Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

Sargis Melkonyan

Իմն ու քոնը

Հաճախ կարոտում եմ իմ Վանը, Կարսը, Բիթլիսը, իմ Սարգիս պապի Թիմար գյուղը: Ախր, չեմ հասկանում. ո՞նց կարելի է կարոտել մի բան, որը երբեք չեմ տեսել: Չգիտեմ, բայց կարոտում եմ: Ու գիտե՞ս, հաճախ Հայաստանը իմ իրական հայրենիքը չեմ համարում, այլ համոզված ասում եմ, որ իմ հայրենիքը մնաց Արաքսից այն կողմ: Բայց հետո հիշում եմ, որ իմ ճակատագիրն է դարձել ոչ թե Արևմտյան, այլ Արևելյան Հայաստանում ապրելը: Այժմ այս է իմ հայրենիքը, ու պիտի սիրեմ ու ամեն կերպ փայփայեմ այն, հակառակ դեպքում՝ կզրկվեմ իմ երկրորդ հայրենիքից ևս:

Ամեն կերպ ձգտում եմ գնալ «Թուրքիա»՝ Արևմտյան Հայաստան և բնակվել Վանում: Կամաց-կամաց սովորում եմ թուրքերեն: Ես սիրում եմ թուրքերեն լեզուն: Ոչ նրա համար, որ հեշտ է սովորելը, ոչ նրա համար, որ թշնամու լեզու է, ու պետք է անպայման իմանալ: Այլ՝ ուղղակի: Ես ինքս էլ չգիտեմ՝ ինչու: Շրջապատում հաճախ ինձ թուրքամոլ են համարում: Ու երևի հիմա դու էլ ես մտածում նույնը: Գիտե՞ս, ինձ թուրքամոլ համարողների վրա ես ծիծաղում եմ: Հա, որովհետև ես լսում եմ «Սարի աղջիկ» («Sarı Gelin») երգը թուրքերեն բառերով, որը բացառապես հայկական երգ է (դա նույնիսկ Դավութօղլին է ասել), իսկ շատերը լսում են հայերեն բառերով «մեյդ ին Թուրքիա կամ Ադրբեջան» երգեր: Ախր, ես ուղղակի զարմանում եմ մեր ազգի վրա. առաջ մենք էինք աշխարհին հագեցնում մեր մշակույթով, հիմա թուրքերը, բայց էլի մեր մշակույթով, որ ներկայացնում են իբրև թուրքական: Չէ, ես իրենց նույնիսկ մի գրամ էլ չեմ մեղադրում. ինչո՞ւ մեր մեղքը գցենք նրանց վրա: Այ, որ ժամանակին «բայաթիներ», «մուղամներ» ու մյուս անճաշակություններ լսող ազգս օրեկան գոնե մեկ անգամ Կոմիտաս, Շերամ կամ Շահեն, գուսան Աշոտ կամ Ջիվանի լսեր, շատ չէ՝ մեկ անգամ, հիմա մեր վիճակը էս չէր լինի:

Արի խոսենք փաստերով. 2016 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցների մամլո ասուլիսի ժամանակ մեր պատվիրակ Իվետա Մուկուչյանը երգեց «Մարտիկի երգը», իսկ Ադրբեջանի պատվիրակը՝ մեր «Սարի աղջիկ»-ը՝ ադրբեջանցիներին ու թուրքերին հատուկ կլկլոցով: 2014 թվականին Եվրոպական խաղերի ժամանակ Բաքվում որպես ազգային խորհրդանիշ ներկայացրին նուռը, իսկ ազգային պար՝ «Բերդ»-ը: Հիմա էլ ընկել են «Քոչարի» պարի հետևից: Ադրբեջանական և թուրքական որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ «Քոչարի»-ն թյուրքական, հա, հա, թյուրքական ծագում ունի: Իսկ մեկնաբանությունը տալիս են հետևյալ կերպ. քոչը մի բնակավայրից մյուսը գնալն է՝ տեղափոխվելը, իսկ թյուրքերը քոչվոր են, արի՝ արեցի, քոչարի՝ քոչ արեցի: Հիմա երևի դու էլ սկսեցիր կասկածել, որ քոչարին գուցե հայկական չէ: Բայց՝ կանգ առ: Մենք այդ պարն անգամ Բեռլինում ենք պարել, դե, ես ու դու՝ հաստատ չէ, 89-րդ հայկական դիվիզիայի տղերքը՝ 1945 թվին: Այդ մասին գրել են ոչ միայն խորհրդային, այլև եվրոպական ու կարծեմ նաև մի քանի ամերիկյան թերթեր: Ախր, այդ պարը հայկական է: Բայց մենք քոչելու, քոչի ու ընդհանրապես «քոչ» բառի հետ ի՞նչ կապ ունենք: Հիմա կբացատրեմ: Դու գիտես, որ մենք շատ բարբառներ ունենք, իսկ բառերը տարբեր բարբառներով խոսող մարդիկ տարբեր կերպ են արտասանում: Հա, ու հաստատ ծանոթ ես մեր մանկության «Փչացած հեռախոսին»: Դե, այն, որ ականջին մի բառ ես ասում ու շարքով այդ բառը փոխանցելով՝ ուրիշ բան է ստացվում: Մեր «քոչարի» բառը ոչ թե «քոչ արեցի» է, այլ «քաջարի»: Հիշիր բարբառներն ու բերնեբերան փոխանցվելու հանգամանքը, ու ամեն ինչ պարզ կլինի:

Ու մեկ էլ մի խնդրանք ունեմ. ամեն օր քնելուց առաջ գոնե երկու րոպե անարատ հայկական երաժշտություն լսիր ու տես, թե կյանքդ ինչպես է փոխվելու: Արի պահենք հայկականը, որովհետև մենք հայ ենք:

lilit khlghatyan portret

Կարոտի թևեր

Գարունը կյանքի զարթոնքն է, վերածնունդ, երբ խորը քնից դուրս է գալիս ողջ աշխարհը: Գարունը` իմ և իմ համագյուղացիների համար բաժանման եղանակ է:

Կարոտի թևերը տանում են ամիսներ, կորցնում ենք տարիները և այդ ամենի հետ էլ սպասում աշնանը…

Ահա և մի քանի օր առաջ հայրիկս գնաց Մոսկվա: Եվ այդ բաժանումներն են ամբողջ գյուղում: Մի մասը ճանապարհում է, իսկ մյուս մասն էլ թողնում է ամեն ինչ և գնում: Շատերն են գնացել ընտանիքներով և այլևս չեն վերադարձել:

Մայրիկս պատմում է, որ առաջ քչերն են ունեցել բջջային հեռախոս և եթե Ռուսաստանից զանգ էր գալիս, և հարևաններից մեկին էին խնդրում, ապա պետք է տաներ և հեռախոսը հասցներ հասցեատիրոջը, որպեսզի խոսեին և իմանային, թե ինչպես են:

Առաջ հնարավորությունները շատ քիչ էին, և  փոքր երեխաները անգամ մոռանում էին իրենց հայրերին, և ամեն պատահական մարդուն «հայրիկ» էին կոչում: Իսկ դրանից հետո գալիս էր հայրիկը և մինչև հարմարվում էին, կրկին գալիս էր գնալու ժամանակը:

Եղբայրս` Էրիկը, փոքր ժամանակ հայրիկի գնալուց հետո մի քանի օր ջերմություն էր ունենում: Մեր գյուղի բարբառով ասած` «Դեմ ու դարձ էր ընկնում»:

Է՜ , ես էլ` առաջվա սև ու սպիտակ ֆիլմերը նայելիս մտածում էի, թե առաջ ամեն ինչ սևի ու սպիտակի մեջ է եղել: Իսկ հիմա, եթե անգամ հնարավորություն չկա գրկելու, ապա գոնե հեռվից կարողանում ենք տեսնել հայրիկին: Այնպես որ, զարգացած գիտությունից պետք չէ դժգոհել. այն մեզ չի խանգարում: Իսկ թե ինչ կվերցնի մարդը համացանցից` կախված է իր տեսակից: Դրա համար փոքր եղբորս բախտը շատ է բերել, գոնե Skype-ով տեսնում ու չի մոռանում հայրիկին:

Էրիկն ու Սոֆին միշտ բողոքում են, թե ոչ մի տարի իրենց ծննդին` հայրիկը տանը չի լինում, ահա այստեղ էլ իմ բախտն է բերել: Իմ ծննդյան օրը նա տանն է լինում:

Մեր գյուղում` Լիճքում, ամռանը շատ քիչ տղամարդկանց կհանդիպես: Ով էլ մնացել է, կամ առողջական խնդիրներ ունի, կամ էլ արդեն ծերացել է: Դրա համար էլ մեր գյուղը անվանում են կանանց գյուղ: Կանայք էլ գյուղում են աշխատում, հաց են ստեղծում, այգին ու հողամասն են մշակում, յուղ են պատրաստում, պահածո են փակում, մինչև գա աշունը, և մեր խոպանչիները հետ վերադառնան:

Մեր մեծերը մի լավ օրհնանք ունեն, ասում են. «Դատարկ գրպանով գնում եք, լիքը գրպանով հետ վերադառնաք»: Արդեն հաշվում եմ օրերը, թե երբ կգա հոկտեմբերը, և նա հետ կգա…

Առաջին բանը, որ հայրս կասի, դա այն է, որ երեխեքը շատ են մեծացել ու փոխվել, չնայած կարող էր լինել մեր կողքին և անգամ չզգալ, թե ինչպես ենք մեծանում: Բայց մեր ծնողներն էլ մեղավոր չեն, չէ՞: Նրանք ամեն ինչ անում են, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք:

Կարոտի թևերը ձգվում են խոպան, կարոտը մեր աչքերում է: Հուսով եմ կգա այն օրը, երբ հաց կվաստակենք հենց մեր հողի վրա, ամուր կկանգնենք մեր ոտքերի վրա և կշենացնենք մեր երկիրը:

Հայրենիքից և հայրենի տնից սուրբ վայր չկա:

Երանի բոլորը գան ու չգնան…

Ծյոմը

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Նորից բարև: Եթե տասնյոթցի ես, ուրեմն, հավանաբար, ճանաչում ես Ծյոմին: Ծյոմը մեր Արտյոմ Սաֆարյանն է, մեր լավագույն թղթակիցներից, մեր լավագույն չարենցավանցիներից, մեր ֆուտբոլային լավագույն մեկնաբաններից ու արդեն հինգ ամիս է` մեր լավագույն զինվորներից է:

«Մանանայի» կազմակերպած դասընթացների ժամանակ ենք ծանոթացել, ու արդեն տասը ամիս է, ինչ ճանաչում եմ Ծյոմին: Հավեսով եմ հիշում, թե չորս օր անընդմեջ ոնց էինք գնում նույն պատշգամբը (ընդմիջման ժամերին) ու զրուցում վեցով: Ես էի, Միլենը, Գայուշը, Արշակ-Շահբազյանը, Եվան ու Ծյոմը: Խոսում էինք ինչից որ պատահեր, հաճախ օրն էինք քննարկում, տպավորություններով կիսվում: Հետո Ծյոմի հետ Դիլիջանի մեդիա ճամբարում ենք եղել ու վերջին անգամ էնտեղ ու հենց էդ ժամանակ էի տեսել իրեն:

…Կամերայինի դիմաց սպասում էինք ներս մտնելուն, մեկ էլ հանկարծ տեսնեմ` մեկը` զինվորական համազգեստով, քայլում է: Ծյոմն էր…

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Ներսում Ծյոմը փշաքաղեցրեց բոլորիս: Ասում էր, որ սահմանին կանգնած իր ընտանիքից ու ծնողներից զատ, մեզ էլ է հիշում: Դա շատ պարտավորեցնող էր, բայց և շատ հաճելի: Դահլիճում նստածներից յուրաքանչյուրը ինչ-որ հպարտությամբ էր նայում բեմում զինվորական համազգեստով խոսող այն տղային: Մենք` տասնյոթցիներս, էլ ավելի հպարտությամբ էինք լսում նրան, որովհետև ինքն էլ մեզնից մեկն է:

Ուզում եմ, որ Ծյոմը մի օր հայտնվի Anfield մարզադաշտում ու մի ֆուտբոլային հանդիպում մեկնաբանի էնտեղ: Չէ՞ որ սա հենց իր երազանքն է:

Մեր Արտյոմը հիմա ծառայում է Արցախում` Մարտունիում: Կարող ենք վստահ լինել, որ մեր խաղաղությունը հուսալի ձեռքերում է: Ուզում եմ, որ խաղաղ անցնի իր ծառայության երկու տարին, ու անփորձանք վերադառնա: Սա էլ երևի իմ երազանք է:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Հ.Գ. Ծյոմին ու մեր բոլոր զինվորներին բարի ծառայություն: Մենք ձեզ սիրով սպասում ենք:

seda harutynyan-2

Ապրիլը՝ դեմքերով

Հարցազրույց ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած և վիրավորված, Հրազդան քաղաքի բնակիչ Անդրանիկ Խաչատրյանի հետ։

 -Երբ սկսվեց պատերազմը, որտե՞ղ էիր։

-Ես ապրիլի մեկին բարձրացել եմ դիրքեր, ու երբ սկսել է պատերազմը, ես դիրքերում եմ եղել։

-Ինչպե՞ս սկսվեց հարձակումը։

-Ապրիլի երկուսին մեր կողքի դիրք դիվերսիոն խումբ էր եկել։ Երկու վիրավոր ունեցանք։ Մեզ վրա անդադար ականանետերով կրակում էին։ Ապրիլի երեքին Ղարաբաղից կամավորներ եկան ու մեզ հետ կանգնեցին մարտնչելու։

-Դու ինչպե՞ս վիրավորվեցիր։

-Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը մեզ զանգեցին ու ասացին, որ մեր ուղղությամբ եկող մարդիկ են տեսել։ Երեք հոգով գնացինք, դիրքավորվեցինք ու սկսեցինք կրակել։ Իրենք էլ մեզ վրա ականանետերով նորից սկսեցին կրակել, հետ գնացինք թաքստոց։ Հետո տղաներից մեկը թաքստոցից դուրս եկավ ու սկսեց կրակել, ես նրան ասացի, որ հետ գա ու նրա փոխարեն գնացի կրակելու։ Ականն ընկավ գետնատնակի դիմաց։ Գետնատնակում երեք հոգի վիրավորվեցին, իսկ դրսում՝ ես։ Առավոտյան շտապ օգնությունը նրանց տարավ, ես մնացի։

-Ի՞նչդ էր վնասվել, ինչո՞ւ չէիր ասում, որ վիրավոր ես։

-Վնասվել էր ուսս։ Ուղղակի չէի ուզում իջնել դիրքերից, ուզում էի ընկերներիս հետ մինչև վերջ մնալ, նրանց հետ լինել։

-Դժվար չէ՞ր վնասված ուսով հակառակորդին դիմադրելը։

-Շա՜տ դժվար էր, պատկերացրու, որ թևս շարժել չէի կարողանում։

-Ինչպե՞ս են ծնողներդ իմացել, որ վիրավոր ես։ 

-Ծնողներիս հետ խոսելիս չեմ ասել ոչինչ, իմացել են ամսի 9-ին, համացանցից։

-Ունեի՞ր ընկերներ, որ հերոսացան քառօրյա պատերազմի ժամանակ։

-Հա, Ասատրյան Աղասը, Յուզիխովիչ Վիկտորը, բայց իմ «պոստից» չէին, վաշտից էին։ Նաև մեր համաքաղաքացի Վահե Զաքարյանը, որն իմ դասարանից է եղել։ Ու հենց այն, որ ես կորցրի իմ մարտական ընկերներին, ինձ ուժ տվեց, որ թեկուզ՝ վիրավորված շարունակեի կռիվը։

-Ըստ Աստծո պատվիրանների՝ մարդ սպանելը մեղք է։ Ըստ քեզ, եթե դու թշնամուդ ես սպանել, մե՞ղք ես գործել, թե՞ հերոսություն ես արել։

-Ըստ իս՝ սպանելը մեղք է, բայց ինքդ քեզ, ընկերներիդ, ու առաջնահերթ՝ հայրենիքդ պաշտպանելու համար չսպանել չես կարող։

-Ինչպե՞ս ես առհասարակ վերաբերվում թշնամուն:

-Դե, իրենք էլ են զինվոր, իրենց էլ են հրաման տվել։

-Ի՞նչ խորհուրդ կտաս այն տղաներին, որոնք շուտով պետք է ծառայեն։

-Անվախ ծառայեն ու պահեն մեր հողերը։

Ani Ghulinyan

Ես այսօրն եմ սիրում

Սերունդների միջև ամենամեծ անարդարությունը առաջընթացն է: Չեմ հիշում` ով է ասել, բայց հիշում եմ, որ նրա խոսքին կարելի է հավատալ: Աշխարհի ստեղծման օրից մինչև այսօր փոխվել է քսան հազար սերունդ, բայց որքան էլ մարդիկ զարգացել, միևնույն է, պահպանել են նույն գործող օրինաչափությունը: Ամեն մի նոր սերունդ նոր հրաշքներ է տեսնում, նոր արհավիրքներ, աղետներ ու հենց դրանով էլ ավելի լավն է դառնում իր նախորդներից: Ո՞վ գոնե մեկ անգամ չի մտածել ժամանակի մեքենա ունենալու ու անցյալում ճամփորդելու մասին: Միշտ էլ այդպիսիք կգտնվեն, որովհետև տարածված բան է` չարժևորել ներկան, երազել անցյալը փոխելու մասին: Երևի թե բոլոր ժամանակներում էլ այսպես է եղել: 21-րդ դարի մարդը երազում է ապրել Պիկասոյի ժամանակներում, Պիկասոն` Գոգենի, Գոգենը` գուցե Վերածննդի, դա Վինչին էլ, ո՞վ գիտե, երևի Արիստոտելի: Հետաքրքիր է, բոլորը ցանկանում են այն, ինչը չունեն, իսկ երբ ունենում են, արդեն այլ բան են ցանկանում: Երևի այս պատճառով են պատերազմներ լինում: Պյութագորասն անկասկած իր տրամաբանությամբ ու խելքով ավելի լավն էր, քան այսօրվա երեխաները, բայց նա հո չէ՞ր կարող Skype-ով խոսել Հռոմում գտնվող իր ընկերների հետ, դրա համար նա կիլոմետրեր պետք է անցներ: Եթե Գրուշին բջջային հեռախոս ունենար, Նապոլեոնը զանգով կտեղեկացներ, որ թշնամուն հետապնդելու փոխարեն հետ գա, ու Վաթեռլոոն այլ կերպ կհիշվեր: Զարմանալի է, թե որքան ծիծաղելի մտքեր են գալիս ու գնում, երբ շուրջբոլորդ հեռախոսներ են, համակարգիչներ, իսկ դրանց արանքում դու ու քո պատմական գրքերը: Ես չէի ցանկանա ապրել անցյալում: Ի՞նչ իմաստ կա անցնել մի բանի միջով, որի վերջաբանը գիտես: Դա նման է ֆուտբոլային խաղի հաշիվը իմանալուց հետո խաղը դիտելուն կամ պատմության ամենակարևոր ինտրիգի լուծումը իմանալով գիրք կարդալուն: Մեր նախնիները այնտեղ` վերևում, հնարավոր է` նախանձում են մեզ, որովհետև մենք ավելի շատ բան ենք տեսել, քան իրենք: Դա բնական է, ես էլ իմ դեռ չծնված հաջորդներին եմ նախանձում, որ դեռ ինչե՜ր են տեսնելու…

Anahit Ghazakhetsyan

Չավարտվող պատերազմ

Բայց մենք խաղաղություն չունենք. դրսից պատերազմ, ներսից` պատերազմ, մեջտեղներում` պատերազմ: Սա ինչ-որ բան է, որի վերջը միշտ բազմակետվում է, ու ես շարունակում եմ ապրել հենց այն պատերազմի մեջ, որը սկսվել է դեռ ծնվելուցս շատ առաջ, հենց նրա մեջ, որը, ոնց որ թե, ավարտվելու միտք չունի: Իսկ դպրոցում, տանը, հեռուստացույցով ու դասագրքերով ինձ սովորեցրել են, որ զինադադար է, որ պատերազմը 90-ականներում է մնացել, որ ամեն ինչ վերածվել է հիշողության, ու փամփուշտների մեջ արդեն ծաղիկներ են ծաղկում: 

Բայց զինադադար չկա, ինչ ուզում եք` ասեք: Ինձնից երկու-երեք տարի առաջ ծնված տղաները արտահերթ մեռնում էին, անունները ամեն րոպե հոլովվում էին հերթական լրագրերում ու լրատվական կայքերում, ասում են՝ հերոսներ են, ասում են՝ մարտական խաչ, Արցախի հերոս. հետմահու: Մի համոզեք ինձ, ես խաղաղության մեջ չեմ ապրում: Սա նման չէ խաղաղության: Ապրիլը նման չէր զինադադարի: Ապրիլը սուս ու փուս բոլորիս գլխին սառը ջուր լցրեց, ասաց՝ միամիտ մի եղեք, ասաց՝ պատերազմը չի ավարտվել, ասաց՝ նայեք, տեսեք: Ասաց՝ նայեք, որ տեսնեք: Եկավ, բոլորիս մի քանի տարով մեծացնելու: Ուշքի գցելու: Եկավ, որ ընկերներիս մասին մտածեի օր ու գիշեր, որ հետո իրենց տեսնեի՝ փոխված, միանգամից մեծացած, որ ինձ փոքր զգայի իրենց կողքին, ու ոչ միայն ֆիզիկապես: Զգայի, որ ոչինչ էլ չեմ տեսել, որ պատերազմը սկսվել ու ավարտվել էր աչքի առաջ ընկերոջ մահով, որ պատերազմի մասին սխալ են բոլոր գրողները ու վեպերը, որ, Հեմինգուեյ պապիկ, զենքին հրաժեշտ տալ չի լինում, էդ ո՞րն է: Պատերազմը ուղղակի պատերազմ է առանց բարու ու չարի, միշտ անավարտ:

Ո՞նց կարող է ամեն ինչ նորմալ լինել, երբ հիմա գրում եմ սրա մասին: Մեր ներսում ախր ո՞նց է ամեն ինչ խաղաղ, երբ Լյուբեի «Комбат»-ը երգելիս կողքից արտասվողներ են լինում: Ախր, ո՞նց է ամեն ինչ կարգին, երբ էդպես էլ տուն չդարձած տղերք եղան: Դեռ, ախր, երգեր են գրվում պատերազմների մասին: Մի քիչ առաջ Մարտունիում ծառայող ընկերներիցս մեկին նամակ գրեցի, գրում եմ՝ քեզ լավ նայիր, ու մտածում՝ մենք անհանգիստ ենք ծնվել: Կամ դարձել, ինչ կարևոր է: Քանի օր է՝ Սքորփիոնսի “Wind of change”-ն եմ լսում: Մայնեն երգում է՝ We could be so close, like brothers, հետո շարունակում՝ The future’s in the air, I can feel it everywhere: Գոնե էսպիսի ելքին մի քիչ հավատում եմ:

Որովհետև ես չափից դուրս հոգնել եմ դրսի, ներսի ու մեջտեղների պատերազմներից:

seda mkhitaryan

Իրատես լինենք

Բարեգործությունը լավ բան է, բայց ես կարծում եմ, որ բարեգործությունն էլ չափ ունի։ Հիմա կմտածեք՝ ինչ չար ու անհոգի աղջիկ է, ինչպե՞ս կարող է բարեգործությունը չափավոր լինել կամ բարի գործը՝ չափից ավելի։ 

Եկեք վերլուծենք. իրականում չափից ավելի բարեգործությունը մարդուն տրամադրում է ծուլության և սովորեցնում նրան ապրել առանց աշխատելու։ Եթե մարդուն անընդհատ տաս այն բաները, որոնց կարիքն ինքն ունի, այդ մարդը կսկսի մտածել, որ եթե կարելի է առանց որևէ բան անելու ստանալ անհրաժեշտ իրերը, ապա էլ ինչո՞ւ աշխատել։

Եթե դեռ չհամաձայնեցիք ու դեռ կասկածներ ունեք, եկեք փորձենք օրինակներով հասկանալ։ Ենթադրենք դուք սոցիալապես անապահով մարդ եք, որը չունի աշխատանք, ապրում է, օրվա հացը մի կերպ հայթայթելով, ունի 3 անչափահաս երեխա: Հանկարծ, հայտնվում է ինչ-որ բարեգործ կամ կազմակերպություն, որն օգնություն է տրամադրում և դառնում է ձեր «փրկիչը»։ Համաձայն եմ՝ իսկապես այդպիսի մարդիկ կամ կազմակերպությունները շատ մեծ աջակցություն են ցուցաբերում, բայց այստեղ ինչ-որ սխալ կա: Նրանք ոչ թե պետք է ձուկ տան ձեզ, այլ սովորեցնեն, թե ինչպե՞ս է պետք ձուկ բռնել։ Առաջին դեպքում, երբ ստանում ենք պատրաստի ձուկ, կարծում ենք, թե այդ օգնողը պարտավոր է տալ այդ օգնությունը, և բարեգործությունը դառնում է սովորական: Դուք սկսում եք մտածել, որ եթե աղքատ եք, ապա մարդիկ պարզապես պարտավոր են ձեզ օգնել, և վերջ: Բոլորը պարտավոր են, բացի ձեզնից։ Բայց չէ՞որ ձեր ընտանիքի համար առաջին հերթին դուք եք պատասխանատու, ոչ թե ինչ-որ կազմակերպություն: Բայց դուք ամենևին էլ մեղավոր չեք, ձեզ այդպիսին դարձրել է հասարակությունը և այն մարդիկ, ովքեր օգնում են ձեզ, բայց չեն գիտակցում, որ ավելի շատ վնասում են։

Հ. Գ. Ես ոչինչ չունեմ բարեգործական կազմակերպությունների կամ բարեգործ անհատների դեմ, նրանք իսկապես լավ գործ են անում, միայն թե, եկեք չմոռանանք, որ նեղ կացությունից հանելուց հետո պետք է հնարավորություն ստեղծել, որ մարդն ինքը աշխատի:

davit aleqsanyan

Ընդամենը 30 մետր

Մեր գյուղի՝ Բաղանիսի, արոտավայրերը ընդամենը 30 մետր հեռավորության վրա են գտնվում ադրբեջանական դիրքերից։ Վազող կամ ուղղակի կանգնած «մեշենների»՝ թիրախների դեր ենք կատարում ես և էրիկը, երբ կովերին տանում ենք արածեցնելու։ Հնարավոր է, որ մի պահ աչքդ թարթես, մյուս պահին արդեն էլ չլինես…

Երկու-երեք օր առաջ էր, երբ գնացինք արոտավայր։ Դրանք չգիտեմ՝ ի՞նչ էին իմացել, ի՞նչ չէին իմացել, բայց անընդհատ կրակում էին։ Մենք էլ թաքնված էինք կովերին հետևում, որ մեզ չնկատեն ու չկրակեն։ Ես այդ օրը այնքան էլ լավ չէի զգում և մեկ ժամ շուտ վերադարձա տուն, իսկ Էրիկը մնաց, որ կովերին բերի։ Իմ գնալուց հետո սկսել են Էրիկի վրա կրակել, մի կերպ հասցրել է թաքնվել։ Երբ երեկոյան մեր տուն եկավ, անընդատ դրա մասին էր պատմում ու ասում էր, որ անգամ չի հասկացել, թե ինչպես է այնքան արագ ջուրն անցել, որ չի թրջվել։

Ընդամենը 30 մետր…

jora petrosyan

Միգրացիայի իրական իմաստը

Ես դեռ շատ փոքր էի, բայց նկատում էի, որ մեր հարևանի տանը բոլոր գործերը՝ և՛ կնոջ, և՛ տղամարդու, կատարում էր մեր հարևանուհին։ Նրան համարյա միշտ զայրացած էի տեսնում իր երկու տղաների չարաճճիությունների պատճառով: Սկզբից չէի հասկանում, թե ինչու։ Հետո հասկացա, որ նրա ամուսինն արտերկրում է՝ աշխատելու, և նա ստիպված է ամեն բան իր ուսերին առնել: 

Մեծանալով՝ սկսեցի հաճախ լսել հեռուստատեսությամբ, կարդալ մամուլում և համացանցում «միգրացիա» անծանոթ բառը, որի իմաստը ինձ թվում էր խիստ խորհրդավոր, մի տեսակ եվրոպական: Ես կարծում էի, թե դա մի երևույթ է, որ հեռու է մեզնից ու մեր միջավայրում ընդհանրապես գոյություն չունի: Ես այրվում էի այդ բառի իմաստը հասկանալու ցանկությունից: Սկսեցի փորփրփել համացանցը և, ո՜վ զարմանք, պատկերացրեք իմ հիասթափության աստիճանը, երբ հանկարծ պարզեցի, որ միգրացիան ամենուրեք է, և իմ շրջապատում յուրաքանչյուր երրորդ ընտանիքում կա այդ սարսափելի խնդիրը, որ մեր հարևանուհին ու իր մանկահասակ որդիները հենց միգրացիայի զոհերն են: Իմ պատկերացմամբ՝ «միգրացիա» նշանակում է՝ անհայր մանկություն, անամուսին կին, հայրենիքը լքած, սեփական ինքնությունը կորցրած տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնց զավակները, ըստ էության, հնարավոր է՝ չիմանան, թե ինչ ազգության են պատկանում, ինչ մշակույթի կրողներ են: Պատահում է՝ այդ երեխաները մոռանում են մայրենին, բայց լավ չեն տիրապետում նաև այն երկրի լեզվին, որտեղ ապրում են:
Երբ անցնում են տարիներ, որոշ ընտանիքներ վերադառնում են հայրենիք։ Այդ ծնողները արտերկրում շատ խիստ են լինում իրենց երեխաների հանդեպ։ Չեն թողնում, որ նրանք դուրս գան, շփվեն, պահում են նրանց ինչպես ջերմոցային մի բույս, որին խնամել են, փայփայել, բայց որը զուրկ է եղել կենսատու արևից, մարմինը կոփող քամուց:
Անցել են տարիներ։ Հարևանուհիս՝ իր երկու երեխաների հետ, նույնպես գնացել է արտերկիր։ Բոլորը գնում են, իսկ Վարդենիս քաղաքս՝ դատարկվում։

Հիմա հաճախ եմ մտածում, պատկերացնում, թե ինչպիսին կլիներ հայ հասարակության կյանքն առանց այդ մղձավանջային երևույթի՝ միգրացիայի: Իհարկե, դժվար է պատկերացնել: Ըստ իս՝ դա մեզ համար դեռ երազանք է: Երազանք է, քանի դեռ չկան աշխատատեղեր, մարդկային պայմաններ, չկա սոցիալական ապահովվածություն, վստահություն վաղվա օրվա նկատմամբ: Երբ փորձում եմ երազել, պատկերացնում եմ օտար ափերում ստորացուցիչ աշխատանք կատարող միլիոնավոր հայերին վերադարձած, օտարացած ընտանիքները՝ վերամիավորված, խորթացած հայրերին ու զավակներին՝ ջերմ սիրով պարուրված…
Տա Աստված, որ երազանքս իրականացած տեսնեմ ոչ միայն ես, այլև պանդխտության մեջ դեգերող, ջերմության, սիրո կարիք ունեցող բոլոր հայրենակիցներս:

jora petrosyan

Զարմանում եմ

Իսկական արվեստի ուժն անչափելի է։  Այն ազնվացնում ու վեհացնում է մարդկային հոգին, հարստացնում նրբին գույներով։ Ինձ համար արվեստի ամենաբարձր ու վեհ ոլորտում է երաժշտությունը, իսկական երաժշտությունը, կարճ ասած՝ դասական երաժշտությունը։ Սիրում եմ ունկնդրել տարբեր կոմպոզիտորների գործերը ու խորասուզվել նրանց ստեղծած կախարդական հնչյունների օվկիանոսում ու ամեն անգամ հասկանում եմ, որ սա է իսկական անխարդախ արվեստը, որն օգնում է իմ հոգուն թռչել դեպի վերին ոլորտներ,  դեգերելու գեղեցիկի անսահման աշխարհում։

Լսում եմ Վիվալդիի նրբագեղ գործերը, Մոցարտի՝ հոգին պարուրող կախարդական նոտաները, Բեթհովենի երկինք խոյացող բողոքը, Խաչատրյանի՝ մերթ ահագնացող, մերթ համարյա խլացող հանճարեղ տարուբերումները ու անընդհատ զարմանում մարդկային երևակայության ուժից։ Կարելի՞ է արդյոք լսել ու անտարբեր մնալ,  լսել ու չսարսռալ…
Այս է, ըստ իս, արվեստի անիմանալի ուժը, սրանով է այն թև տալիս մեր հոգուն ու մտքին, նրբացնում մեր լսելիքն ու ճաշակը,  օգնում զանազանել ազնիվ արվեստը կեղծից։

Հաճախ եմ ցավով նկատում, որ իմ սերնդակիցների համար դասական արվեստը, այդ թվում երաժշտությունը, անհասկանալի մի լեզու է, դատարկ հնչյուն, ծաղրանքի առարկա։ Ցավալի է, որ նմանները իրենց դատարկության չափ մեծախոս են ու ինքնագոհ, սեփական անճաշակությունը պարծանքի առարկա են դարձնում։ Հույս ունեմ, որ կգա մի ժամանակ, երբ երիտասարդները կսիրեն ու կհասկանան իսկական արվեստը, ու դասական համերգների տոմսերի համար հերթեր կգոյանան…