Կրթություն խորագրի արխիվներ

valentinaChilingaryan

Սեպտեմբերին ընդառաջ

Երբ դրսում ջերմաստիճանը 45 աստիճանից ավելի է, շատերը մոռանում են ձմռան մառախուղի ու ցրտի մասին, որի համեմատ, ըստ իս, այս ամառ դրախտային եղանակ էր: Շատ սոցիալական ցանցերի օգտատերեր ձմռանը գրում էին. «Ով ամռանը ասի շոգ ա՝ բլոք եմ անելու»՝ երազելով ամռան ջերմության մասին: Բայց ամառն էլ եկավ, մարդիկ էլի բողոքեցին, որ անդիմանալի շոգ է, ու էլի գրեցին. «Ով ձմռանը ասի ցուրտ ա՝ բլոք եմ անելու»: Բողոքող մարդը միշտ ամեն ինչից էլ կբողոքի, կապ չունի՝ ամառ է, թե ձմեռ: Դրա համար կարելի է թեթև նայել ամեն ինչին, եղանակն այնպես օգտագործել, որ մոռանաս ամառվա տապի կամ ձմեռվա ցրտի մասին:

Ամառվա սկզբին ոչինչ չէի պլանավորել, մտածում էի ամեն տարվա պես միայն տանը փակվելով գիրք կկարդամ, ու սովորությանս համաձայն, կազմել էի այն գեղարվեստական գրքերի ցուցակը, որոնք պետք է ընթերցեի: Բայց Աստված մեծ է, ի՞նչ իմանաս՝ վաղն ի՞նչ կլինի: Սկսեցի գրանցվել տարբեր ամառային ծրագրերի ու անցա գործի: Երևի թե ողջ ամառվա ընթացքում ամառային զանազան ծրագրերին համատեղ ոչ մի կոնֆերանս բաց չեմ թողել: Անգամ դրանց զուգահեռ սկսեցի վերից վար ուսումնասիրել աստղագիտությունը: Դե, մենք դպրոցում նման առարկա չենք անցնում, ինչի համար շատ եմ ափսոսում: Բայց, ինչպես ասում են՝ ափսոսում են միայն չկարդացած գրքերի համար: Ուստի ուսումնասիրեցի աստղագիտության հետ կապված շատ գրքեր: «Լույս» հիմնադրամի շնորհիվ էլ մասնակցեցի Փրինսթոնի համալսարանի ուսանող Հայկ Հակոբյանի կազմակերպած գիտության փառատոնին: Շատ ուրախ եմ, որ մասնագիտություն ընտրելու տարբերակներիս ավելացել է նաև աստղագետ դառնալու երազանքը:

Մասնակցելով անգլերեն լեզվով անցկացվող հանդիպումների՝ երեք ամսում գրեթե բարելավել եմ բանավոր խոսքս: Հեռուստատեսությունում էլ գործնական դասերս այնքան խոստումնալից անցան, որ կարելի է ցուցակից չհեռացնել նաև «հեռուստատեսային դեմք» դառնալու երազանքը:

Եվ վերջում՝ մի քանի գրական ակումբների անդամագրվելու հարցազրույցներ եմ տվել, որպեսզի աշունս էլ նույնքան հաճելի անցնի, որքան ամառս: Հույս ունեմ, որ կանցնեմ:

Դե՜, աշունը մոտենում է, դպրոցները կբացվեն, ու բոլորիս համար կսկսվի նոր շրջան: Կարոտել եմ դպրոցն ու դասերը, ուսուցիչներիս ու ընկերներիս, տիկին Աիդային և նրա պատրաստած բուտերբրոտները: Չէ, ես «բկլիկ» չեմ, ուղղակի նորմալ է, որ մարդիկ 3-րդ դասաժամից հետո քաղց են զգում:

Թող լինի հաջող ուսումնական տարի բոլոր կրթական հաստատություններում, որ երբեք սոցիալական ցանցերում չտեսնենք. «Ով չսովորեց՝ բլոք եմ անելու» արտահայտությունը: Հագեցած արձակուրդներից հետո կարելի է նվիրվել խոստումնալից սեպտեմբերին, չէ՞ որ ինչպես ասել է հայտնի պապիկը՝ սովորել, սովորել, սովորել…

elada petrosyan

Աշակերտը պետք է սովորի ռուսաց լեզու

Վերնագրին ինչպիսի՞ կետադրական նշան դնեմ՝ հարցակա՞ն, թե՞ շեշտ, չեմ կարողանում կողմնորոշվել: Ընկերուհուս հետ խոսակցությունից հետո ինձ համար պարզ դարձավ, որ դպրոցներ կան, որտեղ ռուսաց լեզվի ուսուցումը այդքան էլ լավ հիմքերի վրա չէ, և դա ոչ միայն աշակերտների, այլ նաև ուսուցչի մեղավորությունն է: Ընկերուհիս մեր զրույցում պատմեց.

-Ես ռուսերեն ինչ գիտեմ՝ ֆիլմերից, համակարգչից և երգերից եմ սովորել, այսինքն՝ մի քանի բառ:

Մարիամը նաև պատմեց, որ ռուսաց լեզվից թելադրություն գրելիս ուսուցիչը գրքից տեքստ է տալիս, որ արտագրեն, բայց վերևում պարտադիր պետք է գրվի «Диктант»: Ես ապշած էի. ինչպե՞ս է հնարավոր այդպես վարվել և հետո մեղադրել աշակերտներին, որ ռուսերեն չգիտեն: Եվ գնալով ավելի ու ավելի շատ մարդկանց հետ եմ գործ ունենում, ովքեր ոչ թե ռուսերեն վատ են խոսում, այլ ընդհանրապես ռուսերեն չգտեն: Ընդ որում, որքան ավելի երիտասարդ է դիմացինս, այնքան ավելի քիչ հավանական է, որ նա ռուսերեն խոսել գիտի: Ակամա հիշեցի մի այսպիսի խոսք՝ անգլերեն չիմանալը վատ է, ռուսերեն չիմանալը՝ ամոթ: Իրոք, ինչպես կարելի է այդքան անտարբեր լինել մի լեզվի հանդեպ, որին դեռևս քսան տարի առաջ տիրապետում էր երկրի բնակչության իննսունհինգ տոկոսը: Մինչ օրս էլ բացի ռուսական ալիքներով հեռարձակված հաղորդումներից և ֆիլմերից՝ նաև հայկական որոշ ալիքներով հեռարձակվող ֆիլմերը ռուսերեն լեզվով են: Ըստ ծնողներիս պատմածի՝ անգլերենի, ռուսերենի իմացությունը նույնիսկ այն ժամանակ համարվել էր հասարակ և բնական մի բան: Իսկ այսօր «հին» մասնագետները աստիճանաբար թողնում են դպրոցը, բայց ոչ ոք առանձնապես չի էլ մտածում նրանց փոխարինելու մասին: Արդյունքում մենք այսօր ունենք այն, ինչ մի ժամանակ չի եղել՝ աշակերտների խիստ բարձր տոկոս, որը չի տիրապետում կամ շատ վատ է տիրապետում ռուսաց լեզվին, իսկ ռուսական դասական գրականության մասին անգամ խոսելն իմաստ չունի: Շատ ցավալի եմ համարում այս երևույթը, ու մեծ բացթողում եմ համարում այն հանգամանքը, որ այսօր մենք՝ աշակերտներս, չենք օգտագործում գոնե ռուսերեն սովորելու այն լայն հնարավորությունները, որոնք ընձեռում են մեր տեխնոլոգիական դարաշրջանի բարիքները` հեռուստատեսությունն ու համակարգիչը: Ըստ ընկերուհուս՝ Մարիամի պատմածի, իրենց մյուս օտար լեզվի ուսուցչի կարծիքը հետևյալն է. «Մեր ժամանակ ուրիշ էր, մենք այն ժամանակ շատ էինք գնում տարբեր երկրներ, և բոլորը սովորում էին ռուսերեն։ Իսկ այսօր երեխաները գրեթե երկրից դուրս չեն գալիս, իսկ եթե անգամ դուրս են գալիս, անգլերենը նրանց ավելի շատ է պետք գալիս: Մենք փորձում ենք այդ սերն արթնացնել նրանց մեջ՝ լեզվի և գրականության, ընթերցանության հանդեպ։ Ուզում ենք, որ աշակերտները հասկանան, որ ինչ-որ բանի հասնելու համար նրանց նաև ռուսերենն է անհրաժեշտ։ Մեր ներկա քաղաքական դրությունն էլ է հուշում, որ ռուսերենը դեռ շատ է պետք գալու: Այսօրվա աշակերտներն անգամ հայերեն գրագետ չեն խոսում, ուր մնաց՝ ռուսերեն խոսեն»:

Ես ճանաչում եմ նաև մեկ այլ աշակերտուհու մեր դպրոցից: Աննան անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներից բացի ուսումասիրում է նաև կորեերենը, որը, կարծես սերնդի հիվանդությունն է դարձել: Դժվար գտնենք նմանատիպ մարդկանց, ովքեր երեք լեզվի տիրապետելուց բացի՝ համակարգչի միջոցով փորձում են սովորել նաև կորեերեն: Այս ամենը ողջունելի է դառնում հասարակության կողմից, երբ բացի ինքնուրույն լեզու սովորելուց՝ նա ցանկանում է նաև ուսումը շարունակել Կորեայում: Հրաշալի է, որ այսպիսի մարդիկ կան մեր շրջապատում, ովքեր անընդհատ ձգտում են նոր լեզու սովորել: Չէ՞ որ իզուր չեն ասում, որ որքան լեզու գիտես, այդքան մարդ ես:

gohar hakobyan (ararat)

Շուտով

Հաշված օրեր են մնացել դպրոցական կյանքի վերսկսվելուն: Այս շոգ ամռանը միակ ցանկությունս աշնան շուտ գալն է ու դպրոցների բացվելը:

Ինչքան էլ տարօրինակ թվա, բայց այո՝ ես ուզում եմ, որ դասերն սկսեն: 11 տարվա դպրոցական կյանքում ես առաջին անգամ կարոտել եմ: Չէ, միշտ էլ կարոտում էի, բայց միայն ընկերներիս: Իսկ այս անգամ դպրոցն եմ կարոտել: Կարոտել եմ դասամիջոցները, ֆիզկուլտուրայի ժամերը, ճաշարանի ուրախ հերթերը, ընկեր Մանուկյանի «պարսկերեն» մաթեմատիկան, ընկեր Սարգսյանի ուրախ ֆիզիկան, ամեն-ամեն ինչը: Հա, չմոռանամ՝ Հակոբ «ձյաձյային» եմ կարոտել՝ մեր դպրոցի միակ ու անկրկնելի պահակին: Կարոտել եմ նրա՝ ամեն առավոտ հնչող «բարև՛, Հակոբյան» արտահայտությունը:
Դասարանս եմ կարոտել, աթոռս, սեղանս, կողքիս նստող անդավաճան ընկերոջս:
Կարոտել եմ ամեն առավոտ ուշանալն ու գաղտնի ներս մտնելս:
Ընկերներիս խենթություններն եմ կարոտել, փախուստները դասերից…
Այ հիմա, երբ արդեն քաջ գիտակցում եմ, որ շուտով էլ հնարավորություն չեմ ունենա սեպտեմբերի 1-ին սև ու սպիտակով ներկայանալ՝ որպես աշակերտուհի, սրիտս լցվում է անսովոր զգացումով, ասես չպատկերացնեմ, թե այդ ինչպես կլինի: Բայց, քանի դեռ ունեմ հնարավորություն, կարոտում ու սիրում եմ դպրոցս:
Դպրոց, պի՛նդ կաց, մենք գալիս ենք:

margarita dilbaryan

Պատիվ ունեմ

-Վա՜յ, տղերք, էս ի՞նչ օրն ա ընկել մեր բանակը:

Չգիտես` հումորով, թե լուրջ ասված այս խոսքերը հասցեատեր ունեին:

Նման «ջերմ» ընդունելության արժանացանք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ոտք դրած աղջիկներս:

Շուրջ 25-30 տղաներ ակնդետ հայացքով նայում էին այն մի քանի աղջիկներիս, որոնք համարձակվել էին խախտել իրենց «տղայական» տարածքը:

Երբ միասնական քննություն ես տալիս քո մարզում, քո ծանոթ ընկերների միջավայրում, չես զգում անհարմարություն, բայց լրիվ միայնակ, համալսարանի դարպասներից ներս տված քննության ժամանակ արդեն անծանոթ մի զգացողություն է պարուրում քեզ, սկսում են աչքիդ առջևով գնալ ընկեր-ընկերուհիներդ, ովքեր արդեն մեկ ամիս է, գոնե մոտավոր գիտեն՝ ուր են ընդունվել: Իսկ մենք, որ մի «անհանգստության» դպրոց անցանք «գեներալնայա կամիսիա» կոչված բուժզննումից հետո, հիմա էլ մի շարք նորմատիվներ ենք հանձնելու ֆիզիկակական պատրաստվածությունից, ու դեռ հուլիսի 28-ին էլ մանդատային հանձնաժողովը որոշելու է «այո»-ն ու «ոչ»-ը:

Մինչև այդ օրը ամեն պահ մտածում ես՝ մասնագիտությունդ ճի՞շտ էր ընտրած, թե՝ ոչ:

Հա՜, ես ինձ բռնացրի այն մտքի վրա, որ հարցը ճիշտն ու սխալը չէ: Միանշանակ, ես ճիշտ եմ ընտրել, պարզապես եթե հանկարծ չընդունվեմ, ընկերներիս նման այլ տեղ չեմ կարող սովորել, որովհետև ոչ մի այլ հայտ էլ չեմ ներկայացրել, չկա իմ մասնագիտության այլընտրանքային տարբերակը:

Հայրենիքին ծառայելը այլընտրանք չի կարող ունենալ:

hasmik givargizyan

Մաթեմատիկան չոր չէ

Մի անգամ մի նյութ կարդացի 17-ում՝ Մանանա Դավթյանի «Փափուկ սիրտ՝ թվերի աշխարհում» նյութը։ Հեղինակը զարմանում էր, թե ինչպես է իր մաթեմատիկայի ուսուցչուհու սիրտն այդքան փափուկ ու փխրուն մնացել։ Իսկ ես զարմանում եմ հեղինակի զարմանքի վրա։ Շատ մարդիկ կարծում են, որ եթե առարկան բնագիտական է, ապա այն անպայման տղամարդ պետք է դասավանդի։ Մարդ ես, մեկ էլ տեսար կնոջ սիրտը չդիմացավ, որ մեր մոլորակը ոչ թե կլոր է, այլ գեոիդ (ինքն իրեն է նման)։ Ես ինքս շա՜տ եմ սիրում ճշգրիտ առարկաները, հատկապես՝ մաթեմատիկան։ Ու եթե ապագայում թարգմանչուհի չդառնամ, հաշվապահ կամ մաթեմատիկայի ուսուցչուհի կդառնամ։

Հասակակիցներս ինձ ծուռ հայացքներով են շրջապատում, երբ պատմում եմ, թե իրականում ինչ հետաքրքիր առարկա է մաթեմատիկան։ Մի պահ ինքներդ մտածեք. երկուսի ու երեքի գումարը հինգ է, ու դա անվիճելի փաստ է։ Իսկ հայոց լեզվի մեջ կարելի է բազում քերականական ու ուղղագրական սխալներ թույլ տալ։ Իհարկե, սխալներից մաթեմատիկան էլ զուրկ չէ, բայց այն հաստատուն է, ինչն էլ գրավում է ինձ։ Երևի նույն կերպ էլ իրենց ընտրությունն արդարացնեն լեզու սիրողները, բայց հարցը դա չէ։ Այլ այն, որ լինել թվերով շրջապատված դեռ չի նշանակում լինել «սառցե թագուհի»։ Որոշ մարդկանց թվաբանական հավասարումներն ավելի են երջանկացնում ու ջերմացնում, քան գրական հանճարեղ ստեղծագործությունները։ Չէ որ հարցը էության մեջ է:

Lusine Karapetyan

Կրթությունն ինչպես որ է, կամ` չշրջանցելով մարտահրավերները

Երբ ամառը կես է ընկնում, կարծես թե վերջանում են դիմորդների դեպրեսիվ օրերը: Ամենքն արդեն գիտեն՝ որտեղ են ընդունվել, ոմանք ուրախանում են իրենց բաժիններից, ոմանք տխրում՝ կարծելով, որ ավելի լավին էին արժանի, ոմանց ուղղակի չի էլ հետաքրքրում, թե ուր ընդունվեցին, որովհետև իրենց կրթությունը, մեղմ ասած, չի հետաքրքրում, իրենց միայն հետաքրքրում է արդյունքում տրվող թղթի կտորը՝ հետագայում որպես օժիտ կամ «գլուխ գովելու» առարկա դարձնելու համար։

Առաջին խմբի աշակերտ-ուսանողները որոշակի աշխատանքներ են անում, հետաքրքրվում են, իրենց պատկերացնում տարբեր մասնագիտությունների «կոշիկների» մեջ, պրպտում կայքերը, հարցուփորձ անում արդեն ուսանող ընկերներից, կարծիքներ հավաքում, որոշում են որոշակի մասնագիտությունների ցանկ, իրենք իրենց հետ «հայտարարի գալով» սկսում որոշակի առարկաներ պարապել ինքնուրույն կամ կրկնուսույցների մոտ։ Կրկնուսույցների ինստիտուտը Հայաստանում մի ուրիշ ուսումնասիրության առարկա է, այդ իսկ պատճառով այն հիմա կշրջանցենք։ Եվ քանի որ պատշաճ աշխատանքը պատշաճ գնահատականներ ու արդյունք է պահանջում, նրանք որպես կանոն ընդունվում են համալսարան, իրենց ուզած բաժիններ և հետևաբար, սովորում մոտիվացված։

Երկրորդ խմբի ուսանողները, նրանք, ովքեր կարծում են, որ ավելին կարող էին անել իրենց կրթության համար, երկու դասական ելք կարող են ունենալ՝ իրենց դպրոցական բացթողումները ուղղել համալսարանական կյանքի ընթացքում կամ դառնալ երրորդ տիպի ուսանողներից, որոնք կրթական համակարգի, ամենաքիչը ինձ համար, չհասկացվող օղակներն են։

Ուսանողների այս ուղղակի բաժանումը չի կարող արտահայտել բոլոր այն գործոնները, որոնք աշակերտները հանդիպում են իրենց ճանապարհին։ Ուսանող լինելը սոցիալան, տնտեսական մի շարք այլ գործոնների ազդեցության արդյունք կարող է լինել։ Ընտանիքներ կան, որոնք իրենց երեխաներին ուղարկում են այս կամ այն մասնագիտացմամբ կրթության, չհասկանալով, որ իրենց դուստրը կամ որդին ամենևին էլ չեն համապատասխանում այդ մասնագիտությանը, կամ, ասեմ ավելին, միգուցե ձեր ժառանգները ամենևին էլ նախատեսված չեն բարձրագույն կրթության համար, միգուցե նրանք մի փոքր ժամանակ հետո իրենց կոշկակարության կամ մատնահարդարման մեջ էին գտնում։ Եթե խնդիրը այդքան էլ ակնառու չի երևանաբնակ ընտանիքների և ուսանողների համար (չնայած ինքս չեմ կարծում, որ ուսման վճարը այնքան քիչ է, որ զգացնել չտա), այնուամենայնիվ մարզաբնակների համար խնդիրը եռապատկվում է․ ընտանիքները պարտավորվում են տալ վճարը, տան վարձը, կոմունալների և ձեռքի ծախսը, և բացի այդ սթրեսը, որ առաջանում է ոչ միայն աշակերտից ուսանողի անցման ժամանակ, այլև հանգիստ ու խաղաղ մարզային համայնքից ժխորոտ Երևանում բնակություն հաստատելը։

Ենթադրենք ուտոպիա է, և բոլոր աշակերտները ուսանող դառնալիս պատկանում են առաջին խմբին․ մոտիվացված են ու պատրաստ սովորելուն։

Կրթական հ.ամակարգում որոշակի թերություններ կամ ուղղակի աշխատակիցների կողմից թույլ տրված թերացումններ կան, որոնք զգալի ազդեցություն են ունենում ուսանողի՝ տվյալ մասնագետ զարգանալու կամ չզարգանալու, իզուր ժամանակ վատնելու կամ օպտիմիլիզացիայի վրա։ Ինքս սեպտեմբերից որպես 3-րդ կուրսի ուսանող-արվեստաբան կշարունակեմ ուսումս ԵՊՀ-ում ու դիտարկումներս կարող են վերաբերել միայն առաջին երկու տարվա իմ փորձառությանը։ Արվեստաբանին ո՞ր մի դժոխքում պետք կգա բնագիտությունը, էկոլոգիան, քաղաքագիտությունը, և եթե քո պատասխանը «ընդհանուր զարգացվածությունն է», ապա ես քեզ կպատասխանեմ, որ մենք մեր երկար ու ձիգ 12 տարիների ընթացքում պետք է որ դա արած լինեինք։ Իսկ մետաղադրամի մյուս կողմում հայտնվում է մեկ այլ խնդիր, երբ մենք ստիպված ենք լինում երկու արվեստաբանի համար մասնագիտական առականերից ընտրել որևէ մեկը, օրինակ մշակութաբանությո՞ւն, թե՞ կրոնի պատմություն, կինոյի՞, թե՞ երաժշտության պատմություն։ Չգիտեմ մյուս ֆակուլտետներում ինչպես է վիճակը, բայց առարկաների առումով մեզ մոտ մի քիչ խառն է։ Եվ իմ համեստ կարծիքով, վիճակը ավելի է բարդանում այն ժամանակ, երբ դասախոսները լինում են այլ ֆակուլտետներից․ որպես կանոն նրանք չեն անում իրենց լավագույնը այն դեպքերում, երբ լսարանը իր մասնագիտական առարկայի կրողը չէ։

Եթե չգիտեք, մի բան ասեմ․ ՀՀ-ն 2005 թվականին անցում է կատարել Բոլոնյան կրթական համակարգին։ Բոլոնյան համակարգի հիմնական նպատակներից մի քանիսին անդրադառնալով ուղղակի ասեմ, որ այն ենթադրում է Եվրոպայի ներսում ուսանողների և դասախոսների շարժունության հետ կապված խոչընդոտների վերացում, ինչը իրականացվում է, բայց իմ բախտը այնքան էլ չի բերում այդ առումով, որովհետև բոլոր փոխանակման ու այլ ծրագրերի մասին տեղեկություն ստանալու համար պետք է պատրաստվել պինգ-պոնգի գնդակ դառնալուն և դռնից դուռ նետվել՝ շատ հաճախ անհրաժեշտ ինֆորմացիան չգտնելով։

Հաջորդիվ, այս համակարգի «ընձեռած» առավելություններից է այն, որ ուսանողը կարող է արդեն կրթական գործընթացը հարմարեցնել իր նախասիրություններին և ժամանակին, ակտիվ կերպով մասնակցել իր կրթական գործընթացի կազմակերպմանը, այսինքն` ներազդել դրա վրա և հարմարեցնել իրեն: Բայց ցայսօր ոչ ոք ինձ չի հարցրել, նույնիսկ չի տեղեկացրել իմ չունեցած հնարավորության մասին, որ արդյո՞ք ինձ հարմար է սկսել դասը ժամը 9։30 և ավարտել 4-ին, արդյո՞ք հարմար է ունենալ մի դասաժամի չափով պատուհան դասերի ընթացքում կամ առաջին ժամի ֆիզկուլտուրա առարկայից հետո վազելով հասնել «սև շենք»՝ հաջորդ դասի համար։ Ոչ ոքի նույնիսկ չի հետաքրքրել այն փաստը որ մենք ստիպված են լինում ֆիզիկապես ներկա լինել դասերին նույնիսկ այն ժամանակ, երբ մեր բանավոր կամ միջանկյալ քննությունների շրջանն է։ Եվ վերջապես, եթե այդ նույն համակարգը կրթության գլխավոր շեշտը ինքնակրթությունն է համարում, այդ դեպքում, ո՞վ ինձ կբացատրի, ինչո՞ւ են ավտոմատ կերպով իմ բացակայությունները ազդում իմ արդյունարար գնահատականների վրա, միգուցե ես գրադարանում իմ քննությա՞նն եմ պատրաստվում, կամ աշխատում եմ հանձնարարված էսսեների, հոդվածների և այլնի վրա՞։

Այս ամենը միգուցե իր համապատասխան պատասխանները ստանար, եթե իմ ֆակուլտետում գործեր մի կառույց, որը ունի իմ իսկ շահերը պաշտպանելու առաքելությունը։ Չնայած նախապաշարմունքներս Ուսանողական խորհրդի հետ դեռ երկար քննարկման թեմա է, այնուամենայնիվ կուզենայի տեսնել ՈՒԽ-ին իր բուն առաքելությունը իրականացնելիս։

Որպես վերջաբան․ ԵՊՀ 98-ամյակին մի ֆեյսբուքյան ստատուս էի գրել, թե բա իմ երազած ԵՊՀ-ում ամենքն իր գործը սիրով է անում, նույնիսկ հավաքարարը, որի աշխատանքի արդյունքում ուսանողը մեգակեղտոտ ու փոշոտ լսարաններում չի սովորում։ Այդտեղ ես էլ, դասախոսս էլ, դեկանատի աշխատողները և բոլոր-բոլորը անում ենք մեր աշխատանքը գերագույն հաճույքով։

Ամառը արդեն կես է ընկել, ինքնակրթվենք ու պատրաստվենք իսկական մարտահրավերներին։

Ani Harutyunyan

Ինչու եմ ուզում լրագրող դառնալ

Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, կամ մարդն է գեղեցկացնում աշխատանքը։ Ավելի հակված եմ երկրորդին։ Աշխատանքը չպետք է դառնա պարտականություն, այլ հաճույք՝ համատեղած օգտակարի հետ։

Չեմ հասկանում՝ ինչպես են մարդիկ ընտրում այն մասնագիտությունը, որը չեն սիրում, այն աշխատանքը, որին ամեն առավոտ դեմքի դժգոհ արտահայտությամբ են գնում։ Չսիրած գործով զբաղվելը հավասար է լիարժեք չապրելուն։

Չեմ հիշում՝ ինչպես, ում խորհրդով, երբ սկսեցի հետաքրքրվել լրագրությամբ: Հետո, հուրախություն ինձ, դպրոցում լրագրության խմբակ բացվեց. Էլ տարակուսելու ու մտածելու ոչինչ չկար. ես գտա իմը։

Լրագրությունը պահանջում է էներգիա, կրակ ներսումդ, հետաքրքրասիրություն, հաճախ էլ՝ անհամբերություն. այն, ինչ կա իմ մեջ, այն, ինչ ես եմ։

Ըստ իս, լինել լրագրող, նշանակում է մի քիչ լինել հետախույզ, լուսանկարիչ, գրող… Նշանակում է միշտ լինել պատրաստ ու ճիշտ ժամին ճիշտ վայրում։

Լինել լրագրող, նշանակում է մի կողմ դնել սեփական հույզերը, զգացումները, լինել էմոցիոնալ, բայց տուրք չտալ անձնական հուզումներին։

Շատ հաճախ լրագրողները ստիպված են լինում վտանգել սեփական կյանքը լավ ռեպորտաժ ստանալու համար: Խոսքս, իհարկե, ամեն քայլափոխի հանդիպող ցածր մակարդակի ու կասկածելի բովանդակությամբ տարբեր բլոգներում նյութեր հրապարակող «լրագրողների» մասին չէ: Իրական լրագրողը գիտի իր և ընթերցողի արժեքը: Նա պետք է նախ հարգի ինքն իրեն, իր կատարած աշխատանքը, որ հետո կարողանա հարգել իր լսարանին:

Այսօր պատերազմներն ու ահաբեկչությունները, ցավոք, մեր առօրյայի անբաժանելի մասն են կազմում: Ամեն օր մեր աչքի առջև լրագրողներն անցնում են ռմբակոծությունների, ռազմական լարված իրավիճակների միջով, որ կարողանան մեզ վերահասու դարձնել այն աղետներին, որոնց կողքով մենք անտարբեր ենք անցնում: Մարդիկ ու հենց իրենք՝ լրագրողները, պետք է կարողանան հասկանալ այդ մասնագիտության մեծ նշանակությունը երկրի ու ժողովրդի համար:

Ես արդեն իմ ուսերին զգում եմ այդ մեծ պատասխանատվությունը և պատրաստ եմ ու ուզում եմ դառնալ այդ վտանգավոր, բայց միաժամանակ հետաքրքիր, արկածներով ու նոր բացահայտումներով լի մասնագիտությունն ունեցողների բանակի մի մասնիկը, լիարժեք մասնիկը:

Ի վերջո, ինչո՞ւ եմ ցանկանում լրագրող դառնալ. կան մարդիկ, ովքեր նախընտրում են լռելը, ու մարդկային, հասարակական շատ խնդիրների կողքով երես դարձրած են անցնում: Բարեբախտաբար ես նման մարդկանց խմբին չեմ դասվում: Չեմ կարող չբարձրաձայնել այն, ինչն անհանգստացնում է ինձ: Անգամ երբ ինքս էլ չեմ կարողանում օգնել, փորձում եմ գրել, տեղեկացնել մարդկանց, հուսալով, որ ինչ-որ մեկը կհայտնվի: Լրագրությունը հնարավորություն կտա ավելի շատ նկատել մեր փոքր երկրում առկա մեծ ու աննշան խնդիրները, կտա հարթակ, որտեղ կկարողանամ խոսել դրանց մասին ու հանգիստ լինել, որ ես էլ իմ ուժերի չափով կարողացա օգնել:

narek davtyan getahovit

Մնաց 1 օր

Մնաց 1 օր: Այսպես են սկսվում վերջին ամսվա իմ բոլոր առավոտները, և ինչքան թիվը փոքրանում է, այնքան ավելի շատ եմ վախենում այն ամենից, ինչը թաքնված է այդ ամսաթվի հետևում: Իմ երկար «ճանապարհորդությունը» սկսվեց երկու տարի առաջ, երբ մասնակցում էի ToBe ճամբարին: Վերջին օրը մեզ ծանոթացրին Ֆլեքս շրջանավարտներից մեկի հետ և  աշակերտների փոխանակման ծրագրի հետ:

Հիշում եմ բոլորի հիացած դեմքերը, այդ պահին Ֆլեքսը դարձավ մոտ 30 երիտասարդների երազանք: Հիշում եմ՝ ինչքան էի տպավորվել այդ ծրագրով, բայց թույլ չէի տալիս ինձ անգամ մտածել, որ հնարավոր է՝ մի օր ես էլ հաղթող դառնամ: Ծրագրին մասնակցելու համար ես պետք է անգլերեն իմանայի, և քանի որ ես անգլերեն չգիտեի, միանգամից մտածեցի, որ ծրագիրն ինձ համար չէ: Հետո հասկացա, որ իմ այս երազանքն ինձանից ավելի ուժեղ է ու անընդատ ինձ ստիպում է քայլել առաջ: Այսպես էլ սկսվեց իմ Ֆլեքս-ճանապարհորդությունը:

Հիմա հասկանում եմ, որ մենք ենք մեր ճակատագիրը կերտողները, ու ամեն ինչ հնարավոր է, եթե դու ամբողջ սրտով ցանկանում ես դա:

sona zaqaryan

Պայքարելու և հուսալու մասին

2015 թվականն էր, երբ իմացա մի ծրագրի մասին, որը երկու տարի հետո փոխելու էր կյանքս: Խոսքը Ֆլեքս (FLEX- Future Leaders Exchange program) ծրագրի մասին է: Հետո իմացա, որ նախորդ տարիների Ֆլեքս շրջանավարտները ճամբար են կազմակերպում Սիսիան քաղաքում և որոշեցի մասնակցել: Ճամբարում շատ նոր բաներ իմացա Ֆլեքսի մասին և այդ օրվանից անհամբերությամբ սպասում էի, թե երբ պետք է սկսվեն քննությունները, որ մասնակցեմ:

Եկավ շատ սպասված օրը, շատ լարված էի, մտածում էի, որ դժվար կլինի, ու անգամ առաջին փուլը չեմ կարողանա անցնել, բայց հաղթահարեցի:

Երկրորդ փուլն ավելի բարդ էր, բայց հույս ունեի, որ կանցնեմ (առհասարակ՝ ես միշտ հույս ունեմ, թեկուզ շատ չնչին ու փոքր): Հույսերս չարդարացան, որովհետև չկարողացա հաղթահարել երկրորդ փուլը: Հույսերը չարդարանալն ու հուսահատվելը տարբեր բաներ են: Իսկ ես չհուսահատվեցի: Մտադրվեցի, որ մյուս տարի անպայման նորից պետք է մասնակցեմ: Նույն ապրումների միջով անցնելով՝ հաղթահարեցի առաջին փուլը, երկրորդը՝ նույնպես:

Մեկ տարվա ընթացքում ես զգում էի, թե ինչքան եմ հասունացել, զգում էի առաջընթացս: Եվ, ահա, սկսվեցին երկար ու ձիգ հինգ ամիսները, որոնց ավարտից հետո պետք է իմանայի՝ արդյո՞ք ծրագրի հաղթող եմ ճանաչվել, թե՞ ոչ: Այդ ամիսների ընթացքում ամեն րոպե դրա մասին էի մտածում, կարծես ամեն ինչ ինձ հիշեցներ Ֆլեքսի մասին: Տարբեր կերպ էի տրամադրվում ու մտածում. «Սոնա, պատկերացնո՞ւմ ես զանգեն ու ասեն, որ անցել ես»: «Սոնա, իսկ եթե ասեն, որ չես անցել, ուրե՞մն… Ուրեմն մյուս տարի նորից կփորձեմ, կտխրեմ, բայց չեմ հուսահատվի»:

2017 թվականի մարտի 15-ն էր: Օրս հետաքրքիր և ուրախ էր սկսվել: Այդ օրերին անընդհատ զանգի էի սպասում, ամեն մի հեռախոսազանգ լսելիս՝ սիրտս արագ էր աշխատում: Դպրոցում էի, ՆԶՊ-ի ժամն էր, և հանկարծ հեռախոսազանգ եմ ստանում. «091-ով սկսվող համար է, պետք է որ «Ֆլեքսի» համար զանգեն»: Վերցրեցի հեռախոսը. «Սոնա, պատրաստ եղիր, կանցնես՝ շատ լավ, չես անցնի՝ ուրեմն, դա է ճիշտը»:

-Ալո, բարև ձեզ, Սոնայի հե՞տ եմ խոսում:

-Այո:

-Շնորհավորում եմ, դուք դարձել եք «Ֆլեքս» ծրագրի հաղթող:

Չգիտեմ՝ հետս ինչ կատարվեց, արցունքները ակամա գլորվեցին աչքերիցս.

-Սո՞ն, անցե՞լ ես,- բացականչեց Անին:

Գլխով արեցի, բոլոր ընկերներս եկան ու գրկեցին ինձ: Իմ կյանքի ամենահուզիչ պահերից մեկն էր, և ես լաց էի լինում: Կարծես երազ լիներ, մի քանի օր չէի կարողանում ուշքի գալ: Բոլորը շնորհավորում էին, տարբեր հարցեր տալիս:

Հետո սկսվեցին պատրաստությունները, ժողովները, հանդիպումները մյուս հաղթողների հետ: Կարող եմ վստահորեն ասել, որ հիմա մենք մի մեծ ընտանիք ենք, «Ֆլեքսի» հաղթողներից յուրաքանչյուրը մի վառ անհատականություն է, և համոզված եմ, որ ապագայում մեծ հաջողությունների է հասնելու:

Ֆլեքսը այն ծրագրերից մեկն է, որի շնորհիվ ես համոզվեցի, որ արդարությունը, ազնվությունը և տքնաջան աշխատանքը միշտ գնահատվում են, և որ միշտ պետք է հետևես երազանքներիդ՝ դրանք դարձնելով նպատակներ, ու երբեք չհիասթափվես:

Մեկ ամսից ես արդեն ԱՄՆ-ում կլինեմ՝ հեռու Հայաստանից, հարազատներից ու ընկերներից: Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում դրան ու գիտակցում, որ սա կյանքի մի փուլ է լինելու, որը պետք է պատվով հաղթահարեմ: «Դրական տրամադրվենք և համբերատար լինենք»՝ ահա իմ կարգախոսը: Հուսամ, որ այդ կարգախոսը կյանքում ինձ շատ կօգնի:

Իսկ դուք սպասեք իմ հետաքրքիր նյութերին՝ արդեն ԱՄՆ-ից:

amalya harutyunyan

Մի բուռ արևի պակաս

Քայլում եմ: Դու երբեք չես իմանա, որ ես քայլում եմ այստեղ: Ես երբեք բարձրակրունկ չեմ հագնում, որ կտկտոցը չիրազեկի իմ մասին, ես երբեք չեմ բղավում փողոցում կամ բարձր չեմ ծիծաղում, դե եթե չհաշվենք բարձր մտածելը, որ հանկարծ ոչ ոք չիմանա իմ այստեղ լինելու մասին:
Ինչո՞ւ: Դե ի՞նչ իմաստ ունի ասել, որ դու այստեղ ես, երբ ամբողջ աշխարհի համար դու, կարելի է ասել, գոյություն չունես:
Ամեն օր աչքերս բացելուն պես ես հույս ունեմ, որ այսօր դուռը բացելով պետք է իմ քաղաքը դիմավորի ինձ: Բայց էդպիսի օրեր չեն լինում, կամ էլ շատ հազվադեպ:
Մեկ է` ամեն անգամ դուրս եմ գալիս տնից մեծ սպասումով ու սկսում եմ հայացքներ փնտրել: Անիմաստ է, քեզ չեն նկատում:
Օրեր էլ կան, ամբողջ ուշադրությունը քեզ վրա է, ամբողջ շենքը փորձում է լուծել այն բարդ ու տրամաբանական խնդիրը, թե արդյո՞ք 4-րդ մուտքի Արթուրի աղջիկը այսօր բարձր կստանա քննությունը, թե՞ 7-րդ մուտքի Ջուլիկ տատի թոռը:
Ու քանի որ սոցիոլոգիական հարցումները փաստում էին, որ Ամալյան չի կարող կարգին պարապել, բոլորը հակված էին նրա պարտվելուն:
Ես նույնիսկ հիշում եմ ծնողներիս ու ուսուցիչներիս տարակուսած հարցը:
-Բայց հաստատ կարո՞ղ ես, նայիր, գոնե բավարար լինի:
Ու այս չափից շատ բարդ խնդիրը լուծվեց հունիսին, անգլերենի միասնականի օրը:
Եկա քննության: Քաշեցի նստարանիս համարը, հայտնվեցի ամենադիմացը, սկսեցի լրացնել թեստս, ու մինչ ես մտածում էի, որ ես կկարողանամ լավ գրել, լսվում էր հաձնաժողովի անդամների շատ ծածուկ զրույցը:
-Այն աղջկան որ նստած է այնտեղ, կասեք` ձևաթուղթը չլրացնի, իրենը պետք է 20 լինի, մենք կգրենք իր տեղը:
Ու մինչ ես մեծ հույսերով, որ մեր շենքի կռվում պետք է հաղթի 4-րդ  մուտքը, գրում էի թեստս, մեկը մի քանի քայլ այն կողմ նստած զննում էր բոլորին ու վաստակում իր միավորը:
Ի դեպ ասեմ, որ 4-րդ մուտքը հաղթեց, այն էլ առավելագույն միավորով՝ 20 ստացա:
Այդ ժամանակ էլ մի ուրիշ հարց դրվեց օրակարգում:  Արդյո՞ք այն աղջիկը, ում կարողություններին ոչ ոք չէր հավատում, իր ուժերով է ստացել գնահատականը:
Մեծամասնությունը դեմ քվեարկեց, մի փոքր հատված` կողմ: Իսկ մյուս մասն էլ ձեռնպահ մնաց: Դե իրենց նույնիսկ այս օրերին չէր հետաքրքրում իմ գոյությունը:
Իսկ ես, ես իհարկե շարունակում եմ նույն ձև քայլել` անձայն ու աննկատ:
Մի օր  պատկերացրու, որ այն մարդիկ, ումով դու շրջապատված ես, չեն հավատում քեզ, այն մարդիկ, ովքեր քեզ չեն ճանաչում,փաստում են, որ դու չես կարող հասնել ուզածիդ:
Ընկերներդ էլ անտարբեր են, վայրէջքների ժամանակ հեռանում են, բարձունքների ժամանակ` զարմանում:
Պատկերացրու, որ միայն շողքդ է հասկանում մտքերդ, իսկ մյուսների համար դու չինարեն ես խոսում:
Պատկերացրու, որ մարդիկ քեզ անընդհատ խաբում են, ամեն անգամ ցույց տալիս կեղծ ու տարբեր վերաբերմունք:
Հա, ու մի մոռացիր, որ դու ամեն ինչին ուղղակի ժպտում ես, միացնում միջիդ արևն ու անմոռաց ժպտում: Իսկ միջիդ արևը օգնում է, որ չընկնես անտարբերության հոսանքը, որ պահես միջիդ մի փոքր բարությունը, որը, ըստ երազներիս, մյուսներին էլ պիտի բարի դարձնի:
Երևի կյանքում կան ավելի բարդ ու մեծ խնդիրներ, որոնք կհուզեն ու կհետաքրքրեն շատ-շատերին: Բայց այս պահին խճճված մտքերս դնում եմ մի կողմ ու միայն մի հարց տալիս ինքս ինձ:
-Ինչպե՞ս եմ ես պատրաստվում շարունակել ապրել այս աշխարհում, եթե այն ունի հենց այս օրենքները:
Ախ, եթե մարդիկ իրենց մեջ մի բուռ արև ունենային…