Կիրակնօրյա ընթերցանություն խորագրի արխիվներ

Anush abrahamyan

Երկրորդ հնարավորություն

Հիմա դու հնարավորություն ունես հագիստ մտածելու, որ սա ես եմ հորինել, և ուշադրության արժանի չէ: Բայց եթե որոշեցիր չվախենալ տողերի քանակից ու կարդալ, ապա մի շտապիր ժամանակից շուտ երևակայել:

«Եթե երիտասարդը համր չլիներ, կկարողանար գոռալ, որ կյանքը հրաշալի է, ու թեև աչքերի առաջ թանձր մթություն է, բայց նա չի վախենում հավատալ լույսին և նրան, որ մի օր կտեսնի արևը, կքայլի նրան ընդառաջ, թեև հիմա հաշմանդամի սայլակի վրա է մաշում տարիները: Միակ բանը, որ կյանքը նրանից չէր խլել, լսողությունն էր: Ամեն օր նա լսում էր գետի ձայնը` նրա մյուս ափին փռված անտառի շշուկների հետ համադրված, լսում էր իր կողքով անցնող թռչնի թևերի ձայնը, ու գետի մյուս ափից ամեն երեկո ջուր խմող եղնիկի քայլերի ձայնը: Իր մտքում նա ուրվագծել էր այդ եղնիկին, որը սև աչքեր ուներ, փափուկ ու սպիտակ խալերով զարդարաված մորթի, և արագավազ ոտքեր, որի հետևանքով շատ շուտ էր թաղվում տարածության մեջ: Ինչևէ: Հուլիս ամիսն էր: Օրը նոր լույս էր հագել, երբ խնդրեց եղբորը իրեն կրկին գետի մոտ բերել: Երբ եղբոր քայլերի ձայնը դադարեց, նա ձեռնամուխ եղավ վաղեմի երազանքի իրագործմանը: Նա չէր ցանկանում այդ օրը ապրել այնպես, ինչպես ապրել էր երեկ և ինչպես պետք է ապրեր վաղը: Ցանկությունը գետի մյուս կողմում հայտնվելու, և եղնիկի ձայնը ավելի մոտիկից լսելու ավելի մեծ էր: Չէ որ իր լսողությունը երբեն ծառայում էր նրան նաև պատկերացնելու համար: Օրինակ, երբ թռչնի թևերի ձայնը ավելի ուժեղ է լինում, նա արդեն հասկանում է, թե ինչ թռչուն է դա, փաստորեն կարող ենք ասել, որ նա կիսով չափ տեսնում է նաև շրջակայքը: Այդ դեպքում ջրի ձայնից ինչո՞ւ չհասկացավ, որ հնարավոր չի լինի անցնել գետը, միգուցե նա հավատում էր իր արածին: Ձեռքերի օգնությամբ անվասայլակը հրեց դեպի գետ: Նրա հույսերն իզուր էին, ջանքերը` ապարդյուն, ձեռքերը մի պահ թուլացան, իսկ ջուրը անխղճորեն հրում էր նրան: Անվասայլակը շրջվեց, նա զգաց միայն հարվածը քարին և այլևս դադարեց որևէ բան զգալուց: Նա մեռավ մի ցանկության իրագործման համար, որ շատերի կողմից հիմարություն կդիտվեր: Ինչո՞ւ, նա էլ բոլորի նման ապրելու հնարավորություն ուներ և պարտավոր էր ապրել»:

-Վերջը հուսամ լավ է ստացվել, Արսեն, ի՞նչ կասես:

Փոքր ինչ լռելուց հետո Արսենն ասաց.

-Կարծում եմ, միայն լսողությունն ու հավատն էլ բավական էին, որ նա ապրի, դու պետք է վերջաբանը փոխես:

-Դե իհարկե ոչ, միայն մեկը բավական չէ ապրելու համար, իսկ հավատը դժվար ձեռքը վզովը գցեր ու ամուր պահեր նրան անվասայլակին:

-Լսիր, Կարեն, դու մի պտղունց լույս դիր վերջաբանի մեջ և կստացվի, հերոսդ կշարունակի ապրել:

Կարենը ընկերոջ հորդորը չհավանելով, խոր հոգոց հանեց;

-Լավ, ինչևէ, հիմա պետք է նոր ձայներիզ գնեմ, երեկոյան գյուղ եմ գնում, մայրս է ուզել:

-Այնուամենայնիվ, կարող ես փոխել, որպեսզի գիշերը հանգիստ քնես, մտածիր այդ ուղղությամբ:

Մեկ ժամ հետո Կարենը արդեն մեքենայում էր: Ստուգեց՝ վերցրել է բնակարանի բանալիները, մի անգամ ևս ստուգեց նոր գնված ձայներիզը, հետո միայն ճանապարհ ընկավ: Ճանապարհը բավականին երկար էր, իսկ գիշերը տարածել էր իր իշխանությունը, դժվար է երթևեկել գիշերով: Մի պահ նրա աչքերը, չդիմանալով կամքի գերագույն լարմանը, փակվեցին: Բայց մեքենայի` ճանապարհին արված անկանոն շարժումները արթնացրին Կարենին: Դա նրա երկրորդ հնարավորությունն էր: Նա, ճակատի սառը քրտինքը սրբելուց հետո, այլևս չքնեց ղեկին: Երբ գյուղ հասավ, արդեն լուսացել էր: Մտավ Ուսուցիչների փողոց, որի ամենածայրին գտնվող կիսաքանդ տունը իրենցն էր: Կանգնեցրեց մեքենան ու տուն մտավ: Հյուրասենյակից ձայներ լսվեցին:

-Դեռ վաղուց էր անբախտ, այդքան երիտասարդ ամուսինը մեռավ, հետո տղան թողեց ու գնաց քաղաքում ապրելու

-Հա, բայց տղուն շատ էր սիրում

-Ասում են, պետք է էս քանի օրը գյուղ գար:

Կարենը արագ հյուրասենյան մտավ, որը լիքն էր մարդկանցով, ծեր կանանց աչքերում միայն արցունքներ տեսավ, որովհետև ի զորու չէր նրանց աչքերում թաղված ափսոսանքը տեսնելու: Դա նրանից էր, որ նրա էությունը կույր էր: Արուսը լավ կին էր, իսկ նրան սպանողը կաթվածն էր…

…Եթե դուք հմարձակություն ունենաք պատկերացնելու գյուղի այդ փոքրիկ գերեզմանատունը, որտեղ շիրմաքարերը բնության ապտակներից չափազանց դեղնել են, հնարավորություն չտալով նույնիսկ կարդալ անուններն ու տարեթվերը, կտեսնեք այնտեղ Կարենին, իր ծնողների գերեզմանի առջև: Այդտեղ նա մի քանի խոսք ասաց, որոնք այդպես էլ չլսվեցին, հավանաբար դա նրանից էր, որ նրա էությունը համր էր: Գրական փորձերը անհաջողության էին մատնվում, աշխատանքը չնչին էր վարձատրվում, իսկ ծնողները նրան թողել էին միայն գյուղի կիսաքանդ մի տուն, որը վաճառելու փորձերը անհաջողության էին մատնվել: Այդ մտածմունքներով էլ հանեց դեռ ծոցագրպանում գտնվող ձայներիզը և զայրացած դեն նետեց…

Մի քանի օր գյուղի այդ տան լույսը վառ մնաց, իսկ հաջորդ օրը Կարենը փակեց դուռը, բանալին հանձնեց հարևանուհուն և պատրաստվում էր հեռանալ, երբ ինչ-որ մեկը նրա հետևից կանչեց.

-Եթե ինձ մի քիչ գումար տաս, ես սա կտամ քեզ,- Կարենը շրջվեց:

Նրա առջև 7-8 տարեկան մի երեխա էր, չափազանց նիհար, նրա վերնաշապիկը հազիվ էր երևում վրան, բոլոր կողմերից պատռված ու կեղտոտ էր: Տաբատը արդեն արունլվա եղած ծնկները չէր ծածկում:

-Դա ձայներիզ է:

-Լավ, ուրեմն ձայներիզը քեզ կտամ, եթե ինձ մի քիչ գումար տաս:

-Ես գումար չունեմ,- Կարենը շրջվեց ու քայլեց դեպի փողոցի այն կողմում կանգնեցված մեքենան: Նոր էր միացրել շարժիչը, երբ կրկին հանգցրեց այն: Իր մեջ կարծես մի ձայն արձագանքում էր, նա լսում էր այդ երեխայի ձայնը իր ականջներում: Նախ պատկերացրեց իրեն այդ ծանր վիճակում, հետո մոր հայացքը, իր անմարդկային քայլից հետո: Ու թեև էության այդքան թերություններին, նրան միայն լսողությունն էր մնացել ու հավատը, որ երեխան դեռ փողոցում էր: Իջավ մեքենայից ու շուրջը նայեց, բայց երեխան այդտեղ չէր: Սկսեց քայլել: Ու հենց այդ պահին հողի մեջ լավ չկանգնեցված մի էլեկտրասյուն մեծ աղմուկով ներքև ընկավ հենց իր կանգնած տեղը, իր հետ տապալելով հաղորդալարերի մի ամբողջ կապոց: Կարենը մի քանի րոպե շունչ քաշեց, և մինչ գյուղացիք դուրս կթափվեին տներից, մեծ աղմուկի պատճառով, նա վերցրեց իր տետրը և կրկին գրեց: Բայց վերջում առանց երկար մտածելու ավելացրեց. «Միայն մեկն էլ բավարար է ապրելու համար: Միայն պետք է կարողանալ ճիշտ օգտագործել դա: Սա մարդն է, ինչպես որ է: Բոլորն էլ օժտված են խոսելու, լսելու, տեսնելու ունակությամբ, բայց արդյո՞ք դրանք վերաբերվում են նաև էությանը»: Ու թեև հիմա քո աչքի առջև այս բառերն են, դու վստահ ես, որ հասկանում ես դրանք: Հիմա ես քեզ հնարավորություն կտամ ասելու.

-Թող նրա հերոսը շարունակի ապրել, որ ինքն էլ կարողանա գիշերը հանգիստ քնել…

 

milena khachikyan

Կիրակի

Սա այն սովորական օրն է,
որ պատահում է Երկրի վրա միշտ,
որ կրկնվում է հազարամյակներ…
Այն սովորական օրը,
երբ արթնանում ես առանց երազանքի,
երբ անառիթ տխրելը սիրելի է քեզ:

Այն սովորական օրն է,
երբ ծաղիկները զարդարում են սենյակդ,
երբ գարունը ամենալավ նվերն է:
Այն սովորական օրը,
երբ սպառվել են տողերը՝ ինչ-որ մեկի մասին,
երբ բույրը ամենաթանկ հիշողությունն է:

Սա այն սովորական օրն է,
երբ քսանչորս ժամ նույն երգն է շուրթերիդ,
երբ ուզում ես գտնել մի բան՝ հուսալու…
Այն սովորական օրը,
երբ ժպտալուն պատճառներ ես փնտրում,
երբ հեռանալը տարօրինակ հեշտ է:

Նույն սովորական օրն է,
երբ ապարդյուն անձրեւում է քաղաքդ,
երբ չի կանչում քեզ արդեն ոչ ոք…
Նույն սովորական օրը,
երբ անվերջ թերթում ես լուսանկարները,
երբ կարոտելը հիվանդություն է:

amalya harutyunyan

Կյանքն ինչպես որ կա

Կյանքի իմաստը քեզ գտնելը չէ:
Կյանքի իմաստն ինքդ քեզ ստեղծելն է:
Բերնարդ Շոու

Վերցնելով թուղթն ու գրիչը՝ ավելի քան վստահ եմ, որ ամենաուրախ նյութը չէ, որ ստացվելու է:
Էն ամենամութ տեղից եկող մտքերս էստեղ լինեին, կասեին՝ սենտիմենտալությունդ մի օր էլ թող մի կողմ ու մի կարգին բան գրիր: Պետք է հուսախաբ անեմ՝ չի ստացվի:
Վերնագրից կենթադրեք, թե նյութս ռեալիզմին պիտի բնորոշ լինի, բայց դե, ինձնից ի՞նչ ռեալիստ, ես երազկոտ լրագրող եմ: Ոչինչ, թող այս մեկն էլ լինի ռեալիստական` ռոմանտիզմի մոտիվներով:
Էն որ գիրք ես է՞ կարդում, ինչ հավեսով ես չէ՞ կարդում, ինչքան ես սկսում մտածել հերոսների մասին։ Իրենց հետ ինչպես ենք ծիծաղում, լաց լինում, ուրախանում, ապրում:
Մենք մի ամբողջ կյանքի կամ նույնիսկ տարբեր մարդկանց կյանքերի պատմությունն ենք կարդում ու պատկերացում անգամ չունենք, որ այդ նույն գիրքը գրվում է մեր կյանքում, մեր իսկ ձեռքով: Էդպես էլ հիմա իմ, քո, նրա, մեկ ուրիշի կյանքն է գրվում ու գրվում մի հաստափոր գրքի մեջ, դրան էլ հիշողություն են կոչում:
Գիտե՞ս, մենք, բոլորս նավակներ ենք: Ինչո՞ւ, որովհետև երբ նավակը հայտնվում է բաց ծովում, սկսում է պայքարել ամենաուժեղ ալիքների ու քամիների դեմ։ Նավակն ամեն ինչ փորձում է անել ափ հասնելու համար: Մենք էլ ենք այդպես: Բաց ծովը մեր օրենքներ չճանաչող ու ոչնչից կանգ չառնող կյանքն է, որտեղ մենք ամեն կերպ փորձում ենք հաղթահարել արհավիրքները:
Կան նավակներ, որոնց շարժիչն ավելի լավն է, ավելի ուժեղ։ Կան էնպիսինները, որոնց ուժն ավելի թույլ է: Եվ այդպես, մենք վազում ենք, վազում ենք, որ իրար հասնենք, որ հավասարվենք, որ առաջ ընկնենք իրարից:
Տարիներն անցնում են, գլորվում են, մեզ թվում է, թե կամաց, բայց նրանց արագությունը լուսնից էլ մեծ է ու, լուսնի պես գլորվելով, ստացվում է մեր կյանքը:
17 տարի առաջ էր, երբ այս կյանքի համար սկսվեցի ես: Հա՛, կյանքը երբեք չի վերջանում, այդ մենք ենք գալիս, այցելում ու գնում՝ հյուրի պես: Դեռ երեք ամսականն էլ չբոլորած երեխան ի՞նչ իմանար, թե ինչ է սպասվում իրեն, երբ իր ամբողջ ջանքերով փորձում էր շրջապատը տեսնել ու հասկանալ: Հենց նույն տարիքում էլ պարզվեց մի քիչ անորոշ, մի քիչ վախեցնող, մի քիչ զարմացնող փաստը. ես չէի նայելու աշխարհին այնպես, ինչպես շատ շատերն են նայում, ինձ սպասվում էր ուրիշ կյանք, այլ պայմաններով:
Ու ակամա սկսվում է պայքարը:
Ապրելով՝ հասկանում ես, որ սա այն կյանքը չէ, որ տարիներով պատկերացրել ու սպասել ես, այն կյանքը չէ, որտեղ ամեն ինչ հեշտ է տրվում:
Սկզբում քեզ չեն ցանկանում ընդունել մանկապարտեզ, հետո դպրոց, հետո արդեն պարն է արգելվում, քեզ անընդհատ մերժում ու մերժում են: Ինչո՞ւ, որովհետև դու ինչ-որ չափով տարբերվում ես ու ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ չի համընկել:
Հետո սկսվում են անմատչելի պայմանների խնդիրները: Ո՛չ քաղաքը, ո՛չ կրթությունը, ո՛չ աշխատանքը, ո՛չ միջավայրը հարմար չեն քեզ: Ասես դու անտեսանելի ես, ասես ոչ ոք քո մասին չի հիշել՝ ամբողջ աշխարհը կառուցելիս: Իսկ հասարակությունն ասես միայն ընդունում է կատարյալներին, իսկ բացթողումները չի հանդուրժում:
Բայց դու ապրում ես այստեղ, բոլորի կողքին, բոլորի հետ, ու ոչինչ քեզ չի խանգարում այս կյանքը սիրել նույնքան շատ, ինչքան մյուսները:
Ու մնում է միայն մեկ լուծում. քեզ փնտրելու, գտնելու կամ չգտնելու փոխարեն՝ ստեղծել քեզ։ Կործանել այն, ինչ կաս ու ստեղծել այն տեսակը, որը կգոյատևի մեր հասարակության մեջ:
Թույլ տեսակդ վերացնելուց հետո ստեղծում ես չափից շատ ամուրն ու ուժեղը ու ընդառաջ գնում ծովի բարձր ալիքներին:
Դեռ կյանքն իր ալիքներով քեզ շատ է զարմացնելու, դեռ արժանապատիվ կյանքը հեռու է թվալու, կրթությունը` անհասանելի: Դեռ անմատչելի տարածքներ, գրքեր, դպրոցներ, քաղաքներ անհամար են լինելու, ու դու դեռ պայքարելու ես, պայքարելու ես, որ ստեղծես քեզ:
Ու երբ ստեղծես քեզ, նավակ ես դառնալու, այն նավակներից, ում չի հետաքրքրում քամու բարձր սուլոցն ու անթիվ բացասական կարծիքները, այն նավակներից, որոնք անկախ ամեն ինչից սլանում են շատ արագ: Ու կյանքի բարձունքներն էլ արդեն քոնն են լինելու:
Ու դու դառնալու ես այն նավակներից, որոնց արագությունն ու ուժը լուսնից էլ մեծ է լինելու:

Anahit Ghazakhetsyan

Անսովորի մասին

Սա սովորական փոքրիկ խոհանոց է:

Սովորական սեղան, չորս աթոռ, կիսամթություն ու դեղին լամպ:

Սա սովորական կիտրոնով թեյ է:

Ու սովորական բաժակ:

Որից սկզբում սովորական գոլորշի է բարձրանում:

Լեզուն վառելու սովորական երևույթն է, որ ամեն անգամ կրկնվում է:

Այստեղ սովորական համակարգիչ է դրված, որտեղ հազար ու մի ցնդաբանություն կա՝ նկարների, պոեմների, գրքերի տեսքով: Սա ամենասովորական համակարգիչն է, որը բացելիս մտքիդ ծայրով անպայման միշտ նույն բանն է անցնում: Կամ նույն մեկը:

Այստեղ սովորական գազօջախ կա, որը վառված է, որովհետև այսօր ցուրտ է: Կրակի վրա թեյնիկ կա, որը պարզապես չի կարող չլինել:

Այստեղի մենակությունը սովորական է, որովհետև մենակությունը երբեք, միշտ հիշիր, ախր, երբեք անսովոր չի լինում: Մեր մարմնի, հոգու, տան ձևերը սովորում են դրան, ու չլինելու դեպքում մենք անգամ ստեղծում ենք այն:

Սեղանի դիմաց սովորական պատուհան է, որտեղից երևում է աշխարհի ամենասովորական քաղաքը: Բայց դու կարծես սովոր ես այդ քաղաքին: Կարծես դու ծնվել ես այդտեղ ապրելու համար, ու կարծես քո մարմինը հաշվարկված ճշգրտությամբ համապատասխանում է սալահատակին, տրոլեյբուսին, կինոյի հին շենքին:

Սա սովորական միհոգանոց երեկո է:

Այստեղ հայելի կա, որի մեջ արտացոլվողի սանրվածքը մեկ-մեկ փոխվում է: Ուրիշ ոչինչ:

Սրանք սովորական հիշողություններ են, իսկ խոհանոցի էդպես էլ չանջատվող լույսը՝ դրանց սովորական հետևանքը:

Այստեղ հաճախ միանում է “Can’t get out of my head” երգը: Այստեղի պատերը նույնիսկ հուշում են այդ երգի մասին:

Սա օդը կտրող սովորական թախիծ է, որին ամեն օր ձեռքով ես բարևում:

Փռշտոց՝ առանց առողջություն ասելու ակնկալիքի:

Սրանք կյանքին կապող հերթական ամենասովորական տողերն են, ամենասովորական բաները, որոնք կարող էի ասել: Որոնք հնարավոր է լսել:

Anush abrahamyan

Արտաշխարհային

Ինչ-որ կարմիր ծայրով վրձնի հաջողվում է ամեն բան նկարել անթերի, թեթև ու եթերային: Իհարկե, այդ վրձինը եթերային է նկարել նաև մեկին, ով կլրացնի այդ պատկերը ու առանց տրտնջալու կապրի այնտեղ, որտեղ բացի պատկերներից, ապրում է նաև երաժշտությունը: Երաժշտությունը ստեղծում է մի գանգրահեր մանուկ: Այդ վրձինը՝ իրեն թաթախելով կապույտի ու սպիտակի մեջ, անզուսպ ու ճկուն քսվել է երկնակամարին: Նրա սպիտակ ներկված թելերից առաջացել են բամբակե ամպեր, որոնք պարփակում են նրան ու մանկանը, հանգիստ օրորվում երազներից առաջացած ժպիտների վրա: Նրա կողքով անցնող երամները բույր են բերում կտուցներին առած: Մի հավերժություն է ապրել այդտեղ ամպի ոգին, բայց միշտ սիրտը թրթռում է, երբ մանուկը փորձում է նվագել նորը՝ ավելի վեհը: Նա երբեք չի տրտնջացել ձանձույթից, որովհետև այնտեղ՝ ամպերի մեջ, ամեն ինչ տարբեր է, ամեն ակնթարթ իր սրտով է…  

Նա հենվել է հաստաբուն մի ծառի, զգում է հողը իր ոտքերի տակ, զգում է հողի ջերմությունը և բերրիությունը, նրա շուրջ հազարավոր ծառեր իրենց՝ հողի կուրծքը խրված արմատներով, միլիոնավոր տարիներ եղել են այդտեղ, լսել քարերի ձայնը ու ավազահատիկների ճչոցը, երբ քամին իրենց իր բերանն է առել: Նրանք հազարավոր տարիներ եղել են երազող հայացների ավետյաց երկիր՝ աճել են ուժ ու զորություն տալով բնության կանաչ ոգուն: Նա ամենուր էր. թե՛ անտառներին շարունակող անապատների ավազահատիկների թպրտացող սրտերում, թե՛ հեռավոր ժայռերի ծերպերում աճած բույսի կողքին, թե՛ ամենաբարձրում: Սլանում է անսահման հեռուն, միևնույնը զգում է հողը, իր կանաչը, ինքն իրեն: Դրա համար երբեք չէր ծերանում բնությունը ու հավերժական էր իր կանաչ սաղարթներով: Նա բնության կանաչ ոգին էր:

Մեկը անթեղել է ներդաշնակությունը սիրո հետ ու մի լավ թրջել` պահելով ծովում: Նա կամքից անկախ, տարածում էր թևերը ու հանգիստ քսում շարժվող ջրիմուռներին, չէ որ զգում է ջուրը իր մեջ: Հաճելիորեն սահեցնում էր հայացքը ջրում, ողջ ուժով խրված արևի վրայով, որը չէր հանգել: Նրա շողերը անցնում էին մամռակալած նավի պատուհանների միջով, հասնում ձկների քարայրներ ու, մտնելով ձկների պարզ աչքերի մեջ, կորչում: Միլիոնավոր անգամներ է լողացել դեպի արևը, հասել այնտեղ ու հոգում անբացատրելի զգացումներ ներարկելով հետ եկել: Ինչքան բան է արել ծովը նրա համար, որքան հաճախ է կուլ տվել աստղերին ու տարել իր կապույտ խորքերը: Ծովը անսահման է, ծովը ապրեցնող է: Նրա մեջ քնելու էին գալիս լուսինը, արդարությունը ու ազնվությունը: Ի վերջո, ծովի մեջ էր արևը, ծովի մեջ էր նա, ում համար ձկները մարգարիտներ էին բերում, իսկ ջրային մյուս կենդանիները իրենց ներկայությամբ լրացնում էին այդ թաց ու երջանիկ պատկերը: Այնտեղ էր ապրում ներդաշնակության ոգին…

Դարեր ապրեցին այդ ոգիները, դարեր կուլ տվեցին առանց վախի ու կարոտի: Յուրաքանչյուրը իր մեջ ապրեց հազարներ: Բայց, մի ակնթարթի սկիզբը դարձավ ավարտ: Հսկայական ծովը ցնդեց ու ընկավ մի հսկայական գնդի խոր ու այրվող վերքերի մեջ, նրա բնակիչների կեսը մեռան ու անհետացան, այդ թվում նաև այն ոգին, ով դեպի արևն էր լողում ու հանդարտեցնում էր ջուրը: Ծառերը, ժայռերը ու անապատները դղրդյունով ընկան գնդի երեսին, ծառերը սկսեցին ծերանալ ու ոչնչանալ, անապատները վերածվեցին անպետքության, ժայռերը համրացան` կորել էր բնության կանաչ ոգին: Երկինքն էլ ընկավ` հազիվ կախվելով հեռավոր մի երազի բարակ թելից, ու ցավից գալարվելով, փաթաթվեց գնդին: Գանգրահեր մանուկը հազիվ նստեց մի փոքր ամպի ու նվագեց, բայց ոչ մեկը չէր լսում նրա երաժշտությունը, այն հալվում էր ու սահելով ընկնում ջուրը, որտեղ էլ կորչում էր: Նրան չէին լսում, որովհետև չկար այն ոգին, որ անզուսպ հիացմունքից վեր կթռչեր ու կգրկեր մանկանը:

Երեք աշխարհների բախումից առաջացած քաոսը շատ ժամանակ անց միայն փոքր ինչ հանդարտվեց: Ծովը տարածվեց հողի կրծքի մեջ, հողը ձեռքը պարզեց դեպի երկինք: Երեք ոգիների բախումից առաջացած քաոսը չի հանդարտվում, նրանք չեն կարողանում ընտելանալ, նրանք բանտարկված են մի հողածին մարմնում: Նրանք չեն ընտելանում, ձգտում են իրենց աշխարհներ, պայքարում են իրենց դարերի համար:

Ես վերցրի իմ կարմիր ծայրով վրձինը, թաթախեցի այն կապույտի ու սպիտակի մեջ, երկար ժամանակ ժպտացի` նայելով սեղանիս դրված հրեշտակին, ով նվագում էր ջութակով: Հետո արագ վրձինը մոտեցրի թղթին: Զգում եմ, չեմ կարողանա նկարել, մի բան ինձ չի թողնում: Ախր, հասկանում եմ, որ բացի բանտարկված ոգուց, ոչ մեկը չի կարողանա հանդարտեցնել փոթորկված ծովին, որը զայրույթից կուլ է տալիս ամեն բան, ոչ մեկը, բացի նրանից, չի կարողանա գտնել ծովի սիրտը: Գիտեմ, որ բացի ամպերում ապրող ոգուց, ոչ մեկը չի կարողանա կանգնեցնել գանգրահեր մանկան լացը, ոչ մեկն այլևս չի կարողանա մխիթարել ծեր ծառերին ու վախեցած ավազահատիկներին, ոչ մեկն այլևս չի լսի համրացած ժայռի երգը: Գիտե՞ք, սիրելինե՛րս, գիտեմ նաև, որ ոչ մեկը չի կարողանա ազատել այդ ոգիներին, բացի ինձնից, ինձնից, որովհետև նրանք իմ մեջ են բանտվել…

Ani Ghulinyan

Կյանքը հիասքանչ է

Պատերազմների մասին երբեք չենք կարող պատկերացում կազմել դրանց մասին ֆիլմեր դիտելով, կամ պատմություններ լսելով: Թերևս միայն կարդալով, որովհետև կարդալիս ամեն մարդ յուրովի է իր մտքում պատկերացնում այն գուցե ավելի լավ, քան կարող է պատկերացնել որևէ ռեժիսոր: Մինչև վերջերս մտածում էի, որ Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող լավագույն գիրքը «Աննա Ֆրանկի օրագիրն»է, որովհետև այն հիմնված է իրական փաստերի վրա, ու չունի հեղինակ, հեղինակը հենց ինքը` տասներկուամյա Աննա Ֆրանկն է: Շատ լավ գիրք է, անպայման ազատ ժամանակ ընթերցեք: Բայց դրա մասին չեմ ուզում խոսել, այլ նույն պատերազմի մասին պատմող մեկ այլ, Ռեմարկի` «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գրքի: Այն պատմություն է պատերազմի վերաբերյալ, բայց եթե խորը մտածենք, դրա հետ այդքան էլ կապ չունի: Պատմություն է մի մարդու մասին, որին Աստված սիրում էր, բախտն էլ երես չէր թեքում: Բայց երբ գեթ մեկ վայրկյանով ճակատգիրը նրան հանձնեց կյանքոմ լուրջ որոշում կայացնելու իրավունքը, նա սխալվեց ու … Լավ, էլ չբացեմ փակագծերը, գուցե մեկը որոշի կարդալ: Գրքի առաջին էջերը կարդալուց հետո հօդս կցնդեն պատերազմի մասին ձեր բոլոր իմացած բաները: Ըստ իմ ընկալման, պատերազմը բթացնում է մարդու բոլոր զգացմունքները` իրավունք չտալով նրան ոչ կարգին տխրել, ոչ էլ լիարժեք երջանիկ լինել, այն մարդկանց պահում է մի անորոշ վիճակում` կյանքի ու մահվան արանքում: Բայց մեր հերոսը կարողանում էր պատերազմի թոհուբոհի մեջ կախվել երջանկության փոքրիկ, հազիվ երևացող թելից ու մի երկու շաբաթում հասցնում է սիրել, սիրվել, ամուսնանալ: Ախր, շատ բան կա գրելու ֆյուրերի, սիրո, հրեաների, ռազմաճակատի մասին, բայց վախենամ, հետագայում գիրքը կարդացողները ինձ չներեն այդպիսի բացահայտումներ անելու համար:
Մեզ եղած-չեղածը երկու շաբաթվա արձակուրդ են տվել (Գրեբերին էլ էին նույնքան տվել): Դե ասենք, մի երեք օր Նոր տարվա նախապատրաստական աշխատանքներին, չորս օր էլ հյուրեր կգան-կգնան, վերջում ահագին ժամանակ է մնում: Կարելի է Ամանորից հետո, չորացած թխվածքները ու փչացող աղցանները ուտելուն զուգահեռ այս գիրքը կարդալ: Հաստատ կհասցնեք, դեռ առաջին էջը չթերթած, վերջին կհասնեք:

Հ.Գ. Համացանցից կամ ծանոթների, մեկ-մեկ հետաքրքիր մեջբերումներ եք լսում ու չեք էլ մտածում, որ այն հենց այս գրքից է: Օրինակ` «Խիղճը սովորաբար տանջում է նրանց, ովքեր անմեղ են», «Ատելությունը անզգույշ է դարձնում մարդուն», «Զգուշությունն ավելի լավ է, քան ուշացած զղջումը», և այլն:

anahit ghazakhecyan

Փազլ

Իմ բոլոր նախորդ կյանքերում

ես փնտրել եմ քեզ,

երբ եղել եմ

առաջին հոմո սափիենսը,

ծառ,

ծովի ավազ,

Ասորեստանի արքայադուստրը,

Բաբելոնյան աշտարակը,

Հեթանոս աստվածություն,

երբ եղել եմ

զոհ,

հետո՝ զոհասեղան,

կրակապաշտ,

քրիստոնյա,

ագնոստիկ

ու աթեիստ,

երբ սուրճ եմ խմել Կանտի հետ,

ես հոլանդական դաշտերի

արևածաղիկներից էի,

ու Հեմինգուեյի կատուներից մեկը,

ես հիմնադրել եմ

Երրորդ ռեյխը,

ծրագրել Թեհրանի

մահափորձը,

սկսել Բեռլինի պատի

կառուցումը,

ներկա գտնվել Բիթլզի համերգին,

Կրակել Ջոն Լենոնի վրա,

ես եղել եմ այն գետը,

որտեղ խեղդվեց Բաքլին,

Ես Մերկուրիի

դաշնամուրն էի.

բոլոր կյանքերից

ես հավաքել եմ քեզ

ու հասցրել իմ օրեր.

ես մաս առ մաս գտել եմ քեզ

նախորդ կյանքերիցս,

երբ դու դեռ քարանձավաբնակ էիր,

կանաչավուն տերև,

ծով,

Մարաստանի թագավոր,

նորաստեղծ լեզու,

գերագույն աստվածություն,

երբ քեզ տաճարներ են նվիրել

ու մատուցել զոհեր,

երբ դու եղել ես մոգ,

բուդդայական,

աստվածամերժ

ու բողոքական,

երբ թեյ ես պատրաստել Նիցշեի հիվանդասենյակում,

երբ դու Վան Գոգն էիր,

Հեմինգուեյի զինակիցը,

որ հերթով գրկել է նրա կատուներին,

դու կապիտալիզմի սկիզբն ես,

համակենտրոնացման ճամբարի հրեաներից,

դու մեկն ես Բեռլինի պատի քանդողներից,

իմ ձեռքի ատրճանակը,

Ջեֆֆ Բաքլին,

Ֆրեդի Մերկուրիի մատները.

մենք կտոր-կտոր հավաքվել

ու հասել ենք այսօրին:

չգիտեմ՝

գտե՞լ ենք իրար,

թե պակասող կտորներից ենք:

mane antonyan

Մենք միշտ սիրել ենք տարբերվել

Նա երջանիկ էր, երբ նկարում էր, ես էլ երջանիկ էի, երբ նա երջանիկ էր:

Նայում էի նրան ու միշտ ուզում էի ժպտալ: Նա այնքան հետաքրքիր ու յուրահատուկ էր. ուրախանում էր երեխայի նման ու երեխայի նման էլ ժպտում էր: Նրան, ինչպես էլ երեխային, կարելի էր երջանկացնել անգամ ամենափոքր նվերով: Ես կնվիրեի նրան ամեն ինչ, ինչ որ ունեի, միայն թե նա միշտ ժպտար:

Ես գիտեի, որ հասարակության կարծիքը նրա համար ոչինչ չարժեր: Ինձ դուր էր գալիս նրա վերաբերմունքը դեպի հասարակությունը։

Նա ինձ հետ էր, ու ես առաջին անգամ զգում էի, որ իմ տունը, իմ այգին աշխարհի ամենահաճելի ու ամենագեղեցիկ վայրերն են աշխարհում:

Մենակությունը, իր ամբողջ դառնությամբ պատել էր տանս պատերը, իսկ նա ազատեց ինձ մենակ մնալու իմ վախերից: Իմ տան օդն իսկ պատմում էր իմ երջանիկ շնչառության մասին: Ես մենակ չէի. ես ունեի ընկեր, զրուցակից, պաշտպան, ու քիչ ավելին, քան կարող էի պատկերացնել: Ես ինքս էլ չհասկացա, թե ինչպես նա դարձավ ինձ համար այդքան կարևոր:

Նա շատ էր սիրում ուշադրություն՝ ինձ նման էր: Ես էլ էի սիրում, երբ իմ մասին հոգ էին տանում:

Նրա հետ ես ինձ ուժեղ էի զգում: Ու ինձ թվում էր, թե ամեն ինչ կարող եմ անել: Նրա հետ ես կարող էի թռչել բարձր ու չվախենալ ընկնելուց։

Նա ուրիշ էր… Դուք չեք պատկերացնի, թե ինչ երջանկություն էր նրա նման հավատարիմ ընկեր ունենալը:

Նա ուրիշ չէր, է… Նա ամեն ինչ էր: Նրա հետ հնարավոր էր դառնում անհնարինը, բայց մի օր դարձավ երազանք։

Ամեն ինչ էլ իր ավարտն ունի: Վերջացավ նաև մեր հեքիաթը ու, ի տարբերություն մնացած հեքիաթների, նա չունեցավ սպասված «հեփի էնդ»-ը, որովհետև մենք միշտ սիրել ենք տարբերվել:

Anahit Ghazakhetsyan

Փոփոխության դիմանկարը

«Չնեղվես, էլի կհանդիպենք»-ը կյանքի մի շրջանում աշխարհի ամենակարևոր, ամենատաք, ամենասպասված ու ամենապետքական արտահայտությունն է, մանավանդ, երբ ասում է նա, ում հետ չհանդիպելը ամենաշատ նեղվելու առիթն է տալու:

Որ հանկարծ թեկուզ մտքիս ծայրով փոփոխություն բառն ա անցնում,  միանգամից գամվում ես ուղեղիս աջ կիսագնդին: Չնայած քո մասին ես ձախով էլ եմ մտածում: Այ, հիմա գրում եմ փոփոխության մասին, որն արդեն քո հոմանիշն ա:

…Գիտե՞ս՝  ես նկատել եմ՝ էն մարդիկ, ում առաջին հայացքից, խոսքից, ժեստից չենք հավանում, ամենասիրելիներն են դառնում:

Փոփոխությունները իրենց գցում են մեր նեղ-նեղլիկ կյանք՝ սիրած երգը, հայացքը, աչքերի գույնը փոխելու, նոր կետից ինչ-որ բանին առաջին անգամ նայելու, ինչ-որ բան առաջին անգամ ցույց տալու համար, իսկ էդ մեզ մեկ-մեկ շատ ա պետք: Դե, որովհետև լճանում ենք: Դե, դրանից վատ բան մեկ էլ նորից չհանդիպելն ա:

Երեք գդալ շաքարավազի պես լցվեցիր կյանքիս անհամացած թեյի մեջ:

Սառը անձրևից հետո, որ ուսիդ բրդյա, տաք ժակետ են գցում, այ, դու էդ ժակետն ես:

Դու ոնց որ մի բաժակ սառը ջուր լինես: Էն ջուրը, որ ի վերջո հասցնում են  ծարավից մեռնողին:

Ասենք՝ իմ ամենասիրած կանաչ, թթու խնձորն ես:

Դու Բրելի  «Մի՛ լքիր դու ինձ» կոչն ես ու Սքորփիոնսի  «Դեռևս սիրում եմ քեզ»-ը՝ ընկալածս բոլոր տողատակերով:

Դու էն նամակն ես, որ սոսնձում են օրագրում՝  երբեք չկորցնելուն հավատալով:

Դու ականջակալներումս գնացող-եկող ջազն ես՝ ազատ, անսահման, խորը, ուրիշներից չընկալելի:

Դու պայքար ես, ընդդիմություն, կարծրատիպ ու կարծրատիպային կարծիք կոտրող:

Այ, կյանքում կմտածեի՞ր, որ կդառնաս կախվածության մարմինը, ամենաիրական մարմնացում:

Դու փո-փո-խութ-յունն ես՝ թարգմանած աշխարհի բոլոր լեզուներով: Էն ամենը՝ ինչից սկիզբ է առնում նորը, իմը ու քոնը: Այսինքն, դու էս տողերն ես, նաև գրիչիս թանաքը, անգամ ձեռագիրս:

Դու էն վերջին գրկախառնությունն ես, որ խեղդում ա ու խեղդվում ա տխրությունից:

Վերջերս գրել էի, որ հեռացումը նոր վերադարձ է ենթադրում, դրա համար էլ չեմ նեղվելու:

Փորձելու եմ չնեղվել:

Դեռ:

Մինչ նոր հանդիպում ու երբեք հաջողություն:

Գրկում եմ ոնց որ միշտ:

svetlana davtyan

Ես քո կատվիկն եմ, իսկ դու` իմ տերը

Ամպրոպին հաջորդած տեղատարափ անձրևի  անխնա հարվածներից կծկված փոքրիկ, անօգնական կատվիկը, քարշ տալով վիրավոր ոտքը, մի կերպ կարողացավ պատսպարվել մոտակա տան անկյունում…

Չէր հասցրել  վայելել չոր ու տաքուկ անկյունում գտնվելու երանությունը, երբ ոտնաձայներ լսեց: Անկյունում  հայտնված աղջիկը նկատեց փոքրիկ կատվիկին, մոտեցավ և կարկամեց: Կատվիկի աչքերը սարսափ էին արտահայտում: Հավանաբար նախկին տիրոջ կողմից  ծեծված ու հալածված լինելն էր ստիպում նրան մարդկանց դիտել իբրև դաժան ու անխիղճ արարածների: Կատվիկը նույնիսկ հրաժարվեց աղջկա առաջարկած կոնֆետից՝ ավելի խորանալով իր թաքստոցի մեջ: Աղջկան դժվարությամբ հաջողվեց ցրտից դողացող փոքրիկին գիրկն առնել: Գուրգուրելով կենդանուն՝ աստիճաններով վեր բարձրացավ և տան շեմին, ծնողների հարցական հայացքներին ի պատասխան խնդրեց՝ հավատացնելով, որ ամենօրյա խնամքն ու հոգատարությունն իր պարտականություններից մեկն է լինելու: Ընտանիքի անդամները, ծանոթ լինելով իրենց դստեր հաստատակամությանը, չհակառակվեցին: Ուշադիր զննեցին կենդանու վնասված ոտքը, մշակեցին վերքը, վիրակապեցին և մի փոքրիկ, հարմարավետ անկյուն տրամադրեցին: Բելլան (ինչպես անվանեցին կատվին) երևի կյանքում առաջին անգամ քնեց հանգիստ, ապահով ու տաքուկ պայմաններում: Կատվի մուտքն ընտանիք ավելի հետաքրքիր դարձրեց աղջկա կյանքը: Հիմա նա պատասխանատու է Բելլայի համար, ուրեմն մեծ է արդեն:

Թող մեր կողքին, մեր քաղաքում ապրող այս աղջիկը օրինակ լինի բոլորի համար, ովքեր դաժանաբար են վարվում կենդանիների հետ, քարկոծում կամ փողոց են շպրտում՝ առանց հաշվի առնելու, որ նրանք ևս շնչավոր էակներ են, կարոտ` խնամքի և ջերմության: