Ազատ տարածք խորագրի արխիվներ

Մեր պատմական ժամացույցը

-Այժմ ձեզ կբաժանեմ խմբերի, և ամեն խումբ կպատրաստի մեկական գովազդ,- ասաց մեր հասարակագիտության ուսուցչուհին: Լուրը շատերն ընդունեցին տրտնջալով, քանի որ չգիտեին ինչ գովազդել:

Ահա նստած ենք մեր խմբով, և մտածում ենք` ինչ կարելի է գովազդել:

-Ամեն ինչ կարելի է գովազդել, մենք պետք է ինչ-որ հետաքրքիր բան վերցնենք, որպեսզի տարբերվենք,- ասաց մեր խմբի Տաթևը։

-Ճիշտ է, ամեն ինչ… նույնիսկ… մեր անշուշա ժամացույցը,- ասացի ես, դեմքիս տալով այնպիսի արտահայտություն, ասես նոր մոլորակ եմ հայտնաբերել: Այո, մեր դասարանի ժամացույցը զրկվել է իր ապակուց մեր դասարանի Արգիշտիի շնորհիվ, որն էլ դարձավ մեր գովազդի թեման: Ահա մեր գովազդի նյութը.

«Անշուշա ժամացույց»

Տեսնո՞ւմ եք այս հրաշալի հնաոճ իրը… Այո, այո… Ձեր աչքերը ձեզ չեն խաբում, սա այն ժամացույցն է, որը ջարդվել է Մեծն Արգիշտիի կողմից:

Մ.թ. 2 օր առաջ: Առավոտ էր: Ճամբարակի ոչ այնքան լուսապայծառ առավոտներից մեկը: Այս ժամացույցը, որը գերբնական ուժերի ազդեցությամբ ազդարարում էր դասերի սկիզբը և ավետում դասերի ավարտը, ընդմիջման ժամանակ մի ահարկու հարվածով ավերվում է Արգիշտիի կողմից և զրկվում ապակուց:

Հոգ չէ, թե այն առանց ապակի է: Այն ձեզ հնարավորություն է տալիս առանց ավելորդ ջանք գործադրելու` ետ կամ առաջ տալ սլաքները…

Գնեք այս պատմական, գաղտնիքներով լի ժամացույցը, և դուք հնարավորություն կունենաք ձեր հյուրերի մոտ գլուխ գովել, որ այդ ժամացույցը կոտրվել է Արգիշտիի կողմից»:

Ստացվել էր շատ հետաքրքիր և զվարճալի, և ուսուցչուհին էլ գոհ մնաց: Այժմ ժամացույցը իր վայրկյանաչափից նույնպես զրկվել է, և դասարանում նրա տեղը գրավել է նոր` ապակով ժամացույց, բայց  մեր դասարանը դեռ աչքի լույսի պես պահում է այն ժամացույցը, պատմական ժամացույցը, Անշուշա Ժամացույցը:

Վերնաշեն

Ես ծնվել եմ քաղաք Եղեգնաձորում, բայց բնակվում եմ գյուղ Վերնաշենում: Ես շատ եմ սիրում իմ գյուղը: Վերնաշեն համայնքը գտնվում է Վայոց ձորի մարզի հյուսիս-արևելյան հատվածում: Հեռավորությունը մարզկենտրենից հինգ կիլոմետր է: Սահմանակից է Գլաձոր, Մալիշկա, Գողթանիկ համայնքներին: Բարձրությունը ծովի մակարդակից 1450 մետր է: Գյուղի նախկին անվանումը եղել է Սրկողովք: Վերնաշեն գյուղը հիմնադրվել է 1829 թվականին, գյուղի անվանումը ստացել է «վերին շեն» բառերից: Գյուղի բնակիչների նախնիները եղել են Սալմաստ գավառից: Այժմ գյուղն ունի 1329 բնակիչ: Բնակիչների հիմնական զբաղմունքներն են խաղողագործությունը, անասնապահությունը: Գյուղի տարածքը կազմում է 523 հա: Գյուղի տարածքով անցնում է Սրկղունք գետը: Համայնքի հյուսիսային մասում գտնվում են Սպիտակավոր վանքը, Պռոշաբերդը, հյուսիս-արևելյան մասում` Թանադե վանքը, Արկազ Սբ. Խաչ վանքը: Համայնքում է գտնվում նաև Գլաձորի համալսարանը: Սպիտակավորում է հանգչում Գարեգին Նժդեհի աճյունը: Վերնաշենցիների անվանել են «մատերիալիստներ», քանի որ շատ են հետաքրքրվել ուրիշների կյանքով և շատ էին բողոքում ուրիշներից:

Պապիկները

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի

Երբ հինգ-վեց տարեկան էի, շատ էի վախենում ծեր պապիկներից, որովհետև երբ չարություն էի անում, միշտ ասում էին, որ Մեշոկ պապին կգա ու ինձ կտանի մի մութ սենյակ: Այդ արտահայտությունից հետո ես մտածում էի, որ բոլոր պապիկներն են այդքան դաժան: Մի օր բակում խաղում էի, մեկ էլ մի ծեր պապիկ մոտեցավ ինձ: Ես տեսնելով նրան, սկսեցի լացել ու վազել դեպի տուն: Մայրս վախեցած դուրս եկավ, և ես նրան գրկեցի ու ասացի, որ մի պապիկ ուզում էր ինձ ծեծել: Այդ պահին շենքի դռնից ներս մտավ այդ պապիկը և քայլեց դեպի մեր կողմ:

-Բալիկ ջան, ինչի՞ ես վախենում, ես ընդամենը ուզում էի հարցնել, թե որտեղ է ապրում Արթուրը:

Ես ներս փախա: Մայրս ու պապիկը զրուցում էին, իսկ ես դռան ետևից լսում էի:

-Հայրիկ ջան, ի՞նչ է Ձեզ պետք,- ասաց մայրիկս:

-Աղջիկս, տղաս ընկերոջը նամակ է ուղարկել բանակից, ես էլ բերել էի, որ տայի նամակատեր Արթուրին:

-Բարձրացեք հինգերորդ հարկ, այնտեղ է ապրում Արթուրը:

Լսելով խոսակցությունը, ես հասկացա, որ այդ մարդը բոլորովին էլ վտանգավոր չէ, ընդհակառակը, շատ բարի ու հաճելի պապիկ էր: Այդ պապիկին հանդիպելուց հետո ես սկսեցի սիրել ծերերին, որովհետև նրանք ինձ համար աշխարհում ամենաբարի մարդիկ են:

…Երբ սովորում ենք ստեղծել դեռ փոքր հասակից

-Ակվարիումնե՛ր գնեք, հաջողություն բերող ակվարիումներ…

-Չե՞ք ուզում մեր գրչատուփերից գնել: Հայկական մոտիվներով գրչատուփեր…

-Լա՛վ էլի, գոնե մեկը գնեք. զեղչեր կանենք…

-Անտարբեր մի՛ անցեք, համեցե՛ք գնումների: Մեր գործարար ընկերությունը ձեզ է առաջարկում աշխարհի ամենաուրախ շապիկները…

-Մենք էլ դեղաբույսեր ու թուրմեր ենք վաճառում: Ամբողջը մենք ենք հավաքել, փաթեթավորել: Թուրմերն էլ ենք մենք սարքել: Շատ առողջարար են: Չե՞ք ուզի եղինջ կամ ասենք մասուր գնել…

Լուսանկարը՝ հեղինակի

Արդեն 15 տարի է, ինչ Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի  հետ համատեղ  իրականացնում է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրը, որի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում ապրող մի շարք երիտասարդներ ստանում են տնտեսագիտական գիտելիքներ, ծանոթանում բիզնես հմտություններին, դաստիարակվում, որպես հասարակության նկատմամբ պատասխանատվություն ունեցող քաղաքացիներ:

Օրեր առաջ առիթ ունեցա մասնակցելու ՀՊՆ-ի կողմից կազմակերպված տոնավաճառին: Հայաստանի տարբեր անկյուններից  եկած երիտասարդները ներկայացրել էին իրենց աշակերտական գործարար ընկերության կողմից թողարկած արտադրանքը: Ծրագրի պատասխանատուները՝ Արմինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, հերթով մոտենում էին երիտասարդներին, հարցուփորձ անում, խորհուրդներ տալիս, լսում նրանց հարցերը և հաճախ ինչ-որ բան գնում նրանցից: Անտարբեր չէր նաև հասարակությունը: Անցորդներից շատերը կանգ էին առնում աշակերտական ընկերության այս կամ այն տաղավարի մոտ, զննում առաջարկվող արտադրանքը, իրենց գոհունակությունը հայտնում նախաձեռնությունից, իսկ վերջում մի բան գնում և գոհ ժպիտներով հեռանում: Ես էլ մի քանի բան գնեցի, և՛ նրա համար, որ ուզում էի աջակցել երիտասարդներին, և՝ որ իսկապես լավն էին:

Լուսանկարը՝ հեղինակի

Ամեն կողմից անցորդներին առաջարկվում էին «կախարդական շարֆեր», «հայկական տիկնիկներ», «անմահական թուրմեր», «հրաշահամ փոխինձ», «երջանկություն բերող թևնոցներ» և այն ամենը, ինչ կարող է նույնիսկ մարդու երևակայությունից դուրս լինել: Հիշեցի, թե ինչպես ուղիղ մեկ տարի առաջ մեր գործարար ընկերությունն էլ գնորդներին առաջարկում էր «աշխարհի ամենագունավոր, ուրախ և հաջողակ դարձնող շարֆերը», ինչպես ամեն ինչ սկսեցինք համարյա ոչինչ չունենալով, ինչպես առաջին անգամ ձախողվեցինք ու հաղթանակ ունեցանք, ինչպես սովորեցինք ինքնուրույն ինչ-որ բան ստեղծել  ու, թե ինչքա՜ն դժվար էր մեր առաջին արտադրանքը վաճառելը, որովհետև դրա հետ կապել էինք մեր ժամանակը, ջանքերը, ցանկություններն ու նպատակները: Ինչքա՜ն շատ էինք չարչարվել, և ինչքա՜ն վաստակած էր մեր առաջին շահույթը: Ժամանակը հետ տալով հիշեցի, թե ի՜նչ մեծ ոգևորությամբ հիմնեցինք մեր հասարակական կազմակերպությունը: Չնայած այնքան էլ մեծ շահույթ չունեինք, բայց պատասխանատու գտնվեցինք այն հասարակության նկատմամբ, որտեղ իրականացրել էինք մեր արտադրանքի վաճառքը և շահույթի մի մասով իրականացրեցինք կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն:

Լուսանկարը՝ հեղինակի

Մեզ համար ծրագրի ավարտը եղավ ՀՊՆ-ի կողմից կազմակերպված ամառային ճամբարը, որի ընթացքում մեր ստացած հիմնավոր գիտելիքներն ու փորձը ամբողջացան  բիզնես ոլորտում արդեն հայտնի և հաջողակ գորածարարների անցկացրած սեմինարներով և խորհուրդներով:

Այդ օրը՝ տոնավաճառի ժամանակ, ես կարծես նույն զգացողություններն ու հուզումը, նույն ճանապարհը տեսա երիտասարդների աչքերում: Եվ այսպես, արդեն 15 տարի և 15 սերունդ…

Լուսանկարը՝ հեղինակի

Բնականաբար, մեզանից ոչ բոլորը կընտրեն ապագա տնտեսագետի մասնագիտությունը, բայց ջունիորցիներից շատերը արդեն ընտրել և դեռ ընտրելու են այդ ուղին: Հնարավոր է նաև, որ մեր կյանքում մենք կունենանք ավելի լավ նմանատիպ ծրագրեր և կրթական հնարավորություններ, բայց իր տեսակի մեջ ՀՊՆ-ը կմնա եզակի, որովհետև առաջին անգամ մեզանից շատերը հենց այստեղ սովորեցին հանդգնել լինել ստեղծագործական և ունեցան իրենց առաջին նվաճումը՝ պատանեկան նվաճումը Պատանեկան նվաճումների հետ:

Մեկ օր Հաղթանակի զբոսայգում

Խարբերդի հատուկ կարիքներով երեխաների տան բնակիչները մեկ օրով այցելել են Հաղթանակի զբոսայգի։ Այցը կազմակերպվել էր Փարոս հիմնադրամի կողմից։

Լուսանկարները՝
Սիրան Մանուկյանի,
Դիանա Շահբազյանի

Զբոսանք ինտերնետում

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Արձակուրդների վերջին օրն էր: Այդ ամբողջ օրը անցկացրի սոցիալական կայքերում, գրում էի ընկերներիս` բամբասում էինք, նկարներ և տեսահոլովակներ էինք տեղադրում ցանցում, հետո էլ այդ նկարները և տեսահոլովակները քննարկում: Օրս շատ աննկատ անցավ, նույնիսկ չէի նկատել, որ արդեն երեկո է: Իսկ երեկոյի մասին էլ ինձ հիշեցրեց իմ ընկերուհին, որը եկել էր մեր տուն, որպեսզի գնանք զբոսնելու:

-Հայ, հերիք ա, անջատիր ինտերնետը: Արի գնանք զբոսնելու, ինձ հրելով աթոռից ասում էր նա:

-Հա, հա: Հեսա սպասիր՝ տեսնեմ ինչ է եղել Աննային, ինձ տխուր «սմայլ» է ուղարկել:

-Լավ, բայց ընդամենը հինգ րոպե,- ասաց նա և նստեց կողքս:

Մենք երկուսով սկսեցինք գրել մեր ընդհանուր ընկերներին, չնկատելով, թե ինչպես թռավ ժամանակը: Հանկարծ ընկերուհուս մայրը զանգահարեց.

-Մայ, որտե՞ղ եք:

-Մամ, զբոսնում ենք,- ասաց նա՝ թաքցնելով, որ մենք տանն ենք և գրում ենք մեր ընկերներին, որոնք նույնպես պետք է գնային զբոսնելու: Սակայն, երբ մտել էին համացանց, նույնպես ժամանակի մասին մոռացել էին: Բայց եթե նրա մայրը իմանար, որ ինտերնետում ենք, կարգելեր դուրս գալ տնից  կասեր, որ  համացանցից նա կարող է օգտվել նաև տանը:

-Տուն արի, արդեն ուշ է:

-Լավ շուտով կգամ,- ասաց նա ու կախեց լսափողը,- Հայ, ես գնում եմ տուն, մայրս կանչում է:

-Լավ,- մի պահ հայացքս կտրելով համակարգչից ասացի ես:

- Հայ, մենք էլի չզբոսնեցինք,- փնթփնթալով ասաց նա:

-Խոսք եմ տալիս, վաղն անպայման դուրս կգանք զբոսնելու,- ասացի ես և ճանապարհեցի նրան մինչև դուռը, հետո էլի վերադարձա սենյակ և կրկին նստեցի համակարգչի առաջ:

Մրցանակ «Ես եմ» կինոփառատոնում

Հոկտեմբերի 1-ից 4-ը Ծաղկաձորում անցկացված «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնում մրցանակ շնորհվեց «Դեպի փոփոխություններ» ֆիլմին (ռեժիսոր՝ Սամվել Մքոյան, Վանաձոր)։ Ֆիլմը պատմում է LousneLius ալտերնատիվ ռոք խմբի մասին։ Տարբեր երկրներից փառատոնին ներկայացված մոտ 200 ֆիլմից ընտրվել էին 60-ը, որոնցից 4-ը «Մանանա» կենտրոնի մարզային պատանի թղթակիցների կողմից ստեղծված ֆիլմեր էին։

Լուսանկարները՝ Լաուրա Սահակյանի

Ռեփ Մալիշկա գյուղի մասին


Լուսանկարների հեղինակ՝ Աստղիկ Իսրայելյան

Մալիշկա

Եթե ուզում ես իմանաս, թե Հայաստանում ինչ կա,

Խորհուրդ կտամ  քեզ անպայման դու գաս Մալիշկա:

Էստեղ ապրում են հասարակ մարդիկ գյուղացի,

Հենց դրա համար էլ ասում եմ քեզ` համեցի…

Մեր բարբառը շատ լավն ա, ով ինչ ուզում ա` ասի:

Մեր խոսքը լսելով` կընկնես դու հավեսի:

Մեր մաքուր պարզ հոգին չարն ու վատը կանտեսի,

Ու թող աշխարհը նայի մեզ, աշխարհը մեզ լսի:

Կրկներգ.

Մալիշկայից լավ տեղ չկա ես աշխարհում,

Մալիշկեցու ոգին կլինի միշտ իմ սրտում,

Կհիշեմ ես իմ գյուղը ու ուր էլ  գնամ,

 Ես իմ հեռավոր տնից էստեղ կվերադառնամ:

Ես  հպարտ եմ, որ Մալիշկա գյուղում,

Դե պարզ ա, ես իմ գյուղը շատ-շատ եմ սիրում:

Մեր սար ու ձորի բնությունը լրիվ ուրիշ ա,

Ուզում ես ճանաչել Հայաստանն, արի Մալիշկա…

Արի ու ճանաչի Հայաստանն, արի Մալիշկա:

«Ի՞շթար ես, բալա ջան»,- կասի ամեն մի մեր:

 

Կրկներգ.

Մալիշկայում ի՞նչն ա տարածված. Դե, իհարկե, սոխը:

Սոխի մարգ կա համարյա ամեն մի տան կողքը:

Հիմա քչից ներկայացնեմ մեր գյուղի մարդկանց,

Որ ինձնից չնեղանան գյուղացիներս հանկարծ:

Բամբասկոտի անունը երևի չեմ ասի,

Որովհետև իմ մասին հաստատ կբամբասի:

Մեր մեծ մարդու անունն ա Սիրեկան պապի,

Հաջորդ տարի ինքը իր հարյուրը կփակի:

Գյուղում շատ տարբեր մարդիկ թող ինձ ներեն.

Համոզված եմ նրանք այս երգը շատ կսիրեն: