդ ու էներգիայով լի աշխատուժ, լավ հնարավորություն էր այդ էներգիան օգտագործել մի քիչ վար ու ցանքի վրա: Մի խոսքով, մենք պետք է վարեինք այդ տատիկի բանջարանոցը: Հաջորդ օրը շատ ոգևորված գնացինք «աշխատանքի»:
Ընդհանրապես Ճամբարակում շատ մոլոկաններ կան, ինչպես նշեցի, այդ տատիկը նույնպես մոլոկան էր, ապրում էր միայնակ: Նա բարի ժպիտը դեմքին դիմավորեց մեզ և ցույց տվեց տարածքը, որտեղ պետք է աշխատեինք: Անցանք գործի… Սկզբում ավելի շատ խոսելու, քան աշխատելու գործին:
Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի


-Էէէէ, էս երեխեքը էսօր պրծնողը չեն,- մեզ նայելով ասում էին հարևանները, իսկ մենք այդ խոսքերից վիրավորված սկսում էինք ավելի քիչ խոսել ու ավելի շատ աշխատել… Իհարկե դժվարությամբ էր ստացվում այդ պահին հիշած մի շարք պատմություններ պատմելու ցանկությունը զսպել:
Երկար աշխատելուց հետո մեր ստամոքսի ձայները սկսեցին հուշել, որ սոված ենք: Վարդուհին և Դիանան գնացին պաղպաղակի հետևից, երբ…
-Սպասեք, ես էլ եմ գալիս,- ասաց Վիկան ու վազեց դեպի խանութ… Ավելի ճիշտ դեպի ճահիճ: Ինչպես նման դեպքերում լինում է, փոխանակ նրան օգնության հասնելու, մենք սկսեցինք ծիծաղել:
Պաղպաղակը կերանք, սակայն մեր ստամոքսներին չկարողացանք գոհացնել, սկսեցինք սունկ հավաքել, ոմանք էլ փիփերթ քաղել: Հավաքելուց հետո տարանք տատիկի տուն, մաքրեցինք ու թողեցինք այնտեղ: Առաջին անգամ մտնելով մոլոկանի տուն, զարմացանք` տեսնելով, որ այդ տանը նրանց մշակույթը հնարավորինս պահպանված էր:
Չհաշված այն, որ չիմանալով, որ այգում գազարներ կան ցանած, մենք անխնա անցել էինք այդ գազարների վրայով, մենք մեզ շատ լավ էինք զգում, որ կարողացել էինք օգնել մի մարդու, ով իրոք օգնության կարիք ուներ:
Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Դիմե՞լ բժիշկներին, թե՞ ոչ

Ժողովուրդը մի խոսք ունի.
-Մինչև դանակը ոսկորին չի հասնում` բժշկի չի դիմում:
Ցավոք այս է իրականությունը: Մարդիկ հիմա չեն գիտակցում, որ առողջությունը ամենակարևորն է, և ինչպես ասում են` առողջությունը թերևս ամեն ինչ չէ, բայց առանց առողջության ամեն ինչ ոչինչ է:
Իրականում, երբ հիվանդ ես, անհապաղ պետք է բժշկի դիմել և ոչ մի դեպքում չպիտի ինքնաբուժությամբ զբաղվել, որովհետև թեթև մրսածությունն անգամ հետագայում կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Իսկ սովորական գրիպով հիվանդը միշտ ասում է.
-Գրիպ է, էլի, կանցնի:
Վերջերս իմացա, որ ընկերներիցս մեկը հիվանդ է: Ամեն օր ջերմում էր, իսկ ամբողջ գիշեր քրտնում, բայց բժշկի չեր դիմում: Այս բոլորը առկա էր բավական երկար ժամանակ, և վերջիվերջո, որոշեց դիմել բժշկի: Շատ զարմացավ, երբ իմացավ, որ բրոնխների բորբոքում ունի: Ստացավ համապատասխան դեղորայքները և հիմա բուժվում է:
Կա մարդկանց այնպիսի տեսակ, որ վախենում է բժշկի դիմել, մտածելով, որ կարող են լուրջ խնդիրներ ի հայտ գալ: Սակայն եթե նրանք գիտակցեն, որ լուրջ հիվանդությունների շուտ հայտնաբերելու դեպքում բուժումը ավելի կարճ կտևի և կտա ավելի լավ արդյունք, կդիմեն բժշկի և չեն խաղա իրենց կյանքի հետ:
Բազմաթիվ հիվանդություններ կան, որոնք շուտ բացահայտվելու դեպքում բուժվում են ամբողջությամբ կամ մասնակիորեն, սակայն չեն թողնում, որ հետագայում չարորակ գոյացությունների պատճառ դառնան:
Առողջությունը ամենակարևորն է կյանքում, և մենք պետք է պահպանենք այն: Բայց միշտ չէ, որ հիվանդը մեղավոր է, որովհետև հիվանդությունները ձեռքբերովիից բացի ի ծնե տրվող էլ են լինում: Նրանց մի մասը սակայն չի բուժվում և մնում է հիվանդի հետ մինչև կյանքի վերջ:
Միշտ չէ, որ ամեն շուտ հայտնաբերվող հիվանդություն բուժվում է: Հիվանդությունների այդ տեսակն էլ անվանում են անբուժելի:
Անբուժելի հիվանդությունով տառապողների համար հատուկ ռեժիմ է սահմանվում` պետք է հատուկ սնունդ օգտագործեն և կատարեն բժշկի բոլոր ցուցումները: Այ օրինակ, շաքարախտով տառապող հիվանդներին խաղող և այլ քաղցր կերակուրներ ուտելը հակացուցված է, նրանք պետք է օգտվեն առողջ սննդից, և որքան հնարավոր է շատ քայլեն:
Որոշ երկրներում տվյալ երկրի քաղաքացիները հատուկ սահմանված կարգով դիմում են բժշկի` հետագա խնդիրներից խուսափելու համար:
Հայաստանում վերջին տարիներս այդ կարգը սահմանված է գրեթե բոլոր պետական հաստատությունների աշխատողների համար: Նրանք, ովքեր աշխատում են, ունեն բժշկական ապահովագրություն և ստուգվում են տարին մեկ անգամ: Պարտադիր ստուգվում են նաև զորակոչիկները:
Սակայն ցավոք պիտի նշեմ, որ մյուս քաղաքացիները չունեն այդ հնարավորությունը, և հաճախ գումար չլինելու պատճառով իսկապես դիմում են բժշկի, երբ արդեն դանակը ոսկորին է հասնում:
Ահա այս պատճառով է մահացությունների թիվը այսքան շատ:
Ժողովրդի մյուս մասն էլ առողջությունից խոսելուց ասում է.
-Ինչ առողջություն կմնա, հիմա ամբողջը քիմիա է:
Թերևս սա էլ է ճիշտ: Բացի դրանից միջավայրը հիմա շատ է աղտոտվել, ինչն անդրադառնում է մեր առողջության վրա:
Մի խոսքով, պետք է պահպանենք մեր առողջությունը: Տեսականորեն բոլորս գիտենք, թե ինչպես, բայց գործնականում…

Մեքենան տանիքի վրա

Սովորական մի օր տանը նստած էի, երբ հանկարծ ուժեղ ձայն լսվեց։ Սովոր լինելով կրակոցներին, ուշադրություն չդարձրի։ Պապիկս ներս մտավ ու նրա դեմքի սարսափած արտահայտությունից հասկացա, որ ավելի լուրջ բան է տեղի ունեցել…

-Տեսա՞ք` ոնց ա մեքենան մտել Սիրուկանց տանիքը (ի դեպ, Սիրուկ տատիկը հայրիկիս տատիկի ընկերուհին է)…

Այդ պահին ամեն կերպ ուզում էի պատկերացնել «բեռնատարը տանիքում», բայց քանի որ չէր ստացվում, որոշեցի գնալ և աչքովս տեսնել։ Վազեցի սենյակ, որտեղից երևում էր տանիքը։ Հասկանում եմ, որ չեք կարող պատկերացնել դա, բայց հավատացեք, իրականություն էր։ Նախ ասեմ, որ մեր տների վերևում կա մեկ այլ թաղամաս, և տներն իրարից բաժանվում են ցանքատարածություններով։ Պատահաբար վերևից, առանց միջամտության, բեռնատարը իջել էր` ջարդելով  ճանապարհի խոչընդոտները (ծառեր, ցանկապատ) և մտել տանիք։
Այդ ժամանակ տատիկը իր ծոռան հետ նստած էր բակի նստարանին: Բարեբախտաբար նրանք չէին վնասվել: 
Հաջորդ օրն էր, պարապմունքից վերադարձի ճանապարհին մեր թաղամասում ուղղակի տեղ չկար քայլելու։ Ցեխն ու ջրափոսերը, որ թողել էին տրակտորներն ու կռունկը, ուղղակի անտանելի էին, բայց պատկերացնելով, թե ինչ էր կատարվել դրանից առաջ, ես լուռ գնացի տուն։ Տանը մեծ ոգևորություն էր տիրում.

-Շամշյանն եկել ա նկարել…

-Շամշյանի ոտքը սայթաքեց…

-Վա~յ, տեսա՞ր բոյն ինչ կարճ էր,- իրար հերթ չտալով ասում էին տնեցիները:

Մի քիչ կատակեցինք ու տատիկս (հայրիկիս տատիկը) ասաց.

-Կարևորը` պետությունն օգնի վերանորոգեն տանիքը: Մեծ կին ա:

Ճիշտն ասած, չէինք սպասում, բայց արդեն մի քանի օր է անցել, և շնորհիվ Ճամբարակի քաղաքապետարանի, տանիքը վերանորոգված է:

Միայնակ կատուն

-Մյաու, մյաու, մյաու:

-Վայ, Սոն, կատուն եկավ, գնամ մի քիչ հաց տամ, թող ուտի,- ասում է փոքր եղբայրս:

-Սպասիր, գամ` միասին գնանք:

Ես ու եղբայրս դուրս ենք գալիս, որ կատվին կերակրենք…

Մի քանի տարի է, ինչ այս կատուն գալիս է մեր բակ: Համարյա ամեն օր տեսնում ենք նրան: Ես ու եղբայրս նրա անունը Մուրզիկ ենք դրել: Երկար ժամանակ չէինք կողմնորոշվում, թե ինչ անուն տանք նրան: Մի օր մի հետաքրքիր պատմվածք կարդացինք, որի հերոսը կատու էր, իսկ կատվի անունը Մուրզիկ էր, և որոշեցինք նրան էլ Մուրզիկ անվանել: Մուրզիկը մի գեղեցիկ ընկերուհի ուներ և շատ էր սիրում նրան, լինում էր նաև այնպես, որ միասին էին գալիս մեր բակ, և մենք խաղում էինք նրանց հետ:
 Մի օր էլ Մուրզիկը կրկին եկավ մեր բակ: Երբ մենք տեսանք նրա դեմքը, շատ վախեցանք, այն ամբողջովին արյունլվա էր եղել և ծածկվել էր վերքերով: Տեսնես` ի՞նչ էր եղել: Մենք փորձեցինք հարևաններից հարցնել, գուցե նրանք իմանային:
Պարզվեց, որ Մուրզիկի ընկերուհին ընկել էր մեր հարևանի շների ձեռքը: Մուրզիկը փորձել էր պաշտպանել, բայց չէր կարողացել: Մենք շատ տխրեցինք: Նայում էինք Մուրզիկի աչքերին և տեսնում էինք նրա աչքերում թաքնված անսահման թախիծը…
 Այդ դեպքից հետո Մուրզիկը ուշ-ուշ էր գալիս մեր բակ: Միշտ տխուր էր լինում, մեզ հետ չէր խաղում: Մենք ամեն ինչ անում էինք, որ նա իրեն լավ զգա, չտխրի: Բայց միևնույն է, նա այլևս առաջվա Մուրզիկը չէր:

Այս ամենից հետո ես հասկացա, որ կենդանիները որոշ դեպքերում ավելի շատ բան են հասկանում, քան մենք կարող ենք պատկերացնել: Չէ՞ որ նրանք էլ զգացմունքներ ունեն:

Փոստատար-ատաղձագործը

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Մեր փոքրիկ համայնքում յուրաքանչյուրն ունի իր ձեռքի հմուտ աշխատանքը: Նրանցից մեկը մեր գյուղի փոստատարն է` Արմեն Հարությունյանը: Մասնագիտությանը զուգահեռ փայտից գեղեցիկ իրեր է պատրաստում՝ գդալներ, շերեփներ: Մեր դպրոցի ցուցափայտերն ու կավճամանները նույնպես պատրաստվել են նրա հմուտ ձեռքերով, բայց շատ ափսոս, որ չի կարողանում վաճառել դրանք: Ամռանը հաճախ հովեկներ են գալիս մեզ մոտ հանգստանալու: Թե կարողանում է, ամռան ամիսներին որոշ իրեր վաճառում է, մնացածը այդպես էլ չի վաճառվում:
Նրա ընտանեկան կյանքը այնքան էլ լավ չի դասավորվել. միայնակ երեք երեխա է մեծացրել՝ աղջիկը արդեն ամուսնացել է և ունի երկու երեխա: Տղան բանակում է, պահում է հայրենիքի սահմանները, իսկ մյուս տղան դեռ սովորում է դպրոցում` հինգերորդ դասարանում: Ունի նաև հիվանդ մայր, ում խնամք է հարկավոր: Տան պայմանները այնքան էլ բարենպաստ չեն: Եվ ինչպես բոլորս գիտենք, հնարավոր չէ սովորական փոստատարի աշխատանքով պահել հիվանդ մորն ու դպրոցական երեխային: Ու այստեղ նույնիսկ չեն կարող օգնել հմուտ ձեռքերը:

Մեր փոքրիկ խրամատը

Լարված ժամանակներ էին սահմանում: Բայց դա մեզ չէր խանգարում, որպեսզի ապրենք մեր բնական կյանքով: Ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ ես, գնում էինք դպրոց: Նշեմ նաև, որ մեզ չէին պարտադրում կրակոցից հետո դպրոց գնալ: Գնում էինք, բայց դաս չէինք անում: Խոսում էինք, թե ում տանը ինչքան վնաս է եղել: Կամ ում գլխի վերևով քանի անգամ է անցել փամփուշտը: Այդ բոլորը ճշտելուց և մեր գտած փամփուշտները իրար ցույց տալուց հետո եկա տուն: Տեսա, թե ինչպես է հայրիկս մեր ապաստարանում ինչ-որ փոփոխություններ անում:
Հարցրեցի.
-Պա՜պ, էս ի՞նչ ես անըմ:
Պապաս, թե բա.
-Խրամատ եմ փորըմ: Զարմացա, հարցրեցի` ինչի՞ հըմար:
Պապաս.
-Որովհետև սկսել են մեծ զենքերով կրակել: Էս խրամատն էլ փորըմ եմ, վեր ձայնային ազդանշանները (որը առաջանում է կրակոցի ժամանակ) չվնասեն օրգանիզմնիդ:
-Պապ, մենք չենք վախըմ, մեզ խրամատ պետքը չի,- ասացի:
Պապաս, թե բա.
-Սկսել են մեծ զենքերով տալը՝ բեմպէ, շիլկա, գրանատամյոտ (նռնականետ), տանկ, դրանցից պետք ա պաշտպանվենք: Էլ էն վախտվա դեշեկան, չորնի ստրելան, կալաշնիկովը կամ սնայպերը չի: Հիմիկվանը մեծ ա: Բայց դու վախես վեչ,- ավելացրեց պապան հանգստացնելով ինձ:
Ճիշտն ասած, չէի վախեցել, որովհետև ամեն կրակոցի ժամանակ ականջներս սրած լսում էի, թե որը ինչի կրակոց է և, որ ուղղությամբ գնաց, որպեսզի հաջորդ օրը դպրոցում խոսենք, թե օրինակ, ինչ զենքի շիկացած փամփուշտ էր ընկել Անդրուշ քեռիենց խոտի դեզի վրա և վառել ավելի քան 800 տուկ:
Ապրում ենք` ամեն օր մեր ռազմական բառապաշարն ու փորձը հարստացնելով:

գ. Ներքին Կարմիրաղբյուր

Նույնություն

Արդեն վերջացել են գեղեցիկ բանաստեղծական տողերը, կարուսելը պտտվում է նույն ուղղությամբ ու անհետաքրքիր նմանությամբ: Էլի նույն գնացքը շարժվեց, ու մեջը էլի նույն ուղևորները, որոնք անցնում են նույն ճանապարհը: Ճիշտ է, նստած են տարբեր տեղերում` մեկը` վերև, մեկը` ներքև, բայց էլի նույն տեղն են հասնելու ու իջնելու: Էլի վերադարձ, ու էլի մեկնում: Հավաքած շատ բացականեր, ու ներկա ես գտնվում այն պահին, երբ որ թվարկվում են բացականերդ: Էլի ափսոսանք եղած բացակաների կամ չեղած ներկաների համար: Երբեմն բացակայում ենք ուրախությունից` ուրախ լինելու համար: Նույն ամառը սովորական, բայց ձմռանը կարոտում եմ էլի այդ նույն ու սովորական ամառը: Ամեն ինչ ունի շարունակություն, բայց այդ շարունակությունը նույնն է. ծառի շարունակությունը ծառ է, մարդունը` մարդ: Նույնը, նույնը, նույնը… Տողերը նույնության մասին են, բայց արդյո՞ք այդ տողերը նույնը չեն:

Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր

Ինձ անհանգստացնում է անտարբերությունը սահմանում ապրող բնակչի ու սահմանը պահող մեր զինվորների նկատմամբ: Քաղաքում ապրող մարդիկ երբեք չեն հասկանա մեզ, թե ինչ պայմաններում ենք ապրում` ամեն վայրկյան վախի, սարսափի, կյանքդ կորցնելու վտանգի տակ: Ես չեմ մեղադրում այն մարդկանց, որոնք մեզ չեն հասկանում, բայց կցանկանայի, որ անտարբեր չլինեին, հոգեպես ուժ տային: Մենք ունենք, իհարկե, շատ խնդիրներ, բայց երբ հասկանում ես, որ միայնակ չես, դա ուրիշ զգացում է: Օրինակ` շատ էի վիրավորվել, երբ երեխաների պաշտպանության օրը ոչ մի կազմակերպություն կամ անհատ անձ չեկավ մեզ շնորհավորելու: Շատ վիրավորական էր: Կուզենայի, որ գնահատենք սահմանում ապրող կամ սահման պահող մարդկանց: Եկեք գնահատենք…

Մերի Ավագյան


Ես սիրում եմ զբաղվել արվեստով և ֆուտբոլով, բայց ռմբակոծությունները մեզ չեն թողնում զբաղվել սիրած գործով, խաղալ: Թշնամին նույնիսկ չի թողնում այգեգործությամբ զբաղվել: Մեր դասարանում սկզբում տասնմեկ հոգի էինք, որից երեքը ռմբակոծության պատճառով հեռացել ենք գյուղից:
Թեև մենք ապրում ենք սահմանամերձ գյուղում, բայց չենք ցանկանում հեռանալ մեր գյուղից: Այս վերջերս մեր գյուղում շատ վատ դեպք է տեղի ունեցել. կրակոցից զոհվել է խաղաղ բնակիչը:

Էրիկ Վարդանյան

Ես ապրում եմ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Ինձ մտահոգում են կրակոցները: Մարդիկ ամեն րոպե սպասում են, որ պիտի կրակոց լինի: Ուրիշները կրակոց բառը չեն հասկանում: Տարբեր տեղերից մարդիկ գալիս ասում են, որ չվախենանք, ամեն ինչ լավ կլինի: Մարդիկ մտածում են, թե գյուղերից մարդիկ փախնում են, բայց չեն հասկանում, որ գյուղացիները իրենց կյանքի մասին են մտածում: Նույնիսկ վախենում են իրենց տանը գիշերել:

Գագիկ Աբազյան


Մեր գյուղում յուրաքանչյուր տարի դպրոցի երեխաները պակասում են, աշխատատեղեր չկան: Եթե առաջ այլ երկիր աշխատելու միայն տղամարդիկ էին գնում, հիմա ընտանիքներով են գնում: Բայց այս դժվար իրավիճակի մեջ կան նաև լավ կողմեր: Մեր գյուղին օգնում են մի շարք կազմակերպություններ: Վերջերս դպրոցը վերանորոգել են, մանկապարտեզի մոտ պաշտպանիչ պատ են սարքել: Հուսով եմ նաև ձեզ մոտիկից կճանաչեմ և կհարստացնեմ իմ գիտելիքները:

Հայկ Առաքելյան

Գյուղում լինում են կրակոցներ, երբ մարդիկ դրսում են, աշխատանքի վայրում: Սեպտեմբերի երկուսին կրակոցների հետևանքով ականներից մեկը ընկել է մեր տուն, դրա անունը «ականանետ» է, դա շատ մեծ զենք է: Տան մեջ պայթել է ականը: Վնաս շատ է եղել, բայց լավ է, որ այդ սենյակում ոչ ոք չի եղել:
Գյուղում կյանքը շատ հետաքրքիր է, բայց եթե կրակոցներ չլինեն, շատ լավ կլինի: Դպրոց գնալիս մենք վախենում ենք, որովհետև կարծում ենք, թե կրակոց կլինի: Դասի ժամանակ էլ ենք վախենում: Սահմանը շատ մոտ է թուրքերի դիրքին: Կրակոցների հետևանքով մահացել է 61-ամյա մի տղամարդ: Ականի բեկորը հարվածել է նրա սրտին, նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց նա մահացել է:

Անի Լալայան

Այստեղ շատ են լինում կրակոցներ, բայց մենք շատ հաճույքով ենք գալիս դպրոց:: Կրակոցների ժամանակ նաև զոհվել են խաղաղ բնակիչներ Պառավաքար և Բերդավան գյուղերում: Մեր գյուղում էլ է խաղաղ բնակիչ զոհվել: Հակառակորդը այնպիսի դիրքում է գտնվում, որ կրակում է մի քանի գյուղերի վրա` Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Պառավաքար, Մովսես և մի քանի այլ գյուղեր: Ես ամեն օր քնելուց աղոթում եմ, որ ավարտվի այս պատերազմը և խաղաղություն տիրի ամբողջ աշխարհում: Կրակոցների ժամանակ նաև մեր տունն է վնասվել: Այդ կրակոցների հետևանքով մենք գնում ենք ուրիշ գյուղ, բայց էլի հետ ենք գալիս: Ես երբեք չեմ հեռանա իմ հայրենի գյուղից: Հույս ունեմ ամեն ինչ շուտով կավարտվի:

Մանե Չոբանյան

Ընդամենը 400 մետր

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ինձ մտահոգում, հետաքրքրում է ամեն ինչ, ինչը կատարվում է իմ շրջապատում` թե լավը, և թե նույնիսկ վատը: Բայց հիմնականում ինձ մտահոգում է վատը, որովհետև ամեն օր հակառակորդի կրակոցների ձայնից ականջներս ցավում են: Երևի արդեն պարզ է. ես սահմանամերձ գոտուց եմ` Ներքին Կարմիրաղբյուրից: Մեր գյուղը գտնվում է հակառակորդի դիրքերից 400 մետր հեռավորության վրա: Քաղաքում ապրող մարդկանց համար այդ 400 մետրը բավական մեծ հեռավորություն է, բայց ավելի պարզ դարձնելու համար ասեմ, որ մեր տունը դպրոցից գտնվում է նույնպես 400 մետր հեռավորության վրա: Ինձ համար արդեն սովորական է, որ թշնամին այդքան մոտ է, բայց վախը միշտ իրեն զգացնել է տալիս:

Հիշում եմ, մի անգամ դասի ժամանակ սկսեցին կրակել դասասենյակի ուղղությամբ: Մենք դասարանից դուրս փախանք: Ու դրանից հետո ես ամեն անգամ նստելով այդ նույն դասասենյակում, չեմ կարողանում կենտրոնանալ դասերի վրա, որովհետև գրատախտակի փոխարեն նայում եմ դիրքերին:

Ամեն անգամ քնելուց առաջ աղոթում եմ ազգիս պաշտպանների համար: Ամեն առավոտ արթնանում եմ էլի աղոթքով, որ վատ լուր չստանամ: Ուզում եմ, որ բոլորը իմանան և գիտակցեն, որ հայրենիքն սկսում է սահմանից, և մենք ոչ թե սահմանում ապրող մարդիկ ենք, այլ սահմանապահներ:

Ընդամենը 400 մետր…

 

Տավուշի մարզ, Ներքին Կարմիրաղբյուր

Ռոքը կապ չունի…

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Մի անգամ  տանը ինձ համար նստած ականջակալներով երաժշտություն եմ լսում ու ինտերնետով ընկերներիս հետ  խոսում: Համարյա գիշեր էր: Մայրս և հայրս աշխատանքից հոգնած եկել ու արդեն քնել էին: Տան դուռը բաց էր: Հանկարծ միջանցքում շարժում նկատեցի, բայց մտածեցի, որ  թվացել է: Մի քանի վայրկյան հետո նորից: Ականջակալները հանեցի  ու հետ նայեցի՝ տեսնեմ մեկը լրիվ սև հագած ինձ է նայում, վախեցա ու տեղիցս վեր կացա: Այդ մարդը դուրս վազեց, ես՝ նրա հետևից ու ճանապարհին էլ վերցրեցի առաջինը, ինչ ընկավ ձեռքս՝ հայրիկիս կոշիկը: Մտածեցի գող է, բայց  հետո էլ  մտածեցի, թե հայրիկիս ընկերոջ տղաներից մեկն է ու կատակ է անում: Բայց գողի վարկածը ավելի հավանական էր ու ես վախեցած սենյակ վերադառնալով արթնացրեցի ծնողներիս՝ ասելով, որ տունը գող է մտել: Նրանք ինձ չհավատացին՝ մտածելով, որ ռոք լսելուց խելքս գցել եմ և արդեն հնարում եմ, և որ ոչ մի գող էլ չի մտել տուն: Տան դուռը փակեցինք ու արդեն պատրաստվում էինք քնելու, բայց պատահմամբ մեր հարևանուհին եկավ ու մեր դռան դիմաց մի բան տեսավ գետնին գցած, կռացավ վերցրեց՝ պարզվեց պայուսակս էր:  Վերցրեցինք ու տուն գնացինք:  Արդեն տնեցիները սկսեցին ինձ հավատալ: 

Մյուս օրն առավոտյան մայրս աշխատանքի գնալուց տան կողքից գտել էր իմ մյուս պայուսակները, որոնք գողը գցել էր, որովհետև ոչ մի արժեքավոր բան չէր գտել: Անցավ մի  քանի օր, ու արդեն բոլոր հարևաններին տեղեկացրել էինք, որ զգույշ լինեն:  Հանկարծ լսում ենք մեր հարևանուհու ձայնը, որը բարձր գոռալով հորս անունն էր տալիս: Վազեցինք դուրս, բայց արդեն ուշ էր՝ գողը  նորից փախել էր: Ու հիմա մեր հարևանուհին պատմում է, թե ինչ է պատահել: Տանը մենակ նստած վերմակ է կարելիս եղել, հանկարծ պատուհանից մի ձեռք է  ներս մտել ու պատուհանի տակ դրած սեղանը շոշափել, որ մի բան գտնի: Մեր հարևանուհին իրեն չի կորցրել ու ձեռքի մեծ ասեղը խրել է նրա ձեռքը, իսկ մյուս ձեռքով էլ բռնել է, որ չփախչի, բայց փախել է:

Այլևս մենք չլսեցինք այդ չստացված գողի մասին, բայց այս դեպքը հիշելիս  ամեն անգամ դեմքիս մի մեծ ժպիտ է հայտնվում:
Ինչ եմ ուզում ասել, հավատացեք երեխաներին ու թողեք, որ լսեն  այն երաժշտությունը, որը իրենց դուր է գալիս: