Հայոց Անմահների գունդը խորագրի արխիվներ

narek new

10.11.20, 3:00

-Պա, ոչի՞նչ որ էս ժամին եմ զանգում, հո քնա՞ծ չէիք:

-Չէ, Նարս, նորմալ ա, ասա (քնած էր):

-Պապ, պրծա՞վ:

-Ի՞նչը պրծավ:

-Նոր կամանդիրի մաման զանգեց, ասում ա` կռիվը պրծել ա, հողերն էլ տվել ենք, ու իրոք, էս երկու ժամ ա` կրակոց չի լսվում: Բայց մեծ կին ա, կարող ա սխալ նյութ ա կարդացել, ասեցի` քեզնից ճշտեմ:

-Չէ, Նարս, խաբար չեմ, սպասի տենամ:

Երբ պապան ինձ հարցրեց` «ի՞նչը պրծավ», էդ «պրծավ» բառից իրենց վրանում բոլորը արթնացել ու հավաքվել էին հեռախոսի կողքերը` տեսնեն, թե ինչ եմ ասում: Զանգն անջատելոց հետո մտան, ճշտեցին ու սկսեցին ուրախ նշել, որովհետև իրենց տղերքը էլ վտանգի մեջ չէին:

Իսկ մենք էդ գիշեր չքնեցինք, բոլորիս մոտ էլ երկակի զգացողություն էր` ոչ ուրախ էինք, ոչ տխուր…

Հ.Գ. Նկարում 20 օր չլողացած ես եմ ու 44 օր չլվացած շորերս, նկարվել եմ, որ վազեմ կողքի գյուղ, կպնեմ վայֆայի ու ուղարկեմ տուն:

Seyran Sogoyan new

Ամեն ինչ իր ժամանակին

Արդեն մեկ տարի անցել է պատերազմից։ Շատերը գոնե մի պահ ժամանակ չտրամադրեցին մտածելու` ինչով բուժեն,  օգնեն, կարեկցեն նրանց, ովքեր դրա կարիքը ունեին և ունեն հիմա։ Նրանց համար, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա՝ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է։

Ցավոք, ազգս կրկին դաս չքաղեց. էլի արհամարհական թերթեց էջն ու անցավ առաջ։

Պատերազմից հետո հասկացա, որ մարդիկ ու երևույթները ժամանակից արագ են փոխվում։

Իմ  կյանքը երկու մասից բաղկացած եմ համարում. պատերազմից առաջ և հետո։

Ուզում եմ և առաջինին բաց թողնեմ, և հետո-ին։

Ինձ համար կյանքը երեք օրերն են։ Երեկն արդեն անցել է, ու դու ոչինչ չես կարող փոխել, վաղը դեռ չի եկել, ու կարող է չլինի։ Դրա համար փորձենք այսօրը պատվով գործել, որ չզղջանք մեր արածների համար։

Մի խոսք կա, որի հետ 100 տոկոս  համաձայն եմ. ամեն ինչ ժամանակին կլինի։

Եվ իրոք: Դու կարող ես պայքարել մինչև վերջին քրտինքը, բայց եթե դեռ ժամանակը չէ, քո մոտ կամ ոչինչ չի ստացվելու, կա’մ էլ դու չես կարողանալու արժանվույն գնահատել այն, ինչի համար պայքարում էիր։ Ու վերջիվերջո, կկորցնես ընդմիշտ։

Մի շտապեցրու կյանքիդ, շարունակիր առաջ գնալ, բայց մի սպանվիր՝ փորձելով ինչ-որ բան ստանալ։

Ամեն ինչ ժամանակին կլինի։

Մենք ենք մեր պատմության հեղինակը։

Եթե զգում ենք, որ մնացել ենք նույն էջի վրա, հիշենք, որ ամեն վայրկյան կարող ենք նոր գլխից սկսել գրել:

Հայրենիքի պաշտպանները

Անծայրածիր լինում է տիեզերքը՝ աշխարհի համար, իսկ նրա համար անծայրածիր ու անչափելի է սերն առ հայրենիք:

Նա պատմության սիրահար լինելով, և ներկա մասնագիտությունը հենց պատմության ուղին բռնած` դարձավ այդ պատմությունը կերտողներից մեկը:

Գոռը… Ծնվել ու մեծացել է Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում: Նա այն Գոռն է, ով մի ամբողջ հայրենիք է պահում իր սրտում:

-Եղե՞լ է արդյոք ցանկություն ծառայելու հայրենիքին, թե դա այն պարտքն էր, որ պետք է կատարվեր:

-Ցանկությունը հայրենքիս ծառայելու միշտ մեծ է եղել, անգամ սկզբից խնդիրներ առաջացան, և իմ ծանուցումը չէի ստանում: Ես ինքս գնացի և ավելի մանրամասն հետաքրքրվեցի, ինքս ստորագրեցի, և հունվարի 28-ին անցա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Առաջին վեց ամիսներին ծառայել եմ Քանաքեռ ուսումնական գումարտակում: Եղել եմ կապավոր: Վեց ամիս հետո, արդեն որպես սերժանտ, ծառայությունս շարունակվել է Մատաղիսի 6-րդ պաշտպանական շրջանում:

-Ո՞րն է այն կարևոր դասը, որ առաջին 6 ամիսները տվեցին:

-Առաջին հերթին ճիշտ գնահատել ժամանակը և ավելի շատ գնահատել հարազատ մարդկանց: Օրերն անցնում էին բավականին ծանրաբեռնված, և օրվա մեծ մասն ավելի շատ տրամադրվում էր դասերին: Սա ավելի շատ նման էր խիստ ուսումնական հաստատության: Շատ է տարբերվել Մատաղիսի ծառայությունը Քանաքեռի ծառայությունից: Դժվար չի եղել, քանի որ գնացել եմ իմ ցանկությամբ ու եղել եմ լավատես:

Բանակն իրենով շատ է հասունացնում, ձեռք ես բերում ինքնուրույնություն: Այդ ժամանակ սկսում ես ավելի ու ավելի շատ սիրել ընկերներիդ ու հարազատներիդ, ովքեր հեռու են, բայց միևնույն ժամանակ, զգում ես, որ Դու մենակ չես:

-Վեց ամիս հետո միանգամից տարածքային կտրուկ փոփոխություն: Ինչպիսի՞ն էր ծառայությունը հայրենիքի մյուս անկյունում:

-Այստեղ ամեն ինչ այլ էր, ավելի շատ հանգիստ ժամեր ունեինք, սակայն այստեղ զգոնությունն ու ուշադրությունը պետք է հնգապատիկ լիներ: Երկու գործուղություն, որ կարևոր էր. լինել առաջնագծում՝ զգոն, ուշադիր, ապա հետ վերադառնալ, հանգստանալ, կենտրոնանալ և նորից հետ բարձրանալ: Մատաղիսում հասցրեցի ծառայել ընդամնեը չորս ու կես ամիս: Ու հետո….

-Սկսվեց:

-Երկու օր առաջ բարձրացանք առաջնագիծ, սովորական հերթափոխ էր, ամեն ինչ անցավ լավ: Սեպտեմբերի 26-ի գիշերը եղել եմ հրամանատարական դիտարկման կետում: Շարժ ենք նկատել հակառակորդի կողմից, ապա դրան հաջորդել է տարբեր ծայրերից զանգերը, որ մեծ տեխնիկայի ձայներ է գալիս, և շարժ կա: Մենք զեկուցում էինք, որ գունդը տագնապով հանեն առաջնագիծ, բայց մեզ չէին լսում:

-Ի՞նչ էր կատարվում, երբ եղավ առաջին կրակոցը: (Բազմաթիվ հարցեր են առաջանում, սակայն երբեմն վախենում ես ամենահուզող հարցերը տալ, հասկանալով, որ վերապրելը դժվար է):

-Առաջին կրակոցը հրետանուց էր՝ 7.15 րոպեին, ու հասկացանք, որ պատերազմ սկսվեց:,

Սկզբից առաջնագիծը, ապա սկսեցին Մատաղիս գյուղը ռմբակոծել: Այդ ժամանակ ոչ ոք չէր գիտակցում որ կռիվ է, մինչև  որ չունեցանք առաջին զոհը: Օրերն անցնում էին, իսկ մենք մտածում էինք, որ դա կռվի վերջին օրն է: Անհավատալի էր, որ կողքի կրակոցներով տանկ էին խփում: Պատերազմը սկսելուն պես մի քանի օր, ու մտան Թալիշ, ու էդպես եկան Մատաղիս: Մի քանի օր շրջափակման մեջ եղանք: Հոկտեմբերի 1-ին առաջին զոհը տեսա. Ինձ շատ մոտ մարդ:

Հոկտեմբերի 4-ին շրջափակումից դուրս եկանք (երևի սա այն օրն էր, որ Եկեղեցում Գոռից զանգ ստացա):

Տեղափոխվեցինք Ալաշան, Մատաղիսն էլ մերը չէր:

-Ի՞նչն էր ամենաշատը տպավորվել Մատաղիսում, որ մինչ օրս հիշում ու նաև ափսոսում ես:

-Թարթառի ջրամբարը, նռան այգիները, թուզը: Հիշում եմ, որ շրջափակումից դուրս եկանք, նուռ քաղեցի, որ գոնե դրանով ծարավս հագեցնեմ, չընկնեմ…

(Ինձ թվում էր ես մինչև վերջ չեմ դիմանա ու կավարտեմ զրույցը):

-Ի՞նչ էր կատարվում, ինչպե՞ս էին օրերը փոխվում ձեզ համար:

-Մի տեսակ օրերն իրար նման էին թվում, զոհ ունենալը սովորական էր դարձել: Ասում էին հրադադար, բայց ԱԹՍ-ները գլխավերևում պտտվում էին: Կարոտի զգացողություն չկար:

Սև ու սպիտակ ֆիլմ էր, որ չգիտես, թե երբ կավարտվի:

Ալաշանից հետո պահում էինք Մատաղիսի բարձունքը, չնայած այն բանին, որ էլ ավելի շատ զոհ ունեցանք:

Սկզբում հանգիստ էի, բայց հետո, երբ իմացա, որ ամենամոտ ընկերս է զոհվել… Գժվում էի, երբ իմանում էի, որ ընկերներիցս շատերը չկան: Ինչ-որ պահ ամեն ինչ միևնույն էր դառնում, արյունը գլխիդ էր տալիս, ու ուզում էիր րոպե առաջ թշնամուդ սպանես, որ վրեժդ լուծես:

Ու ես երբեք, հիմա, հետո, մինչև կյանքիս վերջ, չեմ հարգի այն մարդուն, ով կասի, որ եղբայր ազգ ենք, թշնամի չի ու նման բաներ: Էդ հողը Սուրբ հող ա ինձ համար:

-Մոտնեում ենք այն պահին, երբ վիրավորվեցիր ամենաթեժ մարտերում: Ի՞նչ կատարվեց սկզբից, ինչպե՞ս որոշվեց, որ պետք է հայտնվեք այն վայրում, որտեղ էլ ստացել ես կյանքի համար վտանգավոր վիրավորումը:

-Շուշին…

Սկզբում Ստեփանակերտում էինք, հետո որոշվեց, թե ինչպես պիտի մտնենք Շուշի, բայց չստացվեց… Մուտքի մոտ էինք. Շատ-շատ էին, դիպուկահարներ էին շատ: Մեր զորքերը շատ քիչ էին, բայց լավ առաջ էինք շարժվում, շատ էինք ուրախացել, որ գրեթե մտնում ենք Շուշի: Մեկ վայրկյանի տարբերությամբ ամեն ինչ փոխվեց: Փամփուշտներն այնքան շատ էին, էնպես էին գնում գալիս, որ թվում էր անձրև ա գալիս:  Մեր փամփուշտները վերջանում էին, վիրավորներին հնարավորինս ապահով տեղ էինք տանում, փամփուշտներ հավաքում ու շարունակում: Երեք հոգի ՄՈԲ կար դիմացս, բացատրում էի` ինչ պետք ա անեն, ոնց պետք ա անեն, ու այդ պահին դիպուկահարի կողմից կրակոց… Վիրավորում ստացա:

Էս ամեն ինչից առաջ ոնց որ գերբնական ուժ լիներ մեջս, մտածում էի, որ անմահ եմ:

Կռվի ժամանակ աղոթքը միշտ ինձ հետ ա եղել, ու մի Խաչ, որ քահանան էր օրհնել տվել ինձ:

Երբ վիրավորվեցի, մոտ երկու ժամ ընկած եմ եղել ասֆալտին, չեն կարողացել ասֆալտից տանեն, որ մեքենա գա, օգնեն: Չորս հոգի փորձում են օգնել, բայց տղերքս զոհվում են… Մեքենան գալիս ա, վարորդին էլ են խփում ու… Էդ ժամանակ մահը դիմացովս ոնց որ անցներ: Էդպես մի տղա՝ Էրիկը, կարողանում ա փրկել Ինձ: Տանում են Ստեփանակերտ, վիրահատում, հետո նոր տեղափոխում Երևան: Վատը նա է լինում, որ սկզբից գիտակցությունս տեղն էր, ու ամեն ինչ էլ ավելի ահավոր էր թվում:

-Պատերազմն ավարտվեց այն ժամանակ, երբ դու արդեն վիրավոր էիր ու գտնվում էիր մայրաքաղաքում: Ամեն ինչ էլ ավելի խառնվեց: Ի՞նչ էր կատարվում այն անձի հետ, ով անցնելով այդ ամենի միջով, հիմա էլ հայտնվում է մյուս դառը իրականությունում: 

-Եթե համեմատություն անեմ, պատերազմի ժամանակ՝ հատկապես սկզբում, ամեն ինչ ոնց որ խաղ լիներ, առցանց խաղ: Անիրական էր թվում ամեն ինչ: Ես մինչև հիմա էլ հակված եմ, որ էդ հողը սուրբ ա: Պատերազմն ավարտվեց… Համ ուրախ էի, համ տխուր, ու մինչև հիմա: Հայրենիքս ու ազգությունս սիրում եմ, բայց ժողովրդին…

Ծառայությունս չեմ շարունակել մինչև վերջ, ֆիզիկապես անհնար էր շարունակել վիրավորումից հետո: Պատերազմ եթե լինի, անպայման նորից կգնամ, բայց Աստված տա, նման բան էլ երբեք չլինի:

Հ.Գ. Ահա և Գոռի պատմությունը: Անհաշվելի քանակով հարցեր, որոնք երբեմն ուզում ես տալ, բայց հասկանում ես, որ ոչ միայն պատասխանելն է դժվար լինելու, այլ նաև լսելը, և չտեսած այդ ամենը` պատկերացնելը…. Ինձ համար Գոռը հավաքական կերպարն է այն բոլոր տղաների, ովքեր թշնամու կողմից  վիրավորվեցին, բայց հայրենիքից նրանց սիրտն ու հոգին չվիրավորեց:

Պատերազմից հետո

«Երբեք չէի պատկերացնի, որ պատրաստ կլինեմ կյանքս տալ հանուն ինչ-որ բանի, կամ ինչ-որ մեկի». Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից  Վարուժ Ավդալյան

 

Պատերազմ տեսած տղաները երբեք չեն լինի այն, ինչ դրանից առաջ էին․ նրանք արդեն գիտեն՝ ինչ է պայքարն ու խաղաղությունը, գիտեն՝ ինչ գին ունի կյանքն, ու ինչպես պետք է արժեվորել յուրաքանչյուր վայրկյանը։

Մեր զրուցակիցը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից՝ Վարուժ Ավդալյանն է։

- Ինչքա՞ն ժամանակ է, ինչ ծառայում եք, և ինչպիսի՞ն էր այդ ընթացքը։

- Արդեն 14 ամիս է, ինչ ծառայում եմ, ինչ խոսք, դժվար էր այդ ընթացքը, բայց միևնույն ժամանակ, լի՝ հետաքրքիր ու արտասովոր իրադարձություններով։

- Նախքան ծառայության մեկնելը ի՞նչ էիք մտածում, ի՞նչ կփոխվեր Ձեր մեջ, և արդյո՞ք այդպես էլ եղավ։

- Անկեղծ ասած, մինչ բանակ գալս այդ մասին չեմ մտածել, բայց հիմա վստահ կարող եմ ասել, որ բանակը ոչ միայն ֆիզիկապես է կոփում տղային, այլ նաև մեծ ազդեցություն ունի մտավոր հասունացման վրա։

- Կպատմե՞ք՝ ինչպե՞ս իմացաք պատերազմի սկսվելու մասին, ու ինչպե՞ս արձագանքեցիք։ 

- Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացանք հրետակոծության ձայնից։ Երբ արդեն հասկացա, որ պատերազմ է, մտածում էի՝ առանց որևէ բան թողնելու այս կյանքում, պիտի մահանամ (Ժպտում է)։

- Պատերազմից հետո, այնուամենայնիվ, ինչ-որ բաներ փոխված կլինեն Ձեզ մոտ, կխոսե՞ք այդ մասին։

- Միանշանակ շատ բան է փոխվել։ Ամենադժվար շրջանն էր կյանքիս, բայց սովորեցի գնահատել կյանքը, ինձ շրջապատող մարդկանց ու երևույթները։

- Պատերազմն ինքնին սարսափելի երևույթ է, բայց ամենավատ հիշողությունը, որ երբեք չեք մոռանա, ո՞րն էր։

- Չեմ կարծում, որ աչքերիդ առջև հարազատ մարդու կորստից առավել սարսափելի բան կարող է լինել։

- Ինչի՞ կամ ու՞մ մասին էիք մտածում այդ օրերին։

- Ինչքան էլ արտասովոր թվա, ես այդ ընթացքում մտածում էի զինակից ընկերներիս ու մեր կարգավիճակում գտնվող բոլորի մասին։

- Ընկերներիդ, ծանոթներիդ վերաբերմունքը փոխվե՞լ է պատերազմից հետո։

- Այո։ Դարձել են ավելի ուշադիր ու հետևողական։

seyran soghoyan

Կյանքից ավելի թա՞նկ

Միլիարդավոր մարդիկ այցելել են այս կյանքն ու գնացել՝ հանգիստ փակելով դուռն իրենց հետևից։

Ապրել են, զգացել են, սիրել են, ինչպես մենք։

Բոլորը՝ առաջինից մինչև վերջինը, վերացել են։

Եթե յուրաքանչյուր մարդ այս երկրում հասկանա դա, ժամանակ կունենայի՞նք հիմարությունների, չսիրելի աշխատանքի, ատելության, ագահության, տրտմության, անհավատ լինելու, ծուլության, ցինիզմի, թուլության, արհամարհանքի։

Կծախսեի՞նք մենք մեր թանկագին ամիսները կյանքի՝ ուրիշների կյանքերին խառնվելով ու խանգարելով։

Կվախենայի՞նք այն մտքից, ինչ է մտածում ամբոխը մեր մասին։

Օգտագործենք մեզ տրված ժամանակն առավել քան ճիշտ, ու օգտակար դարձնենք և’ մեզ համար, և’ նրանց, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն։

«Աստված և Հայրենիք»

«Հայաստան» կինոթատրոնում կայացավ «Աստված և Հայրենիք» գրքի շնորհանդեսը։ Հեղինակը` մասնագիտությամբ բանասեր Լալա Ղանդիլյանը, սկսել է ստեղծագործել դեռ վաղ դպրոցական տարիքից։ Սա բանաստեղծուհու առաջին գիրքն է։ Ինչպես նշեց`ստեղծագործություններում միշտ գերակշռել է հայրենիքի թեման։

-Գրելն իմ տարերքն է, սակայն երբեք չեմ մտածել գիրք ունենալու մասին։

Թե ինչպե՞ս ծնվեց գիրք տպագրելու գաղափարը` Լալա Ղանդիլյանը պատասխանեց.

-44 օրյա պատերազմ կոչվող արհավիրքը անջնջելի հետք թողեց հոգումս, և հոգեկան տառապանքներս բանաստեղծություններ դարձան։  Տղայիս մոտ միտք առաջացավ` ստեղծել գիրք` բարեգործական նպատակով։ Այսպես էլ «ծնվեց» իմ «Աստված և հայրենիք» բանաստեղծությունների ժողովածուն։

Ինչպես հավելեց բանաստեղծուհին, գիրքը կյանքի է կոչվել ընտանիքի ջանքերով, իսկ տպագրելու հարցում բոլորն օգնել են մեծ նվիրումով ու  անշահախնդրորեն, քանի որ բարեգործական նպատակ է հետապնդել։ Գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կծառայի 44 օրյա պատերազմում վիրավորում ստացած զինվորների ապաքինմանը։ Ժողովածուում տեղ են գտել հեղինակի  աղոթքները, հայրենիքը գովերգող ու պատերազմում ընկած զինվորների հիշատակը հավերժացնող բանաստեղծություններ։ Հարցին` արդյո՞ք  նախատեսվում է հետագայում ունենալ նոր ժողովածուներ, գրքի հեղինակը պատասխանեց, որ  մշտապես ստեղծագործում է  և ժամանակը հասունանալուն պես կունենա նոր գրքեր։ Շնորհանդեսի ավարտին Լալա Ղանդիլյանը «Աստված և Հայրենիք» բանաստեղծությունների ժողովածուն նվիրեց 44 օրյա պատերազմում զոհված տղաների հարազատներին։ Մեզ հետ զրույցում հեղինակը նշեց, որ գիրքը տպագրվել է 500 օրինակով։ Առաջիկայում կարող են ձեռք բերել ինչպես իրենից, այնպես էլ «Բուկինիստ» գրախանութների ցանցից։

Մոմավառություն՝ հերոս Վաչիկ Սարգսյանի հիշատակին

Հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, դպրոցի սան՝ Վաչիկ Սարգսյանի մահվան տարելիցի։

Հերոսի դասընկերները մոմավառություն էին կազմակերպել դպրոցում, որին ներկա էին Վաչեի ընտանիքի անդամները, ընկերներն ու համագյուղացիները։

Միջոցառումը սկսեցին մեկ րոպե լռությամբ և Տերունական աղոթքով։

Դասընկերները նաև երգեցին հերոսի պատվին, որից հետո դպրոցի տնօրեն Ա. Հարությունյանն իր խոսքն ասաց ներկաներին.

-Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել հերոսի դասընկերներին՝  նրա հիշատակը վառ պահելու  ու նման միջոցառում կազմակերպելու համար։ Նման միջոցառումները, որոնք կազմակերպվում են ի հիշատակ մեր հերոսների՝ իրենց սխրանքի դիմաց փոքրագույնն է, որ կարող ենք ու պարտավոր ենք անել։

Հերոսի դասընկերուհի Էլմիրա Խաչատրյանը նույնպես խոսեց.

-Այս կորուստը մեզ համար անսահման է, վիշտը՝ անչափելի։

Արդեն մեկ տարի է, ինչ մեր ընկերը մեզ հետ չէ։

Հայրենասիրությունը Վաչեի համար լոկ գաղափար չէր։

Վաչեի անունը միշտ կմնա մեր սրտում՝ որպես իսկական հայի ու հայրենանվեր մարտիկի։

Մոմավառությունից հետո ներկաները քայլերթ կազմակերպեցին դեպի Բաղրամյան համայնքի զոհված հերոսների հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու՝ ի հիշատակ անմահացած հայորդիների։

Կներե՞ս մեզ

Մի օր երազիս արի, Սամ, արի` նստենք, խոսենք մեր կյանքից…

Քո կիսատ թողած, իմ ուսերիս վերցրած քո ու ձեր…

Արի նստենք մեր սերերից խոսենք, քո չհասցրած, իմ պարտավորված, որ արժանի լինի։

Արի մեզանից խոսենք… Մեր մանկությունից խոսենք… Հիմա մենակ էդ ունենք իրար հետ, որ ոչ մեկի չենք տա ու չենք փոխի աշխարհում ուրիշ ոչ մի թանկարժեք բանի հետ։

Սամ, արի երազիս, նստիր կողքս, արի ուշացած, արի ասա, որ սխալվել ենք, որ նեղացել էիր, դրա համար չէիր գալիս, արի, ու մենք քեզ երգեր կնվիրենք, ներողություններ ու շնորհակալություններ, որ եկար, մենակ թե արի…

Դու էնքան համեստ ես, որ չէիր ուզենա, որ էսքան խոսեինք քո մասին, որ Սամը «Հայր մեր» դառնար մեր շուրթերին, դու չես ուզենա, որ արցունքները անուն ունենան մեր աչքերին, դու հաստատ չես ուզենա, որ անունդ կապույտ երանգ ստանա միշտ ու ամենուր։

Դու ուժեղ տեսակ ես, քեզ ուժեղ գույներ կսազեն, ու սազեցին… Դու կարմիրը ընտրեցիր… Սիրահարվեցիր ու հեռացար։

Դու ճանաչում ես, չէ՞, ինձ, գիտես, որ չեմ ասի զգացածս, ինչքան էլ որ ուզենամ, բայց Սամ, ասում եմ բարձր, որ լսես. ես կարոտում եմ քեզ, ախպերս։

Արի նստենք, բարձր ծիծաղենք, արի «հարսիկ» կանչի, ասա քեզ համար չեմ եկել, Գոհար, բայց արի, մենակ թե արի, Սամ։

Ես գիտեմ, որ կգաս, եթե անգամ ուշացած, մեկ է, գալու ես։ Գալու ես, որ քեզ հետ մեզ էլ տանես։

Իմ լուսավոր… Լույս իջնի հոգուդ…

Դու անմահացել ես քո սիրո՝ Հայրենիքի համար, մեր սիրո ու ապագայի համար։

Գոնե սովորեցնեիր մեզ ապրել առանց քեզ, նոր գնայիր, Սամ։

Կներես ինձ, որ քիչ եմ գալիս քեզ մոտ, կներես ինձ, որ էդպես էլ չհավատացի, որ մշտական բնակություն գտար էնտեղ… Կներես, որ չեմ հավատում…

Կրկին կներես ինձ, ընկերներիս, մեր ապագա երեխաներին ու թոռներին…

Ներիր մեզ ու պահապան թևերդ փռիր մեզ վրա, իմ հրեշտակ…

Սիրում եմ քեզ, քանի կամ։

Margarita Khazaryan

Մեկ տարի առաջ

Մեկ տարի առաջ  պատերազմ անունով մի դաշույն խրվեց մեզնից յուրաքանչյուրի սրտում ու արնաքամ արեց բոլորիս, շատերին ֆիզիկապես սպանեց, իսկ մեզ՝ ընկածների կորստի  ծանր վիշտը կրողներիս՝ հոգեպես։ Մեկ տարի առաջ շատերի կյանքն ավարտվեց հանուն մեզ, և մեր սրտերն էլ քանի՜ անգամ կանգ առան նրանցից ամեն մեկի մահվան լուրը լսելիս։ Բայց մեզ հերոսներ պե՞տք էին։

Մեկ տարի առաջ մենք հայրեր, եղբայրներ ու որդիներ կորցրինք, կորցրինք ծանոթ-անծանոթ հարազատների, որոնցից ամեն մեկի մահվան պատճառը հենց մեզ ենք համարում, ամեն մեկի առաջ մեզ մեղավոր ու պարտավորված ենք զգում։ Պատերազմը  կյանքը, հայրենիքը, սիրելիներին կարևորելու դասեր տվեց, իսկ փոխարենը կյանքեր վերցրեց, այն էլ ինչպիսի՜ կյանքեր։ Ա՜խ, անտանելի բան է պատերազմը։

Տարիներ անց պատմության գրքերում կգրվի այս պատերազմի մասին, վերջում էլ երևի էլի բարոյական հաղթանակ կլինենք տարած։ Աշակերտներից ոմանք նույնիսկ չեն էլ կարդա այդ դասը, կմտածեն, որ անցած դասին են պատասխանել, իրենց չի հարցնի ուսուցիչը, գուցե կմտածեն՝ հերթական հեքիաթն է, չսովորեն էլ, մեծ բան կորցրած չեն լինի, կլինեն երեխաներ, որ անգիր կանեն՝ բաց չթողնելով ոչ մի բառ, բայց հնարավոր է, որ  հաջորդ օրն այդ դասից ոչինչ էլ չհիշեն, կլինեն աշակերտներ, որոնք դասը միայն դասարանում կարդալով սովորած կհամարեն ու պատմելիս էլ կկմկման, կլինեն նաև այնպիսինները, որ շատ լավ կսովորեն այդ դասը, կսովորեն՝ չպատկերացնելով, որ այն մեզ սովորեցրել է հենց կյանքը՝ ամենախստապահանջ ուսուցիչը։

Եվ երանի  գալիք սերնդին, որ այս անիծյալ պատերազմը չի ընկալի այնպես, ինչպես մենք։ Երևի ժամանակին էլ մեզ են այսպես երանի տվել…

Երանի՜, երանի՜ մեզնից հետո եկող սերունդները չզգան այն, ինչ մենք ենք զգացել, չտեսնեն մեր տեսածը, չկրեն մեր հոգու ցավը։

Մեկ տարի առաջ մենք արևներ կորցրինք, ովքեր  անգամ չհասցրին տեսնել կյանքի, աշխարհի գույներն ու լույսերը։

Մեկ տարի առաջ շատ տներում սեղաններին դրվող ափսեների քանակը փոխվեց, լույսեր մարեցին, սևազգեստ կանայք շատացան։

Մեկ տարի առաջ մենք այդ անտանելի աղմուկից խլացանք և… շատերի ձայները այլևս երբեք չլսեցինք։ Մեկ տարի առաջ երկինքը հարստացավ, ու մենք դատարկվեցինք, մեր հոգիներն ու տները ամայացան։

Ասում էին՝ պատերազմը կավարտվի, ամեն ինչ կմոռացվի, շատերի համար այս ամենը գուցե շատ ավելի վաղուց է փակված էջ համարվում, բայց Եռաբլուրն արդեն շատ է լիացել, և փողոցում հանդիպող հաշմանդամ տղաներն էլ քիչ չեն, որոնցից ամեն մեկին նայելիս հասկանում ես, որ պատերազմը միայն զենք-զինամթերքով պայքարելը չէ, և այն  մեզ հետ դեռ երկար ժամանակ է քայլելու։ Չէ՛, պատերազմը չի լռում…

Մեկ տարի առաջ քառասունչորս օրում մեզնից յուրաքանչյուրը մեծացավ մի քանի տարով, իսկ մեր եղբայրներից շատերը չբոլորեցին նույնիսկ քսանը։ Նրանք ընկան, որ մենք կարողանանք կանգնած ապրել, չծնկենք, բայց մենք մինչ օրս էլ տերևի նման երերում ենք, քամիները մեզ ամեն կողմից են հրում. հայի ճակատագիրն  է սա։

Ճակատագիրը միայն հերոսների  առումով է շռայլ գտնվել մեր նկատմամբ, բայց երանի նրանք բոլորն էլ ողջ լինեին…

Մեզ միայն ողջ ու առողջ հերոսներ են հարկավոր։

Մեկ տարի է անցել, բայց մենք էլի կախված ենք օդից, սրտներումս վախ է՝ այս ամենը նորից տեսնելու։

Արդեն մեկ տարի է անցել, և շատ տարիներ կանցնեն, բայց մեր սերունդը ամեն անգամ հետ նայելիս խորը հոգոց կհանի ու կլռի, փոխարենը մեր աչքերը կխոսեն։ Եվ մեր ներսում դեռ էլի կշարունակվի այն կռիվը, որ հայրենի հողի կորստի ու եղբայրների անմահացման սև պատճառ է դարձել։

Խոցված ենք, զրկված, բայց կրկին ապրելու հսկա տենչը բեռ արած և անսահման շնորհակալ այն տղաներին, որոնք այլևս չկան, որ մենք լինենք…

Հուշամրցաշար հերոս Գեղամ Գրիգորյանի հիշատակին

Սեպտեմբերի 29-ին Արտաշատ քաղաքի համալիր-մարզադպրոցում անցկացվեց հեռացատկ և եռացատկ մարզաձևերի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 2-րդ պատերազմի հերոս Գեղամ Գրիգորյանի հիշատակին։

Գեղամ Գրիգորյանը ծնվել է 2002 թ. փետրվարի 28-ին Արարատի մարզի Դալար գյուղում։ Սովորել է Դալարի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ ուսումը շարունակել Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում։

Գեղամը ծառայության է անցել 2020 թվականի օգոստոսի 10-ին՝ Մատաղիսում։

Պատերազմի օրերին եղել է առաջնագծում։

Զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիում։

Միջոցառմանը ներկա էին Գեղամ Գրիգորյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատները։ Արտաշատ քաղաքի սպորտի բաժնի ղեկավարի խոսքով՝ միջոցառումը երկու նպատակ ունի.

- Առաջին հերթին վառ պահել ինչպես Գեղամ Գրիգորյանի, այնպես էլ՝ 44-օրյա պատերազմի մեր բոլոր հերոս տղերքի հիշատակը և 2-րդ հերթին՝ այն օգնում է ի հայտ բերել մեր հանրապետության ուժեղագույն մարզիկներին, ովքեր փորձ են ձեռք բերում և հետագայում միջազգային հարթակներում բարձր են պահելու Հայաստանի եռագույնը։

Հերոսի մարզիչը՝ Արսեն Դերմոյանն էլ նշեց, որ Գեղամ Գրիգորյանը շատ կարգապահ մարզիկ էր․

-Գեղամը բազում հաջողությունների է հասել  սպորտաձևում։ Ծառայության մեկնելուց առաջ մասնակցեց հանրապետության պատանեկան առաջնությանը, որտեղ զբաղեցրեց 2-րդ տեղը։

 

Հուշամրցաշարում հաղթողներ ճանաչվեցին  Մարիամ Ստեփանյանը, Սվետլանա Ավդալյանը, Էլեն Խաչատրյանը, Ռուբեն Բաբագուլյանը, Գոռ Ղևոնդյանը և Գոռ Հովակիմյանը։ Մրցանակները  հանձնեց հերոսի հայրը՝ Գարեգին Գրիգորյանը։ Միջոցառման ավարտին կազմակերպիչները շնորհակալագիր և հուշանվեր հանձնեցին հերոսի ընտանիքին՝ ի նշան իրենց երախտագիտության։