Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

lida armenakyan

Ուզում եմ

Սևակի «Ուզում եմ»-ը հիշո՞ւմ ես: Այն, որ ուզում էր` պարապը լցվեր լացով, բայց ոչ թե մոր, այլ մանուկի, որ գերվեին` ոչ թշնամուց, այլ խելքահան աղջիկներից… Դո՞ւ ինչ ես ուզում: 

Ես Տիգրան Մեծի ստեղծած ու Նժդեհի երազած հայրենիքն եմ ուզում: Ուզում եմ, որ աշխարհում այլևս հոլոքոստներ չլինեն: Ուզում եմ, որ պատերազմներ չլինեն ու կրակոցներ չլսվեն: Հա, նաև ուզում եմ, որ պատերազմի փոխարեն խաղաղություն ստանանք ու անօդաչու չքվող, է… Թռչող սարքի փոխարեն սեր ստեղծենք: Ուզում եմ, որ Հայաստանը լինի արտադրող և արտահանող, այլ ոչ` ներկրող երկիր: Ես ուզում եմ առանց հետադարձի տոմսեր չգնվեն մեր երկրում: Ուզում եմ, որ կառավարությունը գումարներ ծախսի նոր զենքի ու տեխնիկայի, ոչ թե արտերկրում շքեղ առանձնատներ ունենալու համար: Ես ուզում եմ պաշտոնյաները կրթված լինեն: Եվ ուզում եմ, որ չվաճառեն մեր երկիրը: Ուզում եմ Արևմտյան Հայաստանի յուրաքանչյուր նահանգ վերադարձվի Հայաստանին ու հայերով բնակեցվի:

Գանձեր չեմ ուզում, ուզածս մի կտոր անկախություն է: Մի կտոր, բայց լիարժեք: Մի կտոր, հասկանո՞ւմ ես ինձ, մի կտոր, առանց Ռուսաստանի թելադրանքի: Հիմա կասես` ինչ հիմարություններ եմ դուրս տալիս, չէ՞: Կասես, որ Ռուսաստանը մեր դարավոր բարեկամն է, որ եթե իր «օգնությունը» չլինի` մենք կորած ենք: Քեզ ոչնչում ու ոչնչով չեմ հակադարձի ու իմ կարծիքն էլ չեմ փաթաթի վզիդ: Միայն կասեմ, որ ես այդպես չեմ մտածում: Ու չեմ պարզաբանի ոչինչ, դա մնա մի ուրիշ անգամ: Դե, հասկանում ես, երկար պատմություն է, գլուխդ չտանեմ:

Ուզում եմ, որ այլևս վեճեր չծագեն սեռի, դավանանքի, կրոնի ու ռասսայի շուրջ: Ուզում եմ, որ աշխարհում այլևս երբեք լենիններ ու ստալիններ չծնվեն: Ուզում եմ, որ ազգս թուրքի դրոշ վառելու և կամ այն տրորելու փոխարեն թուրքական ապրանք չներկրի, չվաճառի ու չգնի:

Ես ուզում եմ շարժառիթ ունենալ ու շարժառիթ լինել: Հա, այն մոտիվացիայիդ, որ ամենաանհրաժեշտ պահին հանկարծ կորչում է: Իսկ դու չե՞ս ուզում հենասյուն դառնալ և կամ դարձնել: Իսկ ես… Ես անգամ ուզում եմ ձեզ համար այն անհնարը հնարավոր դարձնել:

 

Mane Babajanyan

Մի ողջ կյանք՝ փակ կողպեքի հետևում

Էլի մի տուն` նկարեմ:

Այս նախադասությունը հաճախ եմ ստիպված լինում օգտագործել տուն-դպրոց-պարապմունք այդ ամենօրյա ճանապարհն անցնելիս:

Սկսել եմ նկարել այն դռները, որոնք կողպված են տերերի՝ երկիրը լքելու արդյունքում: Նկարում եմ ու անցնում:

Այսօր մի պահ կանգնեցի: Անզգա անցնել մի տեսակ էլ չի ստացվում: Երբ տեսնում ես մեկ-երկու տուն, դա ուրիշ է, բայց երբ ճանապարհիդ սկսում են գերակշռել կողպված դռները, այդ պահին առաջ եկած մտքերդ ու հույզերդ պատերազմում են իրար հետ՝ փորձում են արդարացման պատճառներ գտնել, որ մի փոքր մեղմեն զայրույթի ու ցավի այդ համադրությունը: Բայց ապարդյուն: Ու սկսվում է մտքերի տեղատարափը:

Ախր, տունը այն վայրն է, ուր մեր ողջ կյանքն է բնակվում, մեր հույզերը, մանկական պարզ ու անմեղ երազանքները, բոլոր լավ-վատ հիշողությունները, ձեռքբերումներն ու կորուստները: Այն մեր սիրտն է:
Դատարկ ու սառը պատուհանները, որոնք հիմա ոչինչ չեն արտահայտում, ժամանակին պատահական անցորդին էին փոխանցում տանտիրոջ տրամադրությունը, ժպիտը, հայացքը: Իսկ հիմա առջևումս պարզապես մի դատարկ ու սառը ապակի է, որն արդեն մի տեսակ վանում է: Ախր, տունը հենց մենք ենք, է: Ստացվում է, մենք հիմա մի ողջ կյանք ենք՝ մնացած փակ կողպեքի հետևում:

Համենայնդեպս, ես այդպես եմ մտածում, իսկ դո՞ւ:
Դու՝ ‹‹ստիպված›› հեռացող ‹‹հայրենասեր››, տանդ դուռը կողպելուց գոնե մտքիդ ծայրով անցկացրե՞լ ես, որ դռան հետ սիրտդ էլ ես կողպում, մտածե՞լ ես, որ կյանքդ թողնում ես բանտված այն կողպեքի հետևում, որը ինքդ էլ վստահ չես` կբացվի՞ մի օր, թե՝ ոչ:

Բայց ես քեզ չեմ մեղադրում: Գուցե իրոք ստիպված ես՝ չգիտեմ: Ուղղակի գոնե դրսում մի մոռացիր, որ հայ ես, գոնե ինքնությունդ պահիր, հիշիր քո արմատների մասին, հիշիր, որ լեզուդ հայերենն է…Գոնե հիշիր:

Գիտե՞ս, ամեն անգամ անցնելով այդ կողպված դռների մոտով, ինձուինձ սկսում եմ մտածել՝ հնարավո՞ր է, որ այս դռները մի օր նորից բացվեն, որ այդ սառը պատուհանները էլի ինչ-որ տրամադրություն արտահայտեն, որ այլևս կողպված դուռ չմնա՝ նկարելու համար: Որ ամեն անգամ այդ դռները տեսնելիս էլի հույզերս ու մտքերս պայքարի մեջ չմտնեն:

Վերջապես, որ մի օր կարողանամ գրել նոր նյութ, արդեն՝ «Բացվող կողպեքները» վերնագրով:

Հուսա՞մ:

Anna Andreasyan

Երթուղայինում հանդիպող տարօրինակ մարդիկ

Այսօր գնում էի Արմավիր քաղաք: Երթուղայինի մեջ նստած մտքերիս հետ էի: Բացի ինձանից ուրիշ մարդ չկար: Մեկ էլ մի կին բարձրացավ իր թոռնիկի հետ: Կինը, որ մոտ 50 տարեկան էր, ուղիղ նստեց իմ դիմաց և սկսեց ամենայն ուշադրությամբ զննել: Մի քանի վայրկյան տևող զննումը նորմալ է և բնորոշ գրեթե բոլորին: Բայց այդ կինը նստելու պահից մինչ իմ իջնելը մեկ վայրկյան աչքը չկտրեց ինձանից: Ու այնքան տարօրինակ էր նայում, որ արդեն սկսում էի հավատալ իմ այլմոլորակային լինելուն:

Ես հազիվ էի զսպում ծիծաղս: Անընդհատ հայացքս գցում էի պատուհանից դուրս` հուսալով, որ նա կդադարի ինձ նայելուց և կհասկանա, որ երթուղայինում մարդկանց զննելուց ավելի հետաքրքիր բան էլ կա՝ պատուհանից դուրս նայելը:

Եվ այսպես, անդադար պայքարելով ծիծաղիս դեմ, որ ուր որ է` թնդալու էր ամբողջ երթուղայինով, ես սկսեցի զբաղվել հեռախոսով, որ նրա հայացքը չնկատեմ և որ բացատրելի դարձնեմ այն անանցանելի ժպիտը, որ հայտնվել էր դեմքիս:

Տեսնես ի՞նչ էր մտածում՝ նայելով ինձ: Մոտավորապես այսպիսի մի բան. «Էս ի՜նչ սերունդ ա մեծանում, ամբողջ օրը էդ հեռախոսների մեջ են: Թե ի՞նչ կա դրա մեջ, մարդ չգիտի», կամ` «Տեսնես` էդ ինչի՞ վրա է այդպես ժպտում»: Հավանաբար սա էր մտքով անցնում, առանց իմանալու, որ իր հայացքն էր ինձ ստիպում ժպտալ ու հեռախոսով զբաղվել:

Վերջապես ես իջա երթուղայինից և զգացի ազատություն ու թեթևություն տարօրինակ հայացքից:

Մի կոչ մեր երթուղայինի ուղևորերին:

Հարգելի´ ուղևորներ, Ձեզ խնդրում եմ այսուհետ երթուղային բարձրանալիս այդպիսի տարօրինակ հայացքով չտնտղել դիմացինին:

hovhannes ghulijanyan

Բարու և չարի մասին

Հասարակագիտության հերթական հետաքրքիր դասերից մեկն էր: Դասը բարու և չարի մասին էր:

Եթե ցանկանանք տալ բարու կամ չարի հստակ սահմանումը, ապա կդժվարանանք, միայն կարդացինք Ալբերտ Շվեյցերի խոսքերը, որ` բարի է այն, ինչը նպաստում է կյանքի զարգացմանն ու պահպանմանը, իսկ չար է այն, ինչ ոչնչացնում է կյանքը:

Դասի ժամանակ բանավիճեցինք, արդլո՞ք մարդ ի ծնե բարի է, թե չար: Կարդացինք մի քանի բարոյագետների տեսակետներ: Օրինակ՝ ըստ Ֆրանսիացի մտածող Ժան Ժակ Ռուսոյի՝ մարդն ի ծնե բարի է, իսկ ըստ Կանտի` մարդն ի ծնե չար է, սակայն նա իր մեջ կրում է նաև բարու հատիկներ, որոնք մարդ ձգտում է զարգացնել, որպեսզի դրանք գերիշխեն մարդու՝ չար գործեր կատարելու հակվածությանը:

Ինձ համար ավելի համոզիչ էր Կանտի տեսակետը:

Ընթացքում ինձ հարց ուղղվեց, թե արդյո՞ք համամիտ եմ Սոկրատեսի խոսքերին. « Ով իմաստուն է, նա բարի է»: Ես չհամաձայնվեցի:

Ճիշտ է, երբ մարդ իմաստուն լինի, կհասկանա, որ պետք է բարի լինել, բայց ըստ ինձ, միայն ցանկանալը բավարար չէ բարի լինելու համար, քանի որ ես ևս, ինձ համարելով հավատացյալ, ցանկանում եմ ապրել Աստծո սահմանած պատվիրաններով: Սակայն դա բավարար չէ, քանի որ շրջապատը շատ մեծ դեր է խաղում, և նույն կերպ էլ այնտեղ՝ միայն ցանկանալ բարի լինել, բավարար չէ:

Այս ասելուց անմիջապես հետո ուսուցչուհին ինձ հարցրեց, թե ես ինձ բարի՞ մարդ եմ համարում, թե՞ ոչ: Ես հրաժարվեցի պատասխանել, քանի որ մտածում եմ, իմ բարի կամ չար լինելու մասին պետք է ասեն իմ ընկերները, այլ ոչ թե ես:

Ահա այսպիսի հետաքրքիր դաս անցանք: Կարծում եմ, որ դասից հետո բոլորն էլ երկար խորհելու առիթ կունենան, և նմանատիպ դասեր դեռ շատ կլինեն:

seda harutynyan-2

Ո՞րն է նորաձև

Բարև։ Ո՞նց ես։ Ես մի քիչ մտահոգված եմ։ Վերջերս շատ եմ հանդիպում իմ տարիքի և ինձանից մեծ աղջիկների, որոնց շուրթերը շրթներկով մեծացրած են, իսկ կազմվածքը՝ ոչ ստանդարտ կամ «Քարդաշյանոտ»-են։ Շատ տգեղ տեսարան է։

Այդ տեսարանից տգեղ մեկ էլ այն է, որ մեր սերնդի տղաները իրենց էջերում տեղադրում են այդ աղջիկների նկարները ու «սմայլիկներ» դնում։

Շատերդ կքննադատեք ինձ, բայց իրոք դուր չի գալիս, երբ գեղեցիկ ու խոհեմ հագնված, գիրք կարդացող աղջիկներին անվանում են «կյանքից հոգնած» կամ «անկապ» աղջիկ։ Նույնն էլ տղաների հարցում է։ Կա տղաների մի խումբ, որը գիրք է կարդում, դաս է անում, աղջիկներին չի նեղացնում, բայց ստանում է «անկապ տղա» անունը։
Եկեք լինենք անկեղծ։ Բոլորիս էլ դուր են գալիս խելացի տղաները, որոնք հագնվում են կոկիկ, և չունեն վատ սովորություններ, այլ ոչ թե այն տղաները, որոնց տաբատները երկու անգամ մեծ են, «չոլկաները» փակում են աչքերը, դրան գումարած` ծամոնը և «թզբեհը»։
Սա ինձ համար խնդիր չէ և չի էլ կարող լինել, քանի որ յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ոճը։ Եվ եթե ինձ վրա օր-օրի ավելի շատ սկսի ազդել այս ամենը, մեկ է, ես ոչինչ անել չեմ կարող։

Ուղղակի ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, և ավելի լավ է լինել «անկապ աղջիկ», քան  «գաջված Քիմի կրկնօրինակ»։

Seyran Soghoyan

Քառակուսի կյանք

Երբ դուրս ես գալիս բակ, քեզ թվում է, թե մտել ես համակարգչային սենյակ: Բոլորը հեռախոսները գրկած նստած են, տանը ասելով, թե` գնում եմ բակ խաղալու:

Ես ուղղակի հիացած եմ, որ որոշ ժամանակ ունեցել եմ, գոնե առանց «հեռախոսի» մանկություն:

Հիմա, երբ երեխային հագուստ կամ հասարակ մի բան՝ գրիչ ես առնում, նա ասում է, որ դրանից իմ ընկերն էլ ունի: Արի` ավելի լավը առնենք, իսկ առաջներում ընդհակառակը, ասում էին` ինչ լավ է. ես էլ, ընկերս էլ նույն շորից ունենք: Այս ամենի մասին տեղեկությունները, ավելի հարստացնում է մայրս, պատմելով իր ջերմ մանկություն մասին:

Ինչու հենց վերնագրեցի քառակուսի կյանք, որովհետև այս կյանքում ամեն ինչը կախված է հեռախոսից, բառիս ուղիղ իմաստով: Ամեն մի խոսքի մեջ կա այդ չարաբաստիկ բառը: Մայրս ասում է, ճիշտ է, հիմա հեռախոսով կարող ես զանգել ու գտնել տվյալ մարդուն ու շուտ գտնում ես, բայց առաջ մենք վազում էինք տնից տուն` իմանալու, թե որտեղ է կորել նա: Դա էլ ցավոտ կողմ ունի, գոնե այդ ժամանակ տեսնում էին իրար հարևանները, հավաքվում, ուրախանում, իսկ հիմա, բոլորը իրարից առանձնացած կյանք են վարում:

Ես հավատում եմ, որ ի վերջո այդ պահն էլ կգա…

diana karapetyan

Սերիալային տեղումներ

«Եվ մի քիչ այսօրվա եղանակի մասին:
Այսօր դասամիջոցներին հատկացված ամբողջ ժամանակահատվածում Դիանա Կարապետյանի ուղեղի վրա սպասվում են ուժեղ տեղումներ` հայկական սերիալների քննարկումների տեսքով: Որպեսզի զերծ մնալ դժբախտություններից, խնդրում ենք անջատել ուղեղը կամ ականջները»:

Նախ, մի բան ասեմ: Երեկ մտնելով 17.am-ի կայքը (ճիշտն ասած, ես շատ քիչ եմ օգտվում ինտերնետից, շաբաթը երկու օր հազիվ, այնն էլ, եթե դասերիս համար պետք է լինում, բայց երբ մտնում եմ էլ, պարտադիր պիտի մտնեմ 17.am և կարդամ նոր նյութերը), տեսնում եմ Վահե Ստեփանյանի նյութը, դե, երևի վերևի գրածից արդեն հասկացաք, թե խոսքը որ նյութի մասին է: Սկզբում մի քիչ նեղվեցի, որ այդ թեմայով արդեն նյութ կա, քանի որ ես ինքս ուզում էի անդրադառնալ այդ թեմային, բայց հետո ուրախացա, որ իմ նման մտածող մեկն էլ կա:

Ինչևէ, ինչի մասին էի ուզում խոսել: Դե, մի կողմից իմ բախտը բերել է, որ մայրիկս չի նայում ոչ մի հայկական սերիալ, և ես ինքս նույնպես ոչ մի հայկական սերիալ չեմ նայում, և թվում է, թե ամեն ինչ իդեալական է, բայց…
Բայց այ, իմ դասարանցիները տարված են բոլոր հայկական սերիալներով: Դե հա, որ նայում են` իրենց գործն է, բայց որ մի հատ էլ գալիս ու դասարանում էդ քննարկում են, դա ահավոր է:
(Այստեղ մի քիչ սպասիր. այս նյութս մի քիչ ծավալուն է լինելու, և եթե դու մտածում ես, որ այս նյութը քեզ կարող է վիրավորել, կարող ես չկարդալ):

Լավ, ինչ էի ասում… Հա, ես ընդհանրապես այդ սերիալներից գաղափար չունեմ, բայց և այնպես, ես կարծում եմ, որ դա անիմաստ ժամանակ «մեռցնելու» ձև է: Ես մայրիկներին և տատիկներին հասկանում եմ, բայց այ, 10-18 տարեկաններին (աղջիկ, տղա` կապ չունի)` ոչ:
Իմ կարծիքով, բոլոր սերիալները նույնն են, ու դրանց սցենարիստը ընդամենը մի հոգի է: Լավ, սցենարիստը ոչինչ, բայց Հայաստանում էլ դերասան չկա՞: Ու դեռ ինձ են ասում. «Ո՞նց ես էդ կորեացիներին տարբերում ու անունները հիշում»: Գոնե ամեն մի կորեական սերիալում կամ կինոյում տարբեր դերասաններ են, ոչինչ որ, իրենք մի քիչ իրար նման են (թեկուզ ինձ համար ընդհանրապես նման չեն), բայց հայկական սերիալներում բոլորը նույն դերասաններն են: Դե ուղղակի տարբեր հեռուստաալիքներով ցուցադրվող ֆիլմերում են նկարահանվում, իբր թե ոչ ոք չի հասկանա: (Ու հիմա այստեղ կգտնվի մի խելոք, որ կհարցնի. «Բա որ չես նայում, ի՞նչ գիտես, որ նույն են»: Բացատրեմ:
Ես չեմ նայում, բայց օրվա մեջ կգտնվի գոնե մեկը, ով ինձ կպատմի որևէ սերիալ: Ու մի բան եմ հասկացել այդ սերիալներից` կա մի հարուստի տղա, ով սիրում է մի աղքատ աղջկա: Մի ուրիշ հարուստի աղջիկ` սիրում է այդ նույն հարուստի տղային: Այդ տղայի ծնողները ուզում են, որ տղան ամուսնանա հարուստ աղջկա հետ: Տղան դեմ է գնում ծնողներին, փախչում է աղքատ աղջկա հետ: Մի խոսքով, ինչպես կասեր մեր հարևաններից մեկը, «աջըբսանդալ ա, հո կինո չի»:

Դե, հիմա ազնվությամբ ասա` քանի՞ սերիալ մտքիդ եկավ այդ նույն սյուժեով: Ու իմ այս կարծիքը ընդհանրապես կապ չունի այն բանի հետ, որ ես նայում եմ
կորեական և ամերիկյան ֆիլմեր: Ես կինոման եմ և օրս չեմ պատկերացնում, եթե գոնե մի ֆիլմ չնայեմ: Բայց ֆիլմը իր բնույթով այնպիսին է, որ դիտողին մի բան սովորեցնի: Չէ որ այդ ֆիլմ ստեղծողը (կոպիտ բառ էր, բայց դե), որ ստեղծել է ֆիլմը, ստեղծել է նրա համար, որ դիտողը մի բան սովորի և մտածի կյանքի մասին: Ես կարող եմ ազնվությամբ ասել, որ այն սերիալները, որոնք ես նայել եմ ու նայում եմ, կյանքում ինձ շատ բաներ են սովորեցրել, որոնք, իմ կարծիքով, ես հայկական սերիալներից չէի կարող սովորել: Ես ընդհանրապես չեմ նեղվում, այլ ընդհակառակը, ուրախ եմ, որ ոչ ոքի նման չեմ, ես տարբերվում եմ: Սև ագռավների մեջ ես սպիտակ եմ:

Հ.Գ. Եթե դու չալարեցիր և կարդացիր, շնորհակալություն, բայց եթե դու դեմ ես իմ կարծիքին, գրիր պատասխան հոդված և պատմիր, թե ինչ ես սովորել հայկական սերիալներից: Միգուցե այդ նյութից հետո կփոխեմ իմ կարծիքը: Դժվար, բայց դե…

hovik vanyan

Մերօրյա խառնուրդներ

Մեր օրերում տղաները բաժանվում են երեք խմբի՝ «քյարթուներ», «ժամանակակիցներ» և սրանց խառնուրդը` «ժամանակակիցաքյարթուներ», որն ամենաանտանելին է:

Մի անգամ քայլում էի մեր գյուղի փողոցներով, մեկ էլ հանկարծ լսեցի, թե ինչպես մի «քյարթու» տղա հետևիցս ասաց. «Հլա նրա հագի շորին»: Իհարկե, այսպես ասած՝ բանի տեղ չդրեցի, ինչպես որ միշտ եմ անում: Դե՛, ինչպես հասկացաք, ես «քյարթուների» խմբին չեմ պատկանում:

Նման դեպքերի մեր գյուղում շատ կհանդիպեք, սկսած մարդկանց հետևից բամբասելուց, վերջացրած դիմացինին ձեռ առնելը: Միշտ տեսնելով նման դեպքեր` իմ մեջ փորձում եմ վերլուծել, թե ինչպես կարող է մարդն այդպես պահել իրեն: Մտածում եմ, որ անցյալից եկող կարծրատիպերն են խառնվում ներկայի հետ, ու միասին դառնում մահացու թույն: Ինչևէ, փորձում եմ միշտ արհամարհել, բայց լինում են պահեր, որ իմ ներսում չեմ կարողանում հաղթահարել այդ ամենը:

Ապագաս պատկերացնում եմ իմ «գծագրած» աշխարհում, որտեղ բոլորը մտածում են ժամանակակից ձևով, ու չկան կարծրատիպեր: Բայց հետ դառնալով անցյալին` (ինչքան էլ որ փորձում եմ հետ չդառնալ), տեսնում եմ այս երկուսի խառնուրդը, որը նույնպես «ժամանակակիցաքյարթուի» նման անտանելի է: Բայց եթե յուրաքանչյուր բանական մարդ մտածի այս կյանքը գեղեցիկ ապրելու մասին, չեն լինի նման տհաճ խառնուրդներ:

Սերը

Ամսի եսիմ քանիսն է, ժամը 2 -ը, ու ես չեմ կարողանում քնել: Իմ կյանքի դժվարությունները սկսել եմ գնահատել: Նրանք ուժ են տալիս՝ ստեղծագործելու, միգուցե, դրա համար են դրանք իմ կյանքում այսքան շատ, ո՞վ գիտե:

Երբ քննություններ չունես ու մնում ես դու քեզնով, սկսում ես մտածել անձնականիդ մասին, ու արդեն դա է սկսում նվագել նյարդերիդ վրա:

Լուսանկարը` Դավիթ Չիլինգարյանի

Լուսանկարը` Դավիթ Չիլինգարյանի

Գիտեք, շատ եմ մտածում մարդկանց սիրելու կամ սիրվելու կարողության մասին: Եվ հարց է ծագում, թե մարդիկ ինչո՞ւ են սիրում կամ սիրվում, առանց պատճա՞ռ, թե՞ դա պայմանավորված է արտաքին գեղեցկությամբ, կամ միգուցե աչքերի մաքրության մեջ արտահայտված հոգին ու բարությունն են ազդակ ուղարկում հակառակ սեռին՝ ստիպելով սրտին արագ բաբախել. դժվար է ասել:

Կարող ես թվարկել 100 պատճառ ինչ-որ մեկին սիրելու և, ընդհակառակը, ոչ մի պատճառ նրան չսիրելու համար: Կարող ես սիրել միանգամից, պատահականորեն, ակնթարթային և անկանոն, առանց հաշիվ: Այդպես է ասում իմ սիրտը: Մինչդեռ  միտքս սաստում է՝ ասելով, որ շատերի սերը նիզակ է` արձակված սրտին՝ գնահատելով արտաքին գեղեցկությունը, ոճը, ոտքերը, լավագույն դեպքում, ժպիտը, սակայն դա էլ է ատացոլանք՝  դուրս եկած հոգուց:

Իրականում սիրող էակնեը լինում են շատ տարբեր, ինչպես նշված է Աստվածաշնչում, այր ու կին՝ մի մարմին: Նշանակում է` առանց միմյանց նրանք կես մարմին են՝ թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես անջատված մարմիններ, հետևաբար, տարբեր արժեքներից: Ամեն մեկը մեկի մոտ է գտնվում: Եվ դա է պատճառը, որ  սիրեցյալներից ամեն մեկը գնահատում և հավանում իր սիրելիի այն հատկանիշները, որոնք ինքը չունի: Դա երևի կյանքի պարադոքսներից մեկն է:

Սերը միակ բանն է, որ կարող է քեզ կտրել ներկայից, քաոսից ու տանել ապագա, առանց թևերի քեզ տիեզերք հասցնել, ստիպել առանց ձայնի երգել, առանց ցատկի ցատկոտել և առանց տանջանքի երազել:

Եղե’ք այնպիսին, ինչպիսին կաք, չէ որ դուք ինչ-որ մեկի կեսն եք, թույլ տվեք նա գտնի իր կեսը ձեր մեջ:

aharon sahakyan

Ես ձանձրանում եմ

Ես երբեմն շատ եմ տխրում: Եվ կարծում եմ որ ունեմ դրա համար շատ լուրջ պատճառ: Եվ պատճառն այն է, որ ես մեր ընտանիքում միակ երեխան եմ: Շատերը կարդալով գրածս երևի կզարմանան, մտածելով` դրանից էլ լավ բա՞ն: Չէ որ ամեն ինչ միայն իմն է, ամեն ինչ արվում է ինձ համար և ամենակարևորը` բոլորի ուշադրության կենտրոնում միայն ես եմ: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Ճիշտ է, չեմ թաքցնի, սրանից մի քանի տարի առաջ ես էլ այդպես էի մտածում, և նույնիսկ երբ ինձ հարցնում էին, թե ցանկանում եմ եղբայր կամ քույր ունենալ, ես վստահաբար պատասխանում էի` ոչ, քանի որ տեսնում էի, որ ընտանիքս ինձ համար ոչինչ չի խնայում, անում է ամեն ինչ, որպեսզի ես ոչնչի կարիք չունենամ, և բոլորը նախանձում են ինձ: Բայց տարեցտարի մեծանալով ես զգացի, որ ինձ քույր ու եղբայր ուղղակի անհրաժեշտ են:

Կար ժամանակ, երբ հորեղբորս ընտանիքն ապրում էր մեզ հետ, և նրա երեխաներն ինձ համար հարազատ քույր ու եղբորից չէին տարբերվում: Եվ այդ ժամանակ ես բոլորովին չէի մտածում այդ ուղղությամբ, քանի որ կարծում էի` նրանք միշտ ինձ հետ կլինեն: Սակայն ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ նրանք տեղափոխվեցին Իսպանիա` մշտական բնակության: Սկզբում ինձ համար շատ դժվար էր, ոչ մի կերպ չէի հարմարվում նրանց բացակայությանը, սակայն մխիթարում էր այն փաստը, որ հորաքրոջս երեխաները կլրացնեն այդ բացը: Բայց դա էլ կարճ տևեց: Նրանք էլ մեկնեցին ԱՄՆ: Այնուհետև մեկնեց մորաքրոջս ընտանիքը, և հենց այդ ժամանակ ես հասկացա, որ միայնակ եմ, ու շատ տխուր է ինձ համար: Ճիշտ է, ես թե բակում, թե դպրոցում ունեմ շատ լավ ընկերներ, ովքեր ոչնչով չեն զիջում հարազատ քույր ու եղբորը, բայց միևնույն է, ես զգում եմ նրանց կարիքը:

Գրելով այս մասին ես իմ հոգու խորքում չեմ դադարում մտածել, որ կգա այդ բաղձալի պահը, և գոնե զարմիկներս կվերադառնան, ու մենք միասին կլինենք: