Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

mariam barseghyan1

Ինչ ճանապարհ կընտրենք

«Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան»: Վերջերս հաճախ եմ այս հարցի շուրջ ամենատարբեր կարծիքների բախվում։ Շատերը այդ, այսպես կոչված, ամոթալի պրակտիկան խելամիտ են համարում, շատերն էլ միտված են` «Բա մեղք չե՞ն այդ կենդանիները» մտքին։ Բայց քանի որ, ըստ սովորության, միշտ հարցի մի կողմն է բարձրաձայնվում, ուզում եմ այստեղ սպանդի խելամտության և այլընտրանքային ճանապարհների մասին խոսել։

Ի՞նչ է սպանդը․․․ Անտուն կենդանիների սպանդը կենդանիների մասսայական ոչնչացում չէ։ Այն որոշ չափով քչացնում է կենդանիների քանակը մեր իսկ ապահովության համար։ Ամեն դեպքում բակում շրջող շներ էլի լինում են, ուղղակի ոչ ոհմակներով։

Շատ երկրներ սպանդի փոխարեն անտուն կենդանիներին նախընտրում են ապաստարաններում պահել։ Ապաստարանն էլ, իհարկե, ենթադրում է խնամք կենդանիների նկատմամբ, համապատասխան սննդի ապահովում։ Փորձում են անտուն կենդանիներին «որդեգրության» հանձնել: Հայաստանում են կան ապաստարաններ, սակայն քիչ են, բացի այդ աշխատում են բարերարների աջակցությամբ, ուստի խոսել, որ այս մի քանի ապաստարանի միջոցով կլուծվեն անտուն կենդանիների խնդիրները, անհնար է: Հասկանալի է, որ այս այլընտրանքային տարբերակը բավականին ծախսատար է, և հնարավոր է, որ ուղղակի հասանելի չլինի մեր երկրի նման պետությանը։ Սա է պատճառը, որ մեր հարևան Վրաստանը, հրաժարվելով սպանդից, չէր կարող իրեն ապաստարաններ թույլ տալ։ Եվ արդյունքում, հիմա Թբիլիսիի կենտրոնում լիքը պատվաստված և ստերջացված շներ են պտտվում։ Եթե ձեզ կծեն, կատաղությամբ չեք տառապի, բայց վնասվածքներ հաստատ կունենաք։

Ամեն ինչ հաշվի առնելով՝ ես ենթադրում եմ, որ մենք Վրաստանի փորձն ենք որդեգրելու, ինչը, ըստ իս, ամենահաջող տարբերակը չէ։ Եվ քանի որ մենք ամենալավ աղբահանություն իրականացնող երկիրը չենք, կենդանիների, ավելի կոնկրետ՝ շների բազմացումը էլ ավելի աղտոտված քաղաքի երաշխիք է դառնալու։ Հետո, եկեք ընդունենք, որ փողոցային շների հարձակումները քիչ չեն։ «Բարեկամություն» մետրոյի անցումի տակ ապրող շների ոհմակը ձեզ օրինակ։ Հիմա եկեք պատկերացնենք, որ այդ վիճակը ամբողջ քաղաքում է լինելու։ Հասկանում եմ, որ կենդանիների սպանդը մարդկային չէ։ Բայց եթե պետք է ընտրեմ կենդանիների և մարդկանց միջև, ես ուզում եմ ընտրել մարդկանց․․․

Հ.Գ. Այսօր Երևանի քաղաքապետարանում քննարկելու են անտուն կենդանիների հարցը: Հուսամ, կայացվող որոշումները ընդունելի կլինեն թե քաղաքացիների, թե մեր կրտսեր բարեկամների համար:

Anna Andreasyan

Սկսել են դպրոցական օլիմպիադաները

Մեկ տարվա ընդմիջումից հետո՝ երեկ վերջապես նորից օլիմպիադայի մասնակցեցի: Ի տարբերություն նախորդ անգամների՝ գրեթե լարվածություն չկար, ու կարող էի ավելի մեծ ուշադրություն դարձնել կազմակերպչական մասին: Եվ բացի դրանից, հիմա արդեն այլ տեսանկյունից եմ նայում այդ ամենին, ինչն ինձ օգնում է ավելի շատ բան նկատել: Հիմա կասեք՝ միշտ բողոքում եմ, բայց թերությունները մատնանշելը դրանք շտկելու ճանապարհի առաջին քայլն է: Հիմա անցնեմ բուն նյութին:

Նախ և առաջ այն, որ օլիմպիադաները միշտ ուշացումով են անցնում, նորություն չէ, բայց սա դեռ այնքան էլ անտանելի չէ: Վերջին րոպեին դասասենյակ ազատելը աշակերտներին տեղավորելու համար, խոսում է օլիմպիադայի՝ ոչ այնքան կազմակերպված լինելու մասին:

Մարդիկ մի վատ սովորություն ունեն՝ դիմացինից պահանջում են մի բան, որ իրենք իսկ չեն կարողանում անել: Օլիմպիադայի սենյակում մեզանից պահանջում են լռություն պահպանել, այնինչ իրենք՝ կազմակերպիչներն են ամբողջ ընթացքում խոսում՝ թույլ չտալով աշակերտներին կենտրոնանալ: Հետո էլ բողոքում են, թե աշակերտները կանոններին չեն հետևում՝ առանց մտածելու, որ գուցե դրա պատճառը կազմակերպման ձևն է, ոչ թե մասնակիցները:

Հենց այս պարզ պատճառով էլ աշխատում եմ չմասնակցել պետական մարմինների կողմից կազմակերպված որևէ մրցութային քննության: Եվ կարծում եմ՝ ավելի լավ կլիներ՝ նախքան աշակերտներին մեղադրելը, այդ մրցույթների կազմակերպիչները իրենց արած գործին և դրա որակին հետևեին:

sona mkhitaryan

Քաղաքականացված 30 րոպե

Սովորույթի համաձայն, ներկայացնում եմ երկխոսություն, որն ընթանում էր տաքսու վարորդի և ուղևորի միջև։
Էջմիածնից գնում էինք Ակնալիճ՝ անցնելով Արշալույս գյուղով։ Արշալույս գյուղում էինք արդեն, որտեղ բողոքի ցույցեր էին իրականացնում գյուղացիները. փակել էին գյուղապետարանը և գոռում էին «Զնդո՛ (Արշալույսի գյուղապետը), հեռացիր»։
-Է՜, այ ժողովուրդ, Նիկոլը որ չհանի, դուք մենակ կարա՞ք,- սկսեց խոսել վարորդը։
-Է, Նիկոլն էլ ասում ա՝ ես իրավասու չեմ,- պատասխանեց Արշալույս գյուղի բնակչուհին։
-Բա Նիկոլն ա ,է, Նիկոլը։ Ժողովրդին խաբեց, նստեց, հիմա էլ թանկություն ա, որ գնում ա։ Էն Սերժի քրոջ փեսուն, թե ում, բերել, սարքել ա նախարար։ Բա էլ ի՞նչ մտածես:
-Երեխեքի ուսման վարձերն էլ ա թանկացել,- շարունակեց ուղևորը։
-Տո բա ի՞նչ պիտի անեին։ Սկզբում ասեցին` ոչ մի ուսանող վարձը չմուծելու համար դուրս չի մնալու համալսարանից: Մեկ ամիս հետո էլ ֆեյսբուք գցեցին, թե ԿԳ նախարարի հրամանի համաձայն վարձերը պիտի մուծել նշված ժամկետում։ Ի՞նչ արեց, կամ էսքան ժամանակ ով նստել ա էդ աթոռին, ո՞ր մեկն ա էս խեղճ գյուղացիների մասին մտածել։ Էդ որ տանում, աշխատացնում են օրը 5000 դրամով, էդ էլ քթերից են բերում խեղճերի։
-Հա, ես էլ էի գնում դաշտերը գործի, բայց էլ չեմ կարողանում,- հաստատեց ուղևորուհին, վճարեց ու իջավ։ Ճանապարհը շարունակեցինք ես, մայրս ու վարորդը։
-Ահավոր ա մեր վիճակը, քուր ջան։ Կարմիր գծերը ավելի թունդացրին, գազի սպասարկումը չկարգավորեցին, էղածը գնալով թանկանում ա։ Մի հատ թաք տղա ունեմ, սովորեց, դիպլոմը վեկալեց, գործ չճարեց։ Հետո բիստրո դրեց, տեսավ՝ փող չի առնում, թողեց գնաց Ռուսաստան։ Ինչի՞ համար։ Որ գործ չճարեց։
-Հիմա աշխատանք գտնելը, էն էլ քո մասնագիտությամբ շատ դժվար ա,- խոսակցությունը շարունակեց մայրս։
-Է՜, ես որ լավ բան չեմ տեսնում, չեմ էլ սպասում,- հոգոց հանեց վարորդը։
- Էստեղից ձախ։ Այ էստեղ կանգնեք։ Ինչքա՞ն եմ տալիս,- հասնելով տան մոտ՝ մայրս կարծես խոսակցությունը ավարտեց։
-1000 տուր, լավ ա, քուր ջան:

davit ayvazyan

Զգացի՞ք կարեկցանք

-Բարև, привет, hello… Ինչո՞վ օգնեմ, ախպեր:

-Լավ է, սաղ նորմալ է:

-Օ, լեննականցի՞ է ախպերս:

-Ախպերդ` չիդեմ, բայց ես` հա:

Մի քիչ հումորի տալով պատասխանեցի մի մարդու, ով նախքան ինձ հասնելը, մի քանիսից գումար էր խնդրել: Իմիջիայլոց, շատ պատասխանատու անձնավորություն էր, երբ ուզում էր 100 դրամ, 200 տալու դեպքում մանրը վերադարձնում էր։

-Սաղ ազգուտակս լեննականիցա:
-Ուրախ եմ:
-Ջահել ժամանակ ես էլ էի ուրախ, քո պես սիրուն, շեկի վրա, բոյով, պարապած տղա էի:
-Բայց ես շեկի վրա, բոյով, պարապած տղա չեմ:
-Ես քո պես ասելով մենակ ուրախը նկատի ունեի: Մոտս սիգարետ կա, ուզո՞ւմ ես: Տո փող էլ կա: Դու մենակ ասա` ի՞նչ ես ուզում, քել` էթանք մեր տուն։

-Չէ լավ է, հոպ ջան:
-Հաստա՞տ չես ուզե:
-Հա, դու սա` քեզի ինչ-որ բան պետք է՞, կրնա՞մ օգնեմ։

Հիմա հասկացա, որ իզուր տվեցի այդ հարցը․․․ Սկսվեց։

-Դու ուզեցիր, որ ես քեզ տիրություն անեմ,

Ու ես անտեր մնամ,

Ամեն, ամեն ինչ տամ, տեղը ոչինչ չառնեմ,

Ու քեզ ընկեր մնամ։

Դու իմ արևն առար

Եվ ուզեցիր, որ ես քեզ շնորհակալ լինեմ,

Ես անարև մնամ… էս մի տողը չեմ հիշում… Հը՞, ի՞նչ կասես։

-Հա, լավ գրող է Համո Սահյանը։

-Հա, դե հիմա չեմ իմանում, դու ասա` զգացի՞ր կարեկցանք, տալի՞ս ես 100 դրամ, ԱՊ ՋԱՆ։

Նա հպարտ կագնել էր իմ դիմաց, ես տվեցի ուզածը, վերցրեց ու շրջվելով հետ, վերջին անգամ գլուխը դարձրեց իմ կողմը, ընդունեց իր պատկերացրած իմաստունի հայացք արտահայտող դիմագծերը, արագորեն մշակեց ձայնալարերը ու ասաց.

-Ապ ջան, ըսպես է կյանքը, որ կառաջարկեն` ուզե։
Ես գյումրեցի եմ Երևանում, ըդպես յաման գիդի` տարբերություն չկա, մենակ թե լեննականցի ծանոթներս ընձի տեսնելուց չեն սե. «Ըշտը, ծո ապ, ի՞նչղ ես, քյանդրբազ, նարդվան, գուրգուրեմգը․․․» Վերջը, ժողովուրդ ջան, ըսքանը ընչի՞ սի, սպես արանք տեղ գրելուս տաղանդը ընչի՞ ցուղադրի: Մյամ սիրուն կոշիկ եմ տեսե, ուզածս մեծ բան չէ․․.
Զգացի՞ք կարեկցանք։
Մեր փոխարեն վաղուց մտածել են մեր պես մարդիկ, գտել ճիշտ տարբերակը՝ առաջարկված սահմանափակ տարբերակներից ու մեզ առաջարկել պատասխաններ, որոնց մեջ կա նաև ճիշտ պատասխանը: Մեզնից կամ ձեզնից քանի՞սն են փորձել ճիշտ տարբերակը ընտրելուց հետո առաջադրել ևս մի ճիշտ տարբերակ, կամ սխալը հանել ցանկից։

Ես ցանկանում եմ հասնել ուզածիս, ուզածս չեն էլ կարող առաջարկել ինձ, իսկ թե առաջարկեցին, ուրեմն դա չէր ուզածս։
Վերոհիշյալ կոշիկը դրված է խանութում, այլ կոշիկների հետ։
Զգացի՞ք կարեկցանք։

ՄեդիաLiteracy։ Ամենապարզ եղանակով։ Մաս 1

-Պարոն վարչապե՞տ։

-Այո։

-Ֆեյսբուքում հրապարակում արեք, որ մարդիկ Ձեզնից էլ նամակ չսպասեն։

Չնայած, երևի պարտադիր չի, որ վարչապետն ասի։ Եթե շրջապատում մեկը, ընկերաբար, ուղղակի ասի` ՊԱՇՏՊԱՆԻՐ անձնական տվյալներդ, կլսե՞ս։ Հատկապես, երբ խոսքը համացանցին է վերաբերում։

Իսկ այն, ինչ վերաբերում է համացանցին, հետաքրքիր լինելուց բացի նաեւ վտանգավոր է։ Մի քիչ էլ տարօրինակ։ Ասենք, եղել է, չէ՞, որ Ֆեյսբուքում հնարավոր ծանոթների ցանկում բերի մեկին, ում պատահական տեսել ես փողոցում։ Հետո` ուրիշին, ում այնքան էլ չես հավանել, ու ընկերուհուդ հետ նամակներով մի քիչ բամբասել եք։

Կամ, մի տեղ գնալիս սիրուն սրճարան ես տեսել: Չէ, չես մտել, շտապում էիր։ Ուղղակի կողքով անցել ես ու մի 3 վայրկյան նայել։ Իսկ երեկոյան կապույտ կայքը քեզ առաջարկում է հավանել այդ սրճարանի էջը։ Հավե՞ս է։ Իրականում` այնքան էլ չէ։

Բայց մի ուրիշ բան էլ։ Եղե՞լ է, որ չբացեք ձեզ նամակ եկած վիրուսները, բայց դառնաք դրա տարածողներից։ Դրանք էլ այն խառը հավելվածների արդյունքում են, որ առաջարկում է ֆեյսբուքը։

Ցուկերբերգը, ոնց մենք են սիրում ասել, «հետևում է» բոլորիս։ Իր կապույտ տիրույթում ու դրանից դուրս, մանավանդ, երբ միացված ենք թողնում GPS կոչվողը։ Սա բացատրությունն է ծանոթ-անծանոթ սրճարանների, խանութների ու ուրիշ վայրերի գովազդի` մեր նյուզֆիդում։

Ընկերներով բամբասելու մասին։ Ֆեյսբուքյան ալգորիթմները ֆիլտրում են նամակագրությունները։ Անունները, որոնք մենք օգտագործում ենք նամակներում, հայտնվում են մարմնացած` օգտատերերի էջերի  տեսքով։ Եվ այո, Ֆեյսբուքը չի ալարում 2.3 միլիարդ ակտիվ օգտատերերից գտնել հենց նրան, ում անունը օգտագործել եք նամակում։

Դասախոսները, ընկերոջդ ընկերուհին, ընկերուհուդ ընկերը, բոլորը, ում մասին մի անգամ գոնե խոսել ես մեկ ուրիշի հետ` կհայտնվեն ուղիղ աչքիդ առաջ։

Համացանցում, սոցիալական կայքերում և հատկապես Ֆեյսբուքում կարևոր է հետևել անձնական տվյալների պաշտպանությանը, հանրային հրապարակումներին, վերջերս արդեն նաև` մեկնաբանությունների, հրապարակումների ու նամակների բովանդակությանը։  Ու կապ չունի, որ 1 րոպեում գրվում է կես միլիոն մեկնաբանություն, 300 հազար ստատուս և հրապարակվում 130 հազար լուսանկար, ալգորիթմները մեկ առ մեկ գտնում են դրանցում ռասիստական, սեռական և այլ «ոչ եթերային» բառեր ու արգելափակում  այն գրած օգտատիրոջը:

anahit aharonyan

Օտարը Հայաստանում

Բարև բոլորին: Ինչպես վարչապետն է ասում՝ հուսով եմ, լավ եք: Վերջին անգամ մոտ մեկ ամիս առաջ էի ձեզ հետ զրուցել: Անկեղծ ասած՝ շատ էի կարոտել, փորձում էի ինչ-որ բան գրել, բայց չէր ստացվում: Վերջապես այստեղ եմ և ուզում եմ խոսել մի շատ կարևոր թեմայից՝ օտարերկրացիներից և նրանց հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից:

Մի քանի օր առաջ Երևանից Մեղրի էի գալիս ու ականատես եղա, թե ինչպես էր մի տղամարդ հայերենով վիրավորական բառեր ասում չինացի զբոսաշրջիկի հասցեին՝ մտածելով, որ նա, միևնույնն է, ոչինչ չի հասկանում: Գիտե՞ք, շատերին թվում է, թե դրանք ուղղակի կատակներ են, հավեսով կծիծաղենք ու կանցնի, կգնա: Բայց դրանք ուղղակի կատակներ չեն:

Մենք անընդհատ մեզ վեր ենք դասում մյուսներից, նման անփույթ կատակներ ենք անում, առիթը բաց չենք թողնում և ամեն հարմար պահի բողոքում ենք «երկրի մեջ լցված» օտարերկրացիներից: Այս ամենն էլ վերջանում է նրանով, որ զբոսաշրջիկները հիասթափվում են մեզնից և մեր երկրից, մենք էլ բողոքում ենք, թե ինչու տուրիզմը չի զարգանում:

Թվարկածս խնդիրների սկզբնաղբյուրը մեր «հայավարի» մտածելակերպն է: Մեզ դեռ փոքր տարիքից համոզում են, որ հայից լավը չկա, բոլորը վատն են, հայը լավն է: Շատ անգամներ եմ տեսել, երբ նույն տիպի տգեղ արտահայտություններ անում են երեխաները, իսկ նրանց ծնողները, փոխանակ ասեն, որ չի կարելի, գովում և ուրախանում են: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե այդ պահին ինչքան եմ զայրանում։ Մեր մտածելակերպը փոխելու համար շատ-շատ երկար ժամանակ է պետք (դե, ցանկության մասին էլ չասեմ):

Սիրելիներս, եկեք ուղղակի հիշենք, որ վատ ազգ չկա, կան վատ մարդիկ: Ոչ մի հանգամանք մեզ չպետք է թույլ տա փնովել մյուսներին միայն նրա համար, որ նրանք չունեն նույն մաշկի գույնն ու արտաքինը, ինչ մենք: Մենք բոլորս տարբերվում ենք մեր արտաքինով, իսկ ներսում նույն օրգաններն ու ոսկորներն են: Եթե մենք նման կերպ վարվում ենք մեր հյուրերի հետ, մի օր էլ մենք ենք նման տհաճ իրավիճակում հայտնվելու նրանց երկրում: Սիրենք միմյանց, հարգենք միմյանց և փորձենք մի քիչ ավելի բարյացկամ լինել:

Մինչ նոր հանդիպում:

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Անահիտի նյութը մեզ խորհելու առիթ տվեց, մի՞թե մենք իսկապես այսպիսին ենք: Իսկ ի՞նչ ես դու կարծում: Արձագանքիր:

arman arshak

Հայաստանում գարունը սկսում է մարտի 2-ից

Երևի բոլորիս ընտանիքներում լսել ենք մարտիմեկյան դեպքերի քննարկումները ու հիմնականում չենք հասկացել, թե ինչից էին խոսում մեծերը: Հիմա մտածում եմ՝ երևի մեծերն էլ չէին հասկանում՝ ինչ է կատարվել:

2008-ի մարտի մեկին առաջին դասարանում էի ու ամեն ինչ չափազանց աղոտ եմ հիշում: Միակ դրվագը, որ ֆիքսվել է հիշողությանս մեջ, այն է, թե ինչպես էր մայրս համոզում հորս չգնալ Ազատության հրապարակ: Հիշում եմ, թե ինչպես էին հարևանները անհամբեր սպասում, որ լուրերը սկսվեն, և հասկանան՝ ինչ է կատարվում Երևանում:

Անցան տարիներ, և երբ 13-14 տարեկան էի, ավագ ընկերներս սկսեցին ինֆորմացնել՝ ինչ է կատարվել իրականում և տրամադրել մի քանի գիրք ու նաև մի ֆիլմ: Ֆիլմ, որը դիտելիս իրար էին միաձուլվել վախն ու անարդարության զոհ լինելու զգացումը: Կասեք, խնդրեմ, ինչո՞ւ էին հարևանները և մայրս սպասում լուրերին, եթե դա անաչառ լրատվություն չէր, մամուլն էլ անկախ չէր:

Ֆիլմը առաջին անգամ դիտելուց հետո հասկացա, որ ֆիլմը պետք է դիտի հասարակության մեծ մասը, քանի որ շատերն էին զոհ գնացել այդ կախյալ լրատվականներին: Այդ օրվանից ի վեր սկսեցի հույսերիս շարքին ավելացնել ևս մեկը: Ապրել՝ ունենալով հույս, որ կգա մի օր, և կբացահայտվի չտեսագրված լուսաբացը:

Օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացրեց այդ ֆիլմի՝ «Հայաստանի կորսված գարունը», ցուցադրությունը: Հուսամ՝ ֆիլմը դիտեցին շատերը և բացահայտեցին մարտի մեկը, իսկ երիտասարդ սերունդը ծանոթացավ իր երկրի պատմության կարևորագույն էջերից մեկին, որի մասին միշտ լռում էին:

2008 թվականից ի վեր Հայաստանում գարունն սկսվում է մարտի 2-ից, իսկ հայ ժողովուրդը միշտ մարտիմեկյան դեպքերի պահանջատերն է:

juli abrahamyan

Սկսվեց

Աշխարհում ամեն ինչ կտայի, միայն թե այս չարաբաստիկ օրը չգար: Առավոտյան մուշ-մուշ քնած եմ, մեկ էլ` զընգ, հա զընգ: Սկզբում մտածեցի, որ առավոտ-գիշերով` ժամը երկուսին, ընկերուհիս է որոշել արթնացնի, սակայն հետո քնած ուղեղս փայլատակեց, որ այսօր ես դասի եմ: Վերջ, հասկանո՞ւմ եք, վերջացան իմ ազատ ու անկախ օրերը, ցոփ ու շվայտ կյանքս մեկ վայրկյանում բեկորների վերածվեց:

Դե, իրականում ամեն ինչ այդքան դրամատիկ ու երկար չէր, «բետա» տարբերակն էր, էլի: Ինձ մի կերպ անկողնուցս քարշ տալով հասա լոգարան` լվացվելու նպատակով, սակայն ուղիղ տասնհինգ րոպե նայում էի հայելուն և ինքս ինձ հարց տալիս.

-Ջուլի, բա քեզ պե՞տք ա։

Մի խոսքով, արագ հագնվելով` պայուսակիս մեջ եմ լցնում էն, ինչ պատահի: Ի դեպ` պայուսակս հաճախ նման է «կարտոշկի մեշոկի»: Մի ոտքով խոհանոցում ջուր եմ խմում, մյուս ոտքով էլ շարֆս եմ կապում:

Մեկ ժամից ես արդեն մեքենայի մեջ եմ, մայրս ու հայրս զրուցում են, իսկ ես մտովի հոգեբան եմ դարձել և ինձ եմ հանգստացնում: Ախր, քսանչորս օր, ուֆ… Ասում են՝ նոր մոդուլներ են ավելանալու, իսկ թե որոնք` գաղափար անգամ չունեմ: Ինչպես կասեր մեր տակի հարևանը` իբր սաղ «դորդ ու բեշ» արինք, հիմա էլ էս:

Ըհն, քոլեջի դռների մոտ եմ, բայց չեմ կարողանում առաջ գնալ: «Տնաշեն,- մտածում եմ,- հո մահապատժի չե՞ն տանում»: Ոչ, սխալ չհասկանաք, ես սիրում եմ սովորել, սիրում եմ նոր բաներ հայտնաբերել, բայց չեմ սիրում դա անել պարտադրված, ինչ-որ թվանշանի համար, որ տարին մի քանի անգամ, լեզուս էլ չի «ֆռռում» ասեմ այդ բառը, քննություն հանձնեմ:

Ինչևէ, բարձրանում եմ երրորդ հարկ, և քանի որ բարձրանում եմ ոտքով, երկրորդ աստիճանից հետո արդեն շունչս փչում եմ: Հեռվից հեռու նշմարում եմ դասացուցակը: Մոտենում եմ ու հենց այդ պահին մտովի շնորհակալություն եմ հայտնում բոլոր երկնային և երկրային ուժերին, որ ինձ չթողեցին ուշաթափվել: Շաբաթվա մեջ երեք օր ունեմ չորս դասաժամ, ամեն մի դասաժամը՝ յոթանասուն րոպե, եթե չհաշվենք դասամիջոցները (ֆիզմաթի պահը դեռ ուժի մեջ է), ապա կստացվի երկու հարյուր ութսուն րոպե յուրաքանչյուր օր, որն էլ կստացվի մոտավորապես չորս ժամ: «Քաշվանք»,- մտքումս արտասանեցի այս յոթ տառից կազմված հրաշք բառն ու վստահ քայլերով գնացի լսարան:

Նստելով աթոռներից պատահական մեկին՝ հասկացա, որ սա կյանք չէ:

Պաշտոնապես եմ հայտարարում՝ էլ չեմ ձգում:

mariam nalbandyan

Բացարձակապես ոչ այդ բանի մասին

Այսօր գրելու եմ նյութ, որի մեջ ընդհանրապես չեմ խոսեու այդ բանի մասին։ Ու քանի որ այդ բանի մասին ես չեմ խոսելու, ուրեմն այդ բանի անունն էլ չեմ տա, կանվանեմ դրան X, կամ էլ կաշխատեմ չանվանել։

Լրանում  էր արդեն երկրորդ ժամը, ինչ մեզնից յուրաքանչյուրը նստած էր իր բազկաթոռին։ Բոլորիս գլխում մի հարց էր պտտվում, որը վերջապես մեզնից մեկը չդիմացավ ու գրեց ընդհանուր չատում․

-Իսկ հիմա ի՞նչ․․․

Մենք մոլորված էինք։

Մոլորված էինք նաև հաջորդ առավոտը։

-Հիմա ես ի՞նչ պարապեմ․․․

-Սուս մնա, դրա մասին էլ չենք խոսոմ։

Էդպես էլ ամբողջ օրը փորձում էինք չխոսել այդ բանի մասին, չհամեմատել մեր անցած տարվա ու այս տարվա արդյունքները, չկանխատեսել մյուս տարվա արդյունքները։ Դե, հո իզուր չենք սովորել հազար տեսակ կանխատեսումները, մի բան պիտի կանխատեսենք, չէ՞։

Բայց այսօր իմ նյութը ընդհանրապես դրա մասին չէ։ Թե ինչի մասին է՝ դեռ չեմ մտածել, բայց հաստատ ոչ դրա։ Ընդհանրապես՝ երբ ուրախ ես, ամեն ինչից էլ կարելի է խոսել։ Իսկ ես այսօր ուրախ եմ, ու ուրախ էլ լինելու եմ մինչև հաջորդ X-ը։

***

-Մարիամ, հլը նայի,- քույրս նստեց կողքիս ու հեռախոսը մտցրեց աչքս։

-Միկրոն վատ եմ գրել, իսկ միկրոյի կրեդիտը երեք ա, որպեսզի միկրոյի վատ գրածը կոմպենսացվի, ինձ անհրաժեշտ ա, որ PR-ից բարձր ստանամ․․․

-Նայի ամուսիններ են բաժանված, իբր, հանդիպել են, անձայն խոսում են․․․

-Բայց ես PR-ն էլ էդքան էլ լավ չեմ գրել ու անկանխատեսելի ա, թե ինչ կստանամ։ Դրան գումարած՝ ֆրանսն եմ էս տարի քանդել․․․

-КВН-ի ամենախնդալու վիդեոներից էր։

-Հա, շատ խնդալու էր։ Իսկ ֆրանսը էս տարի կարևոր էր բարձր ստանալը մյուս տարվա համար։

***

-Ի՞նչ եք անում։

-Ոչ։ Մի։ Բան։ Վայելում եմ ոչ մի բան չանելս։

-Ինչ-որ բան հաստատ պետք ա պարապել, ուղղակի մոռացել ենք։

Հա, ինչ եմ է պատմում, նյութս դրա մասին չէր։ Ուզում էի ասել՝ երբեմն ձեր հետ լինո՞ւմ է, որ բացարձակապես չուզենաս խոսել, իսկ քեզ անդադար հարցեր տան։ Ու էդ ժամանակ ամենամոտիկ մարդն էլ սկսում է նյարդերիդ անասելի ազդել։ Իսկ երբ տրամադրությունդ բարձր է, կամ այնպիսի տրամադրություն ունես, որ ուզում ես պատմել, խոսել, ոչ ոք քեզ համար ժամանակ չունի, կամ էլ՝ գլուխ ես տանում, վերջացրու։ Բոլոր մարդիկ թարս են, լուրջ եմ ասում։

***

Լրանում էր արդեն երրորդ ժամը, ինչ ես նայում էի դիմացի պատին, իսկ այնտեղ այդպես էլ չէր հայտնվում ընկերուհուս հարցի պատասխանը՝ հիմա ես ի՞նչ պարապեմ։

Երբ վերջին 10 օրը եղել են կյանքիդ ամենաերկար 13 օրը, որի ընթացքում պլանավորած ռոբոտի նման արթնացել, պարապել, քնել ես, արթնացել պարապել, գնացել X-ի, եկել տուն, քնել, արթնացել, պարապել ու էսպես՝ 6 հատ, դրանից հետո շատ դժվար է կյանքի հին ռիթմին վերադառնալը։ Հատկապես, երբ ունես ընդամենը մի ազատ շաբաթ, ու խոշոր հաշվով, վերջին ամբողջ մի ամիսն ես այդպես ապրել, ուղղակի՝ տասը օրը խտացված։

Ու երբ արդեն քսան րոպե ընկերոջս գլուխը տանում էի՝ դուստր և կախյալ ընկերությունների մասին պատմելով, հասկացա, որ ամեն X-աշրջանից հետո պետք է իմ կյանքում արժեքների վերադասավորում անեմ, ու ինձ՝ ֆորմատ։ Որ պատրաստ լինեմ նոր կիսամյակի ինֆորմացիան մեջս լցնելուն։

Իսկ եկող կիսամյակ երկու ֆրանսիացի դասախոս եմ ունենալու։ Բայց նյութս ընդհանրապես դրա մասին չէր։

hayk sargsyan

Կարևոր մի բան

-Քանիսի՞ն ա շարժվում:

-15:30, եթե, իհարկե, չեմ սխալվում,-ասածիս մեջ կասկած ունենալով, բայց ձայնիս ճոխ վստահությամբ պատախանեցի ես:

-Իրականում, 15:50,- պորտս տեղը դնող հայացքով պատասխանեց դիմացս նստած ոսկեշող մազերով սիրունիկ աղջիկը:

-Ավելի վատ, այսինքն` դեռ 47 րոպե կա,- հրճվեցինք ես և նա (Նար Դոսն էստեղ լիներ` կժպտար), մինչև մեջ չընկավ մի տղամարդ, ում կինը փորձում էր հանգստացնել «դախ» ձայնով լացող երեխային, իսկ նա անզգացմունք դեմքով ընդունում էր նիկոտինի երրորդ  ձողիկը:

-Էս ի՞նչ բան ա, Արտաշատի ու Մասիսի ավտոբուսները 15 րոպեն մեկ էթում են, իսկ Արարատինը` ժամը մեկ: Չե՞ն ջոկում, որ չի հերիքում ժողովրդին:

-Էհ, տղա ջան: Վայ, Նիկոլ, Նիկոլ… Դու հլը Նիկոլ ես, երբ էս անտեր ավտոբուսների հարցը լուծես` նոր կդառնաս Փաշինյան,- լայն ժպիտով պատասխանեց  կանաչ գլխաշոր կապած տատիկը, ինչի արանքից ձնծաղիկների պես թափվել էին նրա բարակ ու ճերմակ մազերը, որոնք ողողում էին տատիկի կնճռոտած, բայց քրտինքից փայլող ճակատը:

-Է՞ս էր ձեր հեղափոխությունը: Հեսա հելնելու ենք` Նիկոլին էլ պաշտոնից գցենք: Յանըմ բան փոխվեց: Ոչ աշխատավարձ բարձրացրեց, ոչ թոշակ, ոչ էլ ավտոբուսների հարցը լուծեց: Հլը առաջ գոնե կարում էինք գողություն անեինք` մի էրկու կոպեկ փող կպցնեինք, հիմա էդ էլ չենք կարում:

Ջուր բերեք, սառը ջուր: Բերեցի՞ք: Դե հիմա լցրեք վրաս, որ էս շոկից դուրս գամ ու գնամ էլեկտրաշոկային ճանապարհով հիշողությունս կորցնեմ: Շա՞տ թանկ ա, ոչինչ, ես պատրաստ եմ դրան, միայն թե մոռանամ զառանցանքը, որ նոր լսեցի: Ակամայից հիշեցի Ջոզեֆ դե Մեստրի հայտնի արտահայտությունը. «Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»: Վերջ: Վերջակետ…

Գնում է ավտոբուսը: Կարծես դիմացիս սիրունիկ աղջիկը և այն տատիկը քնել են, կողքիս պերճուհին էլ է քնել: Մայրը հանգստացրել է այն լացող երեխային, իսկ հանճարեղ գողը լլկվել է և խորհում է երևի «Մերժիր Նիկոլին» շարժման մասին, ո՞վ գիտի: Իսկ ե՞ս:  Ես փորձում եմ դիմանկարի հաճախորդ ման գալ, որ կարողանամ հեռախոսիս ապառիկը մուծել…