Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

serine harutyunyan

Բաց մի թող, որ չգնա

Երբևէ պատկերացրե՞լ ես քո կյանքն առանց քեզ համար թանկ մարդու, կամ ուղղակի նրանից հեռու: Դե, հա: Մի քիչ դժվար է: Կամ, մտածե՞լ ես, այ, այդ թանկ մարդիկ ովքեր են: Ինչպե՞ս հայտնվեցին քո կյանքում: Ինչո՞ւ են քեզ համար դարձել թանկ, դարձել կարևոր: Իսկ այդ թանկ մարդկանց մասին մտածելիս մտածե՞լ ես, թե դու իրենց համար ինչքան կարևոր ես, կամ ընդհանրապես, կարևո՞ր ես, թե՞ չէ: Երևի քեզ համար էլ թանկ մարդիկ մի քանի խմբի են բաժանվում, չէ՞: Կան, չէ՞, մարդիկ, ովքեր չգիտես էլ ինչու, քեզ համար շատ թանկ են, ու դու սիրում ես նրանց, որովհետև սիրում ես: Սիրում ես, ու վերջ: Ու երևի կլինեն մարդիկ, առանց ում դու ուղղակի քեզ չես պատկերացնում, քեզ կիսատ ու միայնակ ես զգում: Ու կան մարդիկ, ովքեր միշտ-միշտ քո մտքում են, ովքեր քո սրտում են, քո աղոթքներում: Ովքեր միշտ քո կողքին են անկախ նրանից՝ հեռու են, թե մոտ: Ու երևի մեկին, կամ մի քանիսին էլ բախտը մի քանի անգամ է ժպտացել, երևի… Նրանք այդ բոլոր խմբերում էլ տեղ ունեն, մեկում՝ քիչ, մեկում՝ շատ, մյուսում՝ ավելի շատ: Բայց երևի մարդ ինչ-որ երկար, երբեմն էլ փորձություններով լի ճանապարհ պիտի անցնի, ու հետո դառնա կարևոր մեկը: Մի օր էլ հանկարծ հասկանում ես, որ այդ մարդը քո մի մասնիկն է, հասկանում ես, որ անգամ քո ամենաանկեղծ ժպիտներն են այդ մարդու համար: Ու մի օր երևի կհիշես ամեն ինչ, ամենասկզբից… Ինքդ քեզ վրա կծիծաղես ասածդ առաջին խոսքերի համար, կհասկանաս, թե ինչպես սառն ու անտարբեր խոսքերը դարձան ամենաջերմը, կհիշես՝ ինչպես ծանոթացաք, ինչպես մտերմացաք, ու կհասկանաս, թե ինչպես առանց այդ կարևորի երևի անգամ չկարողանաս էլ ապրել, կամ գուցե ապրես, բայց ապրածդ կյանքը անգույնից էլ ավելի անգույն լինի: Երևի առանց այդ թանկի այն կարմիրը, կապույտը, դեղինն ու մյուս բոլոր վառ գույները կկորչեն կյանքիցդ, կամ ուղղակի կթաքնվեն սևի ու մոխրագույնի հետևում, երբեմն էլ քեզ կնայեն ու կծիծաղեն վրադ: 

Հըը՜մմ, երևի շատ փիլիսոփայեցի: Եկեք ուղղակի կարևորենք մեր կարևորին, ամուր-ամուր բռնենք նրան ու բաց չթողնենք, պահենք մեզ մոտ: Ու եկեք սիրենք մեր կարևորին, սիրենք ամբողջ հոգով, սիրենք առանց կասկածների ու վերապահումների: Սիրենք անշահախնդիր, առանց ակնկալիքի: Ու եկեք ասենք մեր կարևորին, որ իրեն շատ ենք սիրում ու հիմարի պես չմտածենք, թե նա դրա մասին գիտի:Դե, հենց հիմա, առանց վայրկյան կորցնելու մոտեցիր, կամ զանգիր, կամ գրիր նրան, ասա, որ շա՜տ-շա՜տ ես սիրում…

Հա, ու եթե բախտդ բերել է, ու դու նրան գրկելու հնարավորություն էլ ունես, գնա, խեղդելու աստիճան ամուր գրկիր ու էլ բաց մի թող, որ չգնա: Հա՜-հա՜, բաց մի թող, թե չէ՝ կգնա: Բաց մի թող, որ չգնա…

sona zaqaryan

Սըվերե~ք, բալաս, սըվերե~ք…

Մեր ժամանակներում կրթություն ստանալը շատ հեշտ է և հատկապես ինքնակրթությամբ զբաղվելը: Կան շատ գրքեր, շատ նյութեր, էլ չեմ ասում ինտերնետային նյութերի մասին, որոնց միջոցով հնարավոր է սովորել և զարգացնել գիտելիքները: Այո’, մեր ժամանակներում:

Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են մարդիկ սովորել, երբ անգամ գիրք չեն կարողացել գտնել: Այս ամենի մասին շատ լավ պատկերացում ունի տատիկս, ով ապրել է հենց այն դժվարին ժամանակաշրջանում, երբ ոչ միայն գրքեր չեն եղել, այլև` սնունդ ու հագուստ:

Մի օր նստած դաս էի սովորում, երբ զգացի, որ տատիկս ուշադիր նայում է ինձ և ինչ-որ բան է մտածում:

-Տա՞տ, ի՞նչ ես մտածում:

-Էհ, բալա, մըհեկ, վեր սենց գիրք եք կարդըմ, տեսնըմ եմ, վեր աման հինչ կա, աման հինչով ապահովված եք, ու մտածըմ, վեր տուք շատ լյավ պիտի սըվերեք: Էն վախտ տետրակ չկար գրիլի, վեր դպրոցըմ գրավոր էին տամ, հետո էդ տետրակնին մնըմ էր, հըվաքըմ էին, կապըմ, տանըմ: Մունք ալ քինում էինք էդ տետրակնին վերցնըմ էն սայա (մաքուր) թղթերը կտորըմ էինք, պիրըմ տինըմ ուրուր վիրա, ասեղավ կարըմ, տետրակ սարքըմ, դաս գրըմ:

-Նրանք, ովքեր հնարավորություն չունեի՞ն:

-Սկի, ոչ մինն ալ հնարավորություն չուներ, չկա’ր, ո’չ թուղթ, ո’չ գիրք, ո’չ տետրակ: Պատերազմը պրծալ էր, եկիրը բյուջե չուներ, հո՞ւ նց աներ: Ութերորդ դասարանըմը սըվերիլիս դասարանցիս` Մաշենկան, մի աշխարհագրության գիրք ուներ, մինակ ինքն էր, վեր դասարանըմ ուներ էդ գիրքը: Շարիկը ուրան ախպորը տղան ունք էր ունում էդ գիրքը, Շարիկը իմ ախպերնալ ա, շատ մոտիկ էինք, դե տներն ալ մոտիկ էր, կալիս էր ինձ կանչըմ, քինըմ էինք իրանց տանը քյուրսուն տակ նստըմ, կարդըմ:

Ախպերս շատ խելունքա իլալ, բայց ինքը կեղըմ չոբանություն էր անըմ, մնացածը քինըմ էին Գորիս սըվերըմ, կալիս կեղըմ ըշխադըմ: Հունց սըվերեր, վեր հնարավորություն չկար:

Տասըս ավարտալ եմ, ասալ եմ պիտի քինամ Երևան սըվերեմ:Մերս ասալ ա՝ ինձ միջոց չունեմ քեզ Երևան ղարկիլի: Հորքուրիս հարսը քինըմա Երևան, վեր սըվերի, ասըմա ես քինամ, եդավ տեսնամ հինչա, քեզ ալ կկանչեմ: Վեր ինձ նհետը չէր տանըմ, սկսեցի լաց իլիլը, մի թախտ ունեինք, էն թախտին վիրա նստալ եմ, սկսալ լաց իլիլը: Աչքերս կրմրալ էր: Մերս եկալ ա տեսալ աչքերս կրմրած, հարցրալ, թե հինչ ա իլալ: Ես ալ ասըմ եմ՝ Վարդուշը քինում ա Երևան սըվերիլի, ինձ նհետը չի տանըմ: Մերս եր կենա, քինա Վարդուշի կողքը, ասի՝ բալաս, խնդրըմ եմ Սոնիկին ալ տար նհետդ: Դե վերջը քինըմ եմ: Քինըմ եմ ընդունվըմ ջոկատավարական դպրոց: Վեց ամիս ընդեղ սըվերըմ եմ, բայց օզըմ չեմ մնամ քաղաքըմ, ետ եմ կալիս կեղը: Դեկտեմբերի վերջին եկա կեղը: Սիսիանըմ պիտի ըշխադեի, բայց չէի օզըմ, ասըմ էի՝ պիտի քինամ կեղըմ ըշխադեմ: Եդավ ախպորս կնեկը տեղափոխվեց Սիսիան, ես ալ եկա ստեղի դպրոց ու սկսեցի ջոկատավար ըշխադիլը: Հաջորդ տարին ալ քինացի, ինիստուտի քննություն տվա, կտրվեցի: Սաղ քննությունին տվա, մնաց ալ էր ֆիզիկան, ասեցի՝ սաղի հետ քինամ, վեր տամ, կընդունվեմ՝ շատ լավ, կիլի՝ չեմ ընդունվիլ, չեմ ընդունվիլ: Վերջը, կարացի ոչ ընդունվեմ: Հաջորդ օրը եկալ եմ կեղը, բայց ոչ մինը հըվատըմ չի, վեր չեմ ընդունվալ: Է~, բալաս, հինչ ասեմ, է…

Տատիկս աչքերը լցրեց: Ինչքա~ն է պայքարել կրթություն ստանալու համար: Շատ մեծ հիասթափություններ է ապրել, բայց երբեք չի հուսահատվել:

Հետաքրքիր թեմա է, գնամ նյութ գրեմ, մտածեցի ես: Իսկ նյութ գրելու ընթացքում հյուրասենյակից լսում էի տատիկիս ձայնը.

-Սըվերե~ք, բալաս, սըվերե~ք…

Sargis Melkonyan

Նախընտրական խոստումներ

Նախընտրական շրջան է, բոլոր կուսակցությունները խելքից-մտքից դուրս խոստումներ են տալիս։ Շեշտը դնում են հասարակության այնպիսի խնդիրների վրա, որոնք իսկապես լուծման կարիք ունեն։ Օրինակ, արագաչափերի հարցը: Մի քանի կուսակցություն արդեն հասցրել է այդ հիմնախնդիրն ընդգրկել իր նախընտրական խոստումների ցուցակում։ Բայց մի՞թե այն չի առաջացել «որոշ անհատների» գրպանները լցնելու համար։ Ստացվում է, որ վերևներում արհեստականորեն խնդիր են առաջացնում ու փորձում այդ խնդիրը լուծել` ցույց տալու համար, թե գործ են անում։ Մինչդեռ իրական գործը, որ պիտի արվի, չի արվում։ Օրեցօր նոր դռներ են փակվում, մարդիկ հեռանում են, փոքր ու միջին բիզնեսն անկում է ապրում, աշխատատեղերը կրճատվում են, աշխատավարձերը` նույնպես, ապրանքի գները թանկանում են` պահանջարկը նվազում։ Ու այս ֆոնին խեղճ ժողովրդին խոստումներ են տալիս, որ մենք էլ գիտենք, չի իրականանալու։ Էլի գյուղացին իր կովն է պահելու։ Նույնիսկ հավատն է պակասել ինչ-որ լավ բանի հանդեպ։ 

Ո՞ւր եք, կաքավասարցիներ

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Երկու օր էր, ինչ մասնակցել էի 17-ի դասընթացներին, և ուղեղումս միայն մի միտք էր պտտվում՝ ցանկանում էի լուսանկարել գյուղս։ Այնքան էի ոգևորվել, որ չէի համբերում, թե երբ է լույսը բացվելու, որ ես սկսեմ աշխատանքս: Բայց մի բան մոռացել էի՝ դպրոցը, դասերը: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին դասերիս ծավալուն լինելու պատճառով չէի կարողանում դուրս գալ տանից և կատարել որոշածս։ Դպրոցից շտապ տուն էի գալիս, ճաշում և սկսում դասերս։ Պետք է շուտ ավարտեի, որպեսզի հասցնեի մինչև մութն ընկնելը լուսանկարել ծննդավայրս՝ Կաքավասար գյուղը։ Դասերս ավարտելուն պես դուրս էի վազում, սակայն ինձ հեռվից ժպտում էր արդեն հարազատ դարձած լուսինը և զգուշացնում ուշացմանս մասին։ Բայց, ահա, եկավ բոլոր կանանց և աղջիկների կողմից սիրված մարտի 8-ը։ Այս օրը գրեթե բոլոր աղջիկները սիրում են միայն նրա համար, որ ստանում են գեղեցիկ ծաղիկներ, նվերներ և բացիկներ։ Բայց ես այս օրվան սպասում էի լոկ այն բանի համար, որ դաս չէր լինելու, և ես վերջապես կկարողանայի լուսանկարել գյուղս։ 

Առավոտյան արթնացա և առանց նախաճաշելու դուրս եկա տանից։ Պայծառ և արևոտ օր էր, կամ էլ ինձ էր այդպես թվում։ Չգիտեմ։ Այնքան էի ոգևորվել, որ ցեխոտ և խորդուբորդ ճանապարհներն ասֆալտապատ էին թվում։ Սակայն ուրախությունս երկար չտևեց: Այն, ինչ ես գտա գյուղում, միայն դատարկ փողոցներն էին, ուրիշ ոչինչ։ Ուշքի գալով՝ սկսեցի լուռ քայլել փողոցներով՝ սրտումս հույսի մի փոքրիկ նշույլ պահելով: Բայց մի քանի րոպեից դա էլ փշրվեց։
Չկար ոչ ոք։ Եվ եթե իմ փոխարեն անծանոթ մեկը լիներ, կասեր, որ այս գյուղում վաղուց բնակվողներ չեն եղել, և որ բոլորը լքել են այս բնակավայրը: Բայց, ախր, դա այդպես չէ։ Գյուղս լի է մարդկանցով՝ բարի և կամեցող, որոնք սիրում են իրենց ծանր, բայց և հաճելի աշխատանքները, սիրում են իրենց ծննդավայրը:

Երանի՜ այդպես լիներ:

milena khachikyan

Միշտ նույն կարոտով

Ես դուրս եմ գալիս տանից անհայտ ուղղությամբ: Ձմեռ է: Ոչ էնպիսին, ինչպիսին մի ամիս առաջ էր: Հիմա ավելի ցուրտ է, ու ձյունն իջնում է սաստիկ աննպատակ: Կամ էլ, ասենք, անհաղորդ մեր առօրյային, ուր քնում ու զարթնում ենք միշտ նույն կարոտով: Նրա համար կարեւորը քաղաքն է, ուր մարդիկ ապրում ու մեռնում են միաժամանակ: Կամ էլ, ենթադրենք, ոչ ապրում են, ոչ էլ…

Ձմեռ է: Ես քայլում եմ անհայտ ուղղությամբ: Անկեղծ ասած` ինձ միեւնույնն է էս տեսակ ցուրտը: Ի՞նչ է որ: Ավելի սաստիկ ցուրտ կա, երբ, ասենք, թիկունքդ է մրսում, եւ ոչ էն պատճառով, որ վերարկուդ բարակ է, ոչ էն պատճառով, որ չի հասցնում տաքացնել… Պարզապես մի տեղ կա էս աշխարհում, ուր միշտ մեկը պակաս է: Կամ մի քանիսը: Բոլորի մոտ կա: Բայց կարելի է մի օր գոնե չհիշել էդ մասին ու քայլել, ասես ամեն բան լավ է: Շնչել: Արտաշնչել: Շնչել: Արտաշնչել: Նորից նույնը: Ամեն բան լավ է: Էս կողմում թիկունքս տաք է, էս կողմում տղերքն են:

…Առաջինը Դավոն գնաց: Փոքր-մոքր տղա է Դավոն, որ դասարանի մյուս տղաներից հենց դրանով էլ տարբերվում էր: Ու մեկ էլ նրանով, որ ամենաշատը իրեն էի սիրում: Հիմա էլ չի փոխվել ոչինչ: Ասում եմ` Դավ, եթե պետք լինեմ, զանգիր կամ գրիր, ասում եմ` զգույշ եղիր: Ծիծաղում է: Ասում է` ապրես: Հետո էլի է ասում: Մի անգամ էլ:

Դավոյի հետ էնքան մտերիմ էի, որ դասերից հետո զանգում էր, ու խոսում էինք կես ժամ, քառասուն րոպե, ավելի երկար: Տանը զարմանում էին, կատակում երբեմն: Բայց Դավոն ընկեր էր բոլորից շատ, ու մինչեւ հիմա էլ:

Դպրոցն ավարտելիս էրեխեքին խնդրեցի` գրեն ինձ համար ինչ-որ վերջին մի բան, մի բան` շատ անկեղծ: Մի բան, որ կհիշեցներ իրենց ու ինձ նույն ժամանակներում, նույն հոգսերով, կողք կողքի: Մի քանիսը ծիծաղեցին, մի քանիսը կասկածեցին, մյուսները գրեցին: Դավոն էլ գրեց: Դժվար էլ հիշի, թե ինչ: Մյուսներն էլ չհիշեն գուցե: Չհիշեն ու չկռահեն էդպես էլ, որ էդ թղթերին գրվածները ամենաազնիվ խոսքերն են, որ ինձ ասել են երբեւէ:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Մառախուղը գնալով թանձրանում է: Հետո էլ, աշուն է հիշեցնում: Երեւանին բնորոշ չէ, բայց ինձ դուր է գալիս: Կարելի է անվերջ նայել ու չտեսնել ոչինչ: Կարելի է անվերջ նայել ու մտահոգվել գոնե մի քիչ պակաս:

-Ալո, ես եմ:

Դավոյի մաման ճանաչում է ձայնս: Հուզված է, ուրախ:

-Ո՞ւր «ընկավ»,- հարցնում եմ:

-Արտաշատ, հետո` Արցախ:

Կրկնում եմ ինքս ինձ: Երկու անգամ: Հետո` մի հատ էլ: Որ չմոռանամ: Մտքիցս չթռցնեմ: Մաման ուրախ էր, ասում է` Դավոն էլ: Ասում է` ապրես, որ զանգեցիր: Էլի է ասում: Մի անգամ էլ: Ժպտում եմ, թեեւ ամեն ինչ նույնն է, ինչպես երբեք, ու նույն վախով քնել-զարթնելու միտքը միշտ է:

-Քնիր, բալես, քնիր,- լսում եմ անծանոթ կնոջ ձայնը,- մեկ է, աշխարհը նույն փուչն է, չնայած, գիտե՞ս, մեր ժամանակ գոնե պատերազմ ու խաղաղություն էր, էն էլ կար, էն էլ, հիմա շուրջբոլորը պատերազմն է մնացել: Միայն պատերազմը:

Ես տխրում եմ: Տխրում եմ էս գիտակցության համար: Տխրում եմ էս կնոջ, փոքրիկի, ինձ, Դավոյի ու բոլոր մյուս տղերքի համար: Նրանց համար, ովքեր մի ժամանակից մյուսը հասան մենակ: Նրանց համար, ովքեր հասան, բայց ֆիզիկապես միայն: Նրանց համար, ովքեր չտեսան մեր ժամանակների խաղաղությունը: Նրանց համար, ովքեր չհասան մեզ:

-Քնիր,- ասում է,- աշխարհը նույն փուչն է:

Ես քայլում եմ տուն: Ձյունը վաղուց դադարել է իջնել:

naira mkhitaryan

Փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ

Ինձ հուզում է մարդասիրության բացակայությունը ամենուր: Մարդասիրություն ամենից առաջ նշանակում է անկեղծություն, արդարացիություն, իսկ վերջիններս հետզհետե վերանում են մեր օրերում: Ես ապրում եմ Արագած համայնքում: Իմ գյուղն ունի 188 տարվա պատմություն, ու ես բազմիցս համեմատության մեջ եմ դրել համագյուղացիներիս առօրյան հիմա և տարիներ առաջ:

-Երբ ես քո տարիքին էի,- պատմում էր հայրիկս,- մեր գյուղում քչերը հեռուստացույց ունեին, ու հարևանները հավաքվում էին հեռուստացույց ունեցողի տանը: Այդ քչերից մեկն էլ մենք էինք:
Ժամերով միասին հեռուստացույց էինք դիտում, օրվա մեծ մասը միասին անցկացնում, միասին լիաթոք ծիծաղում էինք, մեկը մյուսի հոգսով՝ տխրում, ձեռքբերմամբ՝ ուրախանում: Այ, դա իրոք կյանք էր…

Տատիկս էլ պատմում էր, թե ինչպես էին իրենք նշում Ջան գյուլում տոնը: Նա պատմում էր, որ աղջիկներով Ջան գյուլումի նախորդ գիշերը անցկացնում էին միասին, ու բոլորը ջանում էին քնից առաջինն արթնանալ, քանզի առաջինն արթնացողը պարանով միմյանց էր կապում մյուսներին: Ու ես ամեն անգամ տատիկիս խնդրում էի նորից ու նորից պատմել այս պատմությունը, քանզի ամեն անգամ լսելիս լիաթոք ծիծաղում էի, ու ինձ պատում էր հետաքրքրության մեծ զգացում:

Իսկ հիմա՞: Այս հարցին կարող եմ պատասխանել առանց հայրիկիս կամ տատիկիս օգնության: Հիմա յուրաքանչյուրը տարված է իր խնդիրներով ու հոգսերով: Չկա առաջվա սերը միմյանց նկատմամբ, անկեղծ շփումը, եղածն էլ սահմանափակվում է SMS կոչվածով:

Մի՞թե պատճառն այն է, որ հիմա բոլորը ունեն հեռուստացույցներ: Ինձ թվում է՝ ոչ, պատճառը պիտի փնտրենք ինքներս մեր մեջ, գուցե պարզապես ժամանակ չունենք, կամ, որ ավելի կարևոր է՝ ցանկություն, քանզի, եթե կա ցանկություն, ժամանակ անպայման կգտնվի:

Պատճառները շատ են, իսկ հետևանքը՝ մեկը. մարդասիրությունը հետզհետե չքանում է:

vahe stepanyan

Ամեն օր 40 րոպե

Դու կարծում ես զբաղվա՞ծ մարդ ես: Դու չունե՞ս ժամանակ ոչնչի համար: Հըմ… Կարող ա: Բայց չէ: Դու ամեն օր ծախսում ես շատ ժամանակ՝ չանելով ոչինչ: Կուզե՞ք՝ ապացուցեմ:

Դու երևի նստած ես ձեր հյուրասենյակում, կամ էլ քո սենյակում: Կարող ա ձեր բակում ես, կամ էլ ընկերոջդ տանը: Միգուցե տրանսպորտի մեջ ես անհարմար նստած: Բայց դա այդքան էլ էական չի: Կարևորը, որ քո մոտ վայրկյանի սլաքով ժամ լինի: Կախված ձեր տան պատից, դասասենյակում, լսարանում կամ ձեր աշխատանքի վայրում, կամ էլ ձեր թևին կապված: Լավ, մի րոպե. մի քիչ շտապել եմ: Գանք արմատներին:
Մարդու ուղեղը շատ յուրահատուկ երևույթ է: Կամ տասնյակ ձևեր դա ապացուցելու: Այ, օրինակ, նայեք ձեր դիմացի պատին: Հետո հայացքը փոխեք դեպի էկրանը ու նորից նայեք պատին: Թվում է, թե ոչ մի հետաքրքիր բան: Դե, ճիշտն ասած, այստեղ հետաքրքիր բան էլ չկա: Բայց… Այստեղ մի բայց կա: Երբ դու էկրանից հայացքդ փոխում ես պատին, դու չես կարող միանգամից պարզ տեսնել պատը: Հիմա բացատրեմ: Չնայած մարդու տեսողական ապարատը շատ լավն է, միևնույն է. էկրանից պատին հայացք փոխելիս, դու միշտ այդ ճանապարհին մի քանի կադր «լղոզված» պատկեր ես տեսնելու: Հիմա կասեք, թե չի կարող պատահել. ես չեմ տեսել: Այ, հիմա անցանք ուղեղին: Որպեսզի ամեն անգամ հայացքդ փոխելիս այդ ավելորդ անորոշ կադրերը չտեսնես, ուղեղդ դրանք բոլորը անմիջապես կջնջի: Բայց հո դատարկ չի՞ թողնի: Դու միանգամից կթողնես պատը: Մի քանի կադր ավել: Այ, տես, հիմա ես իմ գրածն էլ չեմ հասկանում: Դրա համար էլ ժամերը հիշեցի: Մի հատ դուք էլ հիշեք: Ըհը: Հիմա էն նույն գործողությունն արեք էկրանի ու ժամի հետ: Նայեք էկրանին, հետո՝ ժամին: Կարող եք կրկնել նույնը միլիոն անգամ, բայց ձեզ միևնույն է, թվալու է, որ երբ դուք նայեցիք ժամի վրայի վայրկյանի սլաքին, առաջին վայրկյանը միշտ ավելի երկար է թվում: Հլը փորձեք: Ըհը: Ի՞նչ եք կարծում: Ժամանակը դանդաղո՞ւմ է այդ առաջին վայրկյանին: Չէ: Ուղղակի լզողված կադրերի փոխարեն էդ առաջին վայրկյանն ես տեսնում: Ու գիտեք՝ ինչքան կադրերը շատ են, այնքան տեսարանը մեզ դանդաղ կթվա:
Հիմա կարող եք մի քիչ հետ գնալ ու կարդալ մարդու ուղեղի յուրահատկության մասին:
-Հա, ու ի՞նչ:
Էսպես կասեն մարդիկ, ում այդպիսի բաները չեն հետաքրքրում: Բանն այն է, որ մարդը իր աչքերը օրվա մեջ այնքան շատ է շարժում, որ եթե այդ «լողոզված» պատկերների միլիվայրկյանների տևողությունը իրար գումարենք, կստացվի մոտ 40 րոպե: Դուք օրվա մեջ 40 րոպե գտնվում եք ձեր հասկացողությունից դուրս իրականության մեջ: 40 րոպե ոչինչ չեք անում: Օրեկան այդ 40 րոպեն դառնում է տարեկան 10 օր: Ինչի՞ համար: Ոչնչի: Կան մարդիկ, ովքեր 365 օր, օր ու գիշեր աշխատում են առանց քնելու, բայց միևնույն է, 10 օր ոչինչ չեն անում: Ու դու ոչինչ չես կարող անել: Իհարկե, կարող ես հայացքդ միշտ առաջ պահել ու մարմինդ շարժելիս գլուխդ ընդհանրապես չշարժել, որպեսզի այդպիսի կադրեր չստանաս: Բայց եթե լուրջ՝ չես կարող: Էդպես հավերն են անում: Ու էլի լիքը թռչուններ: Իսկ դու ուզած-չուզած կծախսես այդ 40 րոպեն: Ու ինձ երբեք չես ասի.
-Ես ավելորդ ժամանակ չունեմ քո վրա ծախսելու…

ashot tadevosyan

Գյումրի. Կոելյոյով լցված գրախանութներն ու ընթերցասերների մտահոգությունը

Գյումրիում գրախանութներ չկան: Դե, իհարկե, կան այնպիսիները, որոնցում գեղարվեստական գրականությունից մի 4 օրինակ (ամենաշատը) դրված է, այն էլ՝ գովազդելու համար: Եղածն էլ՝ Կոելյո, Հեսսե: Տպավորություն է, թե գյումրեցիք միայն այդ երկու հեղինակներին գիտեն: Մի խոսքով, եթե դու գյումրեցի ես և ուզում ես գիրք գնել, ապա պիտի գնաս Երևան, գրախանութներից գնես, կամ ընկերներիցդ մեկին խնդրես, որ գնի և ուղարկի։ Մինչդեռ, իսկական գրքամոլի համար գիրք գնելը սրբազան ծեսի պես մի բան է, հատկապես նոր հրատարակված գրքերի դեպքում: Իհարկե, եթե գրախանութ չկա, բնականաբար, չկան նաև գրքի շնորհանդեսներ և նմանատիպ այլ միջոցառումներ: Քաղաքի կենտրոնում՝ հրապարակ տանող ճանապարհին, կա մի բուկինիստ-պապիկ: Նա հնամաշ գրքեր է վաճառում, ըստ երևույթին՝ օրվա հացի համար, որովհետև ամբողջ օրը էդտեղ կանգնած է ու դժվար դրանից բացի այլ աշխատանք ունենա: Անցնող երիտասարդները անցնում են՝ հարցնում նոր թարգմանված ու տպագրված գրքերից, ու խեղճ պապիկը ուսերն է թոթվում: Ունեցածը՝ ԽՍՀՄ գրական ժառանգություն է։ Գրքեր, որոնք բոլորի տանն էլ կան, դրանցից շատերն արդեն թվային տարբերակներ ունեն, իսկ մարդիկ չեն վճարում մի բանի համար, որի անվճարը համացանցում կա:

Մի անգամ պապիկ-բուկինիստից նոր տպագրված մի գրքի մասին հարցրեցի, ասաց՝ չունի ու մի ուրիշ գիրք առաջարկեց, որը հոգեկան ծանր ապրումների մասին էր։ Գնեցի 500 դրամով, տարա տուն, կարդացի, պարզվեց՝ ինչ-որ մանկական պատմություն է՝ չստացված Թոմ Սոյեր: Բուկինիստ-պապիկի վրա չեմ ջղայնանում, գիրքը 500 դրամ արժեր, ընդհանրապես, նույնիսկ ամենահիմար գիրքը 500 դրամ արժե… Իսկ գիրք վաճառողը պարտավոր չէ բոլոր գրքերն իրենց սյուժեներով իմանալ, իհարկե՛, պարտավոր չէ նաև ստել, թե գիտի՝ գիրքը ինչի մասին է (բայց սա խնդրի մյուս՝ բարոյական կողմն է):

Իրականում, խնդիրը Հայաստանի ամենամշակութային քաղաքում, մշակույթի ամենահիասքանչ տեսակներից մեկի՝ գրքի և, մասնավորապես, գրքի վաճառքի տարրական կենտրոնների բացակայության մեջ է: Խոսքս գրախանութների մասին է, որտեղ կաշխատեին երիտասարդներ, ովքեր իրոք սիրում են գիրք կարդալ: Գյումրին կարդացող, խելացի մարդկանց քաղաք է, ու հանգամանքը, որ Գյումրու գրախանութներում միայն տետր, գրիչ, շտեմարան ու նոթատետր են վաճառում, մեղմ ասած, անարդար է գյումրեցու նկատմամբ: Դե հիմա պատկերացրեք, եթե Գյումրիում՝ հանրապետության երկրորդ քաղաքում, մշակութային մայրաքաղաքում, գրախանութ չկա, որտեղ 4 անուն գրքից ավել ինչ-որ բան վաճառվի, ապա ի՞նչ է կատարվում հանրապետության հեռավոր մարզերում՝ Սյունիքում, Վայոց Ձորում։ Չէ՞ որ այնտեղ էլ ընթերցասերներ կան: Սա հարց է, որն ինձ, որպես երիտասարդության խնդիրներով հետաքրքրվող անհատի՝ չափազանց հուզում է:

jora petrosyan

Բնությունը

Բնությունն այն վայրն է, որտեղ ապրում ենք մենք՝ մարդիկ։ Ապրում ենք ու առանց խնայելու «ուտում» ամեն ինչ։ «Ուտել» բայը այստեղ օգտագործված է ամբողջովին բացասական իմաստով։ Ուտում ենք ո՛չ թե նրա բարիքները, այլ նրա «կյանքը»։

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ զարգացավ տեխնիկան, ու մարդը սկսեց անխնա օգտագործել ամեն մի «բջիջը»։ Օգտագործելը դեռ քիչ է, դեռ մի բան էլ՝ օգտագործման ընթացքում բնությանն է վերադարձնում վտանգավոր արգասիքները՝ չմտածելով, որ դրանով վնասում է առաջին հերթին ինքն իրեն։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է լավ մաքուր թթվածնի փոխարեն շնչել գործարաններից դուրս մղված թունավոր գազերի խառնուրդները։ Որքանո՞վ է հաճելի ամեն մի քայլափոխի հանդիպել թափոնի ու դրանում մեղադրել քաղաքապետին, որ աղբահավաք մեքենաները չեն գործում, իսկ ընդհանրապես երկրագնդի սաղարթը վերացնելու առաջ, մի՞թե չեք մտածում այն մասին, որ վերացնում եք մարդու կենսագործունեությանը շատ անհրաժեշտ թթվածին «արտադրողներին»։

Եկեք իրար հետ պատկերացնենք, թե ի՞նչ կլինի Երկիր մոլորակի հետ ընդամենը 20 տարուց. մակերեսին կառաջանան բազմաթիվ ճեղքեր, որոնք երկրի ընդերքում եղած ռեսուրսների օգտագործման հետևանք են, Կանաչ ու կապույտ մոլորակը կդառնա շագանակագույնի ու մոխրագույնի 50 երանգներն արտահայտող մի գունդ։ Բա դուք մարդկանց արտաքին տեսքը պատկերացրեք։ Չէ՛, չէ՛, սպասե՛ք, ուղղակի մի կարդացեք ու անցեք։ Մի պահ դուք պատկերացրեք, նոր հետո ես իմ պատկերացումներով կկիսվեմ։
Իմ կարծիքով, մարդկանց աչքերն արդեն կունենան երկու կոպ, որպեսզի աչքի արտաքին մակերեսը հեշտությամբ մաքրվի։ Կունենան ավելի մեծ ականջներ ու ավելի հաստ թմբկաթաղանթ, որ դիմանա միջավայրի բարձր ձայնային ալիքներին։ Քիթը կանհետանա ու դեմքի վրա քթի փոխարեն մեկ անցք կլինի, որտեղ էլ ֆիլտրի նման մի բան կլինի, որը օդը կֆիլտրի թունավոր գազերից… Նույնիսկ պատկերացնելն է ահավոր։ Դե, իսկ երեխաների կեսը բազմաթիվ արատներով կծնվի։

Արդյո՞ք դուր է գալիս ձեզ այս ամենը։ Վստահորեն կարող եմ ասել, որ ո՛չ։ Մեր նախնիները մեզ են փոխանցել համեմատաբար ավելի մաքուր Երկիր մոլորակ, իսկ մենք մեր պարտքը պետք է համարենք հաջորդ սերունդներին նույնպես փոխանցել մաքուր մոլորակ։ Պետք է պահպանել բնությունը, այլ ոչ թե բնության մեջ ստեղծել արհեստական բնություն։ Ցավալին այն է, որ մենք հենց դա ենք անում։

mariam tonoyan

Այդ ամենը ե՞ս եմ ասել

Աչքեր, որոնք տեսել են թշվառություն ու ծանր կյանք, աչքեր, որոնք թրջվել են հաճախ բախտի անարդար խաղերին չկարողանալով դիմանալ, անկեղծ ու փայլուն մանկական աչքեր, որոնք դեռ փոքր տարիքից այնքան բան են տեսել և դեռ որքա՜ն հեռուներն են ունակ տեսնելու… Ու անաղարտ մի հոգի, որն Աստված գիտե, թե որքան դժվարություններ հաղթահարելով է հաշտվել այն պայմաններին, որ տրված է ի վերուստ:

Գիտակցելով իր ընտանիքի ծանր սոցիալական վիճակը, հոր` երկրից բացակայելու փաստը, նա օգնում է ընտանիքի հոգսն իր ուսերին առած մայրիկին, հոգ տանում երկու եղբայրների մասին և հաճախ նաև երազում: Անշուշտ, պատկերացումներում կյանքն այլ գույներ ունի: Այնտեղ կյանքի վիրավորանքները փոխարինվում են հիացմունքներով: Ասում են` պատահականությունները պատահական չեն: Որքա՜ն երջանիկ եմ, որ այդպիսի պատահականություններից մեկն ինձ ականատես դարձրեց այդ պատանու երազներին:

-Իսկ եթե հանկարծ ես քաղաքապետ դառնամ…,- դպրոցական նստարանի մի կողմում նստած` ցածրաձայն մենախոսում էր նա:

-Եթե թեկնածություն առաջադրեիր, ես կընտրեի քեզ,- փորձեցի բորբոքել խոսակցությունը:

-Իրո՞ք, ճի՞շտ ես ասում,- աչքերը լայն բաց արած` զարմանքով հարցրեց մի քանի անգամ:

-Ինչո՞ւ ոչ: Դե, ուրեմն, համոզիր ինձ: Պատկերացրու, որ նախընտրական խոստումներ պետք է տաս:
Տղան զգաստացավ, ուղղեց օձիքը, կարգավորեց ձայնը, որպեսզի ավելի հնչեղ դառնա և լրջախոհ հայացք ընդունելով սկսեց.

-Իմ նախընտրական նախագիծը հետևյալն է,- որոշ թղթեր շուռումուռ տալով և ամբողջովին կերպարի մեջ մտած` ասաց նա:

Կռահելով, որ հետաքրքիր է լինելու, միացրեցի ձայնագրիչս:

-Առաջին հերթին պետք է կանխել արտագաղթը մեր քաղաքից: Ո՞ւմ է պետք քաղաքապետը, երբ քաղաքում բնակիչներ չկան:

Տղան րոպեների ընթացքում կարծես անճանաչելի էր դարձել` ճարտարախոս և ինքնավստահ: Զարմացած հայացքս նկատելով ու մի կերպ ծիծաղը զսպելով`շարունակեց.

-Հետո թանգարանը կվերանորոգենք, Արցախյան պատերազմում զոհվածների համար հուշարձան կկառուցենք, որովհետև քաղաքում չկա: Լույսեր կքաշենք ծայրամասային փողոցներում, զբոսայգիները կկանաչապատենք: Ինչո՞ւ միայն զբոսայգիները, ամբողջ քաղաքն ունի կանաչապատման կարիք: Բացի այդ, բոլոր քաղաքացիների դիմումներին, բողոքներին ու առաջարկներին արձագանք կտանք, լուծումներ կգտնենք…

Ոգևորված երկար թվարկում էր, նույնիսկ իր վրա էր վերցնում այնպիսի գործեր, որոնք քաղաքապետի պարտականությունների մեջ չէր մտնում:

-Երևի այդ ժամանակ ես էլ մի քիչ փող կունենամ,- կատակի տալով խոսեց նա,- Բայց բացի քեզնից էլ ո՞վ պիտի ընտրի ինձ: Ես ոչ մի բնագավառից տարրական գիտելիքներ չունեմ, իմը միայն երազանքներն են: Նույնիսկ գրական ու ճիշտ խոսելն է ինձ համար դժվար:

-Մի՞թե,- ասացի ես ու միացրեցի ձայնագրությունը:

-Այս բոլորը ե՞ս եմ ասել,- զարմացած ու պսպղուն աչքերով նայեց ինձ:

Ընկղմվելով ցանկությունների հորձանքի մեջ` նա նույնիսկ չէր լսել` ինչ է ասում:

Երանի նպատակասլացությունը հաղթի երազկոտությանը, և ամեն մի երազող, կոտրելով իր դեմ ծառացած պատնեշները, ի վերջո հասնի իր անհաս թվացող նպատակին: