Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

Sose Martirosyan

Մի բաժակ թեյ բաժանման համով

Իսկ դուք փորձե՞լ եք թեյել օդանավակայանում: Այո՞: Ուրեմն կհասկանաք ինձ:
Աշուն էր՝ մռայլ, անձրևոտ եղանակ: Օդում տխրություն կար, բայց ոչ եղանակի պատճառով։
Քույրս ծնվածս օրվանից եղել է կողքիս: Մարդ, ով գրկել է ինձ, երբ լալիս էի, քնեցրել գրկի մեջ, տաքացրել, երբ մրսել եմ, վախեցրել հեռուստացույցի վահանակը թռցնելու համար, նետել ինձ ջրով լի դույլի մեջ, սիրել, ջղայնացել, ապրել ինձ հետ տարիներ շարունակ, գնում էր երկրից: Դա էլ հերիք չէ, հետը տանում էր որդուն` Հայկին: Իսկ ի՞նչ էր ինձ մնում անելու: Երևի միայն համակերպվել: Բայց ինչպե՞ս, երբ կյանքիդ ամենահարազատ մարդուն պետք է այլևս էկրանի մյուս կողմից տեսնել, իսկ երբ կապը վատ է, նույնիսկ չտեսնել: Սովորել գրկել միլիոնավոր մղոններից, օդային համբույրներ ուղարկել, ժպտալ մեկ ժամ շարունակ նրա հետ խոսելիս, հետո անջատել հեռախոսը և լացել կարոտից: «Ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի», – ասում են բոլորը: Ժամանակը երբեք չի բուժում կարոտը: Երբե՛ք:

…Օդնավակայանում էինք: Մի մեծ շինություն, որտեղ ճակատագրեր են որոշվում։ Ոմանք բաժանվում են, ոմանք` միանում: Ու հարց ես տալիս ինքդ քեզ.

-Ինչո՞ւ են ստեղծվել սահմանները…

Այնտեղ եմ բոլորի հետ, բայց բոլորից առանձին: Սիրտս զգում է մոտալուտ բաժանում, բայց ուղեղս հանգստացնում է` դեռ ժամանակ կա, կհասցնես: Բայց ոչ, մոտենում է բաժանման պահը: Ահա, բոլորը սկսեցին գրկել մեկնողներին. հիմա իմ հերթն է գալիս: Ինչպե՜ս պետք է գրկեմ, որ լրացնեմ բոլոր բացակա օրերը: Ու եկավ այդ պահը: Գրկում եմ: Չեմ էլ զգում՝ այնքան ուժեղ եմ գրկում, որ մկաններս բռնվում են: Ու այլևս չեմ մտածում ոչնչի մասին, որովհետև արցունքներս իրենք իրենց հոսում են ու ասում բոլոր բառերն իմ փոխարեն: Շնչում ես հարազատիդ օծանելիքի հոտը ու պահում հիշողությանդ մեջ: Անթարթ նայում ես նրանց, որ մտովի հիշես իրենց հետ անցկացրած թերևս վերջին պահերը:
Բացվում են ընդունարանի դռները: Գնում են: Իսկ ես նայում եմ ծնողներիս ու հույս տալիս.

-Այ կտեսնե՛ք, շուտով կգան, շատ շուտով: Պետք է ուղղակի սպասել։

Այդ պահին օդանավակայանի թեյարանը միակ փրկությունն էր…

Elen Hakobyan Ararat

Հանկարծ շրջվեցի

Քննությունների թոհուբոհի մեջ հաճախ շատ բաներ ենք անտեսում ու մոռանում։ Մոռանում ենք ուշադրություն դարձնել նրանց, ովքեր անհանգստանում են մեզ համար, մոռանում ենք մեզ շրջապատող մանրուքների կարևորությունն ու անգամ մեզ ենք մոռանում։ Դադարում ենք մտածել, թե ինչ նախասիրություններ ունենք, ինչ ժանրի ֆիլմ կդիտեինք կիրակի երեկոյան և թե որտեղ կզբոսնեինք ուրբաթ օրը դասերից հետո։

Մի օր հայոց լեզվի ուսուցչուհիս երկար նայեց մեզ ու ասաց.

-Ի՞նչ եք դարձել, մոռացել եք ձեզ,- ու հառաչելով ավելացրեց,- կրթական համակարգը փչացնում է իմ երեխաներին, ձեր աչքերի փայլը կորել է։

Ինչևէ, ճանապարհը ինքս եմ ընտրել և բոլորովին չեմ բողոքում, բայց և այնպես ցանկացա մի բան պատմել իմ զբաղված առօրյայից։

Օրվա դասին էի շտապում՝ հաջորդ օրվա դասերի մասին մտածելով, եթե մի փոքր էլ շտապեի, քայլերս վազքի կվերածվեին, ու Նեմրա էի լսում (այդ այլընտրանքային ռոք խմբի երգերը իմ այլընտրանքային կյանքի համար են)։ Երգը վերջացավ, ու մի քանի վայրկյանից պիտի նորը սկսվեր, բայց հաջորդ երգին անցնելու այդ դադարը փոխեց իմ այդ օրվա և գալիք օրերի մասին ակնկալիքները։ Մի նվաղած ձայն լսեցի, բայց չկարծեցի, որ ինձ է ուղված, շարունակեցի քայլերս, բայց ավելի դանդաղ ընթացքով, երգի ձայնն անջատեցի և լարեցի լսողությունս, և այո, չէի սխալվում, ինձ էր կանչում մի անծանոթ։ Շրջվեցի, մի ծեր մարդ էր, մի քանի անգամ ձայն էր տվել, բայց չէի լսել, ներողություն խնդրեցի, պատճառաբանեցի, որ երգիս ձայնը բարձր էր ու հարցրի՝ ինչով օգնեմ։ Հառաչեց, նստեց մոտակա քարին, ինձ էլ կանչեց իր մոտ։ Չնայած, որ ուշանալու էի, բայց գնացի պապի հետ։ Նայեց ինձ, նայեց հեռախոսիս, հետո՝ գրքերիս ու ասաց.

-Աղջիկ ջան, սովորում ես՝ լավ ես անում, արևդ ապրի, բայց կբացատրե՞ս՝ ինչի ես դասի գնում աչքերդ ու ականջներդ փակ, զգայարաններդ անջատած ու անտարբեր մարդկանց նկատմամբ։

Երբ փորձեցի բացատրել պապին, որ ուղղակի երգ էի լսում լիցքաթափվելու համար, նա ինձ ընդհատեց ու շարունակեց.

-Ականջներդ փակ քայլում ես ու չես էլ զգում, որ մեկը բղավում ա, որ շրջվես օգնես, վա՞տ կլինի, ասա՛, վա՞տ կլինի։ Ինչի՞ են հիմա ջահելները էսքան անտարբեր, ինչի՞ են էսքան էգոիստ։ Չէ, բալես, դու մեղավոր չես, բոլորն են տենց, բոլորն անխտիր կույր են, խուլ են, համր են ու զոմբի են դարձել։

Պապը լացեց, ես էլ ամոթից չգիտեի՝ ինչ անել, զգացվեց, որ պապի սիրտը ուղղակի լցված էր, ու ոչ թե բարկացավ իմ ականջակալներից, այլ ուղղակի էդ պահին ես դարձա իր համբերության բաժակի էն վերջին կաթիլը։ Միակ բանը, որ կարողացա ասել, ներողությունն էր ու գրեթե ծնկած՝ պապին խոսք տվեցի, որ էլ երբեք անտարբեր չեմ լինի, զգոն կքայլեմ, որ ամեն քայլիս իմ կարիքը ունեցողին օգնեմ։

-Գնա, բալես, ինձ բան պետք չի, գնա հանգիստ երգդ լսելով, Աստված քեզ հետ։ Ապրի, բալես, հասցրու ապրել, էդ զիբիլից դուրս շատ սիրուն աշխարհ կա (հայացքով ցույց տվեց հեռախոսս)։ Կողքերդ նայելով քայլի, որ մեկին պետք գաս՝ միանգամից ձեռք մեկնես, անտարբերությունը սարսափելի բան ա, բալես։ Կյանքը շատ դառն ա, օձի լեղի ա, եթե մարդու լավ գործը չլինի, կյանքը կյանք չի (զգացի, որ շատ սիրուն գործից մի հատված ցիտեց)։
Պապին գնաց, ես մնացի տեղում։ Ուշացա պարապմունքից, բայց մի բան հասկացա ու հասկացա ամբողջ կյանքիս համար։

Հ.Գ․ Երբ դուրս գաս փողոց քո սովորական ճամփով քայլելու, ուշադիր եղիր, որ նրան, ով ունի քո կարիքը, օգնես։ Անտարբերությունը շա՜տ սիրուն բաներ սպանելու տարօրինակ ու զարմանալի ուժ ունի։ Տարբեր հոգսերով ու տառապանքներով շտապ-շտապ քայլող մարդկանց մտահոգ դեմքին ժպիտ նվիրողներից մեկը եղեք։

nane exiazaryan

Կեղծ լուրերի և խոսքի ազատության սահմանը

Մի պահ է գալիս, երբ հոգնում ես դասերից ու փորձում ես ցրվել, բայց քանի որ նայել ես քեզ հետաքրքրող բոլոր ֆիլմերը, ընկերներդ ամեն մեկն իր գործով է, հերթը հասնում է սոցիալական ցանցերին, կամ էլ միանգամից է հասնում:

Մտնում ես, օրինակ, Facebook ու փորձում ես դրական էմոցիաներ ստանալ հոգնած օրվանից հետո:

Ըհըն, արդեն նշանվել են, էս մեկը բալիկ է ունեցել, էն մեկը նոր բանաստեղծություն է նորից գրել ու նորից տակը «լայք» ես դնում, կամ «սրտիկում» ես: Մնացած էմոջիներն էլ ես օգտագործում: Մի պահ պանիկայի մեջ ես ընկնում. ո՞նց թե, ես իր նկարը «սրտիկեցի», արագ փոխեմ էմոջին, կամ էլ հակառակը. Վայ, ինքը իմ նկարը «սրտիկել ա: Ու գնաց. վերջ, արդեն մտքում իր հետ ամուսնանալուց հետո բաժանվում է այդ խեղճ, կարելի է ասել, այդ պահին արդեն սոցցանցի գերի դարձած օգտատերը: Նույնիսկ, եթե այդ նկարը, կամ արած գրառումը արժանի էր այն արձագանքին (էմոջիին), որ ստացել էր, մեկ է, չի կարելի «անիմաստ» սրտիկել, վատ բան կստացվի, վայ:

Լավ, վերջապես շատերը օգտագործում են սոցցանցերը` ինֆորմացիա ստանալու համար, կապ չունի` ինչ-որ անհատի, թե երկրի մասին: Այսօր այնքան շատ են կեղծ տեղեկատվություն հաղորդող էջերը, որ երբ ինչ-որ մեկից լսում ես. «Էս մի կայքը ստուգում, նոր է ինֆորմացիան տեղադրում» արտահայտությունը, մեկ է, չես կարողանում մինչև վերջ հավատալ այդ կայքի տված ինֆորմացիային: Մեր հայաստանյան մամուլը հասել է այն վիճակին, երբ նույնիսկ մարդու մահվան լուր ես կարդում, մինչև նկարներ տեսնելը, կարելի է ասել, չես հավատում (չնայած դա էլ հիմա շատ հեշտությամբ կարելի է կեղծել):

Երբ ասում են` խոսքի ազատություն, կամ նման ինչ-որ արտահայտություններ են մեջբերում ինչ-որ տեղ, հասկանում ես, որ շատ հաճախ հենց մեջբերողն էլ այդ ազատությունները չարաշահում է, բայց դե իհարկե, ինքը իր թերությունները ու սխալները ինչո՞ւ պիտի ընդունի, որ…

Լավ, ինչ-որ տեղից գտնում ես ինֆորմացիա, որը մոտ է իրականությանը, շատ հազվադեպ, հենց իրականութունն է, և դրա մասին սկսվում են տարբեր գրառումներ կատարել տարբեր ոլորտներից մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր մեկ րոպե առաջ գաղափար էլ չունեին այն նյութի մասին, որի մասին այդ պահին կարող են դոկտորական պաշտպանել: Հետո, ինչպես միշտ, հասնում է այն պահը, երբ բանիմաց մեկը մեկնաբանություններում փորձում է բացատրել իրավիճակը, բայց քանի որ ոչ մեկին չէր հետաքրքրում, թե տվյալ ոլորտի մասնագետները ինչ կարծիքի են, սկսում են նույնիսկ անձնական վիրավորանքեր հասցնել տվյալ մարդկանց` իրենց կարծիքը չկիսելու (սխալ կարծիք ունենալու) համար, որոնցից շատերն էլ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար, այլևս չեն էլ արձագանքում իրենց ոլորտին վերաբերվող նյութերին: Եվ այսպես, ավելանում է մեր շատ սիրելի «կեղծ» ինֆորմացիան:

Մամուլը շատ կարևոր դեր է խաղում մարդկանց կյանքում, ու ես վստահ եմ, որ գրագետ մատուցված ինֆորմացիան կարող է դառնալ հիմք` ավելի քաղաքակիրթ հասարակության համար:

Գրում էի դրական էմոցիաներ ստանալու մասին, բայց հաստատ այս ամենը տեսնելուց հետո ոչ մի սոցկայքի օգտատեր դրական էմոցիաներ չի ստանա:

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Կյանքի մեկ րոպե. Անմահները

-Ափսոս, որ չեք կարող ծանոթանալ իմ ընկերոջ հետ: Հոյակապ տղա էր, բոլորը նրան շատ սիրում էին: Գիտե՞ք, այդպիսի մարդիկ կան, որ թշնամիներ չեն ունենում: Այսինքն` ոչ թե չեն ունենում, որովհետև խեղճ են, կամ ոչ մեկի չեն հետաքրքրում, այլ ուղղակի բոլորը նրանց հավանում են և ուզում են այդպիսի ընկեր ունենալ: Նա էլ հենց այդպիսի մարդկանցից էր. բոլորի հետ կարող էր ընդհանուր լեզու գտնել:

Եթե ես ինչ-որ դժվար իրավիճակում էի հայտնվում, կամ ուղղակի ուզում էի ինչ-որ մի բանով մեկի հետ կիսվել, միշտ նրա հետ էի զրուցում: Դե, գիտեք էլի, բաներ կան, որ ծնողներին չես պատմի: Այսինքն` հիմնականում ծնողներին աշխատում ես ոչինչ էլ չպատմել, ճիշտ չե՞մ ասում: Այդ դեպքերում գնում էի ընկերոջս մոտ: Նա շատ յուրահատուկ բնավորություն ուներ. նույնիսկ եթե ինչ-որ բան լավ չէր հասկանում, միևնույն է, կարողանում էր շատ օգտակար խորհուրդ տալ, կամ այնպես ոգևորել, որ հասկանում էիր` քեզ տանջող խնդիրը դատարկ բան է:

Հետո` խաղերից էր շատ լավ գլուխ հանում: Համակարգչային խաղերից նկատի ունեմ: Մեր քաղաքում դա միակ հետաքրքիր զբաղմունքն է, ուրիշ անելու շատ բան չունենք: Միասին ժամերով կարող էինք խաղալ, նա համարյա միշտ հաղթում էր: Եթե ինչ-որ դժվար մակարդակի էի հասնում ու չէի կարողանում խաղալ, միշտ նրան էի կանչում օգնության: Որ հարցնում էի` ինչպես ես այդքան լավ խաղում, որ մեզ չեն սպանում, միշտ ասում էր` որովհետև մենք անմահ ենք:

Ես նրա գերեզմանին հաճախ եմ այցելում: Նայեք, փոշին նոր է մաքրած: Երևի իր մայրն է եկել առավոտյան: Նա ամեն օր գալիս է այստեղ, ես աշխատում եմ ուշ ժամերի գալ: Ամաչում եմ նրանից, որ տեսնում եմ` չգիտեմ, թե ինչ ասեմ:

Երբ կռիվները սկսվեցին, ես վստահ էի, որ մեզ հետ ոչինչ չի լինի: Վստահ էի, որովհետև դրանք մեր հարևաններն էին: Պատկերացրեք` ձեր կողքի տանն ապրող մարդիկ մի օր գան ու հարձակվեն ձեզ վրա: Հիշում եմ` քեռիս եկել` համոզում էր, որ փախնենք: Փախեք այստեղից, փախեք, ասում էր: Բայց չփախանք: Ընկերոջս ընտանիքն էլ չփախավ: Ո՞ւր փախնեինք, ամբողջ կյանքում այստեղ ենք ապրել:

Սկզբում շատ էի ուզում վրեժ լուծել: Ուղղակի մեռնում էի, ուրիշ բանի մասին չէի կարող մտածել: Գիտեի, որ ինձ էլ կսպանեն, բայց դա ինձ շատ չէր հետաքրքրում: Բայց հետո հասկացա, որ այդ ամեն ինչը հիմարություն է:

Ի՞նչ ծաղիկներ: Մենք ծաղիկներ չենք դնում գերեզմանին: Դուք քրիստոնյա՞ եք: Տեսնո՞ւմ եք, այդ պատճառով էլ չգիտեք: Մահմեդականները գերեզմաններին ոչինչ չեն դնում: Նայեք շուրջը, գերեզմաններից ոչ մեկի վրա ծաղիկ չկա: Մեր շիրմաքարերին նկարներ էլ չկան: Միայն անունն է գրած, ու վերջ: Մարդիկ գալիս են այստեղ, աղոթում ու գնում են: Մենք մարդկանց մեր մտքում ենք պահում, ոչ թե նկարներում ու ծաղիկներում: Միայն սա եմ բերել ծրարով` մեր սիրած խաղն էր: Բայց շիրմաքարի վրա չեմ դնի, այս քարին կդնեմ: Մտածեցի` բերեմ, թողնեմ իր մոտ: Չգիտեմ` ինչի համար, ուղղակի, էլի: Ես մի հատ էլ ունեմ, թող այս մեկն էլ այստեղ մնա: Բացի այդ` ես ուզում եմ գնալ Ամերիկա` սովորելու, իսկ այնտեղ խաղեր շատ կլինեն: Ամերիկայում եղե՞լ եք: Իսկ ես մեր քաղաքից բացի ուրիշ տեղ դեռ չեմ եղել: Բայց անպայման կգնամ սովորելու, եղբայրս խոստացել է, որ կօգնի: Սցենարիստ պետք է դառնամ: Ու կդառնամ, դա դժվար չէ, ես արդեն մի քանի սցենար ունեմ գրած: Կսովորեմ ու կդառնամ հայտնի սցենարիստ, Հոլիվուդում կաշխատեմ: Դա խաղի պես է` անընդհատ փորձում ես, մինչև ստացվի, ու կարևոր չէ, թե քանի անգամ քեզ կսպանեն, չէ՞: Որովհետև մենք անմահ ենք:

 

Խոջիագբար, 17 տարեկան: Ղրղզստանի Օշ քաղաքում տեղի ունեցած միջէթնիկ բախումների ժամանակ այրել են մտերիմ ընկերոջն ու սպանել են բազմաթիվ ազգակիցների:

zarine kirakosyan

Ճոխ ֆասադների ու մաքուր կոշիկների հետևում

Թե համալսարանական չորս տարիներիս մեջ մի դրական բան կար, նկարիչ Սրապիոն Դանիելյանի արվեստանոցում մի քանի ամիս նկարելն էր: Ասում էր. «Երկրորդ հարկի պատուհանից ամեն օր տեսնում եմ, թե ոնց են տասը օր նասկիները չփոխած տղաները, գրպանից հանում թաշկինակը ու կոշիկների փոշին մաքրում: Էս մեր հասարակությունն ա…»: Ասում ու լռում էր, ավելին նկատի ունենալով։ Մեկը մտածում էր, ո՞նց կարելի ա տասը օր նույն նասկին հագնել, մեկը թե` թաշկինակով ո՞նց կարելի ա կոշիկ մաքրել։
Կներեք, բայց մեր հասարակություննը էդ տասը օր չփոխած նասկիներն ա, մեզնից արդեն հոտ ա գալիս: Կարանք փտենք, բայց մենք կոշիկներն ենք մաքրում, որ բոլորը տեսնեն, որ փայլում ա, մեզ հուզում ա ամեն ինչի երևացող կողմը, մնացածը կարելի ա ծածկել։
Նկատե՞լ եք, մեր քաղաքի շենքերն ու տները, էդ մեր արժեհամակարգի արտացոլումն ա: Քայլում ես կողքով` թանկ քարերով, ճարտարապետությամբ, մաքուր, կարևորը` ճոխ ֆասադ: Անցնելիս տպավորում ա: Բայց էս քաղաքին Մոնումենտից նայե°լ եք: Ախր, էդ ֆասադի հետևի քանդված բակերը, չմշակված պատերը երևում ա: Ո՞ւմ ենք խաբում, ո՞ւմ ենք ցույց տալիս, որ ամեն ինչ լավ ա, ու խնդիրներ չունենք։

ՀՀ֊ում սպանությունների 17 %-ը ընտանեկան բռնության դեպքեր են, (ամեն 10-ից համարյա երկուսը մահացել են ամուսնու, զուգընկերոջ, եղբոր, որդու կողմից):
Կանանց 40%-ը ֆիզիկական կամ սեռական բռնության զոհ ա դարձել, էլ չխոսենք տնտեսական բռնության մասին, որ ուղղակի էնքան սովորական ու ուղեկցող երևույթ ա մեր հասարակությունում, որ մոռանում ենք, որ էդ էլ ա բռնություն։

Է հա, բոլոր հասարակություններում էլ բռնություն կա, բայց երևի բոլորում չի, որ հասարակության ձայնը բարձրացնող պատգամավորը դեռ կնոջ շալվար հագնել-չհագնելն ա քննարկում: Բոլորում չի, որ հասարակությունը տառապում ա խմբակային ինքնախաբեությամբ, թե բա` մեր ընտանեկան արժեքները (սելեկտիվ աբորտներով աշխարհում առաջատար պետություն)… Ազգովի կոմպլեքս ունենք բարձրաձայնելու, որ մեր հասարակությունում էլ խնդիր կա։ Վայ, չէ, հարևանը, մեծ մասշտաբների դեպքում «թուրքը կտենա` կուրախանա», կարևորը` հարևանների «ավանդական լավ ընտանիք ա» հեղինակավոր պիտակին արժանացել ենք։

էս մեր ապրելակերպի, մտածելակերպի, ճարտարապետության մեջ ա, մեր սարքած ու մեզ լիովին բնութագրող Երևանի ամեն շենքի ու տան մեջ ա, էն մենակ ճոխ սարքած ֆասադների մեջ ա։

Իսկ մարդիկ իրենց խնդիրներով շարունակում են ապրել ֆասադների հետևում, ոչ թե վրա, կոշիկների մեջ, ոչ թե վրա, բռնության մեջ, ոչ թե «ավանդական» ընտանիքներում։

Եկեք խնդիրները տենց սիրուն չփաթեթավորենք ուրիշների համար, մենք էդ ամեն ինչի ներսում ենք ապրում։

Juliabrahamyn12

Դատարկ ափսեներ

«Իրանն անպայման հակահարված կտա Ամերիկային»:

«Ամերիկան երկու տրիլիարդին համարժեք զինամթերք է գնել»:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ լսում ու կարդում եմ նման բովանդակության նյութեր ու լուրեր համացանցում, ու անհնար էր պատկերացնել համաշխարհային քաղաքականությունն ու պատերազմներն առանց մեր միջամտության: Ցավոք, թե բարեբախտաբար` միայն համացանցի նյութերի մեկնաբանություններում:

Բոլորս պարտադիր կերպով ինչ-որ կողմի ենք սկսում աջակցել, ասում ենք, որ պարտադիր պետք է մյուս կողմի վրա ատոմային զենք գցել, կամ պարտադիր այն մի երկիրը պիտի խառնվի ու հարցը լուծի:

Չենք հասկանում մի բան, որ երկիրն առանց որևէ պատերազմի արդեն իսկ կործանման եզրին է:

Պատերազմը բնական երևույթ է` առանց որի դժվար է պատկերացնել առաջխաղացում, բայց պատերազմները հին ժամանակներում ծագում էին այն ժամանակ, երբ բնակչությունը խաղաղ էր ու մոլորակին, կարծես թե, ոչ մի բան չէր խանգարում ապրել:

Մեր օրերում պետությունների գլուխ կանգնած մարդիկ իրենց անձնական շահերից ու քմահաճություններից ելնելով խաղում են այլ մարդկանց ճակատագրերի հետ, մտածելով գրպանների պարունակության մասին` վերացնում են կյանքի` մեզ դեռևս միակ հայտնի կետը, իսկ հետո հպարտ հայացքներով ու խրոխտ ձայնով ելույթ են ունենում ու սպառնում, թե կարող են կոճակի մեկ հպումով վերացնել յուրաքանչյուր պետություն, որը կկանգնի իրենց ճանապարհին: Նման իրավիճակում որևէ պետության կողմից լինելն ու շահերը պաշտպանելն առնվազն անմտություն կլինի: Մի դարում, որտեղ խոսքերն ավելի շատ են, քան գործերը, անհրաժեշտ է կանգնել ու լուռ գործել: Որտեղ մարդիկ ավելի շատ բղավում են բնական աղետների ու գլոբալ տաքացումների մասին, քան գործում` անհրաժեշտ է ներդրում ունենալ վիճակի բարելավվման մեջ: Որտեղ մարդիկ անելանելի վիճակից սկսում են պատերազմներ ստեղծել, անհրաժեշտ է ոչ մի կողմին էլ չաջակցել, որովհետև մենք ներկա պահին մեզ պատերազմ թույլ տալ չենք կարող:

Եթե սկսվի երրորդ համաշխարհային պատերազմը, ապա դրանից չի տուժի երկու կամ չորս պետություն: Կտուժի մի ողջ մոլորակ, և պատերազմից հետո «կյանքը երկրի վրա» հասկացությունը կդրվի հարցականի տակ: Ուրախանալ այն փաստից, որ որևէ երկիր տնտեսապես կթուլանա` այն էլ պատերազմի միջոցով, անթույլատրելի է:
Ցավոք, երկրների գլուխ կանգնած են այնպիսի մարդիկ, ովքեր տեսնում են միայն իրենց ափսեի պարունակությունը, ու մտածում են միայն դրա անվերջ լինելու մասին, իսկ լցված ափսեներից այն կողմ ապրող մարդիկ իրենց դատարկ ափսեների պարունակությունից սկսում են որևէ ելք փնտրել` հաճախ ինչ-որ պետության քաղաքականությանն աջակցելով, հույս ունենալով, որ գոնե որոշ չափով իրենց ափսեն կլցվի:

Ու դատարկ ափսեներից հետո նրանց էլ մեղադրել չենք կարող…

gor muradyan shirak

Կարծրատիպերից դուրս, կամ այն վնասակար է առողջությանը

Շատ ու շատ տղա երեխաների մանկուց «ծրագրավորում» են, որ սովորելը ամոթ բան է, այն միայն աղջիկների համար է և այլն, և այլն։ Քանի անգամ ականատես եմ եղել, որ ավագ սերունդը «խրատներ» է տվել կյանքը աչքերում վառվող տղայի, որը երազում էր դառնալ իրավագետ կամ գիտնական։ Ասել են, թե «սովորելը քեզ ինչ պետք է», «միայն աղջիկներն են սովորում»։ Եվ այդպես էլ երազանքը չկատարվեց տղայի, որովհետև սովորելը ամոթ էր։ Դրա փոխարեն նրանց արհեստ են սովորեցնում։ Չէ, չէ, արհեստը վատ բան չէ, առանց դրա կյանքը ամբողջական չի լինի, բայց դա այն ժամանակ է լավ, երբ այն հոբբի է, սիրած գործ, որը մասնագիտության կվերածվի։ Այն լավ չէ այն ժամանակ, երբ միակ փող աշխատելու ձևն է։ Եվ սա միակը չէ, այսպես այլ դեպքեր լինում են նաև աղջիկ երեխաների հետ, որոնք իրենց ցանկանում են փորձել սպորտում կամ այլ ոլորտներում, որոնք, ըստ հասարակության, միայն տղաների համար են։ Կամ երբ ասում են՝ աղջիկ է, մեկ է, ամուսնանալու է, գնա, ինչի՞ սովորի։ Իմ կարծիքով՝ մարդը հաջողության կհասնի այն ժամանակ, երբ կանի ամեն ինչ հաճույքով։

Seroj zinvor

Տարվա վերջին նյութս, բայց առաջին անգամ բանակից

Չգիտեմ` որ նախադասությունից, որ բառից կամ մտքից սկսեմ գրել: Որտեղից գրեմ, որպեսզի լինի կարճ, հակիրճ, հասկանալի, բայց խնդիրն այն է, որ պատմելու շատ բան կա, բայց նաև քիչ ժամանակ:

Ուզում եմ սկսել հենց նրանից, որ առանց ոչ մեկին զգուշացնելու, առանց ցտեսություն ասելու անսպասելիորեն մեկնեցի զինվորական ծառայության: Նախատեսված օրվանից՝ մեկուկես տարի անց, նույն 2019թ. ամռանը՝ հուլիսի 24-ի երեկոյան իմացա, որ պետք է գնամ պարտքս տալու, իսկ գնալուս օրը` հուլիսի 26: Երևի արդեն պարզ է, թե ինչու առանց ոչ մեկին նախազգուշացնելու, որովհետև կար ընդամենը մեկ օր պատրաստվելու համար, իսկ երկրորդ օրը արդեն` բարի ծառայություն: Սա է իմ այն գլխավոր պատճառը, որ մինչև հիմա չես կարդացել իմ նյութերը, տեսել ֆոտոները և վերջ ի վերջո, անպատասխան են մնացել քո նամակները:
Հուլիսի 28, օր, որն արդեն պարզ էր, թե ես որտեղ եմ ընկել և որտեղ եմ անց կացնելու իմ ամբողջ ծառայությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Մարտակերտ, 5-րդ Պաշտպանական շրջան: Առաջին անգամ դարպասներից այն կողմ որ մտա, կարծես գունավոր և մեկ այլ կյանքից տեղափոխվեի մեկ այլ` ուրիշ կյանք, որտեղ գույները երեքն են՝ կանաչ, դարչնագույն և սպիտակ: Հիմա կասեք` դրանք ի՞նչ են, բայց դրանք գույներ են, որոնք ամենուր են` հագուստից սկսած մինչև շինություններ:

Մինչև Զինվորական երդում տալու արարողությունը ծառայությունը նման էր ճամբարի, կամ մեդիա ծրագրի, որտեղ դու անում ես օրվա յոթանասուն տոկոսը շարային պատրաստություն, ճիշտ կանգնել, քայլել, աջ-ձախ դարձ ու թվում է, թե երդման արարողության ժամանակ կգան ընտանիքիդ անդամները, և իրերդ կհավաքես և կգնաս տուն: Բայց դե չէ, այդ ամենից հետո, երբ վերադառնում ես, տեսնում ես, որ չէ, ամեն ինչ լուրջ է, ի՞նչ ճամբար կամ` ի՞նչ մեդիա ծրագիր: Դու արդեն տվել ես հայրենիքդ պաշտպանելու երդում, դու ունես արդեն քեզ կցված զենք և, ինչու չէ, նաև պատիվ` սահման պաշտպանելու: Արդեն սկսում ես խորանալ մարտավարական, մարտավարամասնագիտական առարկաների, մասնագիտական զենքի, ֆիզիկական պատրաստության և ցանկացած դժվարություններ հաղթահարելու ուղղությամբ: Առավոտյան 06:40 մարզանք, առանց վերնաշապիկի, մութ, 3կմ վազք, մարմնամարզություն՝ քամի, հետո արագ անկողինների հարդարում, լվացվել, շարվել դեպի ճաշարան ու հետո` ըստ օրվա կարգացուցակի: Եղել են պահեր, երբ հոգնում էի, երբ ինչու չէ, նաև ասում` ոչ թե հոգնել եմ ֆիզիկապես, այլ հոգեպես այս կրկնվող առօրյայից: Շատ ժամանակ, երբ չուզելով էի վազում առավոտվա մութ ժամին, սկսում էի ինքս ինձ հետ զրուցել: Տրտնջում էի` ինչո՞ւ, սա, ախր, լավ չի է, շատ երկար ա: Գոնե էսօր չվազենք կամ քիչ մարզվենք: Բայց մի օր հասկացա, որ վազելը դարձել է հասարակ մի բան: Ու նաև հասկացա, որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է, ու պետք է միայն ժամանակ և հետո, ինչու չէ, նաև սկսում ես լավ զգալ, որ ֆիզիկական տվյալներիդ մեջ առաջընթաց կա: Դե չասեմ նաև այն, որ հենց այդ առավոտյան մարզանքները, տքնաջան պայքարելը և լավ արդյունքին ձգտելն էր, որ քննության ժամանակ հանձնաժողովի կողմից բարձր գնահատվեց, և այդ ժամանակ հասկանում ես, թե ինչու պիտի առավոտյան հաղթեիր ծուլությունդ ու վազեիր:

Բանակը դա մի վայր է, որտեղ դու անցնում ես փուլեր, ու այդ փուլերը քեզ տալիս են այս ամենը՝ պայքարել և նպատակին հասնելու կարողություն: Հասկանում ես, որ «չեմ կարողանում» չկա, այլ կա «չեմ ուզում»: Գնահատում ես քաղաքացիական կյանքը և ինչու չէ, նաև սկսում են հեշտ թվալ մի շարք խնդիրներ, որոնք ժամանակին եղել են իբր թե չլուծվող: Մեկը այն, որ եթե ես ինձ համեմատեմ բանակից առաջ և հետո, ապա եղել է նման մի բան, երբ առավոտ 09:45 մի կերպ արթնացել եմ, որ գնամ դասի, հիմա ես արթնանում եմ 06:20, բայց արդեն արագ ու 45 վայրկյանում հագնվելով: Երբ գնում էի համալսարան ընդամենը մաքուր հագնված, սմարթֆոնի օգնությամբ և իմ դիմաց դրված թղթերի ու մատիտների շնորհիվ գծում էի գծագիր ու գալիս տուն, ասում էի` ի վիճակի չեմ, հոգնած եմ, չեմ կարող դաս անել, իսկ էստեղ այդ վաղ առավոտյան  մարզանքից հետո, արդեն ոչ թե սմարթֆոնով, այլ ամենապարզունակ ֆունկցիաներով հեռախոսով, որով մեկ տառ գրելու համար պետք է կոճակը սեղմես գոնե 3 անգամ, հագնված ոչ թե ժամանակակից, այլ զինվորական հագուստ, ու ոչ թե բոթասներ, այլ մեծ ու ծանր սապոգներ և, ամենակարևորը, ոչ թե նստած աթոռին` կարկինը ձեռքիդ, այլ փորի վրա պառկած հողին, զենքը ձեռքիդ ու սողեսող առաջանում ես դեպի նշված վայրը: Ու այդպես մինչև օրվա ավարտ:

Դե արդեն երևի պատկերացրեցիք, թե ինչպես կշարունակեմ ուսումս բանակից հետո: Այո, միանշանակ առանց ալարելու կամ ասելու, թե հոգնած եմ, չեմ կարող դաս անել: Բանակում ես դառնում տղամարդ, էստեղ ես դու ստեղծում հարց, քո ստեղծած հարցին տալիս քո ստեղծած լուծումը և հետո, եթե դու ամեն ինչ ճիշտ ես արել, ապա դու սկսում ես լավ զգալ, որ արեցիր ճիշտ քայլ: Դու ճիշտ ես ուղղորդվում, իսկ հակառակ դեպքում, դաս քաղում, չկրկնում հաջորդ անգամ և ինչու չէ, նաև բոլորից հեռու դու միայնակ լինելով, ճանաչում ես քեզ, թե ով ես դու բոլորից հեռու, մենակ օտար միջավայրում: Բանակային ծառայողական կյանքը նաև քեզ նախապատրաստում է ինչ որ տեղ քո ապագա կյանքին: Այնպես չէ,  ործառայության ընթացքում սովորածդ պետք է միայն այդ երկու տարվա համար: Այդ երկու տարվա փորձը կարող է նաև պետք գալ այն ժամանակ, երբ  կունենաս ընտանիք ու, հարկ եղած դեպքում, գիշերը չես քնի կամ առավոտյան շատ շուտ կարթնանաս, որպեսզի կարողանաս վաստակել օրվա հացդ և պահես ընտանիքդ: Եթե անկեղծ խոսենք, ես չեմ ուզեցել ծառայել: Ոչ թե այն պատճառով, որ ուղղակի չեմ ուզում կամ վախենում եմ, ինչպես հիմա  ոմանք են մտածում: Ոչ, ես սահմանամերձ գյուղից եմ ու ներկայիս զորամասը, որտեղ ծառայում եմ, դիրքեր չեն երևում, մինչդեռ իմ տան հյուրասենյակից երևում են ադրբեջանական դիրքերը, որտեղից կարող է ամեն պահի կրակ բացվի ու հաճախ էլ բացվում էր:

Հա, կիսատ մնաց, շարունակեմ: Ոչ թե այդ պատճառներով չէի ուզում ծառայել, այլ այն, որ այդ երկու տարվա մեջ կարող էի ուսումս շարունակել, գնալ առաջ մասնագիտական գիտելիքներով և նման մի շարք պլաններ ունեի: Բայց բանակ գալուց հետո ես փոխել եմ կարծիքս: Անգամ փոշմանել եմ, որ չէի ուզում ծառայել: Հիմա վստահ եմ, որ այս հինգ ամիսներն ինձ այնպիսի բաներ են տվել, որոնք շատ կօգնեն ողջ կյանքում: Դժվարությունները հաղթահարելուց հետո է կյանքը դառնում հաճելի ու հեշտ, եթե չանցնես այդ ամենի միջով, անգամ այդ հաճելի և հեշտ կյանքը քեզ համար կարող է թվալ վատը ու ձանձրալի: Բայց կա նաև մի այսպիսի զգացողություն, երբ գալիս է մի պահ, որ ոչ բանակի առօրյան, ոչ անհարմար հանդերձանքը, ոչ մազերիդ բացակայությունը, ոչ էլ մի ուրիշ բան, անսովոր չեն թվում: Բայց այստեղ է, որ քեզ այցելում է կարոտը:  Կարոտ` քո բակում գտնվող ծառի, աղմուկի, քաղաքի քո ամենասիրելի փողոցի և ամենակարևորը, քո հարազատների հանդեպ: Գիտեմ, հիմա անգամ ծիծաղելի է թվում, բայց զորամասի տարածքում խանութում աշխատող կնոջը միշտ նմանեցրել եմ տատիկիս, նայել իրեն, հիշել տատիկիս, անցել, բայց եկել էր նաև մի պահ, որ կարոտը խեղդում էր, և այդ անծանոթ կնոջը, ում չէի ճանաչում, ու ագամ, երբ խոսում էր Ղարաբաղի բարբառով՝ քիչ էր մնում գնայի, իրենից իրեն գրկելու թույլտվություն խնդրեի: Կամ` երբ փոքր երեխա էի տեսնում, ուզում էի ուղղակի հետը խաղալ, իրեն քաղցր նվիրել ու հարազատի հետ շփվելու էներգիան հանես: Անծանոթ մարդկանց սկսում ես նմանեցնել մտերիմներիդ, ու ամեն իրենց տեսնելիս հիշում տվյալ ծանոթիդ, որ թվա, թե տարածքում հարազատ մարդ կա:

Ու այսպես անցկացրեցի ուսումնկան գումարտակի հինգ ամիսները և վերադարձա տուն` տասը օր արձակուրդ: Հիմա արձակուրդիս վերջին օրն է: Մնացած օրերը ինձ համար եղել են շոկային, անսովոր, ու էնպիսի տպավորություն էր անգամ, որ ես իմ ամբողջ կյանքում բանակում եմ եղել, իսկ իմ քաղաքացիական կյանքը ուղղակի պատկերացրել եմ չկա: Արձակուրդիս երրորդ օրը ամեն ինչ ընկավ իր տեղը: Չկար էնպիսի օր, որ մեր տուն հյուրեր չգային: Ինչ խոսք, հաճելի էր: Ուզում էի ժամանակը կանգնեցնել, բայց դե անհնար է, անցնում է ու մի բան էլ երկու անգամ ավելի արագ, քան զորամասում: Բայց ինչքան էլ արագ անցներ, մեկ է, ես որոշել էի, որ պետք է մի օր հատկացնեմ Բաղանիսից Երևան գալուն. այցելել համալսարան, տեսնել քաղաքի ծանոթներիս, քայլել ամենաշատ քայլածս փողոցով, որտեղ հինգ ամիս չէի քայլել, ու նոր խիղճս հանգիստ հետ գնամ զորամաս:

Այսօր իմ վերջին օրն է արձակուրդի: Անգամ օր էլ չկա արդեն, կեսգիշերն անց է, բայց դե չէի կարող չգրել չկիսվել: Շատ եմ սպասել արձակուրդին, որ գամ նյութ գրեմ, հիշեցնեմ, որ անկախ իմ էստեղ չլինելուց, մեկ է, ուշ-ուշ, բայց ես էստեղ եմ:

Չգիտեմ, միգուցե քեզ դուր չեկավ իմ գրելու ոճը, կամ էս նյութս տարբերվեց առաջվա նյութերից, բայց ուղղակի ես որոշել էի գրել: Մի քանի ժամից լույսը կբացվի, ու ես կգնամ: Շատ հնարավոր է անգամ չկարողանամ տեսնել իմ նյութը կայքում տեղադրված, բայց ինձ թեթևացած եմ զգում հիմա, որ գրեցի, կիսվեցի և որոշ չափով պատմեցի: Էլի կան պատմելու բաներ, զվարճալի պահեր, բայց ռազմական գաղտնիք ասածը պահպանելով, ուզում եմ հենց էս նոտայի վրա էլ ձեզ «հաջող անել»:

Ես մի քանի ժամից գնալու եմ: Արդեն ինձ սպասվում է մեկ այլ ծառայություն, որի անունն է մարտական հերթապահություն՝ դիրքեր: Այդ ծառայությունը տարբերվելու է իր բնույթով, լրջությամբ և պատասխանատվությամբ, և ինչու չէ, նաև այդ ամենի հետ միասին հպարտությամբ ես գնում մի զորամաս, որտեղ Քառօրյայի ժամանակ քաջարի մահով են ընկել Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը, Արմենակ Ուրֆանյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և մի շարք առյուծ տղաներ, որոնց սխրանքների շնորհիվ է, որ այսօր մեր դիրքերը անառիկ են:
Չգիտեմ իմ հաջորդ նյութը երբ կգրեմ, մյուս արձակուրդի՞ն, մինչ արձակո՞ւրդ, թե՞ ծառայությունը ավարտելուց հետո, բայց մինչ մյուս նյութ գրելս ու մինչ զորամաս գնալս ուզում եմ ասել, որ երկիրը սահմանից է սկսվում, իսկ սահմանը հենց այդ գոտին է, որտեղ դու պարտքդ ես տալիս և պաշտպանում քեզ, հարազատներիդ, ընկերներիդ, ընկերուհուդ և ի վերջո, հայրենիքդ, որը երկու տարի անց պիտի շենացնես քո ստեղծարար աշխատանքով արդեն:

Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը, մաղթում սահմանին խաղաղություն: Կհանդիպենք դարձյալ այստեղ` նոր նյութով:

elena hovhannisyan shirak

Հավաքելու ժամանակը

Փետրվար էր, հայրս կրկին ասաց․

-Դե, պայուսակս բերեք, արդեն հավաքելու ժամանակն է։

Նրա ձայնի ելևէջները մերթ տխուր էին, մերթ՝ հիասթափված։
Նրանք գնում են, թողնում են իրենց հարազատ տանիքը, իրենց տաք անկողինն ու գնում, գնում են «խոպան»։ Ամեն անգամ, երբ հայրս գնում է, ես գրկում եմ նրան ու արցունքոտված աչքերով կրկնում․ «Սա վերջինն է, չէ՞»։ Հայրս ինձ ամուր գրկում է ու հավաստիացնում, որ այո՛, դա վերջինն է, հետո ամբողջ տարվա մեջ 7-8 ամիս սպասում ես նրա վերադարձին, օրերն ես հաշվում։ Ախր դժվար է խոսել ու զրուցել հեռախոսով, չէ՞ որ կարոտդ էդ տեսազանգը չի բուժում, մենք տեսնում ենք դեմքը, բայց չենք զգում, է, էկրանից այն կողմ ինչ է կատարվում, կամ ինչ է զգում մարդը։ Ես մեղադրում էի հորս, բայց միևնույն ժամանակ հասկանում, որ նա ամեն ինչ մեզ համար է անում, իսկ ո՞ւմ է հաճելի օտարության մեջ գտնվելը, մենք էստեղ ենք, հարազատներով շրջապատված, իսկ նրանք միայնակ են, միայնակ՝ բառի ամենալայն իմաստով, էստեղ մեկիս մատը փուշ է մտնում՝ բոլորն անհանգստանում են, իսկ ի՞նչ գիտենք՝ քանի անգամ են հիվանդացել ու քանի անքուն գիշեր անցկացրել՝ ոչ մեկիս չասելով…
Գալիս է աշունը, ես չեմ կարող բացատրել այն հուզմունքը, որ զգում եմ նրա վերադարձի օրը, ժամերն ու վայրկյաններն եմ հաշվում, թե երբ պիտի հորս գրկեմ, ես գրկում եմ ու էլի հուզված մեղմ շշնջում եմ․

-Էլ չես գնալու, չէ՞։

-Չէ՛,- պատասխանում է հայրս։

Հուսով եմ՝ այս անգամվա չէ-ն իրոք վերջինն է։
Մի օր էդ պայուսակը այրելու եմ, չնայած՝ չէ, խնդիրը պայուսակի մեջ չէ, թե չէ ինքը՝ հայրս վաղուց այրած կլիներ։ Խնդիրը մեկն է, ես ուզում եմ ոչ թե հորս հետ զրուցեմ, խորհրդակցեմ տարվա մեջ ընդամենը 4 ամիս, այլ միշտ, ամեն պահի, քանի որ կան բաներ, որ մինչև աչքերին չնայես, ոչինչ չես զգա։ Ես գիտեմ, որ շատ երեխաներ են իրենց ծնողի կարոտից տանջվում, ու հոգու խորքում կրկնում՝ չէ՞ որ մեզ համար է անում, այո, մեզ համար։ Դրա համար պետք է հիշենք ու չմոռանանք՝ ծնողն աշխարհում ամենաթանկն է, ով անքուն գիշերներ անցկացնելով՝ մեր խաղաղ քունն է երազում։

Ձմեռ է, «պայուսակս բերեք»։

 

erik eghinyan

Ես կամավոր եմ

Բարև։ Երևի կարդացած կլինես իմ առաջին հոդվածը, որտեղ պատմում էի չհանձնվելու ու նոր դռներ բացվելու մասին։

Հա, կմտածես` ի՞նչ դուռ, ի՞նչ հաջողություն։

Ես հիմա գրում եմ Եվրոպայից, ու շատերդ կմտածեք, ի՞նչ կապ ունի Եվրոպան իմ ասածների հետ։

Երբ Հայաստանում էի, երազում էի մասնակցել փոխանակման ծրագրերի կամ սովորել արտասահմանում:

Երբ ես կամավորական ծրագրերի ժամանակ հանդիպում էի տարբեր մշակույթ կրող մարդկանց, որոնցից նոր բաներ էի սովորում, փորձի փոխանակում անում, սկսեցի հետաքրքրվել և ուսումնասիրել տարբեր ազգերի ու մշակույթների պատկանող մարդկանց կյանքը:

Լավ, թեմայից չշեղվեմ։

Արդեն երեք է ամիս է, ինչ գտնվում եմ Լիտվայում։

Շատ ծրագրերի եմ դիմել ՝ չեմ անցել, կամ ՝հրաժարվել եմ ինչ-ինչ պատճառներով։

Իսկ ինչո՞ւ հենց Լիտվա, երևի այն պատճառով, որ ուզում էի սովորել Լիտվայի միջազգային համալսարանում։

Այստեղ եմ Եվրոպական Համերաշխության (ESC) ծրագրի շնորհիվ որպես կամավոր։

UNiGrowth կազմակերպությունը հանդես է գալիս ուղարկողի դերում: Կա նաև ընդունող կազմակերպություն, որտեղ աշխատում եմ, և կա կոորդինատոր կազմակերպություն, որի կամավորն եմ ու ամբողջ ծրագիրը իրենք են համակարգում։

Ի՞նչ կամավորություն եմ անում ու որտե՞ղ։

Հատուկ դպրոց է, որտեղ կա 2 խումբ` փոքրերի և մեծերի։Այս երեխաներին սովորեցնում եմ անգլերեն լեզու ալտերնատիվ միջոցներով՝ խաղերով և տարբեր հետաքրքիր ծրագրերով։Աշխատանքիս մի մասը սա է, մյուսը` սիրով օգնում եմ իրենց մնացած ծրագրերում։ Զբաղվում եմ բլոգերությամբ, հետաքրքիր բաներ եմ նկարահանում Լիտվայի մասին ու մեր կամավորների մասին, փորձում ենք բացահայտել Եվրոպան։

Սա իմ կամավորական աշխատանքի մասին։

Երբ նոր   էի եկել, ամեն ինչ օտար և տարբեր էր. նոր ազգ, նոր մշակույթ, նոր միջավայր ու տարբեր ընկալումներ։ Շատ դժվար էր սկզբից, բայց քայլ առ քայլ հաղթահարեցի իմ համառության շնորհիվ։Դե, որ այստեղ շատ ցուրտ է, դրա մասին խոսելն անիմաստ է։ Երբեմն հուսահատվում էի, չէի ուզում ծրագիրս շարունակել, անընդհատ խնդիրներ էին առաջանում, որոնք անլուծելի էին թվում։

Այո, հեշտ չի ապրել մի երկրում, մի վայրում, որտեղ մարդիկ տարբեր են քեզնից իրենց սովորույթներով  ու ապրելակերպով։ Բայց գնալով ընտելանում ես ու փորձում ես ընդունել նորը, անկախ քո ընկալումներից ու աշխարհայացքից, սակայն պահպանելով քո առանձնահատկությունները:

Կամավորությունը ինձ շատ է փոխել. ես ավելի լրջացել եմ, ավելի համառ եմ դարձել: Դարձել եմ հետաքրքրասեր, նոր բացահայտումներ եմ անում, նորովի եմ զարգանում։

Ես հիմա վստահ կարող եմ ասել, որ շատ բան հենց մեզնից է կախված: Եթե մտածում ես, որ երբևէ չես կարող հաջողակ լինել, կամ ինչ-ինչ բաներ չեն ստացվի, ապա վստահ եղիր, այդպես էլ լինելու է։ Մենք մեր կյանքում հանդիպում ենք շատ մեծ դժվարությունների, որոնք մեզ խանգարում են ու չեն թողնում առաջ շարժվել, քանի որ մեր գիտակցության մեջ արդեն համակերպվել ենք չհաղթելու մտքի հետ:

Այո, մենք կարող ենք մեր գիտակցության վրա ազդել, ու եթե ինքներս մեզ ասենք, որ խնդիրն այնքան էլ բարդ չէ, դժվար չէ, մենք  կկարողանաք հասնել այն ամենին, ինչին  կցանկանանք:

Հիմա կմտածեք, որ սա հեքիաթ է, բայց ՝ոչ, քանի որ ես նույնպես շարժվել եմ ինքս ինձ փոխելով ու մտածելով միայն դրականի մասին: Իսկ խնդիրներ, այո, հանդիպում են, բայց մեծ նշանակություն սկսել եմ չտալ ու արդեն իսկ փոփոխությունը նկատում եմ։ Բայց ամենակարևորի մասին չասացի: Երբ սկսես մտածել դրական բաների մասին, չմոռանաս, որ պետք է աշխատել, քանի որ միայն տքնաջան աշխատանքն է մեզ մոտեցնում մեր նպատակին:

Եսիմա կիսվում եմ իմ փորձով և խորհուրդ տալիս. վստահ քայլիր ու առաջ նայիր, հետ մի նայիր ու ուշադրություն մի դարձրու բացասական բաներին։ Փոխիր ինքդ քեզ ու կիսվիր քո իսկ փորձով, վստահիր ուժերիդ ու առաջ շարժվիր։

Դեռ կհանդիպենք։