Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

Lusine Karapetyan

#տարկետումլինելուԱ

Արդեն վաղը Ազգային Ժողովում քվեարկության է դրվելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի հաստատումը իրենից ենթադրում է տղա ուսանողների ակադեմիական տարկետման վերացում, բացառությամբ այն քաղաքացիների, ովքեր կնքում են պայմանագիր հավատարմագրված բուհերի հետ, որ համապատասխան մասնագիտություններ ձեռք բերելուց հետո միայն կանցնեն զինվորական ծառայության։ Ստացվում է այնպես, որ ներկայումս սովորող և ակադեմիական տարկետում ունեցող տղաները, իրենց կրթական շրջանն ավարտելուց հետո և մնացած տղաները՝ համալսարանը նույնիսկ անվճար ընդունվելու դեպքում, պարտադիր պետք է ծառայեն Հայոց բանակում։

Նախագիծը առաջադրվել է Պաշտպանության նախարարության կողմից և իր դրական արձագանքն է ստացել Կրթության և Գիտության նախարարության կողմից։ Սա «Ազգ-բանակ» հայեցակարգի անվտանգության ամրապնդման օրենսդրական արմատներն են դեռ։

Երևի նորություն չի լինի, թե ասեմ, որ յուրաքանչյուր երկրի ու հասարակության շարժիչ ուժը երիտասարդներն են։ Իսկ երիտասարդների ամենաակտիվ ու, պայմանականորեն ասած, փոփոխություն բերող կորիզը մեծամասամբ ուսանողներն են։ Հայաստանը երբեք չի եղել բացառություն։ Լինելով նախկինում զինվորականի դուստր, երկու հնարավոր վերաբերմունք պիտի ունենայի այս հարցի շուրջ․ դրական՝ քանզի փոքրիշատե միլիտարիստական գաղափարների շուրջ եմ մեծացել, չեզոք, քանի որ աղջիկ եմ, ու ինձ երբեք չի սպառնա ծառայելու կամ չծառայելու խնդիրը։ Բայց ամեն ինչ չէ, որ պետք է դիտարկել անհատական մակարդակում։

Այս խնդրի առնչությամբ ստեղծվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը՝ կազմված ամեն ինչ անհատական մակարդակում չդիտարկող երիտասարդ աղջիկներից ու տղաներից։ Նախաձեռնությունը արդեն տևական ժամանակ քննարկումներ, հանրային լսումներ, խաղաղ ակցիաներ է իրականացնում նախագծի դեմ։ Կարծիքների և քննարկումների մասին ամբողջական պատկեր կարող եք ստանալ խմբից և ֆեյսբուքյան էջից, ինչպես նաև Վիգեն Սարգսյանին և Լևոն Մկրտչյանին ուղղված բաց նամակից։

Այսպես․ անվճար ընդունված և տարկետում ստացած միայն 140 երիտասարդի համար է սույն տարկետումը դառնում բանակից «խուսափելու» միջոց, որովհետև միայն այդքան երիտասարդ կարող են շարունակել ուսումը ասպիրանտուրայում։ Իսկ բակալավրիատում անվճար տեղերի քանակը տատանվում է 1800-ի, իսկ մագիստրատուրայում՝ 400-ի սահմաններում։ Ինչպես հասկացանք, նրանցից միայն 140-ն է ամբողջապես ազատվելու բանակից, մնացածը՝ ծառայելու են, բայց որոշակի դադարից հետո։

Արծրուն Հովհաննիսյանը հարցազրույցներից մեկում նշում է, որ լրագրողներից մեկի ուսումնասիրությունը հանգեցրել է այն կարծիքին, որ պաշտոնյաների տղաները խուսափում են ծառայությունից երկու հիմնական ոլորտները կոռումպացնելով՝ կրթության և առողջապահության։ Ինձ իրավունք չեմ վերապահում բացառել ասպիրանտուրայում սովորող ոչ ահռելի քանակի երիտասարդներից մի քանիսի՝ համակարգի կոռումպացված լինելու պատճառով այդտեղ հայտնվելու և բանակից ազատվելու փաստը, բայց, արդյո՞ք ամենաօպտիմալ տարբերակն է՝ չորացած ճյուղը կտրելու փոխարեն կտրել ամբողջ ծառը։ Կամ չե՞ք կարծում, որ պետք է աշխատել ոչ թե ակադեմիական տարկետումները վերացնելու, այլ կոռումպացված կառույցների վրա վերահսկողությունը մեծացնելու ուղղությամբ։ Եվ այս մեթոդի օգտագործումը կոռուպցիան ուղղում է միայն առողջապահական ոլորտ․ կաշառք տվողի համար ոչինչ չի փոխվում, բայց երիտասարդ գիտնականների, գենդերազգայուն գիտական ոլորտի և առողջ հասարակության համար շատ բան է տանուլ տրվում։

Ամենաշատը ինձ համար հիասթափեցնող է այն փասը, որ այս օրինագիծը հավանության է արժանացել ոչ միայն Կրթության, այլ նաև Գիտության նախարարության կողմից։ Չէ՞ որ հայրենիքին ծառայելը միայն զենքով պաշտպանելու մեջ չէ, այդ դեպքում ինչի՞ համար են մասնագիտությունները։

Նախաձեռնության դեմ անհատների, ինչպես նաև Արծրուն Հովհաննիսյանի անձնական փորձի վրա հիմնված այն փաստարկին, թե՝ «գիտությամբ զբաղվել ցանկացողը կշարունակի գործունեությունը բանակից հետո», մեծամասնություն կազմող դեպքերում սին են: Ես դա հասկացել եմ իմ փոքր դիտարկումների արդյունքում՝ և՛ իմ կուրսում, և՛ ծառայած ընկերների շրջանակում։ Չընդհանրացնելով ուղղակի ասեմ, որ բանակից հետո տղաների ընկալումները աշխարհի նկատմամբ փոխվում են՝ հաստատ ոչ հօգուտ գիտության։

Այնուամենայնիվ, ևս մի դիտարկում․ ամենաուշը 4 տարի հետո զորակոչիկները կլինեն բացառապես 18 տարեկան, և տարիքային բազմազանությունը, ինչպես որ հիմա է, պարտադիր զինծառայողների շրջանում կվերանա ակադեմիական տարկետման հետ միասին, և միգուցե իրականանա նախագիծը կազմողների երազած սոցիալական արդարությունը՝ գիտնականներին դեմոտիվացնելով, և «վերացնելով կոռուպցիան» պաշտպանության ոլորտում։

eva khechoyan

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Հեքիաթնե՛ր կարդացեք

Ու նորից ես կգրեմ հերթական մի ցավոտ իրողության մասին, որի հետ չեմ հաշտվում:

Դպրոցում, որտեղ սովորում եմ, կա մտավոր տարբեր խնդիրներ ունեցող աշակերտների համար ստեղծված խումբ: Խումբն ունի առանձին ղեկավար, ով ուղեկցում է նրանց դասարանից դասարան ու օգնում դժվարությունների կամ արտառոց իրադարձությունների դեպքում:

Նստած էի դպրոցի գրադարանում, երբ խումբը մտավ ներս: Անկախ ինձանից փակեցի գիրքս ու սկսեցի հետևել: Տղաներից մեկը մոտեցավ գրաֆիկական նովելների բաժնին՝ կոմիքսների: Լարված հետևում էի, թե որտեղ կանգ կառնի ընտրությունը: Ձեռքը սահում է գրքերի վրայով:

Ես լարում եմ տեսողությունս… Կանգ առավ «Քայլող մեռյալները» գրքի վրա:

-Գտա, հենց էս էի փնտրում,- դժվարությամբ ընկալում եմ տղայի արտասանածը:

«Դե, բնականաբար…»,- մտքում ասում եմ ես ու նայում գրադարակի մյուս գրքերի վերնագրերին:

«Վամպիրների օրագիր», «Ֆրանկենշտեյն»…

Իսկ ես էդ տղայի ձեռքի տակ Անդերսենի հեքիաթները կդնեի:

Իբր առողջ վիճակով դիմանում ենք էդ հակամարդկային, արյունահեղ գրականությանը, որ մեկ էլ հոգեպես ավելի խոցելի մարդկանց ենք առաջարկում:

Հեքիաթնե՛ր կարդացեք, հեքիաթնե՛ր…

#Տարկետումլինելուա

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

«Ով չի ծառայել բանակում, տղամարդ կոչվել չի կարող… Ցավոք ես չեմ ծառայել»: Մշակութաբանության դասախոսիս մտքերն են (տղամարդ է, մոտ 70 տարեկան): Դե պատկերացրեք լսարանի վիճակը այս խոսքերը լսելուց անմիջապես հետո: Դասախոսությունը շարունակվեց միայն դասախոսի ցածր, բայց ամեն ինչ ասող նկատողության «օգնությամբ»:

Եվ իրոք, բանակը միջոց է, որը թույլ է տալիս ճանաչել ինքդ քեզ, որովհետև հայտնվելով բոլորովին նոր ու անծանոթ շրջապատում, դու սկսում ես նորից կառուցել այն ամենը, ինչը միգուցե քեզ ուղղակիորեն է տրվել (հարգանք, շրջապատ, ապահովություն…):

Իսկ եթե երիտասարդ գիտնակա՞ն ես, առողջական խնդիրներ կամ հիմնավորված պատճառ ունես չծառայելո՞ւ (գործող սահմանադրության համաձայն, ոչ թե…):

Պետությանը ծառայելը և անվտանգությունն ապահովելը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Բայց պարտադի՞ր է, որ միայն բանակում ծառայելով կատարած լինենք մեր պարտականությունները: Պատասխանը թվում է հեշտ`այո, չէ որ միշտ «թուրքին» պիտի արժանի պատասխան տանք: Իսկ եթե պատասխանը գիտության ոլորտում տա՞նք…

Պատմությունից պարզ է, որ մեր գոյությունն ուղղակիորեն կախված է սեփական մարտունակ ու խելացի բանակից: Մարտունակության մասին խոսելն անիմաստ է (ուղղակի հիշենք քառօրյան, հա, ու «խելացիներին», որ շարքային զինվորից չտարբերվեցին, նվիրված ու անվախ խելացին…

Այսօր ամենաքննարկվող թեման ակադեմիական տարկետման մասին օրենքի վերանայումն է, համաձայն որի այն կորցնելու է իր ուժը, և մենք էլ կորցնելու ենք մեր գիտական ներուժի հիմնական մասերից մեկին` ապագա գիտնականին, ով դժվար թե ցանկանա հետագայում շարունակել իր բռնած ուղին (երկու տարի գիտական ոլորտից հեռու, լեզվական ու աշխատանքային հմտությունները մոռացած): Այսինքն, մենք ընտրում ենք ֆիզիկականը` մտավորը թողնելով բախտի քմահաճույքին:

Ով չի ծառայել բանակում, դեռ չի նշանակում, որ տղամարդ կոչվել չի կարող: Ցավոք, ես դեռ չեմ ծառայել, բայց մի բան գիտեմ հաստատ` տղամարդ դառնալու ճանապարհը միակը չէ…

 

naira mkhitaryan

Կարևոր դաս

Ֆրանսերենի դասաժամն էր: Դասի թեման… Չէ, թեման հիմա այդքան էլ կարևոր չէ, կարևորը ուսուցչուհուս խոսքերն էին, սովորելու պատգամն ու որպես օրինակ բերված՝ ուսուցչուհուս մոր պատմությունը.

«Մորս անունը Անժելա է, նա ծնվել է 1937 թվականին՝ շինականի ընտանիքում: Իր չորս եղբայրների և երեք քույրերի մեջ միայն ինքն էր անտառաճանաչ մնացել, որովհետև դեռ չորս տարին չբոլորած՝ պայթել էր Մեծ Հայրենականը, և հայրը մեկնել էր ռազմաճակատ: Պատերազմից վերադարձել էր երկու տարի գերեվարվելուց հետո՝ իր հետ բերելով դառը հուշեր ու մի սպի, որը միշտ հիշեցնում էր պատերազմի դաժան տարիները: 1947 թվականին ծնվել էր քույրերից մեկը, որին մայրս պիտի խնամեր՝ իր կրթության հաշվին: Մայրս պատմում էր, որ տատիկս նույնիսկ այրել էր իր գրքերն ու տետրերը, որ դպրոց չգնա: Տետրերի հետ այրել էր մորս ապագան…

Մի անգամ գյուղում ֆիլմ էին ցուցադրելու Չապաևի մասին, ու պապիկս խոստացել էր մայրիկին տանել ֆիլմ դիտելու: Ֆիլմի ժամանակ մայրս տարվել է անկյունում դրված ինչ-որ սարքով, որն ինչպես ասել է մայրս՝ լույս էր վառում ու ձեն հանում: Ֆիլմի վերջում պապիկս մորս ասել է.

-Հլա տե՛ս, հեսա Չապաևին կսպանեն, բալա ջան:

-Ո՞ւր ա, պա:

-Հենա, պատին, տե՛ս,- մատով ցույց է տվել պապս:

Ու մայրս սկսել է լաց լինել, քանի որ ֆիլմն արդեն վերջանում էր, իսկ ինքը չէր դիտել այն:

50-ականների վերջին ռադիո չունեինք ու հաճախ էինք հավաքվում հարևանի տանը, զրուցում: Մի անգամ, երբ հարևանի աղջիկը, որն արդեն ավարտական դասարանում էր սովորում, մորս խնդրանքով կարդաց մի հատված «Սովետական Հայաստան» թերթից, մայրս մի պահ լռելուց հետո ասաց.

-Աստված ջան, կէղնի՞ մեկ օր էլ իմ էրեխեքը մեծնան, դպրոց էրթան, կարդան, ես էլ լսեմ»: Ուսուցչուհուս աչքերից արցունքները հոսեցին:

«6-րդ դասարանում սկսել էի կարդալ «Գևորգ Մարզպետունին», ու մայրս ուշի ուշով լսում էր ինձ, ես ժամերով բարձրաձայն ընթերցում էի նրա համար:

Ձմեռ էր: Անասուններին կեր տալու ժամն էր, ու մայրս պիտի մի քանի րոպեով գնար: Մինչ գնալն ինձ պատվիրեց.

-Բալա ջան, հանկարծ չկարդաս, շուտ հասնիմ, դառնամ:

Իրեն դուր եկած հատվածները խնդրում էր նորից կարդալ.

-Բալա, լա թագուհու ու դայակի երկխոսությունը մեհատլե կարդա՞ս:

Կարդում էի, ու մայրս բառ առ բառ անգիր էր անում լսածը: Անտառաճանաչ մայրս անգիր գիտեր Թումանյանի բանաստեղծությունները:

Հետագայում, երբ մայրս հիսունն անց էր, փորձեց տառերը սովորել, ցավոք, չստացվեց: Ես կատակի էի վերածում նրա խոսքերը՝ սովորել չկարողանալու մասին.

-Լավ, Անժիկ, ձև մի թափի, ո՞նց թե չես կարում սովորես:

-Բալա ջան, կո չեմ կարում էլի»:

Զանգը հնչեց, ուսուցչուհիս դուրս եկավ դասարանից, ես հանեցի թուղթն ու գրիչը ու սկսեցի շարադրել նրա պատմածը: Ես ինձ ամենաերջանիկ մարդն զգացի, որովհետև ունեմ սովորելու հնարավորություն, ինչն այսուհետ ավելի եմ գնահատում ու արժեւորում:

Անկախության սերո՞ւնդ

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Համակարգչիս ստեղնաշարի կտկտոցների տակ ծնված հերոսս այսօր անանուն է:

Անուն ունի, իհարկե: Երբ լույս աշխարհ եկավ, հայրն ուրախ-ուրախ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչություն գնաց՝ որդուն իր հոր, հորեղբոր կամ մի երևելի ազգականի անունով կոչելու, որ գերդաստանի պատիվն ու հպարտությունը դառնա, երբ մեծանա: Ազգանուն էլ ունի, բնականաբար: Անպայման «յան»-ով վերջացող:

Անցյալի ու ներկայի, հնի ու նորի կռիվը հերոսիս օրվա ամենաէական մասն է: Նորից վախենալով դեպի հինը փախչելն էլ ազգային է, արյան մեջ:

Նրանից, որ քաջություն չունի առաջ նայելու, պայքարելու ինչ-որ նորի, տարբերվողի համար, կամա թե ակամա փարվում է հնին ու այդպես էլ մնում։

Չգիտեմ, երևի քչերը գիտեն՝ որտեղ է սկսվում այդ հինն ու որտեղ պիտի ավարտվի։

Երեկվա սերունդը մեզ անկախության սերունդ է կոչում՝ պայմանականորեն, մենք նրանց՝ պատերազմի սերունդ։ Հիմա ամեն բան խառնվեց։ Արդեն մենք էլ ենք պատերազմի սերնդից։ Նրանք անկախություն չունեին։ Հարց է, թե մենք որքանով ունենք։ Հիմա մենք երևի կիսաանկախ- կիսապատերազմի սերունդն ենք։ Հնի ու նորի իսկական խառնուրդ։

Իսկ իրականում բարդ է այդպիսին լինելը:

Նա 91-92 թվականներին է ծնվել: Անկախության հաստատման, մութ ու ցուրտ կամ պատերազմի տարիներից շատ բան չի հիշում: Նորմալ է: Թերևս միայն հիշի, թե ինչպես մեծերը մի օր ասացին, որ էլ կռիվ չի լինի: Ավարտվեց: Ու նա հավատացել էր: Երևի շատերն էին հավատացել, կամ փորձել իրենց հավատացնել, որ այդպես է: Այդպես կլինի: Հա, մոտ 25 տարի մեզ մի կերպ հավատացնում էինք, որ կռիվ չկա: Էլի մի կերպ՝ հնից կախված, նորերի միջով քայլում ու երկաթե շերեփ կամ, գոնե, գդալ էինք փնտրում: Չէինք գտնում: Բողոքում էինք, ընդվզում, բայց միայն ցածրաձայն, իսկ ավելի ճիշտ՝ մտքում: Չհասկացվելու ու ունեցած-չունեցած անցյալն էլ կորցնելու վախից անգամ չենք էլ շշնջացել:

Նա մեկ էլ հիշում է գրքերում կարդացածը: Այն, որ երևի բոլորս ենք հիշում կամ չենք հիշում:

Մենք գերբ, դրոշ, հիմն ու հազարամյակների պատմություն ունենք: Ավարայր, Սարդարապատ, Արցախ, հիմա էլ պատմության գրքի կես էջի վրա Քառօրյան են տեղավորել:

Ուժեղ երկիր ենք, իրոք: Առանց կատակի ու հեգնանքի: Միայն երբեմն ինքներս մեզ մոռանում ենք գրքերի էջերում: Նոր գրքեր գրելու համար էլ երևի «մոտիվացիա» չունենք։

hovik vanyan dsex

Առանց ընտանիքի

Մտածում էի՝ հեշտ է լինելու ծնողներից, տնից, գյուղից հեռու ապրելը: Կարծես այլ աշխարհ ընկած լինեմ: Եթե նախկինում պատասխանատվության զգացումս այնքան էլ շատ չէր, որովհետև ծնողներիս կողքին էի, հիմա արդեն ես եմ իմ յուրաքանչյուր քայլի համար պատասխանատու:

Նյութերիցս մեկի մեջ գրել էի, որ Երևանը Մարսի վրա չէ, բայց հիմա համոզվում եմ, որ Երևանը միգուցե Մարսի վրա չէ, բայց ես հաստատ Մարսի վրա եմ, ու այնպես է ստացվում, որ Մարսի վրա պատասխանատվությունը պետք է լինի ամենաբարձր կետի վրա: Փորձում եմ հնարավորինս խելացի ու զգույշ լինել, որպեսզի ծնողներս համոզված լինեն, որ իզուր չեն ինձ վստահել ու թողել, որ հեռանամ իրենցից:

Արդեն մեկուկես ամիս է, որ ծնողներիս հետ չեմ ապրում ու հիմա, ամփոփելով այսքան ժամանակը, հասկանում եմ, թե ինչքան եմ փոխվել ու դարձել ավելի զգոն: Փաստորեն, ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա ու գնահատի իր կարողություններն ու կարողանա ճիշտ որոշումներ կայացնել:

Հետ դառնալով անցյալ՝ տեսնում եմ, թե ինչքան տարբերություններ կան իմ «ես»-երի միջև: Մենակ ապրելը, ծնողներից հեռու լինելն ու ինքնուրույն գործելն օգնեցին ինձ հասուն մտածելակերպ ձեռք բերել ու աշխարհին նայել իրական աչքերով: Հիմա պետք է ուղղակի համակերպվել ու մտածել ապագայի մասին:

Հ. Գ. Քիչ մնաց աշնանային արձակուրդներին: Կարոտել եմ գյուղը…

ofelya hovhannisyan

Փոթորկից հետո

Երկու օր առաջ Հայաստանի տարբեր մարզերում ուժեղ փոթորիկ էր լինելու: Երբ լսեցի այդ մասին, մտածեցի, որ մեզ մոտ՝ Գագարինում, երևի մի փոքր ավելի մեղմ կլինի, բայց իմ սխալ կանխատեսման պատճառով հասցրի մի փոքր վախենալ: Ես և ընկերուհիս դաս էինք անում մեր տանը: Չնկատեցինք էլ, թե ինչպես ժամանակն անցավ: Երբ նայեցինք ժամացույցին, նկատեցինք, որ արդեն բավականին ուշ է: Դասերը վերջացնելուց հետո ես որոշեցի տուն ճանապարհել ընկերուհուս, որովհետև արդեն բավականին ուշ էր, դրսում ցուրտ էր և մութ:

Նախքան բակ իջնելը, ես և Տաթևը համոզված էինք, որ դրսում տաք է, բայց երբ դուրս եկանք շքամուտքից, դադարեցինք խոսել: Քամին այնքան ուժգին էր, որ ծառերն ու սյուները ինքնաբերաբար շարժվում էին: Մենք երկար ժամանակ չէինք կողմնորոշվում, թե որ ճանապարհով գնալ, որ ապահով տեղ հասնենք: Ի վերջո որոշեցինք բաց տարածությունով վազել, որպեսզի շարժվող տանիքները չվնասեն մեզ:

Տաթևին բարեհաջող տուն հասցնելուց հետո ես չէի ուզում մտածել, որ պետք է մենակ տուն վերադառնամ, բայց, բարեբախտաբար, կարողացա առանց ուշադրությունս որևէ բանի վրա կենտրոնացնելու՝ շտապել տուն: Ինձ ավելի շատ սարսափեցնում էր այն փաստը, որ դրսում միայն ես էի Օֆելյա փոթորկի դեմ (երբ հետևում էի լուրերին, տեղեկացա, որ Իռլանդիայում նույնպես շատ ուժգին փոթորիկ է եղել, որն անվանել են Օֆելյա):

Artyom Avetisyan

Արցունքների մեջ խեղդված տատս

Հույզերը եռում են տատիս սրտում ու հոգում և պարզ արցունքների տեսքով թափվում են նրա կույր աչքերից՝ գլորվելով ցամաքած և թառամած այտերի վրայով: Տատս կուրացել է վերջին մի քանի տարում և անգամ իր արցունքները չի կարողանում տեսնել, սակայն զգում է, անգամ ասում է դրանց գույնը.

-Սև է, սև են արցունքներս: Պապդ ու հորեղբայրդ թափանցիկ արցունքներս ներկեցին սև գույնով, սևով լցրին ամեն ինչ, անգամ սիրտս է սևացել, հոգիս…

Տատս արդեն 11 տարի է, ինչ կորցրել է պապիս, և 40 տարի՝ հորեղբորս:  Ես չեմ հասցրել զգալ հորեղբորս ներկայությունը, իսկ պապիս դեմքը իմ հիշողության մեջ շատ աղոտ է, որովհետև փոքր տարիքում եմ նրան տեսել:

Տատս կույր է աչքերից, բայց ոչ հիշողությունից: Պատմում է իր երիտասարդության տարիներից մինչև պապիս մահը, իսկ դրանից հետո միայն արտասվում: Պատմում է «կոլխոզի, սովխոզի» տարիներից: Թութուն շարելուց մինչև գիշերվա ուշ ժամին այգուց խնձոր, տանձ գողանալը:

Պատմել է, որ պապս եղել է այգու պահակը, եղել է խիստ ու պարտաճանաչ և ոչինչ չի գողացել ու ոչ մի սխալ թույլ չի տվել: Իսկ ինքը՝ տատիկս, այգուց «գողացել» է մրգեր, բանջարեղեն, որպեսզի կարողանար պահել տան տասն անդամներին:

Պատմել է, թե ինչպես է մի անգամ պապիկը նրան բռնել խնձոր գողանալու ժամանակ: Պապիկի գործողությունները եղել են հետևյալը. դատարկել է պարկը, պատռել այն և տատիկին փնովելուց հետո ուղարկել է տուն:

Այս պատմությունից հետո տատիկիս կույր աչքերը կրկնակի են կուրանում, այս անգամ՝ արցունքների մեջ շաղախվելով:

Տատիկիս, երբ նստեցնում եմ աթոռին՝ արևի տակ, հարցնում եմ.

-Տատ, արևի շո՞ղն էլ չես տեսնում:

Իսկ նա պատասխանում է.

-Չէ՜, բալա՛ ջան, ոչ մի բան էլ չտեսնամ, աչքերուս դեմն սև՜, սև ա: Ինչ որ մութ անտառի մեջ նստուկ էղնիմ, բան չերևա: Թե օր ձեն տաք, գիմնամ` ով ա, էնքան, օր ձեր սիֆաթներն ա պատկերացում:

Տատս արդեն 90 տարեկան է, և միայն աչքերն են նրա առողջական խնդիրը, թե չէ ասում է.

-Օր աչքերսի բաց էղներ, տեսնենք, մեկ ժամվա մեջ կհասնենք Մաղմաղան:

Տատս Ալաշկերտի բարբառով է խոսում, իսկ Մաղմաղանը դա մեր Արմաղան լեռն է: Գյուղիցս՝ Լիճքից, կարճ ճանապարհներ կան այնտեղ հասնելու: Երբ նրան մահճակալում նստած վիճակում եմ տեսնում, նկատում եմ, թե ինչպես է թարթում աչքերը, բայց չի տեսնում, իսկ երբ ձեռքերն իրար է կպցնում, արդեն ուշադիր նայում եմ դրանց, թե ինչքան են ծերացել, ինչքան են մաշվել և ինչքան արցունքներ են մաքրել: Երբեմն փորձում եմ տատիկիս ուրախացնել՝ մեջբերելով «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից մի հատված և նրան անվանելով Արուսյակ Վարդանյան: Հա՜, մոռացա ասել, տատիս անունը հենց Արուսյակ է: Իսկ երբ ինչ-որ բան եմ ուզում կամ հարցնում և արժանանում բացասական պատասխանի, նրան ասում եմ.

-Ուրեմն ես՝ Վաղինակի տղա Արտյոմս, գամ հասնեմ էստեղ, որ ինձ ասես՝ «նյե՜տ»:

Տատիս տրամադրությունը բարձրանում է իմ կատակներից:

Nane Eghiazaryan

Այն, ինչ ունես

Հաստատ գիտեմ, որ աշխարհում ապրող մարդկանց կեսից ավելին օգտվում է սոց. ցանցերից և միմյանց հետ հաղորդակցվելու համար նախատեսված այլ ծրագրերից: Դրանց իննսուն տոկոսը արտասահմանյան ծրագրեր են, բայց ահա, հայտնվում է հայկական մի այդպիսի ծրագիր՝ ավելի լավը, հումորովն ու հաճելին: Բայց նորից մեր հայերի բնավորության վատ գիծն է առաջ գալիս, ու ամեն կողմից լսում ես. «Ա՜հ, հայերի ստեղծածը ի՞նչ պետք ա լինի, որ»: Իսկ ամեն անգամ այդ նախադասությունը լսելիս՝ չես կարող պտտվել ու ամեն մեկին հերթով հարցնել, թե ախր, ինչո՞վ է վատը: Օրինակ բերենք նոր «Zangi» ծրագիրը: Մենք օգտագործում ենք «Viber», «WhatsApp», բայց ոչ «Zangi»: Իսկ ինչո՞վ է այն վատ մյուս ծրագրերից: Կպչունները (ստիկերները) հայերեն են ու հաճելի է դրանցով հաղորդակցվելը: Մի բան էլ, այդ ստիկերներից դու կարող ես սովորել քո երկրի ամենահավես բարբառներից գոնե մի քանի բառ, կարող ես ամբողջ նամակագրության ընթացքում ծիծաղել՝ անկախ նրանից, թե ինչ ես գրում. միայն այդ հայերեն բարբառների համն ու հոտը քեզ ժպիտ է պարգևում:

Նույնն է, երբ ասում են. «Հայերի սարքածը ի՞նչ պիտի լինի»: Հիշենք, որ հայերից շատերը աշխարհահռչակ գիտնականներ են, ծրագրավորողներ ու տարբեր ոլորտներում առաջատար մասնագետներ: Ի՞նչ անենք, որ հիմա մեր երկրում աշխատանք չգտնելու պատճառով շատերը արտասահմանում են: Օտարերկրացին, մեր երկրում լսելով նման խոսքեր, զարմանում է ու սկսում թվել աշխարհում հայտնի շատ հայերի անուններ, որոնց մեջ կան նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնց մասին մենք չէինք էլ լսել: Ուղղակի խելացի երևալու համար մեկ-մեկ ավելի լավ է լռել, անհրաժեշտ է գնահատել այն, ինչ ունես:

hovhannes ghulijanyan

Խանութում

Աշնան գեղեցիկ օրերից մեկն էր, ես էլ սովորականի նման գնում էի խանութ, բայց պատմությունս աշնան մասին չէ: Դրամարկղի մոտ սպասում էի իմ հերթին և ակամա նայում էի իմ առջևում գտնվող ընտանիքին: Երեխան, որը մոտ վեց տարեկան կլիներ, մոր ձեռքից քաշեց և ինչ-որ քաղցրավենիք խնդրեց, որի արժեքը դժվար թե գերազանցեր երկու հարյուր դրամը։ Մայրն էլ բարկացավ երեխայի վրա՝ ասելով, որ չի կարող գնել։ Երեխայի հաջորդ՝ մի փոքր նեղված խնդրանքին հետևեց մոր ապտակը, և նա ասաց.

-Գումար չունենք, չե՞ս հասկանում։

Ես ինձ վատ զգացի, որ ներկա էի այդ խոսակցությանը: Ներկա էր նաև ընտանիքի հայրը, որը լուռ նայում էր կնոջն ու երեխային և հարմար առիթը բաց չթողնելով՝ ասաց.

-Երկու հատ էլ էդ սիգարետից տվեք։

Մարդիկ գումար չունեն երեխայի համար քաղցրավենիք գնելու, բայց այն հայտնվում է իրենց համար ծխախոտ գնելիս։ Հիմա կասեք՝ կախվածության մեջ է, դրա համար էդ ծանր վիճակում չի կարողանում թողնել ծխելը, բայց եթե կա ցանկություն, ապա չի լինի նաև ծխախոտ։ Գոնե երեխային չապտակեին: