Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

sona zakaryan

Բուլիինգ` հալածա՞նք

Աշխարհում ամենաքննարկվող խնդիրներից մեկը բուլիինգն է (bullying), որը որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն է այլ անձի նկատմամբ։

Բուլիինգը մի քանի տեսակներ ունի։ Այդ տեսակներից են` կիբեր բուլիինգը, ֆիզիկական բուլիինգը, վերբալ բուլիինգը և հարաբերական բուլիինգը։

Այսօր շատ պետություններում բուլիինգը մեծ խնդիր է համարվում, և մի շարք միջոցներ են ձեռնարկվում այն հնարավորինս կանխելու համար։

Եթե բուլիինգը տղաների շրջանում արտահայտվում է վերբալ (ծաղրելու միջոցով) և ֆիզիկական (հարվածելու և ծեծելու միջոցով), ապա աղջիկների շրջանում այն արտահայտվում է հարաբերական (այս միջոցով անձին փորձում են մեկուսացնել շրջապատից և կանխամտածված նրան բացառում են հասարակությունից) ձևով։

Բուլիինգը ամենաշատը տարածված է դպրոցներում։

Այս երևույթի մասին շատ է խոսվում ու քննարկվում տարբեր երկրներում, հատկապես՝ զարգացած պետություններում, օրինակ՝ ԱՄՆ-ում։ Եվ բնականաբար, այն հենց ԱՄՆ-ում էլ ամենաշատն է տարածված։

Բուլիինգի մասին, իհարկե, կարելի է անվերջ խոսել և բազում քննարկումներ անել, հատկապես ուրիշ պետությունների մակարդակով։

Բայց երբևէ մտածե՞լ եք, որ Հայաստանում այս երևույթը նույնպես շատ մեծ խնդիր է։ Մենք՝ հայերս, այս խնդրին այդքան էլ մեծ կարևորություն չենք տալիս, ինչը ցավալի է և բնականաբար ցավալի հետևանքներ է ունենում։

Հայաստանի շատ դպրոցներում բուլիինգը մեծ տարածում ունի։ Թույլերին ճնշելը և ինքնահաստատվելը կարծես դարձել է վատ սովորություն, որի «դեմն առնելը» բավականին դժվար է։ Տղաների մոտ այս երևույթը ավելի շատ է նկատվում, քան աղջիկների։

Շատ տղաներ սիրում են ճնշել իրենցից ֆիզիկապես թույլ կամ տարբերվող տղաների։ Այսպես ասած՝ իրենց «լավ տղայի» տեղ են դնում ու մի բան էլ հպարտանում դրանով։

Ասեմ՝ իմանաք, որ ձեր այդ պահվածքը «լավ տղայի» պահվածք չէ, այլ ուղղակի հոգով տկար, անմիտ ու դեռ չմեծացած մեկի պահվածք է։ Ձեզ ուղղակի պետք է մի փոքր մեծանալ ու մեկ էլ ամպերից ցած իջնել, որ ձեզ չերևակայեք՝ մտածելով, թե ձեզնից լավը չկա կամ ձեզնից տարբերվողները «վատն են»։

Վերջերս բուլիինգի դեպքի ականատես եղա, որը բավականին ազդեց ինձ վրա։ Ծանոթներից մեկի երեխան, որի ընտանիքը վերջերս է տեղափոխվել Հայաստան, հաճախում է հայկական դպրոց։ Բավականին անվստահ ու ամաչկոտ երեխա է, ինչի պատճառը, կարծում եմ, գուշակեցիք՝ ինչն է։ Օրերով դպրոց չէր գնում, և ծնողները չէին կարողանում հասկանալ՝ ինչու։ Հետո պարզվեց, որ դասընկերները, իմիջիայլոց, և՛ տղաները, և՛ աղջիկները, ճնշում են տղային՝ ծաղրում են, պիտակավորում։ Մի օր էլ հայրը նկատել էր, թե ինչպես են դասընկերները տղային ծեծում, իսկ նա չի կարողանում պաշտպանվել։ Սա իրոք սարսափելի է։ Արդյունքում տղան դառնում է ագրեսիվ, չի գնահատում ինքն իրեն ու շատ անվստահ է, ինչը իհարկե շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։

Բուլիինգի զոհ հիմնականում դառնում են ֆիզիկական թերություններ ունեցող, սոցիալապես անապահով վիճակում գտնվող, բնավորության գծերով մյուսներից տարբերվող, ինչպես նաև շատ հայրենադարձ երեխաներ։

Միջնակարգ դպրոցների աշակերտներին ավելի հեշտ է ճիշտ ուղղության վրա դնելը, քան ավագ դպրոցների աշակերտներին, քանի որ միջնակարգ դպրոցից է սկսվում աշակերտի մարդ տեսակի ձևավորումը։

Ավագ դպրոցում պատկերը մի փոքր այլ է, քանի որ այստեղ բուլիինգի պատճառը հասուն չլինելն ու երևույթներին անլուրջ վերաբերվելն է։ Եվ էլի պետք է նշեմ տղաներին, որովհետև այդ ոչ հասունությունը հենց նրանց մոտ եմ նկատել։ Տեսնում ես ավագ դպրոցում սովորող տղա՝ բավականին խոշոր, մորուքով, և մտածում, թե հասուն, խելացի մարդ կլինի, բայց հենց խոսում է, ամեն ինչ պարզ է դառնում։ Այնպես որ, արտաքին տեսքով երբեք չի որոշվում մարդու հասուն լինել կամ չլինելը։

Հասուն չլինելն էլ, կարծում եմ, դաստիարակությունից է գալիս։ Շատ ցավալի է, որ մեր շատ հայ ընտանիքներում երեխաներին չեն դաստիարակում այնպես, որ հետագայում նրանք հանդուրժող և կարեկցող լինեն։ Գուցե մտածեք, որ սրանք, այսպես ասած, փոքր բաներ են, բայց բուլիինգը սկսվում է հենց այսպիսի փոքր բաներից։ Հայաստանում բուլիինգը բավականին մեծ տարածում ունի, և այն հնարավորինս կանխելու համար պետք է անպայման միջոցներ ձեռնարկել, քանի որ հետևանքները կարող են անդառնալի լինել։

vahe stepanyan

Թե ոնց եղավ, որ էլ չեմ գրում

3 անց 47։ Ժամը նայում եմ, նոր սկսում եմ գրել։ Երկար ու նեղ սենյակում 5 հատ երկու հարկանի մահճակալ կա, 3 հատ էլ կողապահարան (տումբոչկա)։ Էսքանն է մեր սենյակի կահավորումը։ Տասը հատ անկողին, չորսը՝ ազատ, մնացածին պառկած են կարճ սանրվածքով ու կանաչ շապիկներով 7 երիտասարդ։ Ես մաթեմից էնքան էլ լավ չեմ, բայց ամեն դեպքում, չեմ խառնում։ Ուղղակի մահճակալներից մեկին երկուսով են։ Մ-ն ու Ա-ն խորացած խաչբառ են լուծում։ Մ-ն գրում է, Ա-ն՝ հուշում։

-Կրկեսամարտիկ։ Էդի ո՞րն ա։

-Գլադիատոր, այ եզ։

-Արա դե հելի ռադ եղի։ Չի ըլում։ Արա, չէ, եղավ։ ԱՄՆ նախագահ, Ա-ով ա սկսում, մեկ, երկու, չորս, վեց տառ, հինգերորդն էլ՝ հ․․․

Մյուս մահճակալին Ռ-ն է քնած։ Ձեռքերը խաչել է կրծքին ու անշարժ նայում է առաստաղին, դե, փակ աչքերով։ Ռ-ն երկրորդ հարկում է պառկած, առաջինն էլ ազատ է։ Թե ասա, որ առաջին հարկ ազատ տեղ կա, ինչի՞ ես վերև բարձրացել։ Չնայած՝ գիտեմ։ Թղթաբանությամբ իր տեղերն են 2-րդ հարկում։ Շատ կարգապահ տղա է Ռ-ն։ Տարօրինակի մեկն է։

Ռ-ենց մահճակալից աջ՝ առաջին հարկում Հ-ն է փլվել։ Երեք րոպե առաջ հետս իր դիմաց աթոռին դրված հաստափոր էկոնոմիկայի մասին գիրքն էր քննարկում, ձեռքի հետ էլ համոզում էր, որ իր ուզած երգը դնեմ։ Իսկ հիմա նստած մահճակալին հետ է փլվել հետևի պատին, որին աջ կողմով կպած է մահճակալը։ Գրիչը՝ ձեռքին, բավականին ծիծաղելի դեմքով քնած է։ Իսկ ընդհանրապես, նա ֆիզիկա է սովորում։ Համ էլ բարմեն է քաղաքի ամենահայտնի տեղերից մեկում։ Ցերեկներն էլ «Սիթի»-ում ապրանք է դատարկում։ Հա, ու մեկ էլ փափուկ «Նոյ» է ծխում։ 19 տարեկան։ Դաժան տիպ է։

Վերևում Տ-ն է պառկած։ Էնպես էլ դիրք է գտել։ Ձախ ձեռքը գլխի տակ է դրել, գլուխը՝ մահճակալի եզրին, աջն էլ մահճակալից հատակի հետ հորիզոնական կախել միջանցքում էնպես, որ ձեռքը Ռ-ի մահճակալին է հասնում։ Գիտեք, գիշերը հերթափոխից գալիս քանի անգամ եմ մութ տեղը մահճակալիս ճամփին դեմքով խփել ձեռքին։ Շատ անգամներ։ Իսկ Տ-ն միշտ նույն դիրքով պառկած է։ Մեկ-մեկ քնած տեղը անհեթեթություններ է խոսում, արթնանում ու մեզ հետ ծիծաղում իր ասածների վրա։

Սենյակում 6-րդ մարդը պառկած է Տ-ի հենց գլխի մասի մոտի 2-րդ հարկում։ Գ-ն էլ է քնած՝ պինդ ու մեռած քնով։ Էսօր ինժեներականի էր գնացել, լավ տանջված կլինի։ Եթե արթուն լիներ, կիսաձայն մի հիմար բան կպատմեր, ու նրան ոչ ոք չէր լսի։ Եթե երկար խոսեր, մեկը կնետեր, թե․

-Այ տղա, հո դու խփնված չե՞ս, կամ նորմալ խոսա՝ բան հասկանանք, կամ էլ` սուս արա։

-Դեհ, ես ինքս ինձ եմ, բարձր ասեմ, որ ի՞նչ․․․

Ու կպտտվեր պատի կողմ, մի քանի րոպեից բռունցքով կխփեր պատին ու դուրս կգար ծխելու։ Սա էլ Գ-ն։

7-րդը Վ-ն է։ Այսինքն՝ ինչ Վ։ Ես եմ։ Սենյակի աջ անկյունում 2-րդ հարկի անկողնուս պառկած սա եմ գրում։ Ես էլ գրել եմ ուզում։ Բայց էլ չեմ կարողանում։ Ամեն օր գրում եմ։ Բայց էդ գրել չարժի հաշվել։ Ուզում եմ խոսել, պատմել, բայց չեմ կարողանում։ Ուզում եմ բոլոր տետրերս լցնել, բայց գրում-ջնջում եմ։ Առաջ ընդհանրապես ոչ սևագիր էի անում, ոչ ջնջում ինչ-որ բան։ Էդպես էլ որոշեցի չգրել։ Մեծ բան չեք կորցրել։ Բայց ձեռքս ինձնից անկախ գրպանս է մտնում՝ գրիչի հետևից։ Եվ․․․

Եվ այսպես՝ 4 անց 31։ Էսքանը կարողացա գրել։ Էս անգամ կտամ կարդաք։

milena araqelyan

Չհայրենիք

01.10.18: Հայաստան: Օդանավակայան: Պատկերացում չունեմ՝ ինչպես են լքում հայրենիքը: Հա, ամպագոռգոռ բառեր կարդացել եմ տարբեր գրվածքներում, ոչինչ չեմ զգացել, սառը հայացքով կարդացել եմ՝ կարծես էդպիսի երևույթ չի կարող պատահել: Օդանավակայանում հավաքվել են ընկերներս՝ միմյանցից ծայրաստիճան տարբեր, հավաքվել են մի նպատակով, հավաքվել են իրենցից մեկին ճանապարհելու՝ հույսով, որ մի օր հենց իրենք են ժպիտախառը դեմքերով դիմավորելու: Նայում եմ, հերթով նայում եմ նրանց դեմքերին, որ ձևացնում են՝ ուրախ են: Նայում եմ՝ անհագ նայելու ցանկությամբ: Վայ, գրեթե գիտակցում եմ, որ էլ չեմ տեսնելու, հասկանո՞ւմ եք, ոչ թե մեկ-երկու օրով, շաբաթներով կամ ամսով, չէ: Չեմ տեսնելու ու վերջ: Մեզ չեն բաժանում ընդամենը երեք-չորս կանգառները, բաժանելու են հազարավոր կիլոմետրերը, որոնց հաղթելը, չեմ ուզում գիտակցել, որ դժվար է լինելու:

Գրկախառնություն: Փորձում ես վերջին անգամ քո մի մասնիկը տալ նրանց ու վերցնել նրանցից: Չէ, քեզ խոսք ես տվել, լաց չես լինելու, մինչդեռ ուղեղումդ  անընդհատ պտտվում է Անահիտի՝ ‘«ու այդպես էլ մի կարգին հրաժեշտ չենք ունենում՝ օդանավակայաններում մի ծովաչափ լաց լինելով»: Ինքս ինձ խոստացածը մի վայրկյանում ցնդեց, երբ Լիլիթը ականջիս կրկնում էր. «Ամեն բան լավ է լինելու, լինելու է էնպես, ինչպես դու ես ուզում: Մենք միշտ կողքիդ ենք, մեզ կիլոմետրերը չեն հաղթելու»: Ախր, հենց այդ պահին հրաժեշտ երևույթ կոչվածը մտավ ուղեղս, ուժեղ հարվածեց: Մինչ այդ ես գիտեի, որ ամեն բան լավ է, չկան կիլոմետրեր, որ իրենք կողքիս են,  չկա «հեռացում» բառի գործողություն դառնալը: Ու արցունքները, առանց իրար հերթ տալու գլորվեցին:

Վերջ: Գնում եմ՝ արդեն գիտակցված: Էլ չեմ կարողանում նայել ընկերներիս դեմքերին: Փախչում եմ հայացքներից, մտքերումդ դաջվող ու ցավեցնող հայացքներից: Գնում եմ, առանց հետ նայելու:

Ինքնաթիռ: Ինձ թվում էր՝ արդեն համակերպվել եմ գնալ գաղափարի հետ: Չէ: Ականջակալներումս մեկը անընդհատ կրկնում է “save me from me”, ու հանկարծ ինքնաթիռը օդ է բարձրանում: Բարձրանալու հետ արցունքներս իջնում են: Արդեն հասկանում եմ ամպագոռգոռ հրաժեշտների մասին բոլոր գրվածքները:

***

Վայրէջք: Կիև: Չհայրենիք: Սառնությունից բացի ոչինչ չեմ զգում:

***

Նորից ինքնաթիռ: Նպատակակետիդ ավելի ես մոտենում: Ականջակալներումդ էլի նույն տողերն են, բայց հստակ գիտակցում ես, որ քեզ փրկողը միայն դու կարող ես լինել, ուրիշ ոչ ոք:

***

Վայրէջք: Փարիզ: «Չհայրենիք»: Համակերպվում ես զգացածդ սառնությանը: Ասում ես՝ հասել եմ, չանհանգստանաք, ու զգում, որ վերջ, դու արդեն հեռացել ես, ու մի օր նրանց անհանգստանալն էլ է հեռանալու:

Ուրիշ քաղաք: Ուրիշ-ուրիշ մարդիկ: Ուրիշ օդ, որը էդպես էլ չի հերիքելու: Համակերպվում ես: Տարբերակ չունես: Չես կարոտում: Քեզ հրահանգել ես՝ չկարոտել:

Sargis Melkonyan

Ես պատրաստ եմ լսել քեզ

Հիմա այս մաքուր էջի վրա ուզում եմ ինչ-որ բան գրել, ինչ-որ բան ասել, որ կթեթևացնի վիճակը, բայց վախենում եմ, որ ամեն բառն ավելի մոտիկ կտանի անդունդին։

Ես պարզապես ուզում էի ազնիվ լինել ամենահոգեհարազատ մարդու հետ, բայց մտքիս ծայրով էլ չէր կարող անցնել, որ այսպես կլինի:

Ինչ-որ ներողությունների ալիք անցավ, արցունքի կաթիլներ, որ հետո վերածվեցին ջարդուփշրվածության, կոտրտվածության, ընդհատվածության․․․

Չէի ուզի ասել, որ կուզեի ժամանակը հետ տալ, բայց չէի էլ ցանկանա, որ այսպես ստացվեր։ Չէի ուզի, որ ամեն խոսքս ինչ-որ դաժան բան դառնար քեզ համար, որ հիշողությունների ու մտածմունքների մեջ չընկնես, որ․․․

Ես պարզապես ամենաշատն եմ ցանկանում, որ ժպիտդ ի վերջո դադարի թաքցնել տխրությունը, որովհետև դու արժանի ես դրա իրական ու պարզ լինելուն, դու արժանի ես երջանկության՝ ամենաիրականին, որովհետև․․․

Դու նա ես, ով ձեռքս պինդ բռնած օգնեց քայլել մի ճանապարհով, որից շեղվելը խաղ ու պար էր և որից շեղվելը կործանումն էր։

Դու այն անսահման տարածությունն ես, որտեղ ես ազատ անկում կարող եմ ապրել, երբ աշխարհում ամենաշատը դրա կարիքն ունեմ։

Դու նա ես, ով լուռ լսեց, լսեց մինչև վերջ ու չմեղադրեց (թեև արժանի էի), ով առաջինն էր, որ ձեռք մեկնեց ու եկավ ինձ հետ։

Դու նա ես, ում բաց շագանակագույն աչքերը ինչ-որ արտասովոր տխրություն են կրում, բայց դիմամաշկը ժպտում է անընդհատ։

Դու նա ես, ում անունն իմ շուրթերին միշտ ժպիտի է վերածվում, որովհետև իմացությունը, որ աշխարհում դու կաս, ինչ-որ վստահություն է, որ դառնում է ինքնավստահություն։

Եվ վերջապես, դու նա ես, ում կարիքն աշխարհում երևի ամենաշատն ունեմ, ու կներես, բայց առանց քեզ հարցնելու՝ ես վաղուց քեզ իմ մի մասնիկն եմ համարում, հարազատս։

Այս էջի վերջում, որ այլևս մաքուր չէ, ես ուզում եմ ասել, որ պատրաստ եմ քեզ օգնել, պատրաստ եմ քեզ լսել մինչև վերջ, մինչև վերջ լինել կողքիդ։

Պարզապես դու պիտի ցանկանաս։

sona zakaryan

Ինչի համար է դպրոցը

Դպրոց, դասեր, էքսկուրսիաներ, դպրոցական առօրյա։ Այս ամենի մասին իրականում չպետք է խոսեի, բայց քանի որ դրանք դեռ իմ կյանքի մի մասն են կազում, պետք է խոսել դրանց մասին։

Դպրոցական կյանքը կարծես մի անհաղթահարելի լաբիրինթոս լինի, որը մենք վերջիվերջո հաղթահարում ենք։ Զարմանալի է, չէ՞։ Անհաղթահարելի լաբիրինթոս, որը հաղթահարվում է։ Իսկ թե ինչի գնով՝ աշակերտներից լավ ոչ ոք չի կարող պատկերացնել։ Շատերը կարող են վկայել, որ դպրոցը իրենց ոչինչ չի տալիս, շատերն էլ՝ հակադրվել այդ կարծիքին։ Մարդիկ տարբեր են, մարդկանց մտածելակերպը տարբեր է, և բնականաբար, կարծիքներն էլ են տարբեր։ Առհասարակ, երբ ինչ-որ աշակերտ բողոքում է դպրոցից, շատ այլ աշակերտներ, և հատկապես՝ ուսուցիչներ, սկսում են, այսպես ասած, քարկոծել նրան նման կարծիք ունենալու համար։ Առաջ են բերում այն, թե իրենք ինչքան նվիրված են և իրենց համար ինչքան կարևոր է աշակերտին կրթելը, որ աշակերտը իրավունք չունի այդպես արտահայտվելու դպրոցի մասին (ինչը, իհարկե, քննադատությունն է), որ դրանով ուսուցիչներին է վիրավորում և այլն։

Կարծում եմ, որ ուսուցիչները չպետք է այս ամենը վերագրեն իրենց, քանի որ աշակերտները հիմնականում բողոքում են կրթական համակարգից և ավագ դպրոցի անարդյունավետ լինելուց։

Աշակերտների, հատկապես՝ ավագ դպրոցի աշակերտների 80%-ից ավելին դպրոց գնում են ստիպված։ Շատերը հաճույքով չեն մասնակցում դասերին, շատերն էլ ուղղակի թքած ունեն դասերի վրա։ Տարբեր պատճառներ կան՝ առարկան չսիրելը, ուսուցչին չսիրելը, հավես չունենալը և այլն։ Բայց սա չէ մեր գլխավոր խնդիրը։ Այս ամենը ավելի շատ կրթական համակարգից է գալիս։

Մենք ունենք շատ վատ կրթական համակարգ, և այդ համակարգը բարելավելու համար մեզնից երկար ժամանակ ու մեծ ջանքեր կպահանջվեն։ Ինչքան էլ ունենանք իրենց գործին նվիրված ուսուցիչներ, միևնույնն է, այդ ամենը չի փոխվի, եթե կրթական համակարգը չփոխվի։

Պատմության դասաժամին քննարկում էինք, թե ինչպիսին էր կրթությունը սովետական ժամանակաշրջանում, և եկանք այն եզրակացության, որ խորհրդային ժամանակաշրջանում մենք ունեցել ենք շատ լավ կրթություն ու կրթական համակարգ, որը հետագայում, կարելի է ասել, «քանդվել է»։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է փոխվի նաև «քանդվելուց» հետո մարդկանց մոտ ձևավորված մտածելակերպն ու վերաբերմունքը դեպի կրթությունն ու կրթական համակարգը։

Այսօր ես և հազարավոր աշակերտներ ստիպված ենք գնում դպրոց, փորձում ենք սովորել ինչ կարող ենք, փորձում ենք հարմարվել «քանդված» կրթական համակարգին և այդպես փորձելով էլ ավարտում ենք դպրոցը՝ թողնելով բազում լավ ու վատ հիշողություններ։

Դպրոցը պետք է ձգի աշակերտներին, եթե ոչ բոլորին, գոնե մեծ մասին։ Դպրոցը պետք է լինի այն տեղը, որտեղ աշակերտը ոգևորված կլինի, կցանկանա սովորել, կցանկանա հասարակությանը պիտանի մարդ լինել։ Եվ վերջապես, դպրոցը միայն գիտելիք ստանալու համար չէ։ Դպրոցը մարդու անհատականությունը բացահայտելու, նրա մարդկային տեսակը գնահատելու և նոր արժեքներ ձևավորելու համար է։

seda mkhitaryan

Խոնավ պատեր

Խոնավ պատերի արանքում մենք թեյ էինք խմում։ Շաքարավազի փոխարեն անգլերենի բայերն էինք հալում թեյի մեջ ու կուլ տալիս։ Ու երբեք չէինք մոռանում նրանց համը։

Խոնավ պատերի արանքում ես՝ ինքնավստահ գյուղացիս, նրան՝ երևանցի անփորձ աղջկան, վառարան վառել էի սովորեցնում։ Սովորում էի սովորեցնելով։

Մենք՝ ես ու նա, դպրոցից ամենավերջինը դուրս գալով՝ քայլում էինք գյուղի համարյա դատարկ փողոցներում։ Ճանապարհը լցնում անգլերենով, երևակայական նստարանով ու մեզնով։

Մենք գիշերվա գալը չէինք զգում, որովհետև նրա վարձած տունը միշտ կիսամութ էր։

Լույսը միայն այն չէ, որը ցրում է սենյակի խավարը։

Հոգու խավարը ցրող լույս էլ կա։

Մի անգամ նրա կենացը խմելիս մի խելացի մարդ ասաց. «Դու դասատու չես, ուսուցիչ ես»։

Հա, նա միայն չի տալիս ու վերջ։ Նա տվածը տեղ է հասցնում։

Մեծ ու փոքր ամեն գաղափար թրծվում էր խոնավ պատերի արանքում։ Մաշված ու չլարած կիթառդ մատներիս վերքեր էր բացում։ Խոնավ պատերի մեջ իմ նվագած կիսատ-պռատ հնչյուններն էին։ Թեյն էր։ Վառված լույսը։ Մեր թղթե գրատախտակը։ Հանգած վառարանը։ Ու դրսում՝ երևի գիշերը։

Հիմա, երբ արդեն ոչ դպրոցում եմ, ոչ էլ նրա տան խոնավ պատերի արանքում, մեզ միացնողը մեսինջերի կապույտ պատերն են։ Նրա չաթի անունը «պանդուխտ ուսուցիչ» է։ Գրածս նյութերը միշտ իրեն եմ ուղարկում։ Կարդում է ու շարունակում սովորեցնել։

Այսօր ուսուցչի օրն է։ Հասկացա՞ր, թե որ ուսուցչի։ Պանդուխտ ուսուցչի։

Ուսուցչի տոնի առթիվ։ Նվիրում եմ անգլերենի իմ ուսուցիչ Անի Հարությունյանին։

leyli tadevosyan

Մի քիչ էլ պայմանագրերի մասին

Դեռևս հնագույն ժամանակներից մարդկանց համար սովորական է եղել առօրյայում սեփական շահերից ելնելով, այսպես ասած, գործարքների մեջ մտնելը: Այդ ժամանակներում դեռ չեն եղել օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր և այլն, ու մարդիկ առաջնորդվել են իրենց իմացած բարքերով, ինչը մենք այսօր հաճախ սովորույթ ենք անվանում, գումար են վերցրել` խոստանալով վերադարձնել, օրինակ, հաջորդ ամիս, մեկի մոտ անցել են աշխատանքի` իմանալով, որ ստանալու են 2-3 ոսկի աշխատավարձ և այլն: Այս ամենը ներկայիս իրավագիտակից հասարակությունը անվանում է քաղաքացիաիրավական հարաբերություններ:

Քաղաքացիաիրավական հարաբերությունների ծագման ամենից տարածված հիմքը պայմանագրի առկայությունն է:
Տեսության մեջ ընդունված է ասել, որ քաղաքացիական պայմանագիր է համարվում երկու և ավելի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն։ Առաջին պայմանագիրը, որ հայտնի եղավ մարդկությանը, ըստ էության, առուծախի պայմանագիրն է, այնուհետ գալիս է փոխառության պայմանագիրը: Այսօր արդեն Քաղաքացիական իրավունքի տեսությանը հայտնի են նաև մատակարարման, ռենտայի, նվիրատվության, վարձակալության, հանձնարարության և այլ տեսակի պայմանագրեր (գլուխներդ չցավեցնեմ երկար-բարակ իրավաբանական տերմիններով), որոնցից յուրաքանչյուրը ունի իր յուրահատկությունը: Բայց յուրաքանչյուր իրեն հարգող պայմանագիր պիտի ունենա մի քանի կարևոր հատկանիշներ՝ էական պայմաններ, առանց որոնց չենք կարող ասել, որ գործ ունենք պայմանագրի հետ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:
Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:
Հետևաբար պայմանագրի էական պայմանները, ըստ էության տարբերվում են` կախված տեսակից, բայց կան մի քանի պայմաններ, ինչպես օրինակ` պայմանագրի առարկան, գինը, կողմերի վերաբերյալ տվյալները (վավերապայմանները), որոնք կարող եք հանդիպել յուրաքանչյուր պայմանագրում:
Սովորաբար իրավաբաններս խորհուրդ ենք տալիս հիմնական պայմանագիրը կնքելուց առաջ կնքել նախնական պայմանագիր` իրավական բացասական հետևանքներից հնարավորինս խուսափելու համար: Եվ ամենակարևոր բանը, որ արժե հիշել ամեն անգամ, երբ գործ ունեք պայմանագրերի հետ, այն է, որ պետք է ստորագրելուց առաջ կարդալ այն ու հասկանալ բոլոր դրական ու բացասական հետևանքները, որ կարող են առաջանալ: Խնամքով մշակված պայմանագրերում շատ հաճախ դրանք աննկատելի են, ու քաղաքացին, ով չի տիրապետում օրենսդրությանը, կարող է գլխի չընկնել, թե ինչ է սպասվում իրեն պայմանագիրը կնքելուց հետո, ուստի, կարող եք միշտ դիմել իրավաբանի օգնությանը:
Պայմանագրի տեսակներից է նաև ամուսնական պայմանագիրը: Արտասահմանյան երկրներում շատ ընդունելի է, երբ զույգը կնքում է պայմանագիր, բայց եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե հայկական իրականության մեջ ևս սկսվեր ամուսնական պայմանագրի կիրառելիությունը. կդադարեն գործել հայկական ընտանեկան այն բոլոր սիրուն ավանդույթները, որոնք մենք ունենք, կդադարեն լինել փոխադարձ սերն ու հարգանքը ամուսինների միջև, կոնֆլիկտները առավել շատ կլինեն և այդպես շարունակ։
Եվ ինչպես ասում էր Ի. Տենը` օրենքը նման է երկար բարձր սյան, նրա վրայով չես թռչի, բայց շրջանցել կարող ես…
Պահպանե՛նք օրենքները, իսկ քաղաքացիական պայմանագրերի տեսակների մասին առավել մանրամասն հետո կպատմեմ։

ella mnacakanyan yerevan

Ազնավուրը

big_1490969229_9694752Ժամը 4 անց 20 է: Մոտավորապես: Օրը՝ երկուշաբթի: Էս մեկը հաստատ: Հաստատ, որովհետև երկուշաբթիները մարմնիս յուրաքանչյուր բջիջով եմ զգում: Բացում եմ դուռը, մտնում տուն մահու չափ հոգնած, դե՜, ինչպես կարգն է՝ իսկական երկուշաբթի օրվա նման: Ինչպես կարգն է նաև՝ արգելաբացում եմ հեռախոսս ու էլի մտնում Ֆեյսբուք (ես էդպես էլ ոչինչ չեմ կարողանում անել այս սովորությանս դեմ):

«Շառլ Ազնավուրը մահացել է»…
Առաջին բանն է, որ ընկնում է աչքովս, ու առաջին միտքս այն է, որ կեղծ լուր է: Չէ, չի կարող ճշմարտություն լինել: Հետո նայում եմ կայքը: Չէ՛, ֆրանսիական Le Monde-ն է, ուրեմն հավաստի է: Հիմա՛ր սովորությունս: Պիտի ժամանակին դեմն առնեի…
Շառլ Ազնավուրը մահացել է: Ազնավուրը մահացել է, ու ես չեմ կարող դրա մասին չգրել: Որովհետև Ազնավուրը մահացել է, ու նրա հետ մահացել է իմ երազանքը՝ տեսնել նրան՝ փոքրամարմին հսկային, իրականում՝ իր դողացող, հզոր ձայնով մի ամբողջ համերգասրահ լցնելիս, հուզելիս ու հուզվելիս: Որովհետև աշխարհում Ազնավուրով երազանքներն ավելի շատ ոչ թե մեռել, այլ, հակառակը, ծնվել են, որովհետև Ազնավուրն է ինձ, ինչպես և շատերին, «ձեռքից բռնած» տարել ու կանգնեցրել ֆրանսերենի դիմաց, իր երգերը «կախել» պատերից՝ ի ցույց բոլորիս, ու կարծես ասել.
-Ահա՛, սովորե՛ք ու հասկացե՛ք դրանք:
Ու մենք սովորել ենք: Սկզբից դժվարանալով, հետո անհամբեր սպասելով, իսկ վերջում արդեն՝ հաճույքով: Հաճույքով, որովհետև սկսել ենք հասկանալ Շառլին, իսկ նրան սիրելուց բացի պետք էր հասկանալ կամ գուցե հենց հասկանալ՝ սիրելու համար:
Շառլ Ազնավուրը մահացել է: Այսօր: Երևի ժամեր առաջ: Գուցե հենց այն պահին, երբ ականջակալներումս նրա երգն էր այն մասին, թե ինչպես է 18-ում լքել իր շրջանն ու հասել Փարիզ, կարել տվել ամենանորաձև կապույտ կոստյումն ու դարձել արտիստ: Մեծ արտիստ: Երևի անգերազանցելի: Արտիստ, որին լսել ու լսում են արդեն 3 կամ 4 սերունդներ: Լսում են ու դեռ պիտի լսեն, որովհետև Ազնավուրը մահացել է, իսկ նրա անունը, գործերն ու արվեստը՝ երբեք, որովհետև վաղը էլի իմ ականջակալներում հնչելու է նրա հզոր, դողացող ձայնը ու էլի պատմելու պատմություններ՝ 20 տարիների, թափառական մանկության, սիրելիի կամ գուցե հավերժական սիրո մասին այս անգամ…

milena baghdasaryan

La Bohème

aznavour-Է՜հ, պա՛պ, այս անգամ էլ չտեսա։

-Դեռ այնքա՜ն առիթներ կունենաս տեսնելու։ Ասել եմ, չէ՞, Ազնավուրին առնվազն 100 տարվա կյանք է տրված։

2017-ի մայիսին էր՝ Ազնավուրի՝ հայաստանյան վերջին այցից հետո, երբ սենյակումս հնչում էր «La Bohème»-ն ու սրտումս հնչեցնում մանկության ու պատանեկության ամենամեծ երազանքներիցս մեկը՝ գոնե մեկ անգամ տեսնել շանսոնյեին ու զրուցել նրա հետ։ «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքում էր, որ լեգենդար պապիկն առաջին անգամ խոսեց ինձ հետ՝ գլխումս հազար ու մի հարցեր առաջացնելով ու դրանք թողնելով անպատասխան։ Տպավորություն էր, որ պատասխանները թողնում է մեր հաջորդ հանդիպման համար, որին սպասում էի այնպիսի՜ խանդավառությամբ ու հուզմունքով, որ սպասելաժամանակում հասցրի ֆրանսերեն սովորել, որպեսզի լիովին պատրաստ լինեմ մեր հանդիպմանն ու անկաշկանդ և անկեղծ զրույց ունենամ Ազնավուրի հետ։

Այո՛, Ազնավուրի պատճառով էր, ավելի ճիշտ՝ շնորհիվ, որ գրադարակս ողողել էի ֆրանսիական գրականությամբ, հեռախոսիս երգացանկը՝ ֆրանսերեն երգերով, երազանքներիս նեղ շրջանակն էլ՝ Էյֆելյան աշտարակը տեսնելով ու Ազնավուրին հանդիպելով։ Ու, թեև Էյֆելյան աշտարակը մոտիկից տեսնել հաջողվեց, Ազնավուրն այդպես էլ մնաց անհասանելի ու չբացահայտված։ Բայց սիրելի պապիկն օգնեց ինձ բացահայտել իմ ներուժն ու ինձ, դե՜, նրան, ով շանսոնյեի գիրքն ընթերցելիս առիթը բաց չէր թողնում նմանություններ գտնելու ու զուգահեռներ անցկացնելու։

-Պա՜պ, Ազնավուրն էլ է ցածրահասակ եղել, նրա մայրիկի ազգանունն էլ է Բաղդասարյան եղել, դե՜, իմ ազգանունից։ Գրքում ասում է, որ ինքն էլ երբեք չի կարողացել հաշտվել պարտության հետ, պա՜պ։

Պարտության հետ հաշտվել չկարողանալով՝ «երեսին փակված դռների, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտների» դառնությունից հաղթած է դուրս եկել իմ սրտին մտերիմ պապիկն ու պատճառը դարձել բոլոր այն ոչ հեգնական ու անկեղծ ժպիտների, որ սիրահարվել ու սիրել են հենց իր երգերի ներքո։ «Կասկածի ու հուսահատության, բախտ չունենալու զգացողության» թակարդից դուրս է եկել պայքարով ու հպարտությամբ՝ իր հանդիսատեսին, ունկնդրին ու ընթերցողին էլ սովորեցնելով պայքարել ու հաղթել։ Ու ես էլ, իմ ամեն չընդունված ու չհրապարակված նյութից, ամեն չհասկացված բանաստեղծությունից հետո զսպում եմ արցունքներս, կուչ եմ գալիս ու, հիշելով Ազնավուրին, նրա դեմ փակված փոքր դռներն ու բացված մեծ բեմերը, շարունակում եմ ստեղծագործել կուչ եկած։

Երեկ էր՝ Ազնավուրի՝ աշխարհից ֆիզիկապես հեռանալու լուրը լսելուց հետո, որ սենյակումս կրկին հնչեց «La Bohème»-ը։ Ու կարծես երեկ էր, որ ես կրկին հանդիպեցի Ազնավուրին՝ իր բոհեմում՝ երիտասարդության, երջանկության, սիրո ու խենթության խաչմերուկում։ Երեկ էր, որ հանդիպեցի 20-ամյա Ազնավուրին իր սիրելի Մոնմարտրում, զրուցեցի նրա հետ ու հասկացա, որ ճիշտ էր հայրիկս, երբ ասում էր, որ երիտասարդ պապիկին հանդիպելու առիթներ դեռ շատ կունենամ։ Ամեն անգամ կխոսի ինձ հետ՝ իր երաժշտության ձայնով ու երգերի լեզվով, որոնք պատառիկներ ու դրվագներ են իր կյանքից։ Կստիպի ինձ լռել ու հարցեր չտալ, քանզի պատասխանները փնտրել ու գտնել կարող եմ իր տողերի ու երաժշտության մեջ։ Իսկ վերջում՝ իր պատմությունը պատմելուց հետո, մեղեդու թեթևությամբ կմտնի սրտիս մեջ, դողի ցնցումով կհասնի ձայնալարերիս ու կխախտի լռությունս՝ ստիպելով ինձ ձայնակցել իրեն ու երգել «La Bohème»-ը՝ 20-ամյա երիտասարդի պատմությունը երիտասարդության, խենթության ու սիրո մասին։

La bohème, la bohème
On était jeunes
On était fous․․․

anna  andreasyan

Ժպտացե՛ք, դա ձեզ ավելի է գեղեցկացնում

Ինչպես ինքս եմ նկատել՝ իմ հոդվածները հիմնականում խմբավորվում են երկու կատեգորիայի՝ փիլիսոփայություն և բողոք ու քննադատություն։ Հիմա արդեն ինչքան ժամանակ է՝ երկրորդ տեսակից ոչինչ չեմ գրել, ինչի արդյունքը բողոքի և դժգոհության կուտակումն է ներսումս։ Այսօրվա բողոքիս թեման Հայաստանում մարդկանց՝ չափից ավելի «մուննաթ» լինելու մասին է։

Հայաստանում ինչքան խանութ, օֆիս, օդանավակայան, բանկ, մի խոսքով՝ սպասարկման ոլորտի հետ առնչվող յուրաքանչյուր տեղ մտելիս միշտ հանդիպել եմ, մեղմ ասած, ոչ այնքան բարեհամբույր վերաբերմունքի։ Հասարակ և ամենօրյա իրավիճակ․ մտնում ես խանութ ու հանկարծ մի հարց ես ուզում տալ ինչ-որ ապրանքի վերաբերյալ, այնպիսի «մուննաթ» դեմքով պատասխան ես ստանում, որ որոշում ես էլ երբեք այդ խանութում որևէ հարց չտալ։ Կամ լավագույն օրինակը, որ միշտ հիշում եմ, օդանավակայանն է, երբ մոտ 5 տարի առաջ երկրից դուրս էի գնում և առաջին անգամ պետք է օդանավ նստեի, բնականաբար, այնքան էլ լավ չգիտեի՝ որտեղ պետք է կանգնեմ, ինչ վերցնեմ հետս և այլն, հասկացաք՝ ինչ նկատի ունեմ։ Դե, բնականաբար, սպասում էի, որ աշխատակիցները կօգնեն և ուղղություն ցույց կտան, բայց բացի «մուննաթ» դեմքի արտահայտությունից ու զարմանքից՝ ուրիշ ոչինչ չստացա։

Հիմա այս օրինակները բերեցի այն բանի համար, որ դժգոհությունս ավելի հասկանալի լինի սպասարկան ոլորտի աշխատակիցների ոչ այնքան բարեհամբույր ու օգնելու պատրաստակամ չլինելու մասին։ Եթե մեկը ինչ-որ բան չգիտի, դա լրիվ նորմալ երևույթ է, և կարելի է ավելի ըմբռնումով մոտենալ։ Սա էլ այն պատճառներից մեկն է, որ մարդիկ Հայաստանում մի տեսակ վախեցած են հարց տալուց։

Ասեմ, էլի կասեք՝ ասաց, բայց օրինակ՝ Ամերիկայում ինձ հիացնում էր մարդկանց այդչափ բարեհամբույր լինելը։ Յուրաքանչյուր տեղ հանգիստ կարող էիր տվյալ ոլորտի վերաբերյալ հարց տալ կամ օգնություն խնդրել, և ժպիտը դեմքին՝ մեկը միշտ շատ քաղաքավարի կօգներ քեզ։ Հա, հա, հենց այն ժպիտը, որ մեր՝ հայերիս մոտ մի տեսակ ծիծաղ է առաջացնում ու կասկածներ դիմացինի՝ հոգեկան հավասարակշռության վերաբերյալ։

Եզրափակելով այսօրվա բողոքիս ալիքը՝ ուզում եմ նշել, որ չեմ ակնկալում փողոցում հանդիպած յուրաքանչյուր մարդ ժպտա կամ բարեհամբույր լինի, բայց եթե ինչ-որ տեղ աշխատում եք, որը ենթադրում է մարդկանց հետ շփում, խնդրում եմ, եթե ոչ ձեր իսկ ցանկությունից մղված, ապա ձեր աշխատանքային պարտականությունները հաշվի առնելով՝ մի քիչ ավելի բարեհամբույր եղեք։

Հ․Գ․ Ու հա, մեկ-մեկ էլ ժպտացե՛ք, դա ձեզ ավելի է գեղեցկացնում։