Երկար ու հոգնեցնող ճանապարհից հետո վերջապես հասանք Դիլիջանի «Իմպուլս» հյուրանոց: Ավտոբուսից իջանք, և վարորդը սկսեց իրերը բեռնախցիկից հանել: Մեր մի մասը շատ հոգնած էր, մի մասն էլ՝ քաղցած: Մենք տեղավորվեցինք հյուրանոցի դիմաց գտնվող նստարաններին: Ծանոթացա Միլենայի հետ: Շփվեցինք՝ չիմանալով, որ ամեն ինչ այդքան արագ կփոխվեր, և մենք կմտերմանայինք րոպեների ընթացքում: Ու այդտեղից էլ սկսվեցին մեր բուռն քննարկումները ու ծանոթությունը: Նստեցինք, պատմեցինք մեր մասին: Փաստորեն շատ ընդհանուր գծեր ունեինք ու լավ հասկացանք իրար: Նա դարձավ իմ սենյակակիցը: Այնպես ստացվեց, որ բոլորը համարյա տեղավորվեցին, և վերջում մենք մնացինք ու իրար հետ գնացինք մեր երկտեղանոց համարը: Սենյակը շատ հարմարավետ էր, գրեթե բոլոր հարմարություններով ապահովված: Հագուստը, ամեն ինչը դասավորեցինք իրենց տեղերում, ու շտապեցինք ճաշարան. ճաշի ժամն էր: Ուշացել էինք, բոլորը կարծես մեզ էին սպասում: Անսովոր էր այդպես ճաշելը: Մեր սեղանը ուրախ սեղաններից մեկն էր: Հաճելի մթնոլորտ էր, և շրջապատված էինք սիրելի մարդկանցով: Վերջացրեցինք ու գնացինք մեր առաջին դասին: «Մանանայի» անձնակազմը մեզ ծանոթացրեց այն ամենին, ինչով պետք է զբաղվեինք ճամբարի ընթացքում: Առանց վայրկյան իսկ կորցնելու անցանք գործի, ու մոռացանք ամեն ինչ:
Մեդիա ճամբարներ խորագրի արխիվներ

Առաջին անգամ Դիլիջանի մեդիա ճամբարում
-Մա~մ, այ մա~մ:
-Ասա,- պատասխանեց մայրիկս այգուց:
-Լիլիթն էր զանգել «Մանանայից», ասաց, որ ընդգրկվել եմ «Մանանայի» երկրորդ մեդիա ճամբարին: Ասաց՝ առաջինը պարտադիր ծնողի համաձայնությունն ա պետք: Կգնամ, չէ՞:
-Ես չգիտեմ, զանգիր պապայիդ: Եթե թողնի, ես էլ կթողնեմ:
Զանգ հայրիկին… ՈՒռա~, գնում եմ մեդիա ճամբար:
Սա իմ առաջին ճամբարն է, որին մասնակցում եմ ընդհանրապես: Մայրիկս միշտ վախեցել է ինձ մենակ տանից հեռու թողնել, սակայն սկսած Արտաշատյան դասընթացներից՝ «Մանանայի» անձնակազմը մայրիկիս վստահություն էր ներշնչել: Համաձայնությունը ստացա, հիմա պետք է իրերս հավաքեմ: Իրարանցում, խառնաշփոթ, Արմագեդոն… Այս բառերով կարելի է նկարագրել, թե ինչ էր կատարվում մեր տանը ճամբարին նախորդող մի քանի օրը:
Մի կերպ իրերս հավաքելով՝ ուղևորվեցինք Երևան: Մեզ այնտեղ արդեն սպասում Էին ծանոթ մարդիկ: Շնորհիվ մեր Մանեի՝ մենք Ֆեյսբուքում ունեինք չաթ, որով շփվում էինք մինչև ճամբարը: Եվ ինձ համար նորություն չէր տեսնելը երեխաներից մի քանիսին:
Հյուրանոցում արդեն ծանոթացա մյուս երեխաների հետ: Ընկերացա գրեթե բոլորի հետ: Ում հետ դեռ չեմ ընկերացել, ուրեմն ժամանակը չի հերիքել: Ծանոթությունը Լուսինեի մեթոդով հնարավորություն տվեց իմանալ նրանց անունները, ում չէի ճանաչում: Ժամը մոտավորապես 22:00-ից մինչև 00:00 մեր ժամանցի ժամն էր: Խաղացինք տարբեր խաղեր, երգեցինք Լիդուշի հետ: Մի խոսքով, Դիլիջանի մեդիա ճամբարի առաջին օրը անցավ հոյակապ:

Դիլիջանյան մեդիա ճամբարի նախօրեն
Երեկ երեկոյան տանը նստած ձմերուկ էի ուտում, մեկ էլ մայրիկիս հեռախոսը պատահական վերցրի` մամայի աչքից հեռու խաղ խաղալու համար, ու տեսա 17-ից նամակ կա: Բացեցի ու տեսա, որ հենց այդ պահին չպատասխանեի, զրկվում էի ճամբարի հնարավորությունից: Մի խոսքով արագ ուրիշ հեռախոսահամար գրեցի ու նստած սպասում եմ, մի կողմից էլ` տնեցիներին համոզում եմ, որ թողնեն` գնամ ճամբար:
-Մամ… Խնդրում եմ` գնամ…
-Միլիկ ջան, որ գնացիր, քրոջդ ո՞վ ա պահելու:
-Մամ, լավ էլի…
-Բալիկ ջան, բա տան գործե՞րը: Գիտես, ես աշխատում եմ ու չեմ հասցնում:
-Մամա, խնդրում եմ…
-Ուֆ… Զահլես տարար: Գնա պապայիցդ հարցրու:
Հայրիկս հյուրասենյակից բղավեց.
-Թող գնա, Նառ, ես Արմինեին կկանչեմ` կգա կօգնի:
Լավ, չեմ թաքցնի այն փաստը, որ երբ մայրիկից անընդհատ մերժում էի ստանում, աչքերս լցրել էի ու նստել սենյակումս, բայց սա լսելուց հետո բերանս չի փակվում:
Հաջորդ օրը տանը նստած անհանգիստ սպասում եմ ու մտածում. «Ինչի՞ չեն գրում: Հաստատ փոշմանել են: Հենա` նամակիս էլ չեն պատասխանում: Վերջ, հույսս կտրեցի»:
Մեկ էլ մամայի ֆեյսբուքին նամակ եկավ, չգիտեմ թե ինչպես, բայց զգում էի, որ «Մանանայից» կլինի:
Ձայնը լսելուն պես հյուրասենյակից ինձ շպրտեցի համակարգչի մոտ, բացեցի, մեկ էլ տեսնեմ` ինձ ինչ որ խմբում են ներգրավել, ներսումս հանգստություն իջավ: Բայց էստեղ ճիշտ հակառակն էր: Սկսած թղթակիցներից, ուսուցիչներից ու կամավորներից բոլորը գրում են, նկարներ են տեղադրում: Հերթով տեղադրած նյութերը կարդացի, նկարները նայեցի, ասեմ` շատ ծանոթներ կան, իրենց նյութերը կարդացել եմ կայքում: Ու սկսեցի գրել իմը:
Հիմա գրում-ջնջում եմ, չգիտեմ` ոնց գրեմ: Սկսեցի, իմ հիմար սովորության համաձայն, ժարգոնով գրել ու արագ-արագ: Ամբողջը ջնջեցի, սկսեցի գրականով գեղեցիկ գրել. չնայելով անգամ տառասխալներին:
Մի խոսքով, բոլոր ծանոթներիս գրում եմ`բարև, հիշո՞ւմ ես ինձ:
Ես հիմա հպարտությամբ ասում եմ`գնում եմ ճամբար…
Ու առանց վարանելու կարող եք ինձ երանելի անվանել, քանի որ սիրտս զգում է, որ իմ կյանքի ամենահաճելի շաբաթը առջևումս է:

Դիլիջանյան մեդիա ճամբար. նախապատմություն
Առավոտյան գնալու էինք ճամբար: Գիշերվա ժամը երեքն էր արդեն: Մտածում էի ճանապարհի, երեխաներին իրականում տեսնելու, Դիլիջան հասնելու և աշխատանքը սկսելու մասին, ու քունս սկսում էր ավելի արագ փախչել: Ժամը արդեն չորսն էր: Մի քիչ քնեցի: Առավոտ շուտ արթնացա:
-Վա՜յ, դեռ ծնողի համաձայնագիրը չեմ տպել:
Արագ վեր կացա, զանգեցի դպրոցի տնօրենին: Ասաց, որ դպրոցում է: Գնացի, տպեցի, եկա տուն: Ամեն ինչ գրեթե պատրաստ էր: Տան մեջ անընդհատ գնում-գալիս էի, նորից պայուսակներս ստուգում ու, բնավորությանս համաձայն, անհամբերությունից լարված սպասում էի Քրիստինեին: Զանգեցի:
-Քի՛ս, հոպարդ չեկա՞վ:
Քրիստինեի հորեղբայրը մեզ պիտի բերեր Երևան:
-Չէ, հլա, Ա՛ն:
-Կարող ա՞ չգա:
-Աղջի, գի՞ժ ես, համբերի՛:
-Ուֆ, համբերե՞լ ա լինում:
Վերջապես դուրս եկանք: Հասանք:
Հավաքվել էինք «Մանանայում»: Գրեթե բոլորին ճանաչում էի: Մի քանիսին էլ պինդ գրկեցի: Նրանք, ովքեր չէին եղել «Մանանայում», ծանոթացան կենտրոնին, և վերջին պատրաստությունները տեսնելով՝ շարժվեցինք:
Ուրախ տրամադրությունը հենց սկզբից պատրաստ էր: Երեխեքը իրենց բարբառներով էին խոսում: Դե, իսկ Վահեի ասածներից (Մալիշկա գյուղի բարբառը) ոչինչ չէինք հասկանում:
Եկավ ավանդական պահը. երգում էինք.
-Բազմել ես լեռներին, ունես հազար շեն…
Այսպես` ասել-խոսելով, համով բաներ ուտելով՝ չհասկացանք՝ ինչպես անցավ Երևան-Դիլիջան ճանապարհը: Հասանք Դիլիջան: Բոլորս մի քիչ սոված էինք: Ճաշեցինք ու սկսեցինք մեր աշխատանքային աշխույժ առօրյան:
Մեծ անհամբերությամբ սպասում ենք նոր տպավորություններին, որով կկիսվեմ ձեզ հետ:
Դիլիջանի մեդիա ճամբար. մեկնարկը տրված է
Ինը, տասը, տասնմեկ, մի օր էլ ու… Օգոստոսի տասներկուսն է` «Մանանա» կենտրոնի կազմակերպած մեդիա ճամբարի առաջին օրը: Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև Երևանից ընտրված մոտ երեսունհինգ պատանի թղթակիցները գրկաբաց հյուրընկալվել են չքնաղ Տավուշի չքնաղ Դիլիջանի «Իմպուլս» հյուրանոցում:-Այլ մոլորակ գնալիս հետս Փոքրիկ Իշխանին կտանեմ, – Լիդուշն է:
-Ես ամենաշատը կենդանիներ եմ սիրում, – սա էլ Սոֆին:
Իսկ Անահիտը կամուրջների սիրահար է եւ իրեն չի պատկերացնում առանց Ne me quitte pas երգի:
Սա ընդամենը ծանոթության սկիզբն է, որովհետեւ առջեւում կա մի ողջ շաբաթ, որի ընթացքում` մինչ ամսի տասնութը, մեզ սպասվում են հետաքրքիր վարպետության դասընթացներ մեդիա ոլորտից, ֆոտոարշավներ, նկարահանումներ, սեմինարներ, մի խոսքով` այն բոլորը, որն անհրաժեշտ է մեդիայի ոլորտում աշխատելու, ինչու չէ, առհասարակ ստեղծագործող, վերլուծող մարդուն:
Մենկարկը տրված է, սպասեք մեր նյութերին:

Աղվերանի մեդիա ճամբար. կադրի հետեւում

Աղվերանի մեդիա ճամբար. Մեկ օր մեդիա ճամբարում
Աղվերանի մեդիա ճամբար. Վարպետության դաս. Նանե Սահակյան
Մեր այսօրվա զրուցակիցը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող-մոդերատոր Նանե Սահակյանն է:
-«Մանանա» կենտրոն սկսել եմ հաճախել 12 տարեկանից: Այն ժամանակ կենտրոնում դեռ զարգացած չէին ֆիլմի, ֆոտոյի և մյուս ստուդիաները այնպես, ինչպես հիմա: Դրա համար ավելի շատ աշխատում էինք գրավոր տեքստերի՝ հոդվածների վրա: Բայց կամաց-կամաց զարգացան բոլոր ստուդիաները, և ես էլ ունեցա իմ ֆիլմը, որը իմ տատիկի մասին էր` «Իմ հերոսը» շարքից: «Մանանա» հաճախել եմ ոչ միայն մինչև դպրոցն ավարտելը: Ավարտելուց հետո էլ ես և իմ խմբի մի քանի երեխաներ գնում էինք «Մանանա» ֆիլմեր դիտում, քննարկում: Ես լրագրություն սովորել եմ այստեղ: «Մանանայում», իհարկե, չեմ սովորել գրել լուր, պատրաստել լրատվական հաղորդում, բայց սովորել եմ գրել էսսեներ, պատմություններ: Դրանք հիմա «Ազատություն»-ում մենք անվանում ենք «սթորիներ», որոնք ամենապահանջվածն են, ամենակարևորն են և ամենաշատն են դիտվում: Սովորելով ԵՊՀ-ի ռոմանոգերմանական ֆակուլտետում՝ արդեն աշխատում էի լրագրող, սակայն այդ ֆակուլտետը լրագրողներ չի պատրաստում: Հիմնական տարբերությունը լրագրության ֆակուլտետի և «Մանանա» կենտրոնի միջև այն է, որ լրագրության ֆակուլտետը առաջին իսկ կուրսից սկսում է ձևավորել ցանց կոչվածը, երբ դու ծանոթանում ես քո ապագա կոլեգաների հետ, կապեր ես ձեռք բերում, իսկ կապերն այս ոլորտում շատ անհրաժեշտ են: Մնացած ամեն ինչը, ինչ տալիս է այդ ֆակուլտետը, ես ստացել եմ «Մանանայում»: Բակալավրիատը սովորել եմ օտար լեզու և գրականություն, իսկ մագիստրատուրան՝ մշակութաբանություն: Երկուսն էլ սովորել եմ իմ հետաքրքրասիրությունից դրդված և ոչ այն պատճառով, որ այդ կրթությունն ինձ օգնելու էր հետագայում աշխատանք ունենալ: Աշխատել սկսել եմ 18 տարեկանից, թղթակցել եմ տարբեր թերթերի, իսկ 20-21 տարեկանից սկսել եմ աշխատել «Ազատություն» ռադիոկայանում: Սկզբում ռադիոկայանի երիտասարդական ռադիոհաղորդման խմբագրակազմում էի աշխատում: Վերջին տարիներին «Ազատություն» ռադիոկայանը դարձել է ինտերնետային հեռուստատեսություն, որտեղ աշխատում եմ որպես լրագրող-մոդերատոր:
Հիմա մի քիչ խոսեմ լրատվական հաղորդման մասին, որի վրա հիմա ես աշխատում եմ, և որը ամենալավը գիտեմ: Կարելի է ասել՝ լրագրության ամենակայացած ոլորտներից է, որովհետև չկա այդպիսի հեռուստաընկերություն, որը չունենա լրատվական հաղորդում: Լրատվական հաղորդումները հիմնականում մեկ ժամանոց հաղորդումներ են լինում, որոնք լուսաբանում են քաղաքական իրադարձություններ, սոցիալական, երբեմն՝ իրավական և մշակութային: Օրինակ՝ CNN-ի հաղորդումները պրոֆիլային են. տնտեսական, ֆինանսական, Մերձավոր Արևելքի, Ամերիկայի ներքին քաղաքականության մասին հաղորդումները առանձին են ներկայացվում, որովհետև CNN-ը պրոֆեսիոնալ լրատվական ալիք է, որը 24 ժամ լուրեր է ներկայացնում: Հայաստանում այժմ լրատվական ալիք չկա: «Արմնյուզն» էր, որը փակվեց որպես լրատվական ալիք և դարձավ ժամանցային:
Նայելով բոլոր ալիքների լրատվական ծրագրերը՝ կնկատեք, որ լուրերը հաճախ կրկնվում են, որովհետև Երևանում ինչ-որ ասուլիս է լինում, իսկ լրագրողները հիմնականում հակված են հեշտ ճանապարհով գնալ: Լրագրողները գնում են ասուլիս, որտեղ մարդիկ խոսելով ներկայացնում են պատրաստի նյութը, իսկ իրենք էլ նեղություն չեն քաշում զանգելու, խնդրելու, պայմանավորվելու: Այդ պատճառով էլ նույն ասուլիսը լուսաբանվում է 4-5 հեռուստակայանների կողմից, և տարբեր ալիքներ դիտելով՝ ստացվում է այնպիսի տպավորություն, որ նույն բանն եք նայել:
Լրատվական հաղորդման մեջ տեղ են գտնում 6-ից 10, կամ մի քիչ ավելի տեսանյութեր՝ 3-3,5 րոպե միջին տևողությամբ: 3,5 րոպեն մեծ ժամանակ է հեռուստատեսային եթերի համար, այդ ժամանակում կարելի է շատ բան պատմել: Հաղորդումները հիմնականում սկսվում են պաշտոնական լրահոսով, թե ինչ է ասել նախագահը, ինչ ելույթ է ունեցել վարչապետը և այլն: Բոլոր լրատվական ծրագրերը ունեն ընդհանուր գծեր, պատրաստվում են նույն ֆորմատով: Բոլորն էլ սկսվում են ինչ-որ ձանձրալի, պաշտոնական լուրերով, իսկ զվարճալի, կամ մշակութային լուրերը ներկայացվում են ամենավերջում: Լրատվությունը միշտ պետք է լինի չեզոք և չպաշտպանի ոչ մի կողմին, քանի որ լրագրողի գործը ընդամենը պատմելն է, և նա պետք է ներկայացնի բոլոր կողմերի տեսակետները:
«Ազատություն» ինտերնետային հեռուստատեսությունը կարելի է քննադատել տեխնիկական սխալների համար: Որպես հեռուստատեսություն այն ունի ընդամենը 2 տարվա պատմություն: Եթե նայեք մեր տեսանյութերը, կնկատեք մոնտաժի թերություններ, որոշ բաներ շատ կոպիտ են արվում, շատ արագ, մեր թիմում հիմնականում երիտասարդներ են, որոնք սովորում են:
Օրը «Ազատությունում» սկսվում է ժողովով, որը սկսվում է մոտ 10 անց կես, քանի որ երեկոյան շատ երկար ենք աշխատում՝ պատահում է մինչև գիշերվա ժամը մեկը, երկուսը, և առավոտյան ավելի շուտ չենք կարողանում հավաքվել: Ուրիշ խմբագրություններում, հետաքրքրվել եմ, կան կոորդինատորներ, որոնք թեմաները գրում են ու լրագրողներին ուղարկում կոնկրետ հանձնարարությամբ: Մեր խմբագրությունում լուրեր հայթայթելու ծանր պարտականությունը դրված է լրագրողի վրա, այսինքն՝ ոչ ոք մեզ կոնկրետ տեղ չի ուղարկում, մեզ ստիպում են ստեղծագործել: Մենք ինքներս ենք որոշում, թե ինչ պետք է անենք, այսինքն ինքներս ամեն օր պետք է գտնենք հետաքրքիր պատմություններ: Պատահում է, որ պատմությունները այդքան էլ լավ չեն ստացվում և տեղ չեն գտնում եթերում, այլ պարզապես հայտնվում են youtube-ում: ժողովի ժամանակ քննարկվում են պատմությունները, խմբագիրը կարող է ասել՝ ոչ, լավ թեմա չէ, ուրիշը գտիր: Լրատվական հաղորդումը կառուցվում է ըստ լուրերի կարևորության: Օրինակ՝ վերջին լուրերի հետ կապված. եթե «Սասնա ծռերը» գրավել է ոստիկանական բաժանմունքը, և ամբողջ երկիրը դրանով է ապրում, բնական է, մենք չենք լուսաբանի մեկ ուրիշ պատմություն, որը շատ հետաքրքիր է, բայց ոչ քաղաքական: Կլուսաբանենք, գուցե, մի ուրիշ օր, հակառակ դեպքում, դա չի լինի լրատվական հաղորդում: Լրատվական օրն է թելադրում, թե «Ազատության» լրագրողն ինչ անի: Մեր լրագրողները միշտ պիտի լինեն իրադարձությունների զարգացման կենտրոնում:
Ինչով է տարբերվում «Ազատությունը» մյուս լրատվականներից: «Ազատության» լրագրողը ոչ թե պարզապես նկարում է, թե ինչ է ասել այսօր վարչապետը կառավարության նիստի ժամանակ, այլ փորձում է երկրորդ կարծիքը գտնել, դրա մասին հարցնել ընդդիմության ներկայացուցչին կամ փորձագետին: Այսինքն, «Ազատությունը» փորձում է գտնել մի քանի կարծիք մի հարցի շուրջ: Դա մեր լրատվական հաղորդման սկզբունքն է: Երբեմն մեզ մեղադրում են միակողմանի կարծիք ներկայացնելու մեջ, վերջերս անգամ նամակ ստացանք անանուն մեյլից, որտեղ ասվում էր, որ մենք սադրում ենք մարդկանց: Ընդդիմության ձայնը ներկայացնող հարթակ հիմա պարզապես չկա, այդ պատճառով «Ազատությունը» իրեն թույլ է տալիս մի փոքր ավելի ժամանակ հատկացնել ընդդիմախոսներին, որովհետև այդ մարդիկ եթերից զրկված են:
«Ազատությունը» 24-ժամյա հեռուստաընկերություն չէ, բայց արտակարգ իրավիճակների դեպքում 24 ժամ եթեր ենք հեռարձակում: Մեր ռեսուրսները չեն բավականացնում 24 ժամ անդադար պատրաստի արտադրանք տալ (մոնտաժված հաղորդում, մեկնաբանություն, վերլուծություն), բայց բավականացնում են դեպքի վայրից ուղիղ եթեր հեռարձակել: Ուղիղ եթեր հեռարձակելու մեր սարքվորումը մեծ քառակուսի տուփի նման բան է, որը օպերատորը մեջքին է հագնում: Դրա մեջ մոտ մի տասը հատ ինտերնետի չիփ կա, օգտագործվում է միանգամից դրանց բոլորի հզորությունը: Եթե մի կապը չաշխատի, մյուսից կօգտվենք, բայց եթե ընդհանուր որոշում լինի մեզ թույլ չտալ եթեր հեռարձակել, կարող են ուղղակի անջատել ինտերներտը, քանի որ մենք ինտերնետային հեռուստաընկերություն ենք:
«Ազատություն» ռադիոկայանը ֆինանսավորում է ստանում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի, որոշ եվրոպական կառույցների կողմից: Ռադիոկայանն ունի տասնամյակների պատմություն, ունի ծառայություն Աֆղանստանում, Իրանում, հետխորհրդային երկրներում, արևելաեվրոպական որոշ երկրներում, որտեղ առկա են խոսքի ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրներ: 2008 թվականին, երբ Հայաստանում անընդհատ հանրահավաքներ էին ընտրություններից հետո, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ մենք պետք է երջանիկ լինենք, երբ գա օր, որ Հայաստանում փակվի «Ազատություն» ռադիոկայանը, քանի որ դա նկշանակի, որ Հայաստանում արդեն կա խոսքի ազատություն, ժողովրդավարություն: «Ազատություն» ռադիոկայանում կա խոսքի ազատություն, քանի որ ֆինանսավորումը ուրիշ տեղից է, մեզ վերահսկելու լծակներ չկան:
Լրագրողը, որևէ հեռուստաընկերությունում աշխատանքի անցնելուց առաջ, ստորագրում է հատուկ փաստաթուղթ, որտեղ նշված է, թե լրագրողը ինչպես պետք է իրեն պահի: Ընդհանուր կետերն են` լրագրողի օբյեկտիվությունը, սոցիալական հարթակում չեզոքությունը և այլն: Վերջերս ավելացրել են ևս մի կետ, որը վերաբերվում է սոցիալական ցանցերին. լրագրողը սոցիալական ցանցերում էլ իրեն պետք է պահի որպես լրագրող: «Ազատությունում» ևս, ես կզկվեմ աշխատանքից, եթե սոցիալական մեդիայում հայհոյեմ քաղաքական գործիչներին, ագրեսիվ կոչեր հնչեցնեմ, հարցազրույց վերցնեմ մի մարդուց և այն տեղադրեմ սոցիալական իմ էջում` ծաղրելու նպատակով: Բայց սա չի նշանակում, որ ես չեմ կարող քննադատել որևէ երևույթ, եթե կարծում եմ, որ քննադատելու տեղ կա: Լրագրողը նաև չի կարող իրեն պահել որպես ակտիվիստ: Անցած տարի Ազգային ժողովում քննարկումներ էին ընթանում կարևոր հարցի շուրջ: Լրագրողները պաստառներով գնացել էին բողոքի ակցիայի: Մեր լրագրողը չէր գնացել, սակայն եթե գնար, հաստատ նկատողություն կստանար, որովհետև ցույցի գնալը ակտիվիստի պահվածք է: Լրագրողը պետք է կարողանա գրելու միջոցով իր ասելիքը ժողովրդին հասցնել և ոչ թե ցույցի գնալով:
«Ազատությունը» տասնյակ տարիներ եղել է ռադիոկայան, ինտերնետային հեռուստատեսություն է դարձել միայն վերջին 2-3 տարիների ընթացքում այն պատճառով, որ տեխնիկական հնարավորությունները դա հիմա թույլ են տալիս: Ժողովուրդը հիմա քիչ է հեռուստացույց նայում և լուրերին ավելի շատ հետևում է ինտերնետով: «Ազատություն» ռադիոկայանում չկան հաղորդավարներ, կան մեկնաբաններ: Այսինքն, լրագրողը ինքը գրում է լուրը, և ինքն էլ ներկայացնում է: Տվյալ դեպքում, կարևոր չէ արդեն նրա արտաքին տեսքը և ձայնը: Հաղորդավար կոչվածը լրատվական հաղորդումներում վերանում է: Լրագրողը կարդում է իր տեքստը անձամբ, հուշարար կոչվող սարքի միջոցով, որը թույլ է տալիս սեղանի տակ ոտքով փոխել տողը:
Ամենադժվար գործը մարդկանց հետ շփվելը և մարդկային պատմություն նկարելն է: «Ազատությունում» էլ կա լրագրող, որ շատ ճարպիկ է, լավ լրագրող է, բայց երբեմն չի կարողանում շփվել հուզված, բարկացած մարդկանց հետ: Եթե ուզում եք մեդիայի ոլորտում աշխատել, կարևոր չէ, կլինեք լրագրող, խմբագիր, թե մոնտաժող, կինոռեժիսոր կամ ֆոտոլրագրող, ամենակարևոր բանը, որ պետք է սովորել, մարդկային պատմություն նկարելն է, շրջապատող աշխարհը ուսումնասիրելը և բացահայտելը: Լրագրող լինելու համար շատ կարևոր է նաև իմանալ քո ոլորտը, որտեղ աշխատում ես, ունենալ տեխնիկական հմտություններ՝ նյութ գրել, մոնտաժ անել: Լրագրությունը մասնագիտություն չէ, լրագրությունը կենսակերպ է: Այսինքն, եթե դու լրագրող ես, դու երբեք քո աշխատանքը կոնկրետ ժամի չես ավարտում և տուն չես գնում: Օրինակ, «Ազատությունում» ներքնակ կա փռած, մարդիկ կան, որ օրերով իրենց երեխաներին ուղարկում են իրենց ծնողների մոտ: Լրագրողի կյանքը երբեք կանոնակարգված չէ: Մեր լրագրող տղաներից մեկը 14 օր մնաց Խորենացի փողոցում, այնտեղ էլ քնում էր: Լրագրողի համար տանջվելը այդքան էլ կարևոր չէ, որովհետև լավ լրագրողը հաճախ մրցակցության մեջ է մտնում, և իր համար էլ կարևոր չէ տուն չգնալը, շատ տանջվելը: Թերթերում առավել ևս, մինչև ուշ գիշեր կարող են նստել, սպասել որևէ իրադարձության հանգուցալուծման, որպեսզի տպաքանակը ուղարկեն տպագրատուն, որ մարդիկ առավոտյան թարմ նորություններ կարդան:
Զրույցը գրի առան Սարգիս Մելքոնյանը և Մարիամ Նալբանդյանը
Աղվերանի մեդիա ճամբար. «Մանանա» երկնքի աստղերը
Ժամը 21:48 է: Սովորական գիշեր, սովորական 21:48… Բայց ինձ համար այս սովորական ամեն ինչը մի տեսակ տարօրինակ է թվում: Դնում եմ ականջակալներս ու ”Don’t let me down”-ի առաջին հնչյուններից հետո հասկանում եմ, թե ինչու է հատկապես այս գիշերն այսքան տարօրինակ թվում: Երեկ այս ժամին մենք բաց երկնքի տակ էինք՝ մի խումբ մարդիկ, ովքեր հավաքվել էին ամառային մեդիա ճամբարում: Մենք պարում ենք, բայց շուտով ”Don’t let me down” երգը չգիտես ինչու ստիպում է մեզ պառկել խոնավ խոտերի մեջ ու նայել երկնքին: Նայում ենք երկնքին, անգամ երկինքն այսօր անսովոր աստղազարդ է:
-Էրեխեք, մտածում եմ՝ ո՞նց կարա աշխարհը էսքան սիրուն լինի:
-Ո՞նց կարա էս աշխարհը ընդհանրապես լինի,- լսում եմ Նարեկի ձայնը:

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի
Կան պահեր, երբ խոսելու կարիք բոլորովին չկա, երբ ամեն ինչ արդեն ասված է լռությամբ: Նայում եմ ատղերին: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր աստղը երկնքում: Մեկը ավելի պայծառ ու անհանգիստ՝ Կարինեի նման, մյուսը՝լուռ ու համեստ լույսով, Մարինեի նման, աստղերից մեկը փոքր է ու նուրբ լույս ունի՝ Գայանեի աստղն է: Էս մեկը Սերյոժայի աստղն է՝ զուսպ ու հանդարտ լույսով, ահա Ժորայի աստղը, որն անմիջապես գրավում է ուշադրությունդ, ռիթմով պայծառանալով ու խավարելով: Քիչ այն կողմ Արմանի կրեատիվ աստղն է, էս մեկը Լուսինեի աստղն է՝ լուսավոր ու խուճուճ շողերով, Նարեկի աստղը լուռ է: Ես նայում եմ այդ աստղին ու վստահ եմ, որ այդ աստղի ներսում անսպառ լույս կա, որն անզեն աչքով տեսանելի չէ: 6 օր առաջ այս աստղերը հավաքվել էին այստեղ, որպեսզի իրենց լույսի առանձնահատկությունները փոխանցեն միմյանց:
-Հը՞, Սերյոժ, տխո՞ւր ես,- խախտում եմ ես լռությունը:
-Եսիմ, երևի…
Ու բոլորս էլ այդ հարցին կպատասխանեինք այդ անորոշ «եսիմ»-ով:
Վաղը ճամբարում հավաքված այս աստղերը կցրվեն՝ մի օր «Մանանա» երկնքում կրկին հանդիպելու ու միասին ավելի պայծառ վառվելու համար:

Աղվերանի մեդիա ճամբար. Ժպիտով. ավարտ
Մի քիչ վերև, մի քիչ էլ: Լա՞վ է: Սկսեցի՜նք:
-Ի՞նչ տվեց մեզ մեդիա ճամբարը:
Թվել այդ ամենը այնքան էլ հեշտ չէ, ով եղել է` կհասկանա: Բայց չգրելը երևի կնշանակեր չգնահատել: Գուցե ո՞չ: Չգիտեմ:
Հուլիսի քսանութը շատերիս համար անմոռանալի օր դարձավ, տոն. oրացույցիս վրա կարմիրով եմ նշելու:
Գնացի՛նք….
Արդեն hետ ենք եկել: Բայց ոչ, մի տեսակ բոլորս դեռ միասին ենք` դահլիճում, ճաշարանում, պարասրահում, ամենուր:
Դեռ խոսում ենք, ծիծաղում: Անկե՛ղծ: Մեկ շաբաթ ոչ մեկիս դեմքին ոչ մի կեղծ բան չկար: Ամեն ինչ ի սրտե էր, լիաթոք: Անկեղծ էինք: Լինելու՛ ենք:
-Մենք վերջացրեցինք, բայց սա միայն սկիզբն է:
Վերջին օրը շատ լսեցինք այս խոսքերը: Բոլորս էլ սպասում ենք այդ նոր սկզբին, նորից իրար տեսնելու, ժպտալու, խնդալու: Դեռ կհանդիպենք: Հաստատ:
Դժվար է հավատալը, չէ՞: Քառասուն տարբեր մարդիկ, տարբեր երազանքներով ու նպատակներով, մեկ շաբաթում դարձան մի թիմ, ընտանիք: Բանա՜կ:
Եվ գիտե՞ք, թե դա ինչպես ստացվեց: Ո՞վ, չէ` ինչն էր «մեղավորը»: Ժպիտը: Ասում են, թե ժպիտը սկսվող ընկերության գրավականն է: Իսկ մենք ժպտում էինք բոլորին, ծանոթ- անծանոթ, մոտ ու հեռու: Ժպտում էինք, զգալով, որ նոր ընկերություն է ծնվելու: Խենթ ու անկեղծ ընկերություն: Չսխալվեցինք: Եվ շատ ժամանակ էլ պետք չէր: Հասանք հյուրանոց ու հասկացանք, որ չենք ամաչում, չենք քաշվում: Ասես հազար տարվա ծանոթեր լինենք:
Մեկ, երկու, երեք….
Օրերն այնքան արագ անցան, որ չհասցրեցինք անգամ հաշվել: Պետք էլ չէր: Ֆոտոարշավ, ֆիլմեր, լրագրություն ու մոնտաժ: Որքան արագ սովորեցինք: Ավելի մտերմացանք: Միասին էինք ամենուր, անգամ հանգստի քիչ ժամերին: Մինչ ուշ երեկո, գիշեր: Խաղեր, կատակներ, լիքը- լիքը ջերմ ու գեղեցիկ զգացմունքներ, որ ծնվում էին ամեն ժպիտից, երբ աչքերդ կանգնում էին մեկ ուրիշի աչքերի առաջ: Հենց այդպես էլ ծնվում է ընկերությունը, օգնում էինք իրար և այն անհաղթահարելի էր դառնում: Ու թվում է, թե ոչ միայն մարզերի, այլ նույնիսկ երկրների տարբերությունը մեզ բաժանել չի կարող: Այդպես է, երևի:
Չորս, հինգ, վեց…..
Զգում էինք, որ ավարտը մոտենում է, բայց մեզ դեռ ֆիլմեր էին սպասվում: Ու իրականացավ երազանքս` ֆիլմ նկարահանեցի, պատկերացնու՞մ եք: Ես չէի պատկերացնում: Դե,հիմա էլ պատկերացրեք, թե ինչպես էին փայլում աչքերս, երբ գովեստի խոսքեր էի լսում: Մինչև հիմա էլ փայլում են: Ասում են` ամեն ինչ էլ առաջին անգամ է լինում: Էլի եմ ուզում, շա՜տ: Երկրորդը, երրորդը, նորից ու նորից:
Դեռ շարունակւմ էինք գրել, նկարել, մոնտաժել ու իրար հետ փոխանակվել համարներով: Կզանգենք, կգրենք:
Եվ հենց այսպես` ժպիտով էլ ամեն բան մոտեցավ ավարտին, այնպես, ինչպես սկսվել էր: Բայց չէ որ ամեն մի վերջ ինչ-որ նոր բանի սկիզբ է: Սպասելու ենք:
-Կկարոտեմ: Արդեն կարոտում եմ, երեխե՜ք…