Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

vahe stepanyan

Խոսքը այլ բանի մասին էր

Երևի բոլոր մարդկանց մոտ էլ էդպես ա: Երբ ուժերի գերլարումով, ինքդ քեզ խաբելով, մի կերպ նստում ես դաս անելու, պարտադիր պայման ա, որ «ֆոնի վրա» հեռուստացույցից ինչ-որ ձայներ դուրս գան: Ու հեչ էլ կարևոր չի, թե ինչ են ցույց տալիս: Կարող ա լինի` լուրեր, ինչ-որ ֆիլմ, հաղորդում… Ու կարող ա լինի հայկական սերիալ: Հիմա կասեք, որ «մեյնսթրիմ» ա. եկավ հայկական սերիալները «քլնգի» ու գնա: Չէ, չէ: Ուրիշ բան եմ ուզում ասել:

Ամեն միջին վիճակագրական տան մեջ, ամեն օր գալիս ա էն պահը, երբ մայրիկները ու տատիկները կազմում են «սերիալային կոալիցիա», գրավում են հեռակառավարման վահանակը (թող ինձ ներեն ոսկեղենիկ հայերենի բոլոր ջատագովները, բայց, էս ի՞նչ հիմար բառ ա) ու հյուրասենյակում զբաղեցնում այնպիսի մի դիրք, որտեղից հեռուստացույցի վրա կբացվի հրաշագեղ տեսարան: Ու գնա՜ց: Կոտրված սրտեր, խեղված ճակատագրեր, ես քո հորեղբայրն եմ, ես էլ քո մորաքույրը: Ու էսպես շարունակ: Լավ, ես դրա մասին չէի ուզում գրել:

Չնայած առիթից օգտվելով հայկական հեռուստաընկերություններին կխնդրեմ, որ էդ ձեր գրողի տարած սերիալների ժամերը փոխեք: Գիշերվա 4-ին, օրինակ, որ ես քնած լինեմ: Կամ էլ ցերեկը՝ 2-ի մոտերը, որ տանը չլինեմ: Համ էլ էդ ժամին 2×2-ով կարգին սերիալ ա գնում: Փոխեք ժամը, թողեք ես էլ հեռուստացույց նայեմ մեկ-մեկ: Լավ շեղվեցի:
Հա: Ուրեմն նստած անգլերենի պարապմունք եմ անում: Ու մեկ էլ սկսվեց աշխարհի ամենահիմար երկխոսությունների ժողովածուն: Էլ չեմ ասում հերոսների էն «բարձրաձայն մտածելակերպի» մասին: Դե արի ու դիմացի: Սրանից մենակ մի պրծում կա: Ականջակալներս դրեցի: Մի 5 րոպե ինձնից գոհ գրում եմ: Հետո կարդում եմ:
Mafia is famous party game created in the USSR in 1986. It models a sky full of stars, cause you’re sky full of stars. I’m gonna give you my heart …
Էս ի՞նչ եմ արել: Coldplay-ի երգի բառերը խառնել եմ Mafia-ի մասին տեքստին: Ըհ: Լավ էլի: Ականջակալներով դաս անելը անհնար բան ա: Սենց չի լինի: Հանում եմ ականջակալներս ու ստիպված «սերիալ լսելով» եմ գրում: Վերջում ստուգում եմ: Լավ ա: Վազգենի ու Աստղիկի (այստեղ կարող է լինել ձեր սիրելի «սերիալային ընտանիքը») ընտանեկան վեճը չեմ խառնել տնայինիս:
Ու էսպես ամեն օր լսում եմ էդ սերիալները ու հիշում ամեն ինչը մինչև վերջին դետալը: Ու երբ դասարանում կռիվ են անում, թե ով ում ա սպանել սերիալում, կամ ով ում երեխան ա, կողքից լսելով «նրանց ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը սերիալներին» մեջ եմ մտնում ու տալիս ճշգրիտ ինֆորմացիա: Նրանք ցինիկ հայացքով նայում են ինձ ու ոչ պակաս ցինիկ տոնով ասում են.
-Բա հետո էլ ասում ես` սերիալ չեմ նայում. հենա մեզնից լավ գիտես:

Ու իմ պատասխանը՝ «չեմ նայում է, լսում եմ, էն էլ իմ կամքից անկախ», ոչ-ոք չի լսում:

Խոսքս հղում եմ ձեզ: Էդ ձեր սերիալները մի քիչ ուշադիր նայեք: Թե չէ կողքից ապատեղեկատվություն լսելն ու կուլ տալը իմ ուժերից վեր է: Մի ստիպեք ինձ ուղղել ձեզ: Ես մեղավոր չեմ, որ նույնիսկ չիմանալով սերիալի անունը, ամբողջ սցենարը անգիր գիտեմ:

Հ.Գ. Եթե այս նյութում ես վիրավորում եմ ձեր սիրելի հայկական սերիալները, իմացեք, ես … Ես չեմ պատրաստվում ներողություն խնդրել ձեզնից: Հեհե: Էդ էր պակաս: «Զիբիլ» ա էլի , հո սուտ չե՞մ ասում:

amalya harutyunyan

Չէ որ դու 12 ես

Երեկ, երբ բացեցի աչքերս, առաջին դասարան էի, մի քանի ժամ հետո արդեն 8-րդ, իսկ հիմա, երբ ժամանակն ինձնից առաջ է ընկել ու վազում է, ես չգիտեմ, թե ինչ հրաշքով 12-րդ դասարանում եմ հայտնվել:
Կասեք` ինչ կա որ, մենք էլ 10-ում ենք կամ 11-ում, 9-րդցիներն էլ կասեն` շուտով մենք էլ ենք ավարտում:
Իսկ ես կպնդեմ, որ մեկ է`12ը շատ-շատ ուրիշ, խառը և միաժամանակ հետաքրքիր շրջան է:
Հենց 12-րդ դասարանում են բոլոր մտքերդ խառնվում իրար, մի մեծ հանգույց դառնում, ու դու չգիտես` որտեղից քանդել կամ բացել այն: Իսկ միգուցե ճար չգտնելով կտրե՞ս հանգույցը: 12-րդ դասարանում են բոլոր երազանքներդ ու նպատակներդ միախառնվում իրար, ցանկություններդ քեզ հանգիստ չեն տալիս:
Հենց 12-ում ես հասկանում, որ աշխարհի բոլոր մասնագիտությունները քեզ համար են, ու դու չես կարողանում ընտրել որևէ մեկը, կամ հասկանում ես, որ ոչ մի մասնագիտություն այս աշխարհում չկա քեզ համար, ու դու առանձնահատուկ մի բան ես փնտրում:
12-րդ դասարանում դպրոց չես ուզում հաճախել, խուսափում ես դասերից, չես գնում դասին ու ամբողջ միջանցքով թափառում ես ու չես էլ հասկանում, որ վերջին մի քանի անգամն ես նստում դպրոցական նստարանին, որ կավիճները վերջին անգամ են սխալ գրելու, որ դասարանցիներդ վերջին անգամ են սխալ հուշելու, որ դասերին թաքուն վերջին անգամ ես նյութ գրելու, որ վերջին անգամ է 45 րոպեն հավերժություն թվալու:
12-րդ դասարան, այն դասարանն է, երբ դու վստահ ես, որ չես կարոտելու դպրոցը, բայց ինչ-որ տեղ նրան միշտ հիշում ես:
12-ը ամեն ինչ խառնելու ու նորից դասավորելու դասարանն է: 12-ը երազանքներդ նպատակ դարձնելու ու նրանց ավելի մոտ գտնվելու ժամանակն է:
Հույզերդ, հույսերդ խառնելու, վհատվելու և ուրախանալու, ժպտալու և լացելու տարիքն է, գրքերն ու տետրերը մի կողմ շպրտելու, ամեն ինչում շտեմարաններին մեղադրելու, ուժերիդ հավատալու, ու քեզ նորից վերագտնելու հատվածն է:
12-ում հասկանում ես, որ չափից շատ բան ես ցանկանում, ուզում ես օրերիդ մեջ տեղավորել անհնարինը ու հասնել ամենին, իսկ ժամանակը մեծ արագությամբ սլանում է` չսպասելով քեզ:

12-ը անվերջ պարապելու, քեզ շատ բաներից զրկելու, հնարավորություններդ բաց թողելու, մինչև կեսգիշեր դաս անելու ու քունը կարոտելու, բայց միաժամանակ, երազանքին հասնելու դասարանն է:

Դու չես հասկանում` այլևս մեծ ես, թե փոքր, քեզ մի քանի ամիս է մնում վերջնական մեծահասակ դառնալու համար, իսկ քո պատկերացումներում դու ամեն ինչ նոր բացահայտող ու սովորող մեկն ես:
12-ում հասկանում ես, որ կարելի էր դպրոցում դաս սովորել, որ դասագրքերը ուղղակի թերթելու համար չեն, ու մի բան ևս գիտակցում ես` ժամանակը չես կարող հետ բերել, հետևաբար, պետք է հիմա փորձես սովորել:
12-ը քեզ տասնյակ անգամներ կորցնելու ու տասնյակ անգամներ վերագտնելու, ուժերդ չգնահատելու ու նորից ուժերիդ հավատալու մի մեծ պայքարի ժամանակն է:
Ու հոգ չէ, եթե հիմա էլ բացել ես շտեմարանը ու կանգ առել, հոգ չէ, որ հոգնել ես անվերջ վազվզոցից ու անընդհատ պարապելուց, հոգ չէ, որ դու հիմա վերև ես բարձրանում ու ընկնում ես, որ քեզ կորցնում ու լաց ես լինում, որ մի քանի րոպե հետո ժպտում ես, հոգ չէ, որ ցանկություններդ չափից շատ են, երազանքներդ` էլ ավելի ու ընդհանրապես, կարևոր չէ, որ ճանապարհն էլ մի փոքր հոսանքազրկվել է, ու մութ է: Կարևոր չէ, որ այս ժամանակահատվածում թողնում են շատերը, ու շատերն էլ գտնում քեզ, կարևոր չէ, որ քեզ ասում են` չես կարող, կարևորը, որ դու հավատում ես:
Հոգ չէ, որ պետք է մի քանի ամիս համառ պայքարես, չէ որ դու 12 ես…

hripsime baloyan

Թռիչք դեպի Մոսկվա

Թռիչք դեպի Մոսկվա. ընդամենը 10 000 դրամ: Վերջին օրերին ամենաշատ լսովող նախադասությունը, թե` հեռուստացույցով, թե` ռադիոյով, և թե` բանավոր:

Գյումրեցիների երկխոսության բովանդաութունը այս շաբաթվա ընթացքում հետևյալն է եղել.

Հարևաններ

-Քա, իմացե՞լ ես. տասը հազարով Մոսկվա կթռցնեն:

-Ի՞նչխ թե:

-Չե՞ս լսե, սաղ օրը տելեվիզրն էդ կըսե:

-Վայ, վադ եմ: Էս ինչ լավ բան սեցիր, կթռնիմ մարդուս, տղուս, աղջկաս, քրոջս, աղպորս կտեսնիմ: Քանի տարի է` չեմ տեսել:

-Կարող ա թռնիս` դու էլ ետ չգաս:

Աշակերտներ

-Իմացե՞լ ես ինչ է եղել. 10 000-ով Մոսկվա կռնանք սամալյոտով թռնինք, բայց առանց վեշ:

-Հա, ես գիտեմ:

-Լավ կեղներ, չէ՞, էքսկուրսիա կազմակերպեինք: Նույն օրը թռնեինք, նույն օրն էլ հետ գայինք: Մեկ է, նույն գինը գուկա: Լավ է Մոսկվան տեսնինք, քան պոեզով Երևան երթանք:

-Հա, ճիշտ ես: `Արի դասղեկին համոզենք:

-Է… Խելռա՞ր:

Ընտանիքի անդամների զրույցը, որոնցից մեկը Մոսկվայում է, իսկ մյուսը` Հայաստանում

-Ալո, այ տղա, աչքդ լուս: Էս Նոր տարուն գուկաս, կամ ես գուկամ` իրար հետ կնշենք Նոր տարին: Կռնա` երեխեքին էլ բերեմ:

-Սկսվավ էլի…

-Մինչև վերջ լսե. տասը հազար դրամ է ստեղից Մոսկվա:

-Ըբը, որ թռնիմ գամ, ու հետո թանկցնեն տոմսերը, ի՞նչխ բդի ետ գամ: Չես մտածե, չէ՞, էդ մասին:

Այս ցանկը կարող եմ անվե~րջ շարունակել, բայց այսքանն էլ է հերիք Գյումրիում տիրող «տոնական» տրամադրությունը ներկայացնելու համար:

davit avagyan

Մի տխուր պատմություն

Դեկտեմբերի 31-ի գիշերը, երբ ընկերներով գնացել էինք ակ վառելու, ընկերս մի տխուր պատմություն պատմեց:

«Մի օր ես, հայրս, եղբայրս ու հորեղբորս տղաները նստած էինք վառարանի մոտ և զրուցում էինք բանակային կյանքի մասին: Հենց այդ ժամանակ հայրս պատմեց մի դեպք, որ ոչ մի կերպ չեմ կարող մոռանալ:

-Սեպտեմբեր ամիսն էր: Կանգնած էինք խրամատում ես ու ծառայակից ընկերս: Մոտակա թփի հետևից հանկարծ լսվեց տարօրինակ խշխշոց: Լռեցինք: Մեր լռելուն զուգընթաց լռեց նաև խշխշոցը: Ընկերս փորձեց առաջ գնալ, բայց չթողեցինք: Սպասեցինք 10–20 րոպե: Ձայն չկար: Ընկերս բարձրացրեց գլուխը ու հանկարծ…

Չկարողացավ հայրս զսպել արցունքները և գնաց դուրս: Կանգնած էր նա պատշգամբում, ինչ-որ նախադասություն արտասանելով նայում էր դեպի երկինք և արտասվում: Երբեք չէի տեսել տղամարդու այդպիսի լաց: Տուն մտավ նա կրկին և շարունակեց պատմությունը:

-Եթե ընկերս չբարձրանար պառկած տեղից ու չնայեր, գնդակը ինձ էր կպչելու: Չգիտեմ` մեղավո՞ր եմ արդյոք, թե՞ չէ, բայց չեմ կարողանում ներել ինքս ինձ, որ չկարողացա հետ պահել նրան այդ քայլից:

Այնքան հուզված էի այդ պատմությունից: Այդ պահին հայրիկս ասաց.

-Կյանքում ուր էլ գնաս՝ տղաս, չմոռանաս, որ ամենաթանկը կյանքում լավ ընտանիքն ու հավատարիմ ընկերներն են…»

Երբ ընկերս պատմեց այս պատմությունը, բոլորիս տրամադրությունը ընկավ: Երևի էդպես է. մեր կյանքի ամենաուրախ պահերին պիտի հիշենք ամենատխուր պահերը և նրանց, ովքեր հանուն մեզ զոհվեցին:

serine harutyunyan

Կօգնես, չէ՞…

Երևի ամեն մեկս մի տեղ ունենք, որտեղ սովորաբար գրում ենք մեր նյութերը: Առաջ, երբ ինչ-որ մեկն ինձ ասում էր, որ իր նյութերը միշտ նույն տեղում է գրում, այսպես ասած, իր «աշխատասենյակում», զարմանում էի: Մտածում էի` ինչ հետաքրքիր կլինի. ամեն անգամ նույն տեղում, իսկ ես որտեղ պատահի` գրում եմ. տանը, դպրոցում, մեքենայի մեջ, որտեղ պատահի…

Բայց հիմա զգում եմ, որ մի «աշխատասենյակ» էլ ես ունեմ: Դե, աշխատասենյակ հարաբերական է ասված: Աշխատասենյակներս ամեն օր նույնը չեն: Միշտ փոփոխվում են: Փոփոխվում են նրանց գույնը, ձևը, արագությունը… Հա՜, հա՜, իմ աշխատասենյակներն անգամ արագություն ունեն: Աշխատասենյակներիս արագությունը բնակելի վայրերում 70կմ/ժամից ոչ ավելի է: Չնայած, մնացած վայրերում էլ նախընտրելի է չգերազանցել այդ արագությունը: Երևի արդեն պարզ է, չէ՞: Աշխատասենյակներս ավտոմեքենաներն են, որոնցով պարապմունքի եմ գնում: Շաբաթական 6 օր, այն էլ՝ այլ բնակավայրում պարապմունքի գնալով, տանը ազատ ժամանակ չեմ ունենում, առնվազն 5-6 ժամ էլ անց եմ կացնում ավտոմեքենայի մեջ: Սա է պատճառը, որ ցանկացած մեքենա օգտագործում եմ որպես աշխատասենյակ: Մեկ-մեկ սկսում եմ հոգնել իմ անընդհատ փոփոխվող աշխատասենյակներից: Աշնանային եղանակին շուրջս նայելն ու Տավուշիս անկրկնելի բնությամբ հիանալն ինձ մի տեսակ հանգստացնում է, ստիպում է աշխարհին այլ աչքերով նայել: Ամենուր կարմիր, դեղին, նարնջագույն, տեղ-տեղ էլ դեռևս կանաչ… Ինչքա՜ն գունավոր է ամեն ինչ, ինչքա՜ն գեղեցիկ… Ասես հեքիաթում լինեմ… Սիրում եմ իմ գունավոր հեքիաթը… Բայց, հեքիաթներում մարդիկ էլ, չէ՞, բնության նման գունավոր են լինում: Բնության նման գունավոր ու պարզ, գունավոր ու փայլուն աչքեր են ունենում, գունավոր ժպիտներ: Իսկ իմ հեքիաթի մարդկանց ժպիտները գունավոր չեն, անգույն են, եթե իհարկե դրանք երբևէ գոյություն են ունենում: Վերջերս անգամ անգույն ժպիտներն են ուշ-ուշ աչքովս ընկնում:
Արի` միասին քայլենք մի քիչ, գնանք, ու դու էլ կտեսնես գունավոր բնության ու անգույն ժպիտների համադրությունը: Եկա՞ր, դե՛, գնացինք… Ա՛յ, ծառի տակ նստած այն երկու աղջիկներին տեսնո՞ւմ ես, նայիր նրանց աչքերին: Նկատեցի՞ր տխրությունը, չնայած, ի՞նչ եմ ասում, ո՞վ չէր նկատի… Լավ, առաջ գնացինք, նայիր այն փոքրիկ տղային: Հա՜, հա՜, նրան, որ դույլը ձեռքին բարձրանում է ձորակից: Երևի ջուր բերելու է գնացել: Նրա դեմքին էլ ժպիտի նշույլ չի նկատվում: Դե՛, ծուլություն մի արա, արի՛… Տեսնո՞ւմ ես, քիչ այն կողմ ինչ-որ կին է կանգնած: Արդեն քանի օր է հանդիպում եմ նրան նույն տեղում: Նայիր գետնին դրված դույլերին, կարտոֆիլ է վաճառում, ու արդեն քանի օր է այս ցուրտ եղանակին նույն դույլերի մոտ կանգնած է, երևի չափից շատ է հոգնել, թեկուզ անգույն ժպիտ ունենալու համար: Է… Արի՛, մի՛ կանգնիր, արդեն հոգնե՞լ ես, մի քիչ էլ գնանք, այնտեղ նստարաններ կան, կնստենք: Նայիր այն տղամարդուն՝ գազալցակայանում՝ այն սև մեքենայի կողքին, նրան, որ ձեռքերը գրպաններում դրած կանգնած է, երևի լցակայանի աշխատողն է, ստիպված է ամեն օր այդ թունավոր օդը շնչել, ամեն օր ձեռքերը գրպանում դրած ցրտից դողալ: Երևի հոգնել է իր աշխատանքից, ու առանձնապես ժպտալու առիթ էլ չունի… Չնայած, ամեն դեպքում, կարելի է, չէ՞, գոնե մեկ-մեկ ժպտալ… Հասանք: Ահա իմ ասած նստարանը, նստիր: Տեսնո՞ւմ ես, ինչքա՜ն տխուր են իմ հեքիաթի մարդիկ… Տեսար, չէ՞…

Կօգնե՞ս ինձ իմանալ, թե ինչ է պետք նրանց գոնե մի քիչ, գոնե անգույն ժպտալու համար… Կօգնես, չէ՞…

meri gevorgyan portret

Անընդհատ նվազող դասարանը

Ծը~լնգ, ու էլի հնչեց դասի զանգը, ու մենք բոլորով նստեցինք դասի:

-Ո՞ւր են աշակերտները,- ներս մտնելով հարցրեց ընկեր Պողոսյանը:

Բոլորս լուռ նստած նայում էինք նրա դեմքին:

-Լավ, փաստորեն բացականեր ունեք, այսօր չենք գրի թեմատիկ աշխատանք, իսկ ովքե՞ր են բացակա:

Ես միանգամից տեղիցս վեր թռա:

-Ուրեմն ասեմ, ընկեր Պողոսյան, երբ 5-րդ դասարանում էինք, մեր շատ սիրելի Արթուրի ընտանիքը որոշեց մեկնել Ռուսաստան, որովհետև գյուղում աշխատանք չկար, և նրանք չէին կարող ապրել այդ պայմաններում: Մենք շատ լաց եղանք, Արթուրն էլ չէր ուզում գնալ:

6-րդ դասարանում Դավիթի ընտանիքը որոշեց հեռանալ գյուղից, նույնպես աշխատանք չունենալու պատճառով: Մենք էլի լաց եղանք, Դավիթն էլ չէր ուզում գնալ:

7-րդ դասարանում գյուղից հեռացան Բաբիկենց և Սառայենց ընտանիքները, նրանց խնդիրն էլ էր դա: Մենք շատ երկար չէինք հաշտում նրանց հեռանալու մտքի հետ:

Ու անպայման ուզում եմ ասել, որ մենք շատ արագ նվազող դասարան ենք, բայց դեռ 9-րդ դասարանում ենք: Մինչև հասնենք 12-րդ դասարան, էլ աշակերտ չի մնա, ու դուք նույնպես ստիպված կլինեք լքելու գյուղը` «աշխատանք չունենալու պատճառով»:

Ընկեր Պողոսյանը զարմացած ու տխուր նայեց մեզ: Բոլորս լուռ էինք:

-Այսօր թեմատիկ աշխատանք չենք գրի…

nina arsutamyan portret

Սևան մեդիա ճամբար. Եվ որտե՞ղ է լավ

Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս, թե որտե՞ղ է կյանքը ավելի երջանիկ, և արդյո՞ք քեզ շրջապատող միջավայրը կարող է քեզ փոխել: Ապրելով գյուղում, երբեմն ինձ թվում է, որ կյանքը ժամանակ առ ժամանակ կանգ է առնում, քանի որ բնակչություն չկա, բոլորը գնում են քաղաք, իրենց հետ տանելով իրենց երեխաներին` իմ ընկերներին, և մեզ` գյուղի երիտասարդներիս, անելու ոչինչ չի մնում: Մինչդեռ քաղաքում զբաղմունքը ավելի շատ է, երեխաները իրենց բավարարված են զգում, սակայն չեն կարողանում հասկանալ, թե որն է իսկական մանկությունը: Իսկ գյուղում ապրող երեխաները վայելում են մանկության ամեն մի պահը ոչ բարենպաստ պայմաններում: Քաղաքում հետաքրքրությունների շղթան ավելի երկար է:

Ժամանակ է գալիս, որ հասկանում եմ, թե ինչքան կարճ ժամանակ է մնացել, որ ես հեռանամ գյուղիցս, որպեսզի ուսումս շարունակեմ: Հենց այդ փաստն է, որ ինձ էլ ավելի է կապում գյուղիս և գյուղիս մարդկանց հետ: Իսկ հետո ժամանակ է գալիս, որ մտքումս ինքս ինձ հետ վիճում եմ, որ պետք է գնամ քաղաք և ապրեմ լավ ու գունավոր աշխարհում: Երբեմն էլ ժամանակ է գալիս, որ ցանկություն չունեմ նույնիսկ մի քայլ անգամ դնել գյուղիցս դուրս, քանի որ գյուղում եմ ծնվել, իմ կյանքի մեծ մասը ապրել եմ այնտեղ, սկսել եմ խոսել, ծիծաղել: Հենց այստեղ է կյանքիս ամեն մի դրվագը, ամեն մի վայրկյանը, ուրախ թե տխուր օրերը անցել: Երբեմն էլ ափսոսում եմ գյուղից քաղաք տանող այդ երկար ու ձիգ ժամերի համար, որոնք ինձ բաժանում են իմ գյուղից:

Իմ մտքերն իրար հակասում են: Բայց մի օր պետք է, ցավոք սրտի, հեռանամ: Ւսկ ո՞ւր գնամ, որպեսզի նույն շրջապատը, նույն ժամանակները լինեն:

Չէ որ չեմ կարող իմ սիրելի մարդանց հետս քաղաք տանել, իմ սիրելի միջավայրը, գյուղի մաքուր օդը և գյուղական, ընկերական ու բարի միջավայրը քաղաք տեղափոխել:

Ինձ հետ կգան միայն կարոտով լցված իմ հուշերը: Ինչքան էլ ինձ ասեն, որ քաղաքում կյանքը ավելի լավ է, հետաքրքիր: Համամիտ եմ, բայց արդյո՞ք ես կարող եմ ինձ ազատ զգալ, զգալ ինչպես իմ գյուղում եմ ազատ զգում:

Ես ուղղակի քաղաքում կլինեմ «վանդակում փակված թռչուն», ով ուզում է դուրս գալ, վայելել իր ազատությունը, պարզել իր թևերը, որպեսզի ճախրի և սավառնի անծայրածիր և անուշ բույրով օծված օդում:

Եվ այս ամենից հետո իսկապես մեծ հարց է ծագում. և որտե՞ղ է լավ:

gayane harutyunyan

Սևան մեդիա ճամբար. Մեր գյուղի կանանց կյանքը

Գեղարքունիքի տարածաշրջանում կանանց կյանքը շատ դժվար է: Երբ գյուղացի տղամարդիկ մեկնում են արտերկիր` աշխատանքի, ամեն ինչ մնում է կանանց ուսերին: Նրանք կատարում են ոչ միայն կանանց բնորոշ տնային գործեր: Նրանք կատարում են տարբեր ու շատ դժվար գործեր: Կատարում են այն գործերը, որոնք պետք է կատարեն տղամարդիկ, թե հողագործություն, թե խոտ հնձել, թե’ մեքենայի վրա խոտ բարձել, և կանայք չեն խնայում իրենց: Դրա համար էլ շուտով ունենում են առողջական խնդիրներ: Կանանց գործը հեշտանում է այն ժամանակ, երբ տղամարդիկ տուն են վերադառնում: Բայց անկեղծ ասած, ձմռանը այդքան էլ շատ չեն գյուղի գործերը:

Կանայք երկար չեն հանգստանում: Տղամարդիկ ընդամենը 4 ամիս են մնում տանը: Գյուղում մնում են տղամարդկանց մոտ 20%-ը:

Այդ տղամարդիկ հավանաբար երազում են, կուզենան, որ գյուղի ամառը տեսնեն, Սևանում լողանան, նրանք տարիներ շարունակ չեն տեսել գյուղը ոչ ձմռանը, ուստի չեն տեսել նաև իրենց երեխաների մանկությունը, չարաճճիությունը և շատ կարևոր բաներ: Ես կասեմ, որ այդ նույն տանջանքը իմ ընտանիքն է կրում: Նույն իրավիճակում համ տանջվում ենք, համ էլ կատարում: Մայրիկս և հորեղբորս կինը ամեն գործ անում են, իսկ հիմա ունեն առողջական խնդիրներ:

Մենք` երեխաներս, էլ ենք նրանց հետ կատարում տղամարդկային տարբեր գործեր, բայց նրանք ավելի շատ են տանջվում, քան մենք, որովհետև մեր մայրերը ուզում են խնայել մեզ:

Կուզենայի այնպես լիներ, որ տղամարդկանց գոնե կեսը մնային գյուղում և անեին իրենց աշխատանքները Կուզենայի մեր կանանց տեսնել կանացի գործեր անելիս, սիրով շրջապատված, ավելի հանգիստ և առողջ, ոչ թե ժամանակից շուտ ծերացած:

meri gevorgyan portret

Սևան մեդիա ճամբար. Ձկնորսների կյանքը

Առավոտյան ժամը 5-ին, երբ դեռ լույսը ամբողջովին չի բացվել` «մութը գետնին», մեր ձկնորսներն անցնում են ձկնորսական աշխատանքի: Ձկնորսների աշխատանքը եղանակ՝ տաք ու ցուրտ չի հարցնում, քանի որ նրանց ընտանիքի ապրուստի միակ միջոցը ձկնորսությունն է: Ձկնորս լինելը հեշտ է հնչում, բայց այն շատ դժվար աշխատանք է: Մի կողմից ալիքներն են վարարում, մի կողմից` սառը ջուրը, մի կողմից էլ ոչ սարքին վիճակում գտնվող նավակը, որը նրանք պատրաստել են իրենց ձեռքով: Լինում են դեպքեր, երբ քամու հետևանքով խորտակվում են որոշ նավեր:

Թեկուզ նրանց բռնած մեկ ձուկն էլ իրենց համար մեծ ուրախություն է: Բայց գործը միայն ձուկ բռնելով չի սահմանափակվում: Չէ որ դրանք դեռ պետք է վաճառել: Ավելի բարդ գործ է վաճառման ընթացքը: Նրանք իրենց բռնած ձկները վաճառում են մայրուղու վրա: Մոտեցող մեքենաներից դուք կարող եք տեսնել տղաների ու տղամարդկանց` ձեռքները լայն բաց արած և վեր պարզած ցույց են տալիս, որ իրենք ձուկ են վաճառում:

Երբեմն վաճառքը լավ է ստացվում, երբեմն էլ ամբողջ օրը ոչ մի ձուկ չի վաճառում, որը հուսահատեցնում է նրանց:

Նաև լինում են դեպքեր, որ ոստիկանությունը տեսնելով ձկնորսներին, արգելում է շարունակել ձկների վաճառքը: Մինչև ուշ գիշեր մեծ դժվարություններով նրանք կատարում են իրենց աշխատանքը, որից հետո էլ ուշ գիշերը հոգնած վերադառնում են տուն, որպեսզի լուսումութին նորից ծով դուրս գան:

Երբեմն էլ` այլևս չեն վերադառնում…

lilit khlghatyan portret

Ծանր օրեր, որ երբեք չեմ մոռանա

Ապրիլի 2-ն էր` շատ մռայլ օր: Չնայած դրան` ես օրս սկսել էի լավ տրամադրությամբ, սակայն այդ ամենը երկար չտևեց: Ութն անց կես էր, և ես շտապում էի դպրոց: Ամեն ինչ լավ էր, քանի դեռ ես չէի հասել դպրոց: Երբ ներս մտա, ինձ թվաց, թե լրիվ այլ տեղ եմ գնացել, տխուր տեսարանը ինձ վրա շատ ծանր ազդեցություն թողեց: Որոշեցի իմանալ, թե ինչն է դպրոցի այդ մռայլության պատճառը: Չեք պատկերացնի, թե ինչ կատարվեց հետս, երբ լսեցի «պատերազմ» բառը:

Մի կերպ վերջացրի այդ օրվա դասերս և շտապ վերադարձա տուն: Չէի էլ պատկերացնում, թե իսկապես ինչ էր կատարվում: Արագ միացրի հեռուստացույցը, և մարմնովս սարսուռ անցավ, երբ տեսա լրատվամիջոցների տասը րոպեն մեկ հեռարձակվող հատուկ թողարկումները: Ու հասկացա, որ իրավիճակը սպասվածից էլ ծանր էր:

Անհանգստանում էի բոլորի, և հատկապես բանակում ծառայող զարմիկիս համար: Երբ կապ հաստատեցինք Հրայրի մայրիկի` տիկին Սեդայի հետ, նա հուզված մեզ ասաց, որ Հրայրից արդեն մի քանի օր է, ինչ տեղեկություն չունեն: Այդ ամենը լսելուց հետո մենք միայն կարող էինք Աստծուց խնդրել, որ նա և բոլոր զինվորները առողջ հասնեն տուն: Շուտով լուրեր հասան, որ Հրայրը ծանր վիրավորված Մուրացանի հոսպիտալում է: Բժիշկները հույս ունեին, որ նա կփրկվի, բայց վիճակը իսկապես ծանր էր, նա կոմայի մեջ էր, իսկ մենք չգիտեինք էլ, թե ինչքան այդպես կմնա:

Շատ ծանր էին այդ օրերի ընթացքում մեր ապրումները, քնում և արթնանում էինք հոսպիտալի բակում` միշտ սպասելով մի լավ լուրի: Օրերը գնալով երկարում էին, իսկ Հրայրից ոչ մի լուր չունեինք: Մի կերպ գլորելով օրերը, եկավ ապրիլի 7-ը: Հանկարծ զանգեց հայրիկը և ասաց, որ մեր հերոսը բացել է աչքերը: Այդ պահին սիրտս ուրախությունից ուզում էր պայթել. և ինչպես չպայթեր, երբ լսում էի բարեկամիս առողջանալու մասին:

Տիկին Սեդան, ով մեր հայրենիքի համար լույս աշխարհ էր բերել երեք զինվոր, տղայի վերակենդանացման օրը համարեց նրա ծննդյան երկրորդ օրը: Եվ իսկապես, երկրորդ անգամ ծնվեց Հրայրը, այս անգամ միայն ու միայն Աստծո շնորհիվ:

Եղբայրս ուժեղ էր, որ կարողացավ պատերազմել և թշնամու, և մահվան դեմ, և երկու պատերազմներից էլ դուրս եկավ հաղթական դրոշը ձեռքին: Այսօր նա մեզ հետ է և մեր կողքին: Աստված թող պաշտպանի բոլոր զինվորներին: