Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

mariam nalbandyan

Քույրս, կարմիր դիպլոմն ու Նոր Հայաստանը

Մի քանի օր առաջ մեր տանը տոն էր։ Քույրս մագիստրոսական թեզ էր պաշտպանել։ Մայրս տոնական ընթրիք էր սարքել, հորքուրն էլ տորթ էր գնել։ Կարծեմ, շամպայն էլ խմեցինք, ու քանի որ հետո բան չեմ հիշում, ենթադրում եմ, որ հա, շամպայն ենք խմել։ Մի կարմիր դիպլոմ էլ տանը ավելացավ, ուղղակի նախորդն էլ էր քրոջինս, ես դեռ ինչ դիպլոմ։ Հիշում եմ, երբ քույրս բակալավրիատի դիպլոմ էր ստացել, այն համալսարանում էր, ալարում էր գնար վերցներ։ Հիմա էլ չգիտի, թե մագիստրատուրայինը երբ են տալու։ Գիտենք միայն, որ կարմիր է, ու որ շուտով կտան։ Բայց ես արդեն նորից հստակ պատկերացնում եմ քրոջս մանկական ծիծաղը։

-Էսօր էլ չգնացի՞ր դիպլոմդ վերցնես։

-Ալարում եմ։ Վաղը։

Դե, շատ մի պետքական բան էլ չի, հա, էդ դիպլոմը։ Քույրս, որ հենց նոր գիտակցեցի՝ համարյա իմ բոլոր գրածների գլխավոր հերոսն է, պատմաբան է։ Հա, ես էլ եմ ամեն անգամ էդ բառից հետո մտքումս ասում՝ «վայ քո»։ Դժվար է պատկերացնել, թե պատմաբան մարդը, որը հասցրել է բակալավրիատում մանկավարժի որակավորում էլ ստանալ, բացի ուսուցչից, էքսկուրսավարից՝ ոչ միայն տուրիստական, այլ նաև թանգարանի, էլ ինչ կարող է աշխատել։ Քանի որ հումորս լավ չստացվեց, կասեմ, որ հումոր էր, որովհետև ուսուցիչ ու էքսկուրսավար էլ քիչ չի պահանջվում, ու ստացվում է՝ լավ էլ կարելի է այս մասնագիտությամբ աշխատել։ Ուղղակի առաջինի համար մի ամբողջ համալսարան կա, երկրորդի համար էլ տարբեր համալսարաններում լիքը ֆակուլտետներ։ Մեր կրթական համակարգը էնպես է կառուցած, որ միայն մի թեմայից չես կարողանում խոսել, մի բան ասում ես, մի հազար պրոբլեմ՝ ի հայտ գալիս, արդյունքում՝ չես իմանում ինչից խոսել։ Բայց քանի որ սկսել եմ քրոջս էդ վառ կարմիր դիպլոմից (հա, անընդհատ շեշտելու եմ կարմիրը, որովհետև ես էդպիսի գույների չեմ հավակնում, գոնե մի տեղ օգտագործեմ, էլի), չխոսեմ նրա մասին, որ էնքան շատ կադր ունենք, որ եթե առաջիկա տասը տարում էլ նոր կադրեր չլինեն, հաստատ պակաս չենք ունենա, բայց համ էլ չեմ խոսի նրա մասին, որ էդ կադրերից եսիմ քանիսն են իսկապես կադր ու պետքական մասնագիտական աշխատանքում։ Ու քանի որ մեծամտություն է էդպես խոսելը, սուս կմնամ։ Ենթադրենք, բոլոր կադրերն էլ շատ պետքական են, դրա համար մարդիկ մագիստրատուրա էլ են սովորում, որ էլ ավելի պետքական լինեն։ Իրականում, չգիտեմ՝ որտեղից եմ լսել, բայց կրթության ավելի բարձր մակարդակ ունենալու դեպքում ավելի բարձր աշխատավարձ պետք է ունենաս։ Իսկապես չեմ հիշում, թե որտեղից եմ լսել, որովհետև միայն լսել եմ, իրականում երբեք չեմ տեսել։

Մագիստրոս քույրս արդեն մագիստրատուրայի երկրորդ կուրսում աշխատանք էր փնտրում։ Նույնիսկ աշակերտ էր ձեռք բերել, հետը դաս էր անում։ Դասապատրաստում են հիմա ասում դրան, երբ ոչ թե առարկա ես պարապում, այլ բոլոր դասերն ես անում հետը։ Մի ամիս իր աշակերտի կյանքով ապրելուց ու միայն տրանսպորտի փողի չափ աշխատավարձ ստանալուց հետո պարզվեց, որ քրոջս աշակերտը կպած չի առաջադիմում։ Դե, որտեղի՞ց առաջադիմեր, եթե քրոջս էր զանգում հարցնում, թե ինքը այդ օրը ժամը քանիսին է պարի պարապմունքի։ Պարի, ինչի հետ քույրս, մեղմ ասած, ոչ մի կապ չունի։ Էսպիսի փորձից հետո էլ կարմիր դիպլոմավոր քույրս հասկացավ, որ ավելի լավ է աշխատանք փնտրել դպրոցում։ Բայց մի հաճելի անակնկալ ունեցանք այստեղ, որը կոչվում է «շնորհակալություն»։ Պարզվում է, գործի ընդունվելու համար պետք է կարողանաս «շնորհակալություն» հայտնել, ինչը էդ ձեր իմացած շնորհակալություններից չէ, այլ քրոջս նախատեսվող զուտ եկամտի տարեկան չափից էլ մի քանի անգամ մեծ, տեղը տեղին «շնորհակալություն» է։

Նոր էս նույն քրոջս պատմեցի, որ եվրոպական շատ երկրներում կազմակերպությունները ազատվում են որոշակի հարկերից, եթե աշխատանքի են ընդունում նոր համալսարանն ավարտածի՝ առանց աշխատանքային փորձի։ Եվ ոչ միայն ընդունում, այլև պարտավորվում են նրան երեք տարի սովորեցնել ողջ աշխատանքը, փորձել նրան կազմակերպության տարբեր ստորաբաժանումներում՝ տարբեր պարտականություններով, որից հետո էլ որոշում, թե որտեղ նա կշարունակի աշխատել։ Քույրս կլորացրեց աչքերը, ասաց՝ էհ, ու գնաց ֆուտբոլ նայելու։

Ես էլ գնամ մեր նոր Հայաստանում ֆուտբոլ նայելու։ Նոր Հայաստանում, որտեղ շուտով քույրս գնալու է մի քանի դպրոցներում աշխատանքի ընդունման մրցույթի։ Նորից գնալու է, նորից առանց «շնորհակալության», որովհետև ահագին բան փոխվել է։ Դեռ ահագին բան էլ կփոխվի, որովհետև արդեն մտածում ենք մրցույթի, դիպլոմի, մագիստրոսի կոչման մասին, և վստահ ենք, որ էլ «շնորհակալության» անուն չեն տա։ Քրոջս ընկերներն էլ, էլի մագիստրոս, հիմնել են իրենց արշավական ակումբն ու աշխատում են։ Շատ լավ է աշխատում գաղափարը, հատկապես, երբ իրականացնողները հավեսով մարդիկ են։ Բոլորն էլ, այնուամենայնիվ, ձևը գտնում են։ Իսկ «ձևերը» այլևս շատ են լինելու։

Հերի՛ք է

Քննությունից դուրս եկած ուրախ տրամադրությամբ տուն եմ գնում՝ չպատկերացնելով, թե ինչ է դեռ սպասվելու… Ու որքան էլ որ հիմա փորձում եմ ինչ-որ տրամաբանական պատճառ գտնել, որ հասկանամ՝ թե ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ խղճով, միևնույն է, երևակայությունս չի բավարարում։

Երբ խոսքը գնում էր զինվորների մասին, վստահ էի, որ ոչ մի հայ, երբեք անտարբեր չէր անցնի, երբեք մեր տղերքին չէր անտեսի, բայց արի ու տես, որ կան, նման մարդիկ, կան…

Երբ մեր տղերքը իրենց կյանքից երկու տարի վերցնելով ուղղակիորեն նվիրում են բոլորիս, որ մենք հանգիստ ապրենք, որ դուք հանգիստ ապրեք, ու փոխարենը ստանում են չնչինը, որ կարող էինք տալ։ Երբ ցանկացած Զինվոր բոլորիս համար հերոս է, բայց արի ու տես, որ բացարձակապես ուրիշ մարդիկ են ստանում հերոսի կոչում ու այդ մարդիկ հերոս են համարվում այն դեպքում, երբ իրենց «չգիտակցված» արարքների պատճառով իրական հերոս տղերքը անվերադարձ հերոս մնացին…

«Գեներալ» Մանվել Գրիգորյանը քառօրյա պատերազմի ժամանակ, զինվորներին քաջալերող իր խոսքում ասում էր՝ «Բոլորս պետք է պահենք մեր տունը…», հիմա հասկանում եմ, թե ինչ նկատի ուներ. իր տունը պահելով քանդեց շատերի տները, թողնելով այդ տան մայրերի աչքերը արցունքով… Զինվորի բաժինը, որը կարող էր մի ամբողջ ջոկ, դասակ, վաշտ սննդով ապահովել, չգիտես էլ ինչու, բաժին հասավ արջին ու վագրին։

Իսկ մեր փոքրե՞րը, ի՞նչ են զգալու, երբ գտնված նամակների մեջ գտնեն իրենց գրածները, որոնք մեծ ոգևորությամբ էին գրել ու հույս ունեին, որ գոնե այդ կերպ կաջակցեն, կքաջալերեն իրենց պաշտպաններին։ Ամեն նամակի մեջ հոգի էին դրել ու հավատում էին։ Ուզում եմ մի քանի նամակներ հրապարակել, որոնք ապրիլյան պատերազմի ժամանակ հասել են եղբորս՝ Վարդգեսին, ով այդ օրերին ծառայում էր Հադրութի շրջանում։ Ծառայությունն ավարտելուց հետո նա այդ նամակները մեծ խնամքով բերել է իր հետ տուն: Ձեր նամակները հասել են, ձեր ուժն ու ոգին իմ զինվոր եղբորը հասել է, շնորհակալ եմ ձեզ։

Տղերք ջան, հիշեք որ ձեր մայրերը, քույրերը այստեղ են ու սպասում են ձեր գալուն, և եթե որևէ մեկը անարդար վարվի ձեր նկատմամբ, ոչ մի հայ էլ չի՛ լռելու։

Վերջում կասեմ մեկ բան՝ այս ամենն անողը, էլ երբեք հանգիստ չի՛ ապրելու։

ella mnacakanyan yerevan

Ես հիշում եմ…

Ես հիշում եմ… Ես այսօրվա նման հիշում եմ 2016-ի ապրիլի սկիզբը: Հիշում եմ Մաշտոցի պուրակն ու էն հարազատ, ջերմ ու ոգևորված միջավայրը, որ ստեղծվել էր այնտեղ: Ես հիշում եմ էն արկղերը, որոնց թիվը, երևի, ոչ թե թվաբանական, այլ երկրաչափական պրոգրեսիայով էր աճում: Օր առ օր, ժամ առ ժամ, նույնիսկ րոպե առ րոպե: Իմ աչքի առաջ են դեռ էն տատիկները, որ իրենց ձեռքերով գործած գուլպաներն էին իրենց թոռների հետ ուղարկել, էն երիտասարդները, որ այս կամ այն սրճարանում ժամանակ անցկանելու վրա վատնվող գումարով գնել էին ինչ հնարավոր է ու անհրաժեշտ զինվորին՝ ծխախոտ, քաղցրեղեն, հիգիենայի պարագաներ ու նույնիսկ զգեստ ու ներքնազգեստ: Գնել էին ամեն անհրաժեշտն ու ամենաանհրաժեշտն էին դրել այդ արկղերի մեջ՝ մեր սերը, կարոտը, հույսն ու սպասումը, հավատը, որ ամեն բան լավ է լինելու: Ես հիշում եմ էն երեխաներին, ովքեր, հազիվ այբուբենը սովորած, նամակներ ու անկեղծ տողեր էին գրել իրենց ծանոթ ու անծանոթ զինվորներին, տողեր, որոնցով հույս ունեին մի քիչ հոգեպես աջակցել, քաջալերել այդ դժվար ժամանակներում նրանց, տողեր, որոնց արձագանքին էին նույնիսկ ոմանք սպասում, որովհետև վստահ էին, որ այդ տողերը հասնելու են իրենց հասցեատերերին: Կասկածելու բան էլ չկար, ո՞ւմ էին պետք դրանք՝ իրենց հասցեատերերից բացի… Բայց, արի ու տես, որ պետք էին: Ոմանց խելքին փչել էր դրանցով արկղեր ծածկել, որ չփոշոտվեն: Արկղեր, որոնցում խնամքով դասավորված էր էն ամենը, ինչ տատիկներն էին գործել, ինչ երիտասարդներն էին գնել, ինչ երեխաներն էին գրել զինվորների համար, արկղեր, որոնցում մենք ի սրտե դրել էինք մեր սերը, կարոտը, հույսն ու հավատը, որոնք պարուրել էինք Մաշտոցի պուրակի մեր ջերմ ու հարազատ մթնոլորտով, արկղեր, որոնք պիտի՛ հասնեին սահման:

Գիտե՞ք՝ ԱԺ պատգամավոր, գեներալ , «հերոս» Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկությունների, դրանցում հայտնաբերվածի մասին լուրերն ահավոր ու սարսափելի չեն մինչ այն պահը, երբ դիտում ես այդ ամենի մասին պատմող տեսանյութը, որովհետև լուրերում խոսվում է ապօրինի գույքային յուրացումների մասին, բայց չի ասվում, չէ՛, երբեք չի ասվում, որ այդ անկեղծ սրտով ու հոգատարությամբ դասավորված արկղերի, Սփյուռքից որպես օգնություն ուղարկված ռազմական և շտապ օգնության մեքենաների, «Զինվորի բաժին» պահածոների (որոնցով, ի դեպ, մեկն իր սեփական, լսո՞ւմ եք, սեփակա՛ն կենդանաբանական այգու արջերին էր կերակրում), մեծաքանակ զինամթերքի (որը գուցե կարողանար մի ամբողջ դասակի կյանք փրկել ժամանակին) հետ մեկտեղ յուրացվել են նաև այն նամակները, որ պիտի զինվորին հասնեին, յուրացվել է այն սերը, հավատն ու ջերմությունը, որոնք պիտի զինվորին պարուրեին, ոչնչացվել է այն արժեհամակարգը, հանուն որի պայքարել ու որի շուրջ համախմբվել էին մարդիկ: Ու մեղավորները պիտի պատիժ կրեն ոչ միայն ապօրինի յուրացումների, այլև մի ողջ սերնդի հույսը, անապակ պատկերացումներն ու ոգևորությունը ջարդուփշուր անելու համար…

anush davtyan

Հետքննականների շարքից

Ուրեմն, շաբաթ օր էր։ Ես ուղղակի նստած էի բազմոցին, առավոտից սկսած՝ շարունակում էի ոչ մի բան չանել։ Արդեն երկրորդ ֆիլմն էի նայում, որերոդ հաղորդումը միացնում հեռուստացույցով։ Մեկ էլ տեղիցս վեր կացա․ շատ էի նստել արդեն, հանգստացել էի։ Հեռախոսս վերցրի, որ Անետին գրեմ հերթական «սկսե՞նք»-ը, ու սկսենք պարապել։

Ոնց վեր էի կացել, էդպես էլ հետ նստեցի տեղս։ Ախր, էլ ի՞նչ քննություն, ի՞նչ բան, եթե հլը ուրբաթ օրն էր էդ մղձավանջը վերջացել ու չպիտի սկսվեր մինչև էս դեկտեմբեր։ Մի խոսքով, սթրեսը մենակ քննական կամ նախաքննական չի լինում։ Ամենաիսկականը հետքննական է, որ էլ անհանգստանալու տեղիք չունես, բայց առավոտ վեցին կարող է պատահի՝ զարթնես, գնաս քսերոքսներիդ հետևից, վերնագիրը կարդաս, ասես՝ վայ, էս մեկը չեմ հիշում, քննությանը մտնելուց առաջ կկարդամ։

Ի դեպ, ուզում եք՝ հրաշք ասեք, կամ ուրիշ անուն տանք էս երևույթին, բայց ամեն քննությունից առաջ ինչ-որ պատահականությամբ ես կրկնում էի էն հարցերը կամ գոնե դրանցից մեկը, ինչը կես ժամ հետո ընկնում էր քննությանը։ Բայց էս հրաշքները Անուշի աշխարհում էին լինում, ու միգուցե ուրիշների բախտը սենց չէր բերում։

Բայց եթե ինձ տային էդ հնարավորությունը՝ հորինելու մի աշխարհ, ես դրա անունը կդնեի «քննություն», իսկ հերոսներ կդարձնեի Անիին ու Հայկին, որ գոնե էդտեղ հանդիպեին, ու իրենց հանդիպման խնդիրը լուծվեր, էլ քնննական հարցաշարում չներառեին։ Ու եթե ես հորինեի էդ աշխարհը, Անին ու Հայկը մտքում իրար տառապյալներ կասեին, հեռախոսի մեջ էլ կգրանցեին «Անի իրավ-ֆրանս» ու «Հայկ․Եսայան» կամ «Հայկ քսերոքս», որովհետև էդ աշխարհում քննությունը բարձր ստանալու շահն էր լինելու առաջնային, ու պարապելու նյութեր գտնելը բնազդ էր դառնալու։

Մեր աշխարհում կյանքը կսկսվեր առաջին քննաշրջանից՝ առաջին միջանկյալից։ Հերոսների շփման առաջին դրվագը կլիներ իրարից լեկցիայի ձայնագրություն ուզելը։ Հետո տետր, քսերոքսներ, ու էս ամենը կաճեր մինչև երեկոյան վիդեոզանգեր, ինչն էլ աստիճանաբար կդառնար 24-ժամյա խոսակցություններ՝ հինգ-հինգ րոպե ընդմիջումներով, որ թեյ դնեն, առույգ մնան։

Մեկ-մեկ կարող էին բուհ գնալ, որ տեղում պարապեն, ժամանակ չկորցնեն իզուր, բայց էդ հիմնականում քննությունների օրը հենց։ (Էնքան էին խնայելու էդ ժամանակը, որ «ժմկ» դառնար, թանաք շատ չուտեր։) Առավոտ լուսո տեղում էին լինելու, կպնեին գործի, ու՜խ։ Մարդ ասում ա՝ գիտության տակն են առնում, իսկ իրականում ուղղակի ծերը ծերին են հասցնում։

Անիս ու Հայկս կլինեին ուսանողների բուհական կյանքի մարմնավորումը, իրենց տառապանքների՝ կյանք ստացած տեսքը։ Իրենք կպայքարեին էնքան, մինչև դրական չստանային բոլոր քննությունները, իսկ դրանից հետո՝ երկու անգամ էլ ավելի, որ կարմիր դիպլոմով ավարտեն․ չէ՞ որ առանց կարմիր դիպլոմի՝ կյանք չկա։

Էս ամենը մի կողմ՝ ավարտելիս իրենք կրակի կտային մինչ էդ օրը արված ամեն տեսակի նյութ, համակարգչի աղբամանից կօտարեին մինչ էդ օրը ջնջված բուհական ցանկացած հանձնարարություն ու հեռախոսներից կմաքրեին գրատախտակից արված բոլոր ձեռագրի ու գույնի նկարները։ Վերջում էլ, իրար կողքի կանգնած, հիստերիկ ծիծաղով կնայեին էդ կրակ ու բոցին, հրաժեշտ կտային իրար ու կգնային աշխարհիցս դուրս։

Ու ոնց ասում են, հավերժ կարելի է նայել մի բանի։ Թե ինչպես են այրվում կոնսպեկտներդ ու քսերոքս արած լեկցիաներդ։ Ափսոս, ինձ այդ բերկրանքը զգալու հաճույքը չեն պարգևել։ Ես լեկցիաներս կտակում եմ հաջորդ երկրորդ կուրսին։

meri antonyan

Օնլայն ինտելիգենցիա

Մարդիկ կան, է, որ համակարգչի առաջ նստած, առյուծի կաթով լիքը բաժակը կողքներին դրած, բան ու գործ չունեն՝ առանց էդ էլ արդեն հալից ընկած ստեղնաշարն են մաշացնում՝ մյուսների ուղեղներն էլ հետը։

Էն, որ ֆեյսբուք մտնելուց «սառոչկի» օձիքը դզում, ինտելիգենտի ակնոցները դնում, նոր են մտնում: Գալիս են, ստեղից-ընդեղից լսած վերերկրային թեմաներից են խոսք բացում, մի երկու անգլերեն բառ հայերեն տառադարձությամբ գրում, իրանց տենց խելացի են զգում:

Էն, որ գրածներում անգրագիտությունը դրոշակ ա թափահարում, բայց որ ուրիշի գրածները կարդում են, ինչը իրենց ուղեղի պատերից ներս չի գալիս, ասում են՝ ախմախություն ա, ու իրանց թույն քննադատի տեղ են դնում:

Էն, որ օնլայն իրավատեղյակ քաղաքացու, իրենց իրավունքի կողքով անցնողին հոշոտողի ու «փիս դուխովի» կերպար են ստեղծում, բայց դե, դու էլ հո՞ իրենց իրականում ճանաչում ես, ստատուսներով ու քոմեթներով արած «բազարներն» ես կարդում, մտածում ես. «Ափսոս, քեզ ճանաչում եմ»:

Էն, որ չիմանան, որ քո վերաբերյալ են խոսում, անծանոթի տեղ դրած՝ մի քանի տարվա կարդացած ստատուսները ի մի կբերեն, իրավիճակին հարմար տողերը կառանձնացնեն, արանքում մի երկու հատ շատ կրթված «շնորհակալություն», «այո-ոչ» ու «խնդրեմ» կխցկեն, իրենց կթվա, թե ում պետք էր՝ իրենց հուժկու տեքստերով տեղը դրին: Բայց որ դեմ առ դեմ են հետդ խոսում, «քո կարծիքն իրենց համար շատ կարևոր է»: Որ մի բան ես ասում, որ էդքան էլ իրենց սրտով չի, հո՞ էդ նույն դուխով չեն ասում. «Անգրագետ ես, սխալ բաներ ես խոսում, քերականությունից էլ լավ չես, գնա սովորի», չէէ՜, լռում են, շրթունքը կծում, ուզում են ուղեղում ամրագրեն, որ հետագայում քեզ հետ էլ էդ թեմայից չխոսեն. դու իրենց մտքերը չես կիսում:
Էն, որ ուսանող ժամանակ չեն կարողանում նույնիսկ ինքնուրույն նախադասություն կազմել, որ իրենց ուզածը կարգին ներկայացնեն, դեկանատից մի բան ճշտեն, բայց մինչև մի մասնաշենքից մյուսն են հասնում, արդեն էնպես ա ստացվում, որ դեկանատում աշխատել չգիտեն, իրենց հարցերին զլանում են պատասխանել: Իսկ էդպիսիները պարտադիր ուսանող լինում են, պատվախնդիր ուսանող, որ շատ լավ գիտեն՝ ում դեմ բողոքելու համար՝ ում ու ոնց են դիմում գրում:

Մի խոսքով, իրենց նմանը չկա մեկի մեջքի հետևում թաքուն գործ բռնելուց, հետևից խոսելուց, ուրիշի աշխատանքից բողոքելուց, բայց մտքներով չի անցնում, որ իրենք միի՜ քիչ խնդիրներ ունեն ընկալելու հետ, մաա՜րդ ես, մեկ էլ տեսար՝ իրենք ինչ-որ բաներ ճիշտ չեն հասկանում: Մտքներով չի էլ անցնում, այ: Որ ասես՝ խիստ կվիրավորվեն: Չես էլ ուզում ասես. շատ ծանր կտանեն:

Առաջարկում եմ

Լուսանկարը` Ռաֆայել Նաջարյանի

Լուսանկարը` Ռաֆայել Նաջարյանի

Պարապմունքներս արդեն վերջացրել էի, գնացի տուն, սոված չէի։ Մտածեցի, որ հեռուստացույցով հետաքրքիր ֆիլմ կնայեմ, բայց ականջիս հասավ ինչ-որ անիմաստ քրքջոց, նորից անիմաստ սերիալներ էին։ Մեր կյանքը շատ ձանձրալի կլիներ առանց հեռուստատեսության, բայց այն պետք է որակով և գեղեցիկ լինի: Ես բնավ դեմ չեմ սերիալների ցուցադրմանը, բայց դրանք պետք է լինեն որակով և ուսուցողական: Այս սերիալների մեծ մասը չի նպաստում, որ երեխան դաստիարակվի ճիշտ արժեքներով: Երբ փոխում եմ հեռուստացույցի ալիքները, պարզապես չեմ կարող չնկատել սերիալները, որովհետև դրանք ցանկացած ալիքով ցուցադրվում են, այն էլ՝ օրը երեքից չորս անգամ: Կան սերիալներ, որտեղ տխմար և ոչ հարիր բառապաշարով են խոսում:

Ես առաջարկում եմ, որ ստեղծվի այնպիսի սերիալ, որտեղ հերոսները երեխաները լինեն, իրենք էլ դերերը խաղան, իրենց հասակակիցներն էլ կձգտեն նմանվել իրենց: Առաջարկում եմ հեռուստացուցով ցույց տալ ներկայացումներ, որովհետև այն երեխան, ով հնարավորություն չունի թատրոն գնալու, զուրկ է մնում գեղագիտական հաճույք և գեղագիտական դաստիարակություն ստանալուց: Առաջարկում եմ ցույց տալ հաղորդումներ դպրոցական առարկաների մասին, որոնք շատ ավելին կսովորեցնեն և ուսուցողական կլինեն:

Երեխաների հետ պետք է վերաբերվել երեխայի պես, միշտ հիշել, որ պետք է գեղեցիկը ցույց տալ, որպեսզի նրանց մեջ սեր ծնվի դեպի գեղեցիկը։

tina maqoyan kotayq

Առաջին ուստարին ավագ դպրոցում

Բարև: Եկել եմ մի փոքր բողոքեմ ու գնամ: Երևի արդեն սովորել ես սենտիմենտալ հոդվածներիս, բայց, կարծում եմ էս մեկը կտարբերվի: Դե, լսիր… Ես սովորում եմ ավագ դպրոցում, 11-րդ դասարան փոխադրվեցի: Դե, երևի գիտես, որ ավագ դպրոցում բոլորը, ըստ իրենց ընտրած ապագա մասնագիտության՝ ընտրում են հոսքեր (հումանիտար՝ լեզուներ, պատմական, բնագիտական՝ կենսաքիմիա, ֆիզմաթ), էդ առարկաները խորացված են անցնում ու տարվա վերջում քննություն են տալիս էդ առարկաներից՝ բանավոր: Ես սովորում եմ կենսաքիմիա հոսքում… Չէ, բժշկական համալսարան չեմ ընդունվելու: Պարզապես հումանիտար հոսքում 11-րդ դասարանում արդեն չեն անցնում կենսաբանություն և քիմիա, իսկ ես սիրում եմ էդ առարկաները: Ես անցնում եմ կենսաբանություն և քիմիա շաբաթական 4-ական ժամով, իսկ համաշխարհային և եկեղեցու պատմություններ չեմ անցնում: Կարծես, թե ամեն ինչ նորմալ է, ի՞նչ ունեմ բողոքելու… Կոնկրետ իմ հոսքի վերաբերյալ մի քանի խնդիր նշեմ: Առաջինը վերաբերվում է քիմիայի գործնական փորձերին: Երբ ընկերներիս պատմում եմ, որ սովորում եմ կենսաքիմիա հոսքում, անմիջապես պատկերացնում են էն ամերիկական ֆիլմերի քիմիայի լաբորատորիաներն ու հավես փորձերը: Չէ, իրականում մեր քիմիայի ժամերը չեն տարբերվում հայ-կա-կան հիմնական դպրոցների քիմիայի դասաժամերից: Բացիր դասագիրքը, կարդա, ոչինչ մի հասկացի, փակիր: Ոչինչ, մի 2 էլ ավել կստանաս, որ մյուս անգամ խելքդ գլուխդ հավաքես ու գոնե մի 2 տող անգիր անես՝ դասարանիդ առաջ խայտառակ չլինելու համար… Իսկ եթե չես կարողանում, խնդրեմ՝ գնա «բրդաչփխական» հոսք: Իսկ փորձերը արվում են էն դեպքերում, երբ գործնական աշխատանք պիտի գրվի տետրերում. նայիր ոնց են կարմիր նյութը խառնում կապույտին ու ստանում մանուշակագույն նյութ, ու գրիր տետրում, որ գնահատվես: Ո՞վ է ձեր միջի նկարիչը, դե ասա՝ տեսնենք, կարմիրը կապույտին խառնելիս ի՞նչ գույն կստանանք: Կարծես առանց էդ ձևականությունների էլ չգիտենք, որ՝ ա) կանաչ, բ) վարդագույն, գ) մանուշակագուն (Ամալյայի ասած՝ սիվիրինի) դ) սև. տարբերակներից՝ ճիշտը գ)-ն է: Նորից եմ ասում գ)-ն, չլսեցի՞ր: Իսկ ինչի՞ գնահատվես, երբ փորձը կատարվում է մեկ մարդու կողմից, ու դու պարզապես կողքից դիտորդ ես: Ի՞նչ է, ձեռագրի՞դ համար գնահատվես… Թունավոր նյութերի հետ աշխատելիս էլ պիտի արագ նյութերը խառնես, դնես պատուհանագոգին՝ դրսի կողմից ու արագ փակես, որ ռեակցիաներից չթունավորվես: Ամբողջ դասարանն էլ, մեկը մյուսին հրելով, իրար տրորելով, պիտի հավաքվեն պատուհանի մոտ՝ ռեակցիան դիտելու: Դե, քարշիչ պահարան ունենք, բայց չի աշխատում: Կարծես դեկորացիա լինի… Հաջորդ խնդիրը՝ մասնավոր պարապմունքները… Ծնողները հաճախ են ասում, որ իրենց ժամանակ ամենը ուրիշ էր, իրենք իրենց դպրոցի գիտելիքներով ընդունվում էին, իսկ հիմա տարիներով պարապում են, ուսուցիչները դիտմամբ գիտելիքներ չեն տալիս, որ գումարով պարապես իրենց հետ: Չէ, հարգելիներս… Էստեղ ստիպված եմ պաշտպանել ուսուցիչներին: Ուսուցիչներին տրված է հստակ ծրագիր, ու իրենք իրավունք չունեն շեղվել ծրագրից: Հարկավոր է ծրագրերը վերանայել, այլ ոչ թե ուսուցիչների վրա ամբողջ մեղքը բարդել: Հիմա մի փոքր քննություններից: Գիտե՞ս, շատ-շատ դժվար կարողացա կենտրոնանալ քննությանս տոմսերի վրա, իսկ հենց քննասենյակում ուղղակի մոռացա սովորածս: Հա, մոռացա: Մեկ տարի առաջ՝ 9-րդ դասարանի քննությունները լրիվ այլ էին: Ինձ «կոտորում» էի, քննություններս բարձր էի ուզում ստանալ ու բնավ չէի մտածում, որ, չնայած բոլոր առարկաներն էլ բարձր կստանամ, բայց էսօր էդ քննություններից հիշելու եմ միայն գրականությանս անգիրները, որովհետև… Որովհետև միայն դրանք եմ հավեսով սովորել: Հաջորդ հարցը, որի մասին ուզում եմ խոսել, դա վատ սովորող աշակերտներն են: Հաճախ նրանց ծաղրում են կամ չեն շփվում մենակ նրա համար, որ վատ են սովորում, կամ բնավ չեն սովորում: Հարգելիս, արի քեզ մի գաղտնիք ասեմ. սովորել-չսովորելը դա մարդու որոշումն է, ու դա բնավ չի կարող ազդել մարդու մարդ տեսակի վրա: Զարմացա՞ծ ես, իսկ ի՞նչ է, չգիտեի՞ր, հարգելի գերազանցիկ… Շատ մարդկանց «լավ» սովորելը հիմնված է անգիր անելու վրա… Լավ սովորելն ու խելացի լինելը տարբեր բաներ են, ոնց ասում են: Լավ հիշողությու՞ն ունես, կարո՞ղ ես էջերով տեքստեր անգիր անել՝ վերջ, գերազանցիկ ես: Իսկ երբ չես ուզում անգիր անել ու փորձում ես հասկանալով սովորել, դա ոչ ոքի չի էլ հուզում, չեն էլ փորձում օգնել քեզ: Դասդ պատասխանելիս կմկմացիր՝ նստիր, չես սովորել: Իսկ ու՞մ է պետք էդպիսի լավ սովորելը, երբ գործնականում ընդունակ չես կիրառել սովորածդ:

Վերջին զանգի լռությունը

Մայիսի 25-ի լուսաբացը ցնցող էր. արթնացա պատուհանիս տակ հնչող խելահեղ վանկարկումներից: «Ովքե՞ր են էս ցնդածները…» , ուղեղս տակնուվրա արած աղմուկը «արդարացվեց»՝ վերջին զանգն է՝ ավանդական «ուտուշ-խմուշով»:

Զանգ՝ այն էլ վերջին. հայհույն ու ձայնավոր միջավայրը էս օրվա գույնն են: Երբևէ մտածե՞լ եք, որ վերջին զանգը անձայն էլ է լինում: Կասեք՝ աբսուրդի ժանրից է: Ամենևին. լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրում վերջին զանգը լռության զանգ էր: Լռություն, որ պարտադրված է ոչ թե տպավորություն ստեղծելու համար, այլ բնականից:

Այստեղ շատ բան է ուրիշ, սա լռության աշխարհն է: Աշխարհ, որտեղ աղմուկը չի խանգարում, չի խլացնում, չի բթացնում: Աշխարհ, որտեղ սրտի ձայնն է հնչում, որտեղ աչքերն են խոսում և խոսում են շատ ուրիշ, այնքան ուրիշ, որ խոսքով չի պատմվում …

Բայց ես կփորձեմ պատմել նրանց մասին: Նրանք չեն խոսում, որովհետև չգիտեն՝ ինչ է լսելը: Բայց տեսնում են և տեսնում են շատ ավելին, միայն թե այդ տեսածը դարձյալ ուրիշ է:

Մեր և նրանց աշխարհն էլ է ուրիշ: Այնքան ուրիշ, որ վերջին զանգից հետո կրթահամալիրից դուրս սպասվող այդ աշխարհն այնքան էլ երազանք չէ նրանց համար: Մի տեսակ մոլորված են, որքան էլ օրն ու տրամադրությունը տոնական են:

Տխուր են, որովհետև հրաժեշտ են տալիս ոչ միայն դպրոցին: Սա նրանց համար միայն դպրոց չէ, էստեղ ուսուցչին «մամա» են ասում: Էստեղ նրանք բոլորով են, փակ դռներ չկան: Իսկ դրսում նրանք անպաշտպան են ոչ այն պատճառով, որ երիտասարդ են, անփորձ: Նրանք պարզապես տարբեր են, ինչպես ընդունված է ասել: Ես կասեի՝ յուրահատուկ, բայց ոչ տարօրինակ:

«Մենք տարբերվում ենք նրանով, որ քիչ գիտենք այն, ինչ շատ գիտեք դուք»,- ասում է խուլ ընկերս ու թվարկում այն փակ դռները, որոնք փոքրիկ հաղթանակների շնորհիվ փորձել է դպրոցն ավարտելուց հետո բացել ,- Կրթությունը Հայաստանում այնպիսի մակարդակի վրա չի, որ լսողներն ու խուլերը հավասար սովորեն ու հավասար էլ աշխատեն: Եթե արտասահմանի խուլերը կարող են սովորել համալսարաններում, աշխատել սպասարկման ծառայություններում, հայ խուլերն էլ կարող են: Բայց քանի որ հասարակությունը զարգացած չի, մարդկանց մի մասն է լավ ընդունում մեզ»:

Խուլերը հաճախ են բախվում, մեղմ ասած, անհարմարությունների: Ստիպված են հարմարվել՝ էստեղ մենք և նրանք նույն «հարմարվողականության» պարտադրված մասնակիցն ենք՝ պիտի և վերջ: Այ հենց այդ «պիտի»-ն էր նրանց վերջին զանգի տոնական քողի տակ թաքնված աղմուկը: Դա էր այն անհանգիստ զանգը, որ հնչում էր սրտից սիրտ: Դա լռության զանգ էր, որ ճեղքում էր բոլոր պատերը, որ ուղիղ խփում էր դահլիճում նստածների բանականությանը:

Սա այն զանգն էր, որ չղողանջեց, չլուսաբանվեց, չմասսայականացվեց: Խուլերը համեստ են, էստեղ չկա ավելորդ ճոխություն: Բեմից հնչող երաժշտությունը և հումորային համարները լսող ծնողների, ուսուցիչների և ներկաների համար էին: Խուլ ընկերներս լավ էին պատրաստվել: Իսկ որքա՞ն ենք մենք պատրաստ՝ գոնե մի պահ լռեցնելու աշխարհի աղմուկը, որ խանգարում է զգալ, տեսնել և վերջապես լսել:

«Երբեմն ես մտածում եմ՝ խուլ լինելն էլ իմ առաքելությունն է, որ մարդիկ տեսնեն այն, ինչ չեն լսել»,-ասում է ընկերս:

Հ.Գ. Մի բան էլ, ամեն ինչ այդքան էլ տխուր չէր: Վերջին զանգի լռությունը խախտեց խուլ երկու ընկերներիս սիրո աղմուկը:

ella mnacakanyan yerevan

Ուրախ, փոքր ավտոբուս

-Մի՛ ծխեք, էլի,- դիմացս նստած կնոջ կնճռոտված երեսին բացահայտ տհաճություն է ուրվագծվում:

-Վա՜յ, քուրս, բա շուտ ասա,- պատասխանում է վարորդն ու հանգցնում հենց նոր վառած ծխախոտը՝ ի զարմանս ինձ ու հակառակ սպասածս ոչ այնքան ականջահաճո բանավեճին, որ սովորաբար ծագում է նման դեպքերում, ու որոնց ժամանակ միակ բանը, որ ուզում ես անել, ականջակալներումդ հնչող երաժշտության ձայնն առավելագույնի հասցնելն է:

Ես, փոքրիկ «սկանդալից» խուսափած, ակամա և թեթևակի ժպտում եմ, ու պարզվում է՝ այս անգամվա երթուղայինն ամենևին էլ սովորականներից չէ: Ու երթևեկն էլ, կանխատեսում եմ, սովորականներից չի լինելու, որովհետև ինչ-որ տարօրինակ օրինաչափությամբ, այս քաղաքի ամենակոլորիտային մարդկանց ու ամենաանհավատալի իրավիճակներին հենց հասարակական տրանսպորտում ես հանդիպում:
-Խոսացե՛ք, է՜, ժող ջան,- վարորդը չի կարողանում երկար պահպանել լռությունը,- ի՞նչ կա, իմա՞լ եք,- լեզվական ակցենտը միանգամից մատնում է իր ծագումը,- երկիր փոխվե՞ց-չփոխվե՞ց:
-Դու էս երկրի՞ց չես, հոպա՛ր,- անմիջապես արձագանքում է մի երիտասարդ, որովհետև մնացած կանայք, կարծես, խուսափում են երկխոսության մտնելուց:
-Էս երկրից եմ:
-Քյավառից ա,- ծիծաղելով վրա է բերում միջին տարիքի մի կին:
Նրա խոսքն անմիջապես շարունակում է այս պատմության առաջին հերոսուհին.
-Փոխվեց, բայց վարորդներն էլի ծխում են:
-Ի՞նչ են անում,- վարորդն իսկապե՞ս չի լսում, թե՞ չլսելու է տալիս կնոջ ասածը:
-Ծխում են,- բոլորն արդեն ասում են միահամուռ, որովհետև բոլորին էլ, կարծես, դա դուր չի գալիս: Բոլորին՝ բացի մեկից:
-Լա՜վ դե, ծխում են թո՛ղ ծխեն, ամբողջ օրն ավտոյի մեջ են էս խեղճ մարդիկ,- պաշտպանում է երիտասարդը:
-Բայց էդ ավտոյի մեջ կանայք կան, երեխաներ, հիվանդներ,- կինը, ոնց որ թե, հաստատակամ է տրամադրված:
-Է՜հ, դրան որ նայենք, փողոցում էլ պիտի չծխեն, փողոցում էլ կան:
«Բա պիտի չծխեն, կողքինները պարտավոր չեն էդ ծուխը շնչել»,- ուզում եմ մեջ ընկնել ես, բայց հետո հասկանում եմ, որ ավելի լավ է՝ լուռ նշումներ անեմ այս ոչ սովորական «ճամփորդությունից»:
-Դու էլ ես աչքիս ծխում, որ տենց պաշտպանում ես,- կինը քննախույզ հայացքով նայում է երիտասարդի աչքերին: Վերջինս վստահորեն բացասական պատասխան է տալիս, ինչը, սակայն, չի համոզում ինձ ու կարծես կասկածամիտ կնոջը նույնպես (ախր, մի տեսակ շատ շահագրգռված էր պաշտպանում):
-Հարի, հարի, հառեջը նստի,- մարդամոտ վարորդը երիտասարդին կանչում է իր կողքին նստելու՝ գուցե նրա համար, որ կանխի սկսվող բանավեճը, կամ ուղղակի որովհետև տեղ էր ազատվել իր կողքին, չէր ուզում, որ դատարկ մնա,- բայց դեմը 200 դրամ ա, իմանո՞ւմ եք, չէ՞ :
-Հա, հա,- բոլորը կրկին պատասխանում են միահամուռ, որովհետև այս մեկը տարածված կատակ է, նույնիսկ ես եմ լսել:

Երիտասարդը փոխում է տեղը, իսկ վարորդը րոպեական լռությունից հետո շարունակում է.
-Ուրախ, փոքր ավտոբուս ա իմը,- չնայած, որ իրականում այսպես կոչված «գազել» է,- ի՞նչ անենք՝ ջեբներս դատարկ ա, կարևորը սրտներս լիքը լինի…

Ու մենք շարունակում ենք երթևեկել մեր ուրախ, փոքր ավտոբուսում՝ առանց ծխախոտի ծուխը շնչելու ու լիքը սրտերով…

emma miqayelyan-2

Օպելի վարորդը

Մայիսի 8-ին Հրազդանից գնում էինք Երևան: Տաքսու վարորդը երևի երկար դադարից հետո պատանի էր տեսել և իր հակասական գաղափարներով ուզում էր համոզել.

-Էդ ո՞վ ա էդ Սասունը, որ վազեմ դրա հետևից: Դրա տված դուխն ի՞նչ պիտի լինի,- երկար բանակցության ընթացքում ավելի բարձր տոնով (համարյա բղավելով) ասաց վարորդը:

Մինչ այդ հնչած կարծիքներից հասկացա մի բան ու հարցրի.

-Հնարավո՞ր է, որ դուք էլ պատռած լինեք ձեր կուսակցական տոմսը,- հարցրեցի ես ինձ հազիվ զսպելով:

-Վա՜յ, այ ախպե՛ր, չէ հա, ես անկուսակցական եմ,- ասաց վարորդն ավելի հանգիստ տոնով:

Ես նրան ի՞նչ ախպեր, ինչևէ, պատասխանեցի.

-Բոլոր հանրապետականներն են ասում այդպես:

Նա շարունակեց.

-Ախպե՛ր, էն 10 000-ները, որ բաժնին, ես չվերցրի, չէին ջոգում՝ որտեղից եմ, համ ընդեղ ընգեր ունեի, համ մյուս տեղում:

Կանգ առանք Քանաքեռի լուսակիրի տակ, ու վարորդն ասաց.

-Եթե ճիշտ, Սասունին եմ ընտրել, անգործ հրազդանցի եմ, բա ի՞նչ պիտի անեի:

Հիշեցի մի ուրիշ վարորդի էլ, որ նախորդ անգամ էր տուն տանում.

-Մեծ հույսեր եք կապել: Ոչ մի բան էլ չի լինի, չոտկի բան եմ ասում: Էդ փափուկ բարձը, որ դրել են գլխներիդ տակ՝ հանեք, ձեր ցավը տանեմ: Հենա՝ տղես դասից փախել, ցույցի ա գնացել, հլը թող տուն գա՝ ես իրան կասեմ:

-Գիտե՞ք, որ երեխաները ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք ունեն,- ասաց աղջիկներից մեկը:

-Տո ես դրանից բան չեմ հասկանում: Սերժի վախտով ինձ լավ գործ էին խոսք տվել՝ ես դզված դեմք պիտի լինեի: Հո ամբողջ օրը ռուլը չէի՞ գրկի նստի,- ոգևորված ասում է վարորդը:

Երեխեքով ասում ենք.

-Բայց մեր պայքարը Նիկոլի վարչապետ դառնալուց բացի, անապահով ընտանիքների համար է, այսօր լիարժեք ազատ լինելու համար է:

-Էս երկրում վատ ապրող չկա, դու ի՞նչ ես խոսում: Սերժը պտի պահեր մեզ, ի՞նչ վատ ղեկավար էր, որ մերժիք,- ասաց վարորդը մեքենայի երաժշտությունից բարձր բղավելով:

-Սասունին ընտրել՝ Սերժի գովքն եք անում,- ասաց աղջիկներից մեկը:

-Տո ի՞նչ Նիկոլ՝ մի քանի շաբաթից իրեն եք մեժելու: Էնի երկիր պահող չի:

-Հակասական գաղափարներ ունեք,- ասացի ես ու իջանք մեքենայից:

Ու երևի վարորդը մինչև այսօր կես ժամը մեկ կրկնում է, որ սուտ է, բան չի փոխվելու, անօգուտ է ու ժողովրդի պայքարն անիմաստ է:

Ո՞վ գիտի Հրազդանից Երևան գնացող օպելի վարորդի տեղը, գնանք հարցնենք, ի՞նչ է հիմա մտածում: