Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

Ազատ ժամանցը՝ պարապություն

Իմ գյուղում` Վահանում, չկան մշակութային կենտրոններ: Իմ հասակակիցները չունեն զբաղմունք, և շատ ձանձրալի է անցնում գյուղի կյանքը: Ես հաճախում էի պարի, սակայն դա երկար չտևեց: Դրանից ես շատ տխրեցի, որովհետև շատ եմ սիրում պարել: Իմ ընկերուհին հաճախում էր դաշնամուրի, սակայն մեր գյուղում չէ, այլ` Ճամբարակ քաղաքում: Նա գնում էր Ճամբարակ պատահական մեքենաներով: Մանավանդ ձմռանը շատ էր դժվար: Իմ հասակակիցների շրջանում կան երեխաներ, ովքեր գնացել են նկարչական խմբակի, բայց դարձյալ Ճամբարակում: Ես շատ կցանկանայի, որ մեր գյուղ մասնագետներ այցելեին և խմբակներ բացեին: Ես վախենում եմ, որ հետագայում իմ հասակակիցները իրենց կյանքից շատ կձանձրանան և կթողնեն գյուղն ու կգնան: 

 

Որտեղ կլինեմ վաղը

Հայաստանի դժվար պայմանների և գործազրկության պատճառով մեծանում է արտագաղթողների և արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Իմ հայրիկը, չկարողանալով աշխատանք գտնել, իր ձեռքով հիմնեց սեփական խանութ: Սակայն մարդիկ աղքատ են Ճամբարակում, և խանութից միայն անհրաժեշտ բաներ են գնում, այն էլ՝ պարտքով: Հայրս ստիպված մեկնեց արտագնա աշխատանքի: Վերջին շրջանում մեր տանը պտտվում են խոսակցություններ ընտանիքով այլ երկիր տեղափոխվելու մասին։ Ես չեմ ցանկանում լքել իմ ընկերներին, հարազատներին և, ի վերջո` հայրենիքս: Սակայն, միևնույն ժամանակ, հայրենիքս չի ստեղծում նպաստավոր պայմաններ բարեկեցիկ կյանք ունենալու համար:  

Հայրս

Դպրոցից` տուն, տնից` դպրոց: Ահա, թե ինչպես են անցնում իմ օրերը: Ամեն անգամ դպրոց գնալիս մտածում եմ, թե ինչու են մեր փողոցները այսքան անշուք, ինչու չկա հուշարձան կամ արվեստի մի որևէ աշխատանք:

Հայրս նկարիչ-քանդակագործ է, նա եղել է տարբեր երկրներում, ցուցահանդեսներ է ունեցել: Տարբեր վայրերում ունի իր աշխատանքներից դրված, իսկ հայրենիքում իր աշխատանքներից չունի: Նրան ավելի շատ ճանաչում են արտերկրում, քան Հայաստանում: Ուզում եմ, որ նա այստեղ աշխատի: Հայրս ստիպված է ամիսներով Հայաստանից բացակայել,  որպեսզի իր աշխատանքները կարողանա վաճառել, գեղեցկացնել այլ երկրների փողոցներն ու պուրակները: Բայց ես դա չեմ ուզում: Ուզում եմ, որ նա այստեղ լինի: Ստեղծի իր նկարչական դպրոցը: Համոզված եմ, որ շատ սաներ կունենա: Հայրիկիս Ճամբարակում շատ են սիրում ու հարգում: Ես ուզում եմ հորս  աշխատանքները Հայաստանում լինեն, ինչո՞ւ չէ, նաև` Ճամբարակում: Մի՞թե հնարավոր չէ:  

Արտագաղթի իմ բաժինը

Ես ունեմ բազմաթիվ երազանքներ և նպատակներ: Ներկայումս ինձ համար շատ ծանր շրջան է, որովհետև լավ կրթություն ստանալու նպատակով վեց տարեկան հասակում վերադարձել եմ հայրենիք: Անկեղծ ասած, չգիտեմ՝ հայրիկս ճի՞շտ է վարվել, որ ինձ բերել է այստեղ, իսկ եղբայրներս մնացել են Ռուսաստանում: Խոստովանում եմ, որ չեմ զղջում այստեղ կրթություն ստանալու համար: Պարզապես, ես մտածում և մտահոգվում եմ. դեռ ունեմ սովորելու հինգ տարի, բայց արդեն մտածում եմ, որ աշխատանք չեմ գտնելու: Ինձ այստեղ մնալու համար միայն խանգարում է կարոտը: Բայց մեծանալուս համընթաց սկսում եմ մտածել, որ պետք է ինքս ձևավորեմ իմ հետագա կյանքի ուղին և չպետք է մտածեմ, որ աշխատանք չեմ գտնելու: Եթե ես մի փոքր ջանք ներդնեմ և կարողանամ հասնել իմ նպատակին, կարող եմ այստեղ լավ աշխատել և, ինչու չէ, օգնել նաև եղբայրներիս, որպեսզի նրանք վերադառնան Հայաստան:

Որոշ ժամանակ առաջ մեր ուսուցիչներից մեկը դասարանին հարց ուղղեց, թե ինչպես ենք պատկերացնում մեր հետագա կյանքը՝ սկսած այս տարիքից: Բոլորի գրածները հավաքելուց հետո նա ասաց, որ իմն ամենահետաքրքիրն է: Ես բոլորի նման չէի գրել սիրո և ընտանիք ստեղծելու մասին, այլ նշել էի, որ ուսումս ավարտելուց հետո պետք է գտնեմ լավ աշխատանք, իմ երախտագիտությունը հայտնեմ ծնողներիս, կատարեմ նրանց անկատար, բայց հավանական թվացող երազանքները: Դրանից հետո արդեն կարող եմ մտածել կյանքի մնացած բարիքների մասին:

Ես շատ եմ կարոտում իմ հարազատներին: Գիտեմ, որ ինձնից առավել տանջվում է մայրս, քանի որ նա հիմա իմ կողքին է և չի տեսնում իր որդիներին, չի տեսնում, թե ինչպես է մեծանում իր թոռը: Շուտով կծնվի նաև եղբորս երկրորդ երեխան, իսկ մայրիկս չի զգա նաև նրա փոքր ժամանակվա քաղցրությունը: Պաշտում եմ մորս և հորս: Նրանց համար շատ դժվար է հիմա: Ես դա հասկանում եմ, չէ՞ որ, որքան էլ նրանք հիմա փորձում են ինձ համոզել, որ մեծացել են, իրենց համար կարևորը իրենց զավակների երջանկությունն է, ես շատ լավ հասկանում եմ, որ նրանք պետք է միասին լինեն: 

Ինչ անել աղբի հետ

Վայքում, ինչպես յուրաքանչյուր քաղաքում, առաջնային խնդիրը աղբահանության խնդիրն է: Աղբամաններ իհարկե կան Վայքում, բայց որոշ մարդիկ չգիտեն, թե ինչպես վարվել դրանց հետ: Նրանք փողոցում դրված փոքրիկ աղբամանների մեջ լցում են կենցաղային աղբը, իսկ եթե աղբամանի մեջ տեղ չի լինում, դնում են դրա կողքին: Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ է լինում այդ կողքին դրված աղբի հետ: Գիշերը թափառական կենդանիները փորփրում են տոպրակները ու տարածում աղբը: Իսկ հիմա տեղափոխվենք այն վայրեր, որտեղ չկան աղբամաններ: Այդտեղ մարդիկ իրենց կենցաղային աղբը հավաքում են ծառի տակ: Վայքի գետի` Արփայի ափերը նույնպես աղտոտված են, այնտեղ «թափառում են» պոլիէթիլենային տոպրակներ և պլաստմասե շշեր: Հիմա կարդալիս կասեք, թե Վայքում աղբահանություն չի կատարվում, բայց սխալվում եք: Վայքում շաբաթական երկու անգամ աղբատար մեքենան հավաքում է կենցաղային աղբը, իսկ մեկ անգամ աղբամաններում լցված աղբը, և  կարելի է ասել, որ աղբատար մեքենան, շաբաթական երեք անգամ հավաքում է աղբը: Այս երկու պատկերների մեջ հստակ երևում է, թե ինչ է կատարվում Վայքում: Սա բոլոր վայքեցիների խնդիրն է: Արի’ մաքուր պահենք Վայքը, չէ՞ որ դա մեր և մեր սերունդների տունն է:

Անընդհատ փոփոխություններ

Ներկայումս ինձ հուզում է երեխաների ուսման հարցը։ Օրինակ` ինչո՞ւ են միջնակարգ դպրոցի գրքերը վճարովի բաժանում երեխաներին։ Շատ ընտանիքներ կան, որ այդ վճարը չեն կարող տալ։ Հագուստ, դպրոցական պարագաներ գնելու ծախսերին գումարվում է նաև գրքերի գումարը, որը բավականին շատ է։ Միևնույն է, գրքերը վերադարձվում են դպրոցին, ինչո՞ւ դրանք չդարձնել անվճար, կամ գոնե շատ քիչ վճարով։ Երբ երեխան ավարտում է միջնակարգ դպրոցը, նրա առջև հարց է ծառանում՝ որտե՞ղ և ի՞նչ սովորել, որ մի քիչ մատչելի լինի, քանի որ չի ուզում նեղություն տալ ծնողներին և այդ պատճառով կամ չի սովորում  համալսարանում, կամ էլ ընտրում է ավելի մատչելի մի բան (քոլեջ, տեխնիկում), որոնց ուսման վարձը այդքան բարձր չէ: Իսկ հետո դժվար է գործ գտնելը, քանի որ ամեն տեղ պահանջում են բարձրագույն կրթության վկայական և աշխատանքային փորձ։ Մեր պետությունում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում կրթության ոլորտում։ Եվ այդ անկայունությունը վատ ազդեցություն է թողնում երեխաների վրա։ Ի՞նչ իմաստ կա դպրոցը 12 տարի դարձնելու, գնահատման համակարգը 10 բալանոցի փոխելու։ Ես չեմ ուզում ասել, որ հայ երեխաները ընդունակ չեն, հակառակը՝ շատ խելացի են։ Տասներկուամյա կրթությունն անիմաստ է, նույնիսկ ուսուցիչներն են դժգոհում։ 

1988-ի երկրաշարժից հետո Գյումրիում ամեն ինչ փուլ եկավ…

Լուսանկարը՝ Մարիամ Գասպարյանի

Լուսանկարը՝ Մարիամ Գասպարյանի

Գյումրիում մինչ օրս էլ ամեն քայլափոխի մնացել են ավերված շինությունների փլատակները, որոնք ճնշում են մեզ: Երկրաշարժից հետո Գյումրին տնակավան էր հիշեցնում: Կամաց-կամաց քաղաքը վերականգնվում է, սակայն դեռ շատ են անօթևան մարդիկ, որոնք շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում: Այդ կացարանները հաստատ 25 տարվա համար չէին նախատեսված: Թե ինչքան մարդ է այդ տնակների անտանելի պայմանների պատճառով կորցրել առողջությունը, չեմ կարող ասել: Բայց չէ՞ որ Գյումրին նաև մեծ արդյունաբերական քաղաք էր` բարձրակարգ մասնագետներով, իր կարևոր նշանակությամբ: Մեկ օրում բոլորը դարձան գործազուրկ, և մինչ օրս գործազուրկ են: Մի քանի տարի է, ինչ մեր հանրապետությունը Գյումրի քաղաքի անօթևաններին տուն է տրամադրում «Մուշ» թաղամասում: Սակայն այդ շենքերը շատ անորակ են, և եթե բնակարանի պատին անգամ մի նկար փակցնեն, ապա ամբողջ շենքը կփլուզվի… Մարդիկ դժգոհում են իրենց նոր բնակարաններից, բայց ի՞նչ անել, երբ տնակների մեջ ապրելն էլ այլևս հնարավոր չէ… Երբ ամեն օր տեսնում ենք, թե ինչպես մի տնակ այրվեց, թե ինչպես  տնակի առաստաղը փուլ եկավ, դե, չխոսենք էլ հիվանդությունների մասին… Ամենից շատ ինձ հուզում է մի հարց. ե՞րբ է երկրաշարժ տեսած գյումրեցին, որն ունի բազում հոգսեր, ապրելու ապահով կյանքով… 

Մաթեմատիկական կրքեր իրավաբանական թեմաներով

Նախ ասեմ, որ ցանկանում եմ ուսումս շարունակել ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում: Այս տարի սկսեցի պարապել կրկնուսույցների մոտ: Դե, ամեն կրկնուսույց ամսական պահանջում է 30 000 դրամ: Երեք առարկայի համար՝ 90 000 դրամ:  Պետք է պարապեմ երկու տարի, այդ դեպքում վճարը կկազմի 1 980 000 դրամ: Եթե ընդունվեմ, ապա տարեկան պետք է վճարեմ 800 000 ուսման վարձ: Ցավոք, չգիտես ինչու, իրավաբանականում բարձր առաջադիմության դեպքում անգամ անվճար տեղեր չկան: Բակալավրիատի չորս տարիների համար դա կկազմի 3 200 000 դրամ: Մագիստրատուրայի համար 1 600 000 դրամ: Եվ այսպես միայն ուսման վճարները կկազմի 6 780 000 դրամ: Չեմ հաշվում մարզից Երևան գալ-գնալու, բնակարան վարձելու, սնվելու և մյուս անհրաժեշտ ծախսերը:

Մի՞թե այսքանից հետո իմ մասնագիտությամբ աշխատանք կգտնեմ և իմ աշխատավարձով կկարողանամ հետ բերել ուսմանս վրա ծնողներիս ծախսած գումարը:

Պաղջրի ծանր օրերը

Մեր գետը` Պաղջուրը, գյուղի հպարտությունն է, զարդը: Այն հոսում է երկու ժայռերի արանքով: Երբ վերևից նայում ես, ասես ադամանդակուռ արծաթյա գոտի լինի: Առաջ գնում էինք գետ` լողալու, բայց մարդիկ այնքան շատ էին, որ տեղ էլ չէր լինում: Իսկ հիմա … Այն հսկա գետը դարձել է առու:

Եվ այս ամենի պատճառն այն մարդիկ են, ովքեր կառուցեցին այն երկու չարաբաստիկ ՀԷԿ-երը: Եվ սա դեռ քիչ չէ, ասում են, մի քանիսն էլ պիտի  կառուցեն:

Հէկ-երի կառուցման հարցում ամբողջ գյուղը դեմ էր: Գյուղը շատ պայքարեց. ամեն օր ցույցեր, ընդվզումներ: Բայց, քանի որ ՀԷԿ կառուցողների թիկունքում իշխանավորներ էին կանգնած, ամեն ինչ ապարդյուն էր. գյուղը պարտվեց: Եվ Պաղջուրը սկսեց ցամաքել…

 

Ես ու հայրս

Հայրս ու իր մասին բոլոր հիշողություններն ինձնից անբաժան են: Հիշում եմ, երբ փոքր էի, հայրս, ինձ ու եղբորս մանկապարտեզից վերցնելով, տարավ մեր քաղաքի ամենամեծ խանութը և մեզ համար գնեց մեր սրտի ուզած խաղալիքները: Իսկապես շատ էի ուրախացել… Չգիտեմ, հորս հետ կապված ամեն մի հուշ ինձ տանում է իմ մանկություն: Չափից շատ եմ հարգել հորս՝ վախենալու չափ: Հիշում եմ, որ մեր խանութի դիմացով վախով էի քայլում ու երկար նայում իր ուղղությամբ, որ բարևեի: Մի անգամ կողքի խանութի աշխատակցուհին ինձ կանչեց և հարցրեց, թե ինչու ուրիշ երեխաների պես հորս չեմ գրկում, իսկ ես ամոթից գետինը մտա, որովհետև հորս անունը լսելիս ես կարծես վախենում էի: Հիմա եմ խոստովանում, որ նրանից վախեցել եմ, և մեր հարաբերությունները չեն եղել այնպիսին, ինչպիսին բոլոր հայրերի ու դուստրերի միջև են:

Ինձ համար մեր հարաբերությունները նման են արհեստական սառույցի կույտի, որը մի վայրկյանում ջարդվեց… Այդ օրը գնացել էինք հիվանդանոց՝ հորս տեսնելու: Վիրահատությունից հետո առաջին անգամն էր, որ հայրս մեզ տեսնելու էր: Չեմ կարող  նկարագրել այն զգացումը, որ ունեցա այդ պահին: Հայրս ինձ ամուր գրկեց և համբուրեց: Կարծես այդ մի քանի րոպեում նա լրացրեց այն բացը, որն առաջացել էր մինչ այդ: Կյանքիս ամենաերջանիկ պահերից մեկն էր՝ չնայած հայրս այդ վիճակում էր:

Ես սկսեցի հորս ավելի շատ սիրել և սիրում եմ այժմ: Ճիշտ է, անունս Արփինե է, բայց նա միակն էր, ով ինձ «չամիչ» էր ասում… Ես նրա չամիչն էի…

Հպարտանում եմ նրանով, որովհետև նա շատ լավ հայր էր…