Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

mariam tonoyan

Մասնագիտությամբ խոպանչի

Ամեն տարի սեզոնային արտագաղթի պատճառով բազմաթիվ երեխաներ մեծանում են իրենց հայրերից հեռու։ Գավառում և հարակից գյուղերում սեզոնային արտագաղթը տարեցտարի ավելանում է։

-Մենք ենք մեղավոր,- զայրանում է տիկին Նինան (անունը փոխված է),- մենք ենք մեղավոր, որովհետև չենք կարողանում բռնել իշխանությունների կոկորդից, ստիպել, որ մեր ժողովրդավար պետության մեջ միջոցներ ստեղծեն գործազրկությունից ազատվելու համար։ Գործազրկությունը չարիք է։ Դա է պատճառը, որ ստեղծող հայը թողնում է երկիրը, գնում արտերկիր, աշխատում ու ստեղծում է օտար հողի վրա՝ հայրենիքի, ընտանիքի, հարազատ միջավայրի կարոտը սրտում։
Մենք վեց երեխա ունենք, ես գործազուրկ եմ, ամուսինս արդեն տասը տարուց ավելի է՝ աշխատում է արտերկրում։ Դժվար չէ պատկերացնել մի կնոջ առօրյա հոգսերը, ով պետք է կատարի ոչ միայն ֆիզիկական ուժ պահանջող տղամարդու գործեր, այլև միայնակ դաստիարակի վեց երեխաների։
Ձմեռը եկավ, ու մեր կյանքն ավելի դժվարացավ։ Դե, պետք է երեխաներին տաք շորեր գնել, վառելափայտ գնել տան ջեռուցման համար։ Գնեցի՝ մի կերպ ծայրը ծայրին հասցնելով, մինչև ամուսինս գումար կուղարկեր։ Փայտը ինքս կոտրեցի՝ հարևանների օգնությամբ։ Հիմա սպասում ենք ամուսնուս վերադարձին, որ Նոր տարին ողջ ընտանիքով դիմավորենք։ Տարիներ առաջ հավատում էինք, որ ինչպես տարին սկսենք, այնպես էլ կշարունակվի այն։ Ուրախանում էինք, որ ամուսինս մեզ հետ է նշում տարեմուտը, նշանակում է՝ ամբողջ տարին մեզ հետ կլինի։ Բայց… Էդպես ստացվեց։ Կարոտում ենք, ի՞նչ խոսք, կարոտում ենք։ Զանգով կարոտդ չես առնի։
Հիշում եմ՝ մի օր երեխաներից մեկին դպրոցում հարցրել էին հոր մասնագիտությունը, պատասխանել էր, որ խոպանչի է։ Շատ էր նեղվել դասընկերների ծիծաղից։
Գնալու ենք մենք էլ։ Չենք ուզում, բայց ավելի կարևոր է ամբողջական ընտանիքը պահպանելը։ Գուցե երկրի վիճակը լավանա, գուցե վերադառնանք…

Տիկին Նինան էլ ոչինչ չհավելեց, միայն խոստովանեց, որ լավատեսորեն է նայում ապագային, հույս ունի, որ երկիրը չի դատարկվի, որ աշխատատեղեր կբացվեն, հայրենասեր մարդիկ գործազրկության պատճառով չեն լքի երկիրը, որ բոլոր հայ երեխաները հայկական կրթություն կստանան…

Շուտով տան հայրը վերադառնալու է, բայց այն հավատը, որ Նոր տարին կատարում է երազանքները, հրաշքներ է գործում, քիչ-քիչ մարում է։

ella mnacakanyan yerevan

«Էս անտեր երկիրը»

Իմ շրջապատում մարդիկ միշտ բաժանվել ու բաժանվում են երկու խմբի՝

1. Նրանք, ովքեր ամեն առիթի, տեղի թե անտեղի կրկնում են, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կմեկնեն «էս անտեր երկրից», որ էստեղ անելու ոչինչ չկա, որ «էն վերևները» ամբողջ երկիրը թալանել ու ծախել են, որ ժողովրդի բոլոր օդերը փակել են, որ… որ… որ…
2. Նրանք, ովքեր, ընդունելով հանդերձ, որ նույն «էս անտեր երկրում» ոչինչ իդեալական չէ, շատ բաներ հեռու են անգամ ուղղակի լավը լինելուց, որ կան բազում իրավական ու սոցիալական խնդիրներ, որ… որ… որ.., շարունակում են պնդել, որ պետք է ապրել ու արարել հայրենիքում՝ սեփական հողիդ վրա, որ պետք է աշխատել ու հստակ քայլերով փորձել լուծել էն խնդիրները, որոնք տեսնում ես՝ շարունակ բողոքելու ու փախչելու փոխարեն:

Եվ ես տարիներ ի վեր մեծացել եմ այս երկու գաղափարախոսությունների հակադրության ու պայքարի մեջ՝ ի վերջո ձևավորելով սեփական կարծիքս դրա շուրջ՝ արդեն որպես ինքնուրույն, գիտակից անհատ:
Գիտե՞ք՝ ինչ-որ տարիք կա (հիմնականում դեռահասության շրջանը), երբ մենք ընկնում ենք խիստ ծայրահեղությունների մեջ, ինքներս մեզ համար կանոններ ու սկզբունքներ ենք հորինում, հետո ասում.
-Եթե այսպես, ուրեմն՝ այնպես… Առանց բացառության:
Ու միայն տարիքի հետ ենք հասկանում, որ գրեթե բոլոր կանոններն ունեն իրենց բացառությունները: Եվ կամաց-կամաց սկսում ենք զերծ մնալ կտրուկ բառերից՝ «երբեք»-ներից, «հավերժ»-ներից, խուսափել ծայրահեղություններից: Ու ես ևս բացառություն չէի այս հարցում: Գնալ-չգնալու, «էս անտեր երկիրը» լքել-չլքելու հետ կապված ծայրահեղական մոտեցումներս նահանջեցին տարիքիս կամ էլ գուցե այն իրողության հետ, որ մտերիմներիցս շատերը համալրեցին անվերադարձ գնացողների շարքերը, իսկ ես հրաժեշտի պահին անգամ ոչինչ չկարողացա ասել, որովհետև չունեի և ոչ ոք չունի բարոյական իրավունք որևէ մեկին (թեկուզ մտերիմին) ասելու, թե իր ու իր ընտանիքի հանապազօրյա հացը պակաս կարևոր է «էս անտեր երկրի» ապագա բարօրությունից:
Օրեր առաջ գնացել էի ընկերներիցս մեկի տուն, որ միասին պատրաստվեինք հաջորդ օրվա քննությանը: Դե՜, գիտեք՝ այդպիսի պահերին ինչքան հեշտ է լինում բուն դասից շեղվելը ու այլ խոսակցությամբ տարվելը: Հենց այդպես եղավ, երբ նա խոսքի մեջ ասաց, որ հաջորդ օրը հայրը վերադառնալու է Հայաստան ու մոտ մեկ ամիս մնալու է այստեղ:
-Լո՞ւրջ: Ե՞րբ ես իմացել,- ի սրտե ուրախացա ես:
-Երեկ: Սքայձով խոսում էինք, խոսքի մեջ ասաց:
-Էլի նույնքան անսպասելի,- ժպտացի ես:
Անսպասելի, որովհետև գնացել էր ամռան վերջին՝ հապճեպ ու բոլորիս համար անակնկալ որոշմամբ:
Հետո խոսակցությունը երկարեց, ու էլի սկսեցինք քննարկել արտագաղթի թեման: Բանավեճը իր հունով էր ընթանում մինչև այն պահը, երբ ընկերուհիս ասաց.
-Օրերն եմ հաշվում, թե երբ եմ ես էլ գնալու էստեղից:
-Ինչպե՞ս թե,- գիտեի, որ գուցե գնա, բայց չէի սպասում, որ այս աստիճան անհամբեր է դրանում:
-Հենց էդպես, չգիտեի՞ր- հաստատակամ շարունակեց,- հավատա՝ ինձ համար արդեն մեկ ա, թե ինչ կլինի էս երկրում: Նույնիսկ մեկ ա, թե կհասցնե՞մ համալսարանն ավարտել ու նոր գնալ, թե չէ:
Այս խոսքերը կարծես սառը ջուր լինեին գլխիս: Երևի որովհետև շատ անկեղծ էին: Երևի որովհետև ընկերուհիս անկեղծ ու դիպուկ բառերով արտահայտել էր այն միտքը, որը շարունակ այլ ձևակերպումներով հնչում է շուրջբոլորս: Իհարկե, հետո նա հիմնավոր փաստարկներով բացատրեց իր ասածը, ու ես ոչ մի կերպ չկարողացա հակադարձել: Կամ չուզեցի, չգիտեմ:

-Լավ, արի՛ անցնենք դասին…

Դե՜, հա, իհարկե կարելի է անցնել դասին ու գլուխդ այլ բանով լցնել՝ ցույց տալով ու ինքդ էլ կարծելով, թե չես մտածում, մոռացել ես այդ մասին, բայց դե դու էլ հո՞ գիտես, որ արդեն 2-3 գիշեր է՝ այդ խոսքերը դուրս չեն գալիս մտքիցդ: Ու նաև գիտես, որ գնացողներին մեղադրել չի կարելի, դրա բարոյական իրավունքը չունես: Նաև, որ գուցե մի օր դու էլ անվերադարձ գնաս «էս անտեր երկրից», որովհետև արդեն մտածում ես այդ մասին, մինչդեռ առաջ ծայրահեղորեն բացառում էիր…

anna mesropyan vanadzor

Մեծ մարդը

Մենք նստած էինք դասին: Լեկցիան ավարտելուց հետո դասախոսը մեզ ասաց, որ այդ օրը 10 րոպե շուտ է թողնում, որպեսզի հասցնի երթուղայինին: Նա տարեց մարդ էր և դժվարությամբ էր քայլում, մինչև ինքը երթուղայինին կհասներ, այն արդեն լեփ-լեցուն էր լինում ուսանողներով, և նստելու տեղ չէր լինում:

Ես կուրսի ավագն եմ և դասախոսի այդ խոսքից հետո՝ վեր կացա, վերցրի մատյանը, և դուրս եկանք: Սովորության համաձայն, մտա դեկանատ՝ մատյանն այնտեղ դնելու: Այնտեղ նստած էր մեր ֆակուլտետի դեկանը՝ կարմրած աչքերով և ջղային հայացքով: Նա մի հայացք գցեց ինձ վրա և բարկացած տոնով ասաց.

-Դեռ դասին 10 րոպե կա, ինչո՞ւ եք շուտ դուրս եկել, ո՞ւմ մոտ եք դասի,- պատասխանի չսպասելով հարցնում էր նա:

-Ընկեր Սիմոնյանի,- վախեցած պատասխանեցի ես:

-Ուրեմն հենց հիմա հետ եք դառնում, նստում եք դասի, և մինչև զանգը չհնչի՝ դուրս չգաք: Ինձ ռեկտորը նախատում էր՝ ասելով, որ իմ ֆակուլտետից բոլորը շուտ են դուրս գալիս:

Մենք արագ հետ դարձանք և մտանք լսարան, որտեղ մեր դասախոսը զրուցում էր փոխդեկանի հետ: Մեզ տեսնելով՝ զարմացավ և հարցրեց, թե ինչու ենք հետ դարձել: Մենք ասացինք պատճառը և նստեցինք: Դասախոսս ընկճված հայացքով և տխրամած աչքերով դիմեց փոխդեկանին՝ խնդրելով, որ դեկանին փոխանցի՝ մոտենա իրեն, քանի որ ինքը դժվարությամբ է քայլում: Տիկինը գնաց, բայց նրանից հետո դեկանը չեկավ, դասախոսս հասկացավ, որ նրան ոչինչ չեն փոխանցել և ընկերուհուս խնդրեց գնալ և կանչել դեկանին: Ես ինձ այնքան մեղավոր էի զգում, չդիմացա ու ասացի.

-Թե ես ինչու մատյանը տարա, կարող էր մնալ այստեղ, վաղը կվերցնեի:

Դասախոսս ձայն չհանեց, ուղղակի ժպտաց: Այդ պահին ներս մտավ դեկանը, ու դասախոսս դիմեց նրան.

-Մարտի՛ն, ես ուսանողներին շուտ եմ թողել, որպեսզի հասցնեմ երթուղայինին:

-Ընկեր Սիմոնյան, դուք չե՞ք հասկանում, որ մեր ֆակուլտետի վրա նկատողություն է եկել դասից շուտ դուրս գալու համար, ու դուք հիմա ինձ ի՞նչ եք ասում,- ձայնի տոնը շատ բարձր, գրգռված գոռում էր նա տարեց, բայց մեծ պատմություն ունեցող, մե՛ծ մարդու վրա:

Այո՛, նա մեծ մարդ է, նա այն մարդն է, ով հիմնադրել է համալսարանը, ով 60 տարի այդ համալսարանում նվիրված աշխատել է, տվել գիտելիք, սեր և հարգանք: Նա պրոֆեսոր է, ակադեմիկոս, գիտությունների դոկտոր և միևնույն ժամանակ՝ համեստ ու հասարակ մարդ: Իսկ այսօր մեր նորաթուխ դեկանը գոռում է նրա վրա:

-Ես հասկացա քեզ, շնորհակալ եմ, որ եկար, մենք կնստենք, մինչև զանգը կհնչի,- ասաց դասախոսս, իսկ դեկանը շրջվեց և գնաց,- իրենց ինչ կա. իրենք հիմա կնստեն իրենց մեքենաները ու տաք-տաք կգնան տուն, իսկ ես պիտի սպասեմ, որ նոր երթուղային գա, որ նստելու տեղ լինի:

Մի քանի վայրկյան նա լռեց, հետո խորը հոգոց հանեց և դառնացած ասաց.

-Հիմա բոլորը իրենց մեքենաներով են գալիս, բայց իրականում իրենցից ոչինչ չեն ներկայացնում, իսկ ես կամրջի վրա կանգնած սպասում եմ երթուղայինին, ես ինձ ոչնչացված եմ զգում:

Զանգը հնչեց, և զանգը այդ պահին փրկություն էր, որովհետև եթե մի քանի րոպե էլ շարունակվեր, դասախոսիս հետ միասին լացելու էի, քանզի նրա աչքերում արցունքներ կային և անսահման թախիծ:

Մենք դուրս եկանք: Չէի պատկերացնում, որ այդքան բան կատարվեց այդ 10 րոպեի ընթացքում: Թվում էր՝ դուրս կգամ ու դռնից այն կողմ կմոռանամ կատարվածը, բայց այդպես էլ չմոռացա:

sona mkhitaryan

Հասարակության գործելակերպի ու իմ դիրքորոշման մասին

Համալսարան ընդունվելուն պես դրսում շատ երևույթների եմ հանդիպել, որոնց մասին շատ եմ մտածում, մտահոգվում, քննարկում ընկերներիս հետ: Մի դեպք պատմեմ:

Ընկերուհուս հետ նստած սպասում էինք ուսանողական տրանսպորտին, երբ մեզ մոտեցավ մի կին (40-ն անց կլիներ)՝ ասելով.

-Երեխեք ջան, մի հարյուր դրամ կտա՞ք, մամաս հիվանդ ա, պիտի դեղ առնեմ:

-Դուք առողջական որևէ խնդիր ունե՞ք,- հարցրի ես:

-Չէ, մամաս ա հիվանդ:

-Իսկ ինչո՞ւ չեք աշխատում:

-Տեղ չկա:

-Գիտեք՝ դուք կարող եք ուղղակի հավաքարար աշխատել, կապ չունի՝ փողոց կավլեք, թե որևէ խանութ, կարևորը, որ դուք ձեր քրտինքով ձեր ամսական թեկուզ 30 հազարը կվաստակեք, ու ձեր մայրիկին դեղով կապահովեք: Ես կտամ ձեզ էդ գումարը, բայց իմացեք, որ այդ 100 դրամը իմ ծնողն էլ հեշտությամբ չի վաստակում:

-Հա, լավ, չես կարա՝ մի տուր,- ասաց նա ու գնաց:

Դե, հիմա եկեք քննարկենք: Մի՞թե սխալ եմ: Ախր, ինչո՞ւ են միշտ հեշտի կողմը վազում, գումար հավաքելը (առանց հաշվի առնելու՝ ուսանողի է մոտենում, թե մեկ այլ անձի), մուրացկանություն անելը արդյո՞ք պատվաբեր է: Եթե անզեն աչքով տեսանելի լիներ իր վատ առողջական վիճակը, որ կարիքից դրդված է անում մուրացկանություն, ես ոչ մի բառ չէի ասի:

Մեկ այլ դեպք էլ պատմեմ: Ընկերուհուս ու իր ընկերոջը (նա զինվոր է ու տվյալ պահին զինվորական հագուստով էր) եկեղեցու բակում նկարում էի ֆոտոխցիկով: Եկեղեցի էինք բարձրանում ու մի մոմավաճառ կին, կոպիտ ասած, կպել ու պոկ չէր գալիս զինվորից: Համոզում էր, որ 20 մոմ գնի 1200 դրամով: Դե հա, որ հաշվենք մեկ մոմը 60 դրամ՝ այդ գինն է գալիս: Այդ տղան գնեց մոմը՝ չնայած, որ մենք եկեղեցի չէինք մտնելու ու եկեղեցում էլ մոմեր վաճառում են: Հետո կինն սկսեց համոզել, որ սրբապատկեր էլ գնի: Այս երևույթին հակառակ, երթուղայիններում փակցված տողեր եմ կարդում. «Զինվորից երթուղայինի գումար չեմ վերցնում»: Դիմե՞մ այդ կնոջը: Չէ՞ որ այդ զինվորի շնորհիվ է, որ դուք հանգիստ այդ տարածքում մոմ եք վաճառում:

Հակառակ դրան՝ ևս մի բան ասեմ: Գիտեմ այնպիսի կանանց, ովքեր անծանոթ զինվորների խոսակցությունը լսելով (ասել են, որ շատ սոված են)՝ տարել և հյուրասիրել են տաք ուտելիք, տաքսիով հասցրել են զորամաս: Մարդկանց մտածելակերպն ու խղճի չափը շատ տարբեր են: Այդ նույն տարածքում մեկ այլ սրբապատկեր վաճառող կնոջ հեռախոսը iPhone 6 է: Ցավալի է շատ, որ մեր շրջապատում կան այդպիսի մարդիկ: Շատերն էլ ասում են.

-Այ մարդ, նրանք մեզնից լավ են ապրում:

Մեկ-մեկ մտածում եմ, որ ճիշտ են ասում…

laura sekoyan

Եռուզեռ է

Վերջապես իմ շրջապատում այս միապաղաղությանը փոխարինելու եկավ ամանորյա եռուզեռը։ Բոլորը տարված են նոր ցուցակներ գրելով, ծախսերը պլանավորելով։ Մարդիկ փորձում են շուտ գումար հայթայթել ու առևտուր անել, քանի դեռ թանկացումներ չեն եղել։ Թոշակ ու նպաստ ստանալուց հետո դժվար է երթուղայիններում գոնե կանգնելու տեղ գտնել։ Գյուղում այն մարդիկ, ովքեր խոզեր են պահում, խանութներով շրջելիս անպայման հարցնում են մսի գինը։ Շատերը գումար ձեռք բերելու համար վաճառում են ընկույզի միջուկ, որը այս շրջանում բավականին թանկ է։ Չնայած որ նախորդ տարիների համեմատ այս տարի ընկույզի միջուկը էժան է, միևնույնն է՝ դա գյուղացիների համար հույսի աղբյուր է։ Պարզապես այս շրջանում գյուղացիների համար մի փոքր դժվար է, քանի որ տան աշխատողները ձմեռային արձակուրդ են ստանում և հաջորդ ամսվա կարիքները հոգալու համար գումար չեն ունենում։ Եվ այդ խնդրի առաջ չկանգնելու համար կանայք մի փոքր գումար են պահում նախորդ ամիսների աշխատավարձերից, և սովորաբար, այդ գումարի մասին տան մյուս անդամները տեղյակ չեն լինում։ Առավել դժվար է այն ընտանիքներում, որտեղ երեխաներ կան, որովհետև տարեցտարի նրանց պահանջներն ու ցանկությունները շատանում են։

Գյուղում շատ հետաքրքիր է բնական տոնածառ ձեռք բերելու գործընթացը։ Մի քանի ջահել տղաներ պայմանավորվում են, օր որոշում ու գնում են անտառ։ Դա, իհարկե, վտանգավոր է։ Այս տարի իմ եղբայրը ևս գնացել էր տոնածառի։ Եղբայրս ու իր ընկերները առավոտյան հավաքվել էին, հաց կերել, տաք հագնվել, վերցրել կացինն ու սղոցը և ուղևորվել անտառ։

Այս ֆինանսական բարդությունների մեջ, միևնույնն է, մարդիկ երջանիկ են։ Ամեն դեպքում, գյուղում երջանկությունը մարդիկ ստեղծում են իրենց ձեռքերով՝ դեմ գնալով ամեն տեսակ դժվարություններին։

Վերջապես շուրջս եռուզեռ է։

argam voskanyan lori

Ես մի ծիլն եմ քո արտի

Վերջերս ծանոթներիցս ևս մեկին հրաժեշտ տվի. մշտական տեղափոխվում էր այլ երկիր: Ամեն օր մեր երկրից միջինը 100 մարդ է հեռանում, իսկ պատճառները տարբեր են: Արտագաղթողները հիմնականում բողոքում են կյանքի վատ պայմաններից, իշխանություններից և գտնում են այն բոլոր պատրվակները, որոնց օգնությամբ կարող են արդարացնել իրենց: Վաղը երևի նույն պատճառաբանություններով դու էլ կլքես երկիրը: Երբևէ մտածե՞լ ես այն մասին, թե ով ես դու քո սեփական երկրի ներսում, և ով ես լինելու օտար երկրում:

Պատկերացրու՝ մի օր արթնանում ես ու տեսնում, որ շուրջդ այլալեզու մարդիկ են, ովքեր քեզ չեն հասկանում, չեն մտնում քո հոգեվիճակի մեջ: Դու գնում ես աշխատանք փնտրելու, իսկ օտար երկրի գործատուներին հետաքրքիր չէ քո կարմիր դիպլոմը: Դու ամեն կերպ ցանկանում ես հարմարվել օտար երկրի մշակույթին, իսկ մշակույթը քեզ հարմարվել չի ցանկանում: Անիմաստ թափառելուց հետո հոգնած վերադառնում ես տուն, իսկ տանը քեզ սպասում են ընտանիքիդ անդամները, որոնք իրենց մեջ հայրենիքի կարոտը մի կերպ խեղդելով՝ երազում են լավ կյանքի մասին:

Մի պահ մոռացիր այս բոլոր պատկերացումները, և մտածիր, թե ինչ ես թողնում հայրենիքում: Մտածիր, թե որքան կտուժի հայրենիքը՝ կորցնելով քեզ. չէ՞ որ դու ես այս երկիրը պահողը, չէ որ հենց դու ես այս երկրի տերը, երկիր կառուցողն ու, ցավոք, որոշ դեպքերում նաև երկիր քանդողը: Դու կարող ես լինել յուրաքանչյուր մարդ՝ զինվոր, հողագործ, արվեստագետ կամ էլ իշխանավոր, սակայն անկախ քո մասնագիտությունից ու զբաղեցրած դիրքից՝ դու հանդիսանում ես տվյալ երկրի քաղաքացի և պարտավոր ես ենթարկվել այդ երկրի օրենքներին, իսկ օրենք ընդունողը ևս դու ես:

Չնայած արտագաղթին ու երկրում տեղի ունեցող մյուս բացասական երևույթներին՝ ես հավատում եմ իմ ժողովրդին, հավատում եմ, որ մի օր շատերը, թողնելով օտարությունը, հետ կվերադառնան: Ես հավատում եմ, քանի որ տեսել եմ քառօրյա պատերազմ, տեսել եմ ներգաղթ, միասնական ժողովուրդ ու հայրենիքի համար կյանքը չխնայող երիտասարդներ:

Այս ամենից հետո չգիտեմ՝ դու ինչ որոշում կընդունես, բայց ես որոշել եմ չհեռանալ իմ հայրենիքից: Ես չեմ կարող հեռանալ այստեղից, քանի դեռ այս երկրի սահմաններին կանգնած են եղբայրներս, ես չեմ կարող հեռանալ, քանի դեռ հայրենիքն իմ կարիքն ունի, քանի դեռ պատերազմը չի ավարտվել: Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, ես հավատում եմ նաև քեզ, հավատում եմ, որ դու կմնաս իմ կողքին, և միասին կկառուցնեք մեր երազած հայրենիքը:

Ես չեմ հեռանա, իսկ դո՞ւ:

Նրանք խնդրանք ունեն

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Գյուղի երեխա լինելով, էլի ուզում եմ խոսել գյուղական կյանքի մասին:

Գյուղացու կյանքը փոքր-ինչ դժվար է, գործերը՝ հոգնեցուցիչ, բայց կան պահեր, որոնք երջանկություն են պարգևում:

Ես ինքս շատ եմ սիրում կենդանիներ, նրանց մեջ միշտ տեսնում եմ հատկանիշներ, որոնք քչերն են նկատում: Մարդիկ իրենց վերապահում են հարվածել կենդանուն, երբ ցանկանան և որքան ցանկանան: Շատերը հաճույք են ստանում կենդանիներին տանջելուց, նրանք իրենց այդպես ուժեղ են զգում: Ես կենդանիներին ինձ բարեկամ եմ համարում, ինչ կարևոր է, որ խոսել չգիտեն, որ չեն կարող իրենց խնդիրների և ցավերի մասին բարձրաձայնել, դա դեռ ոչինչ չի նշանակում: Նրանք լսում են, տեսնում, հասկանում, ցավ են զգում, կարոտում…

Մայրիկս մի քանի ամիս առաջ փոքրիկ ճուտիկներ էր գնել: Երբ փոքր էին, շատ անգամներ ագռավները հասցնում էին գողանալ, իսկ մայրիկս սկսում էր նեղսրտել: Չէ որ այդքան հոգի էր դնում այդ ճուտիկներին մեծացնելու համար: Այսօր արդեն նրանք մեծացել և հավեր են դարձել:

Մի օր այնպես ստացվեց, որ հավերին ես պետք է կեր տայի: Վերցրեցի գարու ամանը, որ տանեմ գարի լցնեմ, մեկ էլ թիկունքից ոտնաձայներ լսեցի: Գլուխս թեքեցի և ի՞նչ տեսնեմ. հավերի խումբ հետևիցս գալիս է, ինչպես հրամանատարի հետևից…

Գիտե՞ք ինչ հաճելի պահ է դա, երբ այդ կենդանիները քեզնից խնդրանք ունեն և իրենց պաշտպանված են զգում քո կողքին:

Չգիտեմ, ուրիշները՝ ոնց, բայց ես ինձ լավ զգացի և շատ կարևոր:

Ես սիրում եմ բոլոր կենդանիներին: Լավ և վատ կենդանիներ չկան, բայց կան վատ մարդիկ, որոնք ամեն ինչի մեջ վատն են տեսնում: Մենք կենդանական սանդղակի գագաթին ենք գտնվում, բայց չպետք է մոռանանք, որ պատասխանատու ենք նրանց համար:

Ձմեռ է, եթե քաղաքում ես ապրում, ուշադիր նայրի շուրջդ. Նրանք մրսում են և սոված են:

margarit udumyan tavush

Անվերադարձ

Մանկությունիցս մնացած հիշողությունները շատ են, բայց թերի։ Իմ հիշողությունների մեջ չկա թեկուզ մեկ հատված, որը կապված կլինի հորս հետ: Այն հոր, ում կարիքը զգում եմ մինչև հիմա, այն հոր, ով ինձ թողնելով բախտի քմահաճույքին՝ գնացել է իր երջանկության հետևից, ով մեկ վայրկյան անգամ չի մտածել իր 2 տարեկան աղջկա ապագայի մասին։

Ամեն օր ես հույսով սպասում էի այն օրվան, երբ նա կգա, բայց վախենում էի, որ նա չի լինի այն մարդը, ում ես այսքան տարի պատկերացրել եմ։ Ժամանակն անցնում էր, ես արդեն 12 տարեկան էի, երբ ինձ համոզեցին, որ գոնե մեկ անգամ հանդիպեմ նրան։

Եկավ այդ օրը, նա ներս մտավ դռնից, և… Ես ճիշտ էի, նա ամենևին էլ նման չէր այն մարդուն, ում ես ցանկանում էի տեսնել։ Երևի նրան թվում էր, թե մեկ անգամ հանդիպելով ինձ, կարող է լրացնել այսքան տարվա բացը, բայց ոչ: Մանկությանս այդ բացը ոչ մեկը լրացնել չի կարող։ Նրան տեսնելով՝ ես մի պահ մտքերով վերադարձա մանկություն, հիշեցի այն օրերը, երբ լացում էի նրա բացակայությունից, երբ ինձ ասում էին, որ պատմեմ իմ ընտանիքի մասին, իսկ ես գլուխս կախում էի ու լուռ նստում, երբ բոլորը Ձմեռ պապիկից խաղալիքներ էին խնդրում, իսկ ես լիարժեք ընտանիք էի ուզում, ուրիշ ոչինչ։

Մինչ օրս ես զգում եմ նրա կարիքը, բայց չեմ ցանկանա ապրել նրա հետ, քանի որ նա էլ տարիներ առաջ չցանկացավ ապրել ինձ հետ։ Ես միշտ հպարտությամբ եմ տանում ինձ բաժին հասած դժվարությունները, և ոչ մեկը չի էլ նկատում իմ տխրությունը, բոլորն ինձ գիտեն որպես ուրախ մարդ, և այդպես էլ կշարունակվի։

Ես միայն մեկ բան եմ ուզում՝ որ ոչ մեկը չզգա այն, ինչ ես եմ զգում մինչ օրս։

Lusine atanesyan

Ամենահուզողը

Իմ գյուղում՝ Անգեղակոթում, շատ տարածված երևույթ է աշխատավարձ չտալը: Մեզ մոտ տղամարդիկ հիմնականում աշխատում են քարհանքերում կամ գնում են արտերկիր, իսկ կանայք տնային տնտեսուհիներ են:

Հայրս նույնպես աշխատում է քարհանքում: Սա սեզոնային աշխատանք է, աշխատելուց էլ չեն վճարում, իսկ աշխատողները պարտավոր են գնալ աշխատանքի: Գումարը չեն տալիս, մենք էլ, մինչև գումար տալը, ստիպված ամեն ինչ անում ենք պարտքով, իսկ երբ մի կերպ տալիս են, բավական է լինում միայն պարտքերը փակելուն: Նույն իրավիճակն է նաև արտերկրում աշխատողների մոտ: Մինչև նրանց վերադարձն ընտանիքն ապրում է պարտքերով, իսկ նրանց այնքան քիչ են վարձատրում, որ նույնիսկ պարտքերը մարել չեն կարողանում: Այսքանից հետո էլ նրանք էլի գնում են արտերկիր՝ հասկանալով, որ այստեղ մնալն էլ իմաստ չունի:

Երկու տարի է, ինչ կանայք տղամարդկանց նման գնում են արտերկիր՝ այստեղ թողնելով ամեն ինչ՝ երեխաներին, տունն ու տեղը, բայց վերադառնում են ձեռնունայն:

Մեր կրտսեր բարեկամը

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամների օր: Նրանք մեզնից մեկն են, ապրում և գործում են մեզ նման:

Արդեն ավանդույթի պես մի բան է դարձել ամեն տարի՝ դեկտեմբերի 3-ին, այցելել հաշմանդամ մի տղայի՝ 11-ամյա Վիլյամին, ով դարձել է հարազատ մեկը: Այս տարին ևս բացառություն չէր:
Նախապատրաստական աշխատանքները սկսեցինք ավելի վաղ, քան նախորդ տարիներին: Որոշեցինք գնել տորթ, խաղալիքներ և այնպիսի բաներ, որոնք նրան կուրախացնեն: Նախորդ տարի, երբ այցելեցինք Վիլյամին, նա ինձ ասաց, որ շատ է սիրում ավտոմեքենաներ: Քանի որ նախորդ տարի չէինք գնել տեղյակ չլինելու պատճառով, այս տարի ուղղեցինք մեր սխալը:
Երբ արդեն Վիլյամենց տան մուտքի դիմաց էինք, բոլորս անչափ հուզված էինք:
Երբ մտանք նրանց տուն, նույն ջերմ մթնոլորտն էր տիրում, ինչ եղել էր նախորդ տարիներին:
Նա շատ ուրախացավ, երբ տեսավ մեզ:

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Արդեն որոշ ժամանակ էր անցել, երբ ես սկսեցի նրան հարցուփորձ անել.
-Վիլյամ, ո՞ր դպրոցում ես սովորում:
-Ես սովորում եմ Կապանի գիշերօթիկ դպրոցում:
-Իսկ ո՞րն է սիրածդ առարկան:
-Դպրոցում իմ սիրած առարկան ֆիզկուլտուրան է:
-Իսկ արդեն որոշե՞լ ես, թե ինչ պետք է դառնաս:
-Այո, ես ուզում եմ դառնալ ոստիկան:
-Իսկ շա՞տ ընկերներ ունես:
-Այո, ունեմ շատ ընկերներ, բայց չունեմ ընկերուհի:

Վիլյամը և իր մայրիկը շատ հյուրընկալ և հյուրասեր են. նրանք իսկույն կտրեցին տորթը, որն էլ միասին կերանք:
Նկատեցինք, որ Վիլյամն ու Նարեկը շատ լավ լեզու էին գտել իրար հետ՝ զրուցում էին, կատակներ անում, ծիծաղում:
Մեր դասընկերուհին՝ Սյունեն, ով հաճախում է պարի խմբակ, սկսեց պարել և ապահովել էլ ավելի ուրախ տրամադրություն:

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Երբ այնտեղից հետ վերադարձանք, բոլորս զգացինք, թե որքան ուրախ ու հանգիստ ենք զգում մեզ՝ իմանալով, որ կարողացանք ժպիտ և ուրախություն պարգևել մեզնից փոքր մի տղայի: Սակայն այդ մեկ օրը չէ, որ տարվա մեջ պիտի հիշենք և այցելենք նրան: Մենք միշտ պետք է լինենք նրա կողքին: Եթե կարող ես ժպիտ և ուրախություն պարգևել մարդուն՝ ուղղակի նրա հետ զրուցելով, ինչո՞ւ չանես դա: Ինչո՞ւ սպասել հենց այդ մեկ օրվան…