Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

mariam tonoyan

Հեռահաղորդակցման կապանքները

Դուռը դեռ չբացած` գիտեի, թե ով, ինչ է անում։ Անկեղծ ասած՝ ձանձրանում էի: Իրար հաջորդող 45 րոպեների ընթացքում տարբեր բնագավառների դասախոսությունները խճճել էին մտքումս հյուսված վերլուծությունները։ Այդ ամենից հոգնած՝ մտածում էի՝ որքան հնարավոր է արագ ներս մտնել ու թեկուզ ձանձրանալ:

Ներսում առաջին հայացքից ամեն ինչ սովորական էր: Հայրս հեռուստացույցի առջև նստած, ուշադրությամբ լուրեր էր լսում` երբեմն մեկնաբանություններ անելով: Ցանկացա մոտենալ ու ասել, որ լավ գնահատական եմ ստացել տնօրենական գրավորից, բայց հետո փոշմանեցի` չխանգարեմ:
Եղբայրս համակարգչով ինչ-որ անհասկանալի խաղ էր խաղում ` երբեմն ուրախ բացականչելով:
Մայրս խոհանոցում էր: Թխվածք էր պատրաստում` հեռախոսով բաղադրատոմսը ճշտելով տատիկից․ «Դե լավ, թող խոսի, հետո կպատմեմ»,- մտածեցի ես: Քույրս երևի մեր սենյակում էր:
-Արա՜քս,- կանչեցի ես:
Պատասխան չկա: Փորձեցի մի անգամ էլ։ Լռություն: Շտապեցի սենյակ մտնել:
-Ինչո՞ւ չես պատասխանում,- հարցրեցի, երբ տեսա, որ հանգիստ նստած ինչ-որ բան է խզմզում թղթի վրա: Կրկին ձայն չի հանում: Ավելի մոտեցա: Հանկարծ, նկատելով ներկայությունս, ուշադրությամբ դեմքիս նայեց ու հանեց ականջակալներն ականջից:
-Ի՞նչ է:
-Ոչի՛նչ,- ջղային պատասխանեցի ու դուրս եկա սենյակից:
Մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, ու արդեն սերիալները սկսվեցին: Բոլորը հավաքվեցին հյուրասենյակում, իսկ ես, քանի որ պետք է քննություններին պատրաստվեմ, ստիպված եմ կրկին առանձնանալ սենյակումս ու պատրաստել դասերս:

Inesa Zohrabyan aragacotn

Մեր գյուղի մեծերը

Մեր գյուղի՝ Արտենիի բոլոր մեծերը միշտ կարոտով են հիշում խորհրդային տարիների մասին և շատ են գովում այդ ժամանակները: Նրանք համով-հոտով են զրուցում, նրանց բարբառը, խոսելաձևն ինձ շատ է դուր գալիս: Մեր մեծերը բարի են ու արժանի են փոխադարձ բարության ու սիրո: Մի օր էլ որոշեցի, որ պիտի հարցուփորձ անեմ նրանց հենց իրենց գոված «կոլխոզի տարիներից»:

-Պապի՜, պապի՜, սպասի, քո կարիքը ունեմ:

-Հա, բալես, ասա:

-Կպատմե՞ս «կոլխոզի» մասին, էն, որ էդքան գովում էիր, հիմա ուզում եմ գրել դրա մասին:

-Լավ, պատմեմ, բայց ի՞նչն է քեզ ավելի շատ հետաքրքրում:

-Դե, պատմիր, այն ժամանակ ի՞նչ կար, որ հիմա չկա:

-Դե, էն վախտ մեր գյուղի կողքը գինու գործարան կար, մարդիկ հանգիստ առավոտը տնից դուրս էին գալիս ու գնում գործի, ամեն մեկն իր գործն ուներ: Ապրուստն էլ կար, բոլորը հավասար էին: Էն ժամանակ, գիտես, չէ՞, իմ հերը ճաշարան ուներ գյուղում, մենք էլ էինք աշխատում, գործ ունեինք:

-Իսկ հիմա ի՞նչ է փոխվել, պապի:

-Էհ, Ինեսա ջան, գինու գործարանը քանդեցին, գյուղի փոքր աշխատատեղերն էլ քիչ-քիչ փակվեցին: Գյուղացին էն ժամանակվանից մինչև հիմա գյուղատնտեսությամբ, հողագործությամբ է զբաղվում, իսկ ով սեր չունի դրա հետ, կամ գլուխ չի հանում, հարմար տարբերակ են գտել՝ խոպան են գնում: Էն ժամանակ ես վարորդություն էլ էի անում, գյուղացիներին տանում էի մեր գյուղի վերևի դաշտերը՝ բերքահավաքի, իսկ հետո բերքն էինք բեռնում ու բերում գյուղ, խաղողն ու ոչ պիտանի մրգերն էլ գինու գործարան էինք տանում, մի բան պատրաստում էին դրանցից: Էդպես մեր օրն անցնում էր, բոլորը գոհ էին, արդար քրտինքով աշխատում, ապրում էին: Իսկ հիմա մարդ կա գնում է խոպան, աշխատավարձ էլ չեն տալիս: Է՜հ, էն ժամանակ էդպիսի խաբեություն չկար, աղջի՛կ ջան, «կոլխոզի» ժամանակ բոլորս էլ մեր աշխատավարձը ստանում էինք, մի բան էլ ավելին:

Մեր զրույցից հետո դուրս եկա փողոց. Ռազմիկ պապն էր փողոցում: Երբ նրան տվեցի նույն հարցը, նա էլ երանությամբ հիշեց հին տարիների մասին: Բոլոր մեր մեծերն էլ կարոտում են այդ ժամանակները, իրենց հին ու բարի, երիտասարադ տարիները: Ու հիմա մենք պետք է մեր մեծերին այնքան ջերմություն ու սեր տանք, որ նրանք քիչ կարոտեն հին ժամանակները:

narine gabrielyan

Փախուստը

Գարնանային տաք ու արևոտ օր էր, և դասարանի երեխաներով որոշեցինք դասից փախչել: Երկար դասամիջոցն էր: Բոլորով հավաքվեցինք, սկսեցինք մտածել, թե ուր գնանք, եթե փախչենք:

-Ախր, որ գնանք, միևնույնն է, ուղղակի պտտվելու ենք փողոցներով:

-Ճիշտ է ասում Հրանուշը, դուրսն էլ ցեխ է:

Շատ խոսեցինք, շատ տարբերակներ առաջարկեցինք միմյանց, բայց միևնույնն է, ընդհանուր հայտարարի չեկանք:

-Թե ինչի՞ ենք Հրազդանում ապրում, ոչ  մի հետաքրքիր զբաղմունք չկա,- ասաց Բագրատը:

-Ճիշտ է ասում, ոչ սրճարան, ոչ կինո, ոչ թատրոն, ոչինչ:

-Երեխեք, փախչենք գնանք քաղաքապետի մոտ,- ասաց Բագրատը:

-Գնաս, ի՞նչ անես:

-Գնանք ու ասենք, որ Հրազդանում ժամանացի կենտրոններ չկան:

-Որ ասեցիր, ինչ-որ բան կփոխվի՞:

-Կփոխվի: Կիմանան, թե ինչ ենք ուզում ու մեր ցանկությունները հաշվի կառնեն:

-Հերիք է, Բագրա՛տ, մի՛ երազիր, աշխարհին ռեալ աչքերով նայիր:

-Ռեալիստ,- քմծիծաղով ասաց Բագրատը,- եթե մի քանի անգամ դիմենք, արդյունքի կհասնենք:

-Ի՞նչ կարող են փոխել մի խումբ երեխաները: Ոչինչ: Ավելի լավ է՝ ոչինչ չանենք,- ասացի ես:

-Լավ, կանենք, կտեսնենք:

-Կտեսնենք:

arev epremyan

Բոլորս էլ պատասխանատու ենք

2010 թվականի նոյեմբեր ամիսն էր: Պապիկս բուժվում էր Երևանի սրտաբանական գիտահետազոտական կենտրոնում, որտեղ իրենց կյանքի համար պայքարում էին մանկահասակ, երիտասարդ և մեծահասակ մարդիկ: Երբ մայրս վերադառնում էր հիվանդանոցից, հուզված պատմում էր այդ կենտրոնում բուժվող հիվանդ մարդկանց մասին: Նրանց կյանքը լուսավորվում էր, երբ հայտնվում էին այնպիսի մարդիկ, ովքեր նվիրաբերում էին իրենց արյունը հիվանդների կյանքը փրկելու համար: Անմասն չմնաց նաև մայրս: Հնչեց հեռախոսազանգ: Հիվանդանոցից էին զանգում, պետք էր փրկել երկու ամսական երեխայի կյանքը, որի արյունը համատեղելի էր մորս արյան հետ: Մայրս առանց վարանելու, առաջին իսկ երթուղայինով շտապեց հիվանդանոց: Երեխան այժմ առողջ է:

Այդ դեպքից երկու ամիս էլ չանցած՝ կյանքից հեռացավ սիրելի պապիկս: Եթե ժամանակին լինեին մայրիկիս պես մարդիկ, միգուցե պապիկս էլ հիմա ողջ և առողջ լիներ: Այժմ ես անհանգստանում եմ  բուժվող բոլոր մարդկանց համար: Երանի աշխարհում չլինեն հիվանդ մարդիկ:

Sargis Melkonyan

Այսօր խառը օր է

Բարև, հարգելի ընթերցող․ ինչպե՞ս ես․ ես լավ եմ։ Ի՞նչ կա, ի՞նչ ես անում։ Ե՞ս։ Ես հիմա քեզ եմ գրում։ Ինձ մոտ ժամը 22։04 է, փետրվարի 25: Ես նստած եմ վառարանի կողքին՝ բազմոցի վրա։ Ոտքերիս վրա գցել եմ բարակ ծածկոցը, հեռուստացույցի վահանակը դրել եմ կողքիս։ Մի աչքով նայում եմ համակարգչին, մյուսով՝ հեռուստացույց դիտում։ Կողքիս տատիկն է, եղբայրս և քույրիկս։ Մայրիկս հաց է թխում․․․

Վաղը, այսինքն այսօր, շատ կարևոր օր է ինձ համար։ Այսօր Բարսելոնայում մեկնարկում MWC 2017-ը (Mobile World Congress): Այսօր աշխարհի բոլոր սմարթֆոններ ու խելացի սարքեր արտադրող ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքը, պլաններն ու նպատակները։ Դուք հավատո՞ւմ եք, որ մի օր սառնարանը կթակի ձեր դուռը, կամ որ ջրածնով մեքենա կվարեք, կամ որ հեռախոսի էկրանը երբեք չի կոտրվի, կամ որ․․․ Մի խոսքով, ամենահետաքրքիր սարքերի մասին կգրեմ, ուշադիր կլինեք։

Հա, մեկ էլ մի խնդրանք ունեմ մեր Տավուշի թղթակիցներին, եթե հնարավոր է՝ գրեք, թե ի՞նչ վիճակ է այդտեղ։ Ինչպես մենք՝ թղթակիցներս ենք սիրում ասել, որ լուրերն իմանանք առաջին ձեռքից։

Narek Soghoyan

Մարդ չգիտի՝ խնդա՞, թե՞ լա

Առավոտ էր: Օրը մռայլ էր, ամպոտ երկինքը անձրև էր խոստանում: Անձրև Հրազդանում: Երանելի բան է, գիտե՞ք, երբ այս ծանր ու կեղտոտ օդը գոնե մի քանի ժամով մաքրվում է ու դառնում «շնչելի»:

Դուրս եկա տանից ու շտապեցի դպրոց: Ամեն ինչ նույնն էր. նույն միապաղաղությունը, նույն պատկերները, իսկ հեռվում, ահա, երևում էր ինձ համար այդքան անտանելի դարձած Հրազդան ջէկի ծուխը: Գիտե՞ք, մի տեսակ այնքան անօգնական է իմ քաղաքը, երբ այսքան բողոքներից ու ցույցերից հետո ոչ մի կերպ լսելի չդարձավ հրազդանցիներիս ձայնը, որ գոնե այս անտեր գործարանի թունավոր ծուխը մաքրելու համար ֆիլտրեր տեղադրեն:

Սովորականի պես անցան յոթ դասաժամերս: Վերադարձի ճանապարհին նույն պատկերն էր՝ առանց որևէ տարբերության. նույն ծուխն ու նույն մտածկոտ դեմքերը: Այսպես անցավ օրվա առաջին կեսը, իսկ հետո ազատ ժամանակս որոշեցի անցկացնել համացանցում: Մի լրատվական կայք գրել էր. «Հրազդանցիները բողոքում են. Հրազդան ջէկը շուրջ չորս ամիս չի վճարել աշխատողների աշխատավարձերը»: Երևի հենց այսօրվա համար է Շիրազը ասել՝ մարդ չգիտի՝ խնդա՞, թե՞ լա»:

Իջևանի քանդակների այգին

Սա Աղստև գետն է: Հենց այս գետի մոտ է գտնվում Իջևանի քանդակների այգին:

1985-1991թթ. Իջևանում արվեստաբան Սարո Սարուխանյանի և Ջեմմա Անանյանի (ով այն տարիներին Իջևանի շրջկոմի առաջին քարտուղարն էր), նախաձեռնությամբ տեղի էր ունենում ամենամյա քանդակի սիմպոզիում, որին մասնակցում էին թե՛ տեղի, թե՛ աշխարհի տարբեր անկյուններից եկած քանդակագործներ: Ամեն տարի մեկուկես ամսով Իջևանի կենտրոնական զբոսայգին վերածվում էր բացօթյա արվեստանոցի: Սիմպոզիումի շնորհիվ այգին զարդարվեց գեղեցիկ և յուրօրինակ քանդակներով: Այդ քանդակներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը:

«Շղթայված հրեշտակ», քանդակագործ՝ Արմեն Հովհաննիսյան: Հրեշտակի ձեռքերը կապված են: Քանդակագործը դրանով ցանկացել է ցույց տալ Շուշիի վիճակը. այդ ժամանակ Շուշին դեռևս ազատագրված չէր: Քանդակը ավարտելու ժամանակ նա ասել էր, որ երբ Շուշին ազատագրվի, ինքը կքանդի հրեշտակի ձեռքերի կապանքները: Քանդակն ավարտելուց հետո նա մեկնեց Շուշի՝ ազատագրական պայքարին մասնակցելու: Ի դեպ, նա Արցախից էր եկել սիմպոզիումին մասնակցելու համար: Դժբախտաբար, Արմեն Հովհաննիսյանը զոհվեց մարտերի ժամանակ, և հրեշտակի կապանքները այդպես էլ չքանդվեցին:

«Բամբասողները» (քանդակագործ՝ Բենիկ Պետրոսյան) քանդակը գտնվում է այգու սկզբնամասում: Տարիներ առաջ մարդիկ այն կոտրելով բաժանել էին վեց մասի: Երկար ժամանակ ոչ ոք չէր կարողանում գտնել գեթ մեկ կտոր: Բայց տարիների ընթացքում մասերը քիչ-քիչ հայտնաբերվեցին, մեկը՝ աղբանոցից, մյուսը՝ քաղաքի մյուս ծայրից: Գտնվեցին բոլոր վեց մասերը և միացվեցին:

Սիմպոզիումի ավարտից հետո, մի պապիկ, որի անունն էր Գուրգեն (իջևանցիները նրան Դոդո էին անվանում), սկսեց ամեն օր գալ այգի և հսկել այն: Նա թույլ չէր տալիս, որ որևէ մեկը վնասի քանդակները: Ձեռնափայտը ձեռքին անընդհատ վազում էր չարաճճի երեխաների հետևից և այգուց դուրս էր հանում կենդանիներին: Նա միշտ այդ այգում էր, կարծես այգին իր տունն էր դարձել, իսկ քանդակները՝ իր սեփականությունը:

Տարիներ անց, երբ Դոդո պապիկը արդեն չկար, մարդիկ սկսեցին վնասել քանդակները: Վանդալիզմը այն աստիճանի էր հասել, որ այգում գրեթե անհնար էր չվնասված քանդակ գտնելը:

Վերջապես մի օր հայտարարվեց, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման Իջևանի ազգային կենտրոնը, ճապոնական «Ջայկա» կազմակերպությունը և Իջևանի քաղաքապետարանը պատրաստ են հովանավորել Իջևանի այգու քանդակների վերանորոգման ծրագիրը: Իջևանի քաղաքապետարանը դիմեց հայրիկիս՝ Արմեն Դավթյանին, որը եղբորս՝ Գոռի հետ սկսեց վերանորոգման աշխատանքները: Եվ իհարկե, գետափնյա ճեմուղին կրկին զարդարված է գեղեցիկ քանդակներով: Միտք ծագեց այգում տեղադրել Դոդո պապիկի արձանը: Հայրիկս որոշեց իր միջոցներով քանդակել և տեղադրել Դոդո պապիկի արձանը այգում: Այն այժմ գտնվում է այգու սկզբնամասում, և մարդիկ, տեսնելով քանդակը, հիշում են Դոդո պապիկին ու այլևս չեն համարձակվում վնասել որևէ քանդակ:

lilit harutyunyan lchshen

Ոչ պակաս կարևոր բան

Հաճախ մամուլում հանդիպում եմ այնպիսի նյութերի (խոսքը 17.am-ի մասին չէ), որ կարդալուց նյարդային համակարգս ամբողջովին տակն ու վրա է լինում: Ես շատ եմ սիրում հայոց լեզուն։ Երևի պատճառն այն է, որ մեր ուսուցչուհին յուրահատուկ կերպով է բացատրում դասերը: Տառասխալներ, սխալ կետադրություն, օտարաբանություններ… Հայերենում ավելի քան 250.000 բառ կա: Զարմանում եմ, թե ինչպես կարելի է թողնել սեփական լեզուն և օգտվել անհայտ ծագման բառապաշարից:

Արդեն հինգ ամիս է, ինչ թղթակցում եմ 17.am-ին ու վստահ կարող եմ ասել, որ 17.am-ը տարբերվում է մյուս բոլոր կայքերից: Այստեղ նյութերը գրվում ու հրապարակվում են գրական հայերենով, բայց նաև պարզ ու անմիջական ոճով:

Մտածում եմ. ինչո՞ւ խմբագրություններում չկան խմբագիրներ, սրբագրիչներ, որոնք եթե անգամ լրագրողները սխալներ են անում, հրապարակելուց առաջ կարդան, ուղղեն: Չէ որ ընթերցողները, մանավանդ եթե երեխաներ են, սխալ գրված բառերի ու նախադասությունների պատճառով հետագայում իրենք էլ այդպես են գրում՝ համոզված, որ ճիշտը դա է: Մարդու բնույթն է այդպիսին՝ ունեցածը չգնահատել, մինչև այն պահը, երբ կորցնում է:

elada

Կրթության նախարարը մեր դպրոցում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, գիրք նվիրելու օրվան ընդառաջ, այցելեց Կոտայքի մարզի Արզականի Խ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց՝ մեր դպրոց:

Նախարարը շրջեց դպրոցում, բաց դասի շրջանակներում զրուցեց մեզ հետ: Բաց դասի ընթացքում պարոն Մկրտչյանին ուղվեցին մի շարք հարցեր: Մասնավորապես՝ մեզ հետաքրքիր էր տասներկուամյա կրթության, թեմատիկ աշխատանքների, արտերկրում սովորելու հնարավորության, ապա ճիշտ մասնագիտության ընտրության հարցերը: Եվ պարոն Մկրտչյանը սպառիչ պատասխաններ տալով մեր հարցերին, կես կատակ կես լուրջ, պատասխանեց նաև այն հարցին, թե ինչպե՞ս ճիշտ մասնագիտություն ընտրել: Նա ասաց.

-Ծնողներին այս հարցում շատ մի լսեք: Շատ դեպքերում ծնողներն առաջնորդվում են այն սկզբունքով, որ իրենց չիրականացված երազանքները փորձում են երեխաների միջոցով իրականացնել:

Նաև պարոն Մկրտչյանը նշեց, որ մեր դպրոցը տարբերվում է նրանով, որ այն կենսունակ է և ունի 305 աշակերտ:

Նա նշեց, որ կրթօջախի ընտրությունը պատահական չէր, և պարոն Մկրտչյանը վստահ էր, որ անմիջապես գյուղական դպրոցներն են համակարգի հիմքը:

Նախարարը դատարկաձեռն չէր եկել՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ գրքեր նվիրեց դպրոցին և խոստացավ, որ մենք շուտով կունենանք նորացված տեխնիկայով համակարգչային լսարան:

Այդ օրը նվերները փոխադարձ էին: Գիրք նվիրելու օրվան ընդառաջ դպրոցի տնօրեն տիկին Գևորգյանը, դպրոցի անունից Ցեղասպանության մասին գիրք նվիրեց պարոն Մկրտչյանին, և նախարարը նշեց, որ 2017 թվականի առաջին նվեր գիքն է ստանում:

Պարոն Մկրտչյանը նշեց, որ իր մեծ պապերը Ցեղասպանության վերապրողներ են եղել:

Աշակերտներիս համար մեծ պատիվ էր հնարավորություն ունենալ նախարարի հետ հանդիպելու, զրուցելու, նրան հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու:

Լավ կլիներ, եթե բոլոր պաշտոնյաները այցելեն դպրոցներ, տեսնեն, թե ինչ խնդիրներ են հուզում երեխաներին: Չէ որ հենց մենք ենք այս երկրի ապագան:

shushan stepanyan portret

Դու չե՞ս ամաչում

Բարև, ընթերցո՛ղ: Քեզ մի հարց եմ ուզում տալ. երբևէ եղե՞լ է, որ սիրտդ լցվել, ու դու սկսել ես թախծել, զգացել ես՝ տխուր ես, քեզ թվացել է, թե աշխարհը քեզնից նեղացել ու տարել է իր գույները, որ ամեն ինչ անգույն է, որ ինչ-որ մի նկարչի բոլոր վառ գույներն ավարտվել են, ու քո կյանքի նկարը նա պատկերել է իր մոտ մնացած սևով: Չգիտեմ, քեզ հետ նման բան եղե՞լ է: 

Դե, հա, ես հասկանում եմ, որ կյանքն անհետաքրքիր կլիներ առանց սևի, չէիր պայքարի, առաջ գնալու, ինքդ քեզ վեր մղելու կարիք չէր լինի, բայց ամեն ինչն էլ իր չափն ունի, տեղն ու ճիշտ ժամանակը:

Եվ ես, որ առաջին ընթերցողն եմ նյութիս, հարցիս պատասխանն եմ տալիս. այո, եղել է:

Ու հիմա էլ, որ ժպիտի հերթն էր կարծես, նորից նա եկավ՝ տխրություններիս շղթայի թափանցիկ օղակը: Աներեսորեն նորից եկել է ու նստել կողքիս՝ հենց նույն աթոռին: Տեղս նեղ է, անհարմար: Ու քանի-քանի անգամ է նա նստել կողքիս, քանի-քանի անգամ է խոստացել, որ էլ չի գալու, որ էլ չեմ զգալու ծանր պատկերը:

Բայց նորից եկել է, ու հասկանում եմ, որ գուցե ես եմ մեղավոր, գուցե չեմ կարողացել բղավել վրան ու սպառնալ իմ ուրախությամբ:

Սենյակում էլ մի տեսակ սառը լռություն է, դուրսը լույս է, իսկ ներսում՝ մութ, պատերն էլ կարծես ինձ էլ չեն լսում: Ինքս էլ չգիտեմ, թե անունն ինչ է այս նոր տխրության, որտեղից եկավ և ով ուղարկեց: Իրոք, չգիտեմ:

Հիմա նստած ենք երկուսով. ես ու տխրությունն իմ անանուն, որն այնքան ծանոթ է սրտիս, բայց այնքան անդիմադրելի: Ասում եմ՝ գնա, էլ չգաս, թող հանգիստ մնամ: Չէ, չի լսում ինձ: Նստել է կողքիս ու չի էլ շարժվում:

Դե որ այդպես է, ես վրեժխնդիր կլինեմ ու հենց հիմա քո մասին կպատմեմ բոլորին: Գուցե մի օր կարդաս ու ամաչես, կարդաս ու հասկանաս, որ մարդիկ այդքան տխրել չեն կարող:

Տխրությու՛ն, կարդո՞ւմ ես տողերս: Մինչ կողքիս համառորեն նստած այս ու այն կողմ էիր նայում, ես քեզնից պատմեցի. ուզում եմ՝ հասկանաս, որ մարդիկ անընդհատ տխրել չեն կարող: Ամոթ է, դեմքդ լվա, որ կարողանաս նայել աչքերին բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ նման տխրել են մի օր, մի պահ ու մի ակնթարթ: