Իմ էջը խորագրի արխիվներ

mane. minasyan

Բարև, իմ 20+1

Ողջույն, բարի լույս կամ բարի երեկո, իմ ծանոթ կամ էլ դեռ անծանոթ ընթերցող։

Ես չգիտեմ, թե դու այս պահին  որտեղ ես գտնվում, ինչպիսի տրամադրություն ունես կամ ընդհանրապես, հավես ունե՞ս նյութս կարդալու թե չէ, բայց ես հենց հիմա ապրում եմ իմ կյանքի 20-րդ գարնան վերջին ժամերը և ուզում եմ 20-ս ամփոփել հենց քեզ հետ, հենց քեզ պատմելով։

Եթե ասեմ, որ սա ինձ համար գլխապտույտ լավ, կամ ընդհակառակը, վատ տարի էր, հաստատ կստեմ։

Գիտեք, երբ 10+10 տարիքում ես գտնվում, կարծես մի 10-դ լրիվ ուրիշ մարդ լինի, մյուսը՝ լրիվ այլ։

Լավ, եկեք ամփոփենք։ Ես արդեն մի քանի տարի շարունակ, իմ ծննդյան նախորդ գիշերը չեմ կարողանում քնել։ Պառկում եմ, վերցնում համակարգիչս ու հերթով անցնում ապրածս բոլոր օրերով, ամփոփում,գրում, վերլուծում ու փորձում հաջորդ տարի հետս տանել միայն դրականը, լավը, բարին։

20-իս, եթե անկեղծ, շատ էի սպասել։ Դեռ մի քանի ամիս առաջ ընկերուհուս հետ պլանավորել էինք, թե ինչպես ենք նշելու 20-ամյակս, գույները որոշել, բայց, կորոնավիրուսը ուրիշ գույներ բերեց։

Կարանտինային ծնունդիցս դժգոհ չեմ, կարանտինային իրավիճակից՝ ևս։

Կարանտինի ընթացքում ես 20-ում հասցրի ստեղծել իմ բրենդը՝ Mann’s Cake-ը, որը հրուշակեղենի փոքրիկ աշխարհ է, որտեղ ես պարզապես իմ հանգստությունն եմ գտնում։ Շուտով, իմ 21-ից հետո՝ ապրիլի 21-ին, այդ փոքրիկ աշխարհը կապրի իր կյանքի առաջին ծնունդը։ Իր մասին ավելի մանրամասն հետո կպատմեմ ձեզ։

Կարանտին, առցանց դասեր, քննություններ, չեմ ասի սա այն էր, ինչի մասին երազել էի, բայց սա մի ժամանակաշրջան էր, որը թույլ տվեց ինքնակատարելագործվելու, նոր ծրագրեր մշակելու ու առաջ գնալու։

Ամռանը ես ընդունվեցի մասնագիտական աշխատանքի։ «Ա1+» լրատվականում ես հասցրի սովորել շատ, հմտանալ լրագրության մեջ։

Սեպտեմբեր ամսին, երբ փորձում էինք վերադառնալ բնականոն կյանքի, պատերազմը փոխեց բոլորիս կյանքի հունը․․․

Սեպտեմբերի 28-ից ինձ ու ընկերներիս շատ պատասխանատու գործ էր վստահվել։19 համայնքի պարենատան աշխատանք էինք համակարգում, փորձում ապաստարան գտնել Արցախից եկած բնակիչների համար։ Սա իմ կյանքում մի փուլ էր, որը թույլ տվեց բացահայտել ինքս ինձ, շրջապատս, մարդկանց․․․

Գիտե՞ք, ես կարծում եմ, որ պատերազմի օրերին ներքին պատերազմի մեջ էինք բոլորս։

Մեկ-մեկ ես համոզվում եմ, որ ոչինչ հենց այնպես չի լինում կյանքում։ Պատերազմի օրերին մենք չէինք մտածում ինչպիսի տեսքով դուրս կգանք տանից ու կվազենք պարենատուն, չէինք մտածում, թե մեր արտաքինը ինչպես կընկալվեր դիմացինների կողմից։ Ու գիտե՞ք, երևի հենց այդ օրերին հասցրինք ճանաչել հոգիներ․․․ մարդկային ամենապարզ ու անկեղծ հոգիներ։ Առանց շպարի, առանց արտաքին տվյալների։

Պատերազմը մեզանից խլեց շատ․․․ Բայց չեմ ուզում այսօր խոսել կորստի մասին։ Սկզբում ասացի, չէ՞, որ հաջորդ տարի ինձ հետ տանում եմ լավը, դրականը։ Սա իհարկե չի նշանակում, որ ես մոռանում եմ կատարվածը, չէ, պարզապես ուզում եմ կյանքիս հաջորդ գարունը լուսավոր ու պարզ գույներով սկսել։

Պատերազմի ընթացքում՝ իմ 20-րդ աշնանը ես հանդիպեցի մարդու, ում նվիրեցի սիրտս՝ անմնացորդ։ Ներեցեք, չեմ սիրում մանրամասն խոսել անձնական կյանքից, սակայն ամփոփելով 20-ս, չէի կարող չխոսել այս ամենի մասին։ Խնդրում եմ այլ հարցեր չտալ։

Պատերազմից հետո բոլորս ինչ-որ չափ կիսատ, ինչ-որ չափ անգույն, սակայն շարունակեցինք ապրել։

Դեկտեմբեր-հունվարը բավականին ծանր ամիսներ էին իմ կյանքում։ Ավարտական կուրսում գտնվել, հանձնել բարդ քննություններ, բայց սա էլ հաղթահարեցինք։

20-նն ինձ համար մի տեսակ պայքարի տարի էր։ Պայքար ինքս իմ դեմ։ Հաղթանակ ինքս ինձ։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով 20-ում թեկուզ մեկ տող կյանքի դաս տվեց ինձ։ Դա կլինի վատ թե լավ դաս, այնքան էլ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ կարողանամ 21-ում կիրառել այդ դասերը՝ սխալներից հեռու մնալու համար։

Բարև իմ 20+1։ Եղիր լուսավոր, եղիր դրական, եղիր փոփոխություն։ Կհանդիպենք կյանքի մեկ այլ խաչմերուկում։

Արի

Էռնեստ Հեմինգուեյն ասել է . «Աշխարհը լավ տեղ է և պայքարելու համար՝ արժանի»:

Ֆինչերի ֆիլմի հերոսն էլ սա մեջբերելով՝ ասաց.

- Ես համաձայն եմ երկրորդ մասի հետ:

Եվ եթե ամեն բան նախօրոք որոշված է, կամ կյանքիս բնույթն էնպիսին է, որ տակավին մեզ ծալում, ճմռթում ու թողնում է քամիների քմահաճույքին, որ վերքեր է բացում՝ չթողնելով չորացնել, որ տալիս է այն, ինչն այդքան պետք է ու հաջորդ վայրկյանին խլում՝ թողնելով մեզ՝ ինքներս մեզ, կորած ու ցնորված՝ հրեշների մեջ. թողնելով մեզ երբեք չլցվող փոսեր, դատարկություններ ու սև խոռոչներ, որոնց մեջ հայտնի չէ, թե ինչ կգտնվի կամ չի գտնվի էլ երբեք. դատարկություններ, որ ամեն աշուն ու գարուն լցվում են ջրով՝ կեղտաջրով: Հետո խոնավացած ցեխ են դառնում, տարածվում ամբողջ մարմնով ու էությամբ մեկ: Եվ չկա մի մեծություն և չկա մի իմաստ մեծագույն. միայն գուշակում ու սպասում, և հույս ու անօգնականություն: Մի՞թե սխալ տեղ ենք մենք ընկել կամ սխալ ենք ստեղծվել մենք:

Մի կյանքում այդքան սիրուն ու չհասկացված, այդքան սիրված ու չգնահատված, այդքան իմացած, բայց դեռ ոչինչ նույնիսկ չգուշակած, այդքան ապրած ու չապրած, մի կյանք ու այդքան չկյանք, չկանք, կանք ու չկանք:

Եվ սփոփանքներ անհիմն՝ այդքան վատշաքար ու այդքան օդանման անտեսանելի և այդքան օդանման շնչելի ու անհրաժեշտ: Եվ սիրունություններ՝ այդքան մոտիկ ու հեռու, այդքան ապրեցնող ու վայրկյանահորդ: Եվ մարդ՝ այդքան դաժան ու անտեր.  մարդ՝ այդքան մութ ու փայլուն՝ ասես մի փոքր տիեզերք, մարդ՝ այդքան մարդ, և մարդ՝ տմարդի՝ մի բուռ աստղափոշում:

Փոքր ու թույլ, մեծ ու մեծագործ, իմաստուն և անտեղյակ ու ցնորված՝ կյանքից ու գիժ՝ կյանքով, արի՜, արի փնտրենք իմաստներ ու պահենք սիրուն՝ սիրով ու մարդկությամբ մեր. ե՜կ գնանք ու գտնենք գնացածների համար հարմար մի տեղ: Սպասի՜ր ինձ, որ սփոփենք մեր հոգին ելևէջաափոշով ու օշարակաչրով մի տաք ու քամոտ երեկոյի, երբ աստղերն ունեն մարդանուններ, խոտը՝ գույնն ապագայի, որ ցույց չի տա լուսինը գիշերվա վազքին մեր ու փախուստին, և օդն անցյալաբույր է ու լռությունն՝ ամայի:

Բռնի՜ր ձեռքս, ընկե՛ր հողամարմին. մե՜կ, երկու, երեք և վերջ, մեկ, երկու, երեք և …

Svetlana Davtyan new

Նամակ հրաժեշտից առաջ

Շատ տարիներ հետո, երբ փողոցում լքված ու միայնակ կանգնած կլինես, մի անծանոթ քեզ ծրարով մաշված նամակ կփոխանցի: Չտանջվե՛ս զուր, ծրարը շուռ ու մուռ չտաս, միևնույն է, ո՛չ հասցե ես գտնելու, ո՛չ էլ անուն կամ պիտակ: Երբ չգտնես ոչինչ, նույն վայրկյանին կհասկանաս, որ ես եմ քեզ տարիներ առաջ նամակ գրել ու ծրարել, խնամքով թաքցրել բոլորի աչքից հեռու, մի փականով պահարանում դրած, վստահ իմանալով՝ մի օր քեզ կհասնի:

Կնայես շուրջբոլորդ, հասկանալով, որ ոչ ոք չտեսավ, կանհետանաս փողոցից: Կսլանաս տուն, արագ բարձրանալով ձեր տան աստիճանները, կգնաս սենյակ, ներսից դուռը կկողպես, որպեսզի ոչ ոք չխանգարի ընթերցելուդ: Հենց այդ պահին խլացնող զանգ կհնչի, մի պահ կքարանաս, հետո սթափվելով կպատասխանես անհասցե զանգին, բայց ոչ ոք չի խոսի, միայն կհամոզվեմ, որ նամակը ձեռքումդ է:

Լսափողը կկախես ու կվերադառնաս սեղանի մոտ, նամակը ձեռքդ կառնես, ու հենց այդ պահին ամեն ինչ երկրի երեսից ջնջող անձրև կսկսվի: Չես հասկանա, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ է ամեն ինչ սկսել շուրջդ իրար խառնվել: Անձրևի ձայնից կխլանաս, հասկանալով ու զգալով, թե ինչպես եմ ես տարիներ առաջ խլացել, ու քո ներսն էլ տակնուվրա կլինի:

Ու միևնույն է, վախենալով, ամեն դեպքում կբացես նամակը, ու ամեն նախադասության հետ քո ներսում ինչ-որ բան կկոտրվի, սրտխփոցդ կուժեղանա ու մարմինդ կցավի, ասես տարիների հոգնությունը իջավ ուսերիդ: Ու այդ ժամանակ կհասկանաս, թե ինչքան ուժեղ էր իմ սիրտը ցավում, որ անհրաժեշտ պահին այդպես էլ չհասկացար, կներե՛ս, չուզեցիր հասկանալ:

Այո՛, այդ ես եմ եղել: Որ ոչ մի անգամ քեզ չանհանգստացրի ու չիմացար` ինչ է հոգսը:

Ու հիմա էլ, ոչինչ չեմ ասելու, ամեն ինչ կգտնես տողերի արանքում, ու չհարցնես՝ որտե՞ղ սխալվեցի:

Edita Galstyan new

Շղթայված հանդիսատես

Անվերջ մտքեր։ Դու։ Կողքովդ անցնող կյանքը։

Կյանքը կողքովդ անցնում է, իսկ դու կտրված ես աշխարհից։ Մարդիկ, րոպեները, ժամերը, օրերը կողքովդ քայլում են կամ վատագույն դեպքում՝ վազում։ Իսկ դու՞… Դու միայն նայում ես նրանց,  քո աշխարհը գրկել ու բաց չես թողնում։

Կյանքը քեզ հրում է իրենից դուրս, ու դու մնում ես միայն հանդիսատեսի կարգավիճակում։

Մարդիկ քեզ չեն հասկանում, դու՝ իրենց։ Կյանքը անվերջ գնում է կողքովդ ու անգամ չի էլ բարևում։ Ու դու ստիպված մենակ նայում ես, իսկ վայրկյանները օրեր են դառնում, օրերը՝ ժամեր, ժամերը՝ շաբաթներ, շաբաթնե՞րը…

Ի տարբերություն կյանքի՝ մտքերդ երբեք քեզ չեն մոռանում։ Ո՛չ քեզ են դուրս հրում իրենցից, ո՜չ էլ դու ես կարողանում իրենցից դուրս գալ։ Ու իրենք քեզ դարձնում են իրենց գերին, ու դու շղթայված մնում ես մտքերիդ բանտում և ճաղերի միջից նայում անվերջ վազող կյանքին։

Դու պիտի դուրս գաս բանտիցդ, որը ինքդ քո մեջ ես ստեղծել, բայց իրական բանտի ճաղերը կոտրելը, շղթաները քանդելը ավելի հեշտ է,  քան թե ինքդ քո միջից դուրս գալը, շղթաներդ պոկելը, մի կերպ կյանքի հետևից վազել հասցնելդ։

Կյանքը վազում է։ Հաղթանակ է տոնում մրցավազքում։ Կկարողանա՞ս քանդել շղթաներդ…

Lilit vardanyan

Ժամկետանց նոթեր. ձյուն, երկրաշարժ, գրպանահատ

Բոլոր պատմությունները ճիշտ են, պատահական համընկնումներ չկան, իսկ կերպարներն իրական են: Նոթերն արել եմ տարվա ընթացքում և որոշ ժամանակ անց որոշել եմ միացնել մեկ նյութի մեջ:

Հունվարի 20: Նոթեր այն մասին, թե ինչպես էի ինձ զգում Մակոտո Սինկայի նկարած կերպարներից մեկը

Գիտե՞ս, այն գնդաձև ապակե խաղալիքները: Երբ թափ ես տալիս, ներսում ձյուն է գալիս: Ու նայում ես, թե գնդի ներսում ինչպես են ձյան փաթիլներ իջնում: Հանգիստ ու բավարարված ես զգում:

Երեկ հայտնվեցի այդ գնդի ներսում: Այն տնակի մեջ էի, որտեղից կարելի է նայել, թե ինչպես է ձյուն թափվում՝ առանց կանգառի, փոքր ու արագ փաթիլներով: Օնլայն դասի ժամանակ երբեմն ստուգում էի՝ ձյունը շարունակվու՞մ է:

Կեսօրին եղբայրս գրեց ինձ բանակից: Բացեցի պատուհանը ու նկարեցի, թե ինչ սիրուն ձյուն է գալիս: Իսկ երեկոյան, երբ արդեն հեռախոսով խոսում էինք, այն դեռ շարունակվում էր: Ինձ հանգիստ ու բավարարված էի զգում: Մի ամբողջ օր տևացող ձյունը բավական է հանդարտվելու համար:

Այսօր առավոտյան տատիկը, ինչպես միշտ, բացեց պատուհանը ու հացի փշուրները լցրեց պատշգամբի ներքևի երկաթին: Երեք վայրկյան հազիվ անցած լիներ, երբ մի քանի անվախ ու արդեն ամեն օր կեր ստանալու սովոր ճնճղուկ թռցրին հացի փշրանքները ու հետ վերադարձան ծառի ձյունոտ ճյուղին: Նրանց օրինակին հետևեցին ավելի զգույշ ու անփորձները, երբ տատիկն արդեն փակել էր պատուհանը:

Երկու օր է՝ ձյուն է գալիս: Այսօր դասերը ժամը 6 անց կես են ավարտվում: Բայց մինչև այդ դասի սկիզբը, ունեմ երեք ժամ ժամանակ: Մտա Ֆեյսբուքի էջը: Այսօր նախկին դասարանցիս՝ Գոռը, պետք է 19 տարեկան դառնար: Փակեցի:

Իջա բակ՝ հաց առնելու: Ձյունը շարունակվում է: Երկու տարեկան Եվան իր առաջին ձնեմարդն է սարքում: Բակի տղամարդիկ թեթև բաճկոններ հագած հավաքվել են մեր բակի խանութի դիմաց: Մտա ներս: Արտակ ձյաձյան դրսում այդ տղամարդկանց հետ ինչ-որ բանավեճի մեջ էր: Մոտ քսան վայրկյան անց եկավ:

Նայեցի իր հետ խանութ մտնող ակնոցավոր տղային: Իր տարիքից փոքր էր երևում: Չգիտես ինչու, որոշեցի, որ պետք չէր նրան ծխախոտ վաճառել: Ձայնի մեջ անորոշություն կար:

Մակոտո Սինկայի «5 սանտիմետր վայրկյանում» անիմեում նկարված ձյունից ոգեշնչված

Փետրվարի 6: Նոթեր այն մասին, թե ինչ էի անում այն երկրաշարժի ժամանակ, որը համարյա ոչ մեկը չէր նկատել

-Լիլիթ, ո՞նց ես: Մի քանի րոպե առաջ երկրաշարժ էր,- ասաց հայրիկը հեռախոսով:

-Լու՞րջ, չեմ զգացել,- զարմացա ես ու սկսեցի հիշել, թե ինչ էի անում այդ ժամանակ:

Ընկերուհուս տանն էի: Բազմոցին նստած զրուցում էի նրա մայրիկի հետ: Մի քանի րոպե առաջ ընկերուհուս սենյակում էի: Ոչ մի տարօրինակ բան չէի զգացել, բացի ինչ-որ ձայնից, որը, ինձ թվացել էր, որ վերևի հարևանների բնակարանից է գալիս:

-Մի քիչ առաջ երկրաշարժ զգացի՞ր,- հարցրի ես ընկերուհուս, երբ վերադարձավ իր սենյակից:

-Չէ: Երկրաշա՞րժ ա էղել:

Երբ վերադարձա տուն, սեղանին դրած արդեն իսկ ոչ ստաբիլ գրքերը շուռ էին եկել, իսկ ֆրանսերենիս տետրի կազմը պոկվել էր:

Փետրվարի 13: Նոթեր այն մասին, թե ինչ էի անում այն երկրաշարժի ժամանակ, որը զգացել էին անգամ այն մարդիկ, ովքեր կյանքում երբեք երկրաշարժ չեն զգացել 

-Նանուլ, էսօր քանի՞ հոգի ա գալու:

-4 հոգու եմ կանչել: Խաղեր կխաղանք, պիցցա կպատվիրենք, կխոսանք,- պատասխանեց քույրս (հորեղբորս աղջիկը):

-Հավես ա,- ասացի ես:

Ժամը երկուսն էր: Մինչև փարթին դեռ երկու ժամ կար: Զբոսնեցինք, գնացինք խանութ:

-Արդեն ժամը երեքն ա:

-Պետք ա մի քիչ շուտ կանչեի,- ասաց Նանեն:

Քանի որ ոչինչ չկար անելու, որոշեցինք կարաոկե կազմակերպել: Կարաոկեն միշտ էլ լավ միտք է, մանավանդ, որ երկուսս էլ երգել չգիտենք ու մի ժամ անց փարթի ենք անելու:

-Էլ ի՞նչ կարելի ա երգել:

-Հեսա ասեմ: Սպասի: Չասես: “When I’m 64”ը,- ասացի ես՝ հաստատ իմանալով, որ քույրս հենց դա էր ուզում առաջարկել (դե, այդ երգն էլ ունի իր պատմությունը):

-Հենց էդ էլ ուզում էի ասել,- ասաց քույրս:

«Թխի թող գա արեցինք» ու սկսեցինք բաղաձայնել:

-Էս ի՞նչ էր,- հարցրեց քույրս՝ զարմացած դեմքով:

Հետո, ինչպես հիմնականում սարսափ ֆիլմերում է լինում, այդ խոսքերից հետո նայեցինք իրար:

-Ի՞նչ ա,- հարցրի ես:

Բնականաբար, ինչպես կինոների սցենարներում, ցնցումը կրկնվեց: Բայց այս անգամ ցնցումն այնքան ուժեղ էր, որ մի պահ թվաց, որ գլուխս պտտվում է: Ֆիլմերի՝ երկրաշարժի ժամանակ շարժվող կառույցի տեսարանը բավականին մոտ է իրականությանը:

Մինչ փորձում էի ընդունել ու ընկալել, թե ինչ է տեղի ունենում, քույրս գոռաց.

-Դուրս: Դուրս ենք գալիս:

-Թռանք,- կրկնեցի ես՝ շատ լավ հասկանալով, որ ոչ մի նորմալ մարդ վեցերորդ հարկից չի իջնի երկրաշարժի ժամանակ:

Ենթագիտակցաբար ես զգում էի, որ այդ ուժեղ ցնցումը այսօր միակն էր: Կամ էլ ուղղակի չէի ուզում մտածել ուրիշ բանի մասին: Երևի քրոջս հայացքն էր, որ ստիպեց ինձ այդ քայլին գնալ:

Արդեն լավ չեմ հիշում այդ զգացողությունը: Վախի նման մի բան, որը տևեց ընդամենը մի ակնթարթ: Հասկացա, որ վախը չի փրկի, վերցրի քրոջս ձեռքը և վազեցի: Ոչ մի բանի մասին չէի մտածում, ուղղակի վազում էի այնքան արագ, որ ֆիզկուլտուրայի նորմատիվների ժամանակ ուսուցիչս կհպարտանար ինձնով:

Բակում արդեն մարդիկ կային:

-Ցուրտ ա,- ասացի ես, չնայած, ի տարբերություն քրոջս, վերցրել էի վերարկուս:

Բակի բնակիչները կանգնել էին ուղիղ շենքի տակ: Երևի էդպես ավելի ապահով էին զգում կամ էլ իրենց շենքը այնքան էին սիրում, որ չէին ուզում հրաժեշտ տալ:

-Սոված եմ: Կարո՞ղ ա արդեն մտնենք ներս: Իմաստ չկա ուղիղ շենքի տակ կանգնել,- սկսեցի բողոքել, երբ արդեն աննպատակ ման գալուց հետո կանգնել էինք շենքի տակ:

Ժամը հինգն էր: Փարթիին մի հոգի եկավ: Հա, ինքը երևի միակ մարդն էր, որ կյանքում երբեք երկրաշարժ չի զգացել:

Մարտի 11: Նոթեր այն մասին, թե ինչ դետեկտիվ պատմության մեջ ընկա, մինչև համալսարան հասնելը

-Վարորդ, մի հատ կանգնեք, էլի,- ասաց կանգնած ուղևորներից մեկը:

Այդ կնոջ ձայնի մեջ անհանգստության տոն զգացի, չնայած ականջներումս լսվող հարդ ռոքին ու պատուհանից երևացող անձրևին: Տնից մի քիչ շուտ էի դուրս եկել, որ չուշանայի դասերից:

-Ի՞նչ ա էղել,- ասաց մի քանի մարդ միաժամանակ:

-Պայուսակիս ցեպը բաց էր: Դրամապանակս չկա: Խնդրում եմ՝ անկեղծ ասեք, թե ով ա վերցրել, հետ վերադարձրեք:

Նստած էի պատուհանի մոտ՝ առաջին շարքում: Հայացքս թեքեցի աջ: Գողը մեծ հավանականությամբ տղամարդ է: Կնոջ մոտակայքում երկու տղամարդ էին կանգնած: Նրանք միանգամից դարձան իմ երկու կասկածյալները, եթե իհարկե միասին չեն աշխատում:

-Հետ տվեք դրամապանակս: Մինչև չվերադարձնեք, չենք շարժվի,- շարունակեց կինը:

-Ե՞ս… Ես ինչի՞ պետք ա գողացած լինեի: Ես բան չեմ արել… Ձեր պայուսակը բաց էր: Ձե՞ռ եք առնում,- ասաց կասկածյալ համար 1-ը, որն ավելի մոտ էր կանգնած կնոջը՝ նյարդային շարժումներ անելով և կակազելով:

-Բայց ինչի՞ եք դուք ինչ-որ մեկին անհիմն մեղադրում,- հանկարծ սկսեց խոսել մի կին ուղևոր,-ձեր պայուսակը բաց էր: Կարող ա դրամապանակը տանն եք մոռացել:

8:35: Եթե մոտ հինգ րոպե էլ կանգնած մնանք, հնարավոր է՝ ուշանամ:

Բոլորի ուշադրությունը կնոջ վրա էր: Բոլորն էլ գնում էին աշխատանքի կամ դասի: Երկրորդ կասկածյալի շուրթերին հայտնվեց թեթև ժպիտ: Մի ակնթարթ, որը կարող էին նկատել միայն նրա կողքին կանգնած աղջիկը և առաջին շարքում նստածները: Անգամ «Մահվան տետրի» Լայթը հինգ տարի զսպել էր իր ժպիտը, մինչև բացահայտվելն ու վերջնականապես խելագարվելու պատճառով թեթև քմծիծաղը շնչահեղձ լինելու աստիճան ծիծաղի վերածելը:

-Հլը երկա՞ր եք դրամապանակը ման գալու,- հարցրեց վարորդը:

Այն վարկածը, որ կինը հնարավոր է դրամապանակը տանն է մոռացել, դարձավ գրեթե ճշմարտություն բոլորի համար:

Վարորդն այլևս չէր կարող սպասել: Շարունակեց ճանապարհը:

-Մի հատ զանգեք, ճշտեք, հնարավոր ա տանն եք թողել ու անիմաստ կասկածում եք:

Մի քանի վայրկյան անց կասկածյալ համար 2-ը իջավ առաջին իսկ կանգառում, իսկ կասկածյալ համար մեկը տեղափոխվեց վարորդի կողքին՝ դռան մոտ:

Ժամանակին հասա համալսարան:

Vardik Barxudaryan

Հրաժեշտ

Ես գիտեմ, գիտեմ, որ ամեն ինչ շուտով կավարտվի։ Գիտեմ, որ ամեն լավ բան էլ ավարտ է ունենում։ Գիտեմ ու իմացել եմ հենց ամենասկզբից։ Հեքիաթի վերջում միշտ չէ, որ բարին է հաղթում, այդ մեզ համար են միայն բարու հաղթանակով վերջացող հեքիաթներ պատմել։ Իսկ կյանքը չար հեքիաթ է ու պիտի զգույշ քայլես, զգույշ խոսես ու զգույշ ապրես…

Ես գիտեմ, որ հաճախ ներսում ունեցած ցավը խանգարում է շնչել քեզ ու կարծես խեղդվում ես, բայց հավատա, մի օր, երբ դադարես անքուն մնալ ու աստղերին պատմել քո հույզերը, նրանք էլ կդադարեն գաղտնիքներն այդ բոլոր պատմելուց։ Թե լույս աշխարհ ես եկել, պիտի պայքարես։ Կարևոր չէ` ավետիս էր քո ծնունդը, թե բոթ, կյանքը ապրելու համար է։ Թե պիտի ապրես, ուրեմն պիտի դիմագրավելու ուժ ունենաս քո մեջ։

Դու սովորեցրիր սիրել մենությունը, ես շնորհակալ եմ…
Ես պատրաստ էի առագաստները բոլոր կանգուն պահել քամուց, իսկ դու անընդհատ քամի էիր բերում։ Ես չեմ կարող դիմանալ բոլոր այդ քամիներին, ա՜խր, քամիներ շատ են եղել իմ կյանքում։ Հավատա, մարդիկ հաճախ իսկապես «պատահաբար են հանդիպում կյանքում, անհրաժեշտաբար` հրաժեշտ տալիս»։ Խնդրում եմ, արի սրտաճմլիկ խոսքեր չասենք իրար, միևնույն է, ամեն ինչ քիչ-քիչ անցյալ է դառնում։ Արի պարզապես հրաժեշտ տանք իրար առանց վերջին անգամ հանդիպելու, որովհետև ինձնից լավ գիտես, որ եթե գրկենք իրար հրաժեշտի համար, ապա ավելի դժվար կլինի։ Արի թողնենք մեր հուշերն այնտեղ, որտեղ մի օր սկսվեց մեր պատմությունը։ Բոլոր լավ պատմությունները դատապարտված են գաղտնի մնալու, ու մենք էլ այդ անբախտների շարքից էինք։

Մենք զոհ դարձանք կյանքի կռվում, որտեղ շատ էին չար մարդիկ, ովքեր դարձան պատճառն այս տխրության։ Լուսնին նայիր… Միայնակ է, բայց չի տխրում ու ամեն օր փոխվում է։ Մի օր ամբողջովին կտեսնես նրան, մի օր` կիսատ, իսկ մի օր էլ նա թաքնվում է ամպերի ետևում (տեսնե`ս ումի՞ց է թաքնվում)։ Գուցե մեզ էլ հաջողվի միայնակ լինել ու դիմագրավել այս ցավին բոլոր կողմերից։ Արի հենց այդտեղ հրաժեշտ տանք իրար: Ես կայրեմ այն օրագիրը, որի մեջ մի օր սկսեցի գրել մեր մասին։ Ամեն անգամ բացում եմ, կարդում, ու հանկարծ մի թերթիկ է ընկնում ցած, այն վարդի թերթիկը… Դու գիտես` դա ինչ է։ Ես խնդրում եմ, արի ձևացնենք շատերի նման, որ անծանոթ ենք, այս դարում դա հեշտ է ստացվում։ Ես քեզ երջանկություն եմ մաղթում, թող քո սրտից ջնջվի այն անունը, որը մի օր ինքդ որոշեցիր դաջել այնտեղ։

Հ.Գ. Եվ, ի դեպ, սիրող մարդը ժամանակ միշտ էլ գտնում է սիրելիի համար, հիշիր ինձ` ես միշտ ժամանակ ունեցա քեզ համար…

seyran soghoyan

Երեք բառ

Երեք բառ, որ ստիպեցին ինձ շարունակել պայքարել հանուն ապրելու, հանուն քրոջս, եղբորս, ծնողներիս ժպիտը տեսնելու։

Հիմա մարդիկ կան՝ շարունակում են ապրել սեփական նստատեղը պահելու համար, մարդիկ կան՝ ապրում են ճանապարհներ փակելու համար, մարդիկ կան՝ ապրում են աթոռ ու սեղան ջարդելու համար, մարդիկ կան՝ ապրում են թվաքանակ ապահովելու համար, մարդիկ կան՝ ապրում են քննադատելու ու նվաստացնելու համար, մարդիկ կան՝ ապրում են ծափ տալու, գոռալու, սուլելու համար։ Ապրում են, էլի, ի՞նչ ասեմ: Մինչդեռ քանիսը կուզեին ապրել` իրենց մորը, քրոջը, ընկերուհուն, ուսուցչուհուն, սիրած մարդուն գոնե ապրեցնող ժպիտ պարգևելու համար, երկար ու կարճ բարեմաղթանքներ ասելու համար, նպատակներին հասնելու ու արարելու համար, ապրելու համար…

Երբ վերակենդանացման բաժանմունքում էի, մայրս մոտեցավ ինձ, համբուրեց ճակատս, ժպտաց ու անվերջ նայում էր ինձ, երբ ես ասացի մորս, որ ոտքերս չեմ զգում՝ չիմանալով, որ մայրս չգիտի։ Մայրս զսպեց իրեն, որ ես վատ չզգամ ու ասաց.

-Ոչինչ: Կզգանք: Չմտածես…

marine ghahramanyan

ԽՈՆԱՐՀՎԱԾ ԳԱՐՈՒՆԸ

Ու՞ր գնացին ծաղիկները,

Սուս քնած են հողի տակ։

Գարնան առաջին օրերն են։ Լուսամուտից այն կողմ մեղմ ժպտում է արևը, ծլվլում  են ծիտիկները։ Կարծես ինչ-որ բան դուրս է կանչում։ Քայլում եմ «խռոված» փողոցներով, ինչքան լայն ժպիտներ և թախծոտ, ցավով լցված, անփայլ աչքեր։ Իբրև գարուն է, բայց մի՞թե գարունը այսքան տխուր է լինում։ Արևն էլ կարծես նեղացած է, չի ժպտում, չի ջերմացնում այնպես, ինչպես առաջ էր։ Գիտե՞ք ինչից է, որովհետև երկրիս արևի փոխարեն Տղերքն են, երկրիս երկինքը Զինվորներով է լցված։ Իսկ գիտե՞ք, թե ինչի են նեղացած, որովհետև մեր հոգու գարունն է պակասում։

Զգացել ե՞ք, երբ մի լավ գործ ենք անում, սիրում հարգում միմյանց, լավ խոսքեր ասում, անգամ ձյան միջից ժպտում են մեզ արևները, երկինքն էլ ավելի է պայծառանում։ Շատ սեր ունեցեք ձեր սրտում, ժպտացեք միմյանց, ձեր օրը լցրեք միմիայն դրականով, մի կորցրեք ձեր հոգու գարունը։ Մի բուռ սեր, ժպիտներն էլ դեպ երկինք՝ Տղերքին ուղարկեք, թող նրանք էլ զգան և վայելեն գարնան առաջին օրը: Չէ՞ որ նրանք մեզ անվերջ գարուններ նվիրեցին, իսկ մենք իրենց հավերժություն ենք պարտք։ Թող միշտ գարուն լինի բոլորիս հոգիներում ու սրտերում։ Թող գարունը իր թարմ շնչով և իր գեղեցկությամբ ուրախություն պարգևի բոլորիս։

Եթե մի օր…

Եթե մի օր օդդ չհերիքի

Ու կյանքը դադարի քեզ քնքշորեն ժպտալ,

Եթե մի օր` չգիտեմ երբ,

Զգաս, որ քեզ կարոտող էլ չկա,

Եթե մրսես ամռան շոգին քեզ շրջապատող մարդկանց մեջ,

Եթե ջերմես ու չգտնես թրջոցը հոգատարությամբ դնող մի անուշ աղջկա,

Եթե օրերդ անցնեն,

Եթե կյանքը անցնի,

Բայց լինես դու մոռացված,

Եթե մի օր անցնես նաև դու,

Եթե շիրմաքարիդ վրայից անունդ ջնջվի

Ու մոռացվես անգամ ժամանակի կողմից,

Կհիշեմ ես քեզ:

Ու թե անգամ ծերունական թուլամտությունից միտքս մթագնի,

Դեմքերը ջնջվեն

Կառկայծի մի պահ դեմքը հուշերի միջից

Ծեր պառավին ժպտացող ջահել տղայի…

****

Թե գիշերը քունդ չտանի, կարդա այն նամակները,

Որ գրեցի ու այդպես էլ քեզ չուղարկեցի

(Որ գրեցիր ու այդպես էլ ինձ չուղարկեցիր)

Թե գիշերը քունդ չտանի, նայիր այն նկարներին,

Որ այդպես էլ մենք չունեցանք

Թե գիշերը քունդ չտանի, զանգիր այն համարին,

Որ այպես էլ անգիր չիմացար:

Թե գիշերը քունդ չտանի, գրկիր այն փափուկ բարձը,

Որ այդպես էլ մենք չկիսեցինք,

Իսկ թե գիշերը քունդ տանի`

Երազիր այն տան մասին,

Որ գուցե այսօր մերը լիներ…

janna sargsyan lori

Դիմանկարի փորձ

Իմ գլխում, ինչպես պայուսակումս, անվերջ խառնաշփոթ է։
Առօրյա գործերն ու մտքերը, փոքր դարակում մի կերպ են տեղավորվում, ու պայուսակս դուրս են նետում իրենց շարքերից։
Էն պայուսակը, որում կարմիր շրթներկ կա, ու որը երբեք չեմ օգտագործել։

Հասարակ լինելուս հետ սկսկել եմ համակերպվել, դե հասկացել եմ, որ խանութի ցուցափեղկի գեղեցիկ բարձրակրունկները փոքրամարմին աղջկա համար չեն ստեղծվել, ու դրանց վրա մեկ րոպե կանգնելն ինձ համար տանջանք է, որ գրողի տարած վզնոցն ու մյուս զարդերը, ինձ համար ոչ թե գեղեցկությունը ընդգծելու դետալներ են, այլ ավելորդ իր, որ միշտ դարակիս վերջում են նետվում ու էդպես էլ չօգտագործված մնում։

Որ նույն շպարի միջոցները, երբեմն իրարից չեմ տարբերում, ամեն անգամ շրջապատիս «բա ինչի՞ չես շպարվում, արդեն մեծ ես, պիտի քեզ նայես» արտահայտությունը եթե մի ժամանակ անսովոր էր, հիմա արդեն սովորել եմ, անգամ չեմ էլ պատասխանում, անկեղծ, հոգնել եմ։
Ժամանակի ընթացքում սկսել եմ ինձ սիրել, քիչ-քիչ սկսում եմ հաղթահարել արտաքինիս հետ կապված բարդույթները։

Նկարներս առանց գունային փոփոխությունների ենթարկելու եմ հրապարակում,  գերհոգնած ու կիսափակ աչքերս սկսում են ինձ դուր գալ, ու միայն, նույն կիսափակ աչքերով, ուրիշների աչքերի մեջ նայելը մնում է անլուծելի խնդիր, երևի ժամանակի ընթացքում դա էլ կհաղթահարեմ։

Ես էս տեսակն եմ, ու անկեղծ, դա ինձ դուր է գալիս։
Ես չեմ փոխվել, ու չեմ փոխվելու, հանուն ինչ-որ մեկի, կամ ինչ-որ բանի։

Սիրեք ձեզ էնպիսին, ոնց կաք, թերությունները երբեմն առավելություն դարձրեք, և մի փորձեք նմանվել այլոց, հասարակությանը դուր գալու համար։

Իսկ կարմիր շրթներկը երևի մի օր կօգտագործեմ։