Մեդիա ճամբարներ խորագրի արխիվներ

Ani Ghulinyan

Սևան մեդիա ճամբար. Մեզ բարի ժամանց

-Մամ, իմանաս` ի՞նչ ա էղել, նոր զանգել էին, գնալու եմ, մամ ջա~ն:
-Ո՞վ էր զանգել, էդ ո՞ւր ես գնում:
-«Մանանան» էր զանգել, է~, «Մանանայից» էին զանգել, դե, 17-ից էլի, ճամբար եմ գնալու, կարելի ա, չէ՞, թողնում եք, չէ՞:
-Մի հատ հանգստացի, նորմալ բան ասա, տենանք` ինչ ենք անում:
Հարյուրավոր ճամբարներ կան, հարյուրավոր մարդիկ ամեն օր զանգեր են ստանում ճամբարների մասնակցելու համար, բայց ասեմ, թե ինչով է յուրահատուկ այս դեպքն ինձ համար:
Այս տարվա օգոստոսին, լրիվ պատահական, ես տեղեկացա Վանաձորում կայանալիք 17-ի դասընթացների մասին: Դասընթացից պիտի ընտրվեին 2 հոգի Դիլիջանի մեդիա ճամբարին մասնակցելու համար: Ես չընտրվեցի: Բայց իմացա, որ նմանատիպ ճամբար լինելու է նաև աշնանը, ու այս տեղեկատվությունն էլ եղավ իմ հետագա նյութեր գրելու առաջին դրդապատճառը:
Գյուղից տուն ճանապարհին ուղեղիս մեջ հազարավոր նյութերի, ֆիլմերի գաղափարներ էին գալիս ու գնում: Մտածում էի, որ միայն անհաջողակը կարող է մի հնարավորությունը երկու անգամ ձեռքից բաց թողնել:
Վերադարձա ու սկսեցի նյութ գրել, սկսվեց իմ կյանքի մի նոր, ավելի հագեցած ու հետաքրքիր փուլ:
Հոկտեմբերին իմանալով, որ հաստատ մասնակցելու եմ Սևանի մեդիա ճամբարին, ինքս իմ հանդեպ երախտագիտություն զգացի, զգացի, որ կյանքում առաջին անգամ ես իմ աշխատանքի շնորհիվ ինչ-որ բանի եմ հասել:
Ամեն անգամ ճամբար գնալիս ես ինձ հետ պարտադիր երեք բան եմ վերցնում` ինտերնետ մտնելու սարքավորում, Բարսելոնայիս շարֆը և ընկերուհուս: Դե իհարկե, ոչ բառիս բուն իմաստով, պարզապես վերցնում եմ հեռախոսս` անհրաժեշտ գումարով, և միշտ կապի մեջ եմ լինում նրա հետ: Ինքն էլ ինձ ինչ-որ տեղ ճանապարհելիս ասում է. «Դե, մեզ բարի ժամանց»:

narek babayan

Աղվերանի մեդիա ճամբար. Սենց էլի

Բարև։ Եթե դու կարդում ես այս նյութս, ուրեմն դու կամ ուղղակի 17-ի հետևորդ ես ու հանդիպել ես այս նյութիս, կամ էլ իմ ծանոթներից ես, ով ինձ հարցրել է, թե ինչի մասին էր մեր ճամբարը, ոնց անցավ ու ինչ արեցինք, ես էլ ալարելով պատասխանել, ասել եմ, որ գաս ու կարդաս  այս նյութս։ Դե, կամ էլ երկուսը մեկում։

Սկսեմ դրանից, ինչը բոլորը գիտեն։ Մեր ճամբարի նպատակը սաներին ավելի հմտացնելն էր ֆոտոյի, կինոյի ու լրագրության մեջ։ Դե, դա ճամբարի չոր ու ցամաք սխեման է։ Իրականում ճամբարը մեզ երևի ամեն ինչ տվեց։ Այսպես ասած՝ կատարելագործեց մեզ։ Իմ կարծիքով, դրա համար մեզ ամենաշատը պետք էր ուղղակի շփվել ուրիշ մարդկանց հետ, ինչը «Մանանա» թիմը լիովին ապահովեց։ Դե, հո մենակ էդ չէ՞ր, սենց որ խոսեմ, մի գիրք կգրեմ, կդառնամ գրող, ողջ կյանքս ինձ կտամ գիրք ու գրչին, ազատ ժամանակ չեմ ունենա։ Այնպես որ, իմացեք. անմոռանալի լավ էր, ում հասնեմ, պատմելու եմ,եթե չալարեմ էլի։

Դե լավ, երկար չծավալվեմ, խոսելս չի գալիս։ Կարոտում եմ բոլորին ու ամեն ինչ՝ սկսած միստիկ Պ տառից, ավարտած մեր սենյակակից տղաներով։ Էհ, ինչ արած։ Հո հավերժ չէ՞ր լինի էս ամենը։ Մի օր պիտի ավարտվեր, էլի։ Գնամ սրտաճմլիկ «փոստեր» անեմ` նվնվանք։

Աղվերանի մեդիա ճամբար. Հարազատ դարձած դահլիճը

Արդեն ժամը 13:30 է: Ես վաղուց արդեն նախաճաշել եմ և անհամբերությամբ սպասում եմ, թե երբ են հայտարարելու, որ հավաքվում ենք կոնֆերանս դահլիճում: Դեռ այսպիսի բան չէր եղել, որ նախաճաշից այսքան անցնի, և մենք դեռ ազատ լինենք: Չեմ հասկանում, ո՞ւր են ընկերներս, որ իրենց ժպիտներով ինձ էլ են ստիպում ժպտալ: Գուցե բոլորը քնա՞ծ են մնացել, բայց այսքա՜ն երկար: Անհնար է: Իսկ եթե պատրաստվում են ֆոտոարշավի կամ ֆիլմի նկարահանման: Այդ դեպքում ինչո՞ւ ինձ էլ չեն ասել: Ինչո՞ւ եմ ես այստեղ նստած սպասում և չեմ պատրաստվում:

Ա՜խ, հա՜: Ոնց էի մոռացել: Մենք արդեն տանն ենք: Եվ ես արդեն պետք է գործեմ իմ սեփական օրակարգով, ոչ թե ճամբարի: Էլ անընդհատ չեմ նայելու օրակարգին, որ տեսնեմ՝ ով է գալու վարպետության դասի: Էլ անհամբերությամբ չեմ սպասելու «ազատ ժամանց»  կետին ու մտածելու, թե այսօր ինչ խաղ ենք խաղալու: Գիտեք, երևի տանը մի հարմար անկյուն գտնեմ ու անունը դնեմ կոնֆերանս: Այդ անկյունը պետք է լինի տրամադրող, աշխատանքային, բայց միևնույն ժամանակ, չճնշող ու շատ հաճելի:

Բայց չէ: Մի կարևոր բան պակաս կլինի՝ մարդիկ, ովքեր ինձ շրջապաըում էին կոնֆերանսում: Իսկ ինչպես գիտեք, կոնֆերանսը երբեք այսքա՜ն հաճելի վայր չէր լինի, եթե ես մենակ լինեի այնտեղ, և չլինեին իմ սիրելի ընկերները: Այն շատ թանկ էր, որովհետև բոլորս միասին էինք՝ մեր մեծ ընտանիքով:

anush mkrtchyan

Աղվերանի մեդիա ճամբար. Գայանեն

Երևի գիտեք, որ Աղվերանում էի, «Մանանայի» մեդիա ճամբարին: Նախքան ճամբարը որոշվել էր, թե ով ում սենյակից է լինելու և սկսեցին հայտարարել սենյակակիցներիս անունները: Լսեցի Գայանեի անունը: Հայացքով փնտրեցի ու գտա ժպտերես, երևի իմ հասակի մի աղջկա, ով իմանալով, որ իրար սենյակից ենք լինելու, հեռվից ինձ ձեռքով արեց՝ որպես ծանոթության նշան:  Հետո մի քանի բառ էլ խոսեցինք ու արդեն Աղվերան հասանք, մտանք սենյակ ու …

Դե ինչ են անում աղջիկները, երբ նոր են ծանոթանում, դուք պատկերացրեք…

Հիմա այն մասին, թե ով է Գայանեն: Ինձ համար Գայանեն աշխարհի ամենաքնքուշ էակներից է, սակայն միաժամանակ ուժեղ մարդ է, նպատակասլաց ու սիրում է օգնել: Դեռ բերանս չեմ բացել, որ մի բան ուզեմ, ու Գայանեն ասում է.

-Հա ջան:

Ուղղակի այսպես կավարտեմ.

-Գայ, ես քեզ շատ սիրեցի, միշտ ժպտա, կսպասեմ քո նյութերին 17-ում ու նոր հանդիպման:

serine harutyunyan

Աղվերանի մեդիա ճամբար. Զորացրվեցինք, բա հետո ՞

«Էրեխեք, լավ էլի, թողեք հանգիստ զորացրվենք, գնանք»: Այս արտահայտությունը կարելի էր լսել մեդիա ճամբարի շատ մասնակիցներից, հատկապես՝ Էլյանորայից, երբ ինչ-որ մեկը փորձում էր անկարգություն անել: Դե, հիմա ասեմ, ախր, այ երեխեք ջան, կարո՞ղ է` խելոք չմնայինք, չզորացրեին: Հաստատ հյուրանոցում չէին պահի, բայց նույնիսկ եթե «պատժախուց» ուղարկեին, գոնե իրար հետ կլինեինք: Առօրյան համեմված կլիներ Ժորայի ու իր աշակերտների յուրահատուկ պարերով, Եվայի ծիծաղելի ու վարակիչ ծիծաղով, Սարգսի հարցերով, Մարթայի մարզասրահ գնալու կոչերով, Հռիփսիմեի հաց չուտելով ու էլի լիքը անմոռանալի բաներով: Հա՜, ու իհարկե, «պատժախցի» ներքևի հարևանների բողոքներով:
Երեխեք, արդեն կարոտել եմ, կարոտել եմ մեզ միասին: Կարոտել եմ մեր ճաշարանը, մեր կոնֆերանսը: Անգամ միջանցքով ուշացած դեպի կոնֆերանս վազելն եմ կարոտել: Նյութ գրելու պատճառով գիշերը չքնելն եմ կարոտել: Կարոտել եմ, ու թեկուզ միայն ձեզ նորից տեսնելու համար ծույլիկություն չեմ անելու, նյութեր եմ գրելու, ֆոտոներ ու վիդեոներ եմ անելու: Անպայման, մի օր էլի տեսնելու եմ ձեզ: Տեսնելու եմ մեզ, միասին:
«Էրեխեք, լավ էլի, թողեք հանգիստ զորացրվենք»: Զորացրվեցինք, բա հետո՞…

anush hovhannisyan

Աղվերանի մեդիա ճամբար. Մենք միասին ենք

Է~հ, երեխեք, չեք պատկերացնի` ոնց եմ ձեզ կարոտել: Սարգսի վերջին հոդվածից հետո, ի դեպ այն արցունքն աչքերիս կարդացի, ուզում եմ ասել` ապրես, Սաք, հավես բաներ հիշեցրիր: Զգացի, որ ամեն օր ավելի եմ կապվում ձեզ հետ ու անսահման կարոտում եմ: Կարոտում եմ Ժորայի հավես պարելը, Արմանի թևնոցի անընդհատ որոնումներն եմ կարոտում, բա Եվայի ծիծաղը… Երբ նստեցինք ավտոբուս ասացի.

-Եվա, մի ծիծաղի, էլի:

-Հիշեցրեք, իջնելուց մի լավ խնդամ:

Ու այդպես էլ մոռացանք հիշացնել խոստումի մասին: Ամբողջ ճանապարհին լուռ էի, չէի խոսում, շատ տխուր էի, անընդհատ հիշում էի Խաչիկի ասածը, որ առավոտը վերջին նախաճաշին ասաց.

-Ես պայուսակս չեմ հավաքել ու հույս ունեմ, հեսա ասելու են, որ կատակ են անում, ու էլի մեկ շաբաթ էստեղ ենք մնալու:

Է~հ, Խաչ, մինչև հիմա հավատում եմ, որ կզանգեն, կասեն` կատակ ենք արել, հետ եկեք…

Ընկեր Լիլիթ, հիշո՞ւմ եք, որ բակում ասացիք.

-Երեխեք, էս չե՞ք լացում, իզո՞ւր էինք գրել օրակարգի վերջին կետը:

Հիմա վստահ ասում եմ. արդարացված էր այդ կետը, ըստ որի` 12:30 հեռացող ավտոբուս, գրկախառնություն, լաց ու կոծ…

Շատ դժվար բաժանումից հետո ինձ միայն հույս էր տալիս այն, որ ես, Լյուբան, Աննան ու Անուշը միասին եկանք Արմավիր: Նստեցինք տաքսի, և վարորդը, ըստ ավանդության, բացեց զրույցը.

-Էրեխեք էս հանգստանալո՞ւ եք գնում:

-Չէ՛, հանգստանալուց ենք գալիս,- չորսով միանգամից պատասխանեցինք, ու երևի խեղճ վարորդը անգամ վախեցավ միահամուռ մեր խոսքից:

Հետո  Արմավիր-Երևան երթուղայինի մեջ մարդիկ խոսում էին.

-Տեսնես` էս երեխեքը որտեղի՞ց են գալիս պայուսակներով:

Ու ես որոշեցի բավարարել մարդկանց հետաքրքրասիրությունը.

-Աղվերանից ենք գալիս, մեդիա ճամբարից:

-Հա՜,- բայց ինձ թվաց, որ էլի բաներ էին ուզում հարցնել:

Իսկ արդեն ավտոկայանում, երբ պապիկիս էի սպասում, տաքսու վարորդներից մեկը իրերս տեսնելով, ասաց.

-Այ բալա, էս սենց վեշերով «լագերի՞ց» ես գալիս:

-Չէ ,- շփոթված ու չհասկանալով, թե «լագերը» որն է, ասացի,- բայց դա ո՞րն ա:

-Դե, ճամբարը, էլի,- ծիծաղեց:

-Հա՜, հա, պապի ջան, բայց էդ մեդիա ճամբար էր:

Պապին երևի չհասկացավ, մեդիա ճամբարն ինչ է, ու շարունակեց.

-Բա ծրագիրն ի՞նչ էր:

-Ֆոտո, վիդեո և լրագրություն:

Իմ պատասխանին հետևեց զննող հայացք, երևի լրագրությունը նպաստեց պապիի դեմքի արտահայտության փոփոխությանը:

Ավելի ուշ երեկոյան հեռախոսիս զանգ եկավ, անծանոթ համար էր, կասկածելով վերցրի.

-Ալո՞։

-Ան, Ռուզիկն ա ճամբարից, սպասի անակնկալ ունեմ քեզ համար:

Սիրտս սկսեց արագ բաբախել ու մեկ էլ հանկարծ հեռախոսի մյուս կողմում լսում եմ Աստղիկի ձայնը:

-Ի՜, էս ո՞նց, չհասկացա` իրար հե՞տ եք ,- իսկ իրենք միայն ծիծաղում էին: Երևի մեկ ժամ խոսեցինք, չէինք կարողանում անջատել, բայց քանի որ բոլորս էլ անսահման քնել էինք ուզում, ստիպված անջատեցինք:

Իսկ տուն մտնելուց հետո Ժորային տուն եմ ուղեկցել իմ հաղորդագրություններով:

Է՜հ, երեխեք, բոլորիդ բարբառները հերթով հիշում եմ ու բոլորիդ հոդվածները կարդալուց լսում եմ ձեր ձայները:

karine nahapetyan

Աղվերանի մեդիա ճամբար. Իմ առաջին հետճամբարային օրը

Էսօր ` ժամը 9:37, արթնացա ու սկսեցի ինքս ինձ հետ մենախոսել ու արագ-արագ հագնվել.

-Արդեն համարյա կես ժամ ուշացել եմ նախաճաշից, թուհ, ոնց ա էս քնկոտությունս ինձ խանգարում….
-Այ, աղջիկ ջան, դու արդեն տանն ես,- պատասխանեցի ինքս ինձ: Մի պահ սթափվեցի ու ու նորից պառկեցի, սկսեցի վերլուծել մեր 7-օրյա մեդիա ճամբարը…

Առաջին օրը այդ մեկ շաբաթը այնքան հեռու էր թվում, կարծես թե, մի հավերժություն, սակայն օրերի քանակը արագ փոքրանում էր, իսկ բաժանման տագնապը` մեծանում:
Հիմա տանը նստած հավաքում եմ նյութս ու կարծես թե, «փշերի վրա լինեմ»:

Գիտեք, մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ  այս ամենը ժամանակավոր է, և ընդհանրապես ամեն բան ժամանակավոր է, բայց կապվածությունը, ընդհանուր հուշերը, ծիծաղելի դեպքերը դժվար է բաժանումից հետո «մարսելը»:
Օրինակ, հիմա իմ ականջներում լսվում է ճամբարակիցներիս ձայները, ծիծաղը, մեկնաբանությունները, և ինչու չէ, նաև «մուննաթը»:
Աչքերիս առաջ տեսնում եմ նրանց պայծառ դեմքերը… Ու պարտադիր չի ամեն հարմար ու անհարմար պահին ասել` կարոտել եմ, կարծում եմ, որ այս զգացողությունները լիովին բավարար են հասկանալու ու գիտակցելու համար, որ, իրոք, կարոտում ես:

Վերադարձա իմ քաղաք ` Հրազդան, մեկ էլ տեսնեմ` ճանապարհներներ են վերանորոգում, ասֆալտ են փռում, չգիտեմ` ինչ են անում: Պահո… Իմ գնալու հե՞տ էր կապված էս ամենը, թե՞ գալու: Ով իմանա: Իրականում, եթե ես այստեղ լինեի, հաստատ չէի նկատի այս փոփոխությունները:

Ասածս ինչ է. որպեսզի մենք մեկի կամ ինչ-որ երևույթի բացակայությունը նկատենք, հարկավոր է հեռանալ: Վերադառնալով`  սկսում ես հասկանալ, գնահատել:

Այսպես էլ ճամբարն էր…
Վերադարձա տուն ու սկսեցի գիտակցել, որ ինձ ինչ-որ բան պակասում է, կիսատության զգացումը խեղդում է:

Դիլիջան մեդիա ճամբար. էդ լացո՞ւմ ես

Վայ, նկար, որտեղ խարույկի մոտ նստած են մարդիկ: Վայ, ճոճանակներ…

Ու այսպես շարունակ, ամեն ինչ, ամեն նկար, ամեն միտք, ամեն բառ հիշեցնում է ինձ ճամբարի մասին ու այդ ընթացքում այնտեղ անցկացրած անմոռանալի օրերի մասին: Ու մի զգացողություն միջիցդ քեզ խեղդում է, թվում է, թե հոգիդ հազար մասի է բաժանվել ու ամեն մասը հարազատներիդ հետ գնացել է Հայաստանի բոլոր մարզերը:Անմոռանալի վերջին օրը, երբ անտառ էինք գնացել բոլորս, էն կասկածներով, որ տանում են մեզ կորցնեն… Բայց ի վերջո հասկացանք, որ ոչ, գնում ենք խարույկ վառելու: Նստեցինք խարույկի շուրջը, խոսեցինք, ծիծաղեցինք ու երգեցինք: Հենց այդ ժամանակ էր, որ կյանքումս առաջին անգամ ընկնող աստղեր տեսա: Ու դա էլ մի այլ կարգի հրաշք էր:

Հրաժեշտ ես տալիս, հասկանում ես, որ չէ, թե ինչպես էիր սխալվել էդ ասելով: Հասկանում ես, որ երկար ու ամուր թելերով կապվել ես բոլորի հետ, ու թողնելը երևի ամենադժվար բանը կլինի: Բայց դե ուրիշ տարբերակ չես ունենում ու ստիպված հաշտվում ես:
Ամենադժվարը դրան հաջորդող մի շաբաթն էր, երբ ամեն բան հիշելիս աչքերդ լցվում են: Ու հաստատ երբեք չի մոռացվի այդ ընթացքում մեր` իրենց գործում մասնագետներից ստացված գիտելիքները: Չեն մոռացվի ֆոտոարշավները և մեր նկարահանած ֆիլմերը: Չի մոռացվի ծանոթության ճոճանակը, որն իր մեջ պահում է շատերիս գաղտնի խոսակցություններն ու երգերը:

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Էհ, դե տեսեք, նորից հիշեցի, ասում են` մի տխրիր, որ ավարտվել է, այլ ուրախացիր, որ դա տեղի է ունեցել: Ափսոս, այսպիսի պահերին ուղղակի ուրախանալ չեմ կարող: Չնայած լավ էլ կարող եմ, բայց դե, թաց աչքերի միջից:

-Էմ էդ լացո՞ւմ ես:
-Չէ, ճամբարի օրերն են ընկել աչքիս մեջ:

Jemma

Դիլիջան մեդիա ճամբար. հավես օրեր

Հավե՜ս․․․Ես բառը իրա մեջ տարբեր իմաստներ և հետաքրքիր բացատրություններ ունի։ Դիլիջան գնալով կյանքս երկարեց։ Ըհն․․․Ուրեմն ասեմ` ինչու: Սկսեմ ամենասկզբից, որ հետաքրքիր արկածները ամենուր էին՝ ժպիտներ՝ ասում են, ով ժպտում է նրա կյանքը մի քանի տարով երկարում է , խաղեր, դասաժամեր ու ամենակարևորը ուտել համապատասխան ժամերին, այսինքն, օրը երեք անգամ։ Դե հիմա մտածում եք, որ խելքս ուտելու համար գնում ա, բայց ասեմ, որ ադքան էլ չէ։ Ավելի շատ սիրում եմ ճաշի ժամին զրուցել, քան ուտել։ 

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, «Մանանա» կենտրոնի անձնակազմին, ովքեր այդ յոթ օրերը մեզ հետ անցկացրեցին և, որոնց շնորհիվ շատ բան հասկացանք ու սովորեցինք։ Սիրում եմ բոլորիդ. մեծ թե փոքր։ Այս ընթացքում հասցրեցի բոլորիդ փոքր-ինչ ճանաչելու սիրել:Հա, մեկ էլ չգիտեմ ինչու, ուրիշ կերպ մեջս տպավորվեց վերջին գիշերը։ Հավես ու հաճելի անցավ։ Անտառում, խարույկի շուրջը ես ուղղակի բառեր են, պիտի գոնե մի անգամ լինես այդպիսի վիճակում, որ պատկերացնես։ Խաղեր, երգեր, կատակներ, մի խոսքով, ամեն ինչ․․․

Հուսով եմ հետագայում կհասցնեմ շնորհակալությունս արտահայտել նյութերիս տեսքով։

davit aleqsanyan

Աղվերանի մեդիա ճամբար. Շուշան, նյութ եմ գրել, կնայե՞ս

Այսօր արդեն ամսից ավելի է, ինչ վերադարձել եմ մեդիա ճամբարից: Վերադառնանք ճամբար: Ես սովորականի պես առավոտյան շուտ արթնացա:

-Սաք, Սաքո, հել` գնանք մարզասրահ, որ հասցնենք մարզվենք, լվացվենք ու գնանք հաց ուտելու:

-Հա, Դավ, հեսա:

Մեր կողքի սենյակում էր նաև Խաչիկը, բայց նա ավելի շուտ էր արթնանում քնից: Չգիտեմ ոնց, այս անգամ նա քնած էր մնացել: Նրան էլ հանեցինք քնից ու գնացինք մարզասրահ: Հաց ուտելուց հետո հավաքվեցինք սրահում, որտեղ քննարկում էինք մեր ֆիլմերի գաղափարները: Այդ օրը ունեինք նաև ֆոտոարշավ: Սակայն ես չգնացի ֆոտոարշավին: Էնպես չէր, որ չէի ուզում: Ուղղակի ես մասնակցելու էի հաջորդ օրվա ֆոտոարշավին: Ես քանի որ չէի գնացել  արշավին, նստեցի նյութ գրելու: Ես վերցրեցի թղթերս ու գնացի իմ սենյակ` այնտեղ գրելու: 15-20 րոպե անց վերադարձա:

-Շուշան, նյութ եմ գրել, կնայե՞ս:

-Հա, դիր այդտեղ, էսա` կնայեմ:

-Բա դու ի՞նչ էս անում:

-Նյութ եմ գրել,  ուզում եմ մի վերնագիր մտածել:

-Տուր` կարդամ, տեսնեմ ինչի մասին է, ես էլ օգնեմ` մտածենք:

Կարդում եմ ու այդ ընթացքում գալիս է Նարեն:

-Նարե, դու էլ արի` մտածենք, տեսնենք ինչ վերնագիր դնենք:

Նարեն նույնպես ծանոթացավ նյութի բովանդակությանը և ասաց.

-Եկեք վերնագիրը դնենք. «Շուշան, նյութ եմ գրել, կնայե՞ս»:

-Ուղղակի ես մի քիչ ավելի հետաքրքիր բան եմ ուզում:

-Բայց ինչի՞, լավն ա, էլի:

Թեթև վիճաբանությունից հետո Շուշանիկը որոշեց դնել իր մտածած վերնագիրը: Նյութի վերջում գրելով իմ խոսքերը. «Շուշան, նյութ եմ գրել, կնայե՞ս»: