Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

zara ghazarean

Գրական հայերե՞ն, թե՞ ժարգոն

Լեզուն անաղարտ պահելու մասին այսօր շատերն են խոսում: Ամեն քայլափոխի կարելի է լսել այն արտահայտությունը, թե մայրենի լեզուն պետք է սիրել։ Կարծում եմ՝ այս դեպքում սերը պետք է գործ լինի: Ցավոք, շատերի սերը հայոց լեզվի նկատմամբ սահմանափակվում է լեզվին նվիրված մի քանի բանաստեղծություններ իմանալով: Շատերն, անդրադառնալով անորակ խոսքի օր օրի տարածմանը, նշում են, թե մեղավորը բարբառներն են, բայց, բարբառը ոչ մի կապ չունի ժարգոնի, գռեհկաբանությունների և օտարամոլության հետ: Բարբառները լեզվի համն ու հոտն են: Թումանյանն ասում էր. «Էս, էդ, էն»։ Թումանյանի բարբառը գեղեցկացնում էր իր խոսքը։

Բարբառները մի կողմ թողնելով՝ փորձենք պարզել, թե ո՞րն է գրական հայերենի մերժման պատճառները: Քիչ չեն այն մարդիկ, ովքեր առաջին հերթին որպես գլխավոր «մեղավոր» դատափետում են հանրակրթական դպրոցը: Բայց դպրոցը ոչինչ է երեխայի շրջապատի՝ ընտանիքի, հեռուստատեսության, վիրտուալ աշխարհի և հասարակության դեմ: Դպրոցը կատարում է զուտ պետական ծրագիր և սահմանափակվում դրանով:

Հասարակության մի մասնիկն եմ նաև ես։ Շատ հաճախ գրական հայերենը ինձ համար էլ է վանող թվում: Վանող է, որովհետև մեզ թվում է, որ այն արհեստական է՝ այսինքն, անջրպետ կա գրական հայերենի և առօրյա խոսակցականի միջև: Խոսակցական ոճում «ա» օժանդակ բայը հայտնվել է Քանաքեռի բարբառից, բայց գրական հայերենում գեղեցիկ չի հնչում։ Փաստը մնում է փաստ, որ խոսակցականում ա-ն միանշանակ հաղթող է:

Ամփոփելով ասեմ, որ չդառնանք այն ճոռոմաբանողներից, որոնք ասում են մի բան՝ անում մեկ ուրիշը: Փորձենք հնարավորին չափ խոսել մաքուր: Խոսակցական հայերենը վանող է մեկին, մյուսին՝ գրականը, պետք է գտնել ոսկե միջինը՝ կենդանի հայերենը:

margarita hakobjanyan

Աշխատատեղեր և նորից աշխատատեղեր

Սպիտակում շատ խնդիրներ կան, և ինձ հուզող խնդիրներից է աշխատատեղերի խնդիրը: Այն ոչ միայն Սպիտակի խնդիրն է, այլ ամբողջ Հայաստանի: Այս խնդրի պատճառով շատ ընտանիքներ են տուժում: Ոմանք՝ մենակ, ոմանք ընտանիքներով են գնում արտերկիր՝ ապահովելու իրենց ընտանիքների մինիմալ ապրուստը:

Իմ շրջապատում կան շատ այդպիսի ընտանիքներ: Կարող եմ օրինակ բերել իմ հարևանի կյանքից: Այդ ընտանիքի ժառանգը գնացել է արտերկիր՝ աշխատելու: Վերջերս նա, գալով Հայաստան, ամուսնացել է, և իր հարսանիքի ծախսերը հոգալու համար նորից գնացել է արտերկիր: Բերեմ ևս մեկ օրինակ: Կա մի ընտանիք, որտեղ ապրում են երկու երեխա: Նրանց հայրը մեկնել է արտերկիր և տարին մեկ կամ երկու անգամ է տեսնում իր երեխաներին: Իսկ ընտանիքի մայրը աշխատում է առավոտից մինչև գիշեր՝ նվազագույն աշխատավարձով: Իսկ երբ տուն է գալիս, արդեն երեխաները քնած են: Երեխաներին խնամողը իրենց ծեր տատիկն է, որին նույնպես խնամք է հարկավոր:

Այսպիսի ընտանիքների պատմությունները բազմաթիվ են Հայաստանում: Ինձ թվում է, եթե գործեին Սպիտակում ժամանակին աշխատող գործարանների գոնե կեսը, ապա այս խնդիրը այսքան տարածված չէր լինի:

Ավելին, քան ծովը

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Մի քանի օր շարունակ հետևում էի, թե ինչպես է մեր կապուտաչյա գեղեցկուհին սառցակալում: Դե, մեր Սևանա լիճը, մեր գյուղի ժողովրդի լեզվով ասած՝ ծովը, աչքիս առաջ կամաց-կամաց սառցակալում էր: Ամեն առավոտ, երբ արթնանում էի, վազելով գնում էի սենյակիս պատուհանի մոտ, որտեղից երևում էր լիճը, որ տեսնեի, թե ինչքան է սառցակալել:

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Մի օր էլ մոռացել էի նայել լճին: Երբ դպրոցից վերադառնում էի տուն, նկատեցի, որ լճի կեսն արդեն սառել է: «Ինչ վատ է»,- մտածեցի ես»: Երևի հիմա կմտածեք՝ ի՞նչն է վատ: Չէ՞ որ ես էի ամեն օր նայում և սպասում լճի սառցակալելուն, բայց ձեր մտքով չի անցնի, որ հենց այդ լիճը շատ մարդկանց ապրելու և գոյատևելու հիմնական աղբյուրներից է: Իսկ եթե սառցակալեց լիճը, ապա այդ մարդիկ չեն ունենա աշխատանք: Ինչպե՞ս պետք է ապրեն։ Իսկ եթե լճից վերանան մեր ձկնատեսակնե՞րը: Այդ ժամանակ իսկական աղետ կլինի:

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Հիշեցի, որ ձկնորսները սեղան նստելիս և բաժակ բարձրացնելիս միշտ խմում են լճի կենացը՝ ասելով․«Մեզ առողջություն, ծովին էլ՝ լիություն»։ Իսկ ես հույս ունեմ, որ լճում ձուկը չի սպառվի, և բոլորս կօգտվենք մեր լճի բարիքներից:

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

araqs aharonyan kotayk

Քննադատության նոր ալիք

Վերջին շրջանում հայկական հեռուստաալիքներում տարածվեց մի նոր սերիալային ալիք, և ողջ համացանցը հեղեղվեց այդ սերիալների վերաբերյալ քննադատական կարծիքներով։ Հերթը հնդկական սերիալներինն է։ Կապ չունի՝ սերիալները հայկական են, հնդկական, թե բրազիլական, միևնույնն է՝ հայ իրականության մեջ սերիալները միշտ բացասական արձագանք են ստանում։ Իհարկե, չենք կարող չընդունել, որ հնդկական կինեմատոգրաֆիան շատ տարբերվող է ոչ միայն հայկական ֆիլմերից, այլ ցանկացած երկրի կինոարտադրանքից։ Գիտեք, տանելի չէ, երբ մարդը նայում է հնդկական սերիալները իր ցանկությամբ, հաճույքով, թաքուն մի քիչ էլ հուզվում, լաց է լինում, երբ որևէ թախծոտ տեսարան է լինում, իսկ հերթական սերիան դիտելուց հետո, տեսնելով քննադատական բազմաթիվ գրառումները սոց-կայքերում և չցանկանալով հետ մնալ իր «խելքակիցներից», սկսում է մեծ ճիգեր գործադրելով, օգտագործելով ամենաճոխ բառաֆոնդը, քննադատել հնդկական սերիալների մուտքը հայկական հեռուստատեսություն: Կարծում եմ՝ պետք է սեփական կարծիք, տեսակետ ունենալ ու չվախենալ դուրս գալ ընդհանուրի դեմ, եթե իսկապես մեր դիրքորոշումը այդ է պահանջում: Իսկ ինձ, խնդրեմ, չհամարել հնդկական սերիալները պրոպագանդող:

Եթե անկեղծ՝ ինձ համար բոլորովին մեկ է՝ որ երկրի արտադրած սերիալը կամ ֆիլմը կլինի, եթե այն իսկապես լավն է ու ինչ-որ բան ունի տալու: Օրինակ՝ բոլորը քննարկում են «Մերժվածը», «Ինչպես կոչել այս սերը» սերիալները, բայց այս ողջ ընթացքում «Թռիչք»-ի վերաբերյալ ոչ մի կարծիքի չհանդիպեցի: Չեմ հասկանում՝ չե՞ն նայում, թե՞ քննադատելու բան չեն գտնում: Կցանկանայի՝ ճիշտ լիներ երկրորդ պատճառը: Անձամբ ես կուզենայի, որ թե՛ հայ կինոարտադրության մեջ, թե՛ համաշխարհային մակարդակով վերցրած՝ շատ լինեին նման թեմատիկայով ֆիլմերն ու սերիալները: Գուցե ինձ համար դա իրոք տարբերվող է, քանի որ արծարծվող թեմաներն ու խնդիրները կարևորագույններից են ինձ համար: Գուցե նրանից է, որ ազատություն ասվածը ներսումս ամենակարևոր արժեքներից մեկն է: Գերության խնդիրը ամենացավոտ կետերից մեկն է, և մարդկանց համար առաջնային հարցերից մեկը հենց այդ խնդրի լուծումը պետք է լինի: Ուժեղ անհատականություններ ու ձեռք մեկնողներ են պետք մեզ: Գործել է պետք:

harutyun m hovsepyan

Սպիտակի շաքարը

Ծնողներիցս լսել եմ Սպիտակի շաքարի գործարանի մասին պատմություններ: Մորս պապի պատմածով այն կառուցվել է գերմանացի ռազմագերիների մասնակցությամբ: Որպես հումք հանդիսացել է շաքարի ճակնդեղը, որը մշակվել է Սպիտակի դաշտավայրերում: Գյուղատնտեսական աշխատանքներին մասնակացել են ոչ միայն մեծահասակները, այլ նաև դպրոցականները՝ այդ թվում հայրս և մայրս: Արտադրվող մեծաքանակ շաքարն ու շաքարավազը բավարարել է ոչ միայն տեղի բնակչությանը, այլև արտահանվել է: Բոլորը ափսոսանքով են խոսում այս գործարանի մասին, որն ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ:

Եթե գործարանն աշխատեր, ապա սպիտակցիներն աշխատանք կունենային, իսկ գյուղացիները դարձյալ ճակնդեղ կմշակեին՝ համոզված լինելով, որ իրենց բերքն անպայման պահանջարկ կունենա:

Ani avetisyan

Այսպես էլ է լինում

Երբեմն մտածում եմ, որ էությամբ ռոմանտիկ եմ, բայց դրա հետ մեկտեղ՝ ձմեռ ասելիս դեռ երբեք երկնքից իջնող ձյան մեծ-մեծ փաթիլներ, տաք թեյ, վառարան ու ծածկոց չեմ պատկերացրել:

Գիտե՞ք, երբ փոքր էի՝ մտածում էի, թե ձմեռն իրականում ձմեռ է միայն մեզ մոտ՝ գյուղերում, իսկ քաղաքներում մաքուր փողոցներ ու մայթեր են, և ոչ ոք չի նկատում, որ ձմեռ է եկել, ոչ ոք չի «խրվում» ձյան շերտերի մեջ ու չի թրջվում: Բայց չէ, հիմա գիտեմ, որ եթե մեզ մոտ ձյունը չեն մաքրում, ու այն մի օր սառույց է դառնում, գոնե մնում են հատվածներ, որտեղով կարող ես քայլել առանց վնասվածքների, իսկ քաղաքներում սառույցն ուղղակի թագավորում է ամենուր: Դե, իհարկե, եթե համապատասխան մարմինները չեն հետևում մաքրությանը: Բայց համապատասխան մարմինները, մեղմ ասած, այնքան էլ ուշադիր չեն, և նոր եկած ձյան ու դրանից առաջացած սառույցի հետ մեր ամեն հանդիպումը դառնում է վտանգավոր խաղ ժամանակավոր սահադաշտում:

Բայց այսօր ես չեմ ուզում բողոքել: Իմ թեման այսօր Աշտարակն է: Նախ ասեմ, որ ինձ համար արդեն սովորական է դարձել ամեն ընտրություններից հետո նոր ընտրված այս կամ այն գործչի մասին «դարերի փոշով» ծածկված պատմություններ գտնելն ու աշխարհին պատմելը, փնովելն ու բոլոր նման երևույթները: Բայց ամեն բան ժամանակի խնդիր է, երբեմն այդ ամենն իսկապես համապատասխանում է իրականությանը, երբեմն՝ ոչ, իսկ շատ հաճախ բավական երկար ժամանակ ուղղակի հասկանալ չես կարողանում: Լավ, թողնենք:

Նորից Աշտարակին անդրադառնամ: Երևի գիտեք, որ Աշտարակի նոր քաղաքապետը երիտասարդ քաղաքական գործիչ է, ու նա էլ անմասն չմնաց քննադատությունների ալիքից: Սակայն, մարդիկ ինչ էլ որ ասեն, հերքել չի կարելի, որ վերջին շրջանում քաղաքն իրոք զարմացնում է մեզ: Ամանորի նման տրամադրություն ու մթնոլորտ իմ հիշողության մեջ չի մնացել: Կարող եք ասել, որ բազմաթիվ խնդիրների հետ Ամանորի ծախսեր անելը ճիշտ չէ, բայց, ցանկացած պարագայում, հաճելի է զգալ Նոր տարվա շունչը: Մարդիկ կարող են կտրվել առօրյայից ու հավատալ Ամանորի կախարդանքին:

Դրան զուգահեռ՝ զարմանալի էր նաև այն, որ նկարագրածս սառցադաշտերը քաղաքի մայթերում ու փողոցներում չկային ու չկան: Առավոտյան չկար նաև քիչ առաջ տեղացած ձյունը: Հաճելի է տեսնել փոփոխություն, թեկուզ աննշան, չէ՞ որ ամեն փոքրիկ առաջընթաց ավելի է մեծացնում հույսը: Այսպես էլ է լինում: Մնում է սպասել շարունակությանը:

anush hovhannisyan

Կարոտը

-Տխո՞ւր ես:

-Ըհըն…

-Ինչի՞, ի՞նչ ա եղել:

-Երկրից եմ գնում:

-Տխուր ա:

Արտագա՞ղթ անվանեմ, թե՞ լավ ապրելու ցանկության դրսևորում: Երբ իմանում ես, որ երկիրդ քիչ-քիչ ցրվում է, ինչ-որ մեկը մեկնում է, մտահոգվում ես, բայց երբ հարազատդ, ընկերդ, հոգով մոտ մեկն է գնում, ցավն ուրիշ է լինում:

-Մի օր կտեսնվենք անպայման:

-Չէ, Ան, դժվար:

-Ահ, երկրից գնում ես:

-Ըհըն…

Արդյոք ցավոտ չէ՞ էս տողերը ստանալ հարազատ մարդուց: Ստանալ, հետո վերլուծել, մարսել ամեն մի բառը, հասկանալ, որ վերջ: Դու կորցրիր քո շանսը՝ էդ մարդու աչքերի մեջ նայելով խոսելու: Հա, մեր կապը միշտ էլ կլինի, բայց արդյոք դա՞ է մեր միակ նպատակը: Հը՞, էդ միակ տարբերա՞կն է: Չէ: Ավելի ճիշտ՝ չգիտեմ: Միգուցե գնալը ճիշտ է, բայց մնալը ամենաճիշտն է: Բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ իր հաճույքի համար ոչ մեկը չի թողնի հարազատ մարդկանց, տունը, օդը, բակը ու չի գնա օտար երկիր:

Գնում են ամենալավը որոնելու, տեսնելու, զգալու, ապրելու:

Գնացին: Վերջ, հա՞, սառե՞նք միմյանց նկատմամբ, թե՞ կարոտից խեղդվենք: Մի պահ եկեք հաշվենք, թե ամեն մեկս քանի բարեկամ ու ծանոթ ունենք օտար երկրում: Ամեն դեպքում կան, չէ՞: Բոլորիս խնդիրն էլ նույնն է՝ կարոտը: Անսահման, դաժան ու սպանող կարոտը: Բայց կարող ենք էդ կարոտին լավ կողմով էլ նայել: Դեպքեր են եղել, որ կարոտը ստիպել է մարդկանց հետ գալ: Ու էս հարցը միայն ինձնով, քեզնով, կամ մեկ ուրիշով չի լուծվի: Այն կա ու ներսից կրծում է՝ քիչ-քիչ վերացնելով ամեն ինչ:

karine nahapetyan

Տատ, դու պարտվե՞լ ես

Արդեն 20 տարի է, ինչ մեր տանը, տարբեր առիթների ժամանակ ոչ թե նրա համար դրված աթոռը դատարկ է մնում, այլ նրա համար աթոռ առհասարակ չի դրվում: Ոչ: Դրա պատճառը այն չէ, որ նա սպասված չէ: Նրա գալուն սպասելը արդեն վաղուց անհույս պատրանք է դարձել: Պապիս ողբերգական մահը տատս ամեն օր հիշում է և նայելով նրա նկարին՝ ասում է.

-Պատո ջան, դու չգնացիր, քեզ տարան…

Երկար դադարից հետո նորից է ասում.
-Պատո ջան, ախր, ոչ մի ծոռի քաղցրությունը չզգացիր, անգամ մեր Կարինեն դեռ չէր ծնվել, իսկ քեզ տարան, տարան, տարան, Պատո ջան, տարան…
Պապս ընկել էր ավտոմեքենայի տակ: Եվ նրա մահը կարծես վերջակետ էր դարձել տատիս համար: Ամեն հավաքույթի ժամանակ, երբ խմում են պապիս կենացը, տատս արտասվում է և նորից կրկնում իր բառերը:

…Մոտենում էր տատիս ութսունամյակը: Մենք էլ մեր ձեռքը «ռետին» վերցրինք և որոշեցինք պապի մահվան դրած վերջակետը ջնջել և շարունակել կյանքի գիրը՝ արդեն ուրիշ գույնով: Ամսի 13-ն էր, ես ձեռքս էի վերցրել Վ.Պետրոսյանի «Կրակե շապիկը» գիրքը ու փորփրում էի, վերընթերցում էի իմ ընդգծած նախադասությունները: Մեկ էլ տատս վերցրեց գիրքը, փակեց ու սկսեց իրեն հատուկ առոգանությամբ վանկ առ վանկ կարդալ.

-Վարդ-գես Պետ-րոս-յան, կրա-կե շա-պիկ:
Ասում եմ.

-Տա՛տ, գիտե՞ս, էս գիրքը կարելի է քո ինքնակենսագրական վեպը համարել, որովհետև էս գրքում նույնպես թոռները պատրաստվում են տատի ծննդյան տարեդարձին, բայց նրա զավակները սփռված են աշխարհով մեկ, ու նրա թոռը՝ Արամը, ջանում է բոլորին հավաքել, և տատի համար այդ օրը իրական տոն դարձնել: Բայց չի հաջողվում, և Արամը համարձակություն է հավաքում ու հենց նրա ծննդյան օրը՝ կենաց ասելու ժամանակ, ասում է նրան՝ տատ, դու պարտվել ես:
Տատս, որ ակնկալում էր պատմության գեղեցիկ ավարտ, զգալով իմ երկարատև լռությունը՝ ասաց.
-Պապադ ու հոպարդ չեն գալու իմ ծնունդին, հաստատ չեն գալու: Կար, ես պարտվել եմ:
Ես էլ ասացի.
-Չէ, տատ, չէ, չես պարտվել: Դե, գիտես, որ նրանց գալը հեշտ չի: Ախր, դու 4 զավակ ունես, 12 թոռ և 20 ծոռ: Բոլորս հավաքվելու, նշելու ենք: Տատ, դու հաստատ չես պարտվել, հաստատ:
Հավաքվեցինք, նշեցինք ինչպես հարկն էր. պարեր, երկար կենացներ, մեծարանքի խոսքեր և ջերմ մաղթանքներ:
Օրը «ռետին» դարձավ ու ջնջեց այդ կետը:
Առավոտյան շուտ զարթնեցի ու մտածեցի` տատս պարտվե՞ց, թե՞ հաղթեց:
Մտքիս թելը կտրվեց հեռախոսի երկարահունչ զանգով. հորաքույրս էր:
Արդեն 80-ամյա տատս վերցրեց հեռախոսը ու իր 60-ամյա դստերը հարցրեց. «Հըն, ո՞նց ես, բալես»:
Չէ, տատ, դու չես պարտվել: Դու հաղթել ես:

zara gevorgyan

Կրկին գնալու ժամանակն է

-Պա՛պ,- եղբայրս դիմեց հայրիկիս:
-Ասա՛, տղաս:
-Կրկին Ռուսաստան պիտի գնա՞ս։
-Հա, ինչո՞ւ ես հարցնում։
-Չեմ ուզում գնաս, ուզում եմ այս տարի մնաս, որ ամռանը մեզ հետ լինես:
-է~, տղաս, որ մնամ, բա ձեզ ինչպե՞ս պահեմ,-ասաց հայրիկս ու դադարեց նրանց կարճ, բայց տխուր զրույցը:

Ձմեռային առաջին զորակոչի հետ սկսվում են նաև մեզանից շատերի հայրերի, եղբայրների, պապիկների արտագնա աշխատանքների «զորակոչը», այսինքն`խոպան գնալը: Հունվարից սկսում են գնալ, աշխատել հանուն ընտանիքի բարեկեցության: Առաջին իսկ օրվանից բոլորը սկսում են հաշվել օրերը, թե երբ է գալու խոպանչիների վերադառնալու ժամանակը, իսկ երբ արդեն վերադառնում են, չհասցնելով անգամ իրենց կարոտն առնել իրենց ընտանիքներից, կրկին գալիս է գնալու ժամանակը:
Հայրս միշտ ասում է, որ ինչքան դժվար է մեզ համար, տասն անգամ ավելի դժվար է իրենց` մեկնողների համար, չէ՞ որ մենք կարոտում ենք միայն մեր հայրիկներին, եղբայրներին կամ պապիկներին, իսկ նրանք… Նրանք կարոտում են և իրենց ընտանիքը, և հարազատ տունը՝ հայրենիքը: Ցավոք, արտագնա աշխատանքի մեկնողների թիվը Հայաստանում ոչ թե պակասում, այլ տարեցտարի ավելանում է․․․

Anush abrahamyan

Մեզ հեղափոխություն է պետք

Ոսկին ազնիվ մետաղ լինելով հանդերձ` իրեն շատ ստորություններ է թույլ տալիս: Նա անթագ թագավոր է, տեր չունեցող, որն իհարկե ամենահարմարն է սեփական գործունեությունը ծավալելու համար: Նրա տոհմածառը խոր արմատներ է ձգել մարդկային հոգում, իսկ ճյուղերն օրեցօր բազմանում են: Եվ հատկապես փառամոլությունը: Նրանից են սերում դավաճանությունը, կեղծավորությունը, ստրկությունը: Չունենալով Մովսեսի հավատը` ով բացեց ծովը, նա այնուամենայնիվ կարող է բոլորի հավատն ուղղել դեպի իրեն ու զոհասեղանից ցած գլորել ընկերության, հավատարմության, սիրո արյունաթոր սիրտը: Այդժամ է, որ կուրությունը կփայլի վայրենու ձեռքում դանակի նման:

Հրաշալի է չէ՞: Լավ, իսկ հետո՞: Եկեք շարունակենք  խեղաթյուրել մեր իսկ քերականությունը: Երևի կմոռանանք, որ սենյակում ապակիներ կան, որոնցից այն կողմ օրը լույս է հագել, իսկ սիրտն էլ կդառնա օգտակար միայն մարմնի համար: Պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր անհիմն խոսք կարող է երկու ձեռքով խեղդամահ անել մի կտոր ազնվությանը: Մինչև ե՞րբ պետք է կուրորեն երկրպագենք մեր կամքից անկախ, բայց մեր ձեռքով ստեղծված չարիքին: Այն չարիքին, որ հարսի գեղեցիկ շոր է հագել, սակայն երբեք չի բարձրացնում քողը: Արհեստական լույսերը մոռացնել կտան երկնային լուսատուներին: Մինչև ե՞րբ պետք է կեղծիքի մասին հոդվածների վերջում ոչ թե բազմակետ, այլ վերջակետ դնենք… Մեզ հեղափոխություն է պետք: Կարծում եմ դու գիտես, թե ինչպես սկսել այն: Հաջողություն եմ մաղթում․․․