Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

lia avagyan

Այգուց բացվող պատմությունների մասին

Տաք օրերին սիրում եմ նստել այգում՝ մեղվի փեթակների մոտ ու նայել գյուղին: Չնայած մեր տունը գտնվում է ոչ այնքան կենտրոնական մասում, ու մեր այգուց բացվող տեսարանը այնքան էլ գեղատեսիլ չէ: Բայց, դե պարտադիր չէ, որ ամբողջ գյուղը երևա, միայն գյուղին պատկանող հողերը բավարար են, որոնք ամեն եղանակին մի գույն ու մի նոր «սանրվածք» են ընդունում: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել:

Մեր ոչ այդքան գեղատեսիլ այգուց երևում են տներ, որոնց ամեն մեկի հետ մի պատմություն կա կապված: Դե, ես այս պատմությունները չէի իմանա, եթե տատիկս չպատմեր, իսկ տատիկս հիմնականում կռիվներից ու նրա հետևանքներից է պատմում: Ապրելով սահմանապահ գյուղում, ուզած չուզած ամեն օր լսում ու ականատես եմ լինում նմանատիպ պատմությունների: Օրինակ, տատս պատմում է, որ 90-ականների պատերազմի ժամանակ ինչքան խաղաղ բնակիչներ են զոհվել կամ տուժել հակառակորդի գործողություններից:

Պատմում է Արամ անունով մեր համագյուղացու (Ն.Կարմիրաղբյուրեցու) մասին, ով տանն էր, երբ շիլկայի (տանկանման զենք) բեկորը մտավ տուն ու պոկեց վերջինիս թևը: Նա այդ դեպքից հետո չմահացավ, բայց ստիպված էր կյանքի մնացած մասն անդամահատված թևով անցկացնել: Իսկ մեր գյուղի մեկ այլ բնակչուհին՝ Նիվիկը, կռվի տարիներին մահացավ, երբ շիլկայի բեկորը մտավ վերջինիս որովայնը: Այսպիսի դեպքեր շատ են եղել, նույնիսկ ճանապարհին երեխաներ են զոհվել: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ բեկորը կամ հենց ինքը՝ փամփուշտը, չի դիպել մարդուն: Բայց այդ կրակոցներից, այդ լարվածությունից, ճնշումը բարձրանալու հետևանքով մահացել են: Այսպիսի դեպքեր էլի գյուղում եղել են:

Տատս պատմում է, ես ուշադրությամբ լսում եմ ու նաև մտածում, թե նման դեպքեր միայն 90-ականների կռիվների ժամանակ չէ, որ եղել են: Շատ լավ եմ հիշում, համարյա մեկ տարի առաջ էր, երբ էլի կրակում էին: Մենք ապաստարանում էինք, երբ հայրիկս եկավ, եկավ, որովհետև այդ ժամանակ գնացել էր խոտի դեզին հետևելու, որպեսզի, եթե վառվի հրետակոծության ժամանակ, կարողանա արագ հանգցնել, որովհետև համ տանը շատ մոտ էր, համ էլ, եթե դեզը վառվեր, այդ ուղղությամբ կրակոցները ավելի ինտենսիվ կլինեին: Ինչևէ, հայրիկս ասաց, որ Վանիկ պապը մահացել է: Այդ պահը շոկային էր բոլորիս համար: Երևի երբեք չեմ մոռանա, որովհետև դաջվել է հիշողությանս մեջ: Հայրիկս պատմեց, որ բեկորից է մահացել: Փափուշտը տան մեջ է պայթել, ու բեկորները ցրվել են տնով մեկ՝ մահացու վիրավորելով նաև տանտիրոջը, ով Բերդի հիվանդանոցի ճանապարհին մահացավ:

Տատս իր կյանքի մեծ մասը պատերազմի մեջ է եղել, ես էլ ապրածս 16 տարիները էլի կրակոցների տակ եմ անցկացրել ու անցկացնում: Մտածում եմ. ես է՞լ իմ թոռներին միայն պատերազմից եմ պատմելու:

hovhannes sargsyan

Իմ ընտանիքի պատմությունը

Օրվա խորհրդին համապատասխան ուզում եմ ներկայացնել իմ հայրական ընտանիքի պատմությունը: Այն սկիզբ է առել Արևմտյան Հայաստանի Մշո գավառի Դրմետ (Դրմերտ) գյուղից: Այս պատմությունը, որը կներկայացնեմ, լսել եմ հայրիկիցս և մանրամասնել եմ պապիկիս քույրիկից` Նվարդ հորաքրոջից:

Այն մարդը, ումից սերվել էր պապիկիս հայրը, Մշո Դրմետ գյուղում ապրող Կնարենց Արամն էր: Նա ժամանակի իրավիճակին համապատասխան ֆիդայական շարժման ներկայացուցիչ է եղել, մահացել է ինքնապաշտպանական մարտերից մեկում: Պատմում են, որ նրա դին թուրքերը բերել և դրել են գյուղի կենտրոնում, որ տեսնեն՝ ովքեր են ընտանիքի անդամները ու նրանց վնասեն, բայց ընտանիքի տղաներին և կնոջը ֆիդայի ընկերները հասկացրել են, որ պետք չէ որոշ ժամանակ մոտենալ մահացած մարմնին, և որ իրենք կփորձեն ինչ-որ ձևով դին ազատել և թաղել: Այդպես էլ անում են ընկերները: Նրա մահից հետո իր ընտանիքի անդամները, կինը` Ծովինարը և 3 տղաները` Տիգրանը, Լևոնը և Միսակը (աղջիկներ ունեցել է թե ոչ, տեղեկություն չկա) մնացել են գյուղում: Մեծ տղան` Տիգրանը, սպանվում է թուրքի գնդակից: Ծովինար տատը պատմել է, որ որդին թաքստոցից դուրս է գալիս, երբ ինչ-որ մի դավաճան՝ Արդողցի անունով մեկը, մատնել է այն մարգի տեղը, որտեղ հայ մանկահասակ տղաները թաքնվել էին: Տղաներին դուրս հանելու համար բարձր ձայնով գոռացել են, որ գյուղ ռուսներն են մտել ազատելու, և առաջիններից մեկը Տիգրանն է եղել, ով դուրս է եկել թաքստոցից և գնդակահարվել է: Այս կորուստից հետո Ծովինարը որոշում է, որ Լևոնին տալ քրդերի մոտ, որ անվտանգ լինի, ասել, որ տվել է «հոտաղ», և դրանից հետո այլևս ոչ մի լուր չի եղել նրանից:

Իսկ արդեն 1915թ Միսակ տղայի հետ Ծովինարը գաղթի ճանապարհով անցնում և հասնում է Ալեքսանդրապոլ: Որոշ ժամանակ անց Ալեքսանդրապոլում Ծովինարը ամուսնանում է, ստեղծում նոր ընտանիք, ունենում երեխաներ: Ամուսնանում է նաև Միսակը, ունենում 4 աղջիկ և 1 տղա (Հովհաննես): Շատ երիտասարդ, մոտ 40 տարեկանում, 1940թ մահանում է Միսակը: Երեխաներն մեծացնում է կինը` Ազգանուշը, ով առանց ամուսնու շատ դժվարություններ և զրկանքներ է կրում: Պապս իր երեխաներին անվանակոչում է Ծովինար տատի և հորեղբայրների ու հոր անուններով` Տիգրան, Լևոն, Միսակ: Ես Լևոնի որդին եմ` Հովհաննեսը (պապիս անվանակիցը): Ծովինար տատի պատմությունն է հիմք հանդիսացել մեր հիշողության համար, քանի-որ Միսակին նույնիսկ իր երեխաները այդքան էլ լավ չէին հիշում: Նրա վաղաժամ մահը միգուցե եղեռնի ճանապարհ անցնելու հետևանք է եղել:

Արևմտյան Հայաստանից բերված բոլոր փաստաթղթերը մեր տատը տվել է ինչ-որ ազգականի` հուսալով, որ ապահով կպահի և անհրաժեշտության դեպքում կվերադարձնի, բայց այլևս հետ չի վերադարձրել: Չգիտենք՝ նույնիսկ ով է եղել այդ մարդը, որ նման «օգնություն» է ցուցաբերել:

Այս պատմությունը իմ ընտանիքի պատմությունն էր, որը իմ մեջ մի անհագ ցանկություն է առաջացրել լինել Մուշում և հատկապես Դրմետ գյուղում: Ես հանդիսանում եմ այդ ընտանիքի 4-րդ սերունդը Աստված տա գոնե ես տեսնեմ ՀԱՅՈՑ ԴԱՏԻ արդար հատուցումը:

vahe stepanyan

Ես էլ չգիտեմ

Չգիտեմ՝ ինչու եմ ուզում սրա մասին պատմել: Չնայած՝ չէ: Էս դեպքից մի քիչ հետո ուզում էի տղերքին պատմել, բայց մտածեցի՝ խոսելով չեմ կարող բացատրել այնպես, ինչպես ես տեսա: Հիմա կպատմեմ: Երևի մի շաբաթ էլ չի անցել: Դպրոցում էինք՝ վերջին զանգի փորձի: Դե, ի՞նչ փորձ: Ինչպես միշտ, ոչ մի բան չարեցինք ու ցրվեցինք: Դե, դպրոցից դուրս եկանք, տղերքով նստեցինք մեքենան: Չեմ հիշում՝ ուր պիտի գնայինք: Մի 50 մետր գնացինք, հետո մեքենայից իջա՝ մեր դասարանի աղջիկներից մի երկուսին ճանապարհելու, տղերքին էլ ասացի, որ գնան իրենց գործին ու արագ հետ գան: Դուռը բացեցի, իջա: Հետները քայլեցի մինչև խաչմերուկ: Մեկը քայլեց ուղիղ, մյուսն իջավ ներքև: Չեմ ասի՝ որ խաչմերուկն էր, որովհետև երևի պետք չի: Նստեցի խաչմերուկի անկյուններից մեկի պատի վրա՝ ծառի տակ: Այդ պատին շատ ենք նստել ու դեռ շատ էլ կնստենք:

Մութն արդեն ընկնում էր ու երկնքում մի քանի կտոր կարմիր ամպ էր թողել: Դրա համար էլ նա ինձ չտեսավ: Քայլում էր ինչպես միշտ՝ գլուխը կախ, արագ-արագ: Ես նրան տեսա, երբ նա փողոցի ծայրին էր: Երևի տնից էր գալիս: Քայլում էր արագ-արագ, ձեռքը մի քանի մետրը մեկ հետ տանելով: Շոյում էր գլուխը՝ կարծես մազերն ուղղելով: Ես չեմ ասի նրա անունը, որովհետև հաստատ պետք չի: Եկավ կանգնեց խաչմերուկի մեջտեղում: Հետո չորս կողմը նայեց: Ինձ թվաց, թե կտեսնի, բայց չտեսավ: Մի անգամ էլ խաչմերուկի բոլոր կողմերով նայեց: Նայեց ներքև գնացող ճամփին, հետո՝ վերև: Հետո կտրուկ շրջվեց ու քայլեց խաչմերուկի մոտի խանութի կողմը: Խանութը փակ էր: Քաշքշեց դուռը: Հետո նորից նայեց չորս կողմը: Հետո մոտեցավ խանութի դիմացի սյունից կախված մեծ տոպրակին, որը աղբաման էր ծառայում: Քրքրեց աղբամանը: Դես ու դեն գցեց մեջի տուփերն ու տոպրակները:
Փողոցի ծայրից մեքենայի ձայն լսվեց: Լույսերը տեսավ: Վազեց աղբամանից հեռու ու կանգնեց փողոցի մեջտեղում: Կանգնեց ու սկսեց արագ-արագ գլուխը շոյել: Մեքենան եկավ, խաչմերուկից թեքվեց ցած ու գնաց: Իսկ նա ամբողջ ժամանակ նայում էր գետնին ու գլուխը շոյում: Հենց փողոցի ծայրին մեքենան կորավ, արագ քայլեց աղբամանի կողմը: Ես խոսելու ունակությունս կորցրած նայում էի նրան: Նրա շարժումներին: Ձեռքս ինքն իրեն գնաց գրպանս: Մի քանի մետաղադրամ շոշափեցի: Ուզեցի մտնել խանութ, մի բանով օգնել գոնե: Վեր կացա: Նա շարժումս զգաց: Չտեսավ: Նորից հեռու քաշվեց աղբամանից ու կանգնեց փողոցի մեջտեղում: Գլուխը կախ: Ձեռքով արագ-արագ սկսեց գլուխը շոյել: Անունով կանչեցի: Ուզում էի ասել, որ սպասի՝ մտնեմ խանութ: Բայց չկարողացա: Մի անգամ էլ կանչեցի: Ձայն չհանեց: Փողոցով նայեց ցած, հետո վեր: Այնպես, որ միանգամից զգացվեց, որ աննպատակ է քայլում: Մեկ էլ կանչեցի: Նա արագ-արագ քայլում էր փողոցով վեր՝ անընդհատ գլուխը շոյելով: Նա նույնիսկ չպտտվեց: Մտքով երևի ուրիշ տեղ էր, ուղղակի ասաց.
-Հը՞:

Ասաց այնքան աննպատակ, որքան իր քայլելն էր: Չգիտեմ՝ քանի րոպե քարացած կանգնեցի մինչև տղերքն եկան: Մեքենայի դուռը բացեցին, քաշեցին ներս: Աշոտն ասաց.
-Հա, լավ, ի՞նչ ես ջիր արե: Կյնացիյ Ռաֆենց, եկայ:
Ես մտքիս մեջ որոշում էի՝ պատմեմ, թե չէ: Մեքենայում բարձր երաժշտություն էր միացված: Որոշեցի, որ չասեմ:
-Այ մարդ, ռադդ քյաշ է: Քշի դպրոց, շկայ ինչ կը:
Միգուցե սա ինձ չի էլ հուզում: Չգիտեմ՝ ուզում եմ ինքս ինձ հետ արդար լինել: Լավ կլիներ՝ չտեսնեի:

Մենք մեքենայում երգ լսելով գնում ենք: Իսկ նա գլուխը կախ քայլում է փողոցով վերև: Մեկ-մեկ էլ մազերն է շոյում:

Hayk Qalantaryan

Սկսենք մեզանից

Միայնություն. թշնամիՙՙ՚, թեՙ՚ բարեկամ: Իրականում ամենաբարդ ու հակասական պատասխաններով հարցերից մեկն է ինձ համար: Իհարկե, երկար միայնակ լինելը լավ չէ, բայց հենց այդ ժամանակ է մարդ մնում իր մտքերի հետ ու սկսում խորհել: Մտածելով փորձում է գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները, բայց դրան հետևում են մի քանի նոր հարցեր: Ես միայնության մեջ գտա այդ հարցերի պատասխանները(չնայած հարցերս կրկնապատկվել են):

Երեք տարի առաջ էր, քայլում էի ընկերոջս հետ ու սովորույթի համաձայն դժգոհում էի. «Էս ինչ անհետաքրքիր գյուղ ա, ոչինչ չկա՝ ո՛չ ժամանցի վայր կա, ո՛չ տրանսպորտ, ո՛չ մի հատ սրճարան…»: Խոսքս մեր՝ Տավուշի մարզի Չորաթան գյուղի մասին է: Շատ լավ եմ հիշում ընկերոջս պատասխանը. «Դե, սահմանամերձ ենք, ո՞վ ա խելքը հացի հետ կերել, որ գա ըստեղ ու մի հատ սրճարան դնի: Սաղ Երևանում են, ընդեղ լավ ա, բայց Ռուսաստան ավելի լավ ա»: Լռեցի. ճիշտ էր ասում, համաձայնեցի: Բայց սկսեց ներսից մի հարց ինձ տանջել, բայց ի՞նչ հարց էր՝ չէի հասկանում: Մի քանի օր անհանգիստ փնտրտուքների մեջ էի, անընդհատ մտածում էի մեր խոսակցության մասին: Երկար մտածելուց հետո հասկացա, որ պետք է փոխեմ ինձ: Բայց իՙ՚նչ ասել է՝ փոխել ինքդ քեզ: Մի տեսակ ծիծաղելի է հնչում, բայց ես երկու շաբաթ մտածում էի ինձ փոխելու մասին: Բայց դե չէ, է: Ես չփոխվեցի, ուղղակի հասկացա՝ ով եմ ես իրականում: Երևի շատ էի ազդվել ընկերոջս խոսքից. «… ոՙ՚վ ա խելքը հացի հետ կերել, որ գա ըստեղ…»:

Բայց մեկ վայրկյան. իսկ ոՙ՚վ է պարտավոր գալ այստեղ ու ինձ համար ակտիվ ժամանց ստեղծել: Հետո իՙ՚նչ, որ սահմանամերձ ենք: Նշանակում է՝ մենք էստեղից գնանք ուրիշ տե՞ղ, իսկ ուրիշ տեղից գան այստեղ, որովհետև սահմանո՞ւմ ենք: Մենք՝ չորաթանցիներս, պետք է ստեղծենք մեր երազած գյուղը, բայց դրա համար առաջին հերթին պետք է փոխենք ինքներս մեզ: Բայց ինչ հեշտ է հնչում, չէ՞: Եթե չեմ սխալվում, Ուինսթոն Չերչիլը այդպիսի լավ բան ունի գրած. «Երբ երիտասարդ էի, ուզում էի փոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել երկիրս, երբ տարիքս առա, ուզում էի բարեփոխել ընտանիքս, բայց միայն ծերության ընթացքում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը»: Դե, ես էլ արդեն սկսել եմ փոխել ինձ (առանց գրքերի անհնար կլիներ այսքանը շուտ հասկանալ), նույնը փորձում եմ բացատրել հասակակիցներիս:
Թերևս ամենակարևոր բաներից մեկն էլ գնահատված լինելն է. մեկուկես տարի առաջ էր, զորամասերից մեկում միջոցառման էինք, ու կողքի գյուղի պարի խումը սկսեց պարել «Ծաղկաձոր» պարը, Բերդի (մեր շրջկենտրոնն է) էրեխեքը միացան իրենց, իսկ ես ճարահատյալ վերցրի հեռախոսը ու սկսեցի նկարել: Ու այդ օրվանից որոշեցի սովորել մեր ազգագրական պարերը ու սովորեցնել համագյուղացիներիս, որպեսզի համ ծանոթ լինեն մեր ազգային արժեքներին, համ էլ իրենք ունենան պարի խումբ: Սկզբից դժվար էր, մանավանդ որ սովորում էի համակարգչով… Բայց դե ստացվեց: Ու հիմա, երբ գյուղում մի միջոցառում է լինում, սկսում ենք մեր ազգագրական պարերով, ու ես դրանից շատ եմ ուրախանում:
Տեսաՙ՚ք. սկզբից փոխեցի ինքս ինձ, հետո շրջապատիս: Սկզբից տվեցի շրջապատիս, հետո ակնկալեցի լավ պատասխան: Ու հասկացա՝ ինչ լավն է աշխարհը, երբ դու նրան մի բան ես տալիս:
Ժպտացեք, մարդիկ, դուք ապրում եք աշխարհում. ենթարկեք կյանքը ձեզ, ոչ թե ենթարկվեք:

Emma Kosakyan

Երբ ես դու երջանիկ

Գրաֆ էի կարդում ու կանգ առա մի մտքի վրա. «Մարդու չափանիշը նրա պատկերացումն է երջանկության մասին»: Կարդացի հաջորդ միտքը, բայց չէ, դեռ նախորդում էի մնացել, հետ գնացի, նորից կարդացի… Ու մտքերս անձրևի ժամանակ փողոցում կանգնած մարդկանց նման խառնվեցին իրար…

Անկասկած մարդկանց պատկերացումները երջանկության մասին խիստ տարբերվում են: Մտքերի առաջին բախումը երջանկության լինել-չլինելու մեջ է: Ես, ինքս շատ ծանոթներ ունեմ, ովքեր վստահ ու քմծիծաղով ասում են, որ չկա երջանկություն: Այն հաստատակամությամբ են ասում, որ թվում է՝ իրենք են ողջ աշխարհում երջանկություն բաժանողը, չափը որոշողը, տվող-չտվողը: Ու քանի որ վերջին մի քանի օրը զբաղված էին, հաստատ հիշում են, երջանկություն չեն բաժանել` հետևաբար չկա այն:

Բայց ես վստահ եմ, որ մարդը երջանիկ է այնքան, որքան ինքն իրեն զգում է, և ոչ թե կողքից ասում են. «Այ, դու երջանիկ ես»,- ու որոշվեց՝ երջանիկ է: Մարդ պիտի ինքն իրեն զգա երջանիկ, նկատի երջանիկ զգալու ամենափոքր հնարավորությունը ու վայելի: Երջանկությունը մեզ հյուր է գալիս ամեն օր` տարբեր ձևերով` մարդկանց, մի խոսքի, հայացքի և այլ կերպ: Միշտ պետք է գրկաբաց լինել նրան ընդունելու համար: Այն գալիս է ծնողների ուրախ «բարի լույսով» ու սիրելիի փայլող աչքերով, պապիկի մշակած այգու առաջին պտուղներով ու մի քանի ամիս տատիկին չտեսնելուց հետո նրա պատրաստած ճաշի համով: Երկար պարապելուց հետո լավ հանձնած քննությունով է գալիս ու  պատահական հանդիպումներով: Երբեմն գալիս է անձրևից հետո, երբ բացում ես պատուհանը ու խորը շնչում. կյանք ես զգում: Երբեմն կանաչ խոտերի վրա նստած երազելով է գալիս ու սիրելի երաժշտությամբ աստղերին նայելով է գալիս: Երբեմն անհասկանալի կերպով ներսդ փոթորկող զգացմունքներով է գալիս: Վստահ եմ, այն գալիս է ու պետք է գրկաբաց ընդունել… Հույսի արդարացումով ու հիասթափության մոռացմամբ է գալիս, ձեռքդ բռնող, քեզ ուժ տվող ընկերներով է գալիս, անծանոթի մի ժպիտով, խիստ մտահոգ ու քեզ սիրող ընտանիքով է գալիս… Սպասված, բայց չուշացած սիրով է գալիս…

Ani avetisyan

Կամուրջից այն կողմ

Միշտ էլ ամենադժվարը առաջին՝ վճռական, քայլը կատարելն է։ Դրանից հետո ամեն բան ավելի հեշտ է դառնում, իսկ ցանկացած նոր բան, ենթարկվելով շարժման օրենքներին, սովորական ու անգամ պարտադիր բնույթ է ստանում։ Նորությունները, փոփոխությունները կյանքում դառնում են կենսական պայման, իսկ միօրինակությունը հավասարվում է ինքնասպանությանը: Միակ խնդիրն այդ առաջին քայլն է, որի համար բավական համարձակություն, կամք ու աշխատասիրություն է պետք: Չնայած, դա կարող է լինել ոչ արտառոց մի բան. մեզանից յուրաքանչյուրի կյանքը կարող է շարժման մեջ դնել որևէ դեպք, երևույթ կամ անձ: Կարևոր է՝ ճիշտ ժամանակին գտնել նրան ու քաղել այն լավագույնը, որ կարող ես: 

Նոր ճանապարհի սկիզբ կարող է լինել այն դեղին-դեղին գծիկների վրայով փողոցի մի մայթից մյուսն անցնելը, չալարելն ու երկու կանգառ ոտքով քայլելը:

Կյանքում ինչ-որ նոր բան գտնելու համար համարձակություն է պետք ու նաև նոր վայր՝ նոր աշխարհ բացահայտելու: Այն, որ քեզ համար անսահմանություն էր, մի օր դադարում է չբացահայտված, անիմանալի լինել։ Մի օր շրջապատող աշխարհը քեզ համար կանխատեսելի, ձանձրալի, միապաղաղ է դառնում: Մի օր այդ ամենը հուսահատեցնում է քեզ ու նոր ճանապարհներ բացելու պատճառ դառնում, և դու որոշում ես որոնումների դուրս գալ ու նոր ոգեշնչում փնտրել, նոր կյանք: Գտնո՞ւմ ես…

Գիտե՞ք, մեզ մոտ՝ գյուղում, այդ մոտիվացիան սովորաբար չկա, կամ այնպիսի մի վայրում է թաքնված, որ նրան գտնելը երբեմն անհնար է: Եվ մեզանից ամենահամարձակներն այն գյուղից դուրս են փնտրում: Բայց դրա համար էլ կամքի մեծ ուժ է պետք. չէ՞ որ գյուղից դուրս գալն էլ բավական բարդ գործընթաց է: Մեր՝ գերզարգացած կամ իրեն այդպես ձևացնող հասարակության մեջ դեռ արմատացած է գյուղ-քաղաք հակասությունը, այն, որ գյուղում ապրողները չունեն կամ չպիտի ունենան նույն հնարավորությունները, ինչ քաղաքում ապրողները: Ծիծաղելի է թվում, չէ՞: Կարող եք անգամ ծիծաղել, բայց երբ տեսականից գործնական կողմին ենք անցնում, ավելի շատ տխրելու, քան ծիծաղելու պատճառներ կան:

Եթե մի փոքր հստակեցնեմ և խոսեմ հենց մեր գյուղի մասին, պատկերն ավելի պարզ կդառնա: Իմ գյուղը՝ Ոսկեհատը, թե՛ տարածքով, թե՛ բնակչությամբ, ամենափոքրն է  շրջապատող գյուղերի համեմատ, ինչ էլ, երևի, նրա՝ մյուսների համեմատ ավելի պասիվ լինելու պատճառներից է: Հա՛, ինչ էի ուզում ասել՝ մեր գյուղը, մյուս՝ ավելի մեծ գյուղից բաժանված է կամրջով, որն էլ մեզ համար այլ՝ նոր ու մեր աշխարհից տարբերվող աշխարհի խորհրդանիշ է դարձել: Եթե խորը մտածենք, հենց այդպես էլ կա. այդ կամուրջն իրոք ժամանակի մեքենայի պես մի բանի նման է։ Այն ոչ շատ մեծ  հեռավորության վրա գտնվող տարածքներ է բաժանում, բայց դրանք իրականում իրարից շա՜տ հեռու են։ Կարևոր էլ չէ, որ այն, ինչ կամուրջի մյուս կողմում է՝ նույնպես գյուղ է. այնտեղ կա կյանք, շարժում, ինչը գրեթե բացակայում է գետի հակառակ ափին: Հենց այս հակասությունն էլ պատճառ է, որ գյուղում հաճախ են ասում, թե ով համարձակություն ունի անցնել կամուրջը՝ հեռու կգնա: Բարդը սովորելն է դրանից այն կողմ սկսվող աշխարհին:

Կյանքը դրսում սկսվում է երեկոյան, բայց կան կյանքի ընթացքից հետ մնացածներ, ում համար երեկոյան քաղաքից վերադառնալը ինչ-որ բաներ է նշանակում: Դե, հասկացաք: Իսկ երբ խոսքն աղջկա մասին է՝ բամբասանքների տեղատարափ է սպասվում գյուղում: Պատկերացրեք փոքրիկ գյուղում ապրող մարդիկ բոլորը մեկը մյուսին ճանաչում են: Պատկերացրեք, որ այստեղ այդքան էլ հեշտ չէ ուշադրություն չդարձնել ուրիշների կարծիքներին։ Պատկերացրեք, որ այստեղ շատ բաներ տարբերվում են ձեր մտածածից։ Որոշ բաներ այնքան էլ վատ չեն, որքան պատկերացնում եք։ Կան բաներ էլ, որ շատ ավելի վատ են, քան կարող եք պատկերացնել:

Կարևորը ուժ գտնելն է կամուրջից այն կողմ՝ նոր աշխարհ անցնելու…

narek babayan

Ինչո՞ւ

Երբևէ ֆեյսբուքում ժամանակ սպանելու ընթացքում մտածած կա՞ք, թե ինչի համար է այն: Հա, որ մարդկանց շփումը հարմարավետ դառնա: Բա հեռախո՞սը: Ի՞նչ ա, քիչ էֆեկտի՞վ էր: Հա, երևի: Բայց մի րոպե, է: Իսկ հեռախո՞սը մարդկանց ինչին էր պետք: Մի քիչ հետ տանք ժամանակը՝ շատ քիչ:

Օյ, էս ի՞նչ ա: Մարդի՞կ են: Ինչի՞ են մերկ ու խոտ են ուտում: Վայ, էս ի՞նչ ձոր ա, դիակնե՞ր: Լավ էլ ապրում են, էլի: Հենա ուրախ-զվարթ քայլում են: Արդյոք մարդու կյանքի գլխավոր նպատակը դա չի, որ ոչնչի կարիք չունենա ու անկեղծ ժպտա: Հենա ստեղ էլ ժպտում են, էլի, էլ ինչի՞ համար են փողը հորինել, հասարակարգերը, խավերը: Ինչի՞: Որովհետև մտածե՞լ գիտեն: Մեկին հետաքրքրեց, թե ինչու է խոտը կանաչ, ջուրը՝ թաց, կամ քարը՝ կարծր: Ու սկսվեց ամեն ինչ՝ ստրկատիրություն, կրոնական պատերազմներ, ցեղեր, երկրներ:

Ինչի՞ սենց բարդ: Ես պիտի գնամ բանկ, քարտիս գումար լցնեմ, ու գնում կատարեմ: Հե՞շտ ա: Իսկ էդ գումարն աշխատե՞լը: Հեշտ չի: Էդ ո՞ւմ մտքով անցավ գործի դիմաց մարդկանց փող տալ: Լավ չէ՞ր, երբ մարդիկ քարանձավից դուրս էին գալիս, ծառի պտուղը անվճար պոկում, ուտում, ու երջանիկ կյանք էին վայելում: Է, մրսում էիք, մի կենդանի սպանեիք, մորթին գցեիք վրաներդ, տաքանայիք, այ նախանձներ: Ի՞նչ ա, ուրիշի սպանած վագրը ավելի՞ սիրուն էր, որ առաջացավ նորաձևությունը: Սոված էիք՝ երկու խնձոր ուտեիք, կշտանայիք: Ինչի՞ սկսեցիք ամեն ինչ խառնել իրար:

Կրթությո՞ւն, ի՞նչ կրթություն: Սովորում ենք, որ հասարակությանը պիտանի՞ լինենք, թե՞ որովհետև պիտի սովորենք, դա դարերով եկած բան է: Ինչի՞ մարդն ընդհանրապես դպրոց ստեղծեց: Ինչի՞ն էր պետք: Սովորելն անպայմա՞ն էր քարե դարում: Չէ: Սպանիր կամ սպանվիր: Ի՞նչ վատ ա որ, հիմա էլ նույն սկզբունքի ժամանակակից ձևն ա, էլի: Ուղղակի անիմաստ բարդացրած:

Ֆեյսբուքն էլ անիմաստ ա: Ինչի՞ եք նկար հրապարակում, որ ընկերները տեսնեն, կամ իրար հաղորդագրություններ ուղարկում: Էն ժամանակվա պես հավաքվեք մոտիկ մարդկանցով, նույն տեղում ապրեք: Անկապ բարդացնում եք…

milena antonyan (aragacotn)

Ինչ է կարոտը

Ուսուցչուհիս հարցրեց.

-Իսկ ի՞նչ է կարոտը:

Լռություն էր: Երևի բոլորի համար էլ բարդ հարց էր: Նստած լսում էի ընկերներիս անունները, որոնց դիմում էր ուսուցչուհիս հարցի պատասխանը ստանալու համար: Հաստատ համոզված լինելով, որ իմ անունն էլ է տեղ գտնելու այդ շարքում՝ սրտիս խորքում աղոթում էի, որ այդպիսի բան չլիներ: Միաժամանակ հետաքրքրությամբ լսում էի բոլորի պատասխանները: Կարծես ոչ ոք էլ հարցին լիովին պատասխան չէր տալիս, ինչ-որ բաներ էր խոսում, շրջանցում թեման ու նստում: Ամեն նստողի հետ մտածում էի՝ ինչ կլինի իմ պատասխանը, և…

Լսվեց անունս: Կանգնած էի, բոլորը ինձ էին սպասում, իսկ ես… «Օ՜, Աստված իմ, ի՞նչ ասել, ես գաղափար չունեմ՝ ինչպես նկարագրել «կարոտ» բառը, չեմ էլ ուզում ինչ-որ խուսափողական պատասխաններ տալ»:

Վերջապես որոշեցի անկեղծ լինել ու ասացի.

-Ինձ համար կարոտը դատարկություն է, ես կարոտում եմ շատերին՝ հորս, տատիկիս ու պապիկիս, ընկերներիս, նույնիսկ այստեղ՝ կողքիս նստած մարդկանցից մի քանիսին: Ու դա զգում եմ դատարկությամբ:

Հանդիպեցի հարցական հայացքների: Դե, հա, ավելի հիմար պատասխան չէի կարող տալ:

seda mkhitaryan

Էդ մի հետը թե խի՞ տհե արավ…

Երբ դասից տուն եմ հասնում, «վրաս արդեն հալ չի լինում», որովհետև մեր դպրոցը մեր տնից շատ հեռու է։ Ամեն անգամ, երբ լսում եմ «դպրոցի ճամփան դժվար է, երկար, շատերի համար» նախադասությունը, այդ շատերի թվում ինձ ու իմ հարևաններին եմ դասում, որովհետև արդեն 12-րդ տարին է՝ Քարինջ գյուղի երեխաներով տանջվում ենք այդ ճանապարհին։

Այսօր էլ սովորականի պես հալից ընկած եկա տուն։ Տատիկը պատշգամբում նստած էր, ու տեսնելով անօգնական վիճակս՝ ասաց.

-էս ժղովուրդը էդքան պայքարեց, որ էդ դպրոցը ուրիշ տեղ սարքեն, հնար չեղավ, Ավագյանը տարավ, գեղի էն ծերին սարքեց՝ իրա տանը մոտիկ։

Հետաքրքրեց. փաստորեն կարո՞ղ էր այլ կերպ լինել, կարո՞ղ էի 8:30-ի փոխարեն տանից 8:50 դուրս գալ։

-Տատի,- հետաքրքրությունից վառվող աչքերով հարցրի ես,- բա որտե՞ղ էր լինելու դպրոցը։

-Է, աղջիկ ջան, էն Ռուբոյի գոմը որ կա է (նշվածը մեր տնից մի 5 րոպեի հեռավորության ճանապարհ է, իսկ հիմա դպրոց հասնում ենք 30 րոպեում), այ էդ գոմի տեղն էին ուզըմ սարքեն։ Սաղ ժըղովուրդը ուզեր, որ ըտի ըլի, ասեին՝ տանիլ տեն էն քարափի գըլխին դպրոց սարքե՞ն, րեխեքը կգնան, քարափիցը դվեր կընգնեն, ոչ ջուր կա, ոչ էլ տեղն ա հարմար։ Բայց, դե մեր էն վախտվա դպրոցի դիրեկտորը՝ Ավագյանը, լավ մարդ էր, բայց մենակ իրա մասին մտածեց, չմտածեց, որ դա մի օրվա համար չի, էն ա, հիմնական բան ա։ Տարավ իրա քթի տակին սարքեց։ Բայց էդ մարդը վատ մարդ չէր, էն ա, էդ մի հետը թե էդ խի՞ տըհե արավ՝ գիդեմ ոչ։

-Վայ, տատի՛, փաստորեն դպրոցը կարող ա ըստի մոդիկ էր հա՞ ըլել։

-Մենակ մոդի՞կն ա, ասել էին դպրոցի կողքին բաղ կըգձեն, ամեն միրգ կլի, ու էդ դպրոցինը կլի։ Դե, էն վախտ ես էլ էի դպրոցըմն ըշխատըմ (տատս դպրոցի բուֆետում է աշխատել), իմ հմա էլ լավ կըլեր՝ մոդիկ կգնեի-կգեի։ Բա, աղջիկ ջան…

Ափսոսանքով լսում եմ, ու մի անգամ ևս համոզվում, որ պետք չէ մտածել միայն սեփական անձի մասին։

Mariam barseghyan

Ինչու չենք խոսում գրական հայերենով

Մեր լեզուն հեղեղված է ժարգոնով և օտարաբանություններով: Հայոց լեզուն աշխարհի ամենագեղեցիկ լեզուներից է, բայց, այնուամենայնիվ, մենք գերադասում ենք օգտագործել օտար բառեր: Հաճախ եմ լսում` «ինչու չէ» կամ «ինչու ոչ» արտահայտությունը, որը ռուսերենից թարգմանած «почему бы и нет» արտահայտությունն է, և հիմնականում այն օգտագործվում է ոչ տեղին, և խոսքը տգեղ է դարձնում: Նման կաղապարային արտահայտությունների օգտագործումը, ըստ իս, անընդունելի է: Ավելի շատ ինձ վշտացնում է այն փաստը, որ ոչ գրագետ խոսքը հաճախ է հանդիպում նաև հեռուստատեսությունում: Հայաստանի առաջին հեռուստաալիքի լուրերի հաղորդավարները բազում սխալներ են թույլ տալիս իրենց խոսքի մեջ: Օրինակ՝ ինչու ասել «ինվալիդ», եթե կարելի է ասել «հաշմանդամ»:

Մեր լեզուն երբեք անաղարտ չի եղել: Մենք միշտ ունեցել ենք օտար պետությունների ազդեցությունը մեր երկրի և մշակույթի վրա, մեր լեզուն միշտ եղել է բարբառներով ամենահարուստը: Այսօր ամբողջ Հայաստանում բոլորս էլ լավ տիրապետում ենք գրական լեզվին, բայց չգիտեմ՝ ինչու, առօրյա լեզվում չենք կիրառում: Ես ինքս ժարգոնային խոսքի կրողն եմ, ինքս շատ հաճախ եմ օգտագործում օտար բառեր, հատկապես՝ ռուսերեն: Ես գիտակցում եմ իմ սխալը, բայց շարունակում եմ նույն կերպ խոսել:

Ժարգոնային արտահայտությունները հիմնականում կիրառվում են խոսքի ազատ տարածությունը լցնելու համար: Երբ խոսողը չգիտի՝ ինչպես ավարտել իր նախադասությունը, կամ ինչպես լրացնել այն, օգտագործում է ոչ տեղին և անիմաստ արտահայտություններ: Օրինակ՝ շատ հաճախ օգտագործվող «ուրեմնը», «ասենքը»: Նույն կերպ հաճախ օգտագործվում են նաև «հա», «ասում ա» և նման այլ արտահայտություններ: Բոլոր արատավոր բառերից հնարավոր չէ միանգամից ազատվել, բայց աշխատել ավելի գրագետ խոսել՝ հնարավոր է:

Գրական հայերենը ականջ է շոյում, գրական խոսքը ավելի հաճելի է լսել, խոսենք հայերեն: