Հայոց Անմահների գունդը խորագրի արխիվներ

Մարատը

Մարատին ճանաչում եմ փոքր հասակից՝ առաջին դասարանից, և պատմել նրա մասին անցյալով չափազանց դժվար է։

Դպրոցում առաջինն էր, ում հետ ծանոթացել եմ ու կիսել աշակերտական սեղանս։ Այն ժամանակ լեզու չէինք գտնում. ինքը շատ անհանգիստ էր դասերի ընթացքում, իսկ ես՝ չափից դուրս հանդարտ։ Սիրում էր տարբեր թեմաների շուրջ խոսել, տարբեր կարծիքներ լսել ու վերլուծել այնքան, մինչև որևէ եզրակացության հանգեր։ Իսկ իր ընտրած թեմաներն այնքան գրավիչ էին լինում, որ մեր քննարկմանը միանում էին մոտակա բոլոր սեղաններից։ Երբեմն լռություն պահպանելու համար այդ ամենը գրում էինք թղթերի վրա ու միմյանց փոխանցում։

Մարատը շատ լավ էր նկարում ու գրելուց բացի միշտ ինչ-որ զարմանալի գրաֆիկական պատկերներ էր նկարում (օրենքով գողերի նշանը՝ աստղ, գայլեր, խաչեր, առյուծներ…) Վերջում բոլորն ինձ մոտ էր հավաքվում ու հիմա աղմկոտ թղթերի այդ կույտը լուռ դրված է իմ պահարանում ու երբեմն-երբեմն բացվում է, վերընթերցվում՝ մեզ ինչ-որ բան, ինչ-որ մեկին հիշեցնելու համար…

Երկուսս էլ ինքնամփոփ էինք, բայց որքա՜ն էր նյարդայնանում, երբ չէի խոսում այն ժամանակ, երբ դրա կարիքը կար, երբ իր որևէ հարցի պատասխանը գիտեի, բայց լռում էի։ Նա առանց դժվարություններից վախենալու՝ միշտ մեծ նպատակներ էր իր առջև դնում: Ուզում էր Չեխիայում կամ Գերմանիայում բիզնես հիմնել, ինձ էլ մի լավ պաշտոն էր խոստացել Գերմանիայում, որ երազանքս կատարվեր։ Դպրոցն ավարտելիս, երբ բոլորին խնդրել էի իմ հուշատետրում տողեր թողնել, Մարատը գրել էր. «Քնած, դինջ, բայց խելացի։ Մաղթում եմ ամենալավն ու բարին, թող քո երազանքը կատարվի»։ Հիմա, երբ նա հրեշտակ է դարձել, ես վստահ եմ, որ իմ երազանքը կկատարվի…

9 տարի ես Մարատին ճանաչեցի որպես համառ ու նպատակասլաց տղայի, ով միշտ փորձում էր մեծ արդյունքի հասնել ամենակարճ ճանապարհով, ինչպես ինքն էր ասում՝ ուղեղով։ Եվս չորս տարի դպրոցից դուրս ես ճանաչեցի նրան որպես նվիրված ընկեր ու պատասխանատու երիտասարդ։

Եթե մի աշխատանք դժվար էր իրեն հատուկ բծախնդրությամբ ու պատասխանատվությամբ ավարտել, միշտ նույն կերպ էր դժգոհում.

-Էշ գործ ա։

Կատարելության հասնելու ու իդեալականը գտնելու ձգտումն էր պատճառը, որ իր տարեկիցների նման շուտ չէր սիրահարվում։ Նա միշտ փնտրում էր, բայց այդպես էլ չգտավ, որովհետև երկրի վրա կատարյալներ չկային։

Մարատը չէր փայլում բարձրագոչ հայրենասիրությամբ, նա հայրենիքն անաղմուկ էր սիրում՝ լուռ երախտագիտությամբ ու գիտակցված պարտավորվածությամբ։ Նրան ճանաչելը բարդ չէր, միայն հոնքերի խաղը, կիսատ ժպիտը ու աչքերի հետաքրքրասեր արտահայտությունը բավական էր նրա չբարձրաձայնված ասելիքը հասկանալու համար, իսկ բարձրաձայնում էր նա միայն փաստերը։ Իսկ լսելիս համբերատար էր, չէր ընդհատում երբեք, եթե խոսքը գովաբանությանը չէր վերաբերում։ Հրաշալի պարում էր, բայց իր տաղանդները ցուցադրել չէր սիրում։

Բանակ գնալիս էլ լուռ էր, միայն մի մեղմ ժպիտ էր զարդարում նրա գեղեցիկ դեմքը… Երևի հպարտ էր, չէ՞ որ զինվոր էր դառնում։

Շնորհավոր տոնդ, մեր զինվոր, Մարա՜տ…

Հերոս Ղուկաս Պողոսյան

Ղուկաս Սամվելի Պողոսյան, ծնվել է 1990թ. հոկտեմբերի 21-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում, սովորել տեղի հիմնական դպրոցում: Միշտ եղել է բարի և հոգատար բոլորի հանդեպ: Բոլորս էլ իրեն հիշում ենք որպես լուսավոր ու ընկերասեր մարդու:

2017թ.-ից զինվորագրվում է` պայմանագրային ծառայության անցնելով Քարվաճառի զորամասում, որտեղ  նույնպես իրեն դրսևորել է կարգապահբարի և հոգատար զինվորական: Ծառայության անցնելու առաջին օրվանից վայելել է ծառայակիցների սերը և հարգանքը, դարձել ընկեր և եղբայր նրանց համար:

Սեպտեմբերի 27. Ղուկասը գտնվել է արձակուրդում: Լսելով պատերազմի մասին, ժամ առաջ ընկերների հետ մեկնել է առաջնագիծ, որտեղ այդ պահին գտնվում էր եղբայրը՝ Հովհաննեսը:

Ընկերները պատմում են.

- Ամբողջ ճանապարհին խոսում էր եղբոր մասին, ասում էր` եթե եղբորս մի բան լինի, բոլորին կսպանեմ…

Հասնելով առաջնագիծ, հանդիպել է եղբորը:

-Եկավ փաթաթվեց ինձ, համբուրեց ու ասաց, որ իջնեմ ցած, -պատմում է եղբայրը,-արգելեց մնալ այդ դիրքում: Հետո ձեռքով արեց ու ասաց` անպայման կհանդիպենք: Դիրքավորվեց և շարունակեց մարտ վարել:

Հոկտեմբերի 2-ին Ղուկասը և ընկերները ձեռնարկել են կորսված դիրքի հետբերման օպերացիան, որը կատարել են փառքով: Ընկերը պամում է, թե ինչպես էր Ղուկասը «կարդում» մարտը: Նա այնքան ծանոթ էր տեղանքին, որ կարողանում էր ճիշտ թիրախավորել հակառակորդին:

Բարեհաջող օպերացիայից հետո Ղուկասը տեղափոխվել է իր դիտակետ և շարունակել պատվով կատարել իրեն վստահված հայրենանվեր գործը:

Հոկտեմբերի 9-ի առավոտյան կրկին սկսվել է հրետակոծությունը Ղուկասի և ընկերների հետ գրաված դիրքի ուղղությամբ: Պատերազմելիս եղբորը հորդորում էր դուրս չգալ թաքստոցից, բայց ինքը իրեն չէր խնայում:  տեսնում է, որ ընկերը վիրավորվել է, նետվում է նրան օգնելու: Սակայն Ղուկասին է դիպչում ականանետից արձակված  արկի բեկորը, և խլում նրա եռանդուն ու թանկ կյանքը:

Ղուկասն անմահացավ հոկտեմբերի 9-ին, զոհելով իր կյանքը հանուն մարտական ընկերների և իր կողքին կռվող եղբոր:

Ղուկասը իրական Մարտիկ է, դժվար է նրա մասին խոսել անցյալով: Նա հերոս է, անկախ ցանկացած պետական պարգևից:

Ղուկաս, մեր հերոս, մեր լուսավոր և բարի մարտիկ, այնքան հպարտ ենք քեզանով, կրկնապատկեցիր քո հայրենասիրությամբ մեր  հարգանքը և հպարտությունը քո հանդեպ:

Հպարտ եմ, որ ճանաչել եմ Ղուկասի պես Մեծ Մարդու, ով իրեն չխնայեց բոլորիս համար: Դու անմահ ես, Հերոս, դու դարձել ես բոլորիս պահապան հրեշտակը:

Հավերժ փառք և խոնարհում, Հերոս Ղուկաս:

Մխոն բանակ վազելով գնաց

Սա պատմություն է մի տղայի մասին, ում անունը դեռ շատերը պետք է լսեին, սա պատմություն է մի տղայի մասին, ում անունը հիմա ու հավերժ լսվելու է…

Սա պատմություն է մեր Մխոյի մասին: Իրեն ճանաչող մարդկանց սրտում ինքը միշտ մնաց «մեր Մխո» անունով, որովհետև իր տեսակով արդեն ավելի քան ՄԵՐ-ն էր:

18 տարեկան Մխոն` Մխիթար Գրիգորյանը, կրկնակի 18 տարիների կյանք ունեցավ, ու նույնիսկ անծանոթները զարմանում էին, թե 18 տարեկանում ոնց կարելի է այդքան հասուն, միաժամանակ, զուսպ ու հավասարակշռված լինել: Այո, նա արդեն իսկ ծնվել էր այդպիսին:

Մխոն ու իր սիրելի սպորտը 18 տարի կողք կողքի քայլեցին, կողք կողքի մեծացան այն հույսով, որ մի օր միասին աշխարհի ամենահայտնի ռինգերում հնչելու է իր անունը, հնչելու է բարձր, շատ բարձր, որ նույնիսկ սիրելի քաղաքի՝ Էջմիածնի ամենախուլ անկյուններում լսելի լինի։

Իսկ Մխոն բանակ վազելով գնաց…

Նա թողեց ռինգը ու իր այդքան պաշտելի սպորտը, պայմանով, որ գալու է, որովհետև աշխարհի չեմպիոնի կոչումը դեռ իրեն էր սպասում (ու հավերժ է սպասելու):

Իսկ մենք իրեն սպասեցինք, ու պատրաստ էինք հավերժ սպասել, միայն թե վերադառնար: Ախր, ռինգում ամբողջ կյանքում պարտություն չտեսածը կռվում չէր ընկնի, ու որովհետև իր անունը դեռ պետք է հնչեր, շատ բարձր հնչեր…

Մինչդեռ թաղի ոչ մի կռիվ բաց չթողած Մխոն իրական կռվից երբեք չէր փախչի:

Մինչդեռ ամենից առաջ ընկերության կենացը խմող Մխոն վիրավոր ընկերոջը մարտի դաշտում մենակ չէր թողնի:

Մինչդեռ իր ու մեր սպասված աշխարհի չեմպիոնի կոչումը որոշեց փոխարինել Հերոսի կոչմամբ, որովհետև Մխոն բանակ վազելով գնաց։

Այս փոքր երկրի ամեն անկյունում, ինչպես և Էջմիածնում, դեռ պիտի ծնվեն ու ապրեն անվախ ու քաջ տղաներ, թիկունք ու հույս աղջիկներ: Իրար հետ համերաշխ նրանց ընտանիքներում պիտի Մխոյի նման տղերք ծնվեն, ովքեր պատերազմի դեռ չհնչած զորակոչին սահման վազելը հերթական կատակ համարեն:

Մխոյի նման տղերք, ովքեր ծնվեցին ու դեռ դարեր շարունակ ծնվելու են, քանի որ Մխոն թողել ամեն ինչ ու  վազել էր բանակ, որ իր եղբայրների տղաները մի օր իր նման դառնան չեմպիոններ:

Որ մի օր էլի իր սիրելի մարզասրահը մարզիկներով ու ամուր տղերքով լցվի: Մխոն ռինգից սահման էր վազել, որ էլի ծնվեն, էլի շատանան, որ սահմանները էլ երբեք առաջ չգան։

Իսկ մենք՝ մենք ուղղակի չկորցրեցինք Մխոյին, աշխարհը կորցրեց իր չեմպիոնին, իսկ աշխարհի ամենահայտնի ռինգը հավերժ կսպասի իր ամենաուժեղ մարզիկին:

Իսկ աշխարհի բոլոր «տղայական կռիվներ» տեսած իր թաղը՝ հավերժ կսպասի երբեք ոչ մի կռիվ բաց չթողած տղային:

Իսկ ընկերության կենացը էլի խմելիս այս անգամ արդեն հավերժ մի անուն առաջինը կհնչի…

…Որովհետև Մխոն բանակ վազելով գնաց։

Բոլորիս պաշտպանն ու պահապան հրեշտակը

Նարեկը մեզնից մեծ էր 4 տարով։ Բոլորս իրեն հիշում ենք կյանքով լեցուն, ջինջ կապույտ ու ժպտուն աչքերով դպրոցական աշխույժ տղայի։

Անսպառ հումոր ուներ, կատակում էր և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների հետ։

Օրինակելի դասարան ունեին՝ չարաճճի էին, բայց միշտ միասին։

Դպրոցն ավարտելու վերջին ամիսներին դպրոցի աշակերտներին միավորել էին. բոլորը դուրս էին գալիս բակ` իրենց հետ գնդակ խաղալու։ Այդ բոլոր պահերը հիմա էլ մեր աչքի  առաջ են. Նարեկի լուսավոր պատկերը, շարժումները, խոսքերը, կատակները։

Պատկերացրեք, թե հիմա ինչ հպարտությամբ ենք սովորում այն դասարանում, հաճախում այն դպրոցը, որը մի ժամանակ Նարեկինն էր ու հիմա էլ իրենն է։

Հենց այդ դպրոցում մեզ սովորեցրել են, որ աշխարհում ամենավատ բառը պատերազմն է։ Նարեկն էլ գիտեր, իրեն էլ էին սովորեցրել: Ինքը զգաց դա, ու զգացինք բոլորս։

Նարեկը առաջինն էր զորակոչվել բանակ: Անմիջապես դպրոցն ավարտելուց հետո, և  պիտի ամենաշուտը գար և եկավ… Եկավ խաղաղ երկնքով, իր վաստակած խաղաղ երկնքով։

Անիծյալ պատերազմը խլեց մեր հավատը մեզնից ու մեր սպասելիքներից: Խլեց մեր երազանքները, խլեց մեր հույսը` երջանիկ ապագայի ու հզոր հայրենիքի հանդեպ, բայց մենք չկոտրվեցինք: Մեր ամեն քայլը պիտի դառնա ի շահ հայրենիքի հզորացման, որովհետև այստեղ է մեր ինքնությունը, որովհետև այս հողում երազանքներ են թաղված, ու մեր առաքելությունն է` իրականացնել դրանք։

Մենք ապրեցինք, ու Նարեկը ապրեց մեր՝ ապրողներիս հոգիներում։

Նարեկ Արմանի Բադալյան,

հայրենիքի նվիրյալ զինվոր, անսահման մեծ կամքի տեր, հավերժ ապրեցնող ու հավերժ ապրող հերոս, բոլորիս պաշտպանն ու պահապան հրեշտակը։

Երբ մահդ կտեսնիս…

Դավիթը Արցախյան պատերազմի հերոսներից է, ծնվել ու մեծացել է Գյումրիում, ծառայել Արցախում և մարտի ամենաթեժ կետերից մեկում է եղել հենց սկզբից: Ծառայության է անցել 1.5 տարի առաջ, 20 տարեկան է՝ հրետանավոր: Ասում է` պատերազմի սկսվելուց անմիջապես անցել է գործի, սակայն, երբ զենքի հետ անսարքություն է եղել, սկսել է բարձրացնել ընկերների մարտական ոգին՝ որպես հին ծառայող: Բարձրացրեց, ու այդպես ուժեղ ոգով էլ սկսեցին կանոնավոր մարտ վարել:

Դավիթը մինչ այդ շատ անգամներ է հերթապահել դիրքերում, ասում է, մտածել է իր ապագայի, մասնագիտության մասին, ծառայության վերաբերյալ պատկերացումների և իրականության մասին, սակայն պատերազմի ժամանակ արդեն մտքին միայն հստակ քայլերով դեպի հաղթանակ գնալն էր, և առանձնապես ոչ մի բան էլ չէր զգում, այլ սպասում էր հրամաններին ու հաջողությամբ կատարում դրանք:

Չնայած բարձր մարտական ոգուն ու լավ տրամադրվածությանը, մեր հերոսը Հադրութում՝ պատերազմի 10-րդ օրը՝ մարտական հանձնարարությունը կատարելիս, բեկորային վնասվածք ստացավ, որից հետո նրան տեղափոխեցին Գորիս, վիրահատեցին, ապա տեղափոխեցին Երևան: Հենց այս ժամանակ համացանցում լայն տարածում գտավ մի տեսահոլովակ, որտեղ հենց Դավիթը շտապ օգնության մեքենայի մեջ պառկած երգում էր «Գետաշեն» հայրենասիրական երգը: Դե իհարկե, չկարողացա չհարցնել, թե ինչու էր երգում, սակայն այսպիսի պատասխան ակնկալել չէի կարող:

-Ճիշտն ասած, ես չեմ զգացել, թե ինչ է կատարվել ինձ հետ: Ինձ հետո են պատմել, թե ինչպես է եղել, որ երգել եմ: Ես, Գորիսի վիրահատությունից հետո, գրեթե անգիտակից վիճակում եմ եղել: Բժիշկն ասում է, որ Երևան տեղափոխվելու ժամանակ ամեն ինչ արել են, որ գիտակցությունս չկորցնեմ, սկսել է երգել Գետաշենը, հետո, երբ վերջացրել է երգը, ես եմ սկսել երգել. չգիտեմ՝ ինչու կամ ինչպես:

Հիմա հերոսն ապաքինվում է, մտածում ապագայի մասին: Հայրենիք բառի նշանակությունը մանկուց է դրվել նրա մեջ, իսկ պատերազմը միայն բազմապատկել է պարտավորվածությունը վերջինիս հանդեպ: Կյանքի փոփոխության մասին էլ կարճ է կապում.

-Երբ մահդ կտեսնիս ու ամեն վայրկյան կսպասես, որ կարող է վերջինը լինել, կյանքի հանդեպ վերաբերմունքին չի կարող փոփոխություն չտա…

Ցավը բոլորինս է, սակայն պետք է նայել առաջ: Դավիթն արդեն սկսել է: Ասում է, ամեն հարցի հիմա ավելի լուրջ է մոտենում, բացի այդ, մտածում է մասնագիտության փոփոխության մասին: Եթե առաջ ցանկանում էր քաղաքից հեռու մի վայրում դպրոց բացել և ժողովրդական պարեր դասավանդել, կամ էլ դառնալ ֆուտբոլիստ, այժմ սկսել է ուսումնասիրել ՏՏ ոլորտը: Հենց դա էլ համարում է գլխավոր փոփոխությունը, որ մինչ այս երբևէ չէր մտածել:

Որպես ուղերձ՝ Դավիթը բարեհամբույր ավելացնում է.

-Իրավիճակից դուրս գալու համար մի բան է պետք՝ համախմբվել, թե չէ` մեր երկրից պոկվող տարածքներից բացի, մարդկանց արտագաղթն էլ կշատանա, ու մեր կռվածը իմաստ էլ չի ունենա: Ամեն մարդ, եթե զբաղվի իր գործով, բոլոր ոլորտներում միայն զարգացում կլինի… Իսկ սխալներ բոլորն են անում: Աշխատենք ուղղակի դասեր քաղել:

Դավիթը հերոս է, դա բոլորը գիտեն, իսկ ինձ չի մնում այլ բան, քան հպարտանալ, որ այսպիսի հերոս ընկերներ ունեմ և շնորհակալություն հայտնել նրանց՝ անշահախնդիր ու անվերապահ նվիրվածության համար: Չէ՞ որ հայրենիքը սկսել և սկսվում է սահմանից ու մեր գործերից:

Դու հաղթեցիր, մենք պարտվեցինք

81 դաժան օրեր` սպասումով ու աղոթքով: Հավատալով սպասում էինք քեզ: Սպասում էինք, որ կգաս: Հավատում էինք, որ ամեն ինչ լավ է լինելու, հավատում էինք, որ կգաս ու կկատարես մայրիկիդ տված խոստումը: Ասում էիր. «Մամ ջան, լաց չլինես: Կգամ ու քեզ թագուհու նման կպահեմ»:

81 օր, դաժան օրեր, որոնք խեղդում էինք հպարտությամբ ու կարոտով, որ քեզ նման հերոս տղա ունենք: Բայց մենք հերոս չենք ուզում ունենալ, մեզ դու էիր պետք: Քո հայրենասիրությանը, ընկերասիրությանը չկար սահման: Հպարտ էիր, որ ծառայում էիր, ու ավելի հպարտությամբ էիր խոսում, որ ծառայում ես Արցախում։ Դու էիր ասում. «Տղան Արցախում պետք է ծառայի»։ Դու ապացուցեցիր, թե ինչ է նշանակում ծառայել հայրենիքին ու զոհվել հանուն նրա։

Չհանձնեցիր դիրքդ… Քո ու ընկերներիդ կյանքով կանգուն մնաց: Դուք հաղթեցիք, մենք պարտվեցինք ձեր բոլորի առաջ, ձեր կամքի ու ուժի առաջ, Դավո ջան, անմահացած հերոս, Դավիթ Ավոյան… Դու ընդամենը 19 տարեկան էիր…

Քո ու բոլոր անմահացած հերոսների հոգիները հավերժ լույսերի մեջ մնան:

Հողի կանչը

Հողը երեխայի պես գրկում է ոտքերդ ու ասում՝ ինձ մենակ մի թող։

Դուշման Վարդան

 

Ինձ մենակ մի թող… Չէ՞ որ քոնն եմ ես, քո մոր պես անգին, հոգուդ պես ծանոթ, անցյալի պես հին ու երեկվա պես մոտ, ինձ մենակ մի թող…

Վաչիկը լսեց հողի կանչը, մնաց մինչև վերջ։

Վաչիկ Անդրանիկի Ղարիբյանը ծնվել է 2001թ հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Շատ ընկերասեր, խելացի ու կենսուրախ երիտասարդ էր։  Մայրը պատում է.

-Դպրոցում ինչ չարաճճիություն էլ աներ, միևնույն է, ժպիտը դեմքին տուն էր գալիս և ասում. «Մամ, ծնողական ժողով է, կգաս խնդրում եմ»։

Վաչը, ինչպես կոչում էին նրան ծնողները, իրենց միակ որդին էր։ Իսկ իրենց դուստրը՝ Վաչի կրտսեր քույրը, հպարտանում էր եղբոր ցանկացած փոքր թվացող ձեռքբերմամբ ու հաջողություններով։

9-ամյա կրթությունն ավարտելով՝ Վաչիկն ուսումը շարունակել է Գավառի պետական Գյուղատնտեսական քոլեջի համակարգչային շահագործման բաժնում և, 2 տարի սովորելով, ստացել է տարկետման հնարավորություն, որպեսզի ընտանիքի հետ մեկնի Ղազախստան։ Բայց երբ հասավ իր ծառայության տարին, նա ցանկացավ հետ վերադառնալ, որպեսզի զորակոչվի Հայոց բանակ։

Չնայած որ հնարավորություն ուներ մեկ տարի հետո ծառայության անցնել, Վաչիկն այնուամենայնիվ վճռում է.

-Ուզում եմ ընկերներիս հետ գնալ, որ միասին էլ հետ գանք։

Ծնողները չհանդիմանեցին տղայի ընտրանքը և շուտով նրան ուղարկեցին Հայաստան։

2020թ. հունվարի 9-ին Վաչիկը զորակոչվում է բանակ։ Ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղ գյուղի մերձակայքում գտնվող զորամասի դիվիզիոնում, որպես հրետանու վարորդ, սակայն պատերազմի ընթացքում, իրավիճակից ելնելով, իր վրա է վերցրել այլ պարտականություններ ևս։

Ընտանիքի անդամները պատմում են, որ Վաչիկը միշտ գոհ է եղել  ծառայությունից, իսկ սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական հարձակման ժամանակ նրանց փոխանցել է.

-Մի անհանգստացեք, մեզ մոտ ամեն ինչ լավ է, ես մեծերի հետ եմ։

Մարտական գործողությունների ընթացքում նա խոցել է 2 տանկ և 1 շտապ օգնության մեքենա։ Մեկ ամիս մարտնչելով՝ Վաչիկը վիրավորվեց գրադի հարվածային ալիքի հետևանքով, ստանալով ներքին օրգանների տարբեր վնասվածքներ։ Առաջին օգնություն ստացել է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում, ապա տեղափոխել են Երևանի Միքայելյան վիրաբուժական կենտրոն։ 8 ժամ տևած վիրահատությունից հետո երկու օր գիտակից վիճակում է եղել, տեսել և ճանաչել է մորը, սակայն 13 օր կյանքի ու մահվան կռվում Վաչիկը չդիմացավ և նոյեմբերի 7-ին միացավ հայոց անմահ հերոսներին։

Պատերազմի ավարտից հետո ծառայակից ընկերները պատմել են, որ հերոս Վաչը պատերազմի օրերին եղել է Մատաղիսի դիրքերից մեկում, մոբի ծառայողների հետ։ Նրա մասին հիշելիս ասել են.

-Մեր ժուլիկ, ժպտերես Քյավառն էր։

Հավերժ փառք ու խոնարհում մեր հերոսներին, ովքեր մեր մեջ միշտ ներկա են, ովքեր պարզապես լսեցին հողի կանչը ու չցանկացան նրան մենակ թողնել…

Դու այլևս անմահ ես

Մեր եղբայրներն ընկան կռվի դաշտում․․․

Քանի ապրում ենք ու քանի դեռ կանք՝ անուն առ անուն պատարագելու ենք այն լռությունը, որ ամեն ընկնողի հետ խորանում է մեր աչքերում:

Մեր անմահ հերոսների անվան կողքին գրվեց նաև ժամկետային զինծառայող Վաչե Սարգսյանի անունը։

Վաչեի հետ տասներկու տարի պատիվ եմ ունեցել նույն դասարանում սովորելու։

Բոլոր իրեն ճանաչողները կփաստեն՝ իր բարությունն ու հոգատարությունը սահմաններ չէր ճանաչում։

Այսքան սեր, մտավոր ու հոգևոր հարստություն՝ մեկտեղված մի մարմնում, ուրիշ ոչ ոքի չեմ ճանաչել։

Երբ մենակ եմ ինքս ինձ հետ, այս օրերի համար ամենաթանկ ու ամենացավոտ ակնթարթների մեջ, աչքերիս առաջ հառնում է Վաչեն՝ ձեռքը միշտ սրտին դրած, հայացքը վճիտ, ուղղախոս ու շիտակ:

Չնայած նրան, որ Վաչեն շա՜տ էր սիրում խոսել, պահ էր գալիս, որ լուռ նստում էր վերջին նստարանին, ու ժպիտը դեմքին, ուշադիր զննում էր բոլորիս։

Վաչեն ինձ միշտ իրեն հատուկ ձևով ասում էր. «Ծով, որ լրագրող դառնաս, իմ մասին չգրես, էլի, չեմ ուզում «խայտառակ» լինել»։

Ես էլ պատասխանում էի, որ առաջին նյութս հենց քո մասին պիտի լինի՝ որպես հանրահայտ մարզիկ։

Մեր մշտական «կռիվները» ռուսաց լեզվի շուրջ էր, խոսում էինք ու «գրազ» գալիս, թե ով է ճիշտ, ու միշտ Վաչեն փայլում էր ռուսերենի իր իմացությամբ։

Նա շատ լավ ընկեր էր, համարձակ և ուժեղ տղա, ու վստահ եմ, այսօր բոլորն են համոզված դրանում:

Այսօր ես ինձ համարում եմ մարդ, ով թանկին է կորցրել: Բայց ցավը, որ ներսից կրծում է ինձ, տեղի է տալիս, երբ հասկանում եմ, որ ամբողջ կյանքն իր առջև ունեցող այդ զուլալ տղան գիտակցված մահվանն ընդառաջ գնալով՝ պայքարել է մինչև վերջին շունչը՝ հանուն հայրենիքի:

Վաչ ջան, ես՝ քո տարիների ընկերը, ում հետ մանկությունդ ես կիսել, մեծացել ու հասակ առել, այսօր խոստովանում է, որ դու կյանքի դաս ես տվել քեզանից տարիքով  հարյուրավորների:

Վաչ ջան, ես խոնարհվում եմ քո սխրանքի, քաջության ու պսպղուն, զուլալ հայացքի առաջ։

Հավերժ փառք քեզ, ընկերս, որ այլևս լույս ես:

Քանի ապրում ես մարդկանց սրտերում, ողջ ես, իսկ ես իմ մասով վստահեցնում եմ քեզ, որ դու այլևս անմահ ես:

Ինչպես դու էիր ձեռքդ սրտիդ սեղմած խոսում, այսօր էլ ես՝ քեզ պես ձեռքս սրտիս սեղմած խոստանում եմ, որ հիշատակդ միշտ վառ եմ պահելու ու չեմ դադարելու խոսել քո մասին, Հերոս…

Ծնունդդ շնորհավոր, մեր հերոս Կարեն

Էսօր 20 կդառնայիր… Կզանգեինք, կշնորհավորեինք տարեդարձդ, կմաղթեինք բարի վերադարձ, կլսեիր էն ամենը, ինչ սովորաբար մաղթում են զինվորին: Օմարից էստեղ կլսվեին ուրախ ձայնիդ պարզ հնչյունները, զրնգուն ծիծաղդ կլսվեր` մեզ ծանոթ ու հարազատ ծիծաղդ։ Քեզ լավագույնը կմաղթեինք և կսպասեինք, անվերջ կսպասեինք, որ գաս… Պատերազմը վերապրած հերոս ունենալու հպարտությունից հեռավորությունն էլ չէր խանգարի ժպիտներ տալ քեզ ու քո ժպիտը պատկերացնել… Քեզ նվերներ կուղարկեինք առաջին պատահած մեկի հետ, ով մոտդ կգար:

Հիմա քո շիրիմին ենք գալիս, Կարեն ջան, օծանելիքի կամ ժամացույցի փոխարեն քեզ ծաղիկներ ենք բերում: Իսկ ինչպե՞ս ժամացույց բերենք, երբ կյանքիդ ժամանակը մոտ 3 ամիս է, կանգնել է` հավերժի կանգառով… Ինձ համար անտանելի է քո մասին այսպես գրելը, անտանելի է ծնունդդ շնորհավորելիս գործածել շիրիմ գոյականը, գրել ենթադրական եղանակով, անցյալով…
Հիմա եկել եմ քեզ մոտ, քեզ ծաղիկներ եմ բերել` թարմ վարդեր, մուգ կարմիր, անուշաբույր, չբացված… Ծնկել ու արտասվում եմ, ծնկել ու ափսոսանքով հիշում եմ դպրոցական երջանիկ տարիների պատմությունները, որ էդ նույն տարիների մեջ մտքներովս անգամ չէր անցնի, որ լավագույններից մեկն էդպես էլ 20 չի դառնա, որովհետև գրողի տարած պատերազմը նրան 19-ում կտաներ մեզանից…

Չգիտեմ` միամի՞տ էինք, թե պատմության դասերին էինք պաթոսով վերաբերվում, որ չէինք մտածում մեր օրերի պատերազմի ու պատերազմում բոլոր ժամանակների ընկեր կորցնելու մասին: Հիմա էլ միամիտ լինեինք, չհավատայինք ու չիմանայինք` ինչ բան է պատերազմը, ընկեր կորցնելը…
 Եկել եմ ասեմ` մենք քեզ հավերժ սպասում ենք, մենք երբեք չենք բուժվելու քո բացակայության ցավից, մենք քեզ բացակա չենք էլ դնելու… Քո հիշատակը վառ կմնա դարեր ու դարեր, քեզ կփնտրենք երկինքների մեջ, կխոնարհվենք ամեն անգամ` երկնքին նայելիս:

Շնորհավոր հերոսական ծնունդդ, մեր հին, բայց երբեք չհնացող ընկեր: Շնորհավոր 20-րդ չապրածդ տարեդարձը… 
Մեզնից ոչ մեկը չի կարող ապրել նաև քո փոխարեն, որովհետև ոչ մեկս  քո փոխարեն չանմահացավ: Մինչև վերջ երդմանդ հավատարիմ մնացիր` չխնայել կյանքը հանուն հայրենիքի: Ուր էր, թե հանուն հայրենիքի ապրեիր…
Պատկերացնում եմ` աչքերդ փակելիս էլ հաստատ ժպտացել ես, էն քո լայն ժպիտով: Հիմա բոլոր ժպիտները դեմքներիս սառել են, և միայն արցունքներն են, որ անվերջ սահում են, ու ամեն կաթիլի մեջ մի հիշողություն կա, մի կիսատ կյանքի ու չապրած տարիների պատմություն…

Հայրենիքի համար զոհվածներն հրեշտակներ են: Նրանք չեն երևում, բայց միշտ մեզ հետ են: Դու էլ ես մեզ հետ։ Քո աթոռը, նստարանը, տեղը, ափսեն ու բաժակը միշտ քոնն են` նույն տեղում դրված…

Ծնունդդ շնորհավոր, հավերժ ժպտացող, հավերժ անկեղծ ու հավերժ ներկա Կարեն: Երկնային արքայության մեջ լինես: 
Խաղաղ ննջիր իմ հերոս ընկեր, դասընկեր, եղբայր…

Իմ զենքն իմ դեղն էր

Արտյոմը` եղբայրս, 19-ը տարեկան երազող էր, ով երազում էր նվաճել աշխարհը։ Տեսակով անկոտրուն, չհանձնվող, էությամբ` արժանապատիվ ու պայքարող։ Ավարտելով բժշկական քոլեջը` 2019 թվականին զորակոչվեց բանակ, վերապատրաստվեց ԶՈւ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում` դառնալով բուժակ, կրտսեր սերժանտ։ Անմնացորդ նվիրվեց իր կոչմանը։

Երկրորդ տունը դարձավ Կուբաթլուն: Միշտ ուրախ էր, որ գնում էր զորավարժությունների` Ջաբրաիլ։ Վերջին զորավարժության ժամանակ սկսվեց պատերազմը…

Օր 1. զանգ Արտյոմից

-Մամ ջան, ինձ մոտ ամեն ինչ լավ ա, նորմալ ա չմտածեք, որ անհասանելի լինեմ: Իմացեք` կապ չկա։

Օր 2

-Մամ,  էստեղ շատ վիրավորներ կան: Իրենցով եմ զբաղված, հասկանո՞ւմ ես, մամ, էս սովորական կռիվ չի, մամ: Սովորական հիվանդներ չեն. մեկի ձեռքը չկա, մյուսի` ոտքը։(Ձայնի մեջ կար տագնապ, անհանգստություն: Լսվում էր ցավից գոռացող զինվորների ձայներ)։

Օր 3

-Մամ, ես ինձ չեմ կորցնում: Լավ ա, սենց պահերին ուղեղս հարյուրի տակ ա աշխատում: Խոսացնում եմ տղերքին, որ գիտակցությունը չկորցնեն: Հարցնում եմ` ծխո՞ւմ ես, ու սիգարետը կպցնում դնում եմ բերանը, որ ցավը մեղմեմ: Հաց եմ տալիս հիվանդներիս։ Կաթիլայինի ծայրից կտրել ձողիկ եմ սարքել, որ ջուր խմեն։

Էստեղ բոլորն ասում են` բժիշկ, ապրես, բժիշկ, դու կարաս…

Օր 4

Արտյոմը զանգեց: Չհասկացա` լացո՞ւմ էր, թե՞ ծիծաղում…

-Մամ, ես վիրավոր չեմ։ Մամ, պատկերացնո՞ւմ ես` ընկերներս չկան` Մաթևոսյանը (գումարտակի հրամանատարը) չկա, մամ…

Արտյոմի հեռախոսը դարձավ անհասանելի, բայց երեկոյան` զանգ Արտյոմից։ Արդեն իր սիրելի զորամասում էր: Լավ էր, պատմեց, որ զանգը պահի թուլություն էր. տանկի մեջ էր, ընկերոջ` Գոռի հետ, որ տանկը պայթեցրել էին, ոտքից թեթև վիրավորվել է, ինքն իրեն վիրակապել է, լուրջ բան չկա։ Պատմում էր, որ Գոռի հետ տասնյակ վիրավորների թեժ կռվի ընթացքում երկուսով առանց վախի «Ուրալ» մեքենայով Ջաբրաիլից սարերի, ձորերի միջով տեղափոխել են Կապանի հիվանդանոց։ Այնուհետև կրկին վերադարձել զորամաս։

Այդ օրերին, երբ Արտյոմը Կուբաթլուում էր, զորամասն անդադար ռմբակոծվում էր, նույնիսկ այդ պահին նա ասում էր.

-Պետք է բուժկետը կարգի բերեմ։ Արդեն ամեն ինչ կարգավորվում է։

Անդադար խնդրում էի, որ էլ ոչ մի տեղ չգնա: Հրաշքով փրկվել է: Ինքն էլ ի պատասխան հանգստացնում էր` ասելով, որ ոչ մի տեղ չի գնալու, հանգիստ լինենք, որ պատերազմը մոտ 10 օրից կավարտվի, ու հարցնում էր.

-Գալու եք, չէ՞:

Բայց իր պատերազմն ավելի շուտ ավարտվեց։ Հոկտեմբերի 15-ին, համոզված  լինելով, որ ետ է վերադառնալու, գնում է իր 7 ընկերների հետ և անմահանում։

Այդպիսին էր կրտսեր սերժանտ Արտյոմ Բաբայանը` եղբայրս, ոչինչ երբեք անավարտ չթողնող։