Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

dayana amirkhanyan

Ճանապարհին

Վանաձոր-Երևան երթուղի: Նորից հարազատ դարձած ճանապարհը, նորից նույն երգը, որը սիրում եմ լսել երկար ճանապարհին: Անձրևը վազում էր մեզ հետ, ես էլ ընկերացա մի կաթիլի հետ, բայց հանկարծ նա անհետացավ, չքացավ՝ մեքենայի պատուհանից սահելով ցած: «Լավ, ինչ արած, անհետաքրքիր կերպով երկու ժամ ճանապարհ կանցնեմ»,- մտածեցի ես: Վա՜յ, ինչի՞ է ձայնը գլուխը գցել.

-Մա, այ մա… Մամ ջան, լսե՞ս գը, կըսեմ, օր ընգերս էլ է փրգվել ու սաղ է մնացել, հիմի կերթամ մայրաքաղաք. լսել եմ, օր ոտքը վնասել է: Մամ ջան, քանիմ օր հեդո գուկամ, չանհանգստանաս:

Լավ, հասկացա՝ ոգևորված է, դրա համար էլ ճչալով է խոսում: Անցավ փոքր-ինչ ժամանակ, արևը գնալով մայր էր մտնում, իսկ այդ բարձր ձայնով խոսացող տղան սկսեց ինչ-որ անուններ թվարկել.

-Ռոբերտ, Հարութ, կատակասեր Գևս, ոնց եմ կարոտել քեզ, Տիկո…

Այս անունների շարքը դեռ շարունակվում էր. նա կամ չէր նկատում, կամ էլ չէր հասկանում, որ բոլորն իրեն են նայում: Նրա թվարկած անուններն այնքան հարազատ էին, կարծես երկար ժամանակ է, ինչ ծանոթ էին բոլորիս: Հետո նա սկսեց երգել «Արի իմ սոխակ»-ը, կարծես ոչ թե նրա շուրթերից, այլ հոգուց էին նոտաներ լսվում: Ի՞նչ էր կատարվում նրա հետ՝ անբացատրելի էր: Հետո նորից զանգեցին, ոչ ոք չգիտեր, թե ում հետ է խոսում կամ ինչ հարցեր են նրան տալիս:

-Ասա, ապ ջան, ինչխ չգիտե՞ս, օր ես Թալիշ կծառայեի, ո՞նց ըսեմ, ես էլ չհասկցա՝ մեր բուժքույրը գուլար, խաբար ըրին տղերքը, օր… օր…

Այս անգամ ես այնքան էի ուզում, որ նա ավելի բարձր խոսեր, ես հասկանում էի, որ իմ կողքին մերօրյա հերոս է նստած:

-Խաբար ըրին, օր…

Նրա արցունքները չէին թողնում, որ նա խոսեր:

-Սկսվե՜ց. պատերազմը սկսվեց…

Նա անջատեց բջջայինը, հետո անընդհատ ուզում էր մի բան ասել, բայց արցունքները չէին թողնում: Իր մեջ ուժ գտավ, ատամները սեղմեց ու շշնջաց.

-Ա… Ախպեր… Ախպերներս:

Ուղևորները քարացել էին, քարացել էին նրանց աչքերը: Ես չեմ հիշում նրա անունը, միայն գիտեմ, նա գյումրեցի է ու ծառայել է Թալիշում:

-Ապրիլն էր արդեն. երկրորդ օրը: Ընգերս ու ես խորաթա կենեինք, Բագրատս, ինչխ եմ կարոտել քեզ, ախպերս, նա կսեր, օր ամիսըմ մնաց, օր տուն երթա: Բագրատը կսեր, օր շատ կուզի Լեննագանը տեսնի: Մեր հրամանատարը ներս մտավ, հոնգուր-հոնգուր գուլար: Քա, խոսե՝ կկրգնեինք մենք՝ մոռացած, որ հրամանատարի հետ ենք խոսում: Ասաց. «Հինչ գիդամ (չգիտեմ) ինչ կլի, տղեք ջան, բայց պտի պաշտպանենք Արցախը: Կզնվիլ եմ (ջղայնացել եմ), շըրըշուղ արեք (փնտրեք) տղերքին, ասեք՝ պատերազմ ա, ես դրանց թուրք, ու…»: Կներեք, չեմ կռնա խոսամ, ախպերներիս կարոտել եմ, հրամանատարիս ու էն համով-հոտով ղարաբաղցու, չէ՝ կուզեմ ըսեմ՝ արցախցու բարբառը:

Նա այլևս չխոսեց, հանդարտվեց մի պահ: Ժամանակ անցավ ու նորից բղավեց.

-Ծո, լսե՛, իմ ախպերները իմ հոգում են, կմեռնիք դուք էլ, ձեր երկիրն էլ, ըբը քյալա տվինք, մեկ ա՝ չեք հասկնա՝ հայը ապրել գիտի, կռվել ու զոհվել գիտի հերոսի մահով, ոչ թե ձեզ նման մեռնի՝ վախկոտի մահով…

Սահմանից հեռու և մոտիկ

Օրեր առաջ էր, որ ստացանք Լիլիթ Հարությունյանի «Սահմանից հեռու» հոդվածը: Կայքում տեղադրելուց առաջ որոշեցինք ուղարկել 17-ի մեր թղթակիցներ Սերինե Հարությունյանին (Տավուշի մարզ, գ.Կոթի) և Լիա Ավագյանին (Տավուշի մարզ, գ.Ներքին Կարմիրաղբյուր): Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թե Լիլիթի հոդվածը, թե Սերինեի և Լիայի պատասխան հոդվածները:

Սահմանից հեռու

lilit harutyunyan lchshenՄիշտ ցանկացել եմ ապրել սահմանամերձ գյուղերից մեկում՝ թեկուզ կարճ ժամանակով: Գիտեմ՝ ծիծաղելի է թվում, բայց ինձ հետաքրքրում է այն մարդկանց կյանքը, ովքեր ապրում են այդպիսի վայրերում, թե ինչ են անում նրանք կրակոցների ժամանակ, ինչպես են պաշտպանվում…

Շատ-շատ եմ հեռուստատեսությամբ տեսել ու լսել այդ գյուղերի, այնտեղ ապրող մարդկանց և նրանց առօրյայի մասին, սակայն, ինչպես սիրում են ասել մեր մեծերը՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել: Երբ առաջին անգամ բարձրաձայնեցի այս համարձակ ցանկությանս մասին, շրջապատիս արձագանքն ինձ ամենևին էլ չզարմացրեց: Որոշ իմ հասակակիցներ էլ ասացին.

-Այ քեզ ցանկություն, ուզում է հայրենասեր երևալ:

Չգիտեի, որ ցանկությանդ մասին ինչ-որ մեկին հայտնելը հայրենասեր թվալու միջոց է: Ցանկությունս հաստատ իրականություն եմ դարձնելու. կարճ ժամանակով, բայց հաստատ ապրելու եմ սահմանամերձ վայրերից մեկում: Պետք է, չէ՞, մի օր ուղիղ նայենք թշնամու աչքերին:

Լիլիթ Հարությունյան

Գեղարքունիքի մարզ, գ.Լճաշեն

***

Սահմանին մոտիկ

serine harutyunyanՄայրաքաղա՞ք, տարբեր քաղաքներ ու գյուղե՞ր, թե՞ սահմանամերձ գյուղ…
Տարօրինակ սկիզբ էր: Եթե անկեղծ՝ մայրաքաղաքը և առհասարակ մեծ քաղաքները տանել չեմ կարողանում: Երևի դա նրանից է, որ սովոր եմ գյուղի հանգիստ ու լուռ կյանքին, բայց շատերի երազանքը հենց մայրաքաղաքում ապրելն է: Դե, նորմալ է, տարօրինակ ոչ մի բան չկա, շատերն են ծանոթ քաղաքում ապրող մարդկանց առօրյային. աշխույժ կյանք, երթևեկություն, խցանումներ, վառ ու գունավոր խանութներ, բազմահարկ շենքեր, վերելակ, հրավառություն, անթիվ-անհամար ավտոբուսներ ու կանգառներ, և այլն, և այլն… Թերևս ինձ համար անտանելի:
Պատմեմ նրա մասին, ինչի մասին քչերը գիտեն: Սահմանամերձ գյուղերում ապրողների կյանքն ու չարչարանքը միայն այնտեղ ապրողներին է հայտնի: Ի՞նչ է կատարվում այստեղ՝ սահմանին մոտ, քչերը գիտեն: Քչերն են ուզում այստեղ ապրել, ապրողների մեծ մասն էլ առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանում է: Հեռացողներին, ամեն դեպքում, մեղադրել պետք չէ. գնում են, որովհետև աշխատանք չունեն, որովհետև հոգնել են անվերջ կրակոցների ձայն լսելուց, հոգնել են երեխային խաբելուց, թե իբր փուչիկ էր, որ պայթեց, հոգնել են:
Այստեղ գրեթե աշխուժություն չկա, չկան խցանումներ, վառ ու գունավոր խանութներ, բազմահարկ շենքեր, հարյուրավոր ավտոբուսների փոխարեն այստեղ ընդամենը երկուսն են, հազարավոր կանգառների փոխարեն՝ մի քանիսը… Հրավառությո՞ւն, այստեղ հրավառություն ամիսը մեկ կամ լինում է, կամ՝ ոչ, դե, եթե չհաշվենք Նոր տարին ու ամառային և ձմեռային զորակոչերի օրերը: Այստեղ ամեն ինչ ուրիշ է: Սահմանին ապրողները մեկ-մեկ գնդակոծությանն էլ կատակով «հրավառություն» են կոչում, իրենց հույս տալիս:
Իսկ գնդակոծության ժամանակ ի՞նչ են անում սահմանին ապրողները, երբ ցանկացած հաջորդ փամփուշտը կարող է իրենց տանը դիպչել. թաքնվում են:

Իսկ ինչե՜ր են անցնում մտքովդ, երբ արդեն արձակված փամփուշտի կարմիր լույսը տեսնում ես քո իսկ աչքով, քո սենյակի լուսամուտից… Ինչե՜ր ես մտածում այն պահին, երբ գետինը ցնցվում է արձակված ինչ-որ հզոր զենքի ազդեցության տակ: Ինչքա՜ն ես աղոթում սահմանին կանգնած զինվորի համար, ինչքա՜ն ես վախենում նրանց կյանքի համար: Ինչպե՜ս էլ ոչ մի վախ չես ունենում՝ տանդ պատշգամբից ամեն օր դիրքերը տեսնելիս:
Մարդիկ կան՝ սահմանին ապրել են երազում: Իրոք որ, համարձակ ու զարմանալի ցանկություն է: Երազե՜ք ու անպայման իրականացրեք ձեր երազանքը, մի օր հաստատ ամեն ինչ լավ է լինելու, բոլորը հետ են գալու: Ես գիտեմ՝ լավ է լինելու՝ մեր տան դիմացի դիրքերում, Արցախի ու Հայաստանի այլ դիրքերում կանգնած մեր տղերքի շնորհիվ:
Հայրենիքը միշտ էլ սահմանից է սկսվելու, միշտ, բայց մի օր հաստատ սահմանը էլ չի տարբերվելու հայրենիքիս մնացած վայրերից: Մի օր էլ սահմանին կանգնելու կարիք անգամ չի լինելու, իսկ երեխաները վազվզելու են ու անվե՜րջ հպարտանալու են, որ էդ խաղաղությունը իրենց հայրիկների շնորհիվ է ձեռք բերվել:

Սերինե Հարությունյան, Տավուշի մարզ, գյուղ Կոթի

 ***

Սահմանին ապրելու ու միշտ ժպտալու բանաձևը

lia avagyanՀիմա դժվար կլինի գտնել ինչ-որ մեկին, ով ցանկանում է ապրել սահմանապահ գյուղում ոչ թե հանգստանալու, այլ թշնամուն մոտիկից տեսնելու ու նրա հետ «ծանոթանալու» նպատակով: Մոտիկից տեսնել դիրքերը, ապրել սահմանապահի կյանքով, համոզված եմ՝ քչերը կան, որ կցանկանային այդ կյանքը, քանի որ ինչ-որ տեղ քեզ զրկում ես որոշ «բարիքներից»: Բայց իրականում սահմանում ապրելը իր հետաքրքրությունն ունի, օրինակ՝ հաստատ ոչ մի ուրիշ ոչ սահմանամերձ գյուղում չի լսվի հարևան պետության գյուղերում անցկացվող հարսանիքների ձայնը, մարդկանց շարժը, նույնիսկ հեռադիտակ կամ սուր լսողություն պետք չէ այդ ամենը տեսնելու կամ լսելու համար:

Իսկ ինչ վերաբերվում է սահմանում ապրելուն, դա իրականում խիզախություն ու հայրենասիրություն է պահանջում: Երբ կարդացի Լիլիթի նյութը, փշաքաղվեցի, որովհետև մարդիկ կան, ովքեր միայն «սահման» բառը լսելիս «տաքություն են տալիս»: Ես նույնիսկ ճանաչում եմ այնպիսի մարդկանց, ովքեր արդեն գյուղ մտնելիս կքանստած ու թաքնվելով են քայլում փողոցներով՝ նույնիսկ չմտածելով, որ այդ քայլով վիրավորում են գյուղի բնակիչներին: Սահմանին առողջ ու կարևորը՝ խիզախ մարդիկ են պետք: Ինձ սահմանից հեռու ապրող մարդիկ հաճախ հարցնում են, թե մեր գյուղում արդյոք կքանստելո՞վ ենք ապրում, քայլում ու դպրոց գնում, ու ես միշտ նույն պատասխանն եմ տալիս՝ եթե սահմանի ժողովուրդը կքանստելով ու վախվխելով ապրեր, ապա վաղուց թշնամին ներսում կլիներ:

Այո, թշնամին հսկում է յուրաքանչյուրիս քայլը, բայց երբեք չի համաձակվի որևէ մեկիս վրա նշան բռնել՝ կրակելու նպատակով, և գիտե՞ք՝ ինչու, որովհետև մեր միջև կանգնած է ավելի հզոր հայ զինվորը:

Իրականում սահմանի կյանքը չի տարբերվում մնացած բնակավայրերի առօրյայից՝ դպրոց, տուն, տնային գործեր, դասեր, պարապմունքներ և հազար ու մի գործողություններ: Ուղղակի այս դեպքում կյանքդ ապահովագրված չէ թշամու գնդակից: Եթե ինչ-որ ուրիշ քաղաքներից ու գյուղերից մարդիկ մտածում են սահմանում ապրելու մասին, ուրեմն իրոք գնահատում են այստեղ ապրող մարդկանց, նրանց կատարած գործը, որովհետև այստեղ բոլորը զինվոր են՝ սկսած ամենափոքրից, վերջացրած տան մեծով:

Ու, վերջապես, սահմանում ապրելը իր առավելությունները ունի, այո, ճիշտ կարդացիր՝ առավելություն: Օրինակ՝ եթե ուզում ես զենքերի մասին տեղեկություն իմանալ, ապա կա՛մ պետք է ռազմական ինչ-որ դպրոցում սովորես, կա՛մ ապրես սահմանապահ գյուղում, որովհետև այստեղ, սկսած հինգ տարեկանից, երեխաները տիրապետում են զենքերի մասին նեղ մասնագիտական տեղեկությունների՝ առանց չափազանցության:

Բայց, անկախ ամեն ինչից՝ սահմանում կյանքը եռում է, գյուղը զարգանում է, իսկ երբ թշնամին իր հեռադիտակով նայում է գյուղին ու այնտեղ ապրող մարդկանց, միշտ տեսնում է ուրախ ու հայրենիքը սիրող դեմքեր:

Հ. Գ. Լիլիթ ջան, քեզ հրավիրում եմ մեր գյուղ՝ ծանոթացնելու այստեղի առօրյային, բնությանը ու այստեղ ապրող քո հասակակիցների հետ: Կարծում եմ՝ իրար պատմելու շատ բան կունենանք:

Լիա Ավագյան

Տավուշի մարզ, գ.Ներքին Կարմիրաղբյուր

Պատմություններ օվկիանսի այն կողմից. Այցելություն

Չորեքշաբթի է: Հյուրընկալ ընտանիքս այս օրերին այցելում է տեղի ծերանոց ու մի խումբ ընկերների հետ հոգևոր երգեր երգելով շրջում ծերանոցի միջանցքներով: Ծերանոցի բնակիչների համար այս օրը շաբաթվա ամենասպասված օրն է: Երգում ենք, ու միաժամանակ հետևում, թե ինչ է կատարվում միջանցքում: Ծերանոցի բնակիչները, դանդաղ վարելով իրենց անվասայլակները, դուրս են գալիս սենյակներից ու ժպիտով սպասում: Նրանցից յուրաքանչյուրը մի յուրահատկություն ունի, որով ճանչում ենք իրեն: Օրինակ՝ առաջին սենյակի փոքրամարմին, բարակ ձեռքերով տատին փազլ հավաքելու բացառիկ տաղանդ ունի: Մյուս պալատում մնացող մորուքով պապին հնչեղ, թունդ ձայն ունի, ու ամեն անգամ միանում է մեր երգչախմբին, երբ հերթը հասնում է իր միջանցքին:

Շատերը ապաքինվում են, մի մասին մի քանի օր է մնացել ապրելու: Այ, էս պապիկին կարճ ժամանակ է մնացել… Կանգնում ենք նրա սենյակի մուտքի մոտ… Ժպտում է… Իսկ մենք ձեռք-ձեռքի բռնած աղոթում ենք:

Էհ, ինչ ասեմ… Ապրում ենք, էլի…

Հայտնի և անհայտ Ստվերների թատրոնը

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Ուղիղ վեց տարի առաջ կայացավ իմ և ստվերների թատրոնի առաջին «հանդիպումը»: «Այրուձի» հեծյալ ակումբի անդամները կազմակերպել էին  արդեն ավանդական դարձած ազգային ձիախաղեր: Ձիախաղերի ավարտից հետո այրուձիականները երգեցին հայկական ժողովրդական և ազգային երգեր, որոնք ուղեկցվում էին հայկական պարերով: Այդ օրվա վերջին հատվածը եզրափակվեց անակնկալով՝ ստվերների թատրոնի  ներկայացումներ դիտելով: Երբևէ չէի լսել թատրոնի այս տեսակի մասին, որ կա ստվերների թատրոն և, որ վեց տարի անց այն պիտի դառնար իմ դիպլոմային աշխատանքի թեման: Առաջին հայացքից այն ինձ արտասովոր մի բան թվաց: Ճիշտ է, տիկնիկային ներկայացում դիտել էի, բայց ստվերների՝ ոչ: Իսկ ինչպե՞ս կարող ենք ստեղծել ստվերների թատրոն:

Ստվերերի թատրոն ստեղծելու համար բավական է գտնել մի քանի էլեկտրական լամպ, սպիտակ պաստառ, որը կհանդիսանա որպես էկրան, պատրաստել մի քանի տիկնիկ և սկսել ստեղծագործել: Էկրանի հետևում կանգնում է դերասան-տիկնիկավարը, ով տիկնիկը շարժում է հակառակ կողմից կիպ մոտեցնելով էկրանին՝ հատուկ պատրաստված շյուղերի օգնությամբ, խոսելով տարբեր հերոսների ձայներով: Էկրանը իրենից ներկայացնում է ուղղանկյուն փայտե շրջանակ, որի վրա ձգված է սպիտակ կտոր: Լույսի աղբյուրը հակառակ կողմից ընկնում է տիկնիկի վրա և էկրանին հայտնվում է նրա ստվերը:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Իմ ուսումնասիրությունների արդյունքում պարզեցի, որ Հայաստանում տարածված է եղել Ղարագյոզ կոչվող ստվերների թատրոնը, որն ամբողջ աշխարհում հայտնի է իբրև թուրքական մշակույթի մի մաս: Սակայն Ղարագյոզը զուտ թուրքական երևույթ չէ: Այն իր մեջ կրում է շատ ժողովուրդների մոտ ընդունված նման կերպարների բնորոշ գծեր:  19-րդ դարի սկզբներին և ամբողջ այդ դարի ընթացքում Ղարագյոզը եղել է հայերի սիրած խաղերից մեկը: Սակայն հայերի մասնակցությունը չի սահմանափակվել միայն այն դիտելով, նրանք հանդես են եկել իբրև կազմակերպիչներ, իսկ թուրք պատմաբաններից շատերը լռում են այս մասին:

1984 թվականին «Այրուձի» հեծյալ ակումբի անդամները ձիերով արշավների են գնում և շրջում Հայաստանի տարբեր բնակավայրերով: Հենց այդ ժամանակ էլ ծագում է ստվերների թատրոնի վերականգնման միտքը: Եվ այս թվականից արշավների անբաժան մասն է կազմում ստվերների թատրոնը: Ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ժենյա Խաչատրյանը, ով  զբաղվում էր ստվերների թատրոնի  ուսումնասիրությամբ, նրանց է փոխանցում  թատրոնի մասին նյութերը:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Այսօր հնարավորություն ունենք դիտելու  ստվերների թատրոն «Այրոգի» թատերախմբի շնորհիվ: Խաղացանկում առկա են 19-րդ դարից պահպանված հայկական ստվերների թատրոնի որոշ բեմադրություններ: Դրանք պահպանել և 1960-ական թվականներին Հայաստանում վերականգնել են Խաչատուր Թումասյանը և Հովհաննես Մելքոնյանը: Այժմյան թատրոնի տիկնիկների մի մասը Խաչատուր Թումասյանի տիկնիկների կրկնօրինակներն են: Ներկայացման հետ կապված իրերը, խաղացնելու ձևը և տեքստը ժառանգաբար է փոխանցվել: Տեքստը հեղինակ չունի: Ինչպես նախորդները, այնպես էլ Խաչատուր Թումասյանը տեքստը հարմարեցրել է հանդիսատեսի ճաշակին: Դա հնարավորություն է տվել տեքստի բուն բովանդակությունը չփոխելով դիմել իմպրովիզացիայի: Կա սյուժե, որ մեզ է հասել 5-րդ դարից: Պատմիչ Փավստոս Բուզանդը նկարագրում է զվարճալի պատմվածքներ ոմն Յոհան եպիսկոպոսի մասին՝ հարբեցող, խաբեբա ու խարդախ մի մարդու, ով հարստանալու համար պատրաստ է ամեն ինչի:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Իհարկե, այս ավանդույթը կորցնել չարժե, և մենք ինչ-որ տեղ նաև հետ ենք մնում. մինչ փորձում ենք պահպանել, ուրիշ ժողովուրդներ այն զարգացնում են և մատուցում նոր տեխնոլոգիական հնարքներով:

marine yeremyan- aragacotn

Հայրս չխոսեց, իսկ ընկերները մերթընդմերթ լռում էին

Ես ապրում եմ Ուջան գյուղում: Ապրիլի սկիզբն էր. 2016 թվական: Ամսի երկուսին սովորականի պես գնացի դպրոց: Երրորդ ժամն էր. հանրահաշիվ: Ուսուցիչս ներս մտավ դեմքի մռայլ արտահայտությամբ: Ուշադրություն չդարձրինք: Չէր խոսում: Տնայինները չստուգեց: Ես էլ, գոհ մնալով իրավիճակից, խորասուզվեցի համացանցի մեջ.

-Երեմյա՛ն, դո՛ւրս արի ֆեյսբուքից, մտի՛ր իրականություն: Ղարաբաղում էլի շատ խառն ա:

Ոչինչ չպատասխանեցի: Նրա խոսքերն ասես ընկնող երկնաքար լինեին, որոնք, հասնելով ուղեղիս, ցրիվ-ցրիվ եղան: Ամբողջ դասաժամը անցավ լուռ ու մունջ: Ուսուցիչս սառած նայում էր մի կետի. մերթընդմերթ միայն հոգոցներ էր հանում: Մտածեցի՝ դե երևի տղայի մասին ա մտածում, չէ՞ որ նա էլ էր Ղարաբաղում ծառայում: Հետո միայն հասկացա, որ ենթադրությունս սխալ էր:

Այդ օրը, զարմանալի էր, բայց շտապեցի տուն, չմնացի դպրոցի բակում, չխաղացի ընկերներիս հետ: Տուն հասնելուն պես սկսեցի փնտրել հորս. ուզում էի ճշտումներ անել: Փնտրեցի տանը, այգում:

-Մա՛մ, պապան ո՞ւր ա:

-Զանգի՛, իմացի՛:

-Օ՜ֆ, վիճե՞լ եք: Չես ասում, մի՛ ասա, հեսա կզանգեմ…

-Կամավոր ա գրվել: Գո՞հ ես:

Սառը ջուր թափվեց գլխիս. թերևս այսպիսի ազդեցություն թողեց ինձ վրա մորս երկու բառանոց նախադասությունը: Եզակի դեպքերից էր, որ էլ հարցեր չտվեցի, հարցախեղդ չարեցի: Ամեն ինչ պարզ էր: Էլ ի՞նչ հարցնեի:

Ու անցավ քսան օր: Օրեր, որոնք ուղեկցվում էին կես ժամը մեկ կրկնվող լրատվական ծրագրերով. «Այսօր ժամը 9:00-ի դրությամբ թշնամին 86 անգամ խախտել է հրադադարը: Հայ սահմանապահների ուղղությամբ արձակվել է…»: Նախադասություն, որի այլևս չհնչելուն սպասում էր մի ամբողջ ժողովուրդ: Օրեր, որոնք ստիպեցին ինձ միանգամից մեծանալ: Պապան կգա, հաստատ կգա: Ոչ մի անգամ չխոսեցի նրա հետ, նեղացել էի. ինչի՞ գնաց: Մռայլ օրերն անցան: Կամաց-կամաց հարաբերական անդորր հաստատվեց սահմանին, հայրս տուն վերադարձավ: Նույն պապան էր, ինձ համար ոչինչ չէր փոխվել: Հետո միայն նրա աչքերի մեջ տեսա, որ իր կեսը Ղարաբաղում էր մնացել՝ սահմանին կանգնած զինվորի կողքին: Երբ ամեն ինչ տեղն ընկավ, սկսեցի հարցախեղդ անել հորս, բայց տվածս ոչ մի հարց չստացավ իր պատասխանը: Հայրս չխոսեց, չպատմեց.

-Պատերազմը իմ ջահել վախտվա կիսահորինված պատմությունները չի, որ քեզ պատմեմ, ի՛մ աղջիկ: Ով մի անգամ պատերազմ է տեսել, երբեք չի խոսի ու չի պատմի:

«Ուսուցիչս էլ չէր խոսում»,- հորս խոսքերից հետո մտաբերեցի ես: Որոշ ժամանակ անցավ, բայց հայրս համառորեն լռում էր: Որոշեցի գնալ ընկերների մոտ: Ակամա սիրտս, թե բանականությունս ինձ ուղղորդեցին դեպի Հարություն Մկրտչյանի, կամ ինչպես գյուղում են ասում՝ պարոն Հարութի տուն: Այգում գործ էր անում: Մի կողմից փայտ էր կոտրում, իսկ մյուս կողմից նռնենիներն էր ծածկում: Դե, սկսնակ էի, ի՞նչ հարցեր պիտի տայի, իհարկե, կիսատ և կցկտուր:

-Հոպա՛ր Հարութ, ի՞նչ տարբերություն կար իննսուներկուսի ու երկու հազար տասնվեցի միջև:

-Մեր տղերքը՝ տասնութ տարեկան մեր զինվորները, շատ-շատ պատրաստված էին, ես իրանց ցավը տանեմ, «դուխները» տեղն էր, իրանց հոգուն մեռնեմ:

Այս խոսքերից հետո, ես էլ ավելի ապահով զգացի ինձ, ու հպարտության զգացումն անցավ մարմնիս միջով՝ փշաքաղեցնելով ինձ:

-Ի՞նչ պատմեմ քեզ, ախպո՛ր աղջիկ: Պատերա՞զմը:

Լռում էր, անընդհատ լռում: Հայացքն էլ սառեցնում էր մի կետի: Ինձ համար ցավալի թեմա էր, ուզում էի ավելի շատ իմանալ, ավելին լսել:

-Կա՞ մի բան, որի մասին մինչ սահման գնալդ չէիր մտածել երբեք, իսկ այնտեղ սկսեցիր խորհել դրա մասին:

-Երբ հեռու ես լինում, ընտանիքի հոգսը էլ ավելի է ծանրանում: Հա՛, նվիրված ոգով գնացել էի, բայց մտածում էի՝ տեսնես Սառան ի՞նչ արեց: Այգիները մնացին առանց էտելու:

Նորից լռում էր: Ուշադրությունս շեղելու համար սկսում էր փայտի կտորները շարել իրար վրա: Շատ բան կար ասելու, բայց լռում էր:

Անցան օրեր: Շատ պատահական մի օր, երբ արդեն մոռացել էր կիսատ թողած գործի մասին, մեզ հյուր եկավ հորս մարտական ընկերը՝ Մհեր Գինովյանը: Ես վերսկսեցի կիսատ թողած գործս: Նախկին ֆիդայի, մայոր, ապա մանկավարժ, և այժմ կյանքի բերումով շինարար Մհեր Գինովյանը տասնվեց տարեկանից սահմանում է: Տանից փախավ սահման հասնելու համար ու այդ օրվանից սահմանը դարձավ նրա տունը: Չկային հարցեր, մտերմիկ զրույց էր: Ուղղակի խնդրեցի չռել, մի քանի բան պատմել: Ու պատմեց: Պատմեց Ջնջիլ Սամվելի, Կապիտան Անդոյի, Լարվենտի, Մուշեղի հետ անցկացրած օրերի մասին.

-Կռիվը մի անուն ունի՝ վատ,- անընդհատ կրկնում էր նա,- չկա արդար, անարդար կռիվ: -Կռվում ես, ուրեմն արդեն վատ է: Ես, հայրդ ու մյուս քաջերը, երբ ճամփա էինք ընկնում, ոչ մի բանի մասին չէինք մտածում: Միայն ուզում էինք վայրկյան առաջ տեղ հասնել: Ծրագրավորված քայլերով ֆիդայի չեն դառնում: Երբեք չեմ սիրել, երբ ասում են, թե թող ուրիշը գնա: Չէ՛, էդպես չի, ես չգնայի, հայրդ չգնար, բա ո՞վ գնար: Ազգը մենք ենք ու միասին ուժեղ ենք:

Խոսեց, բայց հետո էլի լռեց: Լռում էր, ու այդ լռությունը սաստող էր, պարտավորեցնող: Ամեն արտահայտությունց հետո ագահաբար ծխում էր՝ մերթընդմերթ ներողություն խնդրելով, ու լցված աչքերի տակից ժպտալով ինձ:

-Ինչպե՞ս իմացար պատերազմի մասին, հոպա՛ր:

-Գնում էի աշխատանքի: Զանգեցին Արցախից ու մենակ մի բան ասացին. «Մհե՛ր, պատերազմ է»: Չէի հավատում, մտածում էի՝ կատակ է: Կարծես «Հին օրերի երգը» ֆիլմի այն կադրը լիներ, երբ հուշարարը դուրս է գալիս իր տեղից ու գոռում՝ պատերազմ է, բայց թատրոնում ոչ ոք նրան չէր հավատում: Ես էլ Նիկոլն էի ու միայն այն ժամանակ հավատացի, երբ հասա քաղաք ու ընկերներիս տված հասցեում գտա Թալիշից եկած մի քանի ընտանիք: Դառը իրականություն էր, կատակ չէր: Առանց մտածելու մեքենայիս բանալիները հանձնեցի գործըկերներիս, պատվիրեցի կրակ վառել, խորոված անել ու խմել խաղաղության կենացը. լրիվ այլ նպատակով այդ օրը գառ էի մորթել, ու մեքենայիս մեջ էր այն: Ես գնացի՝ խնդրելով ու պահանջելով կատարել պատվերս: Գնացինք: Հասանք սահման: Ու հենց առաջին գիշերն էլ «վայելեցինք» թշնամու վայրագությունների դառնությունը:

Լռեց: Այս անգամ այլևս չշարունակեց: Լռություն, որն ինձ ստիպեց խորհել հայրենիքիս կյանք արժեցող խաղաղության մասին:
Լռություն կա, որ խոսուն է:

laura sekoyan

Տվեք բողոքի գիրքը

Վերջերս սկսել եմ շատ մտորել և մտորումներիս հաջորդ թեման մարդիկ են, որոնք միշտ բողոքում են։ Ինչպես ուսուցիչներն են ամեն ծնողական ժողովի բողոքելու մի բան ունենում, այնպես էլ այս մարդիկ տարբեր առիթներով միշտ բողոքում են։

Կան մարդիկ, որոնք ունեն զգեստապահարան, որի դուռը բացելիս հագուստները թափվում են իրենց վրա, բայց հաջորդ քայլափոխին բողոքում են, որ հագուստ չունեն։ Ամեն չնչին բանից բոլորը բողոքում են։ Բարև ես տալիս՝ բողոքում են, բարև չես տալիս՝ նորից բողոքում են։

Բողոքում են նաև աշակերտները։ Բողոքում են, որ պետք է քննություն հանձնեն, բայց բարեհաջող հանձնելուց հետո կրկին բողոքում են։

Կանայք բողոքում են, որ իրենց տան տղամարդիկ քիչ են վաստակում, բայց երբ շատ աշխատավարձ են ստանում, կամ չեն ասում դրա մասին,կամ նորից բողոքում են։

Երբ հարևանները գալիս են հյուր, սուրճ ես առաջարկում ու հարցնում ես՝ սուրճը դառն են խմում, թե քաղցր, նրանք անպայման ասում են, որ սուրճը լինի իրենց կյանքի պես դառը և անսեր։ Սուրճը խմելու ընթացքում բողոքում են, որ չեն կարողանում քնել ու կես ժամ հետո նորից սուրճ են խմում։

Մարդիկ, չգիտես՝ ինչու, սկսել են իրենք իրենց հակասել։ Նրանք ասում են մի բան, բայց անում են հակառակը, ու այդ ամենը դառնում է բողոքելու պատճառ։ Բայց իրենց բողոքներում չեն նշում իրենց անունը, բոլոր անհաջողություններում մեղավոր է ինչ-որ երրորդ անձ։

Մարդիկ դարձել են վատատես։ Վատատեսությունը հայերին բնորոշ չէ, բայց միշտ բողոքելը դարձել է ազգային նկարագիր:

Լուսանկարը` Եվա Հախվերդյանի

Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է կոռուպցիան (մաս 4)

-Գիտե՞ք, թե ինչ է կոռուպցիան:

-Այո, գիտեմ, թե ինչ է կոռուպցիան՝ կաշառք, հովանավորչություն, պետական փողերի լվացում (Գեղամ Վարդանյան, Երևան, 43 տարեկան, լրագրող):

-Կոռուպցիա՞ն, իհարկե գիտեմ: Հայաստանում, ի դեպ, բավականին տարածված է: Գումարի միջոցով հասնել ուզածիդ, կաշառքը, դիրքը, շանտաժը, որ կոռուպցիայի հիանալի օրինակներ են (Նանե Վարդանյան, Երևան, 14 տարեկան, աշակերտ):

-Երբ գումար կամ նվեր են տալիս իրենց գործը առաջ տանելու համար՝ դա կաշառքն է: Երբ որ կաշառքը մեծ մասշտաբներ է ընդունում, կամ կաշառում են պետական պաշտոնատար անձի, այդ դեպքում սովորական կաշառակերությունը դառնում է կոռուպցիա: Այսինքն՝ կոռուպցիան այն է, երբ կաշառքը մուտք է գործում պետական համակարգ (Ռուզաննա Ազիզյան, Երևան, 41 տարեկան, լրագրող):

-Համակարգային հանցագործություն է: Տվյալ համակարգում վերևից ներքև ոչ թե համակարգի շահերից բխող գործողություններ են կատարվում, այլ հակառակը. ամեն ինչ կատարում են իրենց անձնական շահի համար: Այդ թվում և համակարգի աշխատողներից կարող են շահույթ ստանալ, և համակարգից դուրս մյուս անձնավորություններից (Վազգեն Վարդանյան, Երևան, 70 տարեկան, թոշակառու):

-Կոռուպցիան՝ պաշտոնական դիրքի չարաշահումն է (Գայանե Ղուկասյան, Երևան, 68 տարեկան, թոշակառու):

-Հավատո՞ւմ եք, որ Հայաստանում մի օր կվերանա կոռուպցիան:

-Չեմ հավատում, որ կոռուպցիան կվերանա ոչ միան Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Ուղղակի կարող է չափերը կրճատվեն, ու այդքան ակնհայտ չլինի կոռուպցիայի ազդեցությունը մարդկանց առօրյա կյանքում (Գեղամ Վարդանյան, Երևան, 43 տարեկան, լրագրող):

-Հայաստանում կոռուպցիայի վերացմանը դժվար է հավատալ: Կարծում եմ՝ հնարավոր է, բայց բավականին տանջվել է պետք (Նանե Վարդանյան, Երևան, 14 տարեկան, աշակերտ):

-Այո, իհարկե հավատում եմ (Ռուզաննա Ազիզյան, Երևան, 41 տարեկան, լրագրող):

-Դժվարությամբ, բայց՝ գուցե (Վազգեն Վարդանյան, Երևան, 70 տարեկան, թոշակառու):

-Ոչ, չեմ հավատում (Գայանե Ղուկասյան, Երևան, 68 տարեկան, թոշակառու):

-Ինչո՞ւ չի վերանա:

-Չի վերանա, որովհետև կոռուպցիան այնքան հին է, որքան մարդկությունը: Զուտ հայաստանյան երևույթ չէ կոռուպցիան: Բայց կարող ենք քննարկել ծավալների կրճատումը, ու այո՛, հավատում եմ, որ ժամանակի ընթացքում կոռուպցիայի ծավալները Հայաստանում կկրճատվեն (Գեղամ Վարդանյան, Երևան, 43 տարեկան, լրագրող):

-Որովհետև արդարություն չկա (Գայանե Ղուկասյան, Երևան, 68 տարեկան, թոշակառու):

-Եթե կվերանա, ի՞նչ է դրա համար պետք: 

-Պետք է ուժեղացնել հակակոռուպցիոն օրենսդրությունը: Պետք է աշխատեցնել եղած օրենքները: Պետք են կոռուպցիայի դեմ հաղթանակի մի քանի լավ օրինակներ, որ հասարակությունը տեսնի, որ իրավիճակը փոխվում է: Պետք է մարդիկ իրենք դա ամոթ համարեն ու կաշառք չտան (Գեղամ Վարդանյան, Երևան, 43 տարեկան, լրագրող):

-Առաջին հերթին կարևոր է երիտասարդ բնակչության մտածողությունը, մնացածը ինքն իրեն կլուծվի (Նանե Վարդանյան, Երևան, 14 տարեկան, աշակերտ):

-Կամքի ուժ (Ռուզաննա Ազիզյան, Երևան, 41 տարեկան, լրագրող):

-Միայն արդարություն, դատական համակարգի անկախություն և արդարության հաստատում (Վազգեն Վարդանյան, 70 տարեկան, թոշակառու):

Հարցումներն անցկացրեց Լիլիթ Վարդանյանը

milena sedrakyan

Երկրորդ մայր

Հենց այս պահին դու շատ սխալ ես մտածում, հոդվածս ուսուցիչների մասին չէ, այլ հենց իմ: Չէ, ես ամենևին չեմ որոշել ուսուցչուհի դառնալ, արի՝ ես պատմեմ, դու որոշիր մասնագիտությունս:

Եվան՝ փոքր քույրիկս, միայն կենսաբանորեն է մայրիկիս աղջիկը, Եվային մեծացրել ու շարունակում եմ մեծացնել ես: Չէ, ես մայրիկիցս չեմ բողոքում, նա հիանալի մայր է, միայն թե իր աշխատողների համար: Դե, նա մեզ համար է աշխատում, ու ես նրան շատ եմ սիրում:

Հիշում եմ, երբ իմացա, որ երկրորդ քույրիկն եմ ունենալու, լաց եղա, իսկ հիմա ուրախությունից եմ լաց լինում, որ տան դատարկությունը լցնում է իր ժպիտով և իր հումորներով, որոնք ամենևին էլ ծիծաղելի չեն:

Առավոտյան արթնանալուն պես բղավում է.

-Մա՛մ,- բայց ձայն չկա:

-Մինենա՛,- ու ես վազում եմ իր մոտ:

Տուն-տունիկից սկսած մինչև շունիկ-շունիկ խաղում եմ հետը: Ու հետո էլ հարցնում են՝ ո՞նց է Եվան քեզ այսքան շատ սիրում: Մեկ-մեկ շփոթվում ու ինձ է ասում «մամ»:

Մի քանի օր առաջ ջերմությունը կտրուկ բարձրացավ, կարծես թե աշխարհը շուռ էր եկել: Ոչ մի դեղ չէր օգնում, հիշեցի՝ ինչ էր ասել հայրիկս. պիտի արագ սառը ջրով լոգանք ընդուներ: Իսկ ես ստիված էի նրա հետ հավասար սառը «վարդավառ» խաղալ: Ճաշեցինք, և Եվան արդեն լավ էր զգում:

Պապիկս մեր տանն էր, նայում էր մեզ ու ասաց.

-Միլ, տեսնես Եվան քո պարտքի տակից ո՞նց ա դուրս գալու:

Արդեն դուրս է եկել. իմ ուրախությունն է…

Ani Harutyunyan

Այդ տարօրինակ զգացմունքը

-Սեր ունե՞ք,- հարցնում եմ։

-Ի՞նչ,- ուրվական տեսած հայացքով դեմքիս է նայում տարեց վաճառողուհին։

-Սե՛ր,- ավելի շեշտակի կրկնում եմ ես։

-Չէ, աղջի՛կ ջան,- ու ծիծաղելով, կարագը փաթեթավորելով, շարունակում է,- չունենք։ Վաղուց ա վերջացել։ Համենայնդեպս՝ ինձ մոտ։ Բայց դու ինչի՞ ես սեր փնտրում։ Ջահել ես, սերն ինքը քեզ կգտնի։

Ժպտում եմ ու դուրս գալիս։ Ինձ սեր պետք չի, ես չէի ուզում սեր գնել, ուզում էի սիրո գինը հասկանալ։ Ինչո՞ւ ենք մենք մեկ-մեկ էդքան թանկ վճարում դրա համար։ Սիրում ենք ու հիասթափվում, իրար կորցնում ենք հազար անգամ ու ընդամենը մի քանի անգամ գտնում։

Ահ, չէ՛, ես կոտրված սրտով ու տխուր, ծեծված տեքստեր գրող հերթական մեկը չեմ:

Ի վերջո, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է սերը։ Արժեք ունի՞ այն արդյոք, կամ կարելի՞ է գին սահմանել դրա համար։ Չգիտեմ։

Սերն ինչ-որ մեկի անկեղծ ժպի՞տն է, թե՞ մարդու սեփական էգոն, երբ դու ասում ես, որ սիրում ես այն մարդուն, ում կողքին քեզ հաճելի է, դու քեզ լավ ես զգում ու չես հարցնում նույնը դիմացինիդ։

Սերը միայնակ մնալու վա՞խն է, թե՞ քեզնից բացի որևէ մեկին երջանիկ տեսնելու ցանկությունը:

Սերը, երևի, ամեն առավոտ ծագող արևը չի, չէ՛, այլ նա, ով հեչ էլ իդեալական չէ, բայց քեզ համար կատարելության է հասնում։

Սերը կուրորեն խանդելն ու դա՝ «շատ սիրելուց է» ասելով արդարացնելը չէ: Դա վստահությունն է՝ ամբողջացած ավելի կարճ բառի՝ «սեր»-ի մեջ:

Սերը տարօրինակությունն է, նաև: Ես սիրում եմ Շերլոկ Հոլմսի բաճկոնն ու միսիս Հադսոնի պատրաստած թեյը, որի համը երբեք չեմ զգացել:

Դու սիրում ես անձրևը, բայց այն թրջում է նոր հագուստդ, գեղեցիկ մազերդ, դու չե՞ս փորձում փոխել այն, հարմարվում ես, ելքեր ես փնտրում, չես վիճում նրա հետ։ Ուրեմն սերը դիմացինիդ ընդունելն է այնպիսին, ինչպիսին նա կա։

Սերը սիրում է ծայրահեղություն. պիտի կամ չսիրես, կամ սիրուց փշաքաղվես, զգաս՝ ոնց է զգացմունքը երակներովդ հասնում սրտիդ: Միջին աստիճանի վրա մի թողեք:

 

lilit grigoryan

Նրա հետ և առանց նրա

«Մի կողմ դիր հեռախոսդ», «Աչքերդ ափսոս են, բալա ջան», «Ախր մեր ժամանակներում, որ չկար, ի՞նչ էինք անում», «Հերիք ա, էլի, ո՞նց չես հոգնում» արտահայտությունները ուղղակի տանել չեմ կարողանում, թեև ամեն վայրկյան դրանք ականջիս են հասնում իմ հարազատներից: Հեռախոսով քիչ զբաղվել, իսկ եթե հնարավոր է, էլ չօգտագործել: Իսկ հետո՞: Հետոն կասկածելի է, ավելի ճիշտ՝ չմտածված ու անկանխատեսելի: «Հետոյի» մասին խոսք չկա այդ արտահայտություններում: Դժվար է հասկանալ:

Առաջ չկար հեռախոս, ինտերնետ նույնպես: Մարդիկ, հա, ապրում էին, ես չեմ հակառակվում, ապրել են, բա ինչ են արել: Իսկ հիմա կա հեռախոս ու համացանց, բայց էլի ապրում են մարդիկ՝ արդեն քիչ-քիչ զարգացնելով թե՛ իրենց կյանքը, թե՛ այդ կյանքն ապրելու միջավայրը: Շատերը սկսում են տեսողության հետ խնդիրներ ունենալ (ես ինքս կարճատես եմ), շատերն օրը անգամ 12-13 ժամ համակարգչով կամ հեռախոսով զբաղվելուց հետո ուժեղ տեսողությամբ և առանց առողջական խնդիրների ապրում են: Սրանից կարելի է, չէ՞, եզրակացնել, որ մարդու տեսակից, օրգանիզմից են կախված նրա առողջական խնդիրները: Բայց խնդիրը բարդված է հեռախոսի վրա: Կարճ ասած՝ հեռախոսն ու համակարգիչը մեր կյանքը կրճատում են, էլի: Բա ինչո՞ւ ստեղծվեցին, ինչո՞ւ ենք մենք հիմա ավելի հեշտ ապրում: Բայց մի բանի մեջ վատը տեսնելուց, թեկուզ հետո էլ նայենք ու տեսնենք, գուցե էդ խեղճը գոնե մի փոքր դրական բա՞ն ունի: Պարզվում է, որ ունի: Սեփական օրինակով կպարզաբանեմ:
Ես քիչ թե շատ հաջողակ մարդ եմ: Մեծ շրջապատ ունեմ, բոլոր մարզերից լավ-լավ ընկերներ, արտասահմանից լիքը ծանոթներ: Մասնակցել եմ 30-ից ավելի ծրագրերի ու հաջողություններ գրանցել: Ծրագրերի մեծ մասի մասին ինձ օգնել է իմանալ ֆեյսբուքը: Համացանցը թույլ է տվել գրանցվել, իսկ էլեկտրոնային հասցեիս եկել են դրական պատասխանները: Բարեկամներս հպարտ են ինձնով, ինքս ինձ չեմ գովում, ինչ կա՝ ասում եմ: Գիտեն, որ միշտ խառը ծրագրերի մեջ եմ, որ ազատ ժամանակ շատ քիչ ունեմ, որ չեմ սիրում հանգստանալ: Հպարտ են մարդիկ: Բայց սա չի արդարացնում, մեկ է՝ հեռախոսով պետք է քիչ զբաղվել: Այս ամենին հասել եմ օրը 24 ժամ օնլայն լինելով ու ամբողջ համացանցը փորփրելով, անընդհատ ընկերներիս հետ հաղորդագրություններով կապ հաստատելով: Իսկ եթե ես քիչ զբաղվեմ, կկորցնեմ լիքը հնարավորություններ: Հասանք ճիշտ կետին, որին հասնելու էինք էսպես թե էնպես:
Ես հասկանում եմ, որ հարազատներս իմ լավն են ուզում, ուզում են, որ տեսողությունս վերականգնվի, բայց և դրա հետ ախր ասում են, որ հեռախոսը ու համացանցը լավ բաներ չեն, է: Նեղվում եմ, որ իմ հաջողությունների հարթակը վիրավորանքների է ենթարկվում:

Ես բոլորից շատ եմ ուզում լավ տեսողություն ունենալ, բայց դրանից վեր լիքը գաղափարներ ունեմ, առաջնայինը՝ ապագայիս հետ կապված լիքը բաներ պլանավորել ու այս տարիքից սկսել գործել: Տեսողությունը վիրահատությամբ հետ կգա, բայց այ, հնարավորություններ բաց թողնելը քեզ ու սիրտդ շատ ուժեղ կցավեցնեն, ու այդ ցավը երբեք չի անցնի:
Ու այսքանից հետո մի քանի օր առաջ մի ծրագրի համար հարցազրույց տալիս «Մի բան, որ 10-րդ դարից կբերեիք 21-րդ դար» հարցին պատասխանեցի. «Առանց համացանցի, հեռախոսի ու համակարգչի լիարժեք ապրելը»: Ինչո՞ւ: Ես էլ չգիտեմ: