Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

Ani Ghulinyan

Չգիտեմ, նկատե՞լ եք, թե ոչ

Չգիտեմ, նկատե՞լ եք, թե ոչ (հաստատ նկատած կլինեք), որ հայկական հեռուստաալիքները ամեն Նոր տարի դեպի առաջ քայլ կատարելու փոխարեն, դեռ մի բան էլ հետ են գնում: Ամեն տարի, իրենց խոսքով ասած` աննախադեպ, երբեք ոչ ոքի կողմից չկրկնված ամանորյա նախագիծ են պատրաստում: Մի քանի հայտնի երգիչ գալիս, երգում են ,դա համեմում են որոշ հումորային դրվագներով, հետո թողնում են հնանա, ու եթե բախտները բերում է, ու այն որոշ հաջողություն է ունենում լսարանի կողմից, հաջորդ տարիներին էլ չեն չարչարվում` հումորային տարրերով նախագիծը լցնելու վրա, մի համերգ են ցույց տալիս, հետո կրկնում անցյալ տարիներինը: Մի հեռուստաալիքով 2011 թվականի Ամանորը Armenia TV-ում է, մյուսով` 2010-ինը, ու այդպես շարունակ: Չեն մոռանում նաև նախորդ տարիների թարգմանած ֆիլմերն ու մուլտֆիլմերը ցուցադրել, որ «տոնական» տրամադրություն ապահովեն: Այդ օրերին ո՞վ ժամանակ ունի նոր ֆիլմ թարգմանելու:

Ամեն տարի, պարտադիր այս օրերին «Մեր բակն» են հիշում: Մի ուրիշն էլ շաբաթներ առաջ տեղի ունեցած միջոցառումը «թթու է դնում», թարգմանում, որ հունվարի սկզբին գիշերային եթերը լցնի: Նախօրոք համացանցով իմանում ենք, թե ով է Միսս Տիեզերքը դարձել կամ տարվա լավագույն մարզիկ, հետո նստում սպասում ենք, երբ է պահը գալու, որ մեր իմացած մարդուն մրցանակ տան, վերջացնենք:

Հա, մեկ էլ հայկական հումորային ֆիլմերը չեն մոռանում: Էնքան են ցույց տալիս տարբեր հեռուստաալիքներով, որ մարդ երբեմնի իր սիրելի ֆիլմից սկսում է զզվել: Հիմա մեկն էլ կասի` դուրդ չի գալիս, անջատիր: Ախր, ո՞ր մեկը անջատեմ, հնարվոր չէ անընդհատ ռուսական ու եվրոպական ալիքներ դիտել: Մեր սխալները պիտի  ցույց տանք, որ մի օր էլ դրանք շտկվեն:

diana karapetyan

Դուք էլ վերադարձեք

Հայաստան, հայ:

Բարձր են հնչում, այնպես չէ՞: Բայց որքան բարձր են, նույնքան և կոտրված են: Կոտրված են, քանի որ ամեն օր այդ երկու, կարելի է ասել, միասնական բառերը բաժանվում, մասնատվում են ու վերջնականապես կոտրվում են: Ու պատճառը միայն մեկն է` հայը հեռանում է Հայաստանից: Թեկուզ երբեմն վերադառնում է, բայց հաճախ գնում է անվերադարձ: Գնում է ու թողնում դատարկ իր հայրենի հողը, որը պատվում է տխրությամբ ու կարոտով: Հայաստանից բողոքում ենք՝ մտածելով, որ ուրիշ տեղ ավելի լավ կարող ենք ապրել: Ու բոլորը մեկնում են՝ միայն լավ կյանք փնտրելու ցանկությամբ: Բոլորին թվում է, որ այնտեղ` այդքան քաղցր թվացող օտարության մեջ, նրանք լավ կյանք կունենան: Բայց մի բան հարցնեմ՝ հետո չե՞ք կարոտի ձեր երկիրը: Ինքներդ ձեզ հարց տվեք՝ եթե ես գնամ, չե՞մ կարոտի Հայաստանը: Հիմա շատերը կհավատացնեն, որ չեն կարոտի: Կկարոտեք, ես ինքս մտածում էի, որ չեմ կարոտի, բայց կարոտեցի: Երկու տարի առաջ ես նույնպես բողոքում էի Հայաստանից, բողոքում էի, որ այստեղ լավ չէ, և երբ տոմսը արդեն ձեռքումս էր, ես ուրախությունից ցատկոտում էի, բայց երբ նստեցի մեքենան, աչքերս արցունքով լցվեցին, սիրտս կծկվեց ու մի անբացատրելի զգացողություն պատեց ինձ: Երբ արդեն Մոսկվայում էինք, կարելի է ասել, կյանքը քաղցր էր ու թեթև, և ամեն ինչ հանգիստ էր, բայց հանգիստ էր միայն արտաքնապես: Իմ հոգում ամեն ինչ իրար էր խառնվել, ու մի բան ինձ խեղդում էր՝ կարոտը: Ես կարոտում էի իմ լեզուն, կարոտում էի իմ հողը, իմ ջուրը, ես կարոտում էի իմ Հայաստանը: Այդքան քաղցր թվացող օտարությունը բոլորին խաբում է, բայց գիտե՞ք՝ նա հեռվից է այդքան քաղցր, երբ ամբողջովին ընկղմվում ես նրա մեջ, հասկանում ես, որ հայրենիքից լավ տեղ չկա, և օտարության մեջ դու ուղղակի օտարական ես, ում ամեն կողմից փորձում են հալածել:
Ես վերադարձա, դուք էլ վերադարձեք:

Anna Andreasyan

Ականջակալների մասին

Երբ տանը հիվանդ պառկած ես, էլ ինչ է մնում անելու, եթե ոչ՝ կարդալ ընկերներիդ հոդվածները և նորերը գրել: Վերջերս կարդացի ընկերուհուս՝ Անի Ավետիսյանի հոդվածը ականջակալների մասին և մտածեցի, ես էլ որոշակի բաներ ունեմ գրելու ականջակալների մասին:

Ի տարբերություն մեծամասնության, ես շատ քիչ եմ օգտագործում ականջակալներ: Իհարկե, դրանք շատ հարմարավետ են և մատչելի, առանց դրանց ֆիլմ չեմ նայում, բայց առօրյայում համարյա թե չեմ օգտագործում: Նախ, ականջներիս մասին եմ մտածում, հետո էլ երբ ականջակալներով եմ, ինձ թվում է՝ կտրվում եմ աշխարհից: Ահա մի բան կկատարվի, և ես դրա մասին չեմ իմանա: Մի տեսակ լիարժեք հաղորդակից չեմ զգում աշխարհին:

Չեմ կարող հասկանալ այն ընկերներիս, ովքեր էքսկուրսիա գնալիս՝ ճանապարհին ականջակալներով երգ են լսում: Ուրիշ է, երբ մենակ ես և ծանոթ չունես ավտոբուսի մեջ: Բայց երբ կողքիդ ընկերներդ են, կարծում եմ շատ ավելի հաճելի է նրանց հետ զրուցելը, քան ականջակալներով երգ լսելը: Չէ որ էքսկուրսիա գնալու ամենահաճելի մասը ճանապարհն է, երբ դեռ ամեն ինչ առջևում է:

Չնայած դա սովորության հարց է: Ես ուղղակի սովոր չեմ ականջակալներ կրել:

anush hovhannisyan

Իսկ դու հավատո՞ւմ ես

-Ան, հո դու երեխա չե՞ս, ի՞նչ Ձմեռ պապիկ, ի՞նչ նամակ: Վերջապես հասկացիր, որ «Ձմեռ պապա» կա, Ձմեռ պապին չկա:

-Ըհըն, թող ես լինեմ երեխա ու հավատամ Ձմեռ պապիկին:

Այո, ճիշտ հասկացաք, էլի ես վիճաբանության մեջ եմ ընկերներիս հետ, ովքեր բարձր ձայնով սկսեցին ծիծաղել, որ ես նամակ եմ գրել Ձմեռ պապիկին: Դե հա, իրականում Ձմեռ պապ չկա, չնայած նրան, որ ես հավատում եմ երեխայի պես, որ այո, Հայաստանում չկա, բայց Լապլանդիայում կա, ու հեքիաթը այնտեղ իրականանում է:

Իմ ամանորյա հրաշքը վերջացավ մի տխուր օր, երբ ես իմ բոլոր տարիների նամակները գտա հայրիկիս համազգեստի ծոցագրպանում: Բարձր ձայնով սկսեցի լաց լինել ու բղավել: Բայց դե մայրիկս պատմեց ողջ ճշմարտությունը, ու դա լսելը փոքրիկ Անուշիկի համար պարզապես սարսափելի էր: Բայց իմանալով հանդերձ, ամեն տարի գրում եմ ու անհամբեր սպասում նվերին: Ամանորի առավոտյան բացում եմ աչքերս ու վազում տոնածառի տակ` նվերս ստանալու:

Կարծում եմ, որ յուրաքանչյուրս էլ պետք է մնանք մանուկ ու հավատանք ամանորյա հրաշքին, և ինչպես բոլոր ֆիլմերում է ասվում.

-Սպասիր և քո հրաշքն էլ մի օր կկատարվի:

Այո, ես հույսով սպասում եմ երեխայի պես, ով գիտե, միգուցե կատարվի մի օր, պարզապես պետք է միայն հավատալ:

Հ.Գ. Ես արդեն նամակս գրել եմ, իսկ դո՞ւ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Սիրելի Անուշ, ամենամեծ հրաշքը հենց նամակներդ էին, որ բոլորը մեկ առ մեկ հայտնաբերել ես հայրիկիդ գրպանից: Մի պահ պատկերացրու. ամեն անգամ հայրիկդ մեկ առ մեկ բացել ու կարդացել է դրանք, հուզվել, հետո նորից խնամքով պահել ոչ թե դարակում, այլ ծոցագրպանում, ամեն օր իր հետ… Լավ է, որ այս տարի էլ նամակ ես գրել: Հայրիկի գրպանը մի քիչ էլ «կծանրանա»…

Մտածիր այդ անսահման սիրո մասին:

araqs aharonyan kotayk

Վերջին հույսը

Մայրս պատմում է, թե ինչպես են շատ-շատերը մութ ու ցուրտ տարիներին դիմակայել սաստիկ ցրտերին՝ վառելով վերջին «վառելիքը»՝ գիրքը։ Այդ տարիներին, երևի թե դժվար գտնվեր մի ընտանիք, մի տուն, որտեղ չլինեին մեծաթիվ գրքեր, և այն էլ ի՜նչ գրքեր։ Հասկանալի է, որ կյանքում երբեմն ստիպված ես լինում անել նույնիսկ այնպիսի բաներ, որոնք կամովին չէիր ցանկանա անել, բայց պայմանները ստիպում են ամեն սկզբունք, ամեն ցանկություն, ու առհասարակ, ամեն բան մի կողմ դնել ու անել, անել, քանի որ այդպես է պետք։ Այսպիսի «անհրաժեշտություն» էր, փաստորեն, գրքեր վառելը։ Ստիպված էին, քանի որ շատերի տանը օրորոցներից լսելի էին դառնում ցրտից սառած նորածինների լացի ձայները, և ծնողները ուզած, թե՝ չէ, պետք է իրենց երեխային ապահովեին այն չնչին անհրաժեշտով։ Միշտ էլ կարելի է խնայել այն կարևորը, անհրաժեշտը, պիտանին, արժեքավորը, մինչ այն պահը, երբ հայտնվում է ավելին, առավել կարևորը։ Հաճախ կարելի կլիներ լսել. «Եղածը գիրք է, նորից կգնենք, իսկ երեխա՞ն»: Գուցե թե ճիշտ էին (են)։ Ո՞վ կարող է մեղադրել, դատել մորը, ով տեսնում է իր երեխայի կապտած ձեռքերը։ Երբ չկան պայմաններ՝ կանոնները չեն գործում։

Անցել են տարիներ։ Այդ ամենը մնացել են շատերի միայն հիշողություններում, իսկ մնացած մասը նույն կերպ և խնդրի լուծման ելքերի փնտրտուքներում՝ վառում է դեռ այն ժամանակվանից մի կերպ պահած ու մինչև այսօր հասցրած այդ վերջին հույսը։ Այն «շատեր»-ը, գուցե հիմա կասեն. «Ի՞նչ է խոսում։ Մի՞թե հիմա նման բան կա»։ Իսկ ես ձեզ հավատացնում եմ, որ նման բան դեռ կա, և հենց դա տեսնելով՝ որոշեցի կպնել խնդրի թույլ տեղերին, միևնույն ժամանակ՝ ցավեցնելով սեփականը։ Դե, իհարկե, երբ լաց է լինում երեխան կամ մահճակալում պառկած հիվանդ հարազատի ցավերին գումարվում է նաև ցուրտը, և դու՝ թեկուզ գրքեր վառելով, կարող ես մեղմել իրավիճակը՝ ոչ միայն արարքդ մեղադրելի չէ, այլև դու ուղղակի պարտավոր ես անել դա։

Եվ սա ասում է մի մարդ, ում վերաբերմունքը գրքերի հանդեպ բացատրել կարող են միայն այն մարդիկ, ովքեր ինձ լավ գիտեն։ Իհարկե, չես կարող հարազատիդ ասել. «Կներես, բայց չեմ կարող վառել «Վերջին հույս»-ի վերջին հատորը, քանի որ այն առավել թանկ է»։

Մեր խնդիրն այս է. մի՞թե ոչինչ չփոխեցին տարիները։

Ani avetisyan

Նամակ Զինվորին

Բարև զինվոր: Գիտեմ, որ նամակս սկսելու ամենասխալ ձևը սա է, բայց ուրիշ տարբերակ ուղղակի չգտա: Թեև գիտեմ, որ նամակս քեզ չի հասնելու, դու այն չես կարդալու ու չես պատասխանելու, բայց կգրեմ հավատալով,  որ ինչ-որ տեղ երկնքում դու կզգաս, որ այն հենց քեզ է ուղղված:

Եթե գրելու լինեի մի քանի ամիս առաջ, նամակս գուցե անուն ունենար, հասցեատեր, բայց այսօր այն քեզ է ուղղված իմ ծանոթ ու անծանոթ, այսօր, վաղը և հավերժ զինվոր մնացող եղբայր:

Գրում եմ քեզ իմ անունից, բայց և գիտեմ, որ տողերս աղոթքի պես դուրս են եկել մի ողջ ժողովրդի շուրթերից, այնպես, ինչպես մորդ՝ քեզ ուղղված ամեն խոսքն էր մեր անունից, ինչպես «նրա» ամեն «սպասում եմ քեզ»-ը մեր շուրթերից աղոթք էր առ Աստված:

Ամանոր է, Ամանոր, որի ամենանվիրական մաղթանքը այն  անհասանելի խաղաղությունն է, վերջապես նրան հասնելու, կարոտած թևերով փարվելու  բաղձանքը: Նրանից քո կարոտն առնելու բաղձանքը:

Իսկ ես Ամանորի շնորհավորանքներ շռայլելու համար չէ, որ գրում եմ քեզ, և ոչ էլ շնորհակալության՝ մեզ ևս մեկ Նոր տարի նվիրելու համար: Երեք միլիոն մարդ մեկի պես քեզ պաթոսաշատ խոսքերով շնորհակալություն է հայտնում, խոնարհվում քո առաջ,  բայց ես դա չէ, որ քեզ ասել եմ ուզում:

Կներես մեզ, զինվոր:

Կներես ամեն ասված ու չասված բառի, ամեն բաց թողած պահի համար:

Կներես չհասկանալու, չհասկացվելու համար:

Կներես մի գիշեր քեզ համար չաղոթելու, քեզ  երազում չտեսնելու համար:

Կներես չգնահատելու, համեմատելու համար: Չհասկանալու համար, որ համեմատելու կարիք չի էլ եղել: Այն, ինչ կար քո մեջ, եռապատիկ անգամ ուժեղ էր ժառանգածից, իսկ մենք չէինք նկատում:

Կներես, որ բավական ուժեղ չեղանք՝ քեզ սպասելու: Որ քաջություն չունեցանք ասելու  սրտում տաք-տաք պահածը: Որ մոռացանք չմոռանալ…

Կներես դեռ տաք արյունդ քեզնից խլելու համար, բաբախող սիրտդ ցավեցնելու համար:

Կներես խոստանալու ու մոռանալու համար: Չխոստանալու համար…

Գիտեմ, զինվոր,  գիտեմ, որ արդեն ներել ես: Հերոսի հոգին չներել չի կարող: Բայց մի վերջին անգամ շշնջա երկնքից,  ասա, որ կներես քո պահած հայրենիքը քեզնից լավ չպահելու համար:

Կներե՞ս…

serine harutyunyan

Ավարտվեց հեքիաթս

Էլի Նոր տարի, էլի տոնածառ, փուչիկներ, նվերներ, երգ, պար, ուրախություն ու լիքը հիշողություններ… Բայց մի վայրկյան, Ձմեռ պապիկին նամակ գրելու մասին մոռացա ասել… Չնայած, ես արդեն վաղուց Ձմեռ պապիկին նամակ չեմ գրում. երևի արդեն մեծ եմ դրա համար:

Հիշում եմ, ոնց էի փոքր ժամանակ հավատում Ձմեռ պապիկին…. Հիշում եմ, ոնց էի խնդրում, որ եթե հանկարծ տասներկուսից շուտ քնեմ, հենց Ձմեռ պապիկը գա, անպայման արթնացնեն ինձ:

Ամեն տարի հունվարի մեկին մեր տանը կռիվ էր. արթնանում էի, վազելով մոտենում տոնածառին, նվերս գտնում, ուրախանում, բայց հետո հանկարծ հիշում, որ ես խնդրել էի արթնացնել ինձ: Ինքս ինձ վրա էլ էի բարկանում, որ էլի Ձմեռ պապիկին բաց թողի ձեռքիցս, ու նրան տեսնելու համար ստիպված եմ մի տարի էլ սպասել… Ո՜նց էի բարկանում, ո՜նց էի կռվում ինքս ինձ հետ, ծնողներիս հետ… Ասում էի, լավ էդքան դժվա՞ր էր ինձ էլ արթնացնեիք, ես էլ տեսնեի Ձմեռ պապին, գոնե նվերներիս համար շնորհակալություն հայտնեի: Նեղանում էի, բոլորից դժգոհ նստում տոնածառի կողքին: Անգամ Ձմեռ պապիկից էի նեղանում, որ համարձակվել է առանց ինձ հետ հանդիպելու հետ գնալ… Բա ո՞նց կլիներ, Ձմեռ պապիկը արհամարհեց ինձ… Չեմ էլ հիշում, քանի տարի եմ հավատացել Ձմեռ պապիկին, քանի անգամ նամակ գրել, կռվել ու նեղացել: Հիշում եմ, երբ արդեն հույսս կտրել էի, որ որևէ մեկն ինձ կարթնացնի Ձմեռ պապիկին տեսնելու համար, նստում էի դռան առաջ ու ոչ մի տեղ չէի գնում: Ասում էի, դե, հիմա էլ հո էդ Ձմեռ պապը գլխիս վրայով չի՞ անցնելու, որ հասնի տոնածառին, ոնց էլ չլինի` կարթնանամ: Է՜, ինչ լավ օրեր էին, ինչ անմեղ ցանկություններ: Կուզեի էլի փոքր լինել, էլի հավատալ Ձմեռ պապիկին, էլի նամակ գրել նրան, ու գրածս նամակի մոտ ժամերով պահակ կանգնել, որ նամակս վերցնելու պահին Ձմեռ պապիկին տեսնեմ: Կուզեի էլի հավատալ, որ Ձմեռ պապիկը նամակը վերցնելիս անտեսանելի է դառնում, որ Նոր տարուց շաբաթներ առաջ լուռ անցնում է պատուհանների կողքով, որ չարություն անող երեխաների համար նվերներ չբերի…
Հետո… Մեծացա, ու պարզվեց այն, ինչ պարզվեց… Բացահայտվեց այդ քաղցր սուտն, ու կարծես շատ բան անգույն ու միօրինակ դարձավ… Արդեն էլ նամակ չէի գրում, ասում էի` ինքս ինձ խաբե՞մ, թե՞ ձեզ, կասեմ ինչ եմ ուզում, դուք էլ կառնեք, էլի, էլ ի՞նչ նամակ…
Մի քիչ էլ մեծացա, ու հասկացա, որ ես մի Ձմեռ պապիկ ունեմ, որ ոչ ոք չի կարող ունենալ… Հասկացա, որ իմ Ձմեռ պապիկը աշխարհի ամենաբարի ու ամենալավ Ձմեռ պապիկն է, որ ինքը իմ Ձմեռ պապիկն է ու էլ ոչ մեկինը… Իմ Ձմեռ պապիկը ամեն տարի, տասներկուսից մի քանի րոպե անց մի փոքրիկ պարկ ձեռքին մեր տուն էր գալիս: Ամեն տարի, առանց բացառության: Իմ Ձմեռ պապիկն անտեսանելի չէր ու ոչ էլ երբևէ առանց ինձ տեսնելու հետ էր գնում: Դուռը թակում էր, վազում էի բացում: Ինչքա՜ն էի ուրախանում, կարծես աշխարհն իմը լիներ… Գրկում էի Ձմեռ պապիկիս, համբուրում, հետո ուրախ-ուրախ վերցնում պարկը, հանում մրգերը, կոնֆետները: Հետո էլի Ձմեռ պապիկիս գրկում, համբուրում, շնորհակալություն հայտնում: Այդ հեքիաթն էլ ավարտվեց, ավարտվեց 2 տարի առաջ: Ձմեռ պապիկս գնաց, գնաց` ինձ մենակ թողնելով… Հիմա էլ նոր տարուն ինձ հյուր չի գալիս, էլ մեր տան դուռը չի թակում ու ինձ կոնֆետներ ու մրգեր չի բերում: Ավարտվեց հեքիաթս, այդ մի լույսս էլ մարեց, մարեց, երբ մարեց Ձմեռ պապիկիս աչքերի լույսը… Հորեղբայրս, իմ Ձմեռ պապիկը, ում ես անսահման շատ եմ սիրում, էլ ինձ հյուր չի գալիս… Երևի երբեք էլ չհամակերպվեմ այն փաստի հետ, որ իմ Ձմեռ պապիկն էլ մեր տան դուռը չի թակի, որ ես էլ երբեք նրա բերած մանդարինները չեմ մաքրի ու իրեն հյուրասիրի, որ նրա բերած կոնֆետների փոխարեն ուրիշները չեմ լցնի պարկի մեջ ու տամ իրեն…

Հեքիաթս ավարտվեց, Ձմեռ պապիկս էլ չի գալիս, էլ մեր տան դուռը չի թակում, էլ ինձ մրգեր ու կոնֆետներ չի բերում… Ավարտվեց հեքիաթս…

Ani asryan

Նամակ զինվորիս

Շատ հաճախ ընկերներս զարմանում են, որ սահմանից վատ լուր լսելիս ասում եմ.

-Մենակ թե զինվորս չլինի:

Մտածում են` խոսքը ծառայող ընկերոջ մասին է: Այո՛, խոսքը ամենահավատարիմ և անդավաճան ընկերոջս մասին է: Լինում է ժամանակ, որ լուռ նստում եմ մայրիկի մոտ և լսում նրա հեռախոսազրույցը սահմանապահի հետ.

-Բալաս, բարև, ո՞նց ես, ինչի՞ կարիք ունես: Տղես, հո կրակոցներ չկա՞ն ձեր մոտ:

-Մա՛մ, ամեն ինչ լավ ա, ես լավ եմ, մի անհանգստացի, լավ եմ, մա՛մ:

Ապերս, պատրաստվում ենք Նոր տարին նշելու, բայց առանց քե՞զ: Առաջին Նոր տարին է, որ մեզ հետ չես լինելու, որ իրար հետ բաժակ չենք բարձրացնելու, որ զրնգուն ծիծաղդ չենք լսելու և կատակներիցդ չեմ նեղանալու: Առաջին տարին է, որ ընկերներիդ հետ ոտքերով չես ներխուժի տուն ասելով. «Սեղան դրեք»: Ակսելս, գիտե՞ս, ես հոգնում էի քո ասած գործերը կատարելուց, բայց կատարում էի: Խոստանում եմ, ապեր, որ գաս` ասածներդ առանց հոգնելու կկատարեմ: Հիշում եմ, որ ամեն տարի ես զարդարում էի սեղանը, իսկ դու անընդհատ գալիս ու խանգարում էիր: Ամբողջ տնով վազվզում էինք, հետո վերադառնում մեր կիսատ թողած գործերին:

Անցած տարի գիշերը ժամը 1-ին դուրս եկանք տնից` ձնագնդի խաղալու և վերադարձանք ժամը 4-ին: Դժվար է պատկերացնել, որ Ամանորին զենքը ձեռքիդ կանգնած կլինես սահմանին: Մամային ասել եմ, որ չլացի: Մենք պետք է ուրախ լինենք, տխրելու պատճառ չունենք, չէ որ դու այդտեղ ես, որ մենք մեզ ապահով և պաշտպանված զգանք: Վաղը քո Ձմեռ պապն էլ կժամանի, ուղղակի ոչ մարդու տեսքով: Մաման մեծ անակնկալ է պատրաստել, սպասիր, այն վաղը կհասնի:

Հպարտ եմ, որ քեզ պես եղբայր ունեմ, որ չես տրտնջում, որ ամեն ինչից և ամենքից գոհ ես: Նրանք, ովքեր պաշտպանում են քո թիկունքը, ակամայից դարձել են հարազատ: Լավ մնա, սահմանապահ ջան, չմոռանաս ձեռնոցներդ դնես: Թող բոլորի աղոթքները ձեզ առաջնորդեն: Հիշիր, որ սիրելիներդ քեզ են սպասում սրտատրոփ: Եղբայրս, շնորհավոր քո և բոլոր տղաների Նոր տարին և Սուրբ Ծնունդը:

Երկու տարի առաջ ինձ ուղեկցում էիր դպրոց: Սպասում եմ, արի՛, արդեն ժամանակն է եկել համալսարան ուղեկցելու: Սպասում եմ… Սպասում եմ…

arpine khachatryan-2

Սիրելու և ներելու ժամանակը

Ընդհանրապես այսպես է ՝ դեկտեմբերին, երբեմն նաև նոյեմբերին, շատ մեծերից կարելի է լսել նման արտահայտություններ. «Ոչ մի Նոր տարի էլ չենք անելու»,«Կանենք, բայց շատ համեստ»… Սակայն շատ չանցած, հանկարծակի փոխում են որոշումը, ասես նման բան նույնիսկ չեն էլ ասել։

Սկսվեց պատրաստությունը։ Առաջին քայլը դա վարկն է, ձևակերպված հատուկ Նոր տարվա ծախսերի համար: Դե, դա պարտադիր է, որ իրենց սեղանին ամեն ինչ դրած լինի: Ա՜խր, պատկերացրեք, հարևանը գա իրենց տուն, ու տեսնի այդ անշուք սեղանը, բա ի՞նչ կմտածի, նույնիսկ մտածելով չի բավարարվի, կթքի ճակատիդ ու քայլերը կուղղի դեպի դուռը, այլևս չվերադառնալու մտադրությամբ (բայց պատկերացնո՞ւ մ ես):

Խոզի և կոկորդիլոսի միսը (չենք մոռանում վարկի մասին) մնում են սեղանին հավելյալ 10 օր, մինչև վերջին հեռու բարեկամի դռնից դուրս գալը: Ի դեպ, այդ տեսակի բարեկամներին, մենք սովորություն ունենք տարվա մեջ տեսնել մեկ անգամ, այն էլ Նոր տարուն: Բոնբոներկաները ճանապարհորդում են 100-ավոր ընտանիքներով,այդպես էլ մնալով չհամտեսված։

Երկրորդ քայլը, կրում է մի քիչ սիմվոլիկ բնույթ: Երբ պատրաստություն տեսնելուց, ամեն երկրորդ` «ինչ անում ենք, երեխեքի համար ենք անում»-ն է: Սովորաբար նրանք չգիտեն, թե իրականում ինչ են ուզում երեխաները Ամանորից։

Երեխաները հեքիաթային օր են ուզում, ու հիշեք, որ ոչ մի հեքիաթում մինչև առաստաղ սլացող բդերի տեսականի չի լինում, ու լինելու դեպքում էլ, ոչ մեկին առանձնակի չի գրավում այդ ամենը։ Երեխաները, ինչպես նաև դուք, հրաշքի կարիք ունեն, որովհետև Նոր տարին ձեզ համար ոչ թե տոն է, այլ մի իրադարձություն, որն անպայման պիտի նշվի շքեղությամբ։ Իսկ իրականում, Նոր տարին հնարավորություն է` ավելի լավը դառնալու, երբ կարող ես հարթել քո ու մտերիմիդ միջև ծագած վեճերը (մայրս միշտ ասում է, որ մինչև Նոր տարի իրարից նեղացած մնալ չի կարելի):Նոր տարուն քո սիրելիներին պիտի ասես, թե ինչքան շատ ես իրենց սիրում ու ինչքան ես ուզում, որ մի տարի հետո էլ քեզ հետ լինեն, որ երբեք չբաժանվեք իրարից։

Նոր տարին ճոխ սեղանի մեջ չէ, Նոր տարին իրար փոքրիկ նվերներ անելու, հեքիաթային գիշերը՝ ձյուների մեջ թավալվելու, սխալներդ հասկանալու ու ամանորյա հրաշքին հավատալու մեջ է, որովհետև այդ հրաշքը սկսվում է մեզնից և ապրում է մեր մեջ։

Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է

Ասում են` ես զարմանալի մարդ եմ։ Մի տարվա ընթացքում երեք անգամ փոխեցի որոշումս` մասնագիտության ընտրության հարցում։ Սկզբում ցանկանում էի ընտրել Ամերիկյան համալսարանի  «Անգլերեն և հաղորդակցություն» բաժինը։ Հետո (մոտ վեց ամիս անց) մասնակցեցի մի բիզնես սեմինարի, որից հետո որոշեցի ընտրել «Բիզնես» բաժինը, բայց մինչ այդ դեպքը, բիզնեսը ինձ համար «անհասանելի» ոլորտ էի համարում։ Իսկ հիմա՝ հինգ ամիս անց, մտածում եմ սովորել ծրագրավորում։

Ամբողջ կյանքում ատել եմ ծրագրավորումը։ Դեռ մեկ շաբաթ առաջ էլ ատում էի այն։

Ինչքան էլ որ չեմ սիրել ծրագրավորումը, միշտ էլ հարգել եմ ծրագրավորողներին և ծրագրավորում սովորողներին։ Նրանք ոչ միայն ապագայում կունենան բարձր վարձատրվող աշխատանք, այլ նաև մեծապես կօգնեն Հայաստանին։ Հայաստանը կարիք ունի շատ և լավ ծրագրավորողների։

Մինչև ընդունելության համար նախատեսված դիմումի հանձնման ժամկետը ունեմ երեք ամիս։ Քիչ չէ։ Կհասնեմ ներբեռնել ծրագիր՝ կոդեր գրելու համար, ինչպես նաև ձեռք կբերեմ մի լավ գիրք և կփորձեմ պարզել. արդյոք արժե՞ ծրագրավորում ընտրել, թե՞ ոչ։ Ում պատմում եմ այս մտքի մասին, բոլորն ասում են, որ խուսափեմ այսպիսի կտրուկ որոշումներ կայացնելուց, քանի որ երկար ժամանակ որոշված էր, որ բիզնես եմ սովորելու, այդպես էլ անեմ։ Բայց ինչո՞ւ ոչ։ Ի՞նչ պարտադիր է սովորեմ այն, ինչի մասին ավելի երկար եմ մտածել։ Շատ մարդիկ կան, ովքեր դեռ մանկուց որոշում են իրենց մասնագիտությունը, կամ գուցե իրենց ծնողներն են որոշած լինում, ինչը շատ հաճախ է լինում, և ընտրում են հենց այդ մասնագիտությունը։ Այդպիսով նրանք չեն նկատում տարիների ընթացքում իրենց շրջապատում ի հայտ եկող փոփոխությունները։ Չեն նկատում, որ որոշ մասնագիտություններ ժամանակի ընթացքում ավելի պահանջված են դառնում։

Կարծում եմ՝ պետք չէ խուսափել կտրուկ որոշումներ կայացնելուց կամ ինչ-որ փոփոխության հետ առերեսվելուց։ Պետք չէ կառչել անցյալում ունեցած որոշումներից կամ մտքերից։ Չէ ՞ որ մենք ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ենք զարգանում և բացահայտում նոր հետաքրքրություններ:

Ես շնորհակալ եմ ինձնից, որ ցածր ստացա անգլերենի քննությունս և չդիմեցի համալսարան։ Այլապես սովորելու էի «Անգլերեն և հաղորդակցություն» բաժնում ու, հավանաբար, հետո չէի էլ մտածելու այլ բաժին ընտրելու մասին։ Այս ամիսների ընթացքում ես, երկար ժամանակ մենակ մնալով իմ մտքերի հետ, շատ բան հասկացա ու բացահայտեցի։ Հասկացա, թե ինչ եմ ուզում իրականում, և թե ինչն է ինձ հետաքրքրում։

Ես շատ եմ հետաքրքրված բիզնեսով։ Հնարավորության դեպքում անպայման հիմնելու եմ իմ սեփական բիզնեսը, երբ էլ որ դա լինի։ Եթե անգամ ծրագրավորում սովորեմ, երբեք չեմ մոռանա ուսումնասիրել բիզնեսի գաղտնիքները։ Ամերիկյան համալսարանում հնարավորություն եմ ունենալու ծրագրավորմանը զուգահեռ ուսումնասիրել նաև բիզնես։

Եթե երեք ամսվա ընթացքում հասկանամ, որ այնուամենայնիվ ծրագրավորումը իմը չէ, ապա կսովորեմ բիզնես, բայց բակալավրիատի տարիներին չեմ դադարի ուսումնասիրել ծրագրավորումը։ Եվ հնարավոր է մագիստրատուրայում սովորեմ ծրագրավորում։ Ինչպես ասել է Մարկ Ցուկերբերգը. «Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է։ Մի աշխարհում, որը փոխվում է իսկապես արագ, միակ ստրատեգիան, որը երաշխավորում է ձախողում, ռիսկի չդիմելն է»։