Իմ գյուղը` Օձունը, գտնվում է Լոռու մարզում: Բնությունը հիասքանչ է տարվա բոլոր եղանակներին: Ձմեռը մեղմ է լինում հիմնականում: Շատ պատահական, որ ձյունը հողի վրա երկար է մնում: Oրինակ, այս տարի` դեկտեմբեր ամիսը գարնանային եղանակ էր: Նույնիսկ ամաչում էինք վերարկու հագնել: Օրվա մեծ մասը տունը չէինք տաքացնում: Հաճելի տաք արևը դուրս էր կանչում մարդկանց: Իհարկե, հասկանում էինք, որ այդպես լավ չէ գյուղատնտեսության համար, բայց արևի ջերմ ճառագայթները մեզ այլ բան էին համոզում:
Անցած տարին մարդկանց համար այնքան էլ հաջող տարի չէր: Աշխատանք չլինելու պատճառով գյուղի տղամարդկանց մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքների, իսկ ռուբլու անկումը ազդում էր նաև մարդկանց ընտանեկան բյուջեի վրա: Այդ պատճառով ձմեռվա վառելիքի հարցը շատերը չէին կարող լրիվ լուծել: Բայց բնությունը ինքը օգնության էր հասնում մարդկանց` տաք օրերը շատացնելով: Ընդանուր առմամբ, ես սիրում եմ մեր Լոռվա ձմեռը: Երեխաներին չի հետաքրքրում մեծերի խնդիրները, և նրանք ուրախանում են ձյան առատ փաթիլներով: Ձյունը իր հետ բերում է դահուկ, չմուշկ ու ձնագնդի, և այլ զվարճանքներ: Ձյունը իրեն երկար սպասեցնել չտվեց, և Նոր տարին առանց ձյան չդիմավորեցինք: Այդ հարցում էլ բնությունը շատ իմաստուն գտնվեց. 30-ի գիշերը առատ ձյուն տեղաց` ի ուրախություն երեխաներիս:
Հիմա չեմ փորձի համոզել, որ մեր գյուղը բոլորից առանձնահատուկ է, որովհետև յուրաքանչյուր անձնավորություն յուրահատուկ է համարում իր ծննդավայրը: Հենց այդ անձնավորություններից մեկն էլ ես եմ: Ես այնքան բան ունեմ ասելու իմ գյուղի մասին, որոնք առանձնահատկություն եմ համարում: Իմ գյուղը` Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրը, առանձնահատուկ է ամեն ինչով: Որպես առաջին առանձնահատկություն նշեմ, որ մենք շատ մոտ ենք թշնամուն: Առաջին պահից ձեզ իմ գրածը արտասովոր չթվաց, որովհետև բոլորն են ասում այդ մասին և բոլորն են շոշափում այդ թեման: Երևի կան մարդիկ, ովքեր ասում են. «Հա՜, ի՞նչ կա որ, համարյա բոլոր գյուղերն էլ սահմանին մոտ են, բոլորի վրա էլ կրակում են»: Ճիշտ է, դա այդպես է, բոլոր գյուղերի վրա էլ կրակում են, բոլորն էլ սահմանամերձ են, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է նշանակում երեկոյան պատրաստվել քնելու և հանկարծ վեր թռչելով, արագ հագնվել, որպեսզի գնալ հարևանի տուն՝ ապահով տեղում գտնվելու համար: Դեռ կրակոցներից շատ բան կարելի է պատմել, բայց կենտրոնանամ ուրիշ յուրահատկությունների վրա, որոնք ավելի մեծ երջանկություն են ներշնչում:
Լուսանկարը՝ Տատյանա Ղուկասյանի
Սկսեմ նրանից, որ մեր գյուղում են ծնվել շատ տաղանդավոր և նշանավոր մարդիկ, որոնք այլևս այստեղ չեն ապրում: Դրանցից մեկը Արսեն Գալստյանն է՝ օլիմպիական չեմպիոն: Ներկայումս գյուղում կա 5 խմբակ՝ ֆուտբոլի, բասկետբոլի, նկարչության, ռոբոտաշինության: Վերջինս նոր է սկսել գործել: Ամենաերկար ուղին ունի ֆուտբոլը: Ֆուտբոլիստ երեխաները մինչ օրս ունեցել են բազմաթիվ հաղթանակներ, ավելի ճիշտ, չեն ունեցել պարտություն: Ինչ-ինչ պատճառներով մեծահասակների խմբակը այլևս չի գործում (15-17 տ.), բայց նրանց փոխարեն պարապում է նոր սերունդը (10-13 տ.), որոնք ի դեպ, նույնպես մեծ հաջողությունների են հասել: Ուզում եմ նշել, որ գյուղի համարյա բոլորը` թե՛ աղջիկները, թե՛ տղաները գտնվում են լավ մարզավիճակում և միշտ պատրաստ են մասնակցելու տարբեր մրցույթների: Նկարչականը և բասկետբոլը նույնպես հետ չեն մնում ֆուտբոլից: Ես նույնպես մեծ հետաքրքրությամբ ու սիրով հաճախում եմ նկարչական և բասկետբոլի խմբակի: Ռոբոտաշինության մասին ներկա պահին բան չունեմ ասելու, որովհետև այն նոր է սկսել գործել, և երեխաները նոր են սկսել ծանոթանալ ծրագրերին և տեխնիկային: Անցնեմ ամենակարևոր և գեղեցիկ առանձնահատկություններին՝ գյուղի բնությանը և այդ բնության մեջ անցնող կյանքին: Ուրիշների մոտ գուցե առօրյան կախված է եղանակից, բայց մեր գյուղում եղանակը չի կարող մարդկանց շեղել ամենօրյա գործերից:
Լուսանկարը՝ Տատյանա Ղուկասյանի
Իսկ բնության մասին խոսելն ինձ թվում է, ավելորդ է: Տավշո բնությունը միշտ էլ առանձնացել է իր գրավչությամբ: Տարվա ամեն եղանակին այն առանձնահատուկ գեղեցիկ է: Ներքին Կարմիրաղբյուրը նույնպես աչքի է ընկնում իր կախարդող բնությամբ: Այստեղ ամեն ինչ գեղեցիկ է յուրովի: Նույնիսկ կիսախարխուլ տների և չորացած ծառերի համադրությունն է գեղեցիկ լինում: Ահա իմ բառերով փորձեցի նկարագրել գյուղիս առանձնահատկությունները, բայց կարծում եմ, որ մեծանալուն համընթաց կկարողանամ ավելի խորը տեսնել և բացահայտել դրանք:
Այսօր Մեղրաձորում մենք տեսանք մի փայտե տնակ, որի առաջ հավաքվել էին տղամարդիկ: Նրանց ողջունելով հարցրինք, թե ինչի՞ համար է այդ տնակը: Նրանք պատասխանեցին, թե. «Ծերանոց է»: Այդ պատասխանը լսելով ես մտածեցի, թե ծեր մարդիկ են ապրում այդտեղ, սակայն ներս մտնելով հասկացա, որ ծերուկները այդտեղ հավաքվել են, որպեսզի կտրվեն իրենց առօրյա հոգսերից և նարդի խաղան:
Նրանք իրենց խաղը յուրահատուկ կերպով էին մեկնաբանում. «Էս էրեխեքի խաթր պիտի կրեմ քեզ», իսկ մյուսը ասում էր. «Թոբա թե` կկրես»: Նրանցից մեկի անունը Ջամշևան էր: Նա նշեց, որ իր խաղընկերոջը անվանում են Հանգուցյալ: Պահը բաց չթողնելով՝ հարցրինք, թե ինչո՞ւ են նրան այդպես կոչում, և նա պատասխանեց. «Որովհետև մեծ է, շուտով կմեռնի», և ավելացրեց. «Ես նույնպես մեծ եմ, իմ վախտն էլ է շուտով գալու»: Այնուամենայնիվ, այդ վատ մտքերը շեղելու համար նրանք սկսեցին հումորներ անել և իրենց կյանքից զվարճալի դրվագներ պատմել: Ջամշևան պապը շատ հումորով էր: Նա պատմեց, որ սկզբում սովորել է Շենգավիթում: Երեք տարի սովորելուց հետո նրանք տեղափոխվել են Մեղրաձոր գյուղ, և նորից 7 տարի կրթություն է ստացել տեղի դպրոցում: Նա Երևանում իր սովորած տարիների մասին ասում էր. «Ինչ աղջիկ-տղա տեսնեի ինձնից փոքր, տփում էի: Էդ էր պատճառը, որ երրորդ դասարանում հեռացրին ինձ դպրոցից»:
Ինձ ոգևորեց նաև այն միտքը, որ նրանք լինելով յոթանասունն անց մարդիկ, հոգով մնում էին միշտ ուրախ պատանի:
Լիլիթ Կիրակոսյան, Հրազդան
***
Սվետան
Մեղրաձորցի մի կնոջից հարցրինք.
-Իսկ, այ էն վանքը, բա՞ց ա:
-Հա, քելեք էն դարպասից կանչեք՝ կգան կբացեն,- ասաց իր բան ու գործը թողած ու մեզ հետ զրուցող կինը:
Կրծոտելով մի ուրիշ մեղրաձորցի կնոջ տված խնձորը՝ քայլեցինք դեպի վանք: Մի աղջիկ արագ քայլելով ուզեց շրջանցել մեր խցիկներին ու մեզ, բայց չհաջողվեց:
-Էս վանքը բա՞ց է,- հարցրի ոչ այնքան վանք գնալու նկատմամբ տածած իմ հետաքրքրությունից, ինչքան նրա հետ զրույցի բռնվելու համար:
-Դե՜, ժամի դուռը փակ է: Տեր ունի,- ասաց ու քայլերն արագացնելով՝ «փախավ» մեզնից:
Մտանք վանքի բակ նկարելու համար: Ու քիչ անց տեսանք, որ այն աղջիկը եկավ: Փաստորեն «ժամի տերն» ինքն էր: Մեր հարցին, թե ինչու են վանքի բանալիները հայտնվել իր մոտ, պատասխանեց.
-Դե՜, մեր տունը մոտ ա, համ է՜լ…- Սվետան (այդ էր նրա անունը) պատասխանեց մոմավաճառի սեղանի հետևից:
-Դերասան,- պատասխանեց մեր` ինչ կուզես դառնալ հարցին:
-Բա չէի՞ր ուզի գյուղում թատերական խմբակ լիներ:
-Հա, շատ,- անկեղծ ափսոսանքով պատասխանեց Սվետան:
-Բա որ դարձար դերասան, գյուղում խմբակ կբացե՞ս:
-Չէ,- պատասխանեց գլուխը կախելով, բայց անկեղծ:
-Բա չէի՞ր ուզի ուրիշ երկրում ապրել:
-Հա, ո՞վ չի ուզի,- կիսաձայն ասաց Սվետան, բայց հետո հաստատակամ ավելացրեց,- է՜, չէ, կմնամ մեր գյուղում:
Սվետային դերասան պատկերցնելով՝ մտազբաղ դուրս եկա վանքից:
-Չէ, կդառնա,- որոշեցի նրա ճակատագիրը, ու անցանք առաջ:
Իմ գյուղը թաքնված ժայռերի մեծ ու փարթամ ծառերի մեջ դարերի պատմություն ունի: Տատիս խոսքերով, գյուղս ստեղծվել է 1400-ական թվականներից հետո: Գյուղի անվան հետ կապված շատ պատմություներ կան: Օրինակ, որ դիմացի բլուրից մարդկանց մի խումբ իջել ու բնակություն են հաստատել ներքևում` գյուղի անունը կոչելով Ներքին Կարմիրաղբյուր, կամ երբ գյուղի աղջիկները բարձրացել են սարերը և գետի վրա կարմիր վարդի թերթիկներ նետել: Գետը իջել է ներքև` կարմիր ներկված, ժողովուրդը հեռվից տեսնելով, գյուղի անունը կոչել է Ներքին Կարմիրաղբյուր: Ճիշտն ասած, չեմ կարող ասել` որ պատմությունն է ավելի ճիշտ, որվհետև այնքան գեղեցիկ ու հետաքրքիր է գյուղս, որ շատ պատմություններ կունենա իր հետ կապված, որից անգամ տատս տեղյակ չի լինի: Տատս նաև ասում է, որ մեր տարածաշրջանի ժողովուրդը եկել է Ղարաբաղից, և մեր արմատները Ղարաբաղից են: Այնպես որ, կարող եմ հպարտությամբ նշել, որ ես կիսով չափ ղարաբաղցի եմ: Ներքին Կարմիրաղբյուրի ժողովուրդը հիմնականում զբաղվում է հողագործությամբ: Սովետի ժամանակ մարդիկ զբաղվել են ծխախոտագործությամբ, անասնապահությամբ, բայց այդ ամենը եղել է կոլեկտիվ: Իսկ հիմա էլ գյուղում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ, բայց արդեն մասնավոր: Ուղղակի այն ժամանակվա ծխախոտի փոխարեն հիմա խաղող են մշակում: Չնայած դա էլ ակտիվորեն չէն անում, քանի որ թշնամու կրակի տակ է այգիները: Բայց գյուղս կամաց-կամաց երիտասարդանում է, մարդիկ հաղթահարում են պատերազմի հանդեպ վախը: Նրանց դեմքին ժպիտ է հայտնվում ավելի եռանդով են աշխատում, ինչպես այն ժամանակ, երբ առաջին անզամ եկան գյուղ` բնակություն հաստատելու:
Բղաքաղը այն գործընթացն է, երբ թաքուն, ուրիշի այգուց մենք ինչ-որ միրգ կամ հատապտուղ ենք ուտում: Վահան գյուղի մեր թաղում բղաքաղը անց է կացվում կատարյալ ձևով, առանց «ժողովի» ` մենք բղաքաղ չենք անում: Մեր թաղի «բղաքաղի ժողովի նստավայր»-ը գտնվում է Արևի բաղում, որտեղ գեղեցիկ ծառերի տակ կա սեղան` իր աթոռների հետ միասին, որոնք հեռվից նայելիս սնկերի ընտանիքի են նմանվում: Մեր թաղում բղաքաղը սկսվում է այսպես.
- Քանի եղանակը լավն ա, եկեք քյանք Սևանանց բաղ,- ասում է տղաներից մեկը:
-Քյացինք,- պատասխանում եմ ես:
Ինձ են ասում, որովհետև մեր թաղի բղաքաղի կազմակերպիչը մշտապես ես եմ լինում, որովհետև միայն ես եմ կարողանում այնպես կազմակերպել, որ չբռնվենք:
Հավաքվում ենք Արևի բաղում և սկսում ժողովը.
- Հայկո, մեջերներիս լաղո վազ տվողը ես ու տյու ենք, մենք դենք դյերիլ ծառը: Մխո, տյու վիրեվիցն ես շախը պահում, Գրիգոր, տյու տակիցը, Արսեն, տյու աջիցը, Արմեն, տյու ծյախիցը:Պատրաս՞տ եք,- ասում եմ ես:
- Հա, հա, հա,- ասում են տղաները:
-Կապիշոնները քցեք, քյացիք,- ասում եմ ես:
Կապիշոնները գցում էինք, որպեսզի մեզ ճանաչելը փոքր-ինչ դժվարանար:
Վերևի, ներքևի, աջի, ձախի տղաների դասավորվածությունը հենց այնպես չէ: Վերևում և աջում կանգնեցնում եմ թույլ վազողներին, որովհետև ավելի մոտիկ են գտնվում ճանապարհին, իսկ ներքևում և ձախում բնականաբար ավելի ուժեղ վազողներին:
Ահա այսպիսի ընթացք է ունենում մեր թաղի բղաքաղը:
Աշունը շուտով կվերջանա, բղաքաղն էլ: Իսկ ձմռանն էլ ուրիշ արկածներ կսկսեն: