Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

arevik manukyan

Հրազդանյան լճակները

Գարնանային ցուրտ, բայց հաճելի օր էր։ Կարծեմ շաբաթ օր էր։ Դե, ինչպես սովորական մարդիկ, այդպես էլ ես, արթնացա, լվացվեցի, նախաճաշեցի և անցա տան գործերին։ Գործերի ընթացքում նայեցի պատուհանից, ու կարծես ցեխաջրերը լճակներ լինեին, անցնելով պատուհանից շարունակեցի աշխատել։ Արդեն ժամը 3-ը կամ 4-ը կլիներ, եկան ընկերներս և հրավիրեցին դուրս՝ խաղալու։ Դե ինչպե՞ս մերժեի ընկերներիս։ Արագ-արագ հագնվեցի, և իջանք բակ։ Սկզբում խաղացինք՝ «հալամուլա», «անուն գոռոցի», իսկ հետո գնացինք զբոսնելու։ Ես էի, Ալեքսն էր, Նարեն էր և Եվան։ Անեկդոտներ պատմելով զբոսնում էինք։ Ահա հասավ անեկդոտ պատմելու իմ հերթը։ Պատմեցի վերջացրեցի, Ալեքսին շատ էր դուր եկել, և անվերջ ծիծաղում էր։ Մեկ էլ հո՜պ, Ալեքսը ընկավ ցեխաջրերի մեջ։ Նարեն ծիծաղելով գոռաց․

-Ալեքսը ընկավ հրազդանյան լճակի մեջ, հա՜-հա՜…

Ես զարմացած հարցրի․

-Հրազդանյան լի՞ճ։

-Արև, ինչո՞ւ ես զարմանում, երբ անձրև ա գալիս, ու ցեխաջրեր են գոյանում, ես դրանք անվանում եմ լճակներ,- ասաց Նարեն։

-Վա՜յ, Նարե-Նարե,- ասացի ես ծիծաղելով, և մենք շարունակեցինք զբոսնելը, իսկ Ալեքսը վազեց տուն՝ հագուստը փոխելու։

Այս օրերին դարձյալ անձրևներ են սպասվում, «լճակները» էլի ափերից դուրս կգան:

Զայրույթի պահին

Լուսանկարը` Արաքս Ահարոնյանի

Լուսանկարը` Արաքս Ահարոնյանի

Երբ երկնքին նայելիս երկինք չես գտնում, այլ թվում է, թե վերևից ինչ-որ գորշ բան է գլխիդ կախ ընկել ու կարծես ջանում է ճնշել, հասկանում ես, որ գարնանը հատուկ մռայլ օրերից մեկն է։ Ինչպես մեզ էին ասում, երբ դեռ փոքր էինք՝ ամպերը հավաքվել են ինչ-որ հարց լուծելու:

Լուսանկարը` Արաքս Ահարոնյանի

Լուսանկարը` Արաքս Ահարոնյանի

Այսօր հերթական մռայլ օրն էր, վերևում ամբողջը գորշ երկինքն էր, որ անսպասելի ճայթում էր գլխավերևումդ: Վերջապես սկսվեց կատաղի անձրևը, սակայն եղանակի զայրույթը անձրևով չմեղմացավ, այլ ավելի կատաղի դրսևորվեց՝ կարկուտի տեսքով: Միշտ այդպես է, չէ՞, զայրույթի պահին տուժում են նաև անմեղները, իսկ այս դեպքում այդ անմեղները գյուղացիներն են: Եղանակի զայրույթը սպանում է մարդկանց գուցե թե վերջին հույսը:

Լուսանկարը` Արաքս Ահարոնյանի

Լուսանկարը` Արաքս Ահարոնյանի

Նոր ծաղկած ծառերը կամ չհասած պտուղները թափվում են գետնին: Կարկուտը գյուղացու սիրտն է դաղում: Հերթական դաժան գարնանային կարկուտը, որ գյուղացուց խլեց բերքի մեծ մասը:

ruzanna stepanyan

Քննություններից առաջ

Ավարտին է մոտենում ևս մեկ ուսումնական տարի։ Նախորդ տարիներին անհամբեր սպասում էի , թե երբ է գալու այդ բաղձալի օրը։ Սակայն այս տարի պատկերը հակառակն է։ Երևի այն պատճառով , որ ավարտում եմ 9-րդ դասարանը , ունեմ քննություններ, դասարանը կգնա տարբեր հոսքեր, և մեծ մասի հետ այլևս նույն դասարանից չենք լինի։

Ամենից շատ ինձ անհանգստացնում են տարեվերջյան քննությունները։ Քննությունների կարգը փոխվել է` հիմնականում բոլորը բանավոր է։ Դասարանցիներով հաճախ նստում և զրուցում ենք.

-Խոխենք, հունցընք տալո՞ւ քննությունները։

-Իի, վեջեդս տիրա՞ծ։ Էնքան պենի մեջավ ըք անց կացած, քննությունը հինչա՞, որ տաք վեչ։

Հարց ու պատասխանից երևի հասկացաք, որ ես ապրում եմ Կապանում…

Մինչև քննությունների ավարտը վախը սրտներումս է լինելու`առաջին անգամ պետք է բանավոր քննություն տանք։ Վստահ եմ, որ բոլորս բարձր միավորներ կստանանք, կփոխադրվենք 10-րդ դասարան և հանգիստ շունչ կքաշենք, բայց մինչ այդ որոշեցի հարցնել ընկերներիս և իմանալ, թե նրանք ինչպես են պատրաստվում քննություններին և ինչ մասնագիտություն են ընտրել.
-Պատրաստվու՞մ եք տարեվերջյան քննություններին:
-Այո,պատրաստվում եմ,- պատասխանում է դասընկերուհիս՝ Սվետլաննա Մարկոսյանը:
-Արդյո՞ք վախ ունես:
-Հա, մի քիչ, որովհետև ժամանակը սուղ է:
-Անհանգստացնո՞ւմ է այն փաստը, որ քննությունները դարձել են բանավոր:
-Այո, քանի որ նախկինում երբեք չեմ ունեցել բանավոր քննություն:
-Արդեն ընտրե՞լ ես ապագա մասնագիտությունդ:
-Այո: Միջազգային հարաբերություններ՝ հանրային կառավարում:
-Որտե՞ղ ես պատկերացնում քո ապագան: Կկարողանա՞ս արդյոք գտնել համապատասխան աշխատանք:
-Ապագաս պատկերացնում եմ արտերկրում, քանի որ այնտեղ ավելի մեծ հետաքրքրությամբ կաշխատեմ:
Լավ իմանալով, որ համադասարանցիս՝ Ալիսա Գրիգորյանը, հաճախում է կարատեի, որոշեցի նրա հետ նույնպես խոսել մասնագիտական կողմնորոշման մասին.
-Ալիսա, ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ:
-Ազատ ժամանակ զբաղվում եմ սպորտով՝ կարատեով:
-Ի՞նչ նախասիրություններ ունես:
-Հաճախում եմ կարատեի պարապմունքների, լսում եմ երաժշտություն:
-Ի՞նչ ես ցանկանում դառնալ ապագայում:
-Սպորտսմեն:
-Հայաստանո՞ւմ ես տեսնում քո ապագան:
-Ոչ: Վստահ եմ, որ մեծ հաջողությունների կհասնեմ արտասահմանում:

Շուտով քննությունները կսկսեն, հետո՝ կբաժանվենք տարբեր հոսքերի, կգնանք այլ դասարաններ ու դպրոցներ, և ժամանակը ցույց կտա, թե ով, որտեղ և ինչպես շարունակեց իր կյանքը, հասա՞վ արդյոք իր երազանքին:

zara gevorgyan

Հարցը

Երբեք տանը մենակ լինելու առիթը բաց  չեմ թողնում բարձր երաժշտություն լսելու համար, և այդ օրն էլ բացառություն չէր: Բայց մի սովորություն ունեմ. հենց միացնում եմ երաժշտությունը, պիտի գոնե մի պահ պատուհանից դուրս նայեմ: Երբ մոտեցա պատուհանին, տեսա մի քանի երեխաների, ովքեր խաղում էին միմյանց հետ, իսկ նրանցից ոչ հեռու հորեղբորս աղջիկն էր մեր հարևանի փոքրիկ տղայի հետ կանգնած: Նրանք ձեռքերով ու ոտքերով միմյանց ինչ-որ բան էին բացատրում, ես էլ մտածեցի, թե վիճում են, արագ-արագ դուրս եկա տանից և գնացի նրանց մոտ:

-Երեխեք, ի՞նչ ա եղել: Ինչի՞ չեք խաղում:
-Քուրիկ, էն վատ մարդիկ էն սարի հետևն են,- հարցրեց հարևանիս տղան:
-Ի՞նչ վատ մարդ, արև ջան:
-Որ սպանում են մեր զինվորներին,- տխուր պատասխանեց հարևանիս տղան:
Նրա այդ հարցից քարացա տեղում կանգնած, աչքերս էլ լցվեցին, մի կերպ սթափվեցի, որ պատասխանեմ նրա հարցին:
-Չէ,Հակոբիկ ջան, իրենք հեռու են: Մեր զինվորներն էլ մեզ պաշտպանում են իրենց կյանքի գնով:
-Զարուհի քուրիկ, դու էլ մի լացի: Ես էլ հենց մեծանամ, ուժեղ զինվոր  կդառնամ ու կպաշտպանեմ բոլորին:
-Դու արդեն ուժեղ ես, որովհետև հայ ես, պստիկ ջան, իսկ հիմա վազեք խաղալու:
Ես էլ սկսեցի ժպտալ, բայց տխուր էի. ինչո՞ւ պիտի երեխաները պատերազմի մասին մտածեն:

1000 ու մի ջրափոսերի քաղաք

Լուսանկարը` Միլանա Գևորգյանի

Լուսանկարը` Միլանա Գևորգյանի

Մենք ապրում ենք Հրազդանում: Ապրում ենք մի այնպիսի քաղաքում, որտեղ ճանապարհները 3D են: Հիմա ասեմ, թե ոնց մեր «բախտը բերեց» այս հարցում: Ուրեմն ավագանու ընտրությունների ժամանակ տեղ-տեղ ասֆալտ արեցին: Էնպիսի ասֆալտ, որ չուտես-չխմես, էդ ասֆալտի վրայով քայլես: 

Լուսանկարը` Միլանա Գևորգյանի

Լուսանկարը` Միլանա Գևորգյանի

Ու քանի որ չափից շատ ‹‹սիրում›› ու մտածում են մեր մասին մեր իշխանությունները, որոշել են Հրազդանում չվերանորոգել ճանապարհները, որ ոտքներս դնենք թե չէ, միանգամից կոտրվի: Դե կոտրված ոտքով կարող ես քեզ համար հանգիստ պառկել տանը, հանգստանալ, գիրք կարդալ կամ հեռուստացույց դիտել: 3 մետր փոս գնացած ընտիր ճանապարհների շնորհիվ կարող ենք մեր հագուստը անձրևային եղանակներին ներկել նոր գույնով՝ ասենք, ցեխագույնով: Մեզ մոտ նաև գործում է «հատուկ ակցիա»: Շնորհիվ փոսերում գոյացած լճակների կարող ենք դուրս գալ փողոց, և՛ լողանալ, և՛ լողալ սովորել, արևային եղանակներին էլ կարող ենք արևայրուք ընդունել: Անգամ ասեմ, որ եթե շատ փնտրենք, ձուկ էլ կարող ենք գտնել: Եթե այդքան ժամանակ լճակները գոյություն ունեն, ուրեմն հաստատ բուսական ու կենդանական աշխարհ կլինի մեջը: Բակերում արդեն ոչ թե ավտոմեքենաներ են կայանում, այլ նավակներ: 2000-ական թվականներին Հրազդանում անձրևային եղանակներին կոշիկները չկեղտոտելու համար պոլիեթիլենային տոպրակներ էին հագնում ոտքերին: Դե ինչ, ոնց հասկանում ենք, հինը չի ուզում լքել մեզ: Չնայած հիմա էլ կարող ենք հագնել կրկնակոշիկներ ու անունն էլ դնել՝ fashion Հրազդան:

Լուսանկարը` Միլանա Գևորգյանի

Լուսանկարը` Միլանա Գևորգյանի

Համոզված եմ, որ եթե «Տիտանիկ» նավը մեր ժամանակներում գոյություն ունենար, ապա հենց մեր ջրափոսերից մեկում վաղուց խորտակվել էր։

seda mkhitaryan

Բա մնամ, ի՞նչ անեմ

Այս նյութը նվիրվում է ատրագնա աշխատանքին, և ուզում եմ ասել, որ ես էլ այն երեխաների թվին եմ պատկանում, ով իր հորը Նոր տարուց Նոր տարի է տեսնում, իսկ տարվա մյուս մասը նա դառնում է համակարգչի էկրանին երևացող պատկեր կամ հեռախոսից լսվող ձայն, որին մյուս պատկերներից ու ձայներից ամենաշատն ես սպասում, ամեն օր դասից տուն գալուց հետո հարցնում .«Մամ, պապան զանգել ա՞…»։ Բայց նա ամեն օր, իհարկե զանգում է, ամեն օր, լինում են դեպքեր, երբ օրը մի քանի անգամ, չէ որ մանրամասն պիտի իմանա՝ տանը ինչ է կատարվել, ինչ գործեր են արվել, որոնք են կիսատ, և ինչ խնդիրներ կան, այս վերջինի պատասխանը միշտ ամենաերկարն է լինում, որովհետև տանը, որտեղ տղամարդ չկա, միշտ էլ խնդիրներ կան. մի անգամ այգու ցանկապատն է ընկել, մյուս անգամ անասնագոմի պատն է փլվել, և այլ այսպիսի գյուղական խնդիրներ, որոնց լուծումը տղամարդը կարող է տալ, բարեբախտաբար, լավ հարևաններ դեռ կան և օգնում են։ Իսկ երբ գալիս է դեկտեմբերը ու իր հետ բերում հորս, նա լուծում է բոլոր խնդիրները, որպեսզի գարնանը նորից հանգիստ խղճով մեկնի արտագնա աշխատանքի։ 

Ձմեռը, որպես եղանակ չեմ սիրում, դե, ցուրտ է, ձյուն, բայց այն որպես տարվա ժամանակահատված առանձնանում է, քանի որ այդ երեք ամիսը դու հնարավորություն ունես վայելելու հորդ ներկայությունը։ Նա տանն է, վառարանը ճըտճըտում է, կարտոֆիլի շերտերը խորովվում են, իսկ դուք հանգիստ ու ապահով նայում եք հեռուստացույց, զրուցում, և պակասեցնում այդ թանկ ժամանակը։ Ձմեռը նաև պարապ եղանակ է, բոլորը արձակուրդում են, և տանը հյուրեր, բնականաբար, շատ են լինում։ Ու նրանց զրույցները ծավալվելով հասնում են երկրի վիճակին ու նաև արտագաղթին, և բոլորը սկսում են խոսել այդ թեմայով, կանայք հիմնականում դեմ են արտահայտվում, իսկ տղամարդիկ արդարանում՝ ասելով. «Բա ըստի մնամ, ի՞նչ անեմ, էս անտեր երկրում մի գործ չկա, որ մարդ անի…»։ Դե սկզբում ես էլ էի կարծում, որ կարելի է մնալ, այստեղ ինչ-որ բան անել, բայց հիմա կարծում եմ, որ այստեղ աշխատելով լիարժեք ապրել, իսկապես, չի ստացվի։

Գուցե կասեք, որ թերահավատ եմ, որ աշխատող մարդը ամեն տեղ էլ կգտնի անելու գործ, չեմ վիճի, դա այդպես է, պարզապես այն աշխատավարձը, որը վաստակում ես այստեղ, բավական է միայն առօրյա ծախսերին ու պահանջներին։

Albina

Պոչամբարից շատ հեռու

Երբևէ ձեզ հետաքրքրե՞լ է պոչամբարի շրջակայքում ապրող մարդկանց կյանքը: Հայաստանում գործում է շուրջ 400 բաց հանք, որից 22-ը պոլիմետաղական են: 19 շահագործվող պոչամբարներից 9-ը գտնվում է հենց Սյունիքի մարզում: Խնդիրը եղել է, և այժմ էլ մնում է հրատապ: Ու ինձ էլ, լինելով այս մարզի բնակիչ, ևս հետաքրքրում է մարզիս իրավիճակը: Պոչամբարներից չորսը՝ Քաջարանի, Փուխրուտի, Լեռնաձորի և Արծվանիկի պոչամբարները պատկանում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային համալիրին: Իրականում վտանգը ինձ մոտ չէ, սակայն դեպքերը և օրինակները արդեն վախեցնող են: Ես ունեմ ծանոթներ, ովքեր ապրում են հենց «պոչամբարային» քաղաքներում և գյուղերում, և միշտ էլ բողոքում են, շատ են պատմել, ու նույնիսկ ափսոսել, որ այդտեղ են ծնվել: Պոչամբարները ոչ միայն վնասում են մարդկանց առողջությանը, նրանց սննդին, այլև պաոչամբարից շատ ու շատ հեռու ապրող մարդկանց: Որովհետև պոչերի հոսքը խառնվում է գետին, իսկ գետի ջրով ջրվում է այն բանջարեղենը, որը վաճառվում է ՀՀ-ի ամբողջ տարածքում: Ստացվեց այնպես, որ վտանգը ոչ միայն ինձ, այլ նաև պետք է հուզի բոլորին: Պոչամբարների շահագործումից տուժում են բազմաթիվ մարդիկ, մարդիկ, ովքեր անգամ քայլելով պոչամբարային տարածքներով, վնասում են իրենց առողջությունը, քանի որ ամբողջ հողը թունավորված է: Տուժում են նաև կենդանիները: Պոչամբարների մեծ մասը թափվում են գետերի մեջ, իսկ գետերից ջուր են խմում նրանք, և սատկում: Օրինակը տագնապեցնող է Լեռնաձորի պոչամբարի համար: Այստեղ ապրող մարդկանց առողջությանը հասցված վնասները ավելի մեծ են ու ծանր, յուրաքանչյուր 30 տարեկան երիտասարդի մոտ կա առողջական լուրջ խնդիր:

Այս ամենի մասին ես վերջերս եմ տեղեկացել, մի սեմինարի ժամանակ, երբ ներկայացրեցին մեր մարզի էկոլոգիական խնդիրները: Մինչ այդ ապրում էի ինձ համար անհոգ իմ գյուղում, կարծելով, որ այս խնդիրներից և ոչ մեկը ինձ վրա չի անդրադառնում:

Astghik Ghazaryan

«Գյուղում առաջինը մենք ենք տելևիզր ունեցել»

Իմ վիճակագրական տվյալներով յուրաքանչյուր հինգերորդ գյուղացի իր կյանքում գոնե մեկ անգամ ասում է նման բան: Ես էլ բացառություն չեմ, բայց մերը ոչ թե առաջին հեռուստացույցն էր, այլ համակարգիչը: Մեծ հորեղբայրս` Վովա պապան էր Ռուսաստանից բերել, երբ ես նոր էի ծնվել: Կարելի է ասել` հպարտանալու տեղ ունեմ, որ ես ու գյուղի առաջին համակարգիչը իրար հետ ենք «մեծացել», կամ էլ, ով գիտի, միգուցե ինքը պիտի հպարտանա, ինչևէ:

Ասում եմ` առաջին, բայց ո՞ւմ է պետք ունենալ առաջինը ու տանջվել դրա ձեռքից կամ էլ տանջել խեղճին: Իրոք որ խեղճ. մեր տանը տասնհինգ հոգի ենք, որից տասներկուսը օգտվում են համակարգչից: Եթե օրն ունի քսանչորս ժամ, որից մարդը միջինում ութ ժամը քնած է, ապա մնում է տասնվեց ժամ: Այդ տասնվեց ժամից վեցը Վովա պապան էր համակարգչի առաջ, մյուսներս էլ` առնվազն մեկական ժամ: Փաստորեն օրական մեկ հոգի մնում էր առանց համակարգչի: Իսկ այդ մեկը հաճախ ես էի լինում. դե, տան փոքրն եմ, իսկ փոքրը միշտ պետք է հարգի ու զիջի մեծերին: Այս չգրված օրենքը ստեղծողը երևի չի իմացել, որ ես օրերից մի օր սկսելու եմ նյութեր գրել, և այդ անտեր համակարգիչը ինձ շատ է պետք գալու:

Ու այստեղ հարց է առաջանում. ե՞ս եմ խեղճը, թե՞ համակարգիչը:

Մեր ձեռքից նա շատ շուտ «ծերացավ»: Ամեն անգամ, երբ հոսանքի լարը դեպի վարդակն էի տանում, աղոթում էի, որ բարեհաջող միանա: Ասում են` եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս, սարեր տեղահան կանես: Ինչ է, ես այդքան հավատ չունեի՞… Թեև մեկ-մեկ հավատս գործում էր, բայց միացնելուց հետո էլ պետք էր մեկ անգամ էլ աղոթել, որ չանջատվեր, ու ամբողջ գրածս ջուրը չընկներ: Սա դեռ մի կողմ. մեկ էլ կտեսնեի` Վովա պապան «վեր կաց» սարսափելի բառերը շուրթերին ու ոչ մի առարկություն չընդունող աչքերի արտահայտությամբ գլխիս վերևը կանգնած է: Ես դեռ հեչ, իմ նյութն էլ մի կողմ. թե Վովա պապան ինչ էր անում, չգիտեմ, բայց որ իրենից հետո համակարգիչը գործադուլ էր անում, դա փաստ է:

Այսպես դիմացավ տասնութ տարի ու… Ողորմի, մի օր էլ անջատվեց ու այլևս չմիացավ:

Բայց կյանքում անփոխարինելի ոչինչ չկա. մենք գնեցինք նորը` ավելի հզոր ու զարգացած: Իսկ ես կարոտում էի նրան. չէ որ նրա դիմաց եմ առաջին քայլերս արել, նրանով եմ գրել առաջին նյութերս: Այդպես է, միշտ էլ կարոտում ենք հինը, անցած-գնացածը, Սայաթ-Նովան էլ ասում էր. «Էրեգ լավ էր, քանց վուր էսօր…»:

Նոր համակարգիչը լուծեց բոլոր խնդիրները, բացի Վովա պապայի անսպասելի այցերից: Սակայն անլուծելի խնդիր չկա. մի գեղեցիկ օր` Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի մրցանակաբաշխության ժամանակ, ես ստացա իմ անձնական թաբլեթը, անձնական (կրկնում եմ հատուկ Վովա պապայի համար): Հիմա դրանով առաջին նյութս եմ գրում, ու թվում է, թե ուր որ է՝ կլսեմ.

-Վեր կաց…

Մոռացիր, Աստղիկ, այդ ամենն անցյալում է, ժամանակն է, որ առաջ նայես: Գուցե մի օր էլ դու թոռներիդ մոտ գլուխ գովես, թե իրենց տատն է գյուղի առաջին թաբլեթ ունեցողը…

mariam tonoyan

Շենքի մարող լույսերը

Ամեն ուշ գիշեր մարում են քաղաքի շենքերի պատուհաններից ճառագող լույսերը, և պատահում է նաև այնպես, որ դրանք հաջորդ երեկոներին էլ չեն վառվում: Էլ չեն վառվում երբեք:
Ռուստամն այդ օրը հենց ինքն էր հեռանում իր հայրենի հողից, ընտանիքի հետ, այնինչ ամիսներ առաջ տխրում էր այն փաստից, որ հնարավոր էր` մենք մեկնեինք Երևան` մշտական բնակության:
Միշտ էլ գնալը հեշտ է, երբ ունես առջևում որևէ ակնկալիք ու նպատակ: Իսկ մնացողնե՞րը… Մնացողների առօրյայից պակասում է մի մասնիկ, բարևներից` մի բարև, մեզ հարազատ դարձած մի ընտանիք: Միայն կարոտն է, որ երբեք չի պակասում:
Երբեմնի մեր մարդաշատ շենքը այժմ գրեթե ամբողջովին դատարկվել է: Ոմանք մեկնել են արտերկիր` անվերադարձ, ոմանք էլ հյուրի նման միայն ամառներն են վերադառնում, այն է` հանգստանալու:
-Դուք է՞լ պետք է գնաք,- հարցնում եմ:
-Ինձանով լիներ, ոչ մի տեղ էլ չէի գնա: Տղաս է Ռուսաստանից կանչում, թե` մենակ չես կարող մնալ,- գլորվող արցունքներն այտերից սրբելով` հառաչում է մեր հարևան Թամար տատիկը:
Նա էլ այժմ մյուսների նման պետք է վերցնի ճամպրուկները, մարի տան բոլոր լույսերը, կողպի իրենց մշտապես հյուրընկալ տան դուռն ու հեռանա:
Ուրիշ հող, ուրիշ լեզու, ուրիշ սովորույթներ, ուրիշ… Ամեն ինչ մնաց հետևում: Տանտեր ենք միայն հայրենիքում, սեփական քաղաքում, բայց հյուր` օտարության մեջ:
Մարեցին լույսերը, պտտվեց բանալին, մեքենան շարժվեց…

Lilit Grigoryan

Կարծրացած «ճշմարտությունը»

Ուզում եմ բացահայտել ինձ համար վերջերս պարզ դարձած մի «ճշմարտություն», սուտ ճշմարտություն, թե՝ սովորողը չունի ապագա, աշխատանք չի կարող գտնել: Կարծրատիպ է սա դարձել, ու սրանից ես շատ եմ բորբոքվում: Ինքս էլ դպրոցում լավ եմ սովորում, ընդհանրապես շատ եմ սովորում, ու մեծ-մեծ հույսեր ունեմ պայծառ ապագա ունենալու հետ կապված: Բայց մի կողմից էլ, որ էսպիսի բաներ չե՞ն ասում… Դե արի, ու նույն նախանձախնդրությամբ շարունակիր:

Չէ՛, ինչքան էլ արհամարհես այդ կարծիքները, չի ստացվում լիովին արհամարհել: Խոսում են փաստերով, ասում. «Ես դպրոցն ավարտեցի մեդալով, համալսարանը կարմիր դիպլոմով, չունեմ հիմա գործ: Ո՞ւմ է պետք սովորելը, կյանքդ վայելի՛»: Սպանում են քեզ այս խոսքով, սպանում այն, ինչ ծրագրել ես, ջարդում են վարդագույն ակնոցներդ, ջարդում ու փշրում այն, ինչի համար շարունակում ես ապրել:

Ի՞նչ, մտածող մարդ չմնա՞ այս աշխարհում: Բոլորը փողի ոտքերը սրբե՞ն: Ու ցավոք, էսպես են խոսում մեզանից մեծերը, ովքեր պիտի քաջալերեին մեզ: Վերջապես մեզանից շատերը դառնալու են Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ, շատերն էլ բժիշկներ, ուսուցիչներ, գիտնականներ: Դե, իհարկե, մենք երևի պիտի փողի հետևից վազենք ու սովորենք կողոպտել, խաբել… Իսկ այդ նույն մարդիկ այդ ժամանակ կասեն, թե մենք «կաշառակեր էլիտար մասսան» ենք, մենք փչացնում ենք հասարակությունը, խաբում ժողովրդին: Դե բա էլ ի՞նչ սովորենք հնից:
Անընդհատ մտահոգությունների մեջ եմ, բայց արդեն որոշել եմ, որ այդպիսի կարծիքներն ինձ համար երբեք չհանձնվելու, ավելի առաջ շարժվելու դասեր եմ դարձնելու: Մի տեսակ՝ հրման կետ: Սա խորհուրդ կտամ բոլորին:

Ու մի բան ևս. եթե մենք ունենք գիտելիքներ, խելացի ենք, սեր ունենք սովորելու նկատմամբ, մենք ենք դառնալու այս երկրի լավագույն շինարարները, մենք ենք մեր երկրին պայծառ ապագա խոստանալու փոխարեն պայծառ դարձնելու մեր երկիրը, մենք ենք երկրի ուժը: Թող սխալ չհնչի, բայց մենք նաև հարուստ ենք լինելու, չմտածե՛ք: Մենք և՛ ունենք հոգևոր հարստություն, և՛ կունենանք նյութականը՝ բարեկեցիկ կյանքի համար: Այդքան մի՛ մտահոգվեք և նման մարդկանց մի լսեք: Գիտելիքը միշտ էլ ուժ է: