Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

mariam tonoyan

Ես սովորեցի տեսնել

Աշխարհն անսահման է, անծիր, անսկիզբ ու անվերջ, կանխատեսելի ու առեղծվածային… Մարդը, ով աշխարհ է գալիս այն բացահայտելու համար, հաճախ ձեռնունայն էլ վերադառնում է, երբեմն կարողանում է բացահայտումներ անել, իսկ հազվադեպ՝ նրա մի մասնիկն է դառնում։ Մարդը հասկանում է, որ արժե մտածել իր գոյության, կյանքի, աշխարհի, լավի ու վատի, ճշտի ու սխալի մասին, երբ բախվում է մի անլուծելի, անհասկանալի, տանջող խնդրի, որի լուծումն անորոշության մեջ է։ Այդժամ ինքն էլ սկսում է կասկածել թվացյալ դոգմաներին ու աքսիոմներին, կասկածում է տիեզերքի անծայրածիր լինելուն, հարաբերականության տեսությանը, բոլոր ճշգրիտ գիտություններին, հստակ բանաձևերին, չգրված օրենքներին ու կանոններին, բոլոր ընդունված կարծիքներին, անգամ 2+2=4-ի ճշմարտացիությանը։ Իսկ երբ կասկածում ես,  նշանակում է՝ մոտենում ես ճշմարտությանը, այն մեծ իմաստությանը, որը քո ներսում է թաքնված, իսկ քո առաքելությունն է` ողջ կյանքիդ ընթացքում բացահայտել այն։

…Աշնանը Ղրիմի «Արտեկ» ճամբարում էի: Ես նրա հետ այնտեղ ծանոթացա: Մեր առաջին հանդիպման ժամանակ նա անխոս իր ափերի մեջ առավ երկու ձեռքս ու սկսեց շոշափել, հասկանալ ձեռքերիս կառուցվածքը, զգալ ջերմությունն ու ամենայն  նրբանկատությամբ՝ մատնահետքերս մտովի գծագրել։ Ես անշարժ կանգնել էի նրա առջև ու չէի հասկանում, թե ինչ էր կատարվում։ Նրա տարօրինակ ու անսովոր այդ շարժումն ինձ շփոթության մեջ էր գցել։ Մատներս առանձին-առանձին ուսումնասիրելուց հետո բաց թողեց ձեռքս և վերջապես խոսեց.

-Ուրախ եմ ճանաչել քեզ, Մարիամ։ Անունս Անաստասիա է։

Նրա ձայնը ցածր էր, բայց հնչեղ ու լսելի։ Այդպիսի ձայն ունենում են ուժեղ բնավորությամբ, համառ ու ազդեցիկ մարդիկ, լավագույն հռետորները։

-Ես չեմ տեսնում,- անսպասելի շարունակեց նա՝ մեղմ ու անկաշկանդ ժպիտով,- երբեք չեմ տեսել։ Մարդկանց ձեռքերն ինձ շատ բան են ասում նրանց մասին, իսկ ձայնի միջոցով նրանց արտաքինն եմ պատկերացնում։

Ես ցանկացա խոսել, ասել ինչ-որ բան՝ պարզապես ասելու համար, որ չլռեմ այդ խոսքերից հետո,  բայց բառեր չգտնելով, ուղղակի բռնեցի նրա ձեռքը։ Ժպտաց։ «Ուժեղ մարդ է»,- մտածեցի ես։

Նրան հասկանալը դժվար չէր, նա չուներ կոմպլեքսներ, ինչպես ես։ Կյանքի մասին նրա պատկերացումներն ավելի հարուստ ու լավատեսական էին, ապրելակերպն՝ ավելի ակտիվ ու բազմաբնույթ։ Անաստասիայի հետ իմ ծանոթությունն ստիպեց ինձ մտածել ոչ թե իրերի կառուցվածքի, այլ էության ու բնույթի մասին։ Աշխարհի կառուցվածքը գուցեև բոլորի համար նույնն է, բայց նրա բնույթն ու ընկալումը միշտ տարբեր է։ Ես հասկացա, որ նրանից շատ բան եմ սովորելու…

Հաջորդ մեր շփումների ժամանակ նա էլ չէր շոշափում ձեռքերս։ Բավական էր կողքին կանգնել, և նա շնչառությունիցդ իսկույն կնկատեր՝ ով է իր կողքին։ Բավական էր դիպչել ձեռքին և հպումդ կմատներ քո ով լինելը։ Բավական էր մի բառ ասել, և նա իսկույն կտար քո անունը։

Նա սիրում էր անվերջանալի հարցեր տալ (երևի այդպիսով լրացնում էր այն ինֆորմացիայի պակասը, որը մարդը տեսնելով է ստանում): Մի անգամ Անաստասիան հարցրեց.

-Դու աղմու՞կն ես նախընտրում, թե՞ լռությունը։

-Լռությունը,-պատասխանեցի ես ու նույն հարցը նրան ուղղեցի։

-Ես աղմուկ եմ սիրում։ Ուզում եմ անվերջ զգալ մարդկանց ներկայությունը, խոսել նրանց հետ, կապվել նրանց…

Կյանքը հոսում էր նրա երակներում, նրա ժպիտից արև էր ծորում։ Նա խմբի հետ և՛ պարում էր անթերի, և՛ մեծ ձեռքբերումներ ուներ թատրոնում (ընկերները պատմում էին, որ մի քանի փորձը բավական է, որ Անաստասիան ճիշտ ժամանակին բեմ դուրս գա և խաղա պրոֆեսիոնալի նման՝ զգացնել չտալով իր տեսողական խնդիրը), իսկ երգեր սովորում էր մեկ անգամ լսելով և երգում սոխակի պես մաքուր ու հնչեղ։ Կարողանում էր ինքնուրույն կարդալ ու գրել բրալյան այբուբենով, հետևաբար՝ զբաղվում էր նաև լրագրությամբ, միայն թե ինչ-որ տեղ գնալու համար, նրան ուղեկցորդ էր հարկավոր։ Այդ հարցում ես միշտ պատրաստ էի, որովհետև գնալով հասկանում էի, որ կյանքը նա տեսնում է այնպես,  ինչպես պետք է որ այն լիներ և ոչ թե այնպես, ինչպես այն կար։ Անաստասիան ինձ սովորեցրեց տեսնել։ Ես տեսա արևը, տեսա ծովը, տեսա բնությունն իր հրաշալիքներով, որոնք քանի որ միշտ մնայուն ու մեր աչքի առաջ են, մենք երբեք չենք տեսնում։ Այո՛, նայում ենք, բայց չե՜նք տեսնում, չե՜նք նկատում։ Նա դարձավ իմ անլուծելի հանելուկը, մտածմունքներիս առարկան, որը պետք է ինձ ինչ-որ կարևոր բացահայտման հանգեցներ։ Ես բացահայտեցի, որ տիեզերքի մասին բոլոր կանխատեսումները, պատմության բոլոր Էյնշտեյններն ու մաթեմատիկոսները, բոլոր օրենքները ստել են մեզ։ Դրանք հղկել, փոփոխել, շրջել են մեր աշխարհը։ Որովհետև աշխարհն այն չէ, ինչն ապացուցված ու կանոնակարգված է, այն չէ, ինչը մենք չափում ենք հազարավոր կիլոմետրերով կամ լուսատարիներով, աշխարհն այլ վայրում է՝ մեր ներսում, որը տեսնում է Անաստասիան, բայց չենք տեսնի մենք, որովհետև մենք տեսնում ենք աչքերով, իսկ նա՝ սրտով։

anna  andreasyan

Երթուղայինները

Միշտ մտածել եմ, որ երթուղայինները բացի իրենց գլխավոր դերից, որը մարդկանց մի վայրից մյուսը տեղափոխելն է, ունեն նաև մի այլ, ոչ միտումնավոր ձևավորված դեր: Այդ դերը հասարակության հավաքական  պատկերը, բնավորությունը ու տրամադրվածությունը արտացոլելն է մի փոքրիկ տարածքում: Շատերը կարծում են, որ երթուղայինները հարմարավետ չեն, ու շատ ավելի ժամանակ կխնայվեր, եթե մեքենայով երթևեկեին: Նրանք միանշանակ ճիշտ են, բայց մի կարևոր բան են կորցնում՝ հասարակության տիպիկ մի զանգվածի ուսումնասիրելու հնարավորությունը: Ուսումնասիրել ասելով, իհարկե նկատի չունեմ այն ուսումնասիրությունը, որով տատիկներն են փողոցով պատահական անցնողին ուսումնասիրում:

Երթևեկիր Արմավիրից մեր գյուղ` Մայիսյան, տանող երթուղայինով, և չեմ չափազանցնի, եթե ասեմ` կբացահայտես մեր ժողովրդին ներկայումս անհանգստացնող խնդիրները, ժողովրդականություն վայելող մարդկանց, նորությունները, ու ինչու ոչ, նաև մեր ժողովրդի բնավորության շատ գծերը:

Օրինակ, մի քանի օր առաջ երթուղայինում պարզեցի, որ հեղափոխության ոգևորության ալիքը կամաց-կամաց մարում է, ու մարդիկ սկսել են քննադատել մեր նոր կառավարությանը: Մի կին մյուսին ասում էր, թե հույսերը, կապված նոր կառավարության հետ, չեն արդարանում, և երկրի վիճակը լավանալու փոխարեն վատանում է: Այս նույն խոսակցությունից կարելի է նաև հասկանալ, թե ինչքան փոփոխական են մարդկանց հայացքները: Վստահ եմ, այդ նույն կինը մի քանի ամիս առաջ փառաբանում էր հեղափոխությունը: Սովորաբար ամենաեռանդուն փառաբանողները նաև անենաշուտ երես թեքողներն ու քննադատողներն են: Եվ այդ քննադատությունները, ցավոք, ոչ միշտ են հիմնավոր լինում:

Երթուղայինների հետ կապված էլի շատ քննարկելու ու մեկնաբանելու բաներ կան, իհարկե, որը թողնում եմ մեկ ուրիշ անգամվա:

valentina chilingaryn

Ան(քննություն)

Երբևէ ունեցե՞լ եք հոգնածության զգացողություն։ Դե, խոսքը ֆիզիկական հոգնածության մասին չէ, այլ մտավոր, երբ կորցնում ես քնելու ունակությունը, բայց երազում Սպիտակաձյունիկի պես ժամանակավոր քնով ընկնելու մասին։ Ու մի տարբերությամբ, որ երբ արթնանաս, ավարտված կլինեն հայկական Նոր տարվա աժիոտաժը, ավարտական քննությունները, պարապմունքները, ընդունելության ոչ թե երկար, այլ շատ երկար ձևաթուղթը, որը լի է բազմաբնույթ տափակ վերնագրերով էսսեներով, ինչ-որ հիմար ֆինանսական թղթաբանությամբ, ու հա՜, գրողի տարած բացակայությունների պատճառով առաջացած տասնյակ առարկայական քննություններով։ Ու էս մոխրագույն ֆոնի մեջ միշտ կհայտնվի մի 60-70 տարեկան դեղին տատիկ ու կասի՝ դու իրավունք չունես հոգնելու, որովհետև դեռ կյանքի 10 տոկոսն ես տեսել։ Ու ես էս վերջերս, ինձ համար նոր լուծում էի հայտնաբերել, մտքիս մեջ հաշվում էի` չգիտեմ ում ոչխարներին։

-1 ոչխար, 2 ոչխար, 3 ոչխար ․․․ 40 ոչխար։

Հենց հասնում էի 40-րդ ոչխարին, չէ՛, չէի քնում, հոգնում էի։ Ու գրողի ծոցն ուղարկում ցանկացած քանակի ոչխարներին։ Հետո որոշեցի քնել հակառակ ուղղությամբ, կամ գետնին, կամ էլ սեղանին։

Մի անգամ իմ տափակ ընկերներիցս մեկին պատմեցի, որ չեմ կարողանում 40-րդ ոչխարից հետո հաշվել մնացած բոլոր ոչխարներին, ասաց՝ դրա համար մի հատ էլ 40-ը շրջան պտտվիր, հետո մի հատ էլ մինչև 40-ի կեսը հաշվիր, 100-ից կքնես։

Չգիտեմ ինչու եմ էս տափակ պատմությունը պատմում, բայց լուրջ հոգնեցի։

***

Քրոջս՝ Նարեի քնի մեջ հատուկ օրինաչափություն եմ նկատել։ Նա քնելուց 2 ժամ հետո 180 աստիճան թեքվում է պառկած դիրքում ( գիտեմ, հիմա կասեք, բա քնած ա, բա պառկած դիրքում պիտի թեքվի, հո կանգնած կամ ծնկաչոք դիրքերում չէ՞ր թեքվի, բայց հավատացեք, յուրաքանչյուր դետալ կարևոր է)  10 րոպե հետո տեղափոխում աջ ձեռքը դեպի գլխավերև, 4 րոպե հետո աչքերի կոպերը անկանոն շարժվում են, որից 1 րոպե 13 վայրկյան հետո կարելի է լսել․ «Ի՞նչ ես խելագարի պես նայում վրաս, քնի՛, թող նորմալ մարդիկ էլ քնեն» արտահայտությունը։ Այս հետաքրքիր առեղծվածը նկատելի է դարձել արդեն 2 շաբաթ, ու վստահորեն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր դետալ իրականացվում է բացարձակ ճշգրտությամբ ամեն գիշեր, բայց ես հավանաբար խելագար չեմ։ Գուցե։

-Ռաֆ, գիտե՞ս, գիշերը հետս տարօրինակ բաներ են կատարվում։ Ինձ թվում ա` գիշերը ազդեցություն ունի վրաս։

-Ու ի՞նչ ա կատարվում։

-Ես գիշերը սկսում եմ սիրել էն մարդկանց, որոնք ինձ չեն հետաքրքրում ցերեկը։ Մտածու՞մ եմ դե, միգուցե, դե սիրով եմ լցվում գիշերը։ Գիշերն էնքան շատ եմ զգում նման մարդկանց կարիքը, որոնց կյանքը ինձ չի հետաքրքրում ցերեկը։

-Չէ, ինձ թվում ա` դու ուղղակի գիշերը պարապ ես մնում, որովհետև պարապ մնալուց միայն մարդ կարող է էդքան երկար խորանալ ու մտածել։ Արի, դու մի մտածի։

-Լավ,- ձևացնելով թե համաձայն եմ, եզրափակեցի Ռաֆի տափակ մտքերը։

-Բա, ֆեյսբուքդ ինչի՞ ակտիվ չի։

-Դե ֆեյսբուքից էլ overtired եղա, դրա համար ջնջեցի։

-Overtired եմ եղել, ես կարիք ունեմ unplugged լինելու կամ I swear ուզում էի հանգստանալ ինֆորմացիաներից, ո՞նց ա  ստացվում, որ էդքան շուտ-շուտ հոգնում ես։ Ախր, անցյալ ամիս ջնջեցիր Instagram-իդ էջը։

-Լսի, հավատա, ես աննորմալ չեմ, ուղղակի ես ժամանակ առ ժամանակ հոգնում եմ։ Դու հասկանո՞ւմ ես, զուտ հոգնում եմ։ Մարդիկ հոգնում են,- ասացի ու մտքիս մեջ կրկնեցի․ «Մարդիկ հոգնում են, տափա՛կ»:

***

Գրողը տանի, էլ չեմ համարձակվի վախենալու ֆիլմեր դիտել։ Ուզում եմ վերմակը քաշել վրաս, որ չմրսեմ, մտածում եմ, երևի կանաչ աչքերով սև անիմոնուսը իր ճանկերով կպած է վերմակիս, ու որ քաշեմ վերմակը, հաստատ կթռնի դեմքիս վրա, հետո ես կբղավեմ, քույրս կարթնանա ու կբողոքի, որ չեմ թողնում քնի։ Ավելի լավ է առանց վերմակ քնեմ, ես հավես չունեմ հա՜, էս աղջկական հիմար կռիվների հետ։ Ուզում եմ բարձս հակառակ ուղղությամբ թեքել, որովետև էդ սառը մասը շատ հաճելի ա, էլի, բայց մտածում եմ` հանկարծ էդ ընթացքում բարձիս միջի փետուրները կսկսեն բարձր ծիծաղել ու աղաղակել և խուտուտ տալ։ Ա՜յ մարդ, ջհանդամ թե խուտուտ կտան, բա որ քույրս արթնանա՞ իմ ծիծաղի ձայնից։ Դե արի ու հիմա բացատրի, որ բարձիդ փետուրներն են բղավում։ Լավ, բայց իմ բարձը փետուրով չի, կարող եմ թեքել, կամ էլ չէ, որովհետև գուցե հենց իմ բարձի տակ է կոտրված Անաբել տիկնիկի կորած կտորը։ Գրողը տանի, ես չեմ ուզում հովանալ։ Ուղղակի ուզում եմ քնել։ Վերջ։

Ոնց կուզեի մահճակալի տակից հանել գուլպայիս մյուս զույգը։ Երանի այնտեղ էլ տիկնիկի հոգին չլիներ, որը կարողանում է դեպի իրեն քաշել ցանկացած մարմին ու դաժանորեն սպանել։

Ինչ լավ է, որ գոնե վերմակը ոտքերիս ծայրերը ծածկել է, թե չէ հիմա արդեն մտածել էի, որ էլեկտրական սղոցով ծաղրածուն սպասում է իմ մերկ ոտնաթաթերին՝ դրանք կտրելու համար։ Միայն պետք է ուշադիր լինեմ, որ վերմակը չընկնի ոտքերիս ծայրերի վրայից, թե չէ` ես հավես չունեմ, որ Նարեն էդ էլեկտրական սղոցի ձայնից արթնանա։ Հետո, դե արի ու բացատրի, որ էդ մարդը զուտ իմ ոտնաթաթերն ա կտրում, ոչ թե եկել ա` դիտմամբ իրեն արթնացնի։ Նարե ու փորձանքից հեռու։ Երբ պիտի լուսանա, աստված գիտի։

***

-Բարև, ի՞նչ կա չկա։

-Բան չէ։

-Լսի, էսօր ․․․

-Մի շարունակի էլի, Վալ ․․․

-Իմ պատմությունները անհետաքրքի՞ր են։

-Դու իմ կյանքի րոպեները խլում ես, էնքան անհետաքրքիր են պատմություններդ։ Մի պատմի։

-Լավ։

Էսօր հոգնած չեմ։ Ոչ մի ոչխար, ոչ մի  սարսափ, ոչ մի պարապմունք։ Էսօր քնում ենք։

***

Հեսա մի ամսից 18 տարեկան եմ դառնում։ Տասնո՞ւթ։ Հլը ասեք` տասնութ։ Ես 18 տարի ա շնչում եմ էս մոլորակի վրա, ես արդեն ապրել եմ 18 ամառ։ Եսիմ, էս տարի մի բան անեմ լրջանամ։ Երբ շատ փոքր էի, ասում էի 18-ս գիտե՞ք ոնց եմ նշելու, բոլոր ընկերներիս ու բարեկամներիս հրավիրելու եմ ու մեծ քեֆ եմ անելու։ Ու դժվարությամբ եմ հիշում մի ծնունդ, որ իմ պատկերացրած քեֆը արել եմ։ Ամիսներ առաջ ընկերներով զանգեցինք, խոսեցինք մի ժամանցային վայրի աշխատակցի հետ, պայմանավորվեցինք, որ փետրվարի 12-ին օր ենք վերցնում ծնունդի համար։ Հետո շաբաթներ առաջ ես փոխեցի որոշումս։

-Պապ, կարո՞ղ եմ փետրվարին գնալ Թբիլիսի։

-Ծնունդիդ համա՞ր։

-Ահան։ Ես, Նարեն, Հովոն ու Հուսոն։ Արդեն պայմանավորվել ենք հյուրանոցի ու տուրի հետ, ամսի 11-ի առավոտյան գնում ենք։

-Բա ի՞նչն ա մնացել։

-Դե, մենք։

-Ուզում եմ հասկանալ, ի՞նչն ա ինձնից կախված։

-Դե, մենք։

-Լավ, մի բան կանենք։

Շաբաթների ընթացքում էլ պլաններ փոխվեցին։ Ամեն ինչ խառնվեց, կամ ավելի ճիշտ, խառնեցի, ու էդ պատճառով ամեն իրիկուն մաման ասում էր․

-Բա ե՞րբ եք գնում Թուրքիա։

-Բա, Թաիլանդ չեք գնո՞ւմ։

-Բա Մոսկվա չե՞ք գնում…

-Բա Աթենք չե՞ք ուզի։

Ու վերջում․

-Որ գնաք, աղբը չմոռանաք։

Հիմա ավելի քիչ ժամանակ է մնացել, բայց ծնունդի վերաբերյալ խոսակցությունները դադարել են։ Արդեն գիտեմ, որ այդ օրը պարապմունքի եմ լինելու, ու զուր էին հատուկ նախապատրաստությունները։ Այսինքն էս տարի յուրովի եմ նշելու՝ ծնունդս չեմ նշելու։

***

Մեծանալով համոզվում եմ, որ մարդկանց երջանկությունը տրվում է հավասարաչափ։ Զուր են էն մարդկանց բողոքները, ովքեր ասում են՝ բա գիտե՞ք, ողջ կյանքս տխուր եմ եղել, միայն սև օր եմ տեսել, իսկ մեր հարևան Լյուդմիլայի աղջիկ ընկերուհու տեգրը միայն երջանիկ է եղել։ Չէ, էլի, չէ՛, ուղղակի չենք հասկանում թե որտեղ սպառեցինք մեր երջանկության վերջին չափաբաժինը։

Եսիմ, երջանկությունն էլ մի փունջ ծաղիկ չի, որ գնես։

Ինձ թվում ա հիմա մեծ-մեծ խոսում եմ ու փիլիսոփայական սահմանումներ փնտրում երջանկության մասին, մինչդեռ մեռնելուց կարծելու եմ, թե սովորական ապուշ էի։ Է՜հ, չգիտեմ։ Էս ի՞նչ ա անում էս տարիքը, ը՜… Դե, 18-ը, էլի, լրիվ ծերացել ենք, ա՜յ մարդ։

***

-Վալ, ոնց կուզեի, որ դու մի քիչ էլ դուխով լինեիր։

-Հավես չունեմ։

-Վալ, մի վախեցիր, որ 19 տարեկանում համալսարան կընդունվես, մի վախեցիր, որ դպրոցի քննությունները կտապալես, մի վախեցի՛ր։ Եթե հիմա էլ որոշել ես իրավաբան դառնալ, գնա ու դարձիր։ Եղա՞վ։

-Բա, սուրճ չես հյուրասիրի՞։

-Ստացում ա էլի միշտ մոտդ։ Լսի, էս լույսից ես նեղվո՞ւմ, ինչի՞ ես աչքերդ թարթում։

-Չէ, հոգնած եմ։ Մկո, ախր երբեմն ստիպված են կորել։ Դու հասկանո՞ւմ ես, չէ՞ ինձ։

-Շատ լավ ես արել։ Հասկանում եմ։ Ես էլ կուզեի։

-Բա ինչի՞ չես երազում կորչելու մասին։

-Արա, ախպեր, ես տղա եմ։ Սիրուն չի, որ տղան կորի։ Ես ընկերություն ունեմ, կարոտում եմ, ուզում եմ կապ պահեմ, ես չեմ կարող քո պես ճգնել։

-Ես էլ եմ կարոտում։

Մկոն իմ ճանաչած ամենաուժեղ մարդն է։ Վստահ եմ, մի օր անպայման կպատմեմ նրա հերոսությունների մասին։ Որ հաճախ ասում եմ․

-Մըկ, դու դեմք ես, մի օր քեզնից ինտերվյու եմ վերցնելու։

-Արա, ախպե՛ր, լավ։ Բայց մենակ անունս կփոխես, էլի։

***

Ես երազում եմ, որ ծննդյանս տարեդարձին, էլեկտրոնային փոստարկղս լցված լինի շատ ու դեղին նամակներով։ Ես երազում եմ, որ ֆեյսբուքը չհիշեցնի ծննդյանս օրը։ Ուզում եմ, որ մարդիկ հիշեն։ Երկու ձեռքերով ու ոտքերով, հասարակ մտածողության ենթակա մարդիկ, ոչ թե նրանց ուղեղում ապրող ֆեյսբուք։

***

1 ոչխար, 2 ոչխար, 3 ոչխար ․․․ 41 ոչխար։

Բարի Գիշեր։

Անհետացող Երևան

Լուսանկարը` Զավեն Աբրահամյանի

Լուսանկարը` Զավեն Աբրահամյանի

Հին Երևանի շենքերը՝ չի խնայել ոչ ժամանակը և ոչ էլ մարդիկ: Երևանում պահպանված հին շենք-շինությունների ամենամեծ կուտակումներն են՝ Հանրապետության փողոցը, Գլխավոր պողոտան (Արամի և Բուզանդի փողոցների պուրակը) և Աբովյան փողոցը:

Այս անգամ որոշեցի քայլել Արամի և Բուզանդի փողոցներով և մեկ անգամ ևս զգալ Հին Երևանը: Ամբողջ աշխարհում ընդունված է պահպանել հին շինությունները, հպարտությամբ ցուցադրել դրանք: Օրինակ, Թբիլիսիում պահպանվում են հին շենքերը, փողոցները, իսկ նոր երկնաքերերը, հյուրանոցները, առևտրի կենտրոնները կառուցվում են քաղաքի արվարձաններում, իսկ մեզ մոտ դրանք քանդվել են, քանդվում են, վերածվում աղբանոցների:

Մարդիկ մտածել են միայն սեփական եկամտի մասին՝ ոչնչացրել են մշակույթային հուշարձանները, որոնց տարիքը գերազանցում էր 150 տարին,  ոչնչացրել են քաղաքի պատմական կենտրոնը:

Լուսանկարը` Զավեն Աբրահամյանի

Լուսանկարը` Զավեն Աբրահամյանի

Ժամանակին քայլել են այդ փողոցներում, հիացել նեղլիկ, սրբատաշ սև տուֆից և բազալտից կառուցված երկհարկ և միահարկ շենքերով, որոնք Երևանին հին շունչ ու ոգի էին հաղորդում

Լուսանկարը` Զավեն Աբրահամյանի

Լուսանկարը` Զավեն Աբրահամյանի

Ոչնչացնելով այդ շենքերը, մենք ջնջում ենք Երևանի պատմությունը: Ամեն ինչ գեղեցիկ է հնի ու նորի ճիշտ համատեղմամբ: Այս դեպքում  քանդելով հինը՝ նորը կառուցելու նպատակով, կարծում եմ ճիշտ մոտեցում չէր:

Պետք չէր քանդել Հին Երևանը:

davit gorgoyan

Քո «տանից» դուրս

-Կլինի՞ հետս չքայլես, ամոթ ա: Մարդիկ իմ մասին ի՞նչ կմտածեն:

-Լավ:

-Արա, հո դու խայտառակ չե՞ս: Էդ ձմեռ պապու գլխարկով դուրս չգաս միջանցք:

-Այո՜, էս ինչ ուրախ եմ ես, թռի գիրկս, ծիտս:

-Արա, ամոթ ա, սուս մնա:

-Ուրեմն քաղաքակիրթ մարդու տպավորություն թողնելու համար անչափ կարևոր է պահպանել էթիկետի կանոնները:

-Կարևոր չի: Ես թքած ունեմ ձեր քաղաքակրթության վրա: Ինձ էդպես հարմար չի, չեմ անում: Պիցան միշտ ձեռքով եմ կերել, էդպես էլ շարունակելու եմ: Հետաքրքիր է կնոջ տարիքը` հարցրել եմ, ու էդպես էլ շարունակելու եմ: Նստելուց էլ էլի ոտքս ոտիս եմ գցելու, էդպես հանգիստ է:

-Արա Դավո, սուս մնա, ամոթ ա:

-Դավ, իմացե՞լ ես, ****-ը էլի նրան ա կպել: Ամոթ-աբուռ կորցրել են լրիվ:

-Հա, ի՞նչ անենք: Մեկը պոռնիկ ա, մյուսը՝ փչացած, դու երեկ մորդ խաբեցիր, ես էլ առանց բարձ եմ քնում: Ամեն մեկին մի բան ա դուր գալիս, ինչի՞ եք քիթներդ խոթում ուրիշի անձնական կյանք:

-Ամոթ ա, հենց հիմա նասկիներիդ կարմիր պալասավոր մասը վերև բարձրացրու, քանի հորդ չեմ ասել:

-Արա, էս էլի էդ տերտերի մանթոդ ես հագել:

-Հա, խի ի՞նչ կա, ամոթ ա՞:

-Հա, բա ին չա:

-Ինչի՞, հագս բան չկա՞, որ ամոթ անեմ:

-Չէ, դե ուղղակի…

-Արի` դու իմ տեղը մի նեղվի, կամ էլ կողքիցս հեռու մի գնա, ես ձիգ կքայլեմ, դու էլ ամոթ կանես:

…Բարև: Ես այսօր էլ ծնվեցի մի երկրում, ուր քո տիեզերքում բացի քեզանից այլ աստվածներ էլ կան: Հանրություն կոչված ավտորիտարիզմում քո վախերը քո արժեքներից թանկ են: Քո անփորձությունը քողազերծ անելով հայտնի ու անհայտ վախերդ արնահոտ են ցրում, այդպիսով քեզ դարձնելով զոհը մի գիշատչի, որի ձեռքից ամեն դեպքում պրծում կա:

… Ես սիրում եմ քո պարտված տեսակը, քո այն խիզախ տեսակը, որ իր ներքին մերկությունից չամաչելով, անընդհատ կանգնում դիմացս ու ինձ նախատում է: «Ամո՛թ է»: Քո պարտված այն տեսակը, որ վախենում է իր վախերից, վախենում արտահայտվելուց ու գոռում իր շղթաները չընդունողի վրա:

Մի բան հագիր` չմրսես: Ես ամենևին անսովոր եմ քո մերկությանը: Տես, կարմրեցի:

…Ամո՛թ է…

Ո՛չ: Ամոթը գիտե՞ք որն է: Այն սկսում է տան մասին ձեր պատկերացումներից: Ձեր տան սահմանը վերջանում է այնտեղ, երբ փակում եք դուռը: Փողոցը, բակը, քաղաքը, գյուղն ու երկիրը ձեզ համար տուն չեն: Ամոթը իմ հակաճառելու մեջ չի՛, այլ այնտեղ, որ իննսուն միլիոնանոց տոնածառի արժեքը դուք ձեր գրպաններից դուրս եկող յոթանասուն վեց դրամներով եք տեսնում: Գիտե՞ք ինչ կա, մենք ենք գնել այն, մեր քաղաքի գեղեցկության համար, մեզ հարկավոր չի այդ յոթանասունվեց դրամը, փոխարենը` հրաշք տոնածառ ունենք: Մի բան ասե՞մ, ոչ ոքի չասեք:

Նախորդ ամիս լրացավ երեսուներորդ տարին, ինչ մենք աղետի գոտի ունենք, չորս հազար հինգ հարյուր աղքատ ընտանիք, ինը հարյուր հազար աղքատ բնակիչ: Իսկ դուք դրել հաշվում եք, թե տոնածառի գինը յուրաքանչյուր երևանցու բյուջեի քանիերորդ մասն է կազմում: Նույն սրտով էլ Նոր տարի եք նշում: Մեր երկու միլիոնանոց բնակչության երեխաների մի հսկա մաս էդպես էլ քաղցրը շատ քաղցրից չի տարբերի, նրանց համար օրերով սոված մնալը ապրելու բնազդ է, իմունիտետ, աղոթքը՝ խաբված ինքնախաբեություն, խոնավությունն ու ցուրտը՝ անբաժան ընկեր, Ամանորը՝ չգրված հեքիաթ, էլ կրթությունից չեմ խոսում:

Գիտե՞ք, ամոթը որն է: Ամոթը կրթություն չստացող սոված երեխան է: Իսկ ո՞վ է անկիրթ մանուկը, եթե ոչ քո երազանքի երկրի խարխուլ հիմքերը: Ամոթ չի՞ բացարձակ սեյսմակայունությունից զուրկ լիքը դպրոցներ ունենալ: Մի բան էլ ասե՞մ: ԿԳՆ-ն 17 միլիոն հատկացրեց մի հաղորդաշարի վրա, որին հանդիպելիս դու անկասկած փոխել ես ալիքը: Ինչո՞ւ, տունը միայն գերժամանակակից սարքավորումներով լցված ու թարմացվող մի քանի դպրոցնե՞րն են: Շատ պատանիներ զուրկ են մնում կրթություն ստանալու իրավունքից զուտ այն պատճառով, որ դպրոցում, բացի կարգին կրթությունից, ամեն ինչ ստանում են, իսկ անհատական ուսուցիչ վարձելու համար բավական գումար չունեն: Իսկ որտեղի՞ց ունենան, երբ աղքատ բնակչության թիվը ուղիղ համեմատական է մեր տասը մարզերից վեցում ապրող մարդկանց թվին: Գիտե՞ք ամոթը որն է: Ամոթը նման կարգավիճակով հզոր պետությունների արանքը խցկվելն է: Ու քանի էսպես էլ շարունակում ենք, մեր վրա միշտ էլ մատ են թափ տալու, դու միշտ էլ արտասահմանում ուսանելու երազանքով ես քնելու-արթնանալու, ու մի օր հաստատ ոտքերդ կմաքրես երկրի շեմին` էլ հետ չգալու հույսերով:

Քո «տանից» դուրս հայրենիքը չի ավարտվում:

Հ.Գ. Ամանորյա չստացվեց, ամո՞թ ա…

gohar hakobyan (ararat)

Նոր բան չեմ ասում

Ես ուզում եմ տոներից խոսել։ Ախր, ինչո՞ւ չենք ուզում հասկանալ, որ Նոր տարին չի սկսվում խոզի թանկարժեք բդով ու վերջանում շուկայի ամենաթանկարժեք մրգով, որը պարտադիր պետք է լինի յուրաքանչյուր հայ տիկնոջ ամանորյա սեղանին։ «Հա, դե ումի՞ց ենք պակաս»: Ես արդեն հոգնել եմ այս նախադասությունն անվերջ լսելուց։

Ինչո՞ւ չենք ընդունում, որ Նոր տարին դա պարտադրված ծախսերի ու պարտքերի տոն չէ։ Այն ընդամենը պարզություն ու մաքրություն ավետող երևույթ է։

Մի պահ բարձրացրեք ձեր գլուխը վերջ չունեցող ձեր ցուցակներից, գցեք գրիչը ձեր ձեռքից, միացրեք համակարգիչը, թերթեք լուրերը, տեսեք այլ երկրների տոները ինչպես են նշվում։ Մարդիկ անհոգ են, տեսնո՞ւմ եք։ Իսկ դուք մտածում եք երեք տեսակի երշիկ գնելու մասին։

Գնացեք խանութ, գնեք ձեզ համար այն գեղեցիկ զգեստը, որ ստիպված չէիք գնում, քանի որ ամանորյա մրգերը թանկ էին։ Կիսաքաղցր շամպայն վերցրեք խանութից։ Հարդարվեք ուզած ձևով։ Ժամը տասներկուսն ազդարարող ղողանջներին հյուրասենյակում սպասեք, այլ ոչ թե  խոհանոցում բլինչիկ փաթաթեք։

Սա ձեզ ասում է մի մարդ, ում մայրիկին չի փրկել նույնիսկ այն փաստը, որ հենց ամսի երեսունմեկին է ծնվել։ Միևնույն է, նա մինչև ժամը 12-ը խոհանոցից դուրս չի գալիս։

Հետո թաքուն ինձ բողոքում, որ ծնունդից բան չի հասկանում։

—Մամ, ախր, ես հո՞ գիտեմ, որ դու կկարդաս սա, ու վստահ եմ հոգուդ խորքում անձայն կհամաձայնվես։

Բա, տեսնո՞ւմ եք, թե մենք ինչքան սխալ ենք տոնում Նոր տարին։

Չեմ սխալվի, եթե ասեմ, որ մենք ոչինչ էլ չգիտենք Ամանորի մասին։

Այ, օրինակ, ձեզանից քանի՞սն է երազանք պահում Ամանորի գիշերը։ Վստահ եմ, չեք էլ հավատում կամ հավատում եք, չգիտեմ։

Նոր տարին միայն տասը օր կուշտ ուտել խմելու համար չէ, փորձենք երազել, կամ գոնե երջանկանալ ու երջանկացնել։

Երազանքներ ունենանք մեր մեջ, թույլ տանք նրանց մի պահ կառավարել մեզ։ Չգիտեմ, հուսով եմ, հասկացաք ինձ կամ էլ` չէ։

Սիրելիներս, վայելենք մեր տասներեք օրերը տանը։ Հյուրեր ընդունենք, հյուր գնանք, ուղղակի ժպտանք իրար։ Նոր տարին պարզապես հրաշք է։ Հանենք մեր մտքից այն թյուր կարծիքը, որ մեր սեղանը պետք է հարևանի սեղանին գերազանցի։ Միևնույն է բոլոր կերակուրներն էլ վերջում հոգնեցնելու են, երբ չիմանաք` թե ոնց սառնարանում տեղավորել։

—Մամ, խնդրում եմ, քիչ կպատրաստես դրանցից։

Լավ, ինչևէ, շնորհավոր ձերն էլ…

Anna Andreasyan

Ո՞ւր է կորել Ամանորյա տրամադրությունը

Մեկ տարի առաջ այս օրերին ամերիկացի հյուրընկալող ընտանիքիս հետ արդեն պատրաստ էինք Սուրբ Ծնունդը նշելուն: Դեռ մանկուց ամերիկյան ֆիլմերում տեսնելով այն ոգևորությունը, որով ամերիկացիները նշում են Սուրբ Ծնունդը՝ երազում էի մի օր հայտնվել այդ միջավայրում և նրանց պես նշել տոնը: Իհարկե, ընդունված կարծիք է, որ ֆիլմերում մի քիչ չափազանցրած են ներկայացնում ամեն ինչ: Բայց սա հաստատ այդ դեպքը չէ: ԱՄՆ-ում Սուրբ Ծնունդը անցնում է հենց այնպես, ինչպես նկարագրված է:

Հիմա արդեն մեկ տարի անց ես նորից տանն եմ, և արդեն պատրասվում ենք Ամանորին: Բայց այստեղ այդ պատրաստությունները մի տեսակ պարտադրանք են թվում: Ում տեսնում ես` բողոքում է, վերջում էլ ասում՝ էս Նոր տարին էլ մի կողմից: Հանդիպածս մարդկանց մեծամասնությունը անհամբեր սպասում է, թե այս ավելորդ «գլխացավանք»-ը երբ է անցնելու:

Իսկ ի՞նչն է այս Ամանորյա տրամադրության բացակայության պատճառը: Գուցե մեր՝ հայերիս ամեն ինչ ծանր տանելու ու բարդացնելու բնավորությունն է պատճառը, որ շատերս չենք կարողանում վայելել տոնը, ինչպես հարկն է: Կամ էլ գուցե Ամանորը  նյութականացնելն է տրամադրության բացակայության պատճառը: Մարդիկ Նոր տարի ասելիս մտաբերում են, թե ինչքան պատրաստություններ պետք է տեսնել:

Մի խոսքով, դեռ չբացահայտված պատճառներով, Հայաստանի որոշ տարածքներում Ամանորը կորցրել է իր երբեմնի համն ու հոտը:

Հ.Գ. Հուսամ այս հոդվածը կարդալուց հետո կփորձեք գոնե, շատ չէ, մի երկու տոն բարձրացնել ձեր ամանորյա տրամադրությունը:

aniharutyunyanarm

Տունը ձմռանը

-Էհ, Աստված, գոնե շատ ցուրտ չանի էս տարի, ցախը յոլա տանի,-բակում կանգնած մառախլապատ երկնքին նայելով խոսում է ծերուկը։

Մի քիչ մրսելով նայում է բակին. ամեն ինչ դասավորված է, պահոցի դուռը պինդ փակված է. պահածոները չեն սառչի, շունը տաք բնում քնած է։ Գյուղացի ծերուկը տուն է գնում. հանգստանալու ժամանակն է։ Կոտրատած ու պահեստավորած ցախը արդեն քիչ-քիչ տուն է տանում, թափ տված վառարանն արդեն դրված է, ցախը վառարանում ճարճատում է, տաքությունը հաճելի է, երբեմն՝ շատ, որ կողքին երկար կանգնել չի լինում։ Ձմռան համար նկուղում պահվող կարտոֆիլը վառվող վառարանի վրա պլեճ է դառնում, կողքին փոքրիկ տեղ է բացված թեյնիկի համար, ջուրն արդեն եռում է, թեյի բաժակները կողքի փոքրիկ աթոռին են դրված, այգուց հավաքած, մի քիչ ցուրտը տարած ծիրանի մուրաբան անպակաս է, մի քանի կոնֆետ ու թխվածքաբլիթ է դրված ափսեի մեջ, բայց դրանք մնում են տեղում, մուրաբայի ափսեն միշտ դատարկվում է. իրենց ձեռքով պատրաստած մուրաբան ուտում են ավելի սիրով։

Գյուղի տունը շատ մեծ է, թոռները տանը չեն, մեծ տունը ձմռան ցրտից ավելի լքված է թվում, դրա համար ծերուկները վառարանը դնում են փոքր միջանցքում, մեծ հյուրասենյակի դուռը փակում, որ դատարկությունը շատ չզգացվի։ Թե բախտները բերի, թոռները ձմռանը կգան, մի քանի օր էլ կմնան, բայց այդ ժամանակ էլ հյուրասենյակի դուռը չեն բացի, որ փոքր միջանցքում իրար ավելի մոտ նստեն, վառարանի ջերմությունից շատ թոռների ջերմությամբ տաքանան։ Երեկոյան պապը՝ թոռների աղմուկից հոգնած, բազկաթոռին կքնի, ֆուտբոլը այդպես կմնա միացրած, բայց տատը հերթական սերիալը նայելու համար ալիքը չի փոխի, որովհետև թոռների համար թաքցրած ամենահամեղ ուտելիքները պիտի հանի և ուշադիր հետևի, որ հանկարծ ինչ-որ բան ափսեներում չմնա։ Պապը ամեն անգամվա նման երկրորդ խաղակեսից առաջ չի գնա պառկելու, նա գիտի, որ եթե մնաց, անպայման կքնի, բայց գոնե թոռներին մոտ կլինի, միգուցե վազվզելիս միամիտ դիպչեն իրեն, արթնանա, ձևական բարկանա, բայց սրտում ուրախանա՝ մի քիչ էլ կանցկացնի երեխեքի հետ։

Առավոտյան թոռները ուրախ-ուրախ կգնան քաղաք, որովհետև տատն ու պապը ժպիտով կճանապարհեն, կճանապարհեն ու կգնան վառարանի մոտ, պապը դիտմամբ ծուխ կթողնի վառարանից, որ արդարանա, թե ծխից են աչքերը լցվել, տատն էլ թեթևացած կհամաձայնի` իմն էլ:

Ձմեռը կգա ու քուն կբերի տներին, դաշտերին ու գյուղացուն, տուն կբերի տղաներին, թոռներին ու գյուղացուն, ձմեռը կգա, որ մնացած երեք եղանակի համար հանգիստ ու նոր ուժ բերի գյուղացուն:

Anushik Mkrtchyan

Մեր 71 000 000 դրամանոց տոնածառը

Գիտե՞ք, ինչի մասին եմ ուզում խոսել: Չնայած, ասենք, որտեղի՞ց իմանաք: Խոսելու եմ մեր մայրաքաղաքի նոր տոնածառի ու բողոքողների մասին, ինչպես նաև որոշ մարդկանց կարծիքներն եմ ներկայացնելու:

Երևի բոլորս էլ հիշում ենք, թե ինչքան էին դժգոհում Երևանի մեր հին տոնածառից: Ասում էին՝ «ինչո՞ւ չեք փոխում, 100 տարի է` էս տոնածառն է, ինչ տգեղ է մեր տոնածառը, Վրաստանը ամեն տարի փոխում է, մենք՝ չէ» ու նմանատիպ կարծիքներ հնչեցնողները շատ շատ էին:

Հիմա մեր տոնածառը վերջապես, այսքան տարի հետո փոխվեց, բայց դժգոհողներն ու բողոքները անպակաս են: Ու գիտե՞ք ինչն է նյարդայնացնող, որ բողոքողները այն նույն մարդիկ են, ովքեր մի տարի առաջ ասում էին. «Այ մարդ, էս մեր տոնածառը ե՞րբ կփոխեն»: Հիմա էլ, որ փոխել են, ասում են. «71. 000 000 դրամանոց տոնածառ առնելու փոխարեն թող այդ փողը բաժանեին ժողովրդին»:

Երևանում ապրում է 986 111 մարդ: Բերեին ամեն բնակչի 72 դրամը տայի՞ն: Ես որոշեցի մի քանի հոգուց հարցնել, թե ինչ կարծիքի են տոնածառը փոխելու ու այդքան գումար ծախսելու վերաբերյալ:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսում սովորող ուսանողուհին՝ Անահիտը, ասաց հետևյալը.

-Այդ տոնածառը դրվում է երեխեքի համար, որ հեքիաթ ունենան: Մենք մեր քաղաքի վրա քանի՞ լումա ենք ծախսել: Ուղղակի բողոքի հոգին մտել է մարդկանց մեջ: Իրենք ոչ թե պետք է կառավարության դեմ պայքարեն, այլ առաջին հերթին իրանց մեջ նստած դժգոհ մարդու: Լավ կլինե՞ր ամեն մեկս 72 դրամ ունենայինք, բայց տխուր ու մութ քաղաքում Նոր տարին անցկացնեինք: Անձամբ ես աշխատավարձիցս 100 դրամ կտայի տոնի համար:

Հոգեբանության ֆակուլտետի 4-րդ  կուրսում սովորող ուսանողուհին՝ Մելինեն, ավելացրեց.

-Մարդիկ սպասում էին այդ փոփոխությանը արդեն քանի «հազարամյակ», ու կարծում եմ անհրաժեշտությունը կար: Եթե հաշվենք, թե քանի տարի չէր փոխվել, ու դեռ քանի տարի կծառայի, այդ գումարն այնքան էլ մեծ չի ստացվում:

Դասընկերուհիս՝ Թագուհին, ասաց.

-Լավ է, որ փոխել են: Եթե չփոխեին, մարդիկ ասելու էին` կառավարությունը փոխվեց, վարչապետը փոխվեց, քաղաքապետը փոխվեց, Ազգային ժողովը փոխվեց, օրենքներիը փոխվեցին, բայց տոնածառը՝ չէ:

Անժելան, ով սովորում է պատմաիրավագիտության ֆակուլտետում, կարծում է, որ չարժեր:

-Իմ կարծիքով, նման ճոխություն պետք չէր: Ինչո՞ւ, որովհետև մեր երկրի տնտեսական վիճակը էնպիսին չի, որ նման գումարներ ծախսվեին: Այսինքն, խնայողաբար պետք է օգտագործել էն ռեսուրսները, որն ունի Հայաստանը ու էդ գումարներն ուղղել ավելի կարևոր հարցերի լուծման համար: Ու եթե ուզում էին այնուհանդերձ դնեին նոր տոնածառ, կարող էին ավելի սեղմ միջոցներով օրիգինալ տոնածառ սարքեին:

Երևանի բժշկական համալսարանում սովորող Մհերն ասաց.

-Կարելի էր փոքրը գնել ու երկար օգտագործել: Շատ թանկ են գնել: Կարելի էր էդ միլիոնները ուղղել ավելի առաջնահերթ հարցերի լուծմանը:

Իմ տատիկն էլ ասաց.

-Արժեր, որ փոխվեր: Քանի տարի է` էս տոնածառն ա: Քանի կար` սաղ ասում էին փոխվեր, հիմա էլ փոխվել ա՝ չէ, լավ չի: Առաջին քաղաքապետն ա, որ երեխեքի մասին մտածելով տոնածառը փոխեց: Էդ երեխեքը, որ հեղափոխությանը մասնակցեցին, բա չարժե՞ր, որ նոր տոնածառ ունենային: Դժգոհում են, թե շատ են փող ծախսել: Բա ի՞նչ անեին, մանդարին առնեին, բերեին ցրեին ձեր տներո՞վ: Ես, որ գյուղում ապրող թոշակառու մարդ եմ, ուրախ եմ, որ Երևանի տոնածառը փոխվել ա: Խի՞, որ էդ մյուս երկրներում անում են, ընդեղի ժողովուրդը մեր հայերից լա՞վ ժողովուրդ են: Մենակ իրա երեխեքի համար չի արել, մեր երեխեքի համար էլ ա արել: Այ տենց անմիտ խոսում են: Էդ դժգոհները լավն ու վատ չեն հասկանում:

Դե ինչ, կարծիքները տարբեր են: Սպասենք դեկտեմբերի 21-ին, երբ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը հանդիսավոր կվառվեն:

nelli khachatryan

Կարևոր հայացքը

Օդը սառն է։ Էլի քեզ վրա ջղայնանում ես, որ շարֆդ չկապեցիր, ու շղթադ բարձրացնում, ուզում ես էլի բարձրացնել, բայց էլ տեղ չկա, հասել է վերջին։ Մրսած քայլում ես, ալարում ջրափոսը շրջանցել, բացում դուռը ու հանում անձը հաստատող փաստաթուղթը։

Հիմա կարող էի տանը թեյ, չէ, «չայ» խմել (թեյը մի տեսակ պետք է սրճարանում խմել)։ Երևի էս մտքերով մարդիկ փողոցում քայլում են, էն ջրափոսի վրայով թռչում ու բացում ընտրատեղամասի դուռը։ Խուճապ։ Ինչքան էլ քեզ բացատրեն կամ տեսանյութով ընտրելու կարգը նայես, մեկ է, մտածում ես՝ երբեք ինքնուրույն չես հասկանա՝ առաջինը որ սեղանին մոտենալ։ Այ էս խուճապն արտահայտող դեմքով մարդիկ մտնում, հետո կանչող ձայներին արձագանքելով՝ մոտենում են սարքին, որ մատնահետք ստուգվի։ Սարքը չի ճանաչում։ Մյուսինն էլ չի ճանաչելու։ Գյուղը, որտեղ դիտորդ էի, ոչնչով չտարբերվելով մնացած գյուղերից՝ ստիպում է մարդկանց էնքան աշխատել, որ մատնահետքը կորցնեն։

Անձը հաստատող փաստաթուղթը, իհարկե, բերել են, որ մոտենան մյուս սեղանին… Չէ, էն տատին ոնց որ չի բերել։ Հիշողություն..․ Ինքն իր վրա ջղայնացավ։ Երևի կգնա, էլ չի գա։ Հազիվ էր քայլում։

-Բայց էսքան թուղթ ինչի՞ եք տալիս, է, էսքանը ի՞նչ եմ անելու, ինձ մեկը հերիք է։

Չէ, դե կարգն է, ինչքան էլ որոշած են գալիս, պետք է բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները վերցնել։ Դե, հիմա հերթ կանգնեք, որ մտնեք քվեախցիկ։ Վայ, էն երեխեքն առաջին անգամ են քվեարկում, նվերը չտվին, կրծքանշան ա, ուրիշ բան չի, առաջ նայեք` Ձեր հերթն եկավ, մտե՛ք, ինչ էլ ուրախ ա դուրս գալիս, սպասեք, է, մի շտապեք՝ դրոշմը կպցնեն։

Էն տատին հետ եկավ, ասում ա՝ անձնագիրս բերել եմ։

Ընտրողների մեծամասնությունը 60-ն անց էին։ Երևի թեյը նրանց էլ չի գրավում, բայց մի տեսակ ուրիշ հայացքով էին տուն վերադառնում․ իրեն կարևորված զգացող մարդու հայացքով։