Կիրակնօրյա ընթերցանություն խորագրի արխիվներ

svetlana davtyan

Աշունը մարդկանց գլխում է

Եղանակը սառն էր մարդկանց սրտերի պես,

Փողոցները՝ քանդված մարդկանց հոգիների պես,

Ծառերը՝ անտերև, ինչպես մարդիկ՝ առանց հույզերի:

Աշուն էր, քամի էր, անձրև էր…

Ես էի, ուրիշ ոչ ոք:

Ծառերը արև էին ուզում, ծաղիկ ու խոտ,

Իսկ ինձ միայն դու էիր պետք:

Մարդաշատ փողոցում ես մնացել էի միայնակ,

Ինձ միայն մեկն էր պետք, որպեսզի նրանով վառեի լույսերը բոլոր,

Սակայն այդ մեկը լուսավորեց բոլորին՝ բացի ինձնից:

Ես ու աշունը սպասում էինք քեզ,

Ինչպես ամեն անգամ,

Բայց դու քեզ համար գարուն էիր գտել:

Իսկ ես դեռ սպասում էի քեզ, ինչպես միշտ՝ չակնկալելով ոչինչ,

Միայն թե տեսնեի քեզ, ու ինքս իմ աչքերին երանի տայի

Այդ բերկրալի տեսարանի մասնակիցը լինելու համար:

Ես ու աշունը քեզ էինք ուզում,

Բայց դու հարբել էիր գարնան ծաղիկների բույրով,

Ու խոստացել էիր երբեք չգալ:

viktorya nahapetyan

Մայր

Մայրը նա է, ով մանկատան հասցեն չունի,

Ով իր ցամաք հացով անգամ

Իր զավակին կուշտ կպահի:

Կյանքը շատ է մարդուն ծռում,

Մայրը նա է, ով չի ծռվում,

Մայրը նա է, ում աչքերում

Միշտ Տիրամոր դեմքն է փայլում:

Մորը չի հաղթի ո՛չ ցուրտ, ո՛չ էլ սով,

Նա միշտ զինված է զավակի սիրով,

Մայրը այն միակ կենդանի սուրբն է,

Որ տուն է պահում իր աղոթքներով:

Մայրը կարող է դառնալ տղամարդ,

Կարող է հողից դուրս բերել արմատ,

Կարող է որդուն պահել առանց հոր,

Դարձնել հպարտ ու զուսպ տղամարդ:

Իմաստուն մորից կրթված երեխան

Հիսուս լսելիս՝ ծունկը կծալի,

Մայր չեն հռչակվում միայն ծնելով,

Այլ երբ սիրում են Տիրամոր սիրով:

anahit badalyan (erevan)

Արևի սառը շողերը

1

Սովորաբար տուն մտնելիս առաջինը լույսն էր վառում, բայց այդ երեկո ուղղակի բաճկոնը նետեց հատակին ու խրվեց կանաչ բազկաթոռի մեջ։ Երբեք այդպիսի զգացողություն չէր ունեցել, թվում էր, թե հիմա կվերանա, քնաբեր խմեց․․․ Ապրում էր Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում՝ երկու սենյականոց բնակարանում, անձամբ էր կահավորել։ Ինչ գույն ասես, որ չէիր գտնի այդ անհասկանալի տանը՝ կարմիր, կանաչ, կապույտ, դեղին․․․ Առաջին հայացքից ահավոր անճաշակ ու անիմաստ տեսք ունեին այդ երկու սենյակները, բայց միայն գույներն էին, որոնց միջոցով կարող էր գոյատևել։ Չէ, նկարիչ չէր, սակայն հյուրասենյակի անկյունում դրված մոլբերտից ու կիսաչորացած ներկերից մեկ-մեկ օգտվում էր։

Կեսօր էր, հանկարծ հեռախոսի զնգզնգոցից վեր թռավ ու հայհոյելով գնաց միջանցք․

— Ո՞ւր ես, Մորտե։ Ժամին չե՞ս նայել, ինչ է։

— Ո՞վ է,- իմիջիայլոց հարցրեց։

— Կամ դու ես ուզում ինձ կաթվածի հասցնել, կամ էլ ուզում ես, որ ես քո գլուխը ջարդեմ։ Ես քեզ երեկ բացատել եմ, որ ամեն րոպեն կարող է ճակատագրական լինել ու որոշիչ, իսկ դու չե՞ս էլ հիշում, թե ով է։ Լսիր, վերջին անգամ եմ ասում, այս գործը տանուլ տալ անկարող ենք, սա Կառավարության հրամանն է։ Դու՝ չգիտեմ, բայց ես ուզում եմ կույտով գումար աշխատել, այնպես որ տասը րոպեից տեսնեմ դեմքդ,- գոռգռաց ու անջատեց:

Մորտեն անգամ ատամները չլվաց (իրականում երբեք էլ չէր լվանում, ում է պետք ատամի մածուկը, եթե կարելի է ծամոն ծամել), հագնվեց ու սլացավ բաժին։ Ինչպես ճանապարհին վերլուծեց, իր քունը խանգարողը Ռաֆայել Կոստան էր՝ քննիչը։

— Բարև, Դայանա։ Կոստային չե՞ս տեսել, սենյակում չէր։

— Բարի կեսօր, Մարտին։ Սենյոր Ֆլորեսի մոտ է, ժողովի։

— Ժողովի՞, ի՞նչ ժողով է, որ։ Ահ, ինչ հիմարն եմ, Աստված իմ, ճիշտ է, նախարարը պետք է գար։ Շնորհակալ եմ, Դի, ինձ մի բաժակ սուրճ բեր, հա՞։

— Իհարկե։

Ինքն իր վրա բարկացած Մորտեն բարձրացավ ժողովների սենյակ, որն ատում էր։ Երբեք չէր հասկացել, թե սրտխառնոց առաջացնող վատ լուսավորված այդ խցում ինչպես կարելի է պաշտոնական քննարկումներ անցկացնել։

— ․․․այո, հենց այդ հանգմանանքներից ելնե․․․

— Ողջույն պարոն նախարար, բարի օր տղերք, – մի քիչ ամաչելով, որ արտաքին գործերի նախարարին ընդհատել է, նստեց աջ անկյունում։

— Ահա, Մորտե։ Եվ այո, ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ կարծում եմ՝ պետք է անհապաղ սկսել որոնումները, այլապես կարող ենք փաստի առաջ կանգնել։ Պարոնայք, հիշեցնեմ, որ գործընթացը գաղտնի է, պետք է անենք մաքսիմալը, որպեսզի ո՛չ ժողովուրդը, ո՛չ առավել ևս ամբողջ աշխարհը չիմանա։

— Հեյ, ի՞նչ հանգամանքների մասին է խոսում ծերուկը, ի՞նչ նորություն կա,- գրեթե անլսելի շշուկով Մարտինեզ Մորտեն հարցրեց իր կողքին նստած կանաչաչյա ջահելին։

— Այսօր երկու նոր մահ է գրանցվել, հինգ հոգու տեղափոխել են հոգեբուժարան։ Մահացածներից մեկն էլ տասնութը նոր լրացած երիտասարդ է։

Այլևս ոչ մի բառ չլսելով ու տրվող հարցերին գլխի դրական շարժում տալով՝ Մորտեն ուղղակի գլորեց առաջիկա երկու ժամը։ Անընդհատ սպանություններ կամ տապալված ճակատագրեր, արդեն հոգնել էր։ Վերջին տասներեք տարում երևի ամեն օր նույնատիպ նախադասություններ էր լսում։

2

Մարտինեզ Մորտեն շատ էր սիրում աշնանային գորշ եղանակը։ Առհասարակ, աշունը սիրում էր, որովհետև աշնան մեջ գույներ կան, լիքը գույներ։

Արդեն երեկոյան 8-ն էր։ Դուրս եկավ աշխատանքից ու ուզում էր զբոսնել։ Բայց դե, բնականաբար, այստեղ էլ բախտը չբերեց․

— Մարտին, մի րոպե կանգ առ, հասնեմ քեզ,- ոչ այնքան հեռվից լսվեց Ռաֆայել Կոստայի ծվծվացող ձայնը։

— Ասա, լսում եմ։

— Հե՜յ, միևնույնն է՝ մենակ ես։ Չե՞ս գա գնանք բար, մի քիչ խմենք, խոսենք, հա։

— Չէ՛, այն կողմ քաշվիր, Ռաֆ, ուզում եմ մենակ մնալ։

— Լավ, գոնե կթողնե՞ս հետդ քայլեմ մի քիչ։

— Քեզ հետ վիճելն ավելորդ է, արի։

Կոստան այնպիսի տեսք ուներ, կարծես հասել է իր վաղեմի երազանքին։ Կարճլիկ ու գիրուկ այդ տղամարդը, ում գլուխը կորել էր լայնեզր գլխարկի մեջ, իրականում վատ մարդ չէր, ուղղակի մի քիչ շահամոլ էր ու պնդաճակատ։

— Ի՜նչ լավ եղանակ է,- երկար լռությունից հետո խոսեց Մարտինը։

— Լսածիս չեմ հավատում։ Երբեք մտքովս չէր անցնի, որ հավերժ թթված իսպանացի ընկերս մի օր կողմնակի թեմաներից կխոսի։

— Ես էլ իմ լսածին չեմ հավատում։ Այդ երբվանի՞ց դարձա ընկերդ, – կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց Մարտինեզը։

— Մարտին, մենք հազար տարի է՝ իրար հետ ենք աշխատում, բայց երբեք նորմալ չես ժպտացել, երբեք խնջույքների չես եկել, ոչ էլ պատմել ես քո մասին։ Ո՞վ ես դու, ընկերս,- Կոստան երկար էր սպասել այս պահին։

— Ահա՜, թե ինչի համար կպար ինձ այսօր։ Լավ, արի նստենք էստեղ, կպատմեմ։ Մեկ-մեկ էլ ինձ է պետք թեթևանալ։

— Հմմմ։

— Ես Վալենսիայից եմ։ Երբ մայրս մահացավ, 12 տարեկան էի։ Հայրս մեզ վերցրեց ու տեղափոխվեցինք այստեղ։ Ես չէի ուզում գալ, որովհետև չէի ուզում Սելիային թողնել, բայց ո՞վ է հաշվի առնում երեխայի զգացմունքները։ Դե գիտես, այդ տարիներին Լատինական Ամերիկան զարգանում էր ու շատ էին արտագաղթողները։ Հայրս ոչ այդքան օրինական աշխատանք գտավ, սկսեցինք կամաց-կամաց հարստանալ։ Որոշ ժամանակ անց նա լրիվ մոռացավ մեր դաստիարակության մասին։ Անընդհատ պատճառաբանում էր, որ աշխատանքը շատ է, օրերով տուն չէր գալիս։ Հորս երեսից եղբայրս ընկավ փողոց, սկսեց գողություն անել, խմել ու մի օր էլ տուն չեկավ։ Հայրս մի քանի օր փնտրեց, հետո էլ եկավ ու շատ հանգիստ ասաց, որ մոռանանք նրան։ Մեր ընտանիքի միակ լուսավոր կետը քույրս էր։ Երբ հայրս կապվեց մի երիտասարդ կնոջ հետ ու մեկնեց Ավստրալիա, մենք մնացինք երկուսով։ Առաջին մի տարին հայրիկը ամսական գումար էր ուղարկում, հետո էլ գնալով սկսեցին քչանալ ուղարկվող դրամները։ Երկու տարի անց, երբ արդեն 20 տարեկան էի, քույրս ամսուսնացավ մի ամերիկացի սենատորի հետ, այդ ժամանակ նա մատուցողուհի էր աշխատում, հենց ռեստորանում էին ծանոթացել։ Մի խոսքով, ամուսնացավ ու ինձ տեղավորեց ուսման, շատ էր ուզում, որ ես լավ կրթություն ստանամ։ Ամուսնությունից հետո նրանք տեղափոխվեցին նահանգներ, ես մնացի, սովորում էի այստեղ։ Հիմա միայն քրոջս հետ եմ կապ պահպանում։

— Իսկ հետո՞։

— Դե, ինչ հետո։ Ընտրեցի տեսուչի մասնագիտությունը, որովհետև նախ ուզում էի եղբորս գտնել ու հետ պահել այդ զզվելի աշխարհից, վստահ էի, որ ողջ է։ Հետո ես, առհասարակ, ատում էի օրենքին հակառակ քայլող մարդկանց։ Երևի նրանից է, որ այդ միջավայրում եմ մեծացել, չգիտեմ։

— Ի՞նչ է, հիմա չե՞ս ատում, որ այդպես անցյալով ասացիր։

— Ես էլ չգիտեմ, արդեն հոգնել եմ, ես չունեմ սեփական ես, հասկանո՞ւմ ես։ Անընդհատ խորանում եմ ուրիշների կյանքերի մեջ։ Անգամ մարդկանց եմ սպանում։

— Դու փրկում ես անմեղներին, այդպես մի ասա։

— Փրկում եմ, բայց կործանում եմ մեղավորներին։ Դու ինձ չես հասկանա, քո գործը միայն քննելն է, անգիր արած հարցեր տալը։ Գիտես, հե՞շտ է ամեն անգամ նայել մարդասպանի կամ գողի աչքերի մեջ ու կարդալ, թե նրանց մեծամասնությունը ինչ դժվար կյանք է ունեցել։ Կարդալ, որ իրենք էլ են ուզում անեմեղ լինել, իրենք էլ են ուզում սովորական կյանքով ապրել, որ լավ օրից չէ, որ նման ապրելակերպ ունեն։ Ու այդ ամենն ընկալելով հանդերձ, անսրտաբար փակել նրանց չորս պատի մեջ ու հետո հանգիստ գլուխը դնել փափուկ բարձին, քաջ գիտակցելով, որ նրանք չունեն անխռով քնելու հնարավորություն։

— Չէ Մորտե, սխալ ես մտածում։ Նրանք սպանում են, թալանում, միթե՞ կարելի է նրանց խղճալ։

— Հասկանում եմ, բայց ես էլ եմ երբեմն նրանց սպանում, չէ՞։ Ու նրանց մայրերը կամ սիրելիները նույն ատելությունն են զգում իմ հանդեպ, ինչը, որ իրենք են պատճառում իրենց զոհերի հարազատներին։ Կամ, միշտ ստիպում եմ, որ ձեռքները գլխին պահած հետևեն ինձ, բայց երբևիցե փորձել ե՞մ նրանց լսել, հասկանալ, իհարկե ոչ։ Ես անգութ կենդանի եմ։

— Մարտին, բայց․․․

— Չէ, Ռաֆ, դու ինձ չես կարող հասկանալ, որովհետև իմ տեղում չես եղել։ Ես գիտեմ, որ իրենք մեղավոր են ուրիշների առաջ, բայց նույնչափ էլ ես եմ մեղավոր նրանց առաջ։ Ես էլ չեմ ուզում այսպես շարունակել, սա իմ աշխարհը չէ։ Ես չեմ ուզում փրկել կամ կործանել կյանքեր։ Ես թքած ունեմ բոլորի վրա, ես չեմ ուզում խառնվել ոչ մեկի ճակատագրին, չե՛մ ուզում։ Ես անգամ անձնական կյանք չեմ կարող ունենալ։

— Ինչո՞ւ չես կարող, – փորձելով թեմայից շեղվել, հարցրեց քննիչ Կոստան, քանի որ արդեն հասկանում էր, որ եթե այս խոսակցությունը շարունակվի Մորտեի սիրտը հաստատ կկանգնի։

— Սելիայից հետո ես ոչ ոքի չկարողացա սիրել, ու տարիքը կապ չունի, ես վստահ էի, որ եթե մնայի Վալենսիայում, մենք հիանալի ընտանիք կկազմեինք։ Մի երեք տարի առաջ սկսեցի ուրիշ աղջկա հետ հանդիպել, այն էլ պարզվեց, որ հանցախմբից է, որին այդ ժամանակ փնտրում էի, օգտագործում էր ինձ,- հանկարծ վեր կացավ ու սկսեց այնպես գոռալ, որ անցորդներն ապշած իրեն էին նայում,- տեսնո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես, որ անգամ ընտանիք չեմ կարող ունենալ այս հիմար գործի պատճառով։

Աչքերից արցունքներ կաթացին ու վախենալով, որ Ռաֆայելը կնկատի, առանց հրաժեշտ տալու գնաց։

Այդ գիշեր ընկերներից ոչ մեկը չկարողացավ քնել։

3

Մարտինի մտքերը գիշերվա ընթացքում։

1։06, հյուրասենյակում․

«Հենց վաղը տոմս կառնեմ ու կգնամ Իսպանիա»։

1։45, կանաչ բազկաթոռի կողքի դեղնանարնջագույն բազմոցին․

«Ես էլ այսպես չեմ կարող, ոչինչ չի մնում, քան ինքնասպան լինել»։

2։13, լոգարանում՝ նախշազարդ ծայրերով հայելու դիմաց․

«Բայց լավ էլ սիրուն եմ, տեսնես ոչ մի հեռուստաընկերությունում չե՞ն ընդունի գործի»։

2։59, խոհանոցում՝ բաց սառնարանի դիմաց․

«Ո՞րն էր մեղքս, որ սենց ապուշ ճակատագիր ունեցա»։

3։03, դեռ խոհանոցում՝ սառնարանի դուռը փակելիս․

«Եթե հիմա ամուսնացած լինեի, ուտելու բան կունենայի»։

3։55, ննջարանում՝ լուսամփոփի տակ, գետնին նստած․

«Վալենսիան ոնց որ Սելիան լինի»։

4։28, ննջարանում՝ անկողնում շուռումուռ գալուց․

«Պետք է դիմում գրել ու դուրս գալ աշխատանքից, չնայած, թքած է, լավ էլ վարձատրում են»։

4։44, ննջարանում պատուհանի մոտ անընդհատ ծիծաղում է, հետո լացում, հետո աչքերը սրբում․․․

5։17, հյուրասենյակում՝ մոլբերտի դիմաց նկարելիս․

«Ախր, մի՞թե ես էսքան թույլ մարդ եմ»։

5։59, լոգարանում, զուգարանակոնքին ուղղակի նստած․

«Հա, էդպես էլ կանեմ, բայց սկսած բանը պետք է վերջացնել, ամեն դեպքում պետք է մի բանով տարբերվեմ անավարտ հորիցս»։

6։22, խոհանոցում ձու ջարդելիս․

«Էլի էս սառը ու զզվելի արևի շողերը, աչքերս ոնց են ծակծկում»։

6։30, ննջարանում գլուխը գրապահարանին խփելիս․ վրձինններն էր ուզում դասավորել․

«Ինչի՞ ոչ մի էմոցիա չարտահայտեցի, բայց լավ էլ ցավաց։ Լավ, միևնույնն է, արդեն առավոտ է, ու ուղիղ մտածել այլևս անհնար է, գնամ հագնվեմ»։

4

Տեսուչ Մորտեն աշխատում էր քաղաքի ծայրամասերում չհայտնվել, նոխկում էր այդ անմաքուր միջավայրից, համենայնդեպս ինքն այդպես էր բացատրում, բայց իրականում ուղղակի վախենում էր, որ եղբորը կտեսնի գողերի ու հանցագործների շրջանում՝ ինչ-որ թմրանյութի ազդեցության տակ։ Իր ուզել-չուզելուն ոչ ոք ու ոչ մի հանգամանք չէր նայում, գործի բերումով երբեմն ստիպված էր լինում իր կիսաթանկարժեք մեքենայի, որը թերևս Մարտինի լավագույն ընկերն էր, թանկանոց անիվները պտտեցնել քանդված ու ջրափոսաշատ փողոցներով։ Հատկապես վերջին մեկ ամսում համարյա ամեն օր գնում էր հարցաքննելու կամ մարդ ման գալու։ Գործը, որը հիմա հանձնարարված էր նրան Բրազիլիայի կառավորության կողմից, ավելի էր խառնել Մարտինի՝ տեղից էլ վերանորոգվող տան նմանվող ներաշխարհը։ «Էս մեքսիկացիները ոնց որ հանրահաշվի խնդիրների իքսերը լինեն, անկոչ հյուրի պես քիթները խոթում են ամեն տեղ ու բարդացնում ամեն ինչ։ Ա՜խր, որտեղից էլ ճարում են էդքան թմրադեղ, որ համ իրենց ազգին է հերիքում, համ էլ բերում են խեղճ կառնավալցի-բրազիլացիների մեջ են տարածում»,- անընդհատ մտածում էր Մորտեն, երբ ժամ առ ժամ մեքսիկաբրազիլական իսպաներեն լաբիրինթը ավելի էր խճճվում։ Մյուս կողմից էլ ամեն առավոտ Ռաֆայել Կոստան մանրամասնորեն հիշեցնում էր, որ իրենք բացահայտում են շա՜տ կարևոր գործ, որն անձամբ նախագահն է հանձնարարել, հիշեցնում էր, որ իրենք առնչություն ունեն մեքսիկացի նարկոբարոնների հետ, ովքեր չափազանց ՎՏԱՆԳԱՎՈՐ (այս բառը մի փառահեղ առոգնությամբ էր հնչեցնում) երևույթներ են ու, որ ամենակարևորն է, չեն վախենում ոչ մի օրենք-մօրենքներից։ Մարտինեզ Մորտեն ամեն առավոտ խելոք լսում էր նույն ճառը՝ մտածելով, թե ինչպիսի թանկ գնով կարող էր ծախել իր կյանքի սցենարը, որից հաստատ օսկարակիր տրագիկոմեդիա կստացվեր։

5

— Ինչքա՜ն բանի միջով անցանք վերջին երեք ամսում, Մարտին։

— Իրոք որ, Ռաֆ,- սայթաքելով Նախագահական տան աստիճանների վրա՝ պատասխանեց տեսուչը։

— Չհավանեցի ես Բրազիլիան, Ռիոն հազար անգամ լավն է, իզուր էլ մայրաքաղաքը փոխեցին,- Կոստան ամաչում էր, որ երկրի մայրաղաքաղաքում չի ապրում, դրա համար էլ պահը բաց չէր թողնում գովելու Ռիո դե Ժանեյրոն։

— Ինձ համար տարբերություն չկա, ես, միևնույնն է, գնալու եմ։

— Ի՞նչ,- շենքի ներսում աղմուկ էր։

— Հեչ։

Անընդհատ պաշտոնավոր ինչ-որ անծանոթների ողջունելով և փոխադարձ շնորհակալություններ ու գովեստի խոսքեր լսելով՝ տղաները բարձրացան երկրորդ հարկ, որտեղ էլ տեղի էր ունենալու նախագահի հրավիրած փակ երեկույթը։ Մարտինը չէր սիրում մարդաշատ վայրեր, այն էլ այդպիսի ձևական տղամարդկանց ու ոսկու շուկայի խանութ հիշեցնող պճնամոլ կանանց ընկերակցությամբ։

— Դե ինչ, սենյորներ և սենյորաներ,- վերջապես խոսեց Բրազիլիայի նախագահը,- ուրախ եմ ձեզ ողջունելու այսօրվա պարգևատրման երեկոյին։ Բրազիլիան խաղաղասեր երկիր է, սակայն երբեմն մեր անդորրն էլ են խանգարում։ Աշխարհը, որտեղ մենք ենք ապրում, լի է զզվելի մարդակերպ կենդանիներով, որոնց կյանքի նպատակը մեզ ցավ պատճառելն ու խանգարելն է։ Այօր մենք նշում ենք Բրազիլիայի պատմության մեջ բավականին կարևոր մի իրադարձություն։ Մոտ 6 ամիս տանջանքներից հետո, Բրազիլիայի երկրորդ կարևորագույն քաղաքի փողոցներն այլևս մաքուր են կյանքին ոչ արժանի անձանցից։ Դրանցից շատերը բանտում նեխում են, շատերը էլ չկան․․․ Ինչպես գիտեք, վերջերս մենք իրականացրեցինք նմանը չունեցող բարդագույն օպերացիա, որի ժամանակ մեզ, իհարկե Ռիո դե Ժանեյրոյի ԱԱԾ բաժանմունքի գլխավորությամբ, հաջողվեց բռնել թմրադեղեր տարածող գաղտնի խմբավորման անդամներին, ովքեր հսկայական վնասներ էին հասցնում թե՛ ժողովրդին, թե՛ Բրազիլիայի Հանրապետության բարի համբավին և թե՛ Մեքսիկայի հետ մեր արտաքին և ներքին քաղաքական հարաբերություններին։ Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս կապակցությամբ,- նախագահը մի պահ ընդհատեց, որովհետև բոլորը ծափահարում էին,- և ուզում եմ պարգևատրել Ռիոյի ԱԱԾ մասնաճյուղի քննիչներին, ամբողջ անձնակազմին և, դե իհարկե, տեսուչ Մարտինեզ Մորտեին։ Նշեմ, որ մեր ճանապարհին բազմաթիվ մեծ ու փոքր քարեր հանդիպեցին, ինչպես օրինակ պետի դավաճանությունն էր և կեղտոտ համագործակցությունը նարկոբարոնների հետ։ Սենյոր Մորտե՛, Ձեզ հրավիրում եմ բեմ։ Ցուցաբերած պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը Ձեր մասնագիտությանը անգնահատելի է, խոնարհվում եմ Ձեր առջև և նկատի առնելով կատարված աշխատանքն ու ԱԱԾ պետի թափուր պաշտոնը, այս պահից սկսած Դուք Ռիո դե Ժանեյրոյի ԱԱԾ մասնաճյուղի պետն եք, շնորհավորում եմ։

Բոլորը քարացած էին տեղներում, չէին սպասում, որ ինչ-որ անհասկանալի ու իրենից բան չներկայացնող հասարակ իսպանացու նման պաշտոն կտան, նախանձն, ինչպես միշտ, հաղթել էր մեծատուններին։ Լռության ելևեջների մեջ Մարտինը կոշիկներով դմփդմփացնելով բարձրացավ բեմ ու կիսաչար քմծիծաղով սկսեց իր ճառը․

— Առհասարակ, իմ ճանապարհին, բնական է, որ շատ եմ հանդիպել օրենքին չենթարկվող ու խարդախ մարդկանց։ Եվ այսօր այս բեմից ես վստահաբար կարող եմ ասել, որ հարստության կամ Կառավարության փեշի տակ գտնվող երևույթներից ավելի անօրինական ու կեղտոտ մարդկանց չեմ զարնվել։ Եթե հանցագործները ուղղակի ենթարկվում են ճակատագրի հարվածներին, ապա դուք անխղճաբար հարվածում եք ձեր ճակատագրին ու ստիպում փչանալ։ Դո՛ւք այստեղ նստած ձեզ ներկայացնում եք իբրև ազնիվներ ու արիստոկրատներ, ու ցեխ եք նետում բանտում փտողների վրա, բայց ինքներդ էլ գիտեք, որ նրանցից ոչնչով չեք տարբերվում, ոչնչո՛վ,- Մորտեի ձայնը թնդում էր ողջ դահլիճով մեկ,- դուք այսքան հարուստ եք, ու համարյա բոլորդ էլ էդ այլանդակ փողերին նմանատիպ ճանապարհով եք հասել, ինչպես օրինակ՝ Դոն Գարսիան, որին երեք օր առաջ ձերբակալեցի ձեր ասած այդ բարդ օպերացիայի շրջանակներում։ Կամ ԱԱԾ պետը՝ Հերնանդեսը՝ վառ օրինակ։ Կամ Դուք, սենյոր Oլիվիերա,- մատնացույց արեց մեջտեղի շարքում նստած բարձրահասակ ակնոցավոր տղամարդուն, որի կլորավուն ակնոցները վախից ընկան սապատավոր քթի վրայից,- Ձեզ թվում է, որ Գարսիային կգտնեմ, իսկ Ձեզ՝ չէ՞։ Ինչպես սենյոր նախագահն ասաց, այո, ցավոք սրտի, ես պրոֆեսիոնալ եմ հենց այս՝ հանցավոր աշխարհում։ Հարգելի ներկաներ, ձեզանից վաթսուն տոկոսը համագործակցել է Դոն Գարսիայի հետ, ի դեմս սենյոր նախագահի տեղակալի և միգուցե անգամ հենց նախագահի։ Ես ավել բան չեմ ասի, չեմ ուզում թռիչքից առաջ գլուխս ծանրաբեռնել ավելորդ մտածմունքներով։ Այսօր ես թողնում եմ իմ կարիերան, հիշողությունները և այն ճակատագրերը, որոնք քարուքանդ եմ արել ձեր նման թուլամորթներին պաշտպանելու համար։ Սակայն, դեռ որպես տեսուչ Մորտե, ես ունեմ անձեռնամխելիություն, ուստի ասում եմ՝ ձերբակալե՛լ բոլոր նրանց, ում անունները տվել եմ երեկույթից առաջ,- կարմիր աչքերից բխող ոչինչ չասող, բայց իր հոգեվիճակը բնութագրող հայացքը հառած Կոստային՝ որպես ներողություն, որ անտեղյակ է պահել ամենից՝ գոռաց Մարտինը,- սա հրամա՛ն է։

Ներս խուժեցին Հատուկ զինված ուժերը, իսկ թե հետո ինչ տեղի ունեցավ Մարտինեզ Մորտեի պետքն էլ չէր, նա իր կյանքի ընթացքում առաջին անգամ իրեն լիարժեք մարդ էր զգում։

***

— Ինձ սուրճ տվեք, por favor:

— De acuerdo, señor, և կապեք Ձեր ամրագոտին։

mariam tonoyan

Մայրը

Իրիկնամուտ էր. արևն առնում էր իր վերջին շողերը՝ կանաչավարս ծառերի ոսկևորված տերևները շոյելով։ Ամառային տաք քամին երեկոյան այդ ժամին հագել էր իր սարսռացնող վերարկուն ու փարվում էր փողոցներում դեռևս շրջող, թեթև հագնված մարդկանց ու նրանց սիրով մինչ տուն էր ուղեկցում։ Ճրագալույցի հետ սարերից իջնում էին հովիվները՝ ոչխարների հոտերն ու նախիրները գյուղական ախոռներ ցրելով։ Մթնող երեկոյի այդ ամայության մեջ պսպղում էին զույգ աչքեր՝ պարզ երկնքի պես բաց կապտավուն։

Հովիվներից մեկը, հանկարծ նկատելով խոտերի մեջ խլրտացող ստվերը, քայլեց այդ ուղղությամբ։ Եվս երկու քայլ ու կտեսներ, թե ով է դա, բայց հանկարծ բարձրահասակ խոտերի միջից մի բռունցքաչափ քար թռավ ու դիպավ հովվի ուսին։

Հովիվն անսպասելի հարվածից խրտնած՝ մռնչոցով մի քայլ հետ թռավ։

-Հի-հի-հի՜,- ձեռքը բերանին դրած ու բռնկուն քրքիջը հազիվ զսպելով՝ խոտերի մեջ երևաց փոքրիկ, նիհար մի աղջնակ՝ երկնագույն աչքերով։

Հովիվը զարմացած առաջ քայլեց.

-Ո՞վ ես, ի՞նչ գործ ունես այս ժամին դրսում։

-Քըշ-քըշ,- ձեռքը հանդիմանանքով թափահարեց աղջիկը,- սո՜ւս…

Հովիվը շփոթվեց, կռացավ աղջկա հասակի չափ ու պատասխանի սպասող հայացքով սկսեց զննել նրա դեմքը. երկու՝ դեմքի հետ անհամապատասխան մեծ, փայլփլուն աչքեր, ներս ընկած, կեղտոտ այտեր, փոքրիկ բերան, որ թվում էր՝ միշտ ժպտում է, թուխ խոպոպիկներ, որ քամու հետ խաղալով դեսուդեն էին ընկնում նրա գունատ դեմքի վրա։

-Ծնողներ ունե՞ս, աղջիկ,- ավելի բարյացկամորեն հարցրեց հովիվը։

Աղջիկը հայացքը չկտրելով հարևան տան ցանկապատից՝ պատասխանեց.

-Մայր ունեմ։

-Հապա ինչո՞ւ դեռ քեզ տուն չի կանչել։

Աղջիկը չպատասխանեց, կռացավ, մի փոքրիկ քար վերցրեց ու նետեց հարևան տան բակը։ Ներսից մեկն ի պաստասխան երկու անգամ թխկթխկացրեց բարձր, փայտե ցանկապատը։ Հավանաբար դա ինչ-որ դրական ազդակ էր, քանի որ փոքրիկի դեմքն ակնթարթորեն փայլեց, ապա նա տեղում շորորվելով ու չարաճճիորեն երկարացնելով վանկերը, ի վերջո պատասխանեց.

-Մայրս հյուր ունի։ Երբ նա հյուր է ունենում, մեզ ուղարկում է դուրս՝ խաղալու։

Հովիվը խոժոռվեց։ Մինչ նա կխնդրեր իր հետևից եկող  հովիվներին, որ իր պատասխանատվության տակ գտնվող հոտը ևս ախոռներ հասցնեն, աղջիկն արդեն մոտերքում չէր երևում։

Մթնել էր. գյուղի ճանապարհները լուսավորվում էին տների պատուհաններից դուրս փախչող լույսերի նեղլիկ պատառիկներից, որոնք մերթ ընդ մերթ աղճատվում էին՝ ներսում անցուդարձողների ստվերներն իրենց վրա առնելով։ Թրթռացող լույսերի մեջ ողջ աշխարհն ասես երերում էր և մի պահ հովվին թվաց, որ այդ  երերուն իրականությունից փոքրիկ աղջիկն էլ սահել, անցել է մեկ այլ, ալիքվող հորիզոներ։ Քայլերը մեխանիկորեն բերեցին դեպի ցանկապատը։ Ներսի կողմից քչփչոցներ էին լսվում։ Հովվի կասկածները, թե աղջիկն այնտեղ կլինի, հաստատվեցին։

Մինչ կվճռեր ներս անցնել, նրա ուշադրությունը գրավեց վարդագույն կադիլակը, որ այնքան գռեհիկ էր գյուղի խղճուկ ֆոնին, ինչպես ադամանդյա պսպղան մատանին անխնամ ու արևակեզ մատի վրա։ Տնից, որի առջև կայանված էր մեքենան, դուրս եկավ հաստագլուխ, երկարավիզ, անճոռնի մի կերպարանք, նստեց մեքենան ու նորաոճ կադիլակը գյուղից դուրս սլացավ՝ վարդագույն դռնակները ցեխով նախշազարդելով։ Շուտով նույն տնից դուրս եկավ հաստլիկ մի կին ու այսուայնկողմ նայելով բղավեց.

-Լուսինե՜, Լուսինե՜…,- տեսնելով, որ մոտակայքում մարդ չկա, փողոց դուրս եկավ, ու լայն-լայն քայլերով շարունակեց,- Արմա՜ն, ո՞ւր եք… Լուսինե՜…

-Արման, շուտ արա, շո՛ւտ,- հովիվը լսեց աղջկա ձայնը ցանկապատի մյուս կողմից։ Չանցած մի ակնթարթ՝ զիլ ձայնով ներսում ինչ-որ բան դրմբաց ու դրան հաջորդեց խռպոտ տղամարդկային ձայն.

-Գողությո՞ւն եք անում, հաա՜, սատանաներ։

Դարպասն իսկույն բացվեց ու աներևակայելի արագությամբ ներսից դուրս վազեց աղջիկը, իսկ նրա հետևից՝ էլ ավելի փոքրիկ տղան, ով դեռ ձեռքում էր պահել գողոնը ու փոքր-ինչ դանդաղելու պատճառով հասցրեց վզակոթին մի քոթակ ստանալ տանտիրոջ կողմից։

-Լուսինե՞, էդ դո՞ւ ես,- մյուս կողմից ճղճղալով վրա հասավ կինը, ու բռնելով փոքրիկ աղջկա ձեռքից, մյուս ձեռքով ապտակ հասցրեց նրան,- ա՛ռ քեզ, չէի՞ ասել՝ հեռու չգնաք։

Անզուսպ զայրույթը չկառավարելով՝  ոտքից գլուխ թափահարեց նաև ավելի փոքրին։

-Հեյ, հե՜յ…,- փորձեց խառնվել հովիվը և կնոջ ձեռքից առավ կտորի նման թափահարվող տղային։

Անսպասելի տեսարանից շվարած՝ տանտերը կանգնել էր դարպասի առաջ ու աչքերը կկոցած փորձում էր տեսնել զայրացած տիկնոջ դեմքը։

-Այ կին,- վերջապես միջամտեց նա, և դուրս գալով ստվերից, հստակ երևաց։ Դա մի կորացած ծերուկ էր, ով չնայած ծերությանը, բավականին առույգ ու առողջ էր թվում։ -Դրանց դաստիարակած լինեիր, հիմա ո՛չ ես կխփեի, ո՛չ դու։ Տե՛ր կանգնի, մատղաշ են, մեղք են։

Աղմուկը լսելով՝ մի քանի գյուղացիներ դուրս էին եկել տեսնելու, թե ինչ է պատահել և ծերունու այդ խոսքերը, որ հնչեցին ականատեսների առջև, էլ ավելի վիրավորական թվացին կնոջը։ Նա բորբոքվեց.

-Իմ միսն ու արյունն են, ե՛ս եմ մերը, ե՛ս եմ որոշում՝ ոնց դաստիարակեմ,- ճչաց նա, ու հանկարծակի մի շարժումով հովվի ձեռքերից խլելով տղային, նրան աղջկա հետ միասին տուն քարշ տվեց։

Տանտերը նրանց հետևից ձեռքը թափ տվեց՝ ի նշան այն բանի, որ նրանց հետ գլուխ դնելն անիմաստ է, ապա շրջվեց, ուզում էր ներս մտնել, բայց հովվի մասին հիշելով, կրկին հետ դարձավ.

-Կանգնել, թամա՞շ էիր անում՝ ոնց են գողանում, այ ջահել։

-Էդ կինն ո՞վ է,- խեթ նայելով ծերունուն՝ հարցրեց հովիվը։

-Սև շո՛ւնն է… անոթի է թողում մի մատ երեխեքին, որ ինքն իրենով զբաղվի,  դրանք էլ գող են մեծանում, որ սոված չվնգստան։

…Տանտերը ներս անցավ՝ իր երկար խալաթի փեշերից կախած տանելով անլուսին գիշերվա մթությունը։ Հովիվն իր գլխավերևում նկատեց առաջին աստղերը՝ իր հարյուրավոր գառների նման անսահման թվացող, բայցև հաշվելի, որ կարծես սովից հարձակվել էին մթի վրա ու արածում էին երկինքը։

Հովիվը քայլեց մթության մեջ ու մտածեց, որ ոչխարն իր գառի բերանից խոտը չէր գողանա։

margarita ghazaryan

Վերջին կանգառ

Ժամանակը անցնում-գնում,

Կարծես ոչինչ չի թողնում,

Իր հետևից միայն հուշեր

Ու անցյալ է կտակում:

 

Ո՞ւր է տանում նա մեզ,

Թե՞ մենք ենք վատնում նրան,

Փորձ է տալիս և՛ ինձ, և՛ քեզ,

Կյանքը կարծես լինի վրան:

 

Առժամանակ մեր հանգրվանն

Ու աշխարհն է դառնում այն,

Սակայն մի օր թողնում,

Անվերադարձ ենք գնում:

 

Ամեն ինչը թողնում վաղվան

Ու ապրում ենք անհայտ օրով,

«Կգա օրը կանենք այս-այն,

Պետք է ապրել նպատակով»։

 

Մինչդեռ գուցե այդ օրը

Չգա երբեք մեզ համար,

-Ո՞րն է կյանքում կարևորը,

-Ե՛կ, վայելենք այսօրը:

 

Կյանքը իբրև մի գնացք՝

Մարդկանց տանում ու բերում,

Ով տեղ չունի անում է վազք,

Կյանքի համար պայքարում:

 

Եվ գնացքը ամեն պահի

Կարող է կանգ առնել,

Էլ ի՞նչ կռիվ փող ու գահի,

Հերթը մերն է, պետք է իջնել:

 

Ժամանակը անցնում-գնում,

Կարծես ոչինչ էլ չի մնում,

Իր հետևից միայն հույզեր

Ու կարոտ է նա թողնում:

 

Պետք է ապրել պահը ամեն,

Կարծես վաղը էլ չի գալու,

Ի՞նչ իմանանք՝ այս գնացքը

Որտեղ է կանգ առնելու…

Meline Hayrapetyan

Ֆրանսիական Արմենը

Ինքնաթիռը վայրէջք է կատարում անիվները էնպես արհամարհական գետնին քսելով, որ դժվար չէ կռահել` ներսում առնվազն մեկը մեռնելով է ոտք դնելու հողին։

Րոպեներ անց ճամպրուկավորների գաղթող հպարտությունը ճեղքելով՝ ֆրանսիական բաճկոնով, Լուվր տեսած հայացքով ու էս ողջ ֆոնի վրա իրականություն շաղ տվող հայկական «մուննաթով» մեկը ձեռքերը թափ տալով՝ դանդաղ շարժվում է առաջ։ Այս մարդը կա՛մ կորցրել է ճամպրուկը, կա՛մ երբեք չի էլ ունեցել։ Բայց որովհետև Ֆրանսիայում ծվարածները՝ իրենց ասելով, ոչինչ չեն կորցնում (նրանք միշտ գտնում են, ասենք՝ բախտ, երջանկություն, փառք), ուրեմն, մեր դատարկաձեռն բարեկամը ամեն բան ունի, կա՛մ ոչնչի կարիք չունի։

Մի փոքր հեռվից երիտասարդ մի աղջիկ է պոկվում խառն ամբոխից ու իսկական հայկական ադաթներով ամենքին և ամեն բան ոտնակոխ անելով՝ հասնում է ֆրանսիական մեծությանը։

-Արմե՛ն, առանց քեզ երկիրը պակասություն ա զգում, լավ ա, որ եկար,- ավանդական «ոնց ես, ինչ ես»-ից հետո, երջանկությունից շունչը կտրելով, իրար վրա է բերում ընկերուհին։

-Ձեր երկիրը՝ ինձնից առաջ պակաս ու միայն ինձնով լցվող ձեր երկիրը մի շաբաթից նորից դատարկվելու ա,- առաջին անգամ բեմ բարձրացածի էմոցիաներից զուրկ անփորձությամբ իր կարևորությունն ընդծում է «Ֆրանսիական Արմենն» ու ավելացնում,- ես յոթ օրով եմ էստեղ։

Ընհանրապես, ձևն էդպես է՝ ֆրանսիական, գերմանական հոնկկոնգյան կամ տանզանիական են դառնում արմենները, արարատները, հայկերը՝ նրանք, ովքեր իրենց մեջ են սիմվոլում մեր նկարագիրը։ Իրենք օտարանում են ու որքան էլ մեզ դուր չգա, մեկ է՝ նրանց մեծամտությունը արդարացված է, նրանք հաջողացնում են դատարկել էս երկիրը։

Ֆրանսիական Արմենը սովորական փախստական էր՝ մեկը նրանցից, ով 18-ը լրանալուց երկու շաբաթ առաջ բռնեց տոմսարկղի՝ վերադարձ չխոստացող մաշված ճամփան՝ իր հետևից անփույթ շպրտելով դասալիքների սրբազան աղոթքը․ «արա դե, ո՞ւմ համար ծառայեմ»։ Արմենը երևի չհասկանա, որ իր հռետորական հարցի պատասխանը մի օր գտնելու է հայելու առաջ կանգնած։

-Արմ, երեկ չգրեցիր գալուդ պատճառը,- քաղաքի սրճարաններից մեկում հարմար տեղավորվելով՝ հարցրեց Արմենին դիմավորելու եկած ու էս երկրում նրան միակ հիշող, բայց նրա կողմից միայն դիմավորողի կարիք ունենալիս հիշվողը՝ Միշելը։

Արմենն ու Միշելը նույն բակում էին մեծացել։ Նրանք համարյա պայմանավորված էլ եկան աշխարհ՝ մի քանի օրվա տարբերությամբ։

Այդ օրվանից մի ողջ մանկություն Միշելին չներվեց իր ֆրանսիական անունը։ «Միշելս ո՞րն ա։ Հայ ենք վերջիվերջո։ Էլ անուն չկա՞ր, զարթնեցին ու Միշել որոշեցին»,- չորս կողմից քչփչում էին աշխարհի ամենայուրօրինակ կատեգորիա՝ անունով մարդու մասին մի ողջ կենսագրական գծագրող հարևանները։

Ընկերներն էլ բակում դժվարությամբ ընդունեցին Միշելին ու իր անունը։ Էս ողջ ֆոնին փայլում էր Արմենը՝ յուր ազգապահպան անվան ամբողջ հմայքով… Գնաց ժամանակը․․․ Հիմա Միշելը երևանյան՝ իր համար անչափ հարազատ ու Արմենի՝ եվրոպա տեսած աչքերում խղճուկ թվացող սրճարանում նստած ուսումնասիրում է Արմենին ու մտքերի մեջ ընկնում։ Հետո, դիմացինի պատասխանին չսպասելով, չնեղացածի ժպիտով դուրս հանում այն, ինչ տարիներով մտքում էր։

-Արմ, ո՞վ կպատկերացներ, որ դու՝ քո «հայու գեն» անունով անձնագրում մի օր հավիտյան ֆրանսիական քաղաքացիություն ես դաջելու, իսկ ես՝ բակում չընկալված իմ օտարությամբ, դիմավորելու եմ քեզ՝ յոթ օրով Արմեն դարձածիդ։

-Թաղում եմ եկել,- Միշելի ողջ բջիջներից դուրս պայթած խոսքերից դեմքին միայն ծաղրական մի ժպիտ խաղացնելով, պատասխանեց Արմենը այն հարցին, որն իրեն էր հարմար։

Միշելը մատուցողի թափած մի կաթիլ սուրճը մատով մաքրելով, ու Արմենի «էս չե՞ն ձեր աֆիցանտները» հայացքից խոցված՝ ձայնը բարձրացրեց․

-Ո՞նց հենց սկզբից գլխի չընկա, դուք միայն թաղումների ժամանակ եք վերադառնում, չէ՞․․․ հարսանիքների էֆեկտը դեռ էդքան մեծ չի։

-Մենք՝ ո՞վ, Միշե՛լ։

-Արարատը հետ բերելու մեր անկարողությունը երկրից փախչելու պատճառ դարձրածներդ։

-Ասում ես՝ մենակ թաղում ենք գալիս մենք, հա՞։

-Մենակ թաղում։ Գիտե՞ս՝ ինչի եք հենց էդտեղ հաճույքով ներկայանում․ որ մեզ ապացուցեք՝ էստեղ մնացողների վերջին հանգրվանը գերեզմանն է, ասես եվրոպաներում մարդիկ չեն մեռնում։

-Եվրոպաներում էլ են մեռնո՞ւմ, ես էսքան տարվա մեջ մի դեպք չտեսա,- եվրոպացած հային բնորոշ ցինիկ ժպիտով հակադարձում է Արմենը, որի համար խոսակցությունը չնախընտրած հուն էր մտել։

-Մենակ չասես, թե Ֆրանսիա գնացիր անմահության որոնումներով,- մթնոլորտը լիցքաթափելով ծիծաղեց Միշելը, արդեն ամբողջապես մաքրված սուրճի՝ գոյություն չունեցող կաթիլը դեռ մաքրելով։

-Ֆրանսիա գնացի, որ 18 տարեկանում նկարս սև ռամկի մեջ չդնեք,- բազկաթոռը ափի տակ քրտնեցնելով՝ նետեց Արմենը։ -Հոպարիս տղու թաղումն եմ եկել, Միշե՛լ․․․ 19 տարեկան ախպորս էսօր հող են սարքելու՝ ձեր սիրած ոտանավորների պես։ Փոխարենը մխիթարության 2 համազարկ կթողեն երկինք ու վերջ՝ էլ պարտք ու պահանջ չկա։

Միշելը ցնցվեց․

-Մեղադրում ես հորեղբորդ, որ տղու համար գժի թուղթ չհանեց, չէ՞, Արմեն դա ձեր՝ եվրոպցվածներիդ աչքերում թուլամորթություն ա, չէ՞։

-Ես վաղուց ոչ մեկի չեմ մեղադրում, Միշե՛լ։ Դուք եք բոլորով մեղադրում ինձ՝ մեռնել չուզելու բնական իրավունքիս համար։ Ես չեմ ապրել էսքան, որ մի օր օդ կրակված 2 փամփուշտի գին արժենամ ընդամենը, երբ էդ փամփուշներից մի քանիսն էլ ինչ-որ մեկը գլուխս ա կոխել, ինչ ա, թե մի քանի «կաստյումավոր» անասուն բռնոցի են խաղում։

-Սիրո՞ւմ ես Ֆրանսիան, Արմեն,- անսպասելի հարցրեց Միշելը՝ անթարթ աչքերով հետևելով Արմենի ամեն ջղաձգմանը։

-Շատ եմ սիրում, Միշել։ Որովհետև էդ անտեր երկրում ապրելու համար պարտադիր չի հանուն դրա մեռնելու պատրաստվել։

-Արմեն, առաջին աշխարհամարտի ժամանակ գիտե՞ս քանի ֆրանսիացի մեռավ․․․

-Քանի՞,- անտարբերությամբ հետաքրքվեց «Ֆրանսիական Արմենը»։

-1.4 միլիոն։ Էդ օրերին էլ իրենք կյանքը փոխարինեցին օդ կրակված մի քանի փամփուշտի հետ, էդ ժամանակ էլ իրենք փարիզյան երեկոները շամպայնով վայելելու դիմաց մեռնել պարտավորվեցին։ Ինչ ա թե, «կաստյումավորները» էդպես էին պլանավորել։

-էդ 106 տարի առաջ էր, Միշել։

-Ուրեմն մենք քո Ֆրանսիայից 106 տարի հետ ենք մնացել,- համեմատությունից վիրավորվելով, կամ ինքն էլ ճշմարտությունը հասկանալավ, գլուխը շուռ տվեց։

Սուրճից արդեն երկար ժամանակ է, ինչ դադարել էր գոլորշիներ բարձրանալ երկինք։ Այն երկինք, ուր ժամեր անց մխիթարանքի համազարկ էր բարձրանալու։ Արմենը անտարբերությամբ վերցրեց սուրճի բաժակն ու խմելու նման մի բան արեց։ Հետո հոգնությամբ բարձրացրեց գլուխը՝ գոլորշիներն ու փամփուշտները կուլ տալու վատ «խասյաթից» չհրաժարվող երկնքին նայելու․․․ ոչինչ չէր մտածում։

-Ասե՞մ՝ ինչու ես երկինքին նայում,- ծիծաղելով վերսկսեց Միշելը։

-Հիմա ի՞նչ մոգոնեցիր,- հակահարձակման անկարողությունից ժպտաց։

-Երկնքին ես նայում, որովհետև դա միակ բանն ա, որ նման ա քո Ֆրանսիականին․․․ որովհետև դա էն ուղին ա, որով հետ ես վերադառնալու էնտեղ։

-Ու նույն ուղին, որն ինձ բերեց էստեղ։

-Յոթ օրով միայն։

Մոտենում էր գերեզմանոց գնալու ժամը։ «Ֆրանսիական Արմենն» ու «հայկական Միշելը» չխմած սուրճի գումարը սեղանին թողնելով, քայլեցին դուրս։

Միասին էլ հասան սևազգեստների հավաքույթին… Արմենին ճանաչող չգտնվեց։

Էս անգամ էլ չստացվեց հերոսանալ հարազատների աչքում, թե տեսե՛ք՝ ես ֆրանսիայից հասել եմ էստեղ՝ հանուն եղբայրական սուրբ պարտքի։ Էստեղ ոչ ոքի հետաքրքիր չէր իր ծախսած մի քանի 100 եվրոն ու արհեստական շքեղ ծաղկեպսակը, որ վերջին պահին որոշեց բերել։

-Անահիտն է,- հեռվում զինվորական համազգեստով կանգնած կնոջը գլխով ցույց տալով՝ ցածրաձայն սկսեց Միշելը, ոչ թե որովհետև ուզում էր ցածր խոսել, այլ պարզապես ուժերը չէին թույլատրում բարձրաձայնել։

-Երևի մոր կողմի բարեկամներից ա, չեմ ճանաչում։

-Ուրիշ կողմի բարեկամ ա․․․

-Ո՞ր,- չհասկանալով՝ ավելի ուշադիր սկսեց տնտղել համազգեստավոր կնոջը։

-Հողի։

-Հողի՞։

-Անահիտն էլ ա ախպորդ նման իր արյունը խառնել հողին, Արմեն։

-Զինվորակա՞ն ա։

-Զինվոր ա՝ հավերժական կոչմամբ։ 92-ից մինչև հիմա 27 վիրահատություն ա տարել, բայց 16-ի ապրիլին նորից գնաց ֆրոնտ։ Դու չես հիշի 16-ի ապրիլը, օդ բարձրացած 100 զույգ համազարկը Ֆրանսիա դժվար թե հասած լինի։

-Հիշում եմ, փող էի ուղարկել,- երևի իր ասածից շանթահարված՝ արտաբերեց Արմենը։

-Անահիտը հերոս ա,- Արմենի քարուքանդ անող «քաջությունը» բանի տեղ չդնելով՝ եզրափակեց Միշելը էնպիսի տոնով, որ Արմենն էլ երբեք ու ոչինչ չասի, հետո ավելացրեց,- ախպերդ էլ։

Անշարժացած Արմենի բթացած հայացքը իր տեղը չէր գտնում, նայում էր մե՛կ եղբորը, մե՛կ Անահիտին, հետո համազարկել պատրաստվող զինվորականներին, հետո մարդկանց, որոնց բոլորին միավորում էր անտես մի ցավ։

Հավաքված ժողովրդի խեղդված հառաչանքը, հանկարծ, պայթեց՝ տարածվելով ողջ երկնքում։ Արմենը մտքերի թմբիրից սթափվելով՝ գլուխը բարձրացրեց ու հեռվից մոտեցող կոստյումավոր մի շքախումբ նկատեց։

Հիմա երկինքը բացի սուրճի գոլորշուց ու կրակվելիք փամփուշներից իր մեջ էր հավաքել նաև ամբոխի խուլ ողբը։

-Նախագահն է։

Արմենը ցնցվեց։

Տեսնես՝ Ֆրանսիայում ինքը ո՞նց պիտի մեռնի, որ նախագահը լաց լինի իր սառած մարմնի կողքին։ Ողջ էս ընթացքում առաջին անգամ Սրմենը զգաց, որ Ֆրանսիայում իր ապրել-մեռնելը, երևի, ոչ ոքի պետք չլինի։ Առաջին անգամ զգաց, որ ինքը Ֆրանսիական էլ չէ։

Բայց դա տևեց մինչև նախագահի հեռանալը, մինչև պատվո համազարկն ու մինչև եղբոր անցյալ դարձած էության վրա իր բաժին մի բուռ հողը լցնելը։

Միշելի ասածնեըը էնպես էին պատկերվել վերստին Ֆրանսիական դարձած Արմենի գլխում, որ ափը բացելով՝ հողի մեջ Անահիտի արյունն էր տեսնում, հետո՝ եղբորինը․․․ հետո հասկանում էր, որ իր արյունը երբեք ոչ մեկի բուռը չի մտնելու։

Մթնում է․․․ Օրվա հերոսը էդպես էլ չդարձած ֆրանսիական Արմենը դանդաղ քայլում է Միշելի հետ։

-Գիտե՞ս, երևի ես վաղը վերադառնամ Մարսել։

Հաջորդ օրը օդանավակայանում անճամպրուկ մեկը միայնակ աջ ու ձախ է անում։

Օդում շատ են կուլ տված ու դուրս չբերված բառերը։

Այս էլ որերորդ փախուստին հինգ րոպեից էլ քիչ է մնացել։ Մի ողջ երկրի թիկունք դարձրածը անսպասելիորեն քարանում է տեղում՝ էս անտերանոցում իրեն միակ ծանոթ ձայնից։

-Ասե՞մ՝ ինչ ես մտածում,- ու պատասխանի չսպասելով՝ դուրս է ժայթքում Միշելի վերջին նախադասությունը,- մտածում ես․ «Արա, լավ դե, ո՞ւմ համար ծառայես»։

Չի պատասխանում Արմենը՝ ճշմարտությանը հակադարձելու անկարողության իր ձեռքբերովի սինդրոմով նստում է ինքնաթիռ ու րոպեներ անց ինչ-որ մեկի կյանքի դիմաց խոստացված համազարկի փամփուշտները օդում փնտրելով՝ մտածում՝ առանց նեղություն կրելու ինչպե՞ս մեռնել, որ Պեր Լաշեզում իր թաղումը պատվի ինքը՝ Ֆրանսիայի նախագահն, ու ֆրանսիական երկինք մի անգամ էլ իր համար համազարկ բարձրացվի։ Հետո, հիշելով կյանքը երկու փամփուշտի հետ փոխելու իր անպատրաստությունը, ձեռքը անփութորեն թափ է տալիս ու հավերժ կորչում ոչ մի լավ բան չտեսած էս երկնքի խորքում…

nare hovhannisyan

«Մյուս անգամ»-ի համար

Եկա՜ր, ու չնայած դրան՝ ես չզգացի գալդ, ես չզգացի, որ կողքիս ես, ու չզգացի, որ շունչդ կտրվում է։ Չզգացի նաև, որ մատներդ սառել են ու կապտավուն երանգ ստացել, չզգացի, թե ոնց նստեցիր կողքիս ու տարածվեցիր սենյակով մեկ, այն օծանելիքի պես, որի հոտն ատում եմ, չզգացի, որ ձեռքիդ մեր սիրած կարմիր գինին է, որից մենք չէինք արբենում, իսկ նա մեզնից միշտ արբենում էր, չզգացի, որ հագել ես այն կապտավուն և սպիտակ զոլերով վերնաշապիկը, որի թևքերը չափազանց լայն են, ու որը ես եմ նվիրել… Չզգացի, որ ձեռքիդ սպիտակ թղթեր են ու մանուշակագույն գրիչ, չզգացի, որ ուզում ես քեզ գրեմ ու մանուշակագույնով լղոզեմ սպիտակ թերթերին, որ գոնե այդ թերթերինը միշտ լինես, այնպիսին, որ գիրք դառնալու ցանկություն ունենան, ու ստացվի այնպես, որ դրանց հնոտի բույրից խելագարվեմ։ Բայց գիտե՞ս՝ զգացի, որ մազերդ մի փոքր երկարել են ու խառնվել վերնաշապիկիդ թևքերին, դու տեսա՞ր, թե ո՜նց դրանք էլեկտրականացան ու խառնվեցին մոլորված մտքերիս, խառնված հոգուս, խզմզված թերթերիս ու դալուկ դեմքիս։
Հետո զգացի, որ վառվում ես, միգուցե մրսե՞լ ես կամ էլ արևն ես առել ուսերիդ, որ պայքարես հոգուս փոթորիկների դեմ, իսկ կայծակից չե՞ս վախենում, իսկ անձրևի՞ց։ Մյուս անգամ, եթե իհարկե, այդ «մյուս անգամ»-ը լինի, անձրևանոցով զինվիր, վախենամ՝ գլխումս լավ անձրև տեղա, այնպիսին, որ անգամ լղոզված թերթերը փրկել չկարողանանք։ «Մյուս անգամ»-ի համար մանուշակագույն գրիչը չբերես, լավ չի լղոզում քեզ, սպիտակ թերթերի թիվը կավելացնես, ախր դու այնքան շատ ես, որ այդ միլիոնավոր թերթերին չես հերիքում, ու հա՜, հանկարծ չմոռանաս մեկ շիշ գինի ավել վերցնել…

mariam tonoyan

Երևան…

Սա քաղաք է,

որի պատերի տակ կարող ես լաց լինել՝
անցորդների ուշադրությունը չգրավելով։
Բայց ես հիմա
պարզապես

ձեռքս ծնոտիս տակ դրած՝

Նայում եմ քաղաքին՝
քիմիական ռեակցիայից քայքայվող…
Չգիտես՝ սե՞րն էր, թե՞ ատելությունը
այդ մի կաթիլ հեղուկը,
որ չլուծվեց նրա բաղադրության հետ,
փոխարկվեց անտարբերության,
նստվածք տվեց հատակին,
պատերին,
փոխեց քիմիական կառուցվածքը,
դեսուդեն շտապող ատոմների
(մարդկանց) դասավորությունը…
Ասում են՝
քիմիական ռեակցիայից հոտ կարող է առաջանալ։
Երևի Աստված որոշել է քիմիա ուսումնասիրել,
որովհետև
քաղաքի անտարբերությունից
գարշահոտություն է բուրում։
Gohar Petrosyan

Մայրամուտները մեր

Ճերմակ աղավնիներ սփռիր հոգուս մեջ,
Թող որ մեղմ փակվեն աչքերս սառած,
Լուսիններ չքացրու թունդ խավարի մեջ,
Որ արևներին տեսնել չուզեցան:

Թող ձնհալները քեզ բերեն իմ մոտ,
Նորածին ծաղկով հոգիդ լուսացնեն,
Որ պոկված տերևի հետ հողերը գրկած
Մեգում խեղդվելով մոռանալ տենչաց:

Ծով երկինքները այրվում են մայրամուտով,
Եվ տաք գույներից խելքները գցում,
Այն մեղմ կանչերս հույսով լցնելով՝
Ոհմակները ծեր լռել են ուզում:

Այս մեծ ճամփան էլ մնաց անուղի,
Որ փշալարից նոր էր ազատվել,
Ձնծաղիկներն էլ կոկոմ թողնելով՝
Մայրամուտները մեր ցամաքել ուզեցին:

Այրվում էին ամպերը կապույտ,
Դառնում էին մի կրակ լուսե,
Լողում էին այդ վառ կրակում
Իմ մտքերը՝ խառն ու անմեղ:

Ու խեղդվում էին նրանք կարծես
Երկնային կրակում անմար,
Ու դողում էր սիրտս ասես
Այդ գույներից՝ տաք, երկնավառ:

Ու մտքերս սուզվում, իջնում՝
Հասնում էին հողերին քնած,
Մայրամուտն էր նրանց խեղդում,
Այնտեղ դու էիր հավերժ պառկած:

seda mkhitaryan

Անհասցե նամակներ

Կանաչ դաշտերի գեղեցկությունը
Դաշտերի կանաչ ազատությունն ու
Քո հավիտենական բացակայությունը
Իրար չեն սազում։
Գարնան սպիտակ ծաղկաթերթերը,
Ծաղկաթերթերի սպիտակ բույրն ու
Քո օծանելիքի մոռացումը
Իրար չեն սազում։
Գետերի կապույտ վարարումները,
Վարարումների կապույտ ձայներն ու
Քո հավիտենական լռությունը
Իրար չեն սազում։
Ծառերի յասամանագույն ճյուղերը,
Ճյուղերին ծաղկած յասամաններն ու
Քո հավիտենական սառնությունը
Իրար չեն սազում։
Գոնե աշուն լիներ…

***

Եթե մի օր չվախենամ,
Համարձակվեմ խոսել հետդ,
Ես քեզ կասեմ, որ առանց դու,
Ու առանց քեզ
Ես քայլում եմ անհայտ ուղով։
Որ առանց դու,
Ու առանց քեզ
Եսը չկա, իմը չկա։
Եթե մի օր չվախենամ,
Համարձակվեմ խոսել հետդ
Երևի թե ես կլռեմ,
Ու կնայեմ աչքերին քո։
Դրանց ներսում կգտնեմ
Եսը, իմը
Ու կլռեմ։
Միակ համարձակությունս փնտրելը կլինի։
Վախս` գտնելը։

***

Տեսությունը իմ հորինած
Դու ես ժխտել։
Տեսությունը իմ ստեղծած,
Քեզանով է ապացուցվել։
Տեսությունը իմ երազած
Քո մասին էր։
Տեսությունը իմ հորինած
Քեզանից գողացված էր։
Տեսությունից իմ ու քո
Մենքը հանիր։
Ես մենակ եմ այստեղ կանգնած`
Իմ հորինած ստի առջև։
Տեսությունը իմ հորինած
Դու ես ստել,
Բայց սուտը այդ տեսության
Դու էիր հենց։