Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

aneta baghdasaryan

«Կարտոշկի» փողոցով Կույրերի մշակույթի տուն

Այսօր սովորական կիրակի է, և ես սովորականի պես քայլում եմ Կարտոշկի փողոցով դեպի հացի խանութ: Հա, ապրում եմ Մամիկոնյանց փողոցի վրա, որը բոլորս սովոր ենք անվանել Կարտոշկի փողոց` այնտեղ վաճառվող կարտոֆիլի պատճառով: Եվ չնայած փողոցը փոքր է, և երթևեկություն էլ համարյա չկա, այնուամենայնիվ այստեղի մայթերի վրա կարելի է հանդիպել կարմիր կոճակի, որից, բացի մեր փողոցից, տեսել եմ միայն Հյուսիսային պողոտայում և Ավստրիայում (դե, այն կոճակը, որին սեղմելուց հետո լուսակրի կարմիրը վառվում է, և կարողանում ես անվտանգ փողոցն անցնել): Սակայն և՛ առաջին, և՛ երկրորդ դեպքերում դրանք նախատեսված էին սովորական հետիոտների համար:

Հիմա կհարցնեք, թե ինչով է մեր փողոցի կարմիր կոճակը տարբերվում մնացածից: Բանն այն է, որ մերն ի սկզբանե նախատեսված է եղել կույրերի` փողոց անցնելը հեշտացնելու համար: Իսկ կույր հետիոտներին առանձնացնում եմ, որովհետև նրանք բոլորիս պես չեն, ուրիշ են, քանի որ չեն կարող տեսնել փողոցում քայլողների հայացքներն ու արձագանքները: Ուղղակի չեն կարող: Եվ ինչքան էլ այս ամենը տրանսպորտի, աղբահանման, ճանապարհների և այլ երևացող խնդիրների շարքից չէ, ես միևնույնն է, կհիշեցնեմ դրա մասին և կբարձրաձայնեմ այն:

Չկա մի օր, որ այս փողոցով չանցնեմ, և ինչ ինձ հիշում եմ, այստեղ միշտ հանդիպել և դեռ հանդիպում եմ կույրերի, որոնք գնում են էլի մեր փողոցի վրա գտնվող կոմբինատ՝ աշխատելու, և գնալով ավելի ու ավելի քչերին եմ տեսնում փողոցով քայլելիս: Սակայն համարյա ամեն անգամ տեսնում եմ մի երիտասարդի՝ Սիփանին, որը չնայած որոշ խոչընդոտներին, միշտ այն առաջիններից է, ով բարձրացնում է հաշմանդամություն ունեցողների հարցը և պայքարում նրանց կենսական պայմանների բարելավման համար: Ես շատ անգամներ տեսել եմ նրան միտինգներին, լսել իր հարցազրույցները, ներկա եմ եղել իր կողմից վարվող սեմինարին: Եվ ես իսկապես ափսոսում եմ, որ իր պես բազմաթիվ երիտասարդներ այսօր չունեն հնարավորություններ առաջ գնալու և լինելու բոլորիս պես` հավասար:

Ու միշտ զարմացել եմ, թե ինչու պիտի կույր մարդն օգտագործի հին և անհարմար ձեռնափայտ, քանի որ նորը բավականին թանկ է: Ինչու պիտի ամբողջ Երևանում լինի այսպիսի երեխաների համար նախատեսված միայն մեկ դպրոց, ինչքանով ես եմ տեղյակ, որտեղ բրայլյան դասագրքերի քանակը բոլորին չի հերիքում, և նրանք ստիպված իրենց հույսը ինչ-որ բարեգործական հիմնադրամների ու բարերարների վրա են դնում: Ես հասկանում եմ, որ ինչքան էլ ցանկանանք, հաշմանդամություն ունեցողների ինտեգրացիան այդքան էլ արագ և հեշտ չի լինի: Սակայն հույս ունեմ, որ գոնե այսպիսի թվացյալ փոքր խնդիրների լուծման դեպքում մենք վերջ ի վերջո կհասնենք նրան, որ այլևս զարմացած հայացքներ չենք նետի փողոցով քայլող կույրի վրա:

Այսօր ընտրություններ են, և մեր տեղամասը գտնվում է Կույրերի մշակույթի շենքում:  Ինչպես ցանկացած չափահաս տարիքի հասած երևանցի, այսօր ես պետք է ընտրեմ. ընտրեմ մեկին, ով իմ կարծիքով կլուծի քաղաքի ոչ միայն երևացող, այլև չերևացող խնդիրները, որ ես միայն մեր փողոցում չտեսնեմ կարմիր կոճակ, որ հաջորդ անգամ Սիփանին տեսնեմ նոր ձեռնափայտով և հասկանամ, որ Երևանում իսկապես ինչ-որ բան փոխվել է:

nelli khachatryan

Արծվաշենի չգրված պատմությունները

«Նելլի ջան, գիտե՞ս ինչ սիրուն էր մեր տունը: Պապիկը ինչ աշխատում էր, տունն էինք սարքում: Է, զուգարան տանող ճանապարհն էլ էինք սիրուն սարքել: Ո՞ւմ մտքով կանցներ, որ տենց բան կլինի: Որ հայտարարեցին թե գյուղը հանձնում են, պիտի ժողովրդին հանեն, էն ա` մեծ ավտո բերեցին, որ վեշերը հանենք, զանավեսկեքը չթողեցի հանեն, տունս կգեշանար: Ես հո չէի՞ մտածում, որ էդ տունը էլ չեմ տենալու:

Պապիկդ պադվալում նստած ա եղել, չի իմացել, որ գյուղացունց հանում են, հարևաններից մեկն ա տեսել, որ չկա, գնացել կանչել ա: Գյուղից դուրս եկող վերջի ավտոյով ա գնացել: Բայց որ իրան կանչել են, ինքն էլ տեսել ա իրա ախպերը չկա, ինքն էլ գնացել ա ախպորը կանչելու՝ չի եկել: Ասեց` ես իմ երեխեքին ստեղ եմ թաղել, իրանց ո՞րտեղ թողեմ գամ, տենց էլ չկարաց համոզի: Մնաց գյուղում՝ տղերքի մոտ:

Պապիկի քուրը կա, է… Ինքն էլ մտածել ա` ավելի լավ ա գոնե շորերը բերենք, մի պարկի մեջ ինչ գտել` լցրել ա, գյուղից դուրս ա եկել, հետո հանել տեսել` ոչ մի կոշիկ զույգով չի բերել, ոչ մի կոշիկ…

Արծվաշենը թուրքի գյուղի բերանին էր: Մեկ-մեկ, որ ավտոյով դուրս էինք գալիս, կարող ա` վառեին ավտոն, կամ վերցնեին, գերի էին էլի տանում: Այ, դրա խաթր կնանիք իրանց հետ մկնդեղ էին միշտ վերցնում, որ պետք լինի` խմեն, գերի չմնան…»

Էս ամենը պատմում է տատս, ով տուն տեղը թողել է Արծվաշենում ու եկել, երբ 1992 թ.-ին գյուղը հանձնեցին ադրբեջանցիներին: Դժվար է, չէ՞, ի՞նչ եք կարծում:

Արծվաշեն անունը էս քանի օրը շատ է շոշափվել, արծվաշենցիները ցույց էին անում, որ պետությունը փոխհատուցի, կամ գոնե փախստականի կարգավիճակ տա իրենց:

Չգիտեմ՝ ճի՞շտ են անում, թե սխալ, լավ են պահել իրենց ցույցի ժամանակ, թե՝ ոչ, բայց էդ ամենը սխալ ու ատելությամբ մի մեկնաբանեք, թե բա` «20 տարի հետո ի՞նչ եք հիշել», «Ես իմ ձեռով որ տուն եմ սարքել, ի՞նչ ա եղել, գնա դու էլ սարքի», «Մենակ բողոքում եք», «Ոնց որ ուզվոր լինեն», «Էս ում ուղարկած մարդիկ են»…

Հանգստացեք, ոչ ոք էս մարդկանց չի ուղարկել, մի ատեք նրանց, իրոք դժվար է նրանց համար:

mariam nalbandyan

Լռության օր

Այսօր Երևանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրն է՝ լռության օր։ Այս օրը մեզ տրված է, որ մտածենք ու վերջնական որոշենք, թե ում ենք ուզում տեսնել մեր քաղաքապետ։ Այդ պատճառով էլ մենք այսօր կարող ենք չլռել։

Ես, ինչպես ասում են, բնիկ երևանցի չեմ, հայրս Օձունից է, մայրս էլ՝ Նոյեմբերյանից։ Բայց իմ ամբողջ կյանքը ապրել, ապրում եմ ու հուսով եմ՝ միշտ էլ կշարունակեմ ապրել Երևանում։ Երևանի քաղաքացի եմ ու վաղը ես էլ եմ գնալու ընտրությունների։ Ընտրությունները միշտ ինձ համար ինչ-որ շատ կարևոր բան են եղել։ Չափահաս դառնալուս երևի թե միայն ընտրության իրավունք ստանալու համար էի սպասում։ Հիմա արդեն, որպես ընտրող մարդ, կարող եմ ենթադրել, որ ես էլ եմ որոշումներ կայացնում իմ քաղաքի ու իմ ապագայի համար։

Որոշում եմ կայացնում, որ քաղաքս էլ այսպես կեղտոտ չլինի։ Մաքրության հարցը էս վերջերս էնքան շատ է քննարկվել, որ երևի արդեն հոգնել եք։ Բայց կեղտոտ փողոցներից էլ ենք հոգնել։

Որոշում եմ կայացնում, որ հակառակ բոլոր թերություններին՝ չուրախանամ, որ առավոտը առաջին ժամից չեմ դասի, այլ գոնե երկրորդ, որովհետև երթուղայինները մի քիչ ավելի դատարկ են լինում այդ ժամերին, կարողանում եմ կանգնել գոնե։ Որոշում եմ կայացնում, որ վիզս օրումեջ բռնված չլինի, ցածրահասակ աղջիկներն էլ չասեն՝ «զատո ես երթուղայինում ուղիղ եմ կանգնում»։ Ես էլ եմ ցածրահասակ, բայց հպարտ 1,61-ովս մեկ է՝ երկու կես եմ լինում երթուղայինի մեջ։ Որոշում եմ կայացնում, որ տրանսպորտի տնտեսագիտական խնդիրը լուծելիս դասախոսս չկատակի, որ հայերը էս տրանսպորտի խնդրի տակ միշտ ուրիշ բան են հասկանում։ Ուզում եմ էդ հայկական տրանսպորտի խնդիրը վերջապես լուծված տեսնել, որովհետև հաստատ տնտեսագիտականից բարդ չի։

Որոշում եմ կայացնում, որ շոգից չմեռնեմ ամառները։ Դե, էստեղ մի մտածեք, որ ես էն մարդկանցից եմ, որ շոգ եղանակի մեջ Գագիկ Սուրենյանին եմ մեղադրում, չէ, ուղղակի եթե դադարենք իրար քիթ մտած շենքեր կառուցելուց ու ծառեր տնկենք, քիչ կմեռնենք։ Ուզում եմ Երևանում մի քիչ քիչ կառուցենք, ամբողջը դատարկ ու կիսափլատակ շենքեր են։ Մեզ էսքան շենքերը հերիք չե՞ն։

Որոշում եմ կայացնում, որ փողոցներում անտուն շներ ու փիսոներ քիչ ունենանք։ Ես ամեն օր էլ, հա, էլի կկերակրեմ նրանց, բայց էս դեպքում աշխարհում մի տեղ մի բան սխալ է։ Ոչ ոք իմ քաղաքում անտուն չպետք է մնա, լինի դա մարդ, թե կենդանի։ Ու երբ մի օր փոքր ձագի եմ տեսնում դուրսը, կերակրում, իսկ հաջորդ օրը նա արդեն չկա, չեմ ուզում մտածել, որ շներն են մի բան արել։

Որոշում եմ կայացնում, որ անձրևային եղանակը մի քիչ ավելի շատ սիրեմ, քան հիմա։ Սիրեմ նաև, երբ դուրսն եմ, ոչ թե տանը, որովհետև հիմա ինչքան էլ թույն լինի էդ անձրևը, մեկ է` չեմ սիրում մինչև ծնկներս ջուր լինել։ Թարսի պես լողալ էլ չգիտեմ, իսկ մեր շենքի դիմացի վարար գետն անցնելու համար լողալ իմանալն իսկապես պետք է։ Ուզում եմ գետնին էդ անձրևաջրերի համար նախատեսված մետաղյա ցանցատիպ բաները ծառայեն իրենց նպատակին, ոչ թե ավելի բարձր տեղ լինեն, քան գետնի մնացած մասը, որ ջուրը էդտեղ լցվելու համար ստիպված լինի մի շարք ֆիզիկայի օրենքներ խախտել։

էս հարցը որ չլուծվի էլ, ոչինչ, առաջնային չի, բայց կուզենայի միասեռ գետին ունենալ, ոչ թե օրումեջ կարկատած ասֆալտ։

Որոշում եմ կայացնում, որ ես էլ պատասխանատու լինեմ իմ որոշման համար, երբեք չմտածեմ՝ ինձնից հետո կամ իմ տանից դուրս ինչ ուզում է՝ լինի։ Ես էլ կառուցեմ իմ քաղաքը (շենքերի առումով չէ), ու որ ամենակարևորն է՝ միշտ մնամ Երևանի քաղաքացի։ Չէ, խաբեցի, իրականում ուզում եմ Աշոցքում կամ Ճամբարակում ապրել, էնտեղ ավելի հով է։

Որոշում եմ կայացնում ու ուզում եմ երբեք չփոշմանել վաղը կայացնելիք իմ որոշման համար։

mariam nalbandyan

Քո միակ իրավունքը համալսարանում

Շատ երկար մտածում էի` գրի առնել էն ամեն-ամեն ինչը, ինչի պատճառով, մեղմ ասած, չեմ սիրում իմ համալսարանը, որ հենց հարցնեն, թե ինչու, ցուցակս բացեմ, տամ։ Ու երևի դա ճիշտ կլիներ անել հենց այսօր, երբ դասից տուն եմ մտել ժամը իննին, որովհետև այն ավարտվել էր ութին, իսկ համալսարանս էլ, ինչպես ես եմ սիրում ասել, «ջհանդամի ծերն է»։ Դե, կամ էլ տունս է «ջհանդամի ծերը», դա էական չի: Էականն այն է, որ զզվում եմ ամեն օր երկու ժամ, դե լավ, չափազանցնում եմ մի քիչ, ժամուկես երթուղայինի մեջ անցկացնելուց։ Բայց երևի այս հարցով սուս մնամ, որովհետև մարդիկ կան, որ Էջմիածնից կամ Ծաղկաձորից են գալիս։ Իսկ իրենք իրիկունը ժամը ութին ոնց են տուն գնում՝ անկեղծ չգիտեմ։

Նախապես զգուշացնեմ, որ ես էս նյութի մեջ ահագին թեմայից շեղվելու եմ, որովհետև երկու տարի ու կես ամսվա կուտակված բան կա մեջս։ Մեկ էլ երևի ասեմ, որ համալսարանս իրականում վատը չէ, զրպարտանք կլինի ասել, որ բան չեմ սովորում կամ տվածս փողը իզուր է: Չէ, հաստատ լավ բաները վատերին փակում են, բայց վատերն էլ երբեմն ստիպում են իսկապես մտածես համալսարանից դուրս գալու մասին։ Բայց որ մի հատ էլ հակափաստարկ ասեմ, նշեմ, որ համալսարանս մինչ օրս չեմ փոխել, որովհետև Երևանում հաստատ մերից լավը չկա, դե, իմ կարծիքով։

Եթե ինձ հարցնեն, իմ կարծիքով ֆրանսիական «պրեստիժ» համալսարանում բոլոր-բոլոր պրոբլեմների հիմքը էդ մեր անտեր շենքն է։ Ախր, հեչ համալսարանի համար չէր կառուցված։ Դե, երևի գիտեք, որ այն նախկին ուսանողական հանրակացարանի շենքն է, ու եթե կառուցողը իմանար, որ մի օր բռնելու են իր սարքածը համալսարան դարձնեն, էն էլ՝ ֆրանսիական «պրեստիժ», հիմա կկարմրեր ամոթից, իրեն վատ կզգար, ժամանակի մեքենա կհնարեր, հետ կգնար կառուցելու վախտերը ու, էդ գրողի տարած, առաստաղները մի քիչ բարձր կաներ, որ չխեղդվենք։ Չգիտեմ, ում վրա՝ ոնց, բայց իմ վրա շատ-շատ են ազդում ցածր առաստաղները, ուզում եմ մեռնել, ազնիվ խոսք, գլխացավս բռնում է։ Մեր համալսարանում էլ մի տղա կա, գրադարանի միջանցքով անցնելիս հենց հասնում է առաստաղի հիմնասյանը (էն որ հորիզոնական են ու առաստաղի վրա), կռանում նոր է անցնում, դե, մարդը բարձրահասակ է։

Բողոքիս հիմնական պատճառը էսթետիկական հաճույքը չէ, չեմ ուզում Վերսալի նման շքեղ շենքում նստել, ուղղակի հարցն էն է, որ ես ընդհանրապես գեղագիտական նպատակներից ելնելով չեմ նոր շենք ուզում։ Հենց նույն շենքի պատճառով է, որ էսօր երեկոյան ութին եմ տուն եկել։ Շենքը ոչ միայն վատն է, նեղ ու վեցերորդ հարկից փլվող, այլ նաև շատ փոքր։ Դրա համար էլ հիմնականում մեր դասերը մինչև տեղավորում են՝ ուշ ենք սկսում, ուշ էլ վերջացնում։ Բայց օրեր էլ կան, որ շուտ ենք սկսում, բայց միևնույնն է՝ ուշ ենք վերջացնում։

Ինչ կիսամյակը սկսել է, ես ու ընկերուհիս ուզում ենք հաշվել, թե քանի առարկա ենք անցնում, բայց չենք կարողանում։ Մի տեսակ, գլուխ չենք հանում, 11 հատ արդեն հաշվել ենք, կարող է ավելանան, չգիտենք։ Դե, էստեղ էլ համալսարանը երևի թե իսկապես ոչ թե մեղավոր է, այլ շահող կողմ է դուրս գալիս, դասերը իսկապես շատ են, շաբաթվա հինգ (երբեմն վեց) օրը՝ քիչ։ Բայց, եթե շենքը մեծ լիներ, հաստատ կհասցնեինք մենք էլ մի քիչ շուտ կազմակերպել մեր դասերը։ Փաստորեն որ անցած տարի ուրախ-ուրախ մեկ անց կես, ամենաուշը՝ ժամը հինգին վերջացնում էի դասերը, բարձր կուրսեցիների տանջանքի գնով էր։ Հիմա էլ մենք ենք զիջում։

Բազմահիշատակ ֆրանսիականիս շենքի թերություններից մեկն էլ այն է, որ Երևանում այնքան շատ դատարկ շենքեր կան, որ դժվար թե էլի մեզ համար ուրիշ տեղ չգտնվի, որ գնացել խցկվել ենք էդ փոքրիկ տեղը։ Ֆրանսիայի կառավարությունը, կամ կրթության նախարարությունը, չգիտեմ՝ ով է զբաղվում մեզնով, բավականին շատ բան է անում մեզ համար։ Դասախոսներ է ուղարկում, մեզ է հնարավորություն տալիս չորրորդ կուրսում պրակտիկա անցնել Ֆրանսիայում, տարբեր կամավորներ էլ ենք ունենում։ Իսկ ի՞նչ է անում մեր կառավարությունը մեզ համար․․․ Սպասեք հիշեմ, հա, հիշեցի, գործող կրթաթոշակների մեծ մասին չենք կարողանում դիմել, որովհետև ԵՊՀ-ից կամ այլ պետական բուհերից չենք։ Գիտեմ, որ ֆրանսիականը պետական հավաստագիր ունի, պետք է համարվի պետական, բայց բավականին շատ կրթաթոշակների թույլատրելի բուհերի ցանկում չեմ գտել ֆրանսիականի անունը։

Եթե շենքին ու իր սղլիկ սալիկներին հանգիստ թողնեմ, որոնց վրա մի օր ընկնելու եմ վիզս ջարդեմ, երևի մեկ էլ դասացուցակից եմ դժգոհ, որ թերևս բավականին անհաջող է կազմած, ու մարդկանց վերաբերմուքից։ Դե, դու կարող ես օգոստոսի 27-ի առավոտյան ժամը իննին հասնել դասի, ու պարզվի, որ դասախոսդ չի եկել, հարկ չի համարել ասել, որ չի գալու։ Ու ընդհանրապես, ցանկացած պահի դասախոսդ կարող է ուղղակի չգալ, այս համալսարանում ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չի։ Մենք էլ մեր հերթին, ունենք միայն պարտավորություններ, ոչ մի իրավունք։ Դե, հայալեզու գրականություն չկա, միայն անգլերեն ու ռուսերեն, ոչ ոք պարտավոր չի մեզ նյութեր տրամադրել։ Հա, սխալ բան չեմ գրել, ֆրանսերեն չէ (ու փառք Աստծո), միայն անգլերեն ու ռուսերեն։ Քննությանը շարադրանքը երկար չգրեք, ոչ ոք պարտավոր չէ 91 հոգու աշխատանք կարդալ։ Ոչ ոք ոչինչ պարտավոր չէ։ Միայն մենք ենք պարտավոր ֆրանսերենի ամենօրյա տնայիններին զուգահեռ մյուս առարկաներն էլ հասցնել ընթացքում սովորել, որովհետև «է, բա սաղ թողնում եք վերջում, դրա համար չեք հասցնում»։

Մեր ամբողջ տունը տարբեր պատճեններ, «դոսիեներ» ու տպած լեկցիաներ են, միլիոնավոր զրթուզիբիլներ։ Եթե այսքան տպածիս փողը հետ տային ինձ, հաստատ մի կիսամյակի վարձս կտայի։

Այնուամենայնիվ, ստորություն չանեմ ու ասեմ, որ մենք ֆրանսիականում հնարավորություն ունենք լիքը լավ բաներ սովորելու, բայց հնարավորություն ունենք նաև չսովորելու։ Որ ասեն՝ ֆրանսիականի երեխեքը մեկը մեկից խելացի են, չհավատաք։ Որ ասեն՝ դաս չես անում դուրս ես մնում, էլի չհավատաք, լավ էլ ձգել լինում է։ Սովորում ենք լավ անգլերեն, ֆրանսերեն, եթե ուզենաք՝ իսպաներեն ու գերմաներեն էլ երկու տարի կարող եք սովորել։ Մասնագիտությունն էլ, հուսով եմ՝ ավարտելուց կհասկանամ, որ դա էլ եմ սովորել, որովհետև հիմա իսկապես չգիտեմ, թե ինչ գիտեմ։

Հնարավորությունները շատ են, իսկ սովորելու իրավունքը՝ քո միակ իրավունքն է ֆրանսիականում։

seda mkhitaryan

Վարորդ եմ

Վարորդ եմ մտքի ավտոմեքենայի։ Ու վարելով իջնում եմ մեր գյուղի ճամփեքով։ Դանդաղ, զգույշ։ Էս ճանապարհներին այլ կերպ հնարավոր չի։ Հասկանում եմ, որ էս ճանապարհները խնդիր են։

Կանգնեցնում եմ մեքենան։ Համայնքի սրտացավ մարդկանց հավաքում։ Որոշակի գումար ենք հավաքում։

Մտնում եմ կառավարության շենք։ Ներկայացնում եմ, որ անհրաժեշտ գումարի մեկ քառորդը կա։ Մյուս կեսն էլ ստանում եմ ու դուրս գալիս։

Մեքենաս արդեն դուխով քշում եմ։

Ու կողքիս տեսնում եմ մի գյուղացու, որը իր մթերքը մի քանի րոպեից վերը նշված ճանապարհով կհասցնի քաղաք ու կիրացնի։

Զբոսաշրջիկներով լցված ավտոբուսը կողքովս անցնում ու հասնում է Սարյանի կտավի վրայի գյուղը։

Իմ առջևի մեքենայի վարորդի ձեռքը պատուհանից շպրտում է սիգարետի տուփը։ Մեքենաս կանգնում է։ Իջնում եմ, էդ տուփը տալիս վարորդի գլխին ու ասում. «Ես հեղափոխություն չեմ արել, որ դու էստեղ-էնտեղ աղբ շպրտես»։ Վարորդը մեղքը ընդունում ու գնում է։

Շարունակում եմ ընթացքս։

Անտառի կողքով եմ անցնում։

Դե, գուշակում եք՝ ինչ եմ տեսնում ու լսում։ Հատվող ծառերի ճռռոց։ Չեմ կանգնում։ Հասկանում եմ, որ հատողը ինձնից ու ձեզնից լավ գիտի, թե ինչ կլինի եթե ծառերը վերանան, բայց հավատացեք, տանը մրսող ու սոված երեխան ստիպում է աշխարհի բոլոր ծառերին կորցնել իրենց նշանակությունը։ Այնուամենայնիվ կանգնում եմ։

Ներդրողի եմ գտնում։ Ու էս անտեր տարածաշրջանում մի նորմալ բիզնես դնել տալիս։ Այնպիսին, որ բնությանը վնաս չի տա։ Մեկ էլ անտառ հատողը դառնում է ամսվա վերջում քարտից սեփական աշխատավարձը ստացող մարդ։

Անիվները շարունակում են գլորվել։

Աշխարհը խոսում է Մերկելի հայաստանյան այցի մասին։ Աշխա՞րհը… Հայաստանը, շատ-շատ` Ադրբեջանն ու Թուրքիան։

Կանգնեցում եմ մեքենան։ Մտնում եմ վարչապետի մեջ ու նրա փոխարեն բանակցում։ Մերկելին ասում եմ, որ մեր գլխավոր խնդիրը էդ անտեր չլուծված հակամարտությունն է, ոչ թե էն, որ դու այցելեցիր Ծիծեռնակաբերդ։ Էդ քո Եվրոպաներում ասա՝ շահի հետևից մի ընկեք, էն ժողովուրդը մեղք է։ Դուրս եմ գալիս։

Շատ պրիմիտիվ բանակցող եմ։

Հասկանալով, որ իմ ներուժը ավելի լավ է՝ համայնքում պահեմ, հետ եմ շրջում մեքենաս ու գնում դեպի գյուղ։

Մի խումբ մարդիկ գյուղամիջում հավաքված բողոքում են՝ ջրագծերը լավը չեն, Նիկոլ, արի՛, վերանորոգի՛։ Կանգնում եմ, իջնում, բացատրում, որ ախր, էն մարդը զբաղված է, Մերկելի հետ բանակցությունների մեջ է, ո՞նց գա։ Մի կերպ հասկացնում եմ, որ նախաձեռնել ու սկսել է պետք։

Հետո մեքենան կանգնում է, հետո՝ վերանում։ Ես հասկանում եմ, որ ես մեքենա վարել չգիտեմ։ Ու համ էլ չգիտեմ՝ իմ մտքի մեքենան մի օր կաշխատի՞։

Anna mkhitaryan

Ապրում ենք, քանի դեռ հիշում են

Մինչև 2016թ.-ի ապրիլ ամիսը, երբ դաս անցնեինք կամ պարզապես լսեի պատերազմ բառը, չէի պակերացնի, որ դրա ժամանակ միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ։ Ես շատ լավատեսորեն էի մոտենում այդ ամենին։ Մտածում էի, որ մարդիկ իրարից շատ հեռու կրակում են միմյանց, ու մենք՝ հայերս, միշտ հաղթում ենք։ Դպրոցում էր, երբ ուսուցչուհիներիցս մեկը մեզ՝ որպես մեծի, ասաց, որ Արցախում պատերազմ է սկսվել։ Այդ պահին անկախ ինձանից լացել ուզեցի, բայց չկարողացա։ Չէի կարողանում մտածել ու հասկանալ իրավիճակի լրջությունը, մինչև տուն չգնացի։

Ամբողջ օրը լուրի էի սպասում, ականջս ուզում էր լսել, որ ավարտվել է, ու հաղթել ենք։ Բայց զոհերի մասին դարձյալ մոռացել էի, էլի չէի պատկերացնում, որ մարդիկ կմահանան։ Բայց օրը մեկի անունը լսում էի, չէ՜, ինչ մեկի, տասի, քսանի։ Հոգիս ցավում էր, չէի ուզում հասկանալ ոչինչ։ Վախեցած լսում էի լուրերը և սպասում էի, որ հիմա կլսեմ ինձ համար հարազատ մարդկանց անուններ, բայց ախր, բոլորն էլ հարազատ էին։
Արդեն ավարտվել էին այդ չարաբաստիկ օրերը։ Ու գիտեք, հոգուս խորքում և՛ հպարտ էի, և՛ ցավում էի։ Ու ցավում էի, որովետև մարեցին հարյուրավոր տան ճրագներ, արցունքոտվեցին մոր աչքեր։ Հպարտ էի, բայց ոչ այնքան, որովհետև եղան զոհեր, բայց ուրախ էի, որ համագյուղացի տղաներից զոհեր չունեինք։
Անցան օրեր, ամիսներ, ու բոլորս մեծ խանդավառությամբ սպասում էինք Ամանորյա տոներին։ Բայց դեկտեմբերի 29-ին լուր ստացանք, որ գյուղից զոհ կա, անունը լսելուն պես վազեցի ծնողներիս մոտ։
Իմ համագյուղացի Շավարշն էր։

Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը ծնվել է 1990 թվականի հունիսի 6-ին, սովորել Աշոցքի միջնակարգ դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Ընտանիքում զինվորականներ չեն եղել, Շավարշի հայրն արհեստավոր է, մայրը՝ գրադարանավարուհի։ Դեռ մանկուց հարևանները Շավարշին գեներալ էին անվանում իր խրոխտ կեցվածքի համար։ Գյուղում հիշում են՝ դժվարությունների առջև երբեք չի տրտնջացել, միշտ համարձակ է եղել, պայքարող։ Ինստիտուտն ավարտելուց հետո Շավարշ Մելիքյանը ծառայության է նշանակվել Գորիսում, 2015-ին տեղափոխվել է Տավուշի մարզ։ Ավագ լեյտենանտը հարազատներին գրեթե չէր հասցնում տեսնել, վերջին անգամ տուն էր եկել 2016-ի դեկտեմբերի 11-ին։ Մոր հետ հեռախոսով խոսել էր դեկտեմբերի 27-ին։ Եվ դա էլ եղավ նրա վերջին զանգը տուն։ Ճիշտ է, նրան այնքան էլ չգիտեի, բայց հիմա, երբ ասեն «հերոս», առաջինը նրա մասին կմտածեմ։ Նրա խոսքերը հավերժ գրվեցին մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի սրտում․ «Ապրում ենք այնքան, որքան մեզ հիշում են»։
Եվ ես, հիմա վստահ ոտք դնելով գետնին, կասեմ, որ հպարտ եմ, որ ունենք ամուր ու անկոտրում բանակ, պարծանքի արժանի անցյալ ու անպայման լուսավոր ապագա։ Քեզ և քեզ նման բոլոր զինվորներին կհիշենք մինչև վերջին շունչներս, չէ որ հենց ձեր շնորհիվ կշնչենք այդքան։

milena khachikyan

Նրան, ում կորցրել ենք

Ես քայլում եմ Հանրապետության հրապարակով ու նայում երկինք: Մտքումս Փաշինյանի՝ տարիներ առաջ գրած տողերն են. «Արդյո՞ք անձրևը հայրենիք ունի, և մի՞թե ինձ վրա քո ամպացած արցունքները չեն թափվոմ»: Մտածում եմ՝ իսկ կարո՞տը: Կարոտը հայրենիք ունի՞: Ես չգիտեմ, բայց թե հարցնելու լինեին, կասեի՝ ունի. նա է, ում մենք կորցրել ենք:

Հրապարակի երկինքը ամպամած է, գուցե անձրեւ գա, թեպետ չեն կանխատեսել: Բայց դա ի՞նչ էական է, չէ՞ որ կյանքն իրականում այն է, ինչ տեղի է ունենում մեզ հետ, մինչ մենք մտածում ենք, անվերջ մտածում…

Բայց այսօր առանց մտածելու քայլերս ինձ բերեցին այստեղ՝ հիշեցնելու վերջին ժամանակների երեկոները՝ նույն այս երկնքի տակ, բազմամարդ, աղմկոտ… Ժամանակներ, երբ ներսումս ծնվեց ու մեռավ հազար ու մի վախ…

Ապրիլի 20-ն էր, ինձ համար՝ շարժման վեցերորդ օրը: Ներսումս լռեցնելով իմ ինտրովերտ ու դեմոֆոբ մասին՝ դուրս էի եկել փողոց՝ շարունակելու կռիվը նրանց, ովքեր պայքարում էին արդեն տարիներ կամ տարիներ է՝ ֆիզիկապես էլ չէին պայքարում:

Ապրիլի 20-ը փաստորեն ապակենտրոնացման սկիզբն էր, նաև սկիզբն էր շատ ու շատ բաների…

Մի քանի ընկերներով հանդիպեցինք Երիտասարդական մետրոյի տարածքում, բայց չգտանք ոչ ոքի, ում հետ կարող էինք փողոց փակել: Իհարկե, մենք հետո պիտի հասկանայինք, որ այդքանով էլ կարող էինք, իսկ ավելի ուշ՝ նաև համոզվեինք, որ մեզնից յուրաքանչյուրն անգամ մենակ էր կարող: Բայց այդ՝ հետո:

Սկսեցինք քայլել դեպի Մաշտոց՝ հանդիպելու այնտեղ հավաքվածներին: Քայլել՝ կասկածանքով նայելով մեզ անսպասելի միացած մարդկանց, ովքեր գուցե ոչ էլ կասկածելի էին: Պարզապես օդում դեռ ինչ-որ վախ կար, և կար զգացողություն, որ ուր որ է՝ ինչ-որ բան լինելու է:

Եվ այդ ինչ-որ բանը չուշացավ:

Մյուսներին միանալ մենք չհասցրինք, որովհետև Մաշտոցի պուրակ հասնելուն պես հայտնվեցին անհավանական թվով ոստիկաններ, ու սկսվեց այդ օրերի հայտնի բռնոցին. ցուցարարներից շատերը փախան, շատերը բռնվեցին, իսկ ես….

Ես մնացի կանգնած պուրակի կենտրոնում, մենակ, առանց ինչ-որ մեկի: Մի լավ աղջիկ կասեր՝ ամենից հետո միայն ես մնացի ինձ: Եվ իսկապես, ընկերներիս հաջողվեց փախչել, իսկ ես, որ ֆոտոխցիկով էի, մնացի կանգնած նույն տեղում, ու իմ կողքով վազեցին անցան ցուցարարներ, ոստիկաններ… Հիմա՝ այսքան օրեր անց, ինձ երբեմն թվում է, թե ես դեռ կանգնած եմ այնտեղ նույնքան զարմացած, անհաղորդ, կանգնած եմ մենակ, ինքս ինձ հետ, ու իմ կողքով վազում անցնում են ընկերներս, օրերը…

Մի քանի լուսանկար անելուց հետո նկատեցի թերթի մոտակա կրպակը ու շտապեցի այնտեղ: Կրպակի աշխատողը, որ նիհար, ակնոցավոր կին էր, միանգամից նկատեց անհանգիստ տեսքս ու ինձ ներս մտցրեց.

-Արի-արի՛, ֆոտոխցիկդ էլ պահիր, թե չէ քեզ էլ կտանեն:

Ես մնացի նրա մոտ ողջ ընթացքում ու դողացող մատներով գրեցի կատարվածի մասին: Նա էլ պակաս անհանգիստ չէր երևում, ու որքանով ես հասկացա, ինչ-որ մեկը նրա մտերիմներից ցույցի էր ուրիշ մի տեղ: Իհարկե, կարելի էր հետաքրքրվել, թե ով, որտեղ, բայց այդ պահին ես ավելի շատ ընկերներիս մասին էի մտածում, իսկ նա խոսում էր մեզ մոտեցած մի ծանոթ կնոջ հետ, ով շարունակ կրկնում էր.

-Տեսա՞ր, տեսա՞ր՝ վայրենիներն ինչ արեցին…

Երբ ամեն ինչ խաղաղվեց, ես շնորհակալություն հայտնեցի ու հեռացա՝ միանալու մյուսներին՝ ճանապարհին թարս-թարս նայելով ինձ հանդիպած բոլոր ոստիկաններին, իբր նրանք էլ պիտի զգային ու նեղսրտեին:

Չնայած, ո՞վ գիտե:

***

Հրապարակն ավարտվում է, իսկ մտքերս շարունակում են լողալ օրերի ու մարդկանց միջով՝ ի վերջո կանգնելով կրպակի այդ հոգատար կնոջ պատկերի առաջ…

Օրեր առաջ մենք հանդիպեցինք: Դա մեր երկրորդ հանդիպումն էր: Ես իհարկե, էլի էի անցել այդ հատվածով ու կարող էի մոտեցած լինել՝ նրան տեսնելու: Բայց չէի մոտեցել: Չգիտեմ՝ ինչու: Մի անգամ նույնիսկ նկատել էի, որ կրպակը փակ է, բայց ժպիտով էի անցել դրա կողքով ու չէի անհանգստացել: Այնինչ անհանգստանալ պետք էր:

Ուրախ ժպիտով մոտեցա կնոջն ու հարցրի.

-Ինձ հիշո՞ւմ եք:

Կարելի էր ուրիշ սկիզբ մտածել, դժվար թե հիշեր: Պատմեցի, հիշեց, ու ամեն ինչ տեղն ընկավ.

-Հետս դժբախտ դեպք էր պատահել, գլուխս խառն է, կներես…

Ես չգիտեմ՝ ինչպես կարողացա հարցնել նրան, թե ինչ էր պատահել, ու ինչպես շարունակեցի նայել աչքերին, երբ ասաց.

-Տղաս օրեր առաջ մահացավ. հիվանդ էր:

***

Հարցնում եք՝ արդյո՞ք կարոտը հայրենիք ունի: Ունի. այդ հայրենիքը նա է, ում մենք կորցրել ենք:

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Կյանքը հաղթած

Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում

Գյումրու կենտրոնական փողոցներից տնակային թաղամասերից մեկը հասնելու համար տասը րոպեից քիչ ժամանակ է պետք: Մինչ այդ, ժամանակ` մտածելու, թե ինչից կարող ես խոսել նրանց հետ, ովքեր ապրել են երկրաշարժը, ովքեր, գուցե, բայց իրականում՝ հաստատ չեն ուզում նորից խոսել այդ մասին: Իսկ ես գնում էի՝ հարցնելու բաներ, որոնք լսել գուցե ինքս էլ չէի ուզում: Տնակների թաղամասում երկրաշարժն իրեն հիշեցնել է տալիս ամենուր, մարդկանց աչքերում՝ հատկապես: Ուրեմն՝ ի՞նչ հարցնել: Կամ ինչպե՞ս հարցնել՝ չլսելու, որ 88-ին մարդիկ միմյանց շնորհավորում էին՝ հարազատի դին գտնելու համար:

Այստեղ 88-ից մնացած ինչ-որ սառը շունչ կա, այստեղ մարդիկ խուսափում են խոսել նրա մասին, ինչ, թվում է, արդեն անցյալ է:

Բայց այստեղ կողք-կողքի են անցյալն ու ներկան, իսկ այնտեղ, ուր մարդիկ քարե տներ են կառուցում երկրաշարժից հետո ստացած տնակների տեղում կամ դրանց փոխարեն՝ ապագան է: Այս քարե շենքերը, եթե իհարկե այդպես կարելի է կոչել՝ դեռ տնակներ են, կամ մի քիչ ավելին են, քան տնակն ու մի փոքր ավելի քիչ, քան տունը:

Երկրաշարժին, անցյալին ու կյանքին հաղթած ապագան ապրում է այդ թաղամասի տնակներից մեկում: Երբ հասանք այնտեղ, նա վերանորոգում էր հարևանի տունը: Կարճ մազեր, արհեստավորին բնորոշ սպորտային- թեթև հագուստ, գյումրեցուն բնորոշ հումոր ու զրնգուն ձայն: Իսկ նա կին է, ով մինչ 88-ը կար ու ձև էր սովորում ուսումնարանում, ով երկրաշարժից հետո աշխատում էր Մարալիկի տեքստիլ գործարանում: Նա երկրաշարժից հետո ամուսնացել է, կորցրել ամուսնուն: Նրա երկու երեխաներն այսօր Ռուսաստանում զբաղվում են նույն գործով, ինչով մայրը՝ Հայաստանում: Չնայած աղջիկը՝ Աղունիկը, ծանրամարտի Հայաստանի առաջնության քառակի չեմպիոն է: Իսկ տիկին Անահիտը հիմա իր հոր տնակ-դոմիկում է, որը կառուցել են երկուսով՝ սեփական ձեռքերով: Ինքը երբեմն գնում է երեխաներին տեսնելու, բայց հիմա այնքան հաճախ չէ, որովհետև այդպիսի մի այցի ընթացքում գողացել են աշխատանքային գործիքներն ու տան սպասքը: Չնայած, սպասքն այնքան էլ հոգ չէր, գործիքները…
Տիկին Անահիտն ասում է, որ երբեմն մարդիկ զարմանում են, թե ինչպես կարող է կինը տներ վերանորոգել, բայց հետո ամեն բան հարթվում է: Քաղաքացիները վստահում են իրեն: Նա, իրականում ամենևին էլ չի բողոքում կյանքից, աշխատանքից ու նույնիսկ դոմիկից, որտեղ ապրում է: Նա անգամ ասում է, որ կհրաժարվի պետության տրամադրած բնակարանից.

-Էդ կվարտիրաները դուրս չեն գա: Հետո էդ նոր սարքած շենքերում կփռշտաս, կողքիդ հարևանը կըսե՝ առողջություն:

Երկրաշարժից մնացած նրա հիշողությունները թարմ են: Այդ օրը նա ուսումնարանում էր, քույրը՝ աշխատանքի: Այդ օրը նրա եղբայրը կորել է, գտնվել միայն մեկ օր անց: Նրա հայրը մնացել է փլվող շենքի տակ ու երկար ժամանակ հիվանդանոցում եղել: Հենց այդ ժամանակ է տիկին Անահիտն ապրել շենքում ու ատել այն: Ինքն ազատության է սովոր, թեկուզ դոմիկում:

Այս դոմիկում նա մոր հետ է ապրում, իսկ պատերին աղջկա մեդալներն են, որոնք հաշվել ուղղակի չէր լինի: Տնակը սեփականաշնորհելու հնարավորություն ստանալուց հետո որոշել է վերանորոգել այն: Ասում է՝ հաջորդ տարի կավարտի:

Տնակի բակում մի ուրիշ՝ ավելի փոքր դոմիկ է, ուր մի ժամանակ ապրել է ինքը, իսկ հիմա օգտագործում է որպես արհեստանոց: Գործիքները գնալով ավելանում են, տեղը՝ նվազում: Եվ դարպասը, որ բաժանում էր նրա տնակը թաղամասից, թվում է, ինչ- որ սահման է, որից ներս ինքը պարզապես չի ուզում թողնել երկրաշարժի ստվերը։

Մեր ուժեղ Մարկը

Լուսանկարը` Լիա Մովսեսյանի

Լուսանկարը` Լիա Մովսեսյանի

Այսօր պետք է պատմեմ մի ուժեղ տղայի մասին, ում անունը Մարկ է, նրա մոտ ախտորոշվել է «Սուր լիմֆոբլաստային լեյկոզ» , այժմ բուժում է ստանում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Մարկը ընդամենը 4 տարեկան է, սակայն նրա աչքերում մի ողջ կյանք կա:

Մենք՝ համայնքի ակտիվ երիտասարդներով, մեր վարչական ներկայացուցչի՝ Հասմիկ Ղարագյոզյանի հետո, որոշեցինք «Անհոգ մանկություն հրաշամանուկ Մարկին» խորագրով բարեգործական համերգ կազմակերպել, որի ժամանակ հանգանակված ողջ հասույթը կփոխանցվի Մարկին:

Նախքան միջոցառումը, հավաքվեցինք, սցենար գրեցինք և հրավիրատոմսերի դիզայնը որոշեցինք: Դրանից հետո, երբ ամեն ինչ արված էր, մնում էր պատրաստվել միջոցառմանը:

Օրը որոշված էր, ժամը նույնպես, մնում էր հրավիրատոմսերը բաժանել, դա ևս արեցինք:

Օգոստոի 7-ին, ժամը 14:00-ին սկսեցինք մեր միջոցառումը: Դահլիճը լիքն էր, բոլորի աչքերը փայլում էին, յուրաքանչյուրը գիտեր, որ ինքը իր օգնությունն է ցուցաբերում: Իսկ մենք այդ ընթացքում շարունակում էինք ելույթ ունենալ: Ելույթ ունեցան «Angels» պարային համույթի սաները, ովքեր թեև 2 ամիս է, ինչ հաճախում են պարի, բայց ամեն ինչ արեցին, որ իրենք էլ իրենց նպաստը բերեն:

Կարճ ասած, մեր միջոցառումը հրաշալի ստացվեց, բավականին գումար հավաքվեց, որը հուսով ենք, իսկապես կօգնի Մարկին:

Լուսանկարը` Անետաս Ասծատրյանի

Լուսանկարը` Անետաս Ասծատրյանի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնեցին:

Իսկ Մարկին մաղթում ենք առողջություն: Վստահ եմ, որ նա շուտով կապաքինվի, կվերադառնա իր բնակավայր և կդառնա մեկը, ով պատրաստ է ուրիշներին օգնել:

Milena movsesyan yerevan

Երթուղայինների պայքարը

100 դրամ ավել, 100 դրամ պակաս, իսկ մեջտեղում` տասնյակ մարդկային կյանքեր…

Բոլորը բարձրաձայնում են երթևեկության խնդիրների մասին, բողոքում հասարակական տրանսպորտում կռացած դիրքից, խցանումներից: Բայց ոչ ոք չի խոսում վարորդների պահվածքի մասին:

Աչք փակելով ծխելու, բարձր ու ռաբիս երաժշտության, վատ լսողության, տարիքի և անհավասարակշիռ վիճակի վրա՝ անդրադառնամ մեկ այլ հանգամանքի:

Երկու տարբեր համարի երթուղայինները, որոնք մասամբ միևնույն երթուղին ունեն, մտնում են «մրցավազքի» մեջ՝ 100 դրամ ավել գումար շահելու համար: Վարելու ընթացքում կապ են հաստատում գործընկերների հետ, պարզում «հակառակորդ» մեքենայի գտնվելու վայրը, ըստ դրա որոշում՝ կանգառներում որքան սպասել, հաշվարկում, թե երբ պիտի հանդիպեն, ինչպես շրջանցեն: Հսկայական ավտոբուսը ճանապարհ չի տալիս, միկրոավտոբուսը ամեն կերպ փորձում է անցնել:

-Ներողություն, չե՞ք լսում, խնդրեցի կանգառում կանգնել,- խելակորույս վարորդին սթափեցնում է ուղևորներից մեկը:

Մոռանում են մանրը, չեն լսում կողքինների ձայնը, դուռը փակում են մարդկանց երեսին: Բնական երևույթ է:

Իսկ հիմա հարց՝ ո՞վ է տվել նրանց իրավունք երթուղին սկսելու առանց հրահանգի, ինքնագլուխ մրցարշավ կազմակերպել, ղեկը բռնած պատասխանել զանգերին և վերջապես, վտանգի տակ դնել մարդկային կյանքեր՝ շահած կամ պարտված 100 դրամի դիմաց:

Չե՞ք կարծում, որ խցանումներից, կռացած վիճակից ավելի կարևոր խնդիր է սա. երթուղայինում անհարմար կանգնած կլինեք, թե բաց պատուհանի դիմաց նստած, չեք կարող ձեզ ապահով զգալ, որովհետև ավտոմրցաշարերի ժամանակ վթարներ հաճախ են լինում: